Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Սպանդանոցային ծառայության հասանելիությունն ապահովելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է ևս 36 սպանդանոց |armenpress.am|

Սպանդանոցային ծառայության հասանելիությունն ապահովելու համար ՀՀ-ում անհրաժեշտ է ևս 36 սպանդանոց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլելը, որպեսզի պետական օժանդակության ծրագրերով ավելի դյուրացվի սպանդանոցային մորթով զբաղվողների աշխատանքը և ապահովվի այդ ծառայությունների հասանելիությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում կա 272 հայտ սպանդանոցներ կառուցելու համար: Ներկայումս առկա է  ծառայություն մատուցող 18 սպանդանոց, անհրաժեշտ է ևս 36-ը: Այսինքն` ընդհանուր առմամբ պետք է 54 սպանդանոց»,- ասաց Գաբրիելյանը: Նախարարի տեղակալի խոսքով` ՍԱՏՄ-ի և սպանդանոցային մորթ կազմակերպող տնտեսվարողների միջև կնքվել է համաձայնագիր, որպեսզի կենդանական ծագման մթերքի տեղափոխումը սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացվի անվճար: «Դա հիմք ընդունելով  իրականացրեցինք քարտեզագրում առկա սպանդանոցների: Հաշվի առնելով այդ 30 կմ շառավիղը, նշեցինք այն վայրերը, որտեղ, կարծում ենք, պետք է լինեն կառուցվող սպանդանոցները»,- նշեց Գաբրիելյանը:
17:56 - 21 փետրվարի, 2020
Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը. նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Տնտեսական աճի 7,6 տոկոս ցուցանիշը բավարարում է Հայաստանի կառավարության սպասելիքները: Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով այն ոլորտները, որոնք մեծ չափով նպաստել են ՀՆԱ աճին: -Պարոն Խաչատրյան, 2019թ. համար արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճը ամենաբարձրն է ոչ միայն ԵԱՏՄ, այլև եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Ինչ քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ նման ցուցանիշի արձանագրումը: -Մի քանի կարևոր արձանագրում դրա հետ կապված. նախ, շատ ուրախալի է, որ արդյունաբերության ճյուղը, որը մշտապես մեր ուշադրության և քննարկումների կենտրոնում էր տարվա ընթացքում, մեծ չափով է նպաստել Համախառն ներքին արդյունքի աճին՝ 10,2 տոկոսով։ Որ էլ ավելի կարևոր է, մշակող արդյունաբերությունը այս տարի աճել է՝ արձանագրելով ՀՆԱ-ի կառուցվածքում 2008 թվականից ի վեր ամենաբարձր կշիռը՝ 12,1 տոկոս: Սա շատ կարևոր ձեռքբերում է․ մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը։ Կառավարության տնտեսական քաղաքականության գերակայություններից է, որ մշակող արդյունաբերությունը լինի մրցունակ, ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան և որակյալ աշխատատեղեր ստեղծող։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում այդ առումով։ Դա վկայող մեկ այլ ցուցանիշ է նաև ապրանքների և ծառայությունների 10,3 տոկոսով արտահանման աճը, որը ևս դարձավ աճ ապահովող հիմնական շարժիչներից մեկը: -7,6 տոկոս աճի ցուցանիշը համապատասխանում է արդյոք ձեր կանխատեսումներին: - Դա բավարարում է այն սպասումներին, որը կառավարությունն ուներ տարվա նկատմամբ։ Եվս մեկ կարևոր պարզաբանում ներկայացնեմ ՀՆԱ աճի 7,6 տոկոս ցուցանիշի առնչությամբ․ այս տարի կառավարությունը կայացրել էր մի շատ կարևոր որոշում՝ կազմակերպություններին վերադարձնելով նախորդ տարիներից կուտակված ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները։ Եթե այդ ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձված չլինեին, ՀՆԱ-ի աճը 2019 թվականի համար կլիներ առնվազն 0,4 - 0,5 տոկոսային կետով ավելի բարձր։ 7,6 տոկոսի փոխարեն կկազմեր 8 կամ 8,1 տոկոս, այսինքն՝ համահունչ այն կանխատեսումներին, որոնք հնչեցվել էին մեր կողմից վերջերս։  - Կա՞ն այլ ոլորտներ, որտեղ աճը ակնհայտ է։ - Կնշեմ զբոսաշրջությանն առնչվող մի ցուցանիշ՝ հանրային սննդի և գիշերակացի ծառայությունները, որոնք տարվա ընթացքում աճեցին ավելի քան 27 տոկոսով։ Արդեն արձանագրել էինք, որ 2019 զբոսաշրջությունն աճել է 14,7 տոկոսով։ Մեկ այլ հատկանշական փոփոխություն տնտեսական աճի առանձնահատկությունների առնչությամբ  ֆինանսական ոլորտի և ապահովագրական ծառայությունների ցուցանիշն է. աճում է տնտեսական միջնորդության դերը, և մենք գտնում ենք, որ դա այն հիմքն է, որ պետք է ամրանա և նպաստի հետագա աճի կայունությանը։ -Երբ կարող ենք արձանագրել, որ աճը նաև որակական բնույթ է կրում: -Որակական պետք է անվանենք այն զարգացումը, որը հեռանկարում կայուն է, իսկ տնտեսության հեռանկարի տեսանկյունից կայուն զարգացում սպասում ենք այն դեպքում, երբ մասնավոր հատվածի բոլոր կազմակերպությունները, անկախ գործունեության բնագավառից, լինեն մրցունակ աշխարհում, որն էլ չափվում է նրանց արտադրողականությամբ: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է գիտենա, որ կարող է անել ավելին՝ աշխատաժամանակը, ձեռքի տակ եղած ռեսուրսները տնօրինել ավելի արդյունավետ, լինել ավելի արտադրողական, միավոր ժամանակում ապահովել ավելի մեծ արդյունք և այսպիսով բարձրացնել թե' իր բարեկեցությունը, թե' իր գործունեության տնտեսական արդյունքները: Շարունակությունը՝ armenpress.am-ում
14:13 - 21 փետրվարի, 2020
Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը

Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը

Հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 18-ին Արագածոտնի  մարզպետարանում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ոլորտի այլ պատասխանատուներ: Ներկայացնելով ոլորտում իրականացվող պետաջակցության 12 ծրագրերը` Իռա Փանոսյանն առանձին անդրադարձ է կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` ՀՀ-ում 2019-2024թթ․-ի տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և Հայաստանի Հանրապետությունում 2019-2023թթ.-ի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերին։ «Սրանք այն ծրագրերն են, որոնք միտված են գյուղատնտեսության  ոլորտում ինտենսիվության և արտադրողականության բարձրացմանը։ Ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ հետագայում խթանելով նաև բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը: Իր խոսքում նա հավելել է, որ մարզային այցերի ընթացքում ֆերմերներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես նոր ծրագրերի հանդեպ: Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության նոր ծրագրին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ Արագածոտնի մարզի ֆերմերները կարող են ապահովագրել ծրագրում ընդգրկված բոլոր մշակաբույսերը: Նա նաև նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը: Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը, որի շրջանակում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին: Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության այլ մարզերում:
12:16 - 19 փետրվարի, 2020
Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը

Շահառուներին ներկայացվել է «Կապիտալի շուկա. աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կապիտալի շուկայի զարգացման խնդիրներին նվիրված քննարկում, որին մասնակցել են իրական հատվածի զարգացման ներուժ ունեցող ավելի քան 30 ձեռնարկությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Իր ներածական խոսքում Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է քննարկման մասնակիցներին, որ վերջին երկու ամսվա ընթացքում ոլորտին առնչվող շահագրգիռ պետական մարմինների և ֆինանսական կառույցների ղեկավարների ու փորձագետների հետ քննարկումների արդյունքում կազմվել է կապիտալի շուկայի զարգացման ծրագրային գործողությունների  ճանապարհային քարտեզ:  «Այսօր հրավիրել ենք ձեզ, որպես կապիտալի շուկայի պոտենցիալ մասնակիցների և կարևոր դերակատարների, ներկայացնելու մեր աշխատանքը և խոսելու առաջիկա անելիքների մասին։ Քննարկենք, թե ինչ հնարավորություններ կարող եք դուք ունենալ՝ դառնալով շուկայի մասնակից, ինչպես նաև լսելու ձեր կարծիքը և առաջարկությունները. ի՞նչ խնդիրներ և խոչընդոտներ եք տեսնում, ի՞նչ առաջարկություններ ունեք, ի՞նչն է խանգարում ձեզ կապիտալի ներգրավման գործընթացում և ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ընկերությունների համար կապիտալի շուկան դառնա ավելի հասանելի», - ասել է էկոնոմիկայի նախարարը։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել է «Կապիտալի շուկա․աճի հնարավորությունների բացահայտում» շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ քննարկվող հետևյալ հարցերի վերաբերյալ՝ կորպորատիվ կառավարում, թողարկման և ցուցակման կարգավորումներ, թափանցիկություն, ֆինանսական միջոցների առաջարկ և այլն։   Հնչեցված առաջարկություններում նշվել է օրենսդրական փաստաթղթերի վերանայման և համաձայնեցման, մասնավոր ներդրումային ֆոնդերի կարևորության, Ֆինանսական գործիքների ընկալումների մոտարկման անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ կապիտալի շուկայի զարգացման ճանապարհային քարտեզը կլրամշակվի ներկայացված առաջարկություններով, հավելել, որ հանդիպումները շարունակական կլինեն։ «Յուրաքանչյուր կազմակերպության հետ պատրաստ ենք նաև առանձին քննարկել իրենց կողմից ներկայացվող խնդիրները և լինել առավելագույնս օգտակար: Առաջիկայում լրամշակված փաստաթուղթը կներկայացվի հաստատման: Իրագործման փուլում կրկին ձեզ հետ համագործակցությունը մեզ խիստ անհրաժեշտ կլինի, քանի որ դուք եք անմիջական շահառուները, և լավագույն ճանապարհները գտնելու համար ձեր օժանդակությունը չափազանց կարևոր է մեզ համար», - ասել է Նաիրա Մարգարյանը։
14:21 - 18 փետրվարի, 2020
Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել |armenpress.am|

Շիրակի մարզում «Առաջատար ֆերմա» և անասնաբուժական կետ է բացվել |armenpress.am|

armenpress.am: «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը (ՌԶԳ) ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի շրջանակներում փետրվարի 17-ին կազմակերպել է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում անասնաբուժական կետի և Ազատան համայնքում հիմնված «Առաջատար ֆերմա»-ի բացման հանդիսավոր արարողությունները: Այս մասին տեղեկացրին «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունից: ««Առաջատար ֆերմա»-ի բացման արարողությանը հաջորդեց Շիրակի մարզում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի ձեռքբերումների/արդյունքների ներկայացումը (ծրագիրն իրականացնում է ՌԶԳ ՀԿ՝  Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:) Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Շիրակի մարզպետ՝ Տիգրան Պետրոսյանը, ծրագիրը համաֆինանսավորող Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար՝ Գերհարդ Շաումբերգերը ու Շվեյցարիայի Համադաշնության Զարգացման և Համագործակցության Գործակալության տարածաշրջանային ղեկավար՝ Դանիել Միույլին, ներկայացուցիչներ տեղական ու միջազգային կազմակերպություններից, ծրագրի շահառու վերամշակողներ և այլոք: Հյուրերը բարձր գնահատեցին ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող ծրագրային միջամտությունները Շիրակի մարզում՝ կարևորելով ծրագրի դերը համայնքների զարգացման գործում:  Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետ պարոն Տ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ՌԶԳ ՀԿ նախագահ պարոն Մ. Այվազյանին՝ ՀՀ Շիրակի մարզում անասնապահության զարգացմանն աջակցող ծրագրի իրականացման և կատարված լայնածավալ աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
21:07 - 17 փետրվարի, 2020
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։ Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող արտադրության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային և ոլորտային գաղափարներ։ Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովին։ Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման  ընթացքում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
17:57 - 17 փետրվարի, 2020
Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ |armenpress.am|

Կառավարությունը մշակել է լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ կառավարությունը լիզինգի ոլորտի զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ է մշակել: Այն գործադիրի փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Մենք կարգավորում ենք լիզինգի դաշտը և բացում ենք նոր հնարավորություններ լիզինգի ոլորտի զարգացման համար: Մեր գնահատմամբ՝ տվյալ փաթեթի ընդունման արդյունքում լիզինգի ծավալները ՀՀ-ում կարող են աճել մինչև երկու անգամ: Ներկայիս դրությամբ՝ ՀՀ-ում լիզինգի պայմանագրերը միշտ կնքվում էին եռակողմ, տվյալ փաթեթի ընդունման արդյունքում հնարավոր կլինի երկկողմ լիզինգի պայմանագրերի կնքումը: Սա թույլ կտա իրականացնել երկրորդային լիզինգի գործարքը»,- ասաց Ավանեսյանը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի ՀՀ Ազգային ժողովում:
13:02 - 13 փետրվարի, 2020
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը պատրաստակամ է Հայաստանում համագործակցել կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերին. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը պատրաստակամ է Հայաստանում համագործակցել կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերին. ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի և ՄԱԶԾ-ի ոլորտային ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այս տարվա աշնանը նախատեսված ՀՀ-ԵՄ ներդրումային համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ Դմիտրի Մարիյասինը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ներդրումային համաժողովի թիրախային ոլորտների՝ կանաչ տնտեսության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումային ծրագրերի ներկայացման, պոտենցիալ ներդրումային ընկերությունների հետ համագործակցության և նրանց, ինչպես նաև ՄԱԶԾ-ի օտարերկրյա ներկայացուցչությունների՝ համաժողովի աշխատանքներին ներգրավման հարցում։ Կողմերը կարևորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման շրջանակներում ՄԱԶԾ-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հետագա և պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։
16:43 - 12 փետրվարի, 2020
Նախատեսվում է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի այցը Հայաստան

Նախատեսվում է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի այցը Հայաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանին։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան նախատեսվող այցի հետ կապված օրակարգային և կազկակերպչական հարցեր։ Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության և գործարար կապերի ընդլայնման հեռանկարները: Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը և ամենայնս նպաստելու հայ-ճապոնական տնտեսական համագործակցության զարգացմանը։
16:47 - 10 փետրվարի, 2020
Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Բեռլինում

Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Բեռլինում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։ Փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը Վարոս Սիմոնյանին փոխանցել է գերմանական կողմի պաշտոնական առաջարկությունը ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն ընթացիկ տարվա հուլիսի 21-ից 22-ը Բեռլինում անցկացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ նիստի անցկացմանն առնչվող հարցերը մանրամասն քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պաշտոնյայի այցը Հայաստան։ Կլաուս Վենդելբերգերը նշել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում, հատկապես տնտեսական ոլորտում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով «կանաչ տնտեսության» զարգացմանը և կարևորելով ՓՄՁ ոլորտը և զբոսաշրջությունը։ Վարոս Սիմոնյանը, որպես հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ընդունել է գերմանական կողմի առաջարկը նիստի անցկացման ժամկետի վերաբերյալ, նաև վստահեցրել, որ հայկական կողմը կնախապատրաստի նիստի քննարկման համար առաջարկվող հարցերի փաթեթը՝ գերմանացի գործընկերոջ այցի ընթացքում դրանք հանգամանալից քննարկելու համար: Էկոնոմիկայի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող գործուն  աջակցության համար, շեշտելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կխթանի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը: Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը համառոտ ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ընդգծելով բանկի մասնակցությունը գյուղոլորտի զարգացման ծրագրերում, մասնավորապես գյուղատնտեսության ապահովագրության բնագավառում: Նշվել է նաև բանկի աջակցությունը Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման գործում: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, ներկայացնելով ընկերության առաքելությունը Հայաստանում, առանձնացրել է ՓՄՁ ոլորտում և զբոսաշրջության բնագավառում կատարած և ընթացիկ աշխատանքը: Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ աշնանը նախատեսվում է ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացումը և գերմանական կողմին հրավիրել մասնակցելու այդ միջոցառմանը ինչպես շահագրգիռ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների մակարդակով:
13:45 - 10 փետրվարի, 2020
Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ |lragir.am|

lragir.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, որ Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ: Նախարարի խոսքով՝ նախագիծը բիզնես հիմնավորվածություն պետք է ունենա: «Եկեք սպասենք, կտեսնենք»,- ասաց նա: Տիգրան Խաչատրյանը չհերքեց, որ կարող է նաև քննարկվել «Նաիրիտի» վաճառքի հարցը իրանական կողմին: Հարցին, թե արդյոք կառավարությունը մտադիր է վաճառքի հանել «Նաիրիտը», նախարարը պատասխանեց. «Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չի կարող հաշվարկ ներկայացնել, թե որքան գումար է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար: Անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը, ասաց նա:
13:29 - 10 փետրվարի, 2020
Հայաստանում ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը. Տիգրան Խաչատրյան |news.am|

Հայաստանում ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը. Տիգրան Խաչատրյան |news.am|

news.am: Ցրտահարությունների գյուղատնտեսական ապահովագրության վերաբերյալ պայմանագիր կնքելու վերջնաժամկետը 15-ից երկարաձգվում է փետրվարի 21-ը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ ծրագիրը վերաբերում է խաղողի թփերի և ծիրանի ծառերի` հնարավոր ցրտահարությանից ապահովագրմանը, իսկ վերջերս նաեւ հանրապետության երկու շրջաններում` դեղձի տնտեսությունների: «Ինչ վերաբերում է կարկուտի հետևանքներից ապահովագրմանը, ապա պայմանագիրը կնքելու վերջնական ժամկետը մարտի 25-ն է, եւ Էկոնոմիկայի նախարարությունը լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել ֆերմերներին, այդ թվում` ապահովագրական գործարքի ծախսերի մի մասը վերցնել իր վրա: Ներկայումս ստորագրվել է ավելի քան 50 պայմանագիր, և մենք վստահ ենք, որ քաղաքացիներն ավելի ակտիվ կլինեն, քանի որ ապահովագրությունը նրանց թույլ կտա պլանավորել իրենց բիզնեսը եւ հաշվարկել ռիսկերը»,- եզրափակեց Խաչատրյանը:
13:11 - 10 փետրվարի, 2020