ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև
 |armenpress.am|

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներ այսօր ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ նիստի անցկացման համար: Այս մասին հաղորդում է Ժոզեպ Բորելի գրառումը Twitter-ում: «Ժամանել ենք Կիև՝ իրենց երկիրը պաշտպանող բոլոր ուկրաինացիներին փոխանցելու ԵՄ աջակցության ամենաուժեղ ուղերձը», - գրել է Բորելը։ Նա հավելել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ օգնությունը Կիևին կազմում է 50 միլիարդ եվրո՝ շեշտելով, որ ԵՄ-ն առաջին իսկ օրվանից կանգնած է Ուկրաինայի կողքին։ Զուգահեռաբար Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիև Է մեկնել Եվրահանձնաժողովի կոլեգիան, որի կազմում են Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ և ԵՀ այլ պաշտոնյաներ, ներառյալ` Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, ներքին գործերի հաձնակատար Իլվա Յոհանսոնը, գյուղատնտեսության հարցերով  հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին, ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովան և այլոք:
15:02 - 02 փետրվարի, 2023
Միանում ենք արցախցի մայրերի կոչին. Հայաստանում ապրող մայրերն Արցախի ապաշրջափակման հորդորով նամակ փոխանցեցին ԵՄ դեսպանին
 |armenpress.am|

Միանում ենք արցախցի մայրերի կոչին. Հայաստանում ապրող մայրերն Արցախի ապաշրջափակման հորդորով նամակ փոխանցեցին ԵՄ դեսպանին |armenpress.am|

armenpress.am: Արցախի շրջափակման դեմ ուղղված գործողություններ ձեռնարկելու, Արցախի 120 000 բնակչի, որոնց թվում են 30 000 երեխաներ, կյանքի, առողջության, կրթության հիմնարար իրավունքները վերականգնելու կոչով Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ հայ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա իրականացրին Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց: Նրանք ԵՄ դեսպանատանը փոխանցեցին այն բաց նամակը, որով օրեր առաջ Արցախի մայրերը դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, որպեսզի վերջինս իր ազդեցությունը գործի դնի՝ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը վերացնելու համար: Նախաձեռնության հեղինակներից Արաքսյա Գրիգորյանը, դիմելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինին, հորդորեց նրան Արցախի ձայնը լսելի դարձնել և նամակը փոխանցել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, թույլ չտալ, որ Ադրբեջանը գերի պահի 30 հազար երեխայի: «Մենք այստեղ ենք, որպեսզի միանանք Արցախի մայրերի կոչին և այդ բաց նամակը հանձնենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան  Անդրեա Վիկտորինին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու, Ադրբեջանի հանցավոր ահաբեկչական  գործողությունները դադարեցնելու համար»,-շեշտեց Արաքսյա Գրիգորյանն ու ընդգծեց՝ դժվար է ասել, որ միջազգային հանրությունը բավարար քայլեր է ձեռնարկում Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, քանի որ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը 50-ից ավելի օր փակ է: Ըստ նրա՝ յուրաքանչյուր հայ պետք է ինչ-որ բան անի, որպեսզի Արցախն ու մեր 120 հազար հայրենակիցները, որոնք մատնված են սովի ու ցրտի, կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ակցիայի մասնակիցները կրում էին թևնոցներ, որոնք պատրաստել էին արցախցիները: Արաքսյա Գևորգյանն ասաց, որ ժապավենները խորհրդանշում են միասնությունը: Սպիտակն անպարտելի ոգու մաքրությունն է, կարմիրը՝ հաղթանակի կամքը, մանուշակագույն թելը՝ մեր հիշողությունն է խորհրդանշում: Նա նշեց, որ նամակը հանձնելուց հետո մտածելու են առաջիկա քայլերի մասին, և իրենց յուրաքանչյուր քայլ միտված է լինելու խնդրի լուծմանը:
16:02 - 01 փետրվարի, 2023
Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Որտեղից է գալիս եւ ուր է գնում Միութենական պետությունը․ հայացք Հայաստանից

Լուսանկարում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Բորիս Ելցինը Ռուսաստանի Դաշնության ու Բելառուսի Հանրապետության Միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու առնչությամբ քննարկումները տեւական ժամանակ է՝ չեն դադարում։ Այդ քննարկումները, մեծ մասամբ, կառույցի էության ու պետությունների ինքնիշխանությունը թուլացնելու ռիսկի մասին են։ Միութենական պետությանը Հայաստանի միանալու, այսպես ասած, անխուսափելիության մասին հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դրա վերաբերյալ շատ արձագանքներ են եղել, խոսել են նաեւ հայ պաշտոնյաները՝ տարբեր ձեւերով ակնարկելով, որ, այո՛, Հայաստանի հանդեպ ճնշումներ են գործադրում։ Այս հոդվածում ներկայացնում ենք Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի, Միութենական պետության շրջանակում ստորագրված ինտեգրացիոն դեկրետի դրույթները, ռուս-բելառուսական հարաբերությունների որոշ անհարթ դրվագներ, ինչպես նաեւ քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի եւ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի մեկնաբանություններն այն մասին, թե ինչ է Միութենական պետությունը՝ քաղաքական ու իրավական տեսանկյունից։ Միութենական պետության մասին խոսակցություններն, ընդհանուր առմամբ, այնպես չէ, թե նոր են սկսվել։ Դեռ տասնամյակներ առաջ՝ ԽՍՀՄ փլուզումից տարիներ անց՝ 1999թ․ դեկտեմբերի 8-ին, Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը կնքեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր, որը բաղկացած է 71 հոդվածից։ Լուկաշենկոն Պայմանագիրը ստորագրելիս Բայց մինչ հասկանալը, թե ինչ է ենթադրում այս Պայմանագիրը, ներկայացնենք՝ ինչ հանգամանքներում է կնքվել այն, եւ ինչ զարգացումներ են հաջորդել դրան։ Լուկաշենկոյի սպասումներն՝ ի սկզբանե Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը նկատում է՝ Միութենական պետությունը բավական ժամանակավրեպ ու հետաքրքիր ինստիտուտ է՝ պայմանավորված նրանով, որ ստեղծվել է մի կոնտեքստում՝ ինչ-որ նպատակների համար, իսկ հիմա փորձում է հարմարվել լիովին այլ կոնտեքստի ու սահմանել այլ նպատակներ։ «1990-ականների վերջին, երբ ՌԴ նախագահ Բորիս Ելցինը կորցնում էր իր հեղինակությունը, քաղաքական ու հանրային շրջնակներում, վատթարացող տնտեսական պայմաններում ու ներքին քաղաքականության մեջ քաոսի իրավիճակում էլեկտորատի շրջանակում նոր թափ էին հավաքում եւ առավել պոպուլյար դառնում Սովետական Միության նոստալգիան եւ սովետական կարգ ու կանոնի նկատմամբ հանրային պահանջը (ինչն, ի դեպ, օգտագործվում էր Կոմունիստական կուսակցության կողմից, որը Ելցինի ոխերիմ թշնամին էր, ինչպես նաեւ ԼԴՊՌ-ի (Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն) կողմից)։ Այդ ժամանակաշրջանում Ելցինը, հասկանալով, որ կա նման օրակարգի նկատմամբ հանրային պահանջ, եւ փորձելով խլել այդ օրակարգը իր քաղաքական հակառակորդների ձեռքից, հավանություն է տալիս Միութենական պետության առաջարկներին, ինչը կարող էր հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ ինչ-որ կերպ վերադարձ է կատարվում դեպի հին ու բարի ժամանակներին»,- հիշեցնում է Սուքիասյանը։ Հենց այդ ժամանակվանից Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դրական է վերաբերվում այս գաղափարներին․ նա այդ շրջանում հետսովետական տարածքում եզակիներից էր, որ կիսում էր Սովետական Միության նկատմամբ նոստալգիկ վերաբերմունքը։  «Նա սատարում է անգամ Ռուսաստանի խորհրդարանում Բելովեժյան համաձայնագրերի քննադատումը։ Լուկաշենկոն Ռուսաստան ամենաշատ այցեր կատարող առաջնորդներից էր, նա հանդիպումներ էր ունենում ռեգիոնալ մակարդակներում՝ հաճախ շրջանցելով Մոսկվան, ու կարծես կամաց-կամաց ձեռք էր բերում սովետական քաղաքական գործչի կերպար, որը նաեւ սկսում էր լայն հեղինակություն վայելել Ռուսաստանում՝ ներկայանալով որպես հին ու բարի ստաբիլ ժամանակների ներկայացուցիչը»,- նկատում է քաղաքագետը՝ շարունակելով, որ Լուկաշենկոն, հասկանալով, որ Ելցինը կորցնում է իր քաղաքական հիմքերը, իսկ ինքը լայն հեղինակություն է վայելում, նաեւ քաղաքական մեծ ամբիացիաներ է տեսնում Միութենական պետության մեջ․  «Որովհետեւ եթե իրոք ձեւավորվելու էր մեկ պետություն՝ մեկ առաջնորդով ու ընտրությունների միջոցով, չէր բացառվում, որ Լուկաշենկոն կարող էր դառնալ Միութենական պետության առաջնորդի շատ լուրջ հավակնորդ»։ Սակայն, Սուքիասյանի խոսքով, այս մոտիվացիաները շատ արագ գլխի վայր շրջվեցին, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը․ նա վերցրեց այս օրակարգը, եւ արդեն ուժերի հարաբերակցության լուրջ փոփոխություն տեղի ունեցավ, ու, այսպես կոչված, գունավոր հեղափոխությունների համատեքստում փոխվեցին պետության առաջնահերթությունները։ «Ռուսաստանը վարում էր այնպիսի քաղաքականություն, որը տեղ չէր թողնում Լուկաշենկոյի վերոնշյալ ամբիցիաների համար»,- նշում է Սուքիասյանը՝ հավելելով, որ ահա այդ ժամանակվանից արդեն Միութենական պետությունը Լուկաշնեկոյի համար այն խոստումնալից պրոյեկտից, որն ինքը պատկերացնում էր, դառնում է ինքնիշխանությունը կորցնելու վտանգ։ Լուկաշենկոն փորձում էր հնարավորինս դանդաղեցնել ինտեգրացիան Իհարկե, առաջին հայացքից ամուր տնտեսական համակարգ եւ դրական այլ զարգացումներ խոստացող, եւ միաժամանակ պետությունների ինքնիշխանությանը չվնասելու սկզբունքը շեշտող այս փաստաթղթերն այդքան էլ միանշանակ չեն մեկնաբանվում։ Անգամ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես ցույց են տվել զարգացումները, հնարավորինս փորձում էր դանդաղեցնել Բելառուսի ինտեգրացիան։ Օրինակ, 2000-ականների կեսերին Լուկաշենկոն հրաժարվեց ընդունել միասնական դրամական արժույթ, ինչը ենթադրվում էր կամ նախանշվել էր Պայմանագրով։ Ավելի ուշ՝ օրինակ, 2019 թ․-ի մարտի 1-ին, Լուկաշենկոն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ միասնական արժույթին դեմ չէ՝ միեւնույն ժամանակ, սակայն, նշելով, որ այդ արժույթը չպիտի լինի ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական ռուբլին։ Արձագանքելով այդ հայտարարությանը՝ նույն օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանեց, որ թեեւ միասնական արժույթի ներդրման հարցում դեռեւս կոնկրետություն չկա, բայց այն կարելի է քննարկել Միութենական պետության կառուցման համատեքստում։ Միասնական դրամական արժույթին դեմ չլինելու մասին հայտարարություն Լուկաշենկոն արեց նաեւ 2020թ․ ապրիլին՝ դարձյալ նշելով, որ այն չպիտի լինի երկու երկրներից որեւէ մեկի դրամական միավորը։ Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերությունները սրվեցին նաեւ 2000-ականների վերջին՝ կապված Ռուսաստան կաթնամթերքի արտահանման խնդիրների հետ։ Այդ կոնֆլիկտը հայտնի է որպես «կաթնային պատերազմներ»։  Հարաբերություններն, ըստ էության, այնքան էլ լավ չէին նաեւ 2010-ականների կեսերին։ Մասնավորապես, 2015-ին ռուսական rbc.ru-ն գրեց, որ Բելառուսը դարձել է Ռուսաստան արգելված ապրանքների մուտքի տարանցիկ երկիր։ Պետք է հիշել նաեւ դրվագները, երբ Ռուսաստանը գազի ու նավթի գները բարձրացրեց Բելառուսի համար, իսկ հետո երկների ամբողջական ինտեգրացիայի համար խոչընդոտ հանդիսացավ նաեւ այն, որ Բելառուսը փորձում էր հարաբերություններ կառուցել Արեւմուտքի հետ։ Վ․ Պուտինի եւ Ա․ Լուկաշենկոյի հանդիպումը՝ 2021թ․-ին Սանկտ-Պետերբուրգում Հանգամանքները Բելառուսին ստիպեցին մեղմացնել քաղաքականությունը Սուքիասյանի խոսքով՝ Բելառուսին հաջողվել է երկար տարիներ հետաքրքիր բալանսի մեջ պահել իր արտաքին քաղաքականությունը Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ եղել է ռազմավարական հսկայական նշանակություն ունեցող աշխարհագրական տարածքի տեր՝ որպես այս երկու ռեգիոնները կապող միջանցք (որոնցից մեկը հսկայական ռեսուրներ արտադրող է, մյուսը՝ հսկայական ռեսուրսների կարիք ունեցող)։ Բայց արդեն 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Արեւմուտքը խզեց կապերը Բելառուսի հետ, նման բալանսավորումը դարձավ անհնարին, եւ արդեն քաղաքական առումով, քաղաքագետի խոսքով, Միութենական պետությունը սկսվեց նմանվել Միութենական պետության իրական կարգավիճակին։ Սուքիասյանը համաձայն է մեր այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ համագործակցային դրվագներին՝ Լուկաշենկոն փորձել է հնարավորինս հետաձգել ամբողջական ինտեգրացիան․  «Այո, Լուկաշենկոն անընդհատ փորձել է զերծ մնալ, խուսափել ամբողջական ինտեգրացիայից, որովհետեւ ամբողջական ինտեգրացիան արդեն Պուտինի իշխանության ժամանակ եւ Ռուսաստանում իշխանության կոնսոլիդացիայից հետո կնշանակեր Լուկաշենկոյի իշխանության կորուստ, նա այլեւս չէր կարող լինել ինքնիշխան պետության նախագահ, մաքսիմումը, ինչին կարող էր հասնել, Բելառուսի՝ որպես գուբեռնիայի ղեկավարի պաշտոնն էր կամ ինչ-որ նոր մտածված պաշտոն, բայց որը երկրոդական կլիներ Ռուսաստանի նախագահի պաշտոնին»։ Եւ այս խուսափողականությունը, Սուքիասյանի խոսքով, արտահայտվել է քաղաքականության մի շարք ոլորտներում, մասնավորապես գազի ընդհանուր շուկային, մաքսային ընդհանուր քաղաքականությանը վերաբերող։ Այդ ոլորտները Բելառուսը միշտ փորձել է օգտագործել ի նպաստ իր ազգային բյուջեի մեծացմանը, քանի որ մեծ եկամուտներ էր ունենում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրից, որտեղ ինքն ուներ առանձնահատուկ կարեւոր եւ իրավականորեն հետաքրքիր կարգավիճակ ու կարողանում էր մաքսիմալ օգուտներ քաղել, իսկ Ռուսաստանը փորձում էր դրանց վերափոխման միջոցով ինքն առավել օգուտներ ունենալ, ինչին Լուկաշենկոն միշտ հանդիմանում էր․ «Բացի դրանից՝ ինչքան էլ թվա, թե Բելառուսն իր մշակութային կարգավիճակով ամենամոտն է Ռուսաստանին, այս երեսուն տարիների ընթացքում Բելառուսի հասարակության մեջ ձեւավորվել է կոնսենսուս՝ ի նպաստ եւ ի պաշտպանություն ինքնիշխանության, եւ Լուկաշենկոն ստիպված էր հաշվի առնել հասարակական կարծիքի այդ արտահայտումները»,- կարծում է քաղաքագետը։ Եւ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որոնք արեւմտյան մայրաքաղաքների կողմից լեգիտիմ չէին ճանաչվում, խզվեցին բոլոր նշանակալի տնտեսական կապերը, ու Լուկաշենկոն ստիպված էր հենվել Մոսկվայի աջակցության վրա, որպեսզի կարողանա հաղթահարել ընտրություններին հաջորդած բողոքի շարժումները, ինչպես նաեւ հնարավորություն ունենա պահպանել տնտեսությունը որեւէ կայուն կարգավիճակում․ «Այս պարագայում Ռուսաստանի համար պատուհան բացվեց, որպեսզի կարողանա հաղթահարել Լուկաշենկոյի քմահաճ քաղաքականությունը իր հանդեպ։ Լուկաշենկոյին իրենից մաքսմիմալ կախվածության մեջ գտնելով՝ Ռուսաստանը փորձեց ինստրումենտալիզացնել սա եւ վերակենդանացնել, խորացնել Միութենական պետության շրջանակում համագործակցությունը եւ այն սուր ոլոտները, որոնք գազայինն ու մաքսայինն են (որտեղ Բելառուսը, յուրահատուկ պայմաններից օգտվելով, կարողանում էր շահույթներ գեներացնել)։ Այդ հարցերում Բելառուսի քաղաքականությունն ավելի մեղմացավ, եւ 2021-ին երկկողմ բանակցությունների արդյունքում ընդունված միութենական ծրագրերը նախատեսում են այդ թվում այս խնդիրների հաղթահարում»։ Այնպես չէ, որ Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի միանալը Միութենական պետությանը Անդրադառնալով Հայաստանի՝ Միութենական պետությանը անդամակցելու հավանականությանը եւ այդ առումով Ռուսաստանի ցանկությանը, Սուքիասյանն այն կարծիքին է մնում, որ այս պահին այդ հարցը տեղ չի գտնում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունների մեջ, եթե ընդհանրապես առկա է այդ օրակարգում։ Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցելը Միութենական պետությանը Ռուսաստանի չի կարող տալ արտաքին քաղաքական լուրջ առավելություններ, քանի որ եթե խոսքը գազի շուկայի ինտեգրման, մաքսային կանոնակարգերի ու դրույթների հարմոնիզացիայի մասին է, ապա դա արդեն իսկ ենթադրվում է ԵԱՏՄ-ի շրջանակում, եթե խոսքը բանակի մասին է, ապա մենք ՀԱՊԿ-ի մաս ենք, ունենք բազմաթիվ միացյալ զորամիավորումներ եւ այս ոլորտում համագործակցության տարբեր դրսեւորումներ։ Խոսելով ներքին դիվիդենտների մասին՝ Սուքիասյանը նկատում է, որ երբեմն քննարկումներն այն համատեքստում են, թե Ռուսաստանը հետաքրքրված է սրանով՝ ներքին օրակարգը սպասարկելու, ռուս էլեկտորատին արտաքին քաղաքական հաղթանակ ցույց տալու համար։ Ըստ քաղաքագետի՝ այս կարծիքը հիմնվում է այն կանխավարկածի վրա, որ ինչպես Ղրիմից հետո Ռուսաստանի իշխանությունը ձեռք բերեց գերբարձր լեգիտիմություն եւ ձեւավորվեց ղրիմյան կոնսենսուսը (ինչը 2018թ․ ապահովեց համեմատաբար հանգիստ նախագահական ընտրություններ), այդպես էլ Հայաստանի միացումը Միութենական պետությանը կարող է բարձրացնել Ռուսաստանի իշխանության լեգիտիմությունը։ Բայց, Սուքիասյանի համոզմամբ, նման տեսակետը հիմնված է այն սխալ կանխավարկածի վրա, որ ռուս հանրության շրջանակում Հայաստանը կարող է ունենալ այնպիսի կարեւորություն, ինչպիսին Ղրիմը։ «Սա, իհարկե, չափազանց հեռու է իրականությունից․ Հայաստանը Ռուսաստանի քաղաքականությամբ հետաքրքրված շրջանակներում եթե ոչ տասնորդական, ապա երկրորդական նշանակություն ունի ինչպես մշակութային, այնպես էլ աշխարհաքաղաքական առումով։ Ես չեմ կարծում, որ այն արտաքին քաղաքական ռեսուրսը եւ ծախսերը, որոնք պետք է դրվեն Հայաստանը Միութենական պետություն մտցնելու համար, կարող են բերել այնպիսի օգուտներ, որ քաղաքական առումով եկամտաբեր լինեն Ռուսաստանի համար։ Ավելին՝ պատերազմի պայմաններում, ունենալով բազմաթիվ գլխացավանքներ, չեմ կարծում, թե Ռուսասատանը պատրաստ է նման բեռ վերցնել իր վրա, որովհետեւ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալը նաեւ ենթադրում է, որ Ռուսաստանը կամ Միութենական պետությունը պիտի լրացուցիչ պարտավորություններ ստանձնի մասնակից պետության անվտանգության ապահովման, սոցիալական եւ այլ հարցերով»,- մեկնաբանում է քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը՝ ամփոփելով, որ, իր կարծիքով, Ռուսաստանը նախ այս պահին չի ցանկանում, որ Հայաստանն անդամակցի, եւ երկրորդ՝ եթե անգամ ցանկանում է, ապա դրա համար լիովին ազատ ռեսուրսներ չունի։ Վերպետական կառույցներին միանալը՝ սուվերենության կորստի վտանգ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ու Սահմանադրության մեջ շեշտված են, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է։ Պետության ամենակարեւոր բնութագրիչներից մեկը հենց ինքնիշխանությունն է։ Սուվերենությունը, ինչպես մեր զրույցում նշում է միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, մեկնաբանվում է սեփական տարածքում գերագույն իշխանություն ունենալու, խնդիրներն ինքնուրույնաբար լուծելու եւ արտաքին հարաբերություններում անկախ հանդես գալու առումով։ Իհարկե, ինչպես նկատում է նա, ժամանակակից գլոբալիզացիայի պայմաններում ինքնիշխանության դրսեւորումները փոփոխվում են, պետությունները տարաբնույթ կառույցների են անդամակցում, եւ, ըստ էության, այսօրվա աշխարհում պարզապես հնարավոր էլ չէ ապրել եւ գոյատեւել մեկուսի։ «Այդ կառույցներին անդամակցելիս սուվերենության որոշակի տարրեր կարող են փոխանցվել դրանց, եւ կախված նրանից, թե ինքնիշխանության ինչ բաժին է փոխանցվում գործընկեր երկրներին եւ կառույցներին, արդեն նոր մոդելավորումներ կարող ենք ունենալ, օրինակ՝ կարող է ստեղծվել դաշնային պետություն, իսկ Միութենական պետությունն այդպիսին է․ դրա պարագայում պահպանվում է որոշակի ոլորտներում ինքնավար հարցեր լուծելու հնարավորությունը, բայց կենսական նշանակություն ունեցող ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, պաշտպանությունը, հարցերի լուծումները պատվիրակվում են եւ իրականացվում կենտրոնացված ձեւով»,- նշում է Սահակյանը։ Ըստ նրա՝ Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության դեպքում էլ կա սուվերենության զիջում, բայց ոչ այն ծավալով, որ հանգեցնի նոր դաշնային կառուցվածք ունեցող պետության ստեղծման։ Իսկ վերջինները, միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, վերազգային միավորներ են եւ կարող են միասնական քաղաքականություն իրականացնել որոշ ոլորտներում․  «Օրինակ՝ կա ընդհանուր մաքսային քաղաքականություն, տնտեսական եւ այլն։ Այստեղ սուվերենությունը ոչ թե այն ծավալով են փոխանցում, ինչպես դաշնային պետություններում, այլ սահմանափակ ծավալով, եւ փորձում են միասնականացնել քաղաքականությունը՝ պահպանելով այդ հարցերում մասնակցայնությունը որոշումների կայացման գործընթացում»։  Կա նաեւ երրորդ մակարդակը, որն, այսպես ասենք, ավելի թեթեւ է․ դա միջազգային կառույցներին անդամակցելն է, օրինակ՝ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, եւ այս կառույցներին անդամակցելու պարագայում մեծ չափաբաժնով ինքնիշխանության զիջման հարց չկա։ Սահակյանի մեկնաբանմամբ՝ անկախությունն էլ ինքնին շատ կարեւոր է ինքնիշխանության բնութագրության մեջ, եւ լիարժեք սուվերենության պայմաններում պետք է ունենալ անկախության բարձր մակարդակ․ «Մենք կարող ենք նաեւ փաստացիորեն զիջել անկախությունը, երբ արտաքին հարաբերություններում չենք կարող ինքնուրույն քաղաքականություն վարել։ Պարզապես այդ միութենական կառույցների կամ վերազգային միավորումների պարագայում իրավական ֆորմալ ձեւով կարգավորվում են այն հարցերը, որտեղ պետության լրիվ անկախ կամ ինքնուրույն հարցեր կարգավորելու կարողությունը սահմանափակվում է»։ Այդուհանդերձ, ողջամի՞տ են արդյոք ԵԱՏՄ-ին միանալու եւ Միութենական պետությանը միանալու համեմատությունները այն համատեքստում, թե երկուսի դեպքում էլ ենթադրվում է տարբեր ոլորտներում ընդհանուր քաղաքականություն, միասնական մաքսային տարածք, եւ այլն։ Սահակյանն այստեսակ համեմատություններին համաձայն չէ։ Նա նշում է, որ երկու պարագայում էլ կա սուվերենության զիջում, բայց օրինակ երբ անդամակցում ենք միջազգային կառույցներին, հանրաքվե անհրաժեշտ չէ, իսկ վերպետական միավորումներին անդամակցելիս Սահմանադրությունը պահանջում է հանրաքվե․  «Եւ դա պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը պետք է որոշի, որ պետության սուվերենության մի մասը փոխանցվելու է այլ կառույցի, պարզապես տնտեսական միավորումների պարագայում սահմանափակ ոլորտներում է դա փոխանցվում, որոշումների կայացման մասնակցայնությունն էլ ապահովվում է։ Այստեղ անդամ-պետությունները միասնական քաղաքականություն են իրականացնում, եւ որոշումների դեպքում պետությունները ենթարկվում են, բայց քննարկումներին հավասարապես են մասնացում, ձայնի իրավունք ունեն, կառույցներ ու մեխանիզմներ են ստեղծվում, որոնք բոլորի համար են որոշումներ կայացնում։ Միութենական պետությունների կառուցվածքն այլ է, կան որոշ հարցեր, որոնք իրավասության տիրույթից դուրս են եւ իրացվում են կենտրոնական իշխանությունների կողմից, եւ այստեղ սուվերենության անհամեմատ ավելի մեծ ծավալ է զիջվում, լինում է անկախության կորուստ, ինչն այնքան էլ բնորոշ չէ տնտեսական միություններին անդամակցելու պարագայում։ Բայց երկու դեպքում էլ սուվերենության զիջում կա, ինտենսիվ զիջում տեղի է ունենում այդ դաշնային պետությունների պարագայում, որտեղ կորցնում ենք ինքնուրույն քաղաքական անկախությունը»։ Ինքնիշխանության սակարկումը դեմ է Անկախության անփոփոխելի հռչակագրին Եթե վերպետական կառույցին միանալը, փաստացի, նշանակում է ինքնիշխանության զիջում, ստացվում է դեմ գնալ ոչ միայն Սահմանադրությանը, այլեւ վերնորմատիվային փաստաթուղթ համարվող Անկախության հռչակագրին, որն, ի դեպ, անփոփոխելի է։ Հարցին՝ արդյոք Սահմանադրությամբ եւ Անկախության հռչակագրով մեր պետության ինքնիշխանության արձանագրումը բավարար երաշխիք չէ՞ երբեւէ բացառելու համար ինքնիշխանության զիջումը կամ սակարկումը, միջազգային իրավունքի մասնագետն այսպես է պատասխանում․ «Ես այդպես կմեկնաբանեի, դա անփոփոխելի հոդված է, եւ նոր սահմանադրություններ ընդունելով կամ փոփոխելով՝ այդ դրույթները չեն կարող վերանայվել, դա կնշանակի փաստացիորեն պետության անկախության կորուստ։ Բայց հաշվի առնելով, որ մեր երկրում Սահմանադրությունը բազմիցս խախտվել է, եւ կա Սահմանադրությունը խախտելու քաղաքական ավանդույթ, ես չեմ կարծում, որ այդ մեխանիզմը կարող է հակակշիռ ծառայել եւ կանխել մեր պետությանը սպառնացող վտանգները։ Այսինքն՝ այստեղ մենք մշակույթ ենք փոխել, որի պայմաններում ես չեմ կարող ապավինել Սահմանադրությանը՝ որպես պաշտպանության միջոց»,- ցավով նկատում է Սահակյանը՝ շարունակելով, որ նման որոշման պարագայում, իհարկե, կլինեն քննարկումներ ու սահմանադրական բնույթի վեճեր, մասնագետները կհիմնավորեն սահմանադրական կարգի վտանգումը, կլինեն դատական գործընթացներ, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի դրանց ազդեցությունն իրական գործընթացների վրա, համենայն դեպս այդ վեճերը ընթացող քաղաքական գործընթացներում գերագնահատել չարժե։ Ի վերջո, ի՞նչ է ենթադրում Միութենական պետությունը* Այսպես, Միութենական ստեղծման մասին պայմանագրով նախ սահմանվում են Միութենական պետության նպատակներն ու սկզբունքները։ Ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսի Հանրապետությունը ստեղծում են Միութենական պետություն, որը, ինչպես նշված է պայմանագրում, նշանավորում է նոր փուլ երկու երկրների ժողովուրդների միավորման գործընթացում ժողովրդավարական իրավական պետությունում։  Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրում մի շարք սկզբունքներ են նշված, այդ թվում՝  - մասնակից պետությունների եղբայրական ժողովուրդների խաղաղ եւ ժողովրդավարական զարգացման ապահովում եւ կյանքի որակի բարձրացում,  - մարդու եւ քաղաքացու իրավունքի եւ ազատության հիմնարար իրավունքների անխախտ պահպանում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին համապատասխան, - միացյալ տնտեսական տարածքի ստեղծում՝ սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ հիմնված մասնակից պետությունների նյութական եւ մտավոր ներուժի միավորման վրա եւ օգտագործելով շուկայական մեխանիզմները՝ տնտեսության գործունեության համար, - արտաքին քաղաքականության եւ քաղաքականության ոլորտում պաշտպանության համակարգված վարում, - ժողովրդավարական պետության միասնական իրավական համակարգի ձեւավորում,  - սոցիալական քաղաքականության համակարգված իրականացում՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք կապահովեն արժանապատիվ կյանք եւ մարդու ազատ զարգացումը, - միութենական պետության անվտանգության ապահովում եւ հանցավորության դեմ պայքար, - խաղաղության, անվտանգության եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդում Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում, Անկախ պետությունների համագործակցության զարգացում։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության նպատակներին հասնելն իրականացվում է փուլերով՝ հաշվի առնելով տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման առաջնահերթությունը։ Բացի դրանից՝ Միութենական պետության հիմնադրման դեպքում նախատեսվում է քննարկել նաեւ դրա Սահմանադրության ընդունման հարցը։ Պայմանագրում ասված է, որ Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության եւ մասնակից պետությունների միջեւ իրավասության եւ լիազորությունների բաշխման վրա։ Իսկ նախանշված նպատակների իրականացման համար Միութենական պետությունում ստեղծվում են Գերագույն պետական խորհուրդ, Խորհրդարան, Նախարարների խորհուրդ, Դատարան, Միութենական պետության Հաշվիչ պալատ։ Այս կառույցներին կանդրադառնանք ավելի ուշ։ Պայմանագրում նշված է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն, հաշվի առնելով միութենական պետությանը կամովին փոխանցած լիազորությունները, պահպանում է ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, պետական կառուցվածքը, Սահմանադրությունը, պետական դրոշը, զինանշնանը եւ պետականության այլ ատրիբուտները։ Անդամ-պետությունները պահպանում են նաեւ իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին։ Իսկ միջազգային կազմակերպություններին եւ այլ միջազգային ասոցիացիաներին միասնական անդամակցության հնարավորությունը որոշվելու է մասնակից պետությունների կողմից՝ փոխադարձ համաձայնությամբ։ Ըստ Պայմանագրի՝ Միութենական պետության տարածքը կազմված է անդամ-պետությունների պետական տարածքներից, եւ անդամ-պետությունները ապահովում են Միութենական պետության տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի իր զինանշանը, դրոշը, հիմնը եւ պետականության այլ ատրիբուտներ։ Միութենական պետությունն ունի մեկ դրամական միավոր։ Սահմանված է նաեւ, որ Միութենական պետության անդամ պետությունների քաղաքացիները միաժամանակ հանդիսանում են Միութենական պետության քաղաքացի։ Միութենական պետության քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու Միութենական պետության խորհրդարանում, նաեւ նշանակվելու Միութենական պետության մարմիններում պաշտոնների։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության բացառիկ իրավասությունը ներառում է միասնական տնտեսական տարածքի եւ միասնական շուկայի իրավական հիմքերի ստեղծում, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժը մասնակից պետությունների տարածքներում, հավասար պայմաններ եւ երաշխիքներ տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար։ Միութենական պետությունն ունենում է միասնական օրենսդրություն, որը կարգավորում է տնտեսական գործունեությունը, ներառյալ քաղաքացիական եւ հարկային օրենսդրությունը: Միութենական պետությունն իրականացնում է միասնական գնային քաղաքականություն՝ ներառյալ գների եւ սակագների կարգավորումը։ Միութենական պետությունում ստեղծվում եւ գործում է միասնական օրենսդրություն՝ արտաքին եւ ներքին պարտքերի սպասարկման եւ մարման, արտաքին փոխառությունների իրականացման կարգի եւ օտարերկրյա ներդրումների մասով։ Միութենական պետությունն ունի հարկեր գանձելու միասնական սկզբունքներ, որոնք կախված չեն իր տարածքում հարկատուների գտնվելու վայրից: Պայմանագրով սահմանված է, որ Միութենական պետությունն ունի մեկ մաքսային տարածք։ Բացի դրանից՝ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասությունը ներառում է նաեւ ուրիշ պետությունների ընդունում Միութենական պետության կազմ։ Պայմանագրում նշված է, որ Միութենական պետության եւ մասնակից պետությունների համատեղ իրավասության սուբյեկտների բացառիկ իրավասության սահմաններից դուրս վերջիններս պահպանում են պետական ​​իշխանության ամբողջականությունը։ Միութենական պետության բյուջեն նախատեսված է Միութենական պետության ծրագրերի եւ նախագծերի, նրա գործունեության, ներառյալ նրա մարմինների պահպանման ծախսերը ապահովելու համար: Իսկ Միութենական պետության բյուջեն ձեւավորվում է մասնակից պետությունների տարեկան համաձայնեցված վճարներից։ Միութենական պետության մարմինները Գերագույն պետական խորհուրդ Միութենական պետության բարձրագույն մարմինը Գերագույն պետական ​​խորհուրդն է։ Խորհրդում ներգրավված են պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները, ՌԴ եւ Բելառուսի խորհրդարանների պալատների ղեկավարները։ Գերագույն պետական ​​խորհրդի նիստերին մասնակցում են Նախարարների խորհրդի նախագահը, խորհրդարանի պալատների նախագահները, Միութենական պետության դատարանի նախագահը։ Ինչպես տեղեկանում ենք Միութենական պետության տեղեկատվական-վերլուծական հարթակից՝ Միութենական պետության գերագույն պետական խորհրդի կազմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսի վարչապետ Գոլովչենկոն, ՌԴ վարչապետ Միշուստինը, Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահը, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը, ՌԴ Դաշնային ժողովի Պետական ​​դումայի նախագահը։ Ըստ Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի՝ Գերագույն պետական ​​խորհուրդը՝ - լուծում է Միութենական պետության զարգացման կարեւորագույն խնդիրները, - իր իրավասության սահմաններում ձեւավորում է Միութենական պետության մարմիններ, այդ թվում՝ ոլորտային եւ գործառական բնույթի կառավարման մարմիններ, - նշանակում է Միութենական պետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի ընտրություններ, - հաստատում է Միութենական պետության բյուջեն, որն ընդունվում է Միութենական պետության խորհրդարանի կողմից, եւ դրա կատարման տարեկան հաշվետվությունները, - հաստատում է Միութենական պետության՝ խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, եւ այլն։ Գերագույն պետական ​​խորհրդի ակտերն ընդունվում են անդամ պետությունների միաձայն քվեարկության հիմքով։ Ակտը համարվում է չընդունված, եթե դրա ընդունմանը դեմ է արտահայտվել մասնակից պետություններից մեկը։  Գերագույն պետական ​​խորհրդի նախագահը ռոտացիայի հիման վրա մասնակից պետությունների ղեկավարներից մեկն է, եթե այլ բան համաձայնեցված չէ մասնակից պետությունների կողմից: Նախագահը Գերագույն պետական ​​խորհրդի անունից վարում է միջազգային բանակցություններ եւ Միութենական պետության անունից ստորագրում միջազգային պայմանագրեր, իր լիազորությունների շրջանակում հանձնարարականներ է տալիս Միութենական պետության Նախարարների խորհրդին, Գերագույն պետական ​​խորհրդի անունից իրականացնում այլ գործառույթներ։ Միութենական պետության խորհրդարան Միութենական պետության խորհրդարանը Միութենական պետության ներկայացուցչական եւ օրենսդիր մարմինն է։ Այն բաղկացած է երկու պալատից՝ Միության եւ Ներկայացուցիչների: Միութենական պետության խորհրդարանն ընդունում է օրենքներ եւ օրենսդրական ակտեր՝ Պայմանագրով Միութենական պետության իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ, նպաստում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանը, ընդունում է բյուջեն եւ լսում դրա կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվությունները, հաստատում է հաշվետվությունը, լսում է Միութենական Պետության Հաշվիչ պալատի հաշվետվությունները եւ հաղորդագրությունները, վավերացնում է Միութենական պետության անունից կնքված միջազգային պայմանագրերը, համագործակցության համաձայնագրեր է կնքում Միութենական պետության անդամ չհանդիսացող պետությունների խորհրդարանների եւ խորհրդարանական կազմակերպությունների հետ եւ այլն։ Ներկայացուցիչների պալատի պատգամավորները եւ Միության պալատի անդամներն իրենց լիազորությունների ողջ ընթացքում օգտվում են անձեռնմխելիությունից Միութենական պետության ողջ տարածքում: Խորհրդարանի նախագահը ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն է։ Նախարարների խորհուրդը Նախարարների խորհուրդը Միութենական պետության գործադիր մարմինն է։ Նախարարների խորհրդի կազմում են Նախարարների խորհրդի նախագահը, կառավարությունների ղեկավարները, պետքարտուղարը, անդամ պետությունների արտաքին գործերի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները, Միութենական պետության հիմնական ոլորտային եւ գործառութային կառավարման մարմինների ղեկավարները։  Նախարարների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել կենտրոնական բանկերի ղեկավարները եւ անդամ երկրների նախարարները։ Նախարարների խորհուրդը՝ - մշակում է Միութենական պետության զարգացման ընդհանուր քաղաքականության հիմնական ուղղությունները եւ դրանք ներկայացնում Գերագույն պետական ​​խորհրդի քննարկմանը,- Գերագույն պետական ​​խորհրդին առաջարկություններ է ներկայացնում Միութենական պետության ոլորտային եւ գործառութային մարմինների ձեւավորման եւ դրանց գործունեությունը ղեկավարելու վերաբերյալ, - խորհրդարանին է ներկայացնում օրենքների եւ օրենսդրական ակտերի նախագծեր, - ապահովում է վերահսկողություն Պայմանագրի դրույթների, Միութենական պետության ակտերի կատարման նկատմամբ եւ, անհրաժեշտության դեպքում, պատճառաբանված դիմումներ է ներկայացնում մասնակից պետություններին՝ դրանցից բխող պարտավորությունները չկատարելու դեպքում, - մշակում եւ Միութենական պետության խորհրդարան է ներկայացնում Միութենական պետության բյուջեի նախագիծը, ապահովում է բյուջեի կատարումը, խորհրդարանին է ներկայացնում բյուջեի կատարման տարեկան եւ կիսամյակային հաշվետվություններ,  - տնօրինում է Միութենական պետության ունեցվածքը,  - համակարգում է անդամ պետությունների օրենսդրության միասնականացման գործընթացը, եւ իրականացնում Գերագույն պետական ​​խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: Այժմ Միութենական պետությունն ունի նաեւ Մշտական կոմիտե, որը Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի եւ Միութենական պետության Նախարարների խորհրդի աշխատանքային ապարատն է եւ հաշվետու է Նախարարների խորհրդին։ Այն ղեկավարում է ռուս գործիչ, պետքարտուղար Դմիտրի Մեզենցեւը։ Պայմանագրով նախատեսված է ստեղծել նաեւ Միութենական պետության դատարան, որը կոչված է լինելու ապահովել Պայմանագրի՝ Միութենական պետության կարգավորող իրավական ակտերի միասնական մեկնաբանություն եւ կիրառում։ Միութենական պետության ֆինանսների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար էլ նախատեսված է ստեղծել Հաշվիչ պալատ։ Մասնակից պետությունը կարող է Միութենական պետությունից դուրս գալու մասին որոշում կայացնել Պայմանագրի վերջում արձանագրված է, որ այս փաստաթուղթը բաց է դրան միանալու համար, եթե միանալ ցանկացող պետությունները միջազգային իրավունքի սուբյեկտներ են, կիսում են Միուենական պետության նպատակներն ու սկզբունքները եւ ամբողջությամբ ստանձնում են Պայմանագրից բխող պարտավորությունները: Նշված է նաեւ, որ մասնակից պետությունը, իր համապատասխան սահմանադրական ընթացակարգերով, կարող է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա որոշում կայացնել Միութենական պետությունից դուրս գալու մասին: Իսկ Պայմանագիրը դադարում է գործել նման պետության նկատմամբ՝ դրանում այդ հարցով հանրաքվե անցկացնելու օրվանից 18 ամիսը լրանալուց հետո։ Արձանագրված է, որ Պայմանագրից դուրս գալը չի ​​ազդում Պայմանագրով Մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման վրա, որոնց կատարումը պայմանավորված է որոշակի ժամկետով:  Եւ շեշտված է, թե Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ, եւ որ մասնակից պետությունները կատարում են իրենց պարտավորությունները նախկինում կնքված միջազգային պայմանագրերով։ Մասնակից պետություններն էլ, համաձայն Պայմանագրի, չեն կարող ստանձնել միջազգային պարտավորություններ, որոնք հակասում են սույն Պայմանագրի դրույթներին: Պայմանագիրն անժամկետ է։  Միութենական պետության ինտեգրացիոն դեկրետը Թեեւ տարիների ընթացքում ինտեգրացիոն տարբեր գործընթացներ են եղել ՌԴ-ի ու Բելառուսի միջեւ, տարբեր համատեղ ծրագրեր են իրականացվել, այս Պայմանագրի ստորագրումից երկու տասնամյակից ավելի անց՝ 2021թ․ սեպտեմբերին, Ռուսաստանն ու Բելառուսը հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ Միութենական պետության ներսում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես, Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում հաստատվեցին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունները 2021–2023 թվականներին եւ Միութենական 28 ծրագրերը՝ ուղղված ռուս-բելառուսական ինտեգրացիայի ամրապնդմանը, այդ ծրագրերում կան դրույթներ նաեւ նավթի եւ գազի միասնական շուկայի մասին։  Ըստ այդմ, Ռուսաստանն ու Բելառուսը մակրոտնտեսական քաղաքականության մերձեցման շրջանակում պայմանավորվածություն են ձեռք բերել սինխրոնիզացնել ռազմավարական կառավարումը, ներդաշնակեցնել օրենքները։ ՌԴ Կենտրոնական բանկի եւ Բելառուսի Ազգային բանկի միջեւ դրամավարկային քաղաքականության սկզբունքների եւ մեխանիզմների ներդաշնակեցման մասին համաձայնագրի ստորագրման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Քննարկվել է նաեւ այս ոլորտում օրենսդրական դաշտի ներդաշնակեցման հարցը։  Կողմերը պայմանավորվել են նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման մոտեցումների, տեղեկատվական անվտանգության ոլորտում աուդիտի արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմի, էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ժամանակ ամբողջականության եւ վավերության արտատարածքային հսկողության միջոցների կիրառման ներդաշնակեցման մասին։ Համաձայնագրով պայմանավորվել են ներդաշնակեցնել բանկային եւ ապահովագրական կազմակերպությունների փոխադարձ մուտքը Միութենական պետության ֆինանսական շուկաներ, կատարելագործել ռուսական եւ բելառուսական վարկային կազմակերպությունների եւ իրավաբանական անձանց միջեւ ֆինանսական տեղեկատվության անդրսահմանային փոխանակման մեխանիզմները, ինչպես նաեւ զարգացնել համագործակցությունը արագ վճարումների, ֆինանսական հաղորդագրությունների եւ հաշվարկների փոխանցման, մասնակիցների վերահսկողության հարցերում։ Կողմերը պայմանավորվել են մշակել առաջարկներ Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության օրենսդրության ներդաշնակեցման համար՝ ապահովելու սպառողների իրավունքների հավասարաչափ պաշտպանությունը: Կողմերը պայմանավորվել են ինտեգրել տեղեկատվական համակարգերը՝ տվյալների փոխանակման ավտոմատացման համար, նաեւ մշակել ծրագրային ապահովում, որը թույլ կտա տվյալների փոխանակում երկու պետությունների տարածքում տրանսպորտային վերահսկողության արդյունքների վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են կնքել միջազգային պայմանագրեր անուղղակի հարկերի հարկման ընդհանուր սկզբունքների եւ մաքսային մարմինների միջեւ փոխգործակցության խորացման մասին, ներդաշնակեցնել փոխադարձ առեւտրի վիճակագրության պահպանման մոտեցումները, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների դասակարգման համակարգերը եւ լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտը: Կողմերը պայմանավորվել են միասնակացնել տրանսպորտային շուկայի կարգավորումը․ խոսքը վերաբերում է եւ օդային, եւ երկաթուղային, եւ ջրային եւ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներին, նախատեսվում է ճանապարհների ոլորտում մշակել ընդհանուր օրենսդրական նորմեր։ Ամենաառանցքային պայմանավորվածություններից մեկը վերաբերում է գազի միասնական շուկայի ձեւավորմանը։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են համակարգել գործողությունները՝ կապված 2022 թվականին բելառուսական կողմի համար ռուսական գազի գների ձեւավորման, ինչպես նաեւ Միութենական պետության գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման սկզբունքների մշակման հետ։ Այս գործողությունը նախատեսված է եղել մինչեւ 2022 թվականի հուլիսը: Իսկ մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 1-ը նախատեսվում է ստորագրել ծրագրի լրացում, որը սահմանում է գազի միասնական շուկայի գործունեության եւ կարգավորման հիմնական սկզբունքները, ինչպես նաեւ դրանց իրականացման ժամկետները՝ բիզնես պայմանների մերձեցման հիման վրա։  Նախատեսվել է ձեւավորել նավթի եւ նավթամթերքի, էլեկտրաէներգիայի միասնական շուկա։ Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2023թ․ վերջ ապահովել ատոմային էներգիայի օբյեկտների շահագործման, ճառագայթային անվտանգության կարգավորման, արտակարգ իրավիճակների պատրաստության եւ արձագանքման, միջուկային վառելիքի եւ ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտներում օրենսդրության միասնականացումը։ Կողմերը պայմանավորվել են իրականացնել օրենսդրության սերտաճում գյուղատնտեսության ոլորտում՝ գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ առեւտրի ծավալն ավելացնելու, վարչական խոչընդոտների վերացման, պարենային անվտանգության ապահովման եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացման նպատակով։ Կողմերը պայմանավորվել են խթանել համատեղ ձեռնարկությունների զարգացումը, ինչպես նաեւ միասնական քաղաքականություն վարել արտադրությանն ու վաճառքին աջակցելու համար, իսկ առեւտրի թափանցիկությունը բարձրացնելու եւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու նպատակով վերացնել արդյունաբերական արտադրության հարցում տնտեսական եւ տեխնիկական խոչընդոտները։ Ձեռք են բերվել նաեւ այլ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։  Ի վերջո, Համաձայնագրում ասված է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշում են, որ Միութենական պետության դրական զարգացումը, ազգային տնտեսությունների ամրապնդումը, Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության քաղաքացիների համար կենսական սոցիալական խնդիրների լուծմանը խոչընդոտում են «մի շարք արեւմտյան պետությունների կործանարար գործողությունները, միջազգային իրավունքին հակասող կառույցներ»։ Եւ այս կապակցությամբ, ինչպես նշված է Համաձայնագրում, համաձայնեցվել են համատեղ գործողություններ «Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության դեմ ոչ լեգիտիմ տնտեսական պատժամիջոցների կիրառման համատեքստում»։ Ռուսական եւ բելառուսական կողմերը նշում են նաեւ դրանով չսահմանափակվելու, Միության կառուցման շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացման հաստատակամ մտադրությունը․ «Կշարունակվի 1999 թվականի դեկտեմբերի 8-ի Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի բոլոր հիմնարար դրույթների իրականացումը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության ինտեգրման ամրապնդմանը»,- ասված է Համաձայնագրում: Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել Քաղաքական գիտությունների թեկնածու Նարեկ Սուքիասյանը կարծում է, որ որպես ինստիտուտ՝ Միութենական պետությունն այդպես էլ ամբողջովին չի կայացել, ու մինչեւ վերջին տարիները, եթե ոչ անգամ այսօր, դրա անգամ բյուջեն, որը հատկացված է ինստիտուտի պահպանման ծախսերի համար, չի գերազանցում անգամ միջին քաղաքի տարեկան բյուջեին։  «Դրա համար այն կառույցները, որոնք նախատեսված էր ունենալ պայմանագրով, կամ այդպես էլ իրականություն չեն դարձել, կամ գործում են սիմվոլիկ, կամ համարյա չեն գործում, սահմանված նպատակներն ամբողջովին չեն իրականացել, այդ նպատակները նաեւ սահմանված են մի շարք երկկողմ եւ բազմակողմ  համաձայնագրերում, ու այն (նկատի ունի Միութենական պետությունը,- հեղ․) կարելի է համարել ավելի շատ հռչակագիր, քան իրականում գործող վերպետական մարմին»,- ասում է Սուքիասյանը։ Հարցին, թե Միութենական պետության ստեղծման մասին Պայմանագրում հատկապես որ դրույթներն են հուշում, որ այդ կառույցին միացող պետությունն այլեւս կորցնելու է ինքնուրույնությունը կամ վտանգի տակ է դրվելու այդ պետության ինքնիշխանությունը, Սուքիասյանը պատասխանում է՝ դիտարկելով երկու հարթություն՝ իրավական եւ քաղաքական․  «Եթե իրավական հարթության մեջ նայենք Պայմանագրի դրույթներին, չենք գտնի այնպիսիք, որոնք մասնակից կողմերից որեւէ մեկին լիովին զրկում են ինքնուրույնությունից․ սա կարելի է համեմատել երկու պետությունների միջեւ ռազմավարական դաշնակցության կամ համագործակցության մասին բարձր մակարդակի որեւէ պայմանագրի հետ, որով հանձնառություն են վերցնում մերձեցնել իրենց քաղաքականությունները գրեթե բոլոր ոլորտներում։ Բայց եթե գանք հարցի քաղաքական տեսանկյունին, ապա Միութենական պետությունը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ որպես գործոն է օգտագործվում Բելառուսի հետ հարաբերություններում՝ այդ երկրի վրա առավել մեծ ազդեցություն ունենալու համար, եւ այս հարթությունում է, որ պետք է դիտարկել Հայաստանի ինքնիշխանության հարցը:»,- ամփոփում է Սուքիասյանը։   *Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի եւ ինտեգրացիոն դեկրետի թարգմանությունը լրագրողական է Հայարփի Բաղդասարյան
17:20 - 31 հունվարի, 2023
ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։ Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համակագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում: Ընդգծվել է հատկապես 2022-2026թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության հարթակների մշակման գործընթացում ցուցաբերած աջակցության կարևորությունը, ինչպես նաև   Երևանում ՀՀ պետական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ  մեկնարկած «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի նպատակն է ԵՄ և առաջավոր այլ երկրների փորձի հիման վրա ձևավորել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի առավել արդյունավետ ինստիտուցիոնալ հիմքեր: Դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին նշանակման կապակցությամբ և բարձր գնահատել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև դրական գնահատել հասարակական կազմակերպությունների և նախարարության միջև կառուցողական համագործակցության արդյունքները: Դեսպան Վիկտորինն ընդգծել է նաև ԵՄ Բյուջետային աջակցության համաձայնագրի կարևորությունը և հույս հայտնել, որ համատեղ փոխգործակցությունը կշարունակվի բաց, թափանցիկ և արդյունավետ ճանապարհով:  Դեսպանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացման  համար ԵՄ-ն արդեն իսկ տրամադրել է  ֆինանսական աջակցություն, որը շարունակական է լինելու: Նախարարը կարևորել է  Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում պետական բյուջեի և ԵՄ դրամաշնորհի համատեղ միջոցներով ձեռքբերված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ էլեկտրոնային հսկողության համակարգի ձեռքբերումը, որը միտված է թեթևացնելու քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակը: Նախարարն իր խոսքում նշել է, որ սարքավորումներն արդեն սկսել են կիրառվել: Երկուստեք կարևորվել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ի կողմից ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես՝ Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում կատարված աշխատանքը: Եվրոպական միությունը՝ ԵՄ/ԵԽ-ի Գործընկերություն հանուն լավ կառավարման (PGG) ծրագրի շրջանակներում «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի համատեքստում կազմակերպել է քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի վերաբերյալ միջազգային փորձագետների կարծիքի ներկայացումը, ազգային փորձագետների կողմից օրենսգրքերի ուղեցույցների մշակումը, նոր օրենսգրքերի կապակցությամբ ամիսներ շարունակ վերապատրաստումների իրականացումը և այլն: Կողմերն անդրադարձել են նաև  երկուստեք հետաքրքրություն առաջացնող մի շարք թեմաների:
17:20 - 31 հունվարի, 2023
ԵՄ դիտորդական առաքելությունը հնարավորություն է նվազագույնի հասցնելու նոր մարտերը․ Միջազգային ճգնաժամային խումբ
 |civilnet.am|

ԵՄ դիտորդական առաքելությունը հնարավորություն է նվազագույնի հասցնելու նոր մարտերը․ Միջազգային ճգնաժամային խումբ |civilnet.am|

civilnet.am: Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբ հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել «Կանխելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը» (Averting a New War between Armenia and Azerbaijan) վերնագրով։ Զեկույցը զգուշացնում է նոր բախման մեծ հավանականության մասին և առաջարկություններ ներկայացնում, թե ինչ պետք է անել դա կանխելու համար։ 2022-ի կեսերին ԵՄ-ն և ԱՄՆ-ն առաջարկել էին Բաքվին, որ նա կարող է հաղթահարել փակուղին Ստեփանակերտի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանը նշել է, որ, չնայած վերապահումներին, կքննարկի այս տարբերակը, թեև հաշվի առնելով շրջափակումը, այդ ուղղությամբ որևէ առաջընթաց չի գրանցվել։ Զեկույցի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձնում Հայաստանում տեղակայվելիք ԵՄ դիտորդական առաքելությանը և հիշեցնում, որ ԵԱՀԿ դիտորդներ ուղարկելու առաջարկությունը չստացավ Բաքվի հավանությունը։ ԵԱՀԿ-ի ավելի երկարաժամկետ առաքելության գաղափարը աջակցություն ստացավ հատկապես ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: Քանի որ ԵԱՀԿ-ն միավորում է եվրոպական բոլոր հիմնական դերակատարներին, ֆրանսիացի պաշտոնյաները Ճգնաժամային խմբին ասել են, որ իրենք տեսնում են ԵԱՀԿ-ի ավելի մեծ դերը որպես միջոց՝ խուսափելու արևմտյան պետությունների և Մոսկվայի միջև լարվածությունից, որը կարող է առաջացնել ԵՄ առաքելությունը: Ֆրանսիացի մի դիվանագետ նշել է, որ եթե Մոսկվան ծուռ նայի ԵՄ առաքելությանը, ապա դրանից Հայաստանը կտուժի։ Նոր մարտերի դեպքում, ըստ դիվանագետի, «թույլ Հայաստանը ստիպված կլինի միայնակ դիմակայել, որովհետև մենք չենք կարողանա [պաշտպանել նրան]»: ԱՄՆ պաշտոնյաները, իրենց հերթին, ուղիներ էին փնտրում ապահովելու լայն միջազգային ներգրավվածություն՝ միաժամանակ խուսափելով իրենց երկրի անմիջական դերից: «Գետնի վրա [ԱՄՆ-ի] կոշիկներ չեն լինի»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: Զեկույցում նշվում է, որ ԵՄ դիվանագետները նախնական բանակցություններ էին սկսել ադրբեջանցի պաշտոնյաների հետ, սակայն դրանք խաթարվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված ճգնաժամի պատճառով։ «Ակնկալվում է, որ մենք ճնշում կգործադրենք Բաքվի վրա Լաչինի ճանապարհի ճգնաժամը լուծելու համար, բայց դա մեզ համար ավելի կդժվարացնի մեղմացնել Բաքվի դիրքորոշումը առաքելության շուրջ բանակցություններում»,- Ճգնաժամյին խմբին ասել է բանակցություններում ներգրավված ԵՄ դիվանագետը: Ըստ զեկույցի՝ թեև ԵՄ դիվանագետները առաջարկվող առաքելության շուրջ ձգտում էին ստանալ տարածաշրջանային առաջնորդների հավանությունը՝ ԵՄ պաշտոնյաներն իրենց հերթին աշխատում էին հաղթահարել դրա շուրջ վերապահումները Բրյուսելում: Եվրոպացի որոշ պաշտոնյաներ Ճգնաժամային խմբին ասել են, թե կարծում են, որ ԵՄ-ն պետք է իր ռեսուրսները կենտրոնացնի Ուկրաինայի պատերազմի վրա, այլ ոչ թե այլուր: Մյուսներն էլ հարց էին տալիս, թե արդյոք ԵՄ-ն պետք է դիտորդներ տեղակայի Հայաստանում՝ մի երկիր, որը ՀԱՊԿ-ի միջոցով ռազմական դաշնակիցն է Ռուսաստանի, որը տեսականորեն պետք է պատասխանատվություն կրի նրա անվտանգության համար: Ճգնաժամային խմբին մի դիվանագետ ասել է․ «Եթե մենք առաքելություն ուղարկենք միայն հայկական կողմին՝ առանց Բաքվի համաձայնության, դա կարող է սխալ տպավորություն ստեղծել… Բաքուն կարող է դա համարել, թե ԵՄ-ն դեմ է իրեն»: Ոմանք էլ անհանգստացած էին, որ էներգակիրների խոշոր արտահանող Ադրբեջանի օտարումը կազդի իրենց տնտեսական շահերի վրա: 2022-ի վերջին Հայաստանը կապ է հաստատել ԵՄ-ում Բաքվի խոշորագույն առևտրային գործընկերների, մասնավորապես՝ Հունգարիայի, Իտալիայի և Ռումինիայի հետ՝ քննարկելու ԵՄ դիտորդական առաքելությունը: Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները զգուշացնում են, որ թեև Հայաստանն ու Ադրբեջանը մի շարք հարցերի շուրջ լուրջ առճակատման մեջ են՝ սեպտեմբերյան մարտերը սահմանի երկայնքով և բուն Հայաստանի տարածքում մեծացրել են այստեղ ռազմական գործողությունների բռնկման վտանգը: Զեկույցը նշում է, որ եթե անգամ մեծածավալ պատերազմ չլինի, նոր մարտերը, բացի թշվառությունից, այլ բան չեն բերի տարածաշրջանի բնակիչներին և էլ ավելի կվատթարացնեն քաղաքական մթնոլորտը Եվրասիայում, որն առանց այդ էլ բավական վատ է Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով: Բայց քանի որ բանակցությունները երերուն են, և դիվանագիտությունը բարդանում է Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող ճգնաժամի պատճառով, հակամարտող կողմերի հարևանները պետք է լրացուցիչ ջանք և եռանդ ներդնեն՝ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը կառավարելու համար: Հունվարի 23-ին ԵՄ երկամյա առաքելության մասին հայտարարությունը համարձակ և ողջունելի քայլ էր: ԵՄ անդամ պետությունների կոնսենսուսի ձևավորումը պահանջում էր որոշակի մանևրումներ Բրյուսելում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի պաշտոնական դաշինքը և Ադրբեջանին օտարելու մտահոգությունը մի ժամանակ, երբ նրա էներգետիկ ռեսուրսները մեծ պահանջարկ ունեն ամբողջ Եվրոպայում: Այդուհանդերձ, ծախսերն ու ռիսկերը կառավարելի են թվում և արժե դրանք ստանձնելը․ ԵՄ առաքելությունը, ըստ երևույթին, լավագույն հնարավորությունն է նվազագույնի հասցնելու սեպտեմբերյան մարտերի կրկնությունը կամ ընդլայնման ռիսկը: Այժմ Բրյուսելն ու նրա գործընկերները պետք է առավելագույնս օգտագործեն իրենց իսկ իջեցրած հանձնարարականը: ԵՄ-ին անհրաժեշտ կլինի բոլոր հնարավոր ուղիներով շահի Բաքվի համաձայնությունը և թույլտվություն ստանալ սահմանի ադրբեջանական կողմում ևս դիտորդներ տեղակայելու: Այն պետք է աշխատանքային պայմանավորվածություններ հաստատի ռուս սահմանապահների հետ՝ օրինակ վերցնելով այլ դեպքերը, երբ ԵՄ դիտորդները և ռուս անձնակազմը սերտ աշխատում են: Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:59 - 31 հունվարի, 2023
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին
 |armenpress.am|

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. Ժոզեպ Բորելը պատասխանել է ԵԽ պատգամավորի հարցերին |armenpress.am|

armenpress.am: 2022 թ. դեկտեմբերի սկզբից Եվրոպական Միությունն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը մշտական կապի մեջ է երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ: Կողմերի հետ սերտ կապի մեջ է նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի պատգամավոր Ասսիտա Կանկոյի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ պաշտոնական հարցմանը Ժոզեպ Բորելի պատասխանում: «ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող իր պարտավորությունների», - նշված է փաստաթղթում: Ժոզեպ Բորելը հիշեցնում է, որ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում երկու ամսով տեղակայվել էր ԵՄ առաքելություն, որն իր գործունեությունն ավարտել էր 2022 թ. դեկտեմբերի 19-ին:  Անդրադարձ է կատարվում նաև ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայմանը: «ԵՄ-ն սկսել է ներգրավվածության նոր փուլ՝ որոշելով, ի պատասխան Հայաստանի դիմումի, Հայաստանում տեղակայել Եվրոպական Միության քաղաքացիական առաքելություն՝ Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ամրապնդմանը և պայմաններ ապահովել, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնց աջակցում է ԵՄ-ն», - ասված է փաստաթղթում: Բորելը նաև անդրադարձել է ԵԽ պատգամավորի հարցման մեջ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ սահմանափակող միջոցների կիրառման վերաբերյալ հարցին: «Պատժամիջոցները ԵՄ-ի ընդամենը մեկ գործիք են Արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականության նպատակներն առաջ մղելու համար, և այս դեպքում դրանք չեն դիտարկվում: Հայաստանի և Ադրբեջանի հետ ԵՄ-ի ջանքերը կենտրոնացած են երկխոսության միջոցով լուծումների հասնելու վրա, ինչին երկու երկրների ղեկավարներն էլ հայտնել են իրենց հանձնառությունը», - եզրափակել է Ժոզեպ Բորելը։
13:56 - 31 հունվարի, 2023
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ  բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում էր իր գազային պաշարները եվրոպական շուկաներ հասցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական azertag.az-ը։ «Արդյունքում երկու տարի առաջ իրականացվեց Հարավային գազային միջանցքը։ Անցյալ տարի Եվրահանձնաժողովի հետ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ մենք նախատեսում ենք կրկնապատկել գազի մատակարարումը, գուցե նույնիսկ ավելին։ Դրա համար կան ռեսուրսներ, կա քաղաքական կամք, և կան շփումներ մեր գործընկերների հետ», - ասել է երկրի նախագահը։  Ալիևը նշել է, որ ադրբեջանական գազը Բուլղարիա կհասցվի, այնտեղից Հունգարիա, իսկ Հունգարիայից՝ եվրոպական այլ երկրներ․ «Մենք սա էլ ենք քննարկել։ Հունգարիան լինելու է ոչ միայն ադրբեջանական գազի սպառող, այլ նաև ադրբեջանական գազի տարանցիկ երկիր դեպի եվրոպական այլ երկրներ», - նշել է նա։ Ալիևը հայտարարել է նաև, թե Ադրբեջանի նավթագազային հարուստ պաշարները թույլ են տալիս երկար տարիներ՝ առնվազն հարյուր տարի, լինել Եվրոպայի համար հուսալի գործընկեր բնական գազի ոլորտում։
23:42 - 30 հունվարի, 2023
Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը չի պնդել, որ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն

Ըստ Ռուբինյանի՝ Հայաստանը չի պնդել, որ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն

Ես կարող եմ մեկնաբանել մեր դիրքորոշումը։ Եթե հստակեցնելու բաներ կան, պետք է իրենց դիմել։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է․ ՀՀ-ն ունի անվտանգային խնդիրներ, անվտանգային բացեր, որոնք երևացել են, այդ թվում՝ վերջին ամիսների ընթացքում հայտնի իրադարձությունների ժամանակ, և այդ խնդիրները փորձում է լուծել իրեն հասու մեթոդներով՝ համագործակցելով բոլոր ուժերի հետ, և այդ համագործակցությունը չենք անում մեկի հետ՝ ի հեճուկս մյուսի։ Մենք ունենք խնդիր մեր տարածքային ամբողջականության պաշտպանության։ Մենք բնականաբար չենք խորշելու ցանկացած մեթոդ օգտագործելու մեր տարածքային ամբողջականությունը, մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար։ Եվ դա մեր իրավունքն է»,- նշեց Ռուբինյանը։ Հարցին, որ ՌԴ-ն ուրիշ կերպ է ընկալում Հայաստանի գործողությունները, մե՞ր թերացումն է, թե՞ իրենք են էդպես ընկալում, Ռուբինյանը պատասխանեց՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին ու նշելով, որ ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, և որի գոյության համար մեկ իմաստը իր անդամների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է, սեպտեմբերյան դեպքերից հետո չի ֆիքսել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքն օկուպացվել է, ու որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա․ «Սա է Ձեր հարցի պատասխանը»։ Լրագրողը հիշեցրեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Երևանում ՀԱՊԿ-ի հայտարարությունը չհաջողվեց ընդունել, որովհետև հայ գործընկերները պնդում էին, որ դրանում լինի սուր դատապարտություն՝ ուղղված Ադրբեջանին։ Դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակը նշեց․ «Հայաստանը չի պնդել, որ Ադրբեջանի նկատմամբ կոշտ գնահատականներ հնչեն, Հայաստանը պնդել է, որ ֆիքսվի իրողությունը։ Իսկ իրողությունը հետևյալն է եղել․ սեպտեմբերյան հարձակման ընթացքում Ադրբեջանը հարձակվել է ՀՀ վրա, ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, հարվածներ է հասցրել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ կիլոմետրեր խորությամբ։ Եվ մենք ակնկալել ու ակնկալում ենք, որ այս փաստը մեր դաշնակիցները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ը, ֆիքսեն։ Սա մինիմումն է, որ ակնկալվել է, և այդ մինիմումը մինչ այս պահը բավարարված չէ»։ Անդրադառնալով նաև Լավրովի մյուս հայտարարությանը, որ չնայած նրան, որ ՀԱՊԿ-ի առաքելությունը պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, Ռուբինյանն ասաց, որ խնդիրը ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկելու կամ չուղարկելու մեջ է, այլ թե այդ դիտորդները ինչը պետք է դիտեն։ «Մենք պնդում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում հարձակում է տեղի ունեցել, ՀԱՊԿ-ը մինչ այս պահը հրաժարվել է ֆիքսել, որ ընդհանրապես կա Հայաստան-Ադրբեջան սահման, որից այս կողմ հարձակում է տեղի ունեցել։ Մեր պահանջը հենց դա է եղել, որ դա ֆիքսվի, որովհետև եթե դա չի ֆիքսվում, հարց է առաջանում՝ եթե ՀԱՊԿ-ը չի ֆիքսում, որ կա հստակ Հայաստան-Ադրբեջան սահման, ապա ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Սա է հարցը, ոչ թե ՀԱՊԿ-ի դիտորդ ուղարկել-չուղարկելու մեջ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ 
14:20 - 28 հունվարի, 2023
Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

Ինձ չի թվում՝ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ Սասուն Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման 31-ամյակին, այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից արգելափակմանը։ Սասուն Միքայելյանը հայտնեց, որ իրեն չի թվում, որ Լաչինի միջանցքը առանց ռուսների է փակվել․ «Սա քաղաքականություն է, որ հեռու է տանում, դրա համար մենք պետք է համախմբված լինենք, հասկանանք՝ ապագայում ինչ է կատարվում»։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է առանց պատերազմի բացել միջանցքը, Միքայելյանը նշեց, որ միայն եթե դիվանագիտական դաշտում կարողանան լուրջ գործողություններ անել։ Անդրադառնալով ԵՄ առաքելության՝ երկու տարով Հայաստանում տեղակայմանը՝ նա ասաց․ «Կարևոր եմ համարում, որ ուրիշ խաղաղապահներ էլ մտնեն, որովհետև էս խաղաղապահները (Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը՝ խմբ․) միակողմանի գործողություններ են կատարում՝ ի վնաս մեզ»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հրապարակվում է տեղեկագիր, որում նշվում է, որ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։ Այս հայտարարությանն էլ ի պատասխան՝ ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն նշել է, որ Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ 
12:17 - 28 հունվարի, 2023
Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը. Ստանո
 |azatutyun.am|

Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը. Ստանո |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում, հայտարարել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն: «Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ», - ասել է նա՝ անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայման մասին ՌԴ արձագանքին: Հունվարի 23-ին կայացած հանդիպման ժամանակ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Ակնկալվում է, որ առաքելության մանդատը կլինի երկու տարի, նրա օպերատիվ շտաբը կգտնվի Հայաստանում։ Կոշտ արձագանքելով Հայաստանի սահմանամերձ շրջաններ Եվրամիության դիտորդական առաքելություն ստեղծելու Բրյուսելի որոշմանը՝ Մոսկվան հայտարարել է՝ Եվրամիության ներկայացուցիչները կարող են «միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։
21:12 - 27 հունվարի, 2023
Կլինեն ինչ-որ գործողություններ, կլինեն պատասխաններ․ Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղպահները կարձագանքեն ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն |factor.am|

Կլինեն ինչ-որ գործողություններ, կլինեն պատասխաններ․ Զախարովան հայտարարել է, որ ռուս խաղաղպահները կարձագանքեն ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀՀ սահմանային շրջաններում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հայտնվելուն կարձագանքեն ռուս խաղաղապահները։Լրագրողի այն հարցին, թե ինչ է նշանակում սա, ինչպիսին կլինի ռուս խաղաղապահների արձագանքը, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նախ կոպտորեն ընդհատում է հայ լրգարողին, իսկ այնուհետև հայտարարում, թե կլինեն գործողություններ, կլինի արձագանք։ «Կլինեն գործողություններ, կլինեն արձագանքներ։ Չեն լինի գործողություններ, չի լինի արձագանք։ Ամեն ինչ շատ պարզ է։ Իսկ ֆանտազիաների տրվել, պետք չէ»,- հայտարարել է Զախարովան։ Երբ հայազգի լրագրողը փորձել է տալ Լաչինի միջանցքին վերաբերող իր հարցը,  Զախարովան, հերթական անգամ ընդհատել է՝ չթողնելով անգամ հնչեցնել հարցը։ «Պետք չէ, պետք չէ։ Ես այդ մասին արդեն ամեն ինչ ասացի»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը՝ հրաժարվելով պատասխանել հայազգի լրագրողի հարցին։ Ավելի մանրամասն` factor.am-ում։ 
18:36 - 27 հունվարի, 2023
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խանդի տեսարան․ Վիգեն Խաչատրյան
 |azatutyun.am|

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խանդի տեսարան․ Վիգեն Խաչատրյան |azatutyun.am|

azatutyun.am:  Արևմուտքի ու Հայաստանի հասցեին քննադատական ձևակերպումներով Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խանդի տեսարան, վստահ է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը. «Ավելի շատ այդ տեքսը խանդի տեսարան է, քան բովանդակային որևէ պարունակություն ունի», - ասաց Խաչատրյանը։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ «այն կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։ «Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում»,- ասված էր հաղորդագրությունում։ Մոսկվան համոզված է՝ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։  Իշխանական պատգամավորը կարծում է՝ ռուսական կողմը պարզապես իր անգործությունն է փորձում արդարացնել. «Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը բոլոր հնարավորությունն ունեն իրենց առաքելությունը կատարելու և վաղուց կարող էին ինչ-որ պետք է անեին ու ոչինչ չեն արել։ Եթե իրենք իրենց պարտականությունները կատարեին, նման խնդիր չէր առաջանա ընդհանրապես», - ասաց Խաչատրյանը։ Արտգործնախարարությունը նաև նշել էր, որ «ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը»։ Պաշտոնական Մոսկվան արձանագրում է, որ «Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի»: «Ընդհանրապես կոռեկտ չի, որ իրենք փորձում են մեր արտաքին քաղաքականությանը գնահատականներ տալ, դա ես համարում եմ ոչ դիվանագիտական լեզու», - ասաց իշխանական պատգամավորը։ Նշենք, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը դեռևս չի արձագանքել ՌԴ ԱԳՆ հայտարարությանը։
11:39 - 27 հունվարի, 2023
«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում»․ կայացել է ՀՀ ու ԵՄ միջև քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը

«ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում»․ կայացել է ՀՀ ու ԵՄ միջև քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը

2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Մեկօրյա հանդիպումն արտացոլում է երկու կողմերի շահագրգռվածությունը՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը և արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում համագործակցությունը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաջորդ կարևոր քայլ։ Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Եվրոպական միության և ավելի լայն տարածաշրջանի համար առկա առանցքային անվտանգային հարցերին, մասնավորապես եվրոպական անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի արգելափակման հետ կապված աճող մարդասիրական մտահոգություններին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալելու ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը, որը կարևոր ձևաչափ է միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկման համար։ Հայաստանի միջազգային սահմանների մշտադիտարկման գործում Հայաստանն ակնկալում է Հայաստանում ԵՄ առաքելության հետ ամուր համագործակցություն։ Հայաստանն արժևորում է բոլոր միջնորդական և խթանման գործողությունները՝ ուղղված խաղաղության ու անվտանգության հաստատմանը, ինչն էական է Հայաստանի տարածքային ամբողջականության, Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»։ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան նշել է. «ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ Ընդամենն օրեր առաջ մենք հաստատել ենք ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստանում, որի նպատակը տեղում կայունության ամրապնդմանը, մարդկային անվտանգությանը և վստահության ձևավորմանը նպաստելն է։ Այսօր մեկնարկած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստն արտահայտում է արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերում համագործակցությունն ընդլայնելու մեր փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը աշխատել միասին՝ ի շահ խաղաղության, անվտանգության ու կայունության, հատկապես ներկայիս՝ մարտահրավերներով լի միջազգային համատեքստում, որը բնորոշվում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատերազմով»: Հանդիպման ընթացքում Հայաստանը և Եվրոպական միությունը հաստատել են հանձնառությունը՝ աշխատելու հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների։ Այս համատեքստում կողմերը քննարկել են այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայումը։ Հայաստանում ԵՄ առաքելությունն իր գործունեության և ԵՄ ղեկավարությանը ներկայացվելիք զեկույցների միջոցով կնպաստի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորությամբ իրականացվող ջանքերին: Մտքերի համապարփակ փոխանակման ընթացքում երկխոսության մասնակիցները նաև քննարկել են ավելի լայն տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգային այլ խնդիրներին առնչվող հարցեր։ ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստերը նախատեսվում է անցկացնել պարբերաբար՝ ամենամյա սկզբունքով:
11:06 - 27 հունվարի, 2023
Ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը․ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ստեղծման մասին, որում նշվում է․  «Հունվարի 23-ին ԵՄ Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկու տարի ժամկետով Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն հիմնելու մասին։ ԵՄ ներկայության հստակ չափորոշիչները կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն լինելու է ավելի մասշտաբային, քան ԵՄ մոնիթորինգային մեխանիզմը, որը գործում էր Հայաստանում անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրագրման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Ոչ մի «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին ԵՄ «փորձագետների» դիտարկումից։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասի խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։ Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածնվել է որպես ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ելունդ և ԱՊՀ տարածքում առճակատմանն ուղված քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորության մեջ գցի. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։  Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։ Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվի ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում շահագրգռվածությունը, ապա այդ առաքելությունը կարող է օպերատիվ ծավալվել Հայաստանում։ Ինչպես և նախկինում կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ընդհանրապես տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ և հետևողական իրականացումն է, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի չափորոշիչների համաձայնեցման, հանրության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների մասով եռակողմ շփումների զարգացման մասին: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում նախնական կտեղակայվի երկու տարով, կառավարման շտաբը կգործի Հայաստանում: Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Թոմաթը:  Հիշեցնենք նաև, որ միչ այդ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործարկումը մեկնարկեց 2022 թվականի հոկտեմբերի 20-ին և ավարտեց 2022 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը համահունչ:  
18:09 - 26 հունվարի, 2023
ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին

ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին

Հունվարի 25-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության և ԱՄՆ դեսպանատան պատվիրակություններին՝ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորությամբ։Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել Եվրամիության պատվիրակության և ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։Նա մատնանշել է իրականացվող մի շարք բարեփոխումներ, որոնց իրականացմանն օժանդանելու համար շնորհակալություն հայտնեց հյուրերին։ Ներքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը, որն ուղղված է ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, հարգանքի արժանի և պրոֆեսիոնալ ծառայություններ ունենալուն։Հյուրերը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել են Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է իրականացված աշխատանքները, որոնք ընդգրկում են ինչպես ոստիկանության, այնպես էլ փրկարար և միգրացիոն ծառայությունները։ Այս ուղղությամբ կարևորվել է հատկապես ԵՄ ԹԱՅԵՔՍ ծրագիրը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը ներկայացրել է դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի և ICITAP-ի կողմից կատարված աշխատանքները։ Կարևորվել է հատկապես պարեկային ծառայության ստեղծման և կայացման ուղղությամբ համագործակցությունը։Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանն ու Դավիթ Համբարյանը հյուրերին մանրամասնել են նախարարության կազմավորման և իրենց համակարգման ոլորտներում կատարվող աշխատանքները։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին գործերի նախարարություն և քաղաքացիական հասարակություն կապին ու համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարարը ընդգծելով քաղհասարակության հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն է հայտնել շարունակել այն։Քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին, բարեփոխումների շարունակականությանը, ծառայություններում կանանց ներգրավվածությանը, Ազգային գվարդիայի կազմավորմանը, կրթական միջավայրի բարելավմանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
20:30 - 25 հունվարի, 2023