Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Միրզոյանը Վիլեգասին է ներկայացրել Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Վիլեգասին է ներկայացրել Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասին։ Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նախագահի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորումին մասնակցությունը՝ բարձր գնահատելով վերջինիս ներդրումը մարդու իրավունքերի պաշտպանության գործում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, ամենաակտիվ կերպով ներգրավված է ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են վերջին երեք տարիներին Հայաստանի՝ ՄԻԽ-ում ծավալած գործունեությանը, ինչպես նաև գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ համագործակցությունը, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բնականոն գործունեության խափանմանն ուղղված քայլերի արդյունքում ստեղծված իրավիճակը և դրանից բխող վտանգները: Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանն ուղղված մոտեցումները տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարող հիմնական գործոններն են:
18:30 - 12 դեկտեմբերի, 2022
Տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգի․ Արարատ Միրզոյանը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգի․ Արարատ Միրզոյանը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցության կապակցությամբ, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը: Այս առումով կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։ Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն մտքեր են փոխանակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի վերաբերյալ, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում: Ընդգծվել է ֆորումի անցկացման կարևորությունը` հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դա Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է: Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Բանակցություններն առայժմ շարունակվում են: Ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:  Հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։
17:37 - 12 դեկտեմբերի, 2022
Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչի հետևանքով տեղի ունեցան մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ: Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հայ ժողովուրդն առերեսվեց անվտանգային նոր սպառնալիքների, որոնք մինչ այս պահը վերացված չեն: Այս իրավիճակը երկարատև գործընթացի արդյունք է, երբ տարիներ շարունակ հայերի հանդեպ իրականացվող ծայրահեղ ատելության տարածումը, ռազմական կարողությունների հետևողական զարգացումը ի վերջո վերածվեցին ուժի կիրառման: Ուժի կիրառմամբ արտաքին քաղաքական խնդիրների լուծման մոտեցումը, որը դրսևորվում է աշխարհի տարբեր անկյուններում, նոր պատերազմների և հակամարտությունների բռնկմամբ, վկայում է համաշխարհային անվտանգային համակարգի ճգնաժամի մասին: Ակնհայտ է, որ ուժը միշտ էլ եղել է միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, սակայն որևէ միջազգային համակարգ չի կարող հիմնված լինել բացառապես «Ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, քանզի, ինչպես գիտենք, ուժեղից միշտ էլ առավել ուժեղը կա, հարատև պատերազմն անգամ չի կարող արձանագրել ուժերի վերջնական, ճշգրիտ հավասարակշռություն»,- ասաց Միրզոյանը: Միրզոյանը շեշտեց, որ ինչպես առանձին մարդը, այնպես էլ առանձին ժողովուրդն ունի կյանքի, անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք:
12:15 - 12 դեկտեմբերի, 2022
Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը

 |armenpress.am|

Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը |armenpress.am|

armenpress.am: Մատենադարանում դեկտեմբերի 12-ին մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը, որը  նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Ֆորումը կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին։ Միջոցառումը կազմակերպվում է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի աջակցությամբ և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի և Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հետ սերտ համագործակցությամբ: 4-րդ Գլոբալ ֆորումը նաև նվիրված է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունմանը և Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան, որը նշվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ին, ինչպես սահմանված է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 2015 թվականի սեպտեմբերի 11-ի  69/323 թվակիր  բանաձևում։ Բանաձևը նախաձեռնել էր Հայաստանը՝ հիմնվելով իր իսկ հեղինակած Ցեղասպանության կանխարգելման մասին Բանաձևի վրա, որը միաձայն ընդունվել է ՄԱԿ–ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2015 թվականին։ Ֆորումի լիագումար նիստի բացմանը ելույթով հանես կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն և այլ միջոցառման բարձրաստիճան հյուրերն ու պաշտոնյաները: Նիստը նվիրված է ցեղասպանության կանխարգելմանը միտված միջազգային գործունեության, հաշվետվողականության ապահովմանն ուղղված ջանքերի ամրապնդման, այս ոլորտում վերջին իրադարձությունների և գլոբալ մակարդակով գործողությունների քննարկմանը: Նիստի նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարող են միջազգային դերակատարները, կառավարությունները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հասանելիության աննախադեպ աճի պայմաններում օգտագործել վերջիններս և դրանցից ստացված տվյալները ցեղասպանությունն արդյունավետ կանխելու համար։ Լիագումար նիստին կհաջորդեն թեմատիկ քննարկումները։ Առաջին թեմատիկ քննարկումը տեղի կունենա «Նոր տեխնոլոգիաների չարարկումը և ցեղասպանության վտանգը» թեմայով։ Թեմատիկ քննարկման ընթացքում կքննարկվեն անվտանգային այն ռիսկերը, որոնք կարող են առաջ գալ նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության օգտագործման հետևանքով ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների իրագործման համար: Անվտանգային ռիսկերը կարող են ներառել գաղտնի տվյալների անպատեհ օգտագործում, էթիկայի հարցեր, կիբեռհանցագործություններ և ռազմական գործողություններ։ Երկրորդ թեմատիկ քննարկումը նվիրված կլինի «Սոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. կանխարգելիչ միջոցառումներ» թեմային։ Նիստի ընթացքում կքննարկվի սոցիալական մեդիայի դերը ատելության խոսքի տարածման, պատերազմի քարոզչության, ահաբեկիչների հավաքագրման, բռնության հրահրման ռիսկերի համատեքստում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և անհատների դերին ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման դեմ պայքարում, ինչպես նաև առցանց խաղաղասիրական և ներառական խոսույթի խթանման գործում։ Թեմատիկ քննարկմանը ներկա կլինեն տեխնոլոգիական  ընկերությունների ղեկավարները, գիտնականները, պետությունների և կառավարությունների ներկայացուցիչները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների փորձագետները։ Դեկտեմբերի 13-ի առաջին քննարկումը նվիրված կլինի «Նոր տեխնոլոգիաները և մշակութային ժառանգության պաշտպանությունը ցեղասպանության կանխարգելման և հետցեղասպանական վերականգնման համատեքստում» թեմային։  Նիստի ընթացքում կքննարկվեն մշակութային ժառանգության և կրոնական վայրերի միտումնավոր ոչնչացման օրինակներ՝ ուղղված կոնկրետ թիրախային խմբի պատմությունը ոչնչացնելուն, նրա ինքնությունը խաթարելուն և ջնջելուն: Այն կանդրադառնա կրոնական և էթնիկ խմբերի մշակութային ժառանգության պաշտպանության, պահպանման և վերականգնման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման խնդրին և դրանց՝ միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդման, խաղաղաշինության գործընթացների խթանման և հետցեղասպանական հաշտեցման նախաձեռնությունների հարցում ունեցած դերին։ Միջոցառմանը ներկա կլինեն մարդու իրավունքների մասնագետներ, ցեղասպանագետներ, մշակույթի ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, առաջատար համալսարանների, միջազգային կազմակերպությունների և կառավարությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Երկրորդ թեմատիկ քննարկումը կվերաբերվի «Սոցիալական հարթակները որպես ատելության տարածման գործիք. Կանխարգելիչ միջոցառումներ» թեմային։ Նիստի ընթացքում կքննարկվի սոցիալական մեդիայի դերը ատելության խոսքի տարածման, պատերազմի քարոզչության, ահաբեկիչների հավաքագրման, բռնության հրահրման ռիսկերի համատեքստում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և անհատների դերին ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման դեմ պայքարում, ինչպես նաև առցանց խաղաղասիրական և ներառական խոսույթի խթանման գործում։ Ֆորումը կեզրափակվի Համատեղ գործողությունների մասին Հռչակագրի ընդունմամբ՝ առաջադեմ տեխնոլոգիաների ներուժը ցեղասպանության և այլ դաժան հանցագործությունների վաղ նախազգուշացման և կանխարգելման համար օգտագործելու, ինչպես նաև դրանց չարարկման դեմ պայքարելու վերաբերյալ:
10:39 - 12 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Ընդգծվել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության ու սահմանազատման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:Ընդգծելով Հայաստանի կողմից ներդրվող ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ՝ նախարար Միրզոյանը նշել է, որ անվտանգային իրավիճակը տարածաշրջանում փխրուն է, իսկ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել:
18:51 - 09 դեկտեմբերի, 2022
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման: Զրուցակցիներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և կարևորել վերջինիս դերը:
17:29 - 08 դեկտեմբերի, 2022
ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև ՀՀ-ին ռազմատեխնիկական օգնության հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն է. ՀՀ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ շրջանակում դիտարկվել է նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, սակայն Հայաստանի համար առաջնայինը քաղաքական գնահատականն է, դաշնակիցների կողմից փաստի արձանագրումը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց, որ վերջերս Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը չի միացել մի շարք փաստաթղթերի, որոնք ուղարկվել են լրամշակման: Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է լրամշակման գործընթացը, և Հայաստանն արդյոք ակնկալիքներ ունի՞ այդ փաստաթղթերից: «Ակնկալիքը մեկն է՝ հստակորեն արձանագրել այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումը, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, այս փաստի արձանագրումը ու դրանից բխող գործողությունների ձեռնարկումը: ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը, պաշտպանել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց, եթե հարկ լինի՝ նաև ռազմական ճանապարհով: Եվ ահա մենք ակնկալում ենք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով կվերաբերվեն նաև ընդունվելիք որոշումներին, ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում և այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ այժմ աշխատանքները շարունակվում են: Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ՀԱՊԿ-ից օգնության ի՞նչ առաջարկ է եղել:   «Քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների, միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց, կրկնում եմ՝ մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականի հարցն է, մեր դաշնակիցների կողմից արձանագրումը, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այնուհետև կարող էինք դիտարկել նաև մնացած միջոցները՝ քաղաքական ճանապարհով հարցի հանգուցալուծում, այսինքն՝ ադրբեջանական զորերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական օգնություն, այլ միջոցառումներ»,- պարզաբանեց Միրզոյանը: Նախարարն ասաց, որ որոշումը չի ընդունվել, այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել՝ տեսնելու համար, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի:
19:07 - 07 դեկտեմբերի, 2022
Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան

 |armenpress.am|

Հայաստանը ԼՂ տարածքում չունի որևէ զինված կազմավորում. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում, Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է, քանի որ կա նրանց էթնիկ զտումների վտանգ: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Պատգամավորը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մեղադրանքների մասին, թե նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ամբողջովին չեն կատարվում: Ադրբեջանի ԱԳ նախարարը, մասնավորապես, մատնանշել է տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման խնդիրը՝ մեղադրելով Հայաստանին, խոսել է նաև ԼՂ տարածքում ՀՀ զինված ուժերի ներկայության մասին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքում չունի որևէ զինված կազմավորում: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ: Եվ այս միավորման, բանակի անվանումն ինքնին հուշում է այն մասին, որ այս բանակի առաքելությունը ԼՂ հայության ինքնապաշտպանությունն է: Եվ այս առաքելությունն այսօր առավել քան երբևէ պահանջված է: ԼՂ հայության վրա շարունակում են կրակել, նրանց ենթարկում են տարատեսակ ճնշումների: Երբ կվերանա ԼՂ հայության էթնիկ զտումների վտանգը, այն ժամանակ կարծում եմ, որ ԼՂ հայությունը կկարողանա քննարկել հնարավոր տարբեր այլ սցենարներ»,-ասաց Միրզոյանը: Անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ԱԳ նախարարն ասաց, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ցավոք, ոչ ամբողջությամբ են կյանքի կոչված: Խոսքն առաջին հերթին հայ ռազմագերիների և ապօրինաբար պահվող մյուս անձանց ազատ արձակման ձգձգումն է: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային, տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց. «Երեկ ենք հանդիպել աշխատանքային խմբի շրջանակներում: Աշխատանքները, քննարկումներն ընթանում են: Քննարկվող հարցերը բավականին բարդ են, բավականին բարդ շերտեր ու ենթաշերտեր կան, բայց աշխատանքներն ընթանում են»,- ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը հավաստիացրեց, որ բոլոր թեմաներով բոլոր հանդիպումներում հայկական կողմը դրսևորում է առավելագույն կառուցողականություն:  
17:57 - 07 դեկտեմբերի, 2022
Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. Միրզոյան

 |armenpress.am|

Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ չէ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ: Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին: «Խաղաղության կամ հարաբերությունների հաստատման կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են: Նոր խմբագրությամբ փաստաթուղթ է շրջանառվում: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև հենց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել ու ունենալ համատեղ արդյունք»,-ասաց Միրզոյանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առայժմ շարունակվում են: Կան միմյանց համար անընդունելի  հատվածներ, կան հատվածներ, որտեղ կողմերը կարող են միմյանց ընդառաջ քայլեր անել: Այս պահին մինչև տարեվերջ հանդիպում պլանավորված չէ ԱԳ նախարարների միջև: «Բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, մենք ակտիվ և կառուցողական ենք այս բանակցություններում: Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև նախապես այդպես էինք հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն է: Մեր մտադրությունը, մեծ հաշվով, ուժի մեջ է: Մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը»,-ասաց ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո:
17:42 - 07 դեկտեմբերի, 2022
Առաջիկայում կլսեք Հայաստանի և Հունգարիայի կողմից դեսպանների նշանակման մասին. Արարատ Միրզոյան
 |1lurer.am|

Առաջիկայում կլսեք Հայաստանի և Հունգարիայի կողմից դեսպանների նշանակման մասին. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին հարցին: «Առիթ ունեցել եմ ասելու, որ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին: Բայց այդ իրադարձությունները հիշելով՝ նաև հիշում ենք անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և 5 ազատ արձակվող գերիների հետ եկան Երևան: Մենք նաև չենք կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը քովիդի դեմ պայքարի շրջանակներում»,- ասաց Միրզոյանը: Նա նշեց, որ կան բազմաթիվ այլ օրինակներ, այդ թվում՝ ֆինանսական աջակցությունը Հայ Առաքելական Եկեղեցուն: Կա համագործակցություն նաև դպրոցների մակարդակում: «Առաջիկայում կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։  Հանդիպմանը կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև, ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ պետք է նշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առևտրի, մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Նշենք, որ 2012 թ․-ին Հայաստանը խզել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Ադրբեջանին ՝ չնայած նրան, որ Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի։ 
17:27 - 07 դեկտեմբերի, 2022
Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ մայրուղին փակելու ադրբեջանական սադրանքի մասին

 |armenpress.am|

Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրմանը. Միրզոյանը՝ մայրուղին փակելու ադրբեջանական սադրանքի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքին, երբ ադրբեջանցիները փակել էին Գորիս-Ստեփանակերտ մայրուղին՝ փաստացի շրջափակման մեջ թողնելով Արցախը: Միրզոյանն այս մասին խոսեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին: Միրզոյանն ընդգծեց, որ մայրուղու փակումը, Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Սակայն, նաև ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունների արդյունքում հարցն արագորեն հարթվել է: «Եվ ընդհանրապես կարծում եմ, որ կողմերը կարող են իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ կամ պահանջներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք ձեռքբերված են, արձանագրված ու ընդունված բոլոր կողմերի կողմից և հանրահայտ են: Անշուշտ, պետք է արձանագրենք, որ իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն, և ահա նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել միայն իրավիճակի սրացմանը՝ միտումնավոր, թե ոչ միտումնավոր, դա արդեն մեկնաբանությունների հարց է»,-ասաց ԱԳ նախարարը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ի վերջո ճանապարհը բացվել էր։  Ավելի ուշ ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվեց Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, թե Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ:  Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքեց Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը։ Արցախի անվտանգության խորհուրդն էլ հայտարարեց, որ «ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով»։
17:01 - 07 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լին Թրեյսին պարգևատրվել է ԱԳՆ պատվո մեդալով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:   Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով:   Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ:   Նշենք, որ Լին Թրեյսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Լին Թրեյսին արդեն աշխատել է Մոսկվայում 2014-ից 2017 թվականներին՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ։ Նա խոսում է ռուսերեն, և եթե նշանակվի, կլինի Ռուսաստանում ԱՄՆ առաջին կին դեսպանը:   Միևնույն ժամանակ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու է Ք. Քվիենը։   
16:31 - 07 դեկտեմբերի, 2022
Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի գործողություններն են. Միրզոյանը՝ Ռիքերի հետ հանդիպմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:   Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:   Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:
17:49 - 03 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին: Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր, միջազգային հարթակներում հայ-ռումինական փոխգործակցության մակարդակի բարձրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումներն անընդունելի են և հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:  Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները նաև անդրադարձ են կատարել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կողմից իրականացված աշխատանքներին: Բարձր է գնահատվել առաքելությունների գործունեությունը։       
16:11 - 02 դեկտեմբերի, 2022