Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ինքն ակնկալում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Խոսնակը չի նշել, թե ով է նշանակվելու Ֆիլիպ Ռիքերի պաշտոնում, որը կհեռանա պաշտոնցի վաղը՝ հունվարի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղարը այս թեմայի շրջանակում միայն հիշեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ուղիղ ներգրավվածություն ունեն պետքարտուղարն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ավելին անել՝ բացի զանգերից՝ կապված հայերի, վրացիների ու ադրբեջանցիների խնդիրների լուծման հետ, Փրայսն ասել է․ «Դե, այն, ինչ դուք մինչ օրս տեսել եք մեզանից, և՛ դեսպան Ռիքերի օրոք, և՛ նրա նախորդի օրոք, մենք համագործակցել ենք երկկողմ ձևաչափով: Մենք համագործակցել ենք համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն: Մենք համագործակցել ենք ԵԱՀԿ-ի նման միջազգային կազմակերպությունների հետ՝ հեշտացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծումներ գտնելու բոլոր այն հարցերի համար, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կամ բխում են դրանից: Մեր մոտեցումը չի փոխվելու։ Մեր մոտեցումը դյուրացումն է, որն օգնում է կողմերին կառուցողական ձևով միասին նստել և հասնել առաջընթացի իդեալականորեն, որն ի վերջո կհանգի համապարփակ, երկարաժամկետ լուծման»: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից եւ նշել, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը։
10:23 - 05 հունվարի, 2023
Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայցազրույց է տվել «Ազատություն ռադիոկայանին»։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հարց․ Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան․ Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն։ Հարց. Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։ Պատասխան. Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։ Հարց․ Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020թ.-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Պատասխան. Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները: Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ֊ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով»։
21:55 - 24 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:Նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
20:50 - 23 դեկտեմբերի, 2022
Տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող հարցերը Միրզոյանը քննարկել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ

Տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող հարցերը Միրզոյանը քննարկել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն։ Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում:
20:08 - 23 դեկտեմբերի, 2022
ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպել է Արցախի պատվիրակությանը

ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպել է Արցախի պատվիրակությանը

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները: Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
17:18 - 23 դեկտեմբերի, 2022
ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

ԱԳ նախարարի գլխավորությամբ դիվանագետները քննարկել են ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծմանը և Լաչինի միջանցքի արգելափակմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 20-21-ը Ջերմուկում ՀՀ ԱԳ նախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատանքային քննարկումը: Դեկտեմբերի 20-ին միջոցառման մասնակիցների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին և դրանց դիմագրավելու հնարավորություններին, խոսել առկա պայմաններում դիվանագետներից ունեցած ակնկալիքների մասին: Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին: Հաջորդիվ, նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, սահմանային անվտանգության ու սահմանազատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մանրամասները, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին վերաբերող այլ հարցեր: ՀՀ ԱԳ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքների վերաբերյալ:
14:09 - 23 դեկտեմբերի, 2022
Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

 |armenpress.am|

Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի  և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։ Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։
15:47 - 22 դեկտեմբերի, 2022
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը

Դեկտեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։  Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման և տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնությունների պատճառով։ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ Կողմերը ափսոսանք են հայտնել Երևանի այն որոշման համար, որով հրաժարվել է մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ քննարկելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման շարունակման կարևորությունը։
15:37 - 22 դեկտեմբերի, 2022
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին․ Արարատ Միրզոյան

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի քննարկումը վկայում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է երեկ՝ դեկտեմբերի 20-ին կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակման թեման։ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա քննարկումը հստակորեն վկայում է Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ և անվերապահ բացման վերաբերյալ միջազգային զորեղ ու միանշանակ կոնսենսուսի մասին։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և ապահով կապը պետք է վերականգնվի»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։ Միրզոյանը նաև հավելել է, որ Հայաստանը գնահատում է ՄԱԿ-ի ԱԽ անդամների արդար և սկզբունքային դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը։ Նիստի ժամանակ Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, պահանջելու Ադրբեջանից վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ինչպես նաև փաստահավաք առաքելություն տեղակայելու Լաչինի միջանցքում:  ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «իրենք կոչ են անում Ադրբեջանի կառավարությանը և միջանցքի անվտանգության համար մյուս պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնելու ազատ երթևեկությունը, ներառյալ մարդասիրական և առևտրային օգտագործումը»։ Իսկ ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց «հաջողվել է հասնել գազամատակարարման վերականգնման և Լաչինի միջանցքի մասնակի բացման»։ Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:
10:41 - 21 դեկտեմբերի, 2022
Վարչապետը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Վարչապետը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հետ: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպմանը մասնակցելու համար և ներկայացրել նման հանդիպում ու քննարկումներ անցկացնելու նպատակները:   Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և իր խոսքում անդրադարձել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, առկա մարտահրավերներին, խնդիրներին, դրանց դիմագրավելու հնարավորություններին, ինչպես նաև խոսել դիվանագետների գործունեության ու նրանցից ունեցած ակնկալիքների մասին: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է մի շարք հարցերի:
19:07 - 20 դեկտեմբերի, 2022
Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումներին

Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Արարատ Միրզոյանն անդրադարձել է անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:   Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները, շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև, և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը: Արարատ Միրզոյանն ու Թարիք Ահմադն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններին:
09:47 - 16 դեկտեմբերի, 2022
ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը ներկայացրել է Լաչինում ստեղծված վիճակը

ԱԳ նախարարը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը ներկայացրել է Լաչինում ստեղծված վիճակը

Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիաները, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան և ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները տարածաշրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ՝ լի անվտանգային և հումանիտար մարտահրավերներով: Նախարար Միրզոյանը շեշետել է նաև հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը և Ադրբեջանի կողմից հարցի քաղաքական շահարկման անընդունելիությունը։ Հայկական կողմը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար ճգնաժամի վտանգը: Շեշտվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան մարմինների կողմից համարժեք և հասցեական արձագանքի, ինչպես նաև գործուն քայլերի իրականացման կարևորությունը հնարավոր մարդասիրական աղետը բացառելու նպատակով:
21:54 - 15 դեկտեմբերի, 2022
Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ընդգծվել է հասցեական արձագանքի անհրաժեշտությունը. Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:  Հայկական կողմն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի խնդրին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը։  Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի, ռազմատենչ հռետորաբանության և հայատյացության իր քաղաքականությունը և առավելապաշտական մոտեցումները, այդպիսով խաթարելով Հարավային Կովկասում կայունությունը և անվտանգությունը։ Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում թուլացնելու լարվածությունը և ապահովելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։ 
10:05 - 15 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը հնդիկ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը հնդիկ գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը

 Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը  հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:  Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր և գոհունակություն են հայտնել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ: Այս առումով կարևորվել է բարձրաստիճան մակարդակում պաշտոնական փոխայցելությունների դերը։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է Հնդկաստանի ԱԳ նախարարին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հաջողված նախագահության կապակցությամբ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանը և փոխադարձ աջակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի փակման ու Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի շարունակական քաղաքականության անթույլատրելիությունը: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ՄԱԿ կենտրոնակայանում Մահաթմա Գանդիի արձանի բացման պաշտոնական արարողությանը։
10:03 - 15 դեկտեմբերի, 2022
 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում. Արարատ Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը. «Պարոն նախագահ,Ձերդ գերազանցություններ,Անվտանգության խորհրդի անդամներ, Ուրախ եմ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումներին, և շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերոջը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին հրավերի համար։ Հնդկաստանի նախագահությունն ընտրել է շատ արդիական և կարևոր թեմա այս բաց բանավեճի համար։ Մեզ հանրածանոթ միջազգային հարաբերությունները կարծես անցումային փուլում են: Համաշխարհային անվտանգության ճգնաժամը, որում գտնվում ենք բոլորս, մեծապես ազդել է բազմակողմանիության համակարգի գործունեության վրա։ Իհարկե, կարող է և հակառակ կարծիք էլ լինել, որ բազմակողմ համակարգի ձախողումները հանգեցրեցին այն իրավիճակին, որին մենք այսօր առերեսվում ենք։ Սա նման է հավի և ձվի պատմությանը, ուստի կարծում եմ, ավելի տեղին է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է բարեփոխվի բազմակողմանիությունը՝ հիմնված այն դասերի վրա, որոնք պետք է քաղել: Եթե փորձեմ սահմանել բազմակողմանիությունը շատ պարզեցված եզրույթներով, այն կանվանեի «փոխադարձ համաձայնության վրա հիմնված հանձնառություների հասնելու և հետևելու կարողություն»: Ընդհանուր լեզու գտնելու համար մենք պետք է հավատարիմ մնանք համընդհանուր կարմիր գծերին, որոնց նկատմամբ երկկողմանի մոտեցում չի կարելի հանդուրժել։ Եվ այս կարմիր գծերն առաջին հերթին արտացոլված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այս կարևոր բաց բանավեճը, հուսանք, խորհելու հիմք կհանդիսանա մեր համատեղ պայքարում՝ հանուն ապագա սերունդների բազմակողմ համակարգը պահպանելու և բարելավելու համար։ Պարոն նախագահ, Հայաստանը անշեղորեն հանձնառու է բազմակողմանիությանը՝ խարսխված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը: Աշխարհում, որտեղ հակամարտությունները, ցավոք, շարունակում են պահպանվել, ուժի կիրառման արգելքը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը խստորեն հետևելն անփոխարինելի են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմադրողականություն ցուցաբերի միակողմանի լուծումներ պարտադրելու և խաղաղ կարգավորման փոխարեն բռնությանն առաջնահերթություն տալու արատավոր գործելաոճին: Միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու, պատերազմներ սանձազերծելու և վայրագություններ իրականացնելու փորձերն անհամատեղելի են Միավորված ազգերի կազմակերպության հիմնական արժեքների ու նպատակների հետ և պետք է միանշանակ դատապարտվեն ու մշտապես մերժվեն բոլոր ժամանակներում։ Նման անհանգստացնող մարտահրավերները կանխելու և արձագանքելու նպատակով ՄԱԿ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի կարողությունների հզորացումը կարևոր է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակին հասնելու համար: Հայաստանն աջակցում է բազմակողմանիության ինստիտուտները բարեփոխելու և Անվտանգության խորհուրդն ավելի ընդգրկուն և արդյունավետ դարձնելու ջանքերին, այդ թվում Հնդկաստանի ջանքերին՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող առկա և ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու գործում: Հարգելի գործընկերներ, Հայաստանն անմիջականորեն ականատեսն է եղել բազմակողմանիության հետընթացի հետևանքներին: Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը դեռևս պետք է հասցեագրվի։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում։ Բազմակողմանիության հետընթացը դրսևորվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։ Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների: Վերջին խոշոր միջադեպը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, և մենք խնդրեցինք Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և այդ հարցն ուշադրության կետրոնում պահելու համար: Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից։ Ավելին, միջազգային մարդասիրական կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում գործող, դեռևս չեն կարողանում անչափ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ըստ էության անտեսելով նրանց՝ ի հակադրություն 2030 Կայուն զարգացման օրակարգի համաշխարհային խոստմանը: Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլ նույնիսկ այնտեղ բնակվող մարդկանց մուտքն է արգելափակված Լեռնային Ղարաբաղ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։ Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։ Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները: Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ, այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։ Ելույթիս սկզբում ես ընդգծեցի հանձնառությունների կատարման կարևորությունը։ Ե՛վ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացի, և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել նաև բազմակողմ ձևաչափերով: Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը: Պարոն Նախագահ, Հիմնվելով մեր սեփական փորձի վրա, մենք կարող ենք պնդել, որ առանց արդյունավետ բազմակողմանիության աշխարհը զուրկ կլինի խաղաղությունից և անվտանգությունից: Հետևաբար, մենք բոլորս պետք է ձգտենք մշակել ավելի լավ, ավելի արդյունավետ եղանակներ, որոնցով կարողանանք կանխել հակամարտությունները, ցեղասպանությունները և զանգվածային այլ վայրագությունները և կենտրոնանալ խաղաղ, կայուն զարգացման վրա: Շնորհակալություն»:
00:13 - 15 դեկտեմբերի, 2022