ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ: Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանց օգտագործմամբ առաձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն: Հանցագործության կատարման արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները՝ իրական բնույթի, ծագման աղբյուրի իրական պատկանելիության խեղաթյուրմամբ, բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ:  Բացի այդ, ստացված փաստական տվյալների համաձայն, հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 ԱՄՆ դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր: Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը: Դրանից հետո՝ բավարար ապացույցների համակցության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել հիշյալ պաշտոնյայի ՀՀ-ում գտնվող և վարույթում որպես մեղադրյալ ներգրավված որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար։ Սակայն վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:52 - 04 մայիսի, 2020
ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  շուրջ 5կգ 500գ մեթամֆետամին, 2կգ 500գ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600գ մարիխուանա,   11գ սփայս, ինչպես նաև հաշիշի յուղով լցված  էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487դեղահաբ:  Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300գ ոսկյա և 14կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս,   450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2կգ 600գ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ և տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ: Փաստերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեի  քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական  վարչություններին:
10:35 - 04 մայիսի, 2020
Պարզաբանում ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ

Պարզաբանում ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ

Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտներիր կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ»)  մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն)։ Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջև գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար։Հայտարարագրում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերում, որպես բեռի նշանակման երկիր նշված է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Ընդ որում, թե հայտարարագրում, և թե բեռնագրում, որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը։ Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ապրանքների մի մասն առայժմ չի արտահանվել: Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է ՀՀ Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին։ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։ Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը:
15:48 - 30 ապրիլի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ ստեղծելու մտադրությունից

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ ստեղծելու մտադրությունից

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ: Պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։ Այսպես, հանցավոր խմբավորումների մեջ ներգրավված և դերակատարություն ունեցող անձինք, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիների անուններով գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր: Այնուհետև, նրանց անվամբ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներկրում տարբեր տեսակի ապրանքներ, չներկայացնելով հարկային հայտարարագրերը, խուսափում են հարկերի վճարումից: Մեկ այլ դեպքում էլ ներկայացնում են փաստաթղթեր՝ կրկին չկատարելով հարկային պարտավորությունները: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են մի շարք նմանատիպ քրեական գործեր, որոնց նախաքննությունը շարունակվում է ՊԵԿ քննչական վարչությունում։ Ընդ որում, օպերատիվ տվյալների վերլուծությունը վկայում է, որ նշված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունները կազմակերպվում են մի քանի հանցավոր խմբավորումների կողմից և գործում են նույն «ձեռագրով»։ ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն ամենօրյա անզիջում պայքար է մղում նշված հանցավոր մեխանիզմների բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ  և հորդորում  է  քաղաքացիներին   զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց և որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց: Կոմիտեն միաժամանակ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
17:10 - 29 ապրիլի, 2020
Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|

Սոցաջակցության ծրագրի շահառուները մերժվում են, իսկ սոցապից ՊԵԿ, ՊԵԿ-ից սոցապ ուղղորդումներից՝ ապակողմնորոշվում |armtimes.com|

armtimes.com: Նոր կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով պայմանավորված, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի աջակցություն է տրամադրում դրա կարիքն ունեցող անձանց: Սոցիալական եւ տնտեսական այդ ծրագրի մանրամասների մասին արդեն բազմիցս խոսվել է, բայց տեւական ժամանակ է, ինչ տարբեր քաղաքացիներ բարձրաձայնում են, որ չեն կարողանում օգտվել իրենց համար նախատեսված աջակցությունից եւ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: «Հայկական ժամանակ»-ի խմբագրութուն են դիմել մասնավորապես 7-րդ, 8-րդ եւ 9-րդ ծրագրերի շահառուներ, որոնց դիմումները մերժվել են առանց հիմնավորման: Մեզ դիմած քաղաքացի Հ. Ք.-ն սոցիալական աջակցության 7-րդ ծրագրի շահառու է, սակայն նրա դիմումը մերժել են՝ չներկայացնելով հիմնավորում: Հ. Ք.-ն 13 շաբաթական հղի է, հաշվառված «Արմենիա» ԲԿ-ում: Աջակցության դեպքում վերջինիս դրամական օժանդակության չափը 100 հազար դրամ է լինելու: Հ. Ք.-ն միայնակ մայր է, ունի եւս մեկ երեխա, որն անչափահաս է. այս դեպքում էլ կինը 9-րդ ծրագրի շահառու է, սակայն կրկին մերժում է ստացել: Երկու ծրագրի պոտենցիալ շահառու հանդիսացող կինը տեղյակ է, որ մեկը ստանալու դեպքում մյուսից օգտվել չի կարող, սակայն երկուսով էլ մերժվել է: «Հայկական ժամանակ»-ին են դիմել նաեւ 10 քաղաքացիներ, որոնք բոլորն աշխատում են միեւնույն վայրում: Նրանք 8-րդ ծրագրի շահառուներ են եւ ծրագրի մեկնարկից մինչեւ օրս չեն կարողանում օգտվել իրենց հասանելիք աջակցությունից: 8-րդ կետում նշված է՝ «Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, որոնք 2020 թ.-ի մարտի 13-ից մարտի 30-ը նշված ոլորտների վարձու աշխատողներ են կամ անհատ ձեռնարկատերեր»: Մեզ դիմած քաղաքացիները գեղեցկության սրահի աշխատողներ են: Սրահը փակվել է մարտի 15-ին, եւ այդ օրվանից օրավարձով աշխատող այս մարդիկ մատնված են հարկադիր պարապուրդի: Նրանք հայտնում են, որ երբ լրացնում են օնլայն դիմումները, միանգամից ստանում են մերժման պատասխան հետեւյալ  բովանդկությամբ՝ «Ձեր դիմումը մերժված է, հաղորդագրությունն ուղարկվել է անհատական վերլուծության»: Գեղեցկության սրահի աշխատակիցները վստահեցնում են՝ տնօրինությունն օրինական կերպով վճարել է հարկերը, եւ իրենք բոլորը գրանցված են: «Մերժում ստանալուց հետո զանգահարեցի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, եւ շատ դժվարությամբ պատասխանեցին թեժ գծի համարներից մեկին: Տպավորություն էր, թե ինձ հետ խոսող աղջիկն ավելի քիչ էր տեղեկացված ծրագրից, քան ցանկացած այլ շահառու: Նա ինձ լսեց եւ հորդորեց նորից փորձել, ոչ մի կոնկրետ օգնություն: Մերժման պատճառն իմանալու համար նամակ գրեցի նաեւ իրենց պաշտոնական կայքէջին: Անցել է երկու շաբաթից ավելի, բայց այնտեղից էլ որեւէ պատասխան չեմ ստացել»,- ասաց գեղեցկության սրահի աշխատակիցներից Գ. Մ.-ն: Վերջինս նաեւ բողոքեց, որ նախարարության թեժ գիծ զանգհարելն ու միայն ավտոմատացված համակարգին միանալն արդեն իսկ բավականին շատ գումար է գանձում եւ արդեն մոռացել է, թե քանի հազար դրամներ է լիցքավորել հաշվին, որոնք զրոյացել են ընդամենը զանգ կատարելով եւ պատասխանը դեռ չլսած: «Ուղղակի զավեշտալի է՝ քաղաքացիներին հորդորում են հարցերի դեպքում թեժ գծի համարին զանգել, որը բջջային համարից զանգելն ուղղակի հանցանք է»,- ասաց Գ. Մ.-ն: Նշենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն օրերս անդրադարձել էր աջակցման ծրագրերին: Նախարարությունը մի քանի անգամ արդեն վերանայել է ծրագրում ընդգրկվելու համար որոշակի նրբություններ ու գրանցման գործընթացը պարզեցրել է: Բաթոյանն անդրադարձել էր մասնավորապես 9-րդ ծրագրին: Նախարարը նշել էր, որ 9-րդ միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի մուտքագրել միայն դիմող ծնողի անունը-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը: Վերացել է հանրային ծառայության համարանիշ (սոցիալական ապահովության քարտ), երեխաների եւ ծնողների ծննդյան օր, ամիս, տարի մուտքագրելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է մինչև 18 տարեկան երեխայի եւ ծնողների՝ մշտապես Հայաստանում բնակվելու նախկինում սահմանված պահանջը: Վերացվել է նաեւ երեխայի եւ դիմող ծնողի՝ բնակչության պետական ռեգիստրում Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված չլինելու պայմանը: Սակայն նախարարի գրառման տակ էլ հարյուրներով մեկնաբանություններ են գրում մարդիկ ու բողոքում, որ աջակցության շատ կարիք ունեցողներ չեն կարողանում օգտվել դրանից: Օգտատերերից մեկը նշել էր, որ այն մարդիկ, որոնք պետք է ստանային, չեն ստացել, իսկ որոնք՝ չէ, ստացել են: Բաթոյանը պատասխանել էր. «Վճարումներն արվում են ՊԵԿ-ի տրամադրած ցուցակով: Եթե անճշտություն եք գտնում, խնդրում եմ գրեք իրենց»: Ապա քաղաքացին պատասխանել էր՝ «ՊԵԿ ից հստակ պատասխան ստացա, որ Կառավարության որոշման 507-րդ կետի 2-րդ մասով՝ որոշումը կայացնում է Սոցապ նախարարությունը»:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:38 - 29 ապրիլի, 2020
Քննարկվել է հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Քննարկվել է հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեում ապրիլի 28-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի առաջին նիստը: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և  խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները: Անդրանիկ նիստում ներկայացվել են նորաստեղծ կառույցի hիմնական ուղենիշերը: Կոմիտեի ղեկավարը բարեփոխումների գործընթացում կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը: Դավիթ Անանյանն ընդգծել է, որ նորաստեղծ խորհրդի գործունեությունը կնպաստի հարկային և մաքսային վարչարարության բարելավման գործընթացին,  հարկային և մաքսային կարգապահության խնդիրների արդյունավետ լուծմանը:   Խորհրդի նիստում քննարկվել է «Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի» նախագիծը: Նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային և մաքսային վարչարարության ապահովումը, հարկ վճարողների կարգապահությանն առավելագույն օժանդակումը, ինչպես նաև պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման հնարավոր ռիսկերի կառավարումը: Ծրագրի իրականացման արդյունքում կարճաժամկետ ժամանակահատվածում հրատապ ռեժիմով կապահովվեն հարկ վճարողներին օժանդակման և հարկային ու մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված անհրաժեշտ պայմաններ, իսկ նախատեված միջոցառումները երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն վարչարարության բարելավմանը, Պետական եկամուտների կոմիտե–հարկ վճարող հարաբերություններում վստահության ամրապնդմանը, ինչպես նաև հարկային պարտավորությունների կամովին կատարման մշակույթի ձևավորմանը: Ստեղծված իրավիճակում հարկային և մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված ՊԵԿ-ը նախատեսում է վարչարարական միջոցառումներն իրականացնել 3 հիմնական ուղղություններով՝ հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնում և օժանդակության տրամադրում, հարկային և մաքսային հսկողության կենտրոնացում առավել ռիսկային ոլորտներում և հարկ վճարողների հետ հաղորդակցության և համագործակցության ակտիվացում: Նիստում քննարկվել են նաև հարկային և մաքսային կարգապահության բարելավման, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված, ինչպես նաև աշխատանքների արդյունավետ կազմակերպման ու համակարգման հարցեր: Խնդիր է դրվել խիստ և շարունակական հսկողություն իրականացնել հարկային և մաքսային կարգապահության ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ և  պարբերաբար գնահատել արդյունքները : Անհրաժեշտության դեպքում՝ նախաձեռնել փոփոխություններ:  Խորհուրդը նիստերը կգումարի մեկամսյա պարբերականությամբ, իսկ անհետաձգելի հարցերի և խնդիրների լուծման նպատակով կհրավիրվեն նաև արտահերթ նիստեր:
18:03 - 28 ապրիլի, 2020
Բավականին ահազանգեր ունենք, որ առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են իրավիճակից եւ ՀԴՄ չեն տրամադրում․ Մաշադյան
 |armtimes.com|

Բավականին ահազանգեր ունենք, որ առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են իրավիճակից եւ ՀԴՄ չեն տրամադրում․ Մաշադյան |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումներից 2-ը իրականացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Խոսքը 5-րդ եւ 10-րդ միջոցառումների մասին է։ 5-րդ միջոցառումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 2-ից 50 աշխատակից ունեցած ընկերություններին է վերաբերում, որոնց աշխատավարձային ֆոնդը նույն ժամանակահատվածում չի նվազել։ Իսկ 10-րդ միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսվարողներին։ Այս ամենի մասին տեղեկացրել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան - Պարոն Մաշադյան, ՊԵԿ-ի կողմից իրականացվող՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 2 միջոցառումներն ի՞նչ փուլում են։ - Այս ընթացքում 5-րդ միջոցառման շահառու է հանդիսացել 14 հազար 872 կազմակերպություն։ ՊԵԿ-ն այդ բոլոր կազմակերպություններին ծանուցումներ է ուղարկել, որ իրենք հանդիսանում են շահառու։ Նրանցից 10 հազար 134-ն արդեն դիմում են ներկայացրել փոխհատուցում ստանալու հայտով, եւ ՊԵԿ-ը արդեն վճարման հանձնագրեր է կազմել, որի չափը կազմում է 1 մլրդ 623 մլն դրամ։ 10-րդ միջոցառման համար, որը վերաբերում է միկրոձեռներեցներին օժանդակություն տրամադրելուն, ստացել ենք 1500 հայտ եւ վճարման հանձնագրերն ամբողջությամբ կազմվել է` շուրջ 83 մլն դրամ։ Դիմումների քանակը դեռ կավելանա, քանի որ մեր գնահատմամբ՝ շահառու են հանդիսանալու մոտավորապես 7500 միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ։ Ընդհանուր միջոցառման գնահատականը մոտ 280 մլն դրամ է։ Բայց նշեմ, որ այս միջոցառման գումարների տրամադրումը սկսել ենք իրականացնել երեկվանից, որովհետեւ դա անմիջականորեն կապված էր 8-րդ միջոցառման հետ։ Ցանկերը հստակեցնելուց եւ դիմումները ստանալուց հետո սկսել ենք գործընթացը։ - Կառավարության միջոցառումներից մեկը վերաբերում է չգրանցված աշխատողներին, ձեր կարծիքով՝ մե՞ծ է այս պահին չգրանցված աշխատողների քանակը։ - Ես կդժվարանամ չգրանցված աշխատողների թվաքանակի վերաբերյալ ՀՀ մակարդակով գնահատական տալ։ Այո, այդ խնդիրը մենք ունեցել ենք, եւ ՊԵԿ-ի ամենօրյա գործառույթներից մեկը հանդիսանում է պայքարն այդ ուղղությամբ։ Ցանկացած դիմումի դեպքում մենք իրականացնելու ենք հսկողական աշխատանքներ, տալու ենք գնահատական, եթե անհրաժեշտ եղավ՝ նաեւ տուգանքի արձանագրում կիրականացնենք։ Դրանք գործատու-վարձու աշխատող հարաբերություններ են։ Այստեղ բացառապես գործատուները չեն մեղավոր։ Նրանք իրար հետ են ձեռք բերում պայմանավորվածություն։ - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ապրիլի 20-ից հետո տեսանելի կլինի, թե քանի աշխատող է հարկադիր պարապուրդի համար վճարվել։ Ի՞նչ տվյալներ ունեք այս առումով։ - Եկամուտներ ապահոված աշխատատեղերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն հետեւյալն է. մարտ ամսին վարձատրվել է 619 հազար 858 աշխատակից, իսկ փետրվարին 616 հազար 209 աշխատակից։ Այսինքն մոտավորապես 3600-ով ավելացել են վարձատրված աշխատողները մարտին՝ փետրվարի համեմատ։ Բայց սա այդքան էլ լավ չէ, քանի որ 2019-ի մարտին՝ փետրվարի համեմատ եկամուտ ստացող աշխատողների քանակի ավելացումը կազմել է շուրջ 10 հազար 500։ Այսինքն դինամիկան որոշակի նվազել է, ինչը օբյեկտիվ է եւ հասկանալի՝ կապված այսօրվա իրավիճակի հետ։ - Այս օրերին ՊԵԿ-ն ինչպե՞ս է իր գործառույթներն իրականացնում։ - Այս օրերին ՊԵԿ-ն իր բնականոն աշխատանքները շարունակել է։ Ավելի շատ ուշադրություն ենք դարձրել մեր վերլուծական աշխատանքներին, քանի որ կան գործունեության տեսակներ, որոնք փաստացի չեն գործում։ Հսկողական գործառույթների առումով ավելի թիրախավորված են այն ոլորտները, որոնց մոտ կա աշխուժություն, օրինակ՝ առեւտրի ոլորտը։ - Արտակարգ դրության շրջանում ինչպե՞ս են իրենց դրսեւորում գործարարները։ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերը շա՞տ են։ - Այդպիսի դեպքեր մենք միշտ ենք ունենում։ Իհարկե, մենք բավականին ահազանգեր ունենք, որ հատկապես առեւտրի ոլորտի կազմակերպություններն օգտվում են այս իրավիճակից ու հաճախ են լինում դեպքեր, երբ գործարքների համար ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։ Ցանկացած ահազանգի մենք արձագանքում ենք։ Բացի ահազանգերը՝ մենք ինքներս պարբերաբար արտաքին դիտարկումներ ենք իրականացնում։ Եթե մեր կիզակետում հայտնվում են այնպիսի կազմակերպություններ կամ առեւտրի օբյեկտներ, որոնք չեն տրամադրում ՀԴՄ կտրոն, մենք միանշանակ նախաձեռնում ենք հսկողական աշխատանքներ։ Նաեւ կառավարության մակարդակով հորդորել ենք, որպեսզի հարկ վճարողները չօգտվեն այս իրավիճակից եւ չթաքցնեն իրենց եկամուտները։ - ՊԵԿ-ը որքանո՞վ է կարողանալու 2020-ի բյուջեով ամրագրված հավաքագրումներն իրականացնել։ - Կարծում եմ, որ բյուջեի կատարումը միայն ՊԵԿ-ի լիազորությունը չէ եւ միայն ՊԵԿ-ը չէ, որ պատասխանատու է բյուջեի կատարման համար։ ՊԵԿ-ի հիմնական գործառույթը հավասարակշռված, օբյեկտիվ եւ ճիշտ վարչարարության իրականացնելն է հարկ վճարողների նկատմամբ, որպեսզի նրանք իրենք իրենց հարկերը վճարեն։ Ինչեւիցե. 1-ին եռամսյակում մենք ունեցել ենք մոտավորապես 9 մլրդ դրամի գերակատարում՝ բյուջեով նախատեսված ցուցանիշի նկատմամբ։ Դա շատ լավ սկիզբ էր տարվա համար։ Ցավոք պետք է նշեմ, որ ապրիլ ամսին հնարավոր չի լինի այդ տեմպը պահպանել։ Վստահաբար ասում եմ, որ ունենալու ենք բյուջեի թերակատարում, որովհետեւ այս իրավիճակում ապահովել հարկային եկամուտներն այն ծավալով, որը նախատեսվել էր դեռեւս անցած տարի եւ ամրագրվել էր բյուջեի մասին օրենքով՝ հնարավոր չէ։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
09:19 - 28 ապրիլի, 2020
Հայաստանից Վրաստան փոքր բեռնատարների մուտքի արգելքը հանվել է

Հայաստանից Վրաստան փոքր բեռնատարների մուտքի արգելքը հանվել է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ: Ելնելով վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ հայտնում ենք, որ Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:10 - 27 ապրիլի, 2020
ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

ՊԵԿ. Կանխվել է թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հետ համատեղ բացահայտել  թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում զննության է ենթարկվել ԱՄՆ-ից ներմուծված միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է էլեկտրոնային սիգարետի համար նախատեսված  50  մուշտուկ` յուրաքանչյուրը լցված «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութի  նմանվող դարչնագույն զանգվածով: Փաստի առթիվ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությանը:
17:38 - 27 ապրիլի, 2020
Եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չգերազանցի 1,5 միլիոն դրամը, նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ․ ՊԵԿ

Եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չգերազանցի 1,5 միլիոն դրամը, նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ․ ՊԵԿ

ՊԵԿ. հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1․5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում՝ նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ընդառաջելով հարկ վճարողներին, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մտադիր է չիրականացնել մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների գանձման՝ իր հայեցողական լիազորությունը։ Այսինքն, եթե հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը չի գերազանցի 1,5 միլիոն դրամը, ապա նրա նկատմամբ չեն իրականացվի հարկադիր գանձման գործողություններ: Մասնավորապես՝ դրանց գանձման վերաբերյալ հարկային մարմնում հարուցված վարչական վարույթների շրջանակում չեն կայացվի գանձման որոշումներ, ինչպես նաև չեն իրականացվի  արգելադրման գործողություններ։  Հաշվի առնելով, որ ժամկետանց հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթները հարուցվում են էլեկտրոնային համակարգի միջոցով հարկ վճարողներին ուղարկվող ծանուցումներով (ծանուցումները հարկ վճարողներին ավտոմատ ուղարկվում են ժամկետանց հարկային պարտավորությունների առաջացումից հետո 4-րդ օրը), հայտնում ենք, որ դրանք ուղարկվելուց հետո հարկ վճարողի պարտավորությունների հանրագումարը 1,5 միլիոն դրամը չգերազանցելու դեպքում գանձման որոշումներ չեն կայացվի և ծանուցումներն ուղարկվելուց հետո 30-օրյա ժամկետում ծանուցման հիման վրա հարուցված վարչական վարույթները կհամարվեն դադարած։ Այդ վարույթներով չգանձված պարտավորությունները կփոխանցվեն և կմիացվեն հաջորդ ժամանակաշրջանների պարտավորություններին և այն պահից, երբ դրանց հանրագումարը կգերազանցի 1,5 միլիոն դրամը, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ուստի, հարկ վճարողներին հորդորում ենք նման ծանուցումներ ստանալու դեպքում դրանց որևէ կերպ չարձագանքել։ Կոմիտեն հայտնում է նաև, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման նկատմամբ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։  
14:49 - 27 ապրիլի, 2020
ՊԵԿ դիրքորոշումը բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ

ՊԵԿ դիրքորոշումը բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, իր հսկողական գործառույթների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բանկային և ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման ու տրամադրման, ինչպես նաև համալիր հարկային ստուգումների արդյունավետ և ամբողջական իրականացման նկատառումներից ելնելով, նախաձեռնել և հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքում» փոփոխություն կատարելու մասին», ««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին»» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը: Խնդիրն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հանդիսանալով օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման համար պատասխանատու կառույց, արհեստական խոչընդոտների պատճառով երբեմն զրկված է լինում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման հնարավորությունից։  Հաշվի առնելով ներկայացված նախագծերի վերաբերյալ հանրային արձագանքը, և նկատի ունենալով, որ խնդրի կարգավորմանը հնարավոր է հասնել` նշված տեղեկությունների ստացման համար դատավարական այլ ընթացակարգեր սահմանելու միջոցով` ՊԵԿ-ն այս փուլում ձեռնպահ է մնում ներկայացված նախագծերի քննարկման հետագա ընթացքից։ 
16:36 - 23 ապրիլի, 2020
Հարկային արձակուրդների  տրամադրման թեման կարող է քննարկվել՝ ելնելով իրավիճակի զարգացումներից․ Դավիթ Անանյան

Հարկային արձակուրդների տրամադրման թեման կարող է քննարկվել՝ ելնելով իրավիճակի զարգացումներից․ Դավիթ Անանյան

Պետությունը չի պատրաստվում տնտեսավարողների հարկերի կասեցում կամ չեղարկում անել, սակայն կախված իրավիճակից՝ չի բացառում հարկային արձակուրդի հնարավորությունը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցին ի պատասխան ասաց  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել  նաև չեն գեներացրել  հարկման օբյեկտներ, հետևաբար չեն գեներացրել հարկային պարտավորություններ, եթե հարցին այդ տեսանկյունից նայենք։ Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ»,-ասաց Անանյանը։ Նա նշեց, որ ասվածի վառ ապացույցը ԱԺ-ում ապրիլի 22-ին Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունումն էր։  «Ոչինչ բացառել պետք չէ, բայց հարկային արձակուրդների թեման կարող է քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումն ինչ ընթացք կստանա»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը:
15:04 - 23 ապրիլի, 2020
Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան

Մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ․ Դավիթ Անանյան

Երեկ Աժ-ի կողմից ընդունվեց Միքայլե Մելքումյանի և կառավարության  կողմից մշակված օրնքի նախագիծը, որով  հարկային պարտավորությւոնների չկատարման համար ուշացած օրերի համար սահմանված  0,075 տույժը սահմանվեց 0․4 տոկոս։Կիսով չափ նվազեցվեց ույժի գումարը։  Ինչպես նաև գույքի արգելանք կիրառման պարագայում 500․000 դրամի շեմը բարձրացվեց 3 անգամ և  սահմանվեց  3․5 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա ներկայացրեց նախագծի դրույթները, ըստ որոնց՝ « ՊԵԿ իրավապահ գործոռությունների իրականացման շրջանակներում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված է մի շեմ՝ 200․00 դրամ, որը գերազանցելու պարագայում չկատարված հարկային պարտավորությունը հարուցում է չվճարված հարկային պարտավորությունների վարչական վարույթ։ Նույն օրենսգրքի 430-րդ հոդվածով սահմանված է գույքի արգելանքի համար շեմ՝ 500․00 դրամ։ Այլ կերպ ասած, եթե հարկ վճարողը ունի չկատարած հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200․000 դրամը, ապա տվյալ պարտավորության նկատմամբ չի հարուցվում վարչական վարույթ։ Եվ եթե  պարտավորությունը  չի գերազանգում 500․00 դրամը, ապա  գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում»,- ասաց ՊԵԿ նախագահը։  Նա վստահեցրեց, որ մինչև 1․5 միլիոն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ։ Ինչպես նաև չեն իրականացվելու գույքի արգելանքի գործառույթներ։ «Սրա հետ միասին, եթե մենք վերլուծենք հարկային պարտավորությունը սահմանված ժամկետում չմարելու  յուրաքանչյուր օրվա համար տույժի դրույքաչափի իջեցման դրույթը, ապա կստացվի հետևյալը՝ 0․075 դրույքաչափի դեպքում կազմում է 27․7 տոկոս տարեկան տոկոսադրույք։ 0․4 տոկոսի պարագայում մեկ տարվա հաշվարկով ստացվում է՝ 14․6 տոկոս։ Եթե համադրենք այս երկու իրավական դրույթների փոփոխությունները, ապա մենք ըստ էության մեր հարկ վճարողներին վարկավորման նոր  գործիք ենք առաջադրում։ Ըստ էության, մինչև 1․5 միլիոն դրամ չվճարված հարկային պարտավորությւոն ունեցող անձիք ստանում են տարեկան 14․6 տոկոսադրույքով և չակերտներում ասած վարկային գծի նման մի հնարավորություն, որի պարագայում այլ տուգանային սանկցիաներչեն իրականացվում»,- հավելեց Անանյանը։ ՊԵԿ նախագահն իր խոսքում նշեց, որ նախագիծը  տարածվելու է ապրլի 21-ից ծագած իրավահարաբերությունների վրա։  Նա հավելեց, որ ավտոմատացված համակարգում դեռ ավելացումներ չեն արվել և դրանք կարվեն եկող մեկ  ամսվա ընթացքում։
14:07 - 23 ապրիլի, 2020
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ 17 առևտրային բանկերը վճարել են շուրջ 12.5 մլրդ դրամի հարկ

 Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է Պետական եկամուտների կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին և ծավալներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի բանկերի միությունը։ «ՊԵԿ-ի կողմից հրապարակված  առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների  ցանկի համաձայն՝ ընդամենը հարկերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում կազմել է 245.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 24.6 մլրդ ՀՀ դրամով կամ 11.1%-ով: Միայն բանկերի գծով ընդամենը հարկերը կազմել է 12.5 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 5.1%ը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.4 մլրդ ՀՀ դրամով կամ 12.6%-ով: Ընդ որում 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով հարկերը կազմել էր ընդհանուրի 5%-ը:  Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում՝ 736 մլն դրամ, գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է  237 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 652 մլն դրամ,  ևս գերազանցում էր մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել էր  214 մլն դրամ: Ուղղակի հարկերի ընդամենը՝ շահութահարկի և եկամտահարկի գծով բոլոր 1000 կազմակերպությունների գծով 2020թ-ի առաջին եռամսյակին կազմել է 87.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է  12.7%-ով: Միայն բանկերի գծով ուղղակի հարկերը 2020թ-ի առաջին եռամսյակին 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է  8.7%-ով՝ կազմելով 11.2 մլրդ դրամ: 2019թ-ի առաջին եռամսյակին բանկերի գծով ուղղակի հարկերը կազմել էր 10.3 մլրդ դրամ՝ ընդամենը ուղղակի հարկերի 13.3%-ը: Այստեղ բանկերը էապես առաջնային դիրքերում են: Համեմատության համար նշենք, որ ուղղակի հարկերով, 1000 առաջին խոշոր հարկատուների ցանկում 2020թ-ի առաջին եռամսյակին 12, իսկ 2019թ-ի առաջին եռամսյակին 13 առևտրային բանկ գտնվում են առաջին 100-ակի ցուցակում:  Առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինը 2020թ-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում` 661 մլն դրամ, մի քանի անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 78 մլն դրամ: 2019թ-ի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը՝ 607 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 68 մլն դրամ: ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են Հայաստանի բոլոր 17 առևտրային բանկերը: Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում», -ասված է հաղորդագրության մեջ։
13:05 - 23 ապրիլի, 2020