Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում հանրաքվեի արդյունքների՝ ՍԴ-ում հնարավոր բողոքարկման հարցում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առերևույթ խնդիր է տեսնում այն հարցում, որ ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կարող է բողոքարկվել այն Սահմանադրական դատարանում, որի անդամներին պաշտոնավարման առնչությամբ է հանրաքվեն: Այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, պատասխանելով խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին: Բագրատյանն Արդարադատության նախարարից նախ հետաքրքրվեց, թե որտեղ են բողոքարկվելու Սահմանադրության փոփոխությունների արդյունքները: «ՍԴ կարող են դիմել ԱԺ խմբակցությունները, եթե եղել են այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա։ Սա է միակ հիմքը: Սահմանադրական դատարանի անդամների ինքնաբացարկի կամ մասնակցության անհնարինության հարցն եք բարձրաձայնում, երբ բողոքարկման դիմումը կլինի, դա արդեն ներքին հարց է: Բավական բարդ հարց է, որի պատասխանը միանշանակ չէ»,- ասաց նախարարը։ Պատգամավորի երկրորդ հարցին, թե շահերի բախում չկա՞ արդյոք, որ ՍԴ 7 դատավորի հարցը լսելու են 9 դատավորները, որոնցից 7-ը շահագրգիռ կողմ են այդ հարցում, Բադասյանը նշեց, որ այո, առերևույթ խնդիր տեսնում է:
13:34 - 25 փետրվարի, 2020
Ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ. Ռուստամ Բադասյան |aysor.am|

Ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ. Ռուստամ Բադասյան |aysor.am|

aysor.am: ԱԺ-ն արդարացի քայլի է գնացել՝ արագ կազմավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողով, Դատական օրենսգրքում փոփոխություների թեմայով ԱԺ լսումների ժամանակ այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «ԱԺ-ն ճիշտ քաղաքական որոշում է կայացրել, քանի որ հանձնաժողովի ձևավորումը գերակայում էր։ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ ենք ներդրել։ Որոշակի առումով ավելացել է ֆինանանսական տվյալների մատչելիությունը», - ասաց նախարարը։Ռուստամ Բադասյանը հիշեցրեց՝ ներդրվել է իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտը, սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկը։ Վերջում նախարարը տեղեկացրեց, որ կատարելագործվել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը։
12:01 - 25 փետրվարի, 2020
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը

ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նաև Սահմանադրական փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները պայմանավորվել են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ և ուղղություններ՝ համակարգված աշխատանքի արդյունքում սահմանված ժամկետում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ ձևավորելու նպատակով:
18:06 - 21 փետրվարի, 2020
Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ պետք է կիրառենք և գնանք առաջ. վարչապետը՝ ապօրինի կառուցված առանձնատները չօրինականացնելու մասին |tert.am|

Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ պետք է կիրառենք և գնանք առաջ. վարչապետը՝ ապօրինի կառուցված առանձնատները չօրինականացնելու մասին |tert.am|

tert.am: Հիմա պարզվում է, որ Երևանում առանձնատներ կան, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի, ապօրինի շինություններ են, որոնք պատկանում են, օրինակ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ պետք է ցանկացած շինարարություն իրականացվի նախագծով և թույլատվությամբ: Նա նշեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող հայտնի մարդկանց հայտնի առանձնատներն ապօրինի շինություններ են: «Շատ ավելի հետաքրքիր բան կա. նրանք ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների իրականացման համար»,-ասաց նա և հավելեց, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկում են ունեցել և հանրային տարածքների վրա կառուցված հայտնի առանձնատների սեփականատերերի են դիմել: «Օրինակ Մոնումենտում կառուցել են աներևակայելի չափերի տներ և հիմա ասում են, որ մեր շենքն ապօրինի օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երևանի քաղաքապետն ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են՝ այո, պարտավոր եք օրինականացնել»,-ասաց վարչապետը: Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորությամբ ուսումնասիրել հարցը:
13:02 - 20 փետրվարի, 2020
ՀՀ արդարադատության նախարարն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

ՀՀ արդարադատության նախարարն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցությունը զարգացնելու ուղղությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և կարևորել ռազմավարական բարեփոխումների իրականացման գործընթացում էական ներդրում ունեցող, ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը: Դեբորա Գրիզերը ևս բարձր է գնահատել Հիմնադրամի աշխատանքը, Արդարադատության նախարարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և վերահաստատել Հայաստանի կառավարությանը հատկապես հակակոռուպցիոն պայքարում օժանդակելու պատրաստակամությունը: Զրույցի ընթացքում նախարար Բադասյանը ներկայացրել է Նախարարության առաջնահերթությունները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ոստիկանության ոլորտի բարեփոխումներ և ԱՄՆ ՄԶԳ գործընկերների հետ քննարկել նշված ուղղություններով համագործակցության հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքներին աջակցելուն և հակակոռուպցիոն պայքարի արդյունքում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելուն ուղղված մի շարք հարցերի:
15:07 - 19 փետրվարի, 2020
Բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում

Բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում

Բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Սնանկության մասին» բարեփոխված օրենքի շուրջ աշխատանքային քննարկում: Այն նախաձեռնել էին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը և Հայաստանի բանկերի միությունը: Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը:Հանդիպման նպատակն էր՝ առևտրային բանկերի ներկայացուցիչներին առավել համակողմանի ներկայացնել օրենքում կատարված փոփոխությունները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն ու Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մանրամասն ներկայացրել են օրենքում կատարված փոփոխություններն ու այն կարևոր նորամուծությունները,  որոնք սպասվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ապրիլի 15-ին, և հատկապես այն փոփոխությունները, որոնք կարող են առնչվել բանկային համակարգին՝ որպես սնանկության վարույթի պարտատերեր: Անդրադարձ է կատարվել նաև սնանկության գործերի ենթակայությանը, սնանկության վարույթում գրավի առարկայի իրացմանը, սնանկության կառավարիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն և այլ հարցերին:Փոփոխությունների ներկայացումից հետո հաջորդել է հարցուպատասխանը քննարկման մասնակիցների միջև:Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին նման քննարկում կազմակերպելու և արդյունավետ համագործակցության համար: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Հայաստանում գործունեություն իրականացնող 17 բանկերի ներկայացուցիչներ:
18:05 - 18 փետրվարի, 2020
Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները

Սրբուհի Գալյանը ԵԱՀԿ համաժողովին ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության և տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության և թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ համաժողովին: Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքներում Հայաստանի կառավարությանն աջակցելու համար: Սրբուհի Գալյանն անդրադարձել է վերջին երկու տարում Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավար գործընթացներին, տարբեր մակարդակներում կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ ընդգծելով, որ 2017 թվականի համեմատ 2018թ-ին կոռուպցիոն հանցագործությունների հիմքով հարուցված քրեական գործերի քանակն ավելացել է 60% -ով: Փոխնախարարը ներկայացրել է նաև շահագրգիռ կողմերի հետ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները՝ դրանցից առանձնացնելով մասնակցային մեխանիզմների ներդրումն ու հայտարարագրման համակարգի կատարելագործումը: Վերջինի առումով Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ համակարգն էականորեն բարելավվել է, և ներկայում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամներ էլեկտրոնային եղանակով ներկայացնում են գույքի և եկամուտների հայտարարագիր: Ի թիվս այլ հարցերի՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է նաև ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին, կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին՝ https://azdararir.am/am/-ին, իրավական ակտերի մշակման գործընթացում հասարակության ներգրավվածությունն ապահովող www.e-draft.am հարթակին, իրական սեփականատերերի բացահայտմանն ու էլեկտրոնային գործիքների շարունակական ներդրման միջոցով վարչարարության հետագա պարզեցմանն ուղղված աշխատանքներին:
13:55 - 18 փետրվարի, 2020
Բարեվարքության ստուգումը կնպաստի պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը․ Ռուստամ Բադասյան

Բարեվարքության ստուգումը կնպաստի պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը․ Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի անդամներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովին՝ միջոցառմանը հրավիրելու համար և կարևորել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ  նախատեսված ինստիտուցիոնալ մարմինների ձևավորումը, որոնք իրենց հետագա գործունեությամբ կոռուպցիայի դեմ պայքարը որակական նոր մակարդակի կհասցնեն: Նախարարի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում չհաջողելը հիմնականում պայմանավորված է եղել նաև բավարար մասնագիտական պատրաստվածություն և  միջազգային գործող մեխանիզմների մասին բավարար գիտելիքներ չունենալով, և թերագնահատվել է կոռուպցիայի կանխարգելման գործառույթի իրականացումը՝ մշտապես կարևորելով հանցագործությունների քննությունը: «Այս թյուրընկալումը վերացնելու առաքելությունն այսօր ունի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և կարծում եմ՝ իրենց գործունեությամբ կհիմնավորեն հակառակը»,- նշել է Ռուստամ Բադասյանը: Նախարարը կրթական և իրազեկման միջոցառումներին զուգահեռ՝ Հանձնաժողովի գործառույթներից կարևորել է հայտարարագրերի վերլուծությունն ու բարեվարքության ստուգումը և ընդգծել, որ այն հաջողությամբ իրականացնելու դեպքում հանրության վստահությունը կբարձրանա ոչ միայն Հանձնաժողովի, այլև բարեվարքության ստուգումն անցած աշխատակիցներով գործող մարմինների նկատմամբ: Այդ առումով նախարար Բադասյանը վերահաստատել է Արդարադատության նախարարության պատրաստակամությունը՝ ամենօրյա ռեժիմով աջակցելու Հանձնաժողովի արդյունավետ գործունեության ապահովմանը: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:54 - 14 փետրվարի, 2020
ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին, հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։  Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին այցի համար և նշել, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հետագա համագործակցության ուղղությունները: Դեսպան Լազարոթոն իր լիակատար աջակցությունն է հայտնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և ներկայացրել Շվեյցարիայի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Ռուստամ Բադասյանը, ողջունել է Շվեյցարիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ծրագրերը և դեսպանի հետ քննարկել իրավական համագործակցության ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
18:48 - 13 փետրվարի, 2020
Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|

Վենետիկի հանձնաժողովի հետ սկզբում էլ, հիմա էլ, հետո էլ շատ ինտենսիվ աշխատում ենք |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում բավականին կոշտ գնահատականներ է տվել հանրաքվեի գործընթացի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի և պետության դեմ, որ այսօր դրված է մեկ խնդիր՝ ունենալ իշխանությանը հլու հնազանդ ՍԴ։ Ես չեմ մեկնաբանում Դավիթ Հարությունյանին, ինքն իր կարծիքը ունի, ես այդ կարծիքը չեմ կիսում։ Ամեն դեպքում այս գնահատականները իշխանության մոտ իր առաջնահերթությունները վերանայելու տեղ թողնո՞ւմ են։ Եթե վերանայումներ ասելով նկատի ունեք հետնահանջը, իհարկե, նման մտադրություն իշխանությունը չունի։ Իշխանությունն իր վճռական խոսքն ասել է բոլոր քննարկումների ժամանակ, նահանջի որևէ հնարավորություն ես բացառում եմ, հնարավոր չէ։ Ո՞ր դեպքում է  հնարավոր, որ հանրաքվե տեղի չունենա։ Օրինակ՝ եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, ի՞նչ է լինելու։ Այս պահին ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Ամեն ինչ գնում է իր բնականոն հունով։ Պետք չի գուշակություններով զբաղվել. եթե ՍԴ դատավորները հրաժարական տան, կգա այդ օրը, այդ ժամանակ էլ կարող ենք դրա մասին խոսել։ Այս պահին ես հանրաքվեի չեղարկման հնարավորություն չեմ տեսնում։ Ընդդիմությունը նշում է, որ 2000 տեղամասերում օրենքի պահանջով պետք է փակցված լինի ՍԴ եզրակացությունը սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը չկա։ Նրանք ձեզ մեղադրում են հակասահմանադրական գործողությունների մեջ։ Որն է ձեր պատասխանն այս քննադատություններին։ Ես և իմ գործընկերները բազմիցս անդրադարձել ենք այս հարցին և թեման հիմնավոր փակել ենք, որ որևէ հակասահմանադրական գործողություն, քայլ մեր կողմից չկա։ Ընթացակարգերի մասով էլ շատ անդրադառնում են, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը չկա։ ԱԺ կանոնակարգը շատ հստակ սահմանում է, որ եթե արտահերթ ռեժիմով քննարկման է գնում հարցը, հանձնաժողովն ունի երկօրյա ժամկետ գրավոր առաջարկների ընդունման համար և հանձնաժողովը դա չի խախտել։ Խմբակցությունն էլ իր միջնորդությամբ և հիմնավորմամբ ներկայացրել է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Սա ԱԺ կանոնակարգ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետն է։ Էստեղ որևէ ընթացակարգային խախտում չկա, ամեն ինչ իր հունով գնացել է։ Չե՞ք կարծում, որ իշխանությունը շատ ուշացրեց ՍԴ խնդրի լուծումը։ Եթե կար հանրաքվեի տարբերակը, ինչո՞ւ գնացիք պլան A, պլան B-ի տարբերակներով։ Մենք ամեն դեպքում ձեռք ենք մեկնել և փորձել ենք հնարավորինս լուծումներ առաջարկել, բայց ինչպես տեսնում եք, դրանք արդյունք չեն տվել։ Սա գործընթացի ընդամենը շարունակությունն է։ Շարունակությունը՝ lragir.am-ում
11:51 - 13 փետրվարի, 2020
Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից․ Ռուստամ Բադասյան |tert.am|

Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից․ Ռուստամ Բադասյան |tert.am|

tert.am: Մեր բոլոր դատաիրավական բարեփոխումների նպատակն իրապես անկախ դատական համակարգ ունենալն է, անկախ ոչ միայն գործադիրից և օրենսդիրից, այլև արտաքին ազդեցություններից, որոշ շրջանակների ազդեցություններից, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Վերջինս նշեց, որ թեպետ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը հայտնի է, բայց հանրաքվեի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու հարցը կքննարկեն եվրոպացի գործընկերների հետ։ Անդրադառնալով ՍԴ-ի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքներին՝ նախարարն ասաց, թե ինքը չի տեսել որևէ այնպիսի հայտարարություն, որը մտահոգիչ կլինի կամ կարող է դիտվել մտահոգիչ: «Ես տեսել եմ, որ Հայաստանում մեկնարկած դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումներին միջազգային կառույցների կողմից տրվել են լավ, բարձր գնահատականներ, նշվել է, որ այն, ինչն այսօր կատարվում է Հայաստանում, հնարավոր չէր տասը տարի առաջ, հնարավոր չէր նախկին պայմաններում, և ողջունել են Հայաստանում մեկնարկած բարեփոխումները»,-ասաց Բադասյանը՝ նշելով, թե այս փուլում իրենց խնդիրը ցույց տալն է, որ բարեփոխումները շարունակական են լինելու: Դիտարկմանը, թե ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրավական առումով խնդիր է տեսնում, որ երկրի ղեկավարը հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել ՍԴ բոլոր դատավորների հետ, Բադասյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ եթե որոշակի պարզաբանման հարցեր կան կամ, օրինակ, ՍԴ դատավորները ճնշում են տեսնում որևէ կողմից իրենց նկատմամբ, կարող են նաև այդ հարցով դիմել ՀՀ վարչապետին. նա որևէ միտում չուներ որևէ կերպ կասկածի տակ դնելու որևէ անկախ մարմնի անկախության խնդիրը»:
17:25 - 12 փետրվարի, 2020
Անվտանգության ռենտգեն սարքեր, անցումային և ձեռքի շարժական դեդեկտորներ․ ՔԿՀ-ները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

Անվտանգության ռենտգեն սարքեր, անցումային և ձեռքի շարժական դեդեկտորներ․ ՔԿՀ-ները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ առանձնակի կարևորվել են քրեակատարողական հիմնարկների արդիականացումը և տեխնիկական հագեցումը, մասնավորապես՝ անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինումը։ Այս մասին  տեղեկացնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը: Ռազմավարական այս ուղենիշների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից արդեն իսկ ձեռք են բերվել և բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ռենտգեն սարքեր, ինչպես նաև «SECUPLUS» մակնիշի անցումային և ձեռքի շարժական դեդեկտորներ (մետաղորսիչ սարքեր), որոնց կիրառմամբ հանձնուքների, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների ռեժիմային գոտիներ մուտք գործող ֆիզիկական անձանց ստուգումն ու զննությունն իրականացվում են անհամեմատ արագ, արդյունավետ և հուսալի եղանակով։ Ժամանակակից հիշյալ սարքերով տեխնիկական վերազինումը հնարավորություն  է տալիս էականորեն նվազեցնել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, այդ թվում՝ թմրամիջոցների ներթափանցման դեպքերը, բացի այդ՝ ստուգման գործընթացներում նորարարական սարքերը մարդկային միջամտությունը հասցնելու են նվազագույնի` դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Նոր սերնդի տեխնիկական սարքեր ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ շահագործման մեջ եղած նախկին սարքերի հետ համատեղ օգտագործելու արդյունքում հնարավոր է դարձել նաև ավելացնել հսկման կետերի քանակները` բարելավելով հիմնարկների անվտանգության ապահովման մակարդակը և հսկողության վիճակը։ Քրեակատարողական հիմնարկների տեխնիկական վերազինումը և արդիականացումը կրելու է շարունակական բնույթ։
14:38 - 12 փետրվարի, 2020
Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Վարչապետը հաստատել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, իրավաբան-գիտնականներ Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը, Տիգրան Մարկոսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը: Վարչապետի որոշման մեջ նշվում է.  1) հանձնաժողովի գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովել դրա հանրային քննարկումը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ. 2) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
12:15 - 12 փետրվարի, 2020
ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 4-7-ը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա: Այս մասին հայտնել է  Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը: Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ: Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ: Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ: Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ:
16:44 - 03 փետրվարի, 2020
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը

ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանի և ԱՆ աշխատակազմի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող Անչափահասների արդարադատության խորհրդի 2019 թվականի ամփոփիչ նիստը: Ողջունելով ներկաներին՝ Սուրեն Քրմոյանն արձանագրել է, որ տարիների ընթացքում Խորհրդի գործունեության կայունությանն ուղղված միջգերատեսչական ջանքերն արդարացված են, իսկ արդյունքները՝ տեսանելի, քանի որ ներկայում պետական համակարգում ցանկացած ձևաչափով քննարկումներում և որոշումների կայացման հիմքում արձանագրվում է նաև երեխայի լավագույն շահի պահպանման խնդիրը: ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և ամփոփել Խորհրդի գործունեության 2019 թվականի արդյունքները: Մասնավորապես, որպես արդյունք՝ Արփինե Սարգսյանը նշել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը և արձանագրել, որ ծրագրի որոշ միջոցառումներ արդեն իսկ տեղ են գտել Կառավարության նիստում հավանության արժանացած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ: Հաջորդիվ, Խորհրդի նիստի օրակարգին համապատասխան՝ տեղի է ունեցել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում երեխայի իրավունքներին առնչվող դրույթների առաջարկությունների քննարկումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխայակենտրոն իրավաբանական օգնության ուղենիշների ներկայացումը: Նիստն ամփոփվել է 2020 թվականի աշխատանքների պլանավորմամբ:
08:08 - 27 դեկտեմբերի, 2019