ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ԱԱԾ-ն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր

ԱԱԾ-ն բացահայտել է «Բարգավաճ Հայաստան»-ի անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:  Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ «Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ,  կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ: Ընդ որում, նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ; Ուշագրավ է հատկապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված անձանց հստակ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:27 - 14 հունիսի, 2020
Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր․ ԱԱԾ

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2010 թ. դեկտեմբերի 29-ին գրանցված «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, գիտակցելով 2013 թվականի դեկտեմբերի 28-ին ընդունված «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «ա», «բ», «գ» ենթակետերի ուժով 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն և /կամ/ շահումով մեքենայացված խաղ և /կամ/ անմիջականորեն /խաղասրահի միջոցով/ ինտերնետ շահումով խաղ բացառապես կրթական և պատմամշակութային օջախներց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված հեռավորությամբ՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի համայնքների վարչական սահմաններում, Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված վայրերում և չափանիշներին համապատասխան գործունեություն իրականացնելու հնարավորության հանգամանքի մասին, արտոնյալ պայմաններով գործունեությունը նույն վայրում շարունակելու, շահումով խաղերի բնագավառում մենաշնորհային դիրք զբաղեցնելու և ՀՀ կառավարությանը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, թաքցնելով իրական փաստերը, խաբեության եղանակով՝ մինչ այդ «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության և նրա հիմնադիրների ու մասնակիցների կողմից կառուցված և 2011թ. հունվարի 19-ին ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում պետական գրանցում ստացած ընդհանուր 13.3770  հա մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն իսկ գործող «Շանգրի Լա» խաղատունը, ներկայացնելով որպես վերը նշված ծրագրի շրջանակներում 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրման արդյունքում կառուցված շինություններ և 500 աշխատատեղով բացված ժամանցի վայրեր, մոլորության մեջ են գցել պատկան մարմիններին, ինչի արդյունքում ծրագիրն ստացել է ՀՀ կառավարության հավանությունը և 2013 թ. դեկտեմբերի 26-ի 1477-Ա որոշմամբ թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը, որի հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից: Այնուհետև, «Օնիրա Քլաբ» ՍՊ ընկերության իրավասու անձինք, օգտվելով խաբեության արդյունքում ՀՀ կառավարության կողմից ընձեռնված հնարավորությունից, 2013 թ. դեկտեմբերի 27-ին ստացել են ՀՀ Կոտայքի մարզի գյուղ Վերին Պտղնի, Երևան-Աբովյան խճուղի թիվ 5 հասցեում գտնվող հանգստի և ժամանցի կենտրոնում, շահումով խաղերի, խաղատների գործունեություն իրականացնելու վերաբերյալ ԽՏ-001 լիցենզիան, որից հետո, անտեսելով շահումով խաղերի, խաղատների գործունեությունը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունը միայն լիցենզիայում նշված վայրում  /հասցեում/ կազմակերպելու մասին «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջները, խախտելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.3. ենթակետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի պահանջները, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դիտավորությամբ նույն տարածքի մեկ այլ վայրում, ստացված լիցենզիայի անվան տակ՝ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի), 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց արարքին քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասը հատուցելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:52 - 14 հունիսի, 2020
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգամավորները։ «Որքանով մեզ տեղեկություն հասավ, խնդիրը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ԲՀԿ մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի վերաբերյալ իբր ինչ-որ ֆինանասական խնդիրների։ Գումար է տվել, չգիտեմ ինչ է արել, խուզարկողները չկարողացան հստակ բացատրել։ Խուզարկություններ են իրականացվում նաև Գեղարքունքի մարզի ԲՀԿ կառույցների պատասխանատուների, նաև մեր համակիրների տներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Նրա խոսքերով՝ ԱԱԾ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն։ «Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում։ Այս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն ձեռնարգով, կրկնվում է նույն պատմությունը, ինչ 2015 թվականին էր, որևէ տարբերություն չկա»,- ասաց նա։
09:38 - 14 հունիսի, 2020
ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով


 |armenpress.am|

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով |armenpress.am|

armenpress.am:  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է իշխանությունների ներկայացուցիչների հետ` ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու հարցով։   ԿԽՄԿ Երևանի գրասենյակի հաղորդակցության և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց.   «Մենք կապի մեջ ենք համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ տվյալ հարցով։ Ինչպես գիտեք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, որպես չեզոք միջնորդի, իրավասությունների շրջանակում է այցելությունը հակամարտության առնչությամբ ձերբակալված անձանց` նրանց հանդեպ վերաբերմունքը, պահման պայմանները վերահսկելու նպատակով և հնարավորություն տալու կապ հաստատել ընտանիքի հետ»։   Հիշեցնենք, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: 
19:40 - 12 հունիսի, 2020
Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է |fip.am|

Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է |fip.am|

fip.am: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 3-ին Վանաձորում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հեռացումից հետո բյուջե գումար չի վերադարձվել: Մասնավորապես, նորաստեղծ կուսակցության վանաձորյան գրասենյակի բացման ժամանակ Վանեցյանը նշել էր. «…Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել»:  ԱԱԾ նախկին տնօրենի պնդումն իրականությանը չի համապատասխանում: Խոսքը ԱԱԾ քննչական դեպարտամենտում կոռուպցիոն հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնված գումարների մասին է։  Նշենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2018 թ. մայիսի 10-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո: Մոտ մեկուկես տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին, նա ազատվել էր պաշտոնից։ Դրանից հետո Վանեցյանը հայտարարել էր, որ զբաղվելու է քաղաքականությամբ՝ սկսելով քննադատել գործող իշխանություններին։ Ընդդիմադիր կեցվածք ընդունած ԱԱԾ նախկին տնօրենը 2020 թ. մայիսին ընտրվել է աջ կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության նախագահ:  Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո պետբյուջե վերադարձված գումարների չափը։ Ներկայացվածից պարզ է դառնում, որ նրա պաշտոնավարումից հետո ևս վերականգնվել  են միլիարդավոր դրամներ: Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ամիսների ընթացքում (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր` 17 ամիս), բյուջե է վերականգնվել մոտ 16 մլրդ 874 մլն 166 հազար դրամ: Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունիս (10 ամիս) ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3 մլրդ 943 մլն 670 հազար դրամ:   Պետբյուջե վերադարձված գումարները Հատկանշական է, որ Արթուր Վանեցյանի մատնանշած 43 միլիարդ դրամը վերականգնվել է ոչ միայն ԱԱԾ-ի, այլ բոլոր իրավապահ մարմինների (ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայություններ) կողմից իրականացված գործողությունների արդյունքում։ Եվ ինչպես տեսնում ենք, նրա հրաժարականից հետո միայն ԱԱԾ-ն կոռուպցիոն գործերով պետբյուջե է վերականգնել շուրջ 4 միլիարդ դրամ։    Լուսինե Ոսկանյան
14:23 - 12 հունիսի, 2020
Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

Փոխվարչապետն անդրադարձավ ուժային կառույցների ղեկավարների փոփոխություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ոստիկանապետի փոփոխությունները պայմանավորում է աշխատանքի ինտենսիվության աճի բարձրացման անհրաժեշտությամբ: Այս մասին Գրիգորյանն ասաց հունիսի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Արդյունավետ լինելու կամ աշխատանքի տեմպերի հետ կապված այսօր պահանջները փոխվել են: Անելիքները շատ-շատ են, աշխատանքի ինտենսիվությունն էականորեն աճել է: Ավելի մեծ ծավալի աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»,- ասաց փոխվարչապետը: Այն հարցին, թե խնդիր չէ արդյոք 2 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության երեք տնօրենի փոփոխությունը, Գրիգորյանը պատասխանեց. «Իսկ դուք կարծո՞ւմ եք, որ ճիշտը նա է, որ անվերջ նույն մարդը ղեկավարի տվյալ կառույցը»:
16:34 - 11 հունիսի, 2020