ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ադրբեջանն ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով վտանգել է Սիսիանի և այլ համայնքների բնակչության կյանքը․ ՄԻՊ

Ադրբեջանն ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով վտանգել է Սիսիանի և այլ համայնքների բնակչության կյանքը․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի ներխուժումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանական զինված ուժերի նոյեմբերի 14-ից հանցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը: Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում, ինչպես նաև Սիսիան քաղաքի մի մասի բնակիչների համար լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայներ: Նորավանում նաև լսելի են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ. այստեղ կրակոցների ձայներն այսօր լսելի են եղել ժամը մոտ 13-ից սկսած և դեռ ժամը 16:30-ի դրությամբ եղել են լսելի: Սյունիքի մարզ 2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների արդյունքում նշված բնակավայրերի բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությյունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում: Օրինակ՝ Նորավանի դեպքում մարդիկ զրկվել են 200-400 հա արոտավայրերից ու խոտհարքներից: Աղիտուի դեպքում մարդիկ զրկվել են շուրջ 800 հա հողատարածքից, որից մոտ 200 հա խոտհարք և մոտ 600 հա արոտավայր: ՀՀ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են երկրի բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում»:
19:22 - 16 նոյեմբերի, 2021
Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների: Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ: Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ: Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով: Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական: Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ: Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն: Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում: Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»:
14:08 - 16 նոյեմբերի, 2021
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «1) Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում: Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները, անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները:   2) Նախ, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:   Սահմանադրության 2-րդ գլուխը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները:   ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:   Սահմանադրության 52-րդ հոդվածն ամրագրում է նշված մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը:   ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն: Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:   3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մինչ օրս, այդ թվում՝ կապված 2021թ. նոյեմբերի 10-ին և 14-ին հայտարարված համապատասխանաբար Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային հսկողության անցակետեր սահմանելու հետ, տեղում այցերով և մշտադիտարկմամբ, Պաշտպանին հասցեագրված անհատական ու կոլեկտիվ կոնկրետ բողոքների քննությամբ ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն: Չկան այս իրավունքների պաշտպանության, խախտում կատարողներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ և այլն:   Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրվել են ՀՀ բնակչության իրավունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ ճանապարհը Որոտանի և Դավիթ Բեկի հատվածներում օգոստոսի 25-27-ը դիտավորությամբ կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ բնակավայրեր մեկուսացման և հումանիտար ճգնաժամի առաջ դիտավորյալ կանգնեցնելը, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զենքով սպառնալը, ահաբեկելու նպատակով ավտոբուսով երեխաների կանգնեցնելը, ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաղացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի վառելիք տրամադրելու և այլ անօրինական պահանջներ ներկայացնելը և այլն:   Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, արձանագրվել են ճանապարհի մայթեզրին նրանց զենքով ու դիմակավորված հայտնվելու փաստեր (այդ թվում՝ նոյեմբերի 14-ին): Պետք է հիշել, որ 2021թ. փետրվարի 26-ին այս ճանապարհը մի քանի ժամով փակվել էր ադրբեջանական զինված ծառայողների սադրանքի պատճառով:   Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:   Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:   Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով):   Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա: Ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:   ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ։ 
20:11 - 15 նոյեմբերի, 2021
Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1. Մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: 2. Այս սպառնալիքը չի վերացել. ադրբեջանական իշխանությունները ավելի են խորացրել հայատյացյությունն ու թշնամանքի քարոզը: 3. Քաղաքական շահերը չպետք է խանգարեն մեր երկրի ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգությանը, մեր ամենակենսական իրավունքներին վերաբերող այս օրհասական հարցերի լուծմանը: 4. Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության կյանքի, ազատ տեղաշարժի ու մյուս կենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտում է, անվտանգության իրական սպառնալիք: 5. Ուստի, բոլորիս առաջնահերթ խնդիրն է (ամեն մեկս մեր մասով) ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք: Սա առավել ևս վերաբերում է մեր երկիր ադրբեջանական ներխուժումներին. նրանք նաև պետք է պատժվեն իրենց հանցավոր արարքների համար: 6. Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ստորադաս է»:
15:09 - 15 նոյեմբերի, 2021
Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։    «Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:    Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով սա հիմնավորված է ու շարունակելու ենք փաստեր ներկայացնելը»,-ասվում է «Ֆեյսբուք»-ում արված գրառման մեջ։ 
15:08 - 14 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Մոլորեցնող հրապարակումները կանխելու նպատակով՝ Պաշտպանը հրապարակել է տեսանյութ այն մասին, որ ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ «Այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց փաստեր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունն անօրինական է և որ այդ պատճառով Սյունիքում առաջ են եկել մարոդու իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լրջագույն խնդիրներ, որոշ լրատվամիջոցներում երեկ արվել են արհեստական հրահրված տարբեր հրապարակումներ, թե իբր ՀՀ մարդու իրավավունքների պաշտպանի փաստերը, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն էականորեն դժվարացել է, իրականությանը չեն համապատասխանում: Ուստի, մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված): Այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ արտաքին աշխարհից մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ: Ուստի, այս հրապարակումը (տեսանյութ-ապացույցը) ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք: Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները: Նրանք պետք է հեռացվեն և վերջ: Հ.Գ. Տեղական մարմինները, ինչպես նաև Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար, ինչի մասին երեկ հատուկ մենք հայտարարել էինք, բայց Մարդու իրավունքների պաշտպանի այդ ու այս հայտարարությունների նպատակային նշանակությունը բոլորովին այլ է»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
10:51 - 13 նոյեմբերի, 2021
Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով: Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է: Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում: Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։ Զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով: Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը: Նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն: Ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին: ՀՀ բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը: Նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful): Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է: Այս նույն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաև այս տարվա օգոստոսին՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պետք է ավելացնել նաև իրավունքների խախտումները մյուս դեպքերը (օրինակ՝ երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և երեխաներին դիմակավորված ծառայողներով ու զենքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զենքով սպառնալը): Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին: Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։
21:50 - 12 նոյեմբերի, 2021
Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1834-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2020  թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում, որով 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից: Նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:
14:13 - 12 նոյեմբերի, 2021
Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում: Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»:
15:08 - 11 նոյեմբերի, 2021
Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել: Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների: Կովսականի դեպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրված են իմ զեկույցում․ առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել»,-գրել է Արման Թաթոյանը։
11:46 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների ներկայութունը, նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են․ պետք է ոչ թե լեգիտիմացնել դա, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու համար․ ՄԻՊ–ը հարցեր է ուղղել ԱԽՔ–ին

Ադրբեջանցի զինծառայողների ներկայութունը, նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են․ պետք է ոչ թե լեգիտիմացնել դա, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու համար․ ՄԻՊ–ը հարցեր է ուղղել ԱԽՔ–ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբույքյան գրառում է արել, որում անդրադառնում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, որ ադրբեջանական կողմն այսօր գիշերը ժամը 12-ից սկսած` Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի Գորիս - Կապան ճանապարհին։ Գրառման մեջ ասվում է․ Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե [առնվազն]՝ 1. ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը. 2. արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն. 3. ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ [հարակից գյուղերի] բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ. 4. ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը: Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե: Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ:
09:55 - 11 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական կրակոցները Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են տրակտորի ապակիները․ կրակոցների պահին բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը․ ՄԻՊ

Ադրբեջանական կրակոցները Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են տրակտորի ապակիները․ կրակոցների պահին բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական երեկվա կրակոցներն Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ եղել են թիրախային, փշրել են հողային աշխատանքներ իրականացնող քաղաքացիական բնակչի տրակտորի հետևի ու կողային ապակիները: Կրակոցների պահին համայնքի բնակիչը գտնվել է տրակտորի մեջ և վարել է հողը։ Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողներն էլ գիտակցել են, որ խաղաղ բնակիչը զբաղված է գյուղատնտեսական աշխատանքներով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փաստահավաք աշխատանքներով ստուգվել և հաստատվել են (կից՝ վնասված տրակտորի լուսանկարները): Կրակոցներն արձակվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի ուղղությամբ, տեղի են ունեցել 2021թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում: Ադրբեջանական զինված ուժերի այս արարքն ուղղված է ՀՀ խաղաղ բնակիչների արժանապատվության, կյանքի ու սեփականության իրավունքի դեմ, խաթարում է մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքը: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Հայաստանի բնակիչների իրավունքներն անընդհատ խախտող ադրբեջանական արարքների գլխավոր պատճառներից են անպատժելիությունը, ինչպես նաև պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը: Այս հաղորդումը կներառվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում ու կուղարկվի միջազգային կառույցներին»:
14:50 - 10 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական զինծառայողներն ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները, հետևաբար անվտանգության գոտին հրատապ է. Արման Թաթոյան

Ադրբեջանական զինծառայողներն ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները, հետևաբար անվտանգության գոտին հրատապ է. Արման Թաթոյան

Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի ճանապարհներին են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ Այս մասին նոյեմբերի 8-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ կայացած «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:   Քննարկման նպատակն էր հանգամանալից անդրադարձ կատարել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մարդու իրավունքների վիճակին, ռազմական գործողություններից հետո ստեղծված մարդասիրական ճգնաժամին և միջազգային կառույցների՝ մասնավորապես, Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի դերակատարությանը։   «Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմը բացի քաղաքական, ռազմական հարթությունից ունի ևս մեկ՝ մարդու իրավունքների հարթություն, սակայն մարդու իրավունքների բաղադրիչը լիովին անտեսված է։ Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամեն օր ոտնահարում են սահմանին ապրող հայ բնակիչների իրավունքները։ Եվ անվտանգության գոտու ստեղծումը, ինչը մենք առաջարկել ենք, անհրաժեշտություն է՝ վերականգնելու սահմանին ապրող մարդկանց բնականոն կյանքը, սկսելու բանակցություններ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերի շուրջ»,- ասել է ՀՀ օմբուդսմանը։   Արման Թաթոյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության պետական քաղաքականությանը: «Ադրբեջանական իշխանությունների պետական հովանավորչությամբ հայատյացության և թշնամանքի քարոզը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում ունեն 2 հենասյուն՝ էթնիկ և կրոնական։ Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաև այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր և ադրբեջանցիներ։ Դա ողջ աշխարհում երկու ժողովուրդների միջև թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է»,- ասել է Արման Թաթոյանը:   ԲՀՀ – Հայաստանի կազմակերպած առցանց միջոցառմանը որպես բանախոս ելույթներով հանդես են եկել նաև Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական խորհրդարանում ներկայացված Կանաչների/ Եվրոպայի ազատ ալյանս խմբի անդամ Հեյդի Հաուտալան, փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, փաստաբան, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը ներկայացնող իրավաբանական թիմի անդամ Լևոն Գևորգյանը: Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ միջազգային կառույցների ակտիվ ու առավել մեծ ներգրավածությունն այս պահին չափազանց կարևոր է։ Մասնավորապես, ԵՄ-ի աջակցությամբ, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի մանդատով մշտադիտարկման առաքելության տեղակայումը սահմանին կօգնի հասցեական անդրադառնալ սահմանային իրավիճակին և այնտեղ մարդու իրավունքների խախտումներին։   Բանախոսները նաև ընդգծել են միջազգային կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու անհրաժեշտության մասին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար։ Քննարկման ընթացքում հատուկ ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ գնահատական տա ներկայում կատարվող իրադարձություններին և հավասարության նշան չդնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։   Միջազգային կառույցները պետք է առավել ազնիվ լինեն հանրային հայտարարություններում ու քաղաքականության մեջ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմագերիների անհապաղ վերադարձին, ինչպես նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայերի նկատմամբ խտրականության և ատելության խոսքի դրսևորումներին։
22:26 - 09 նոյեմբերի, 2021
Այդ կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որոնք նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը․ ՄԻՊ

Այդ կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որոնք նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը․ ՄԻՊ

Այսօր Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից կրակոցներով քաղաքացիական 3 անձի վիրավորելը և 22-ամյա 1 անձի սպանությունն անհերքելի ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողներ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական որևէ բնակավայրի մոտ չպետք է լինեն: Այդքան այս մասին զգուշացնում ենք:   Պետք է ի վերջո ընդունել, որ ինքնին ադրբեջանական զինվորականների ներկայությունը քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, ովքեր ապրում են իրենց կյանքի համար անմիջական անընդհատ վտանգի ներքո:   Արցախի իմ գործընկերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաստատել է, որ այսօր՝ 2021թ. նոյեմբերի 8-ին ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի մոտ ջրամատակարարման խողովակների վրա նորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց վրա: Արդյունքում՝ խաթարվել է նաև Բերձրորի ճանապարհի Շուշիի հատվածի երթևեկությունը: Այս տեղեկությունները հաստատումոցվ հրապարակել է նաև Արցախի ԱԱԾ-ն:   Այս կրակոցները ահաբեկչական հանցավոր արարքներ են, որ ոչ միայն քաղաքացիական անձանց ապօրինի զրկել են կյանքի իրավունքից, այլ նաև նպատակ ունեն ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:   Ակնհայտ է, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է, դա խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը, մարդկանց բնականոն կյանքը:   Փաստերը վկայում են, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում այս խախտումները բնույթով նույնն են ու դրանց իրական պատճառը ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է: 2020թ. պատերազմից հետո այն ոչ միայն չի նվազել, այլ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ ի ցույց դնելով ֆաշիստական բնույթը: Այն ավելի է մեծացնում լարվածությունը և խորացնում թշնամանքը:   Սա մարդու իրավունքների լրջագույն խնդիր է: Ադրբեջանական այս քաղաքականությունն է մարդկանց կյանքի, սեփականության և մյուս բոլոր իրավունքների խախտումների հիմքում, այն խախտումների աղբյուրն է:
20:01 - 08 նոյեմբերի, 2021
Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան

Արման Թաթոյանը Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ին տված հարցազրույցում վերահաստատել է իր պնդումը, համաձայն որի  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ «Ի դեպ, քաղաքական գործունեություն ասելով ես նկատի ունեմ իր անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։ Նա, եթե չեմ սխալվում, նշանակվել է 2016 թ․-ին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին։ Մինչդեռ ՄԻՊ-ի գործառույթն է քաղաքացուն պետությունից պաշտպանելը, հատկապես՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախը իշխանությունն է։ Ես հասկանում եմ, որ գործառույթ ունի, և մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։ Միակ խնդիրը, որ տեսնում եմ, այն է, որ քաղաքական հայտարարություններով է զբաղվում՝  իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող, և այն ժամանակ որևէ հայտարարություն չէր անում, ասում էր՝ ինչու եք Սարի թաղում մութ ճանապարհներով գնացել, մեղադրում էր ցուցարարներին։ Այս տրամաբանության մեջ է իմ տեսած խնդիրը»։ Արմեն Գրիգորյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու Արման Թաթոյանը 2016-2018 թթ․-ին չի բարձրաձայնել զնծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին․ «Երբ զինծառայողների սոցիալ-տնտեսական խնդիրների մասին է խոսում, ես կուզենայի դուք մի ուսումնասիրություն կատարեիք, 2016-2018 թթ․-ին  նա ինչպիսի՞ հարցեր է բարձրացրել, որովհետև 2018-ից սկսած մեր կառավարությունը ամենամեծ ներդրումներն է կատարել զինծառայողների բնակարանային հարցերը լուծելու համար։  10 տարուց ավելի կուտակված հարցերի մեծ մասը մենք 2018-2019 թթ․-ին լուծել ենք։ Ինչու՞ նաև դա չի արձանագրում։ Եվ ինչու՞ նա չէր բարձրացնում այդ հարցերը 2016-2018 թթ․։ Այդ հարցերի մեծ մասը կուտակված էին եղել այդ ժամանակ։ Եթե այդ ժամանակ լուծեինք, եթե մեր իշխանության գալուց հետո այն բոլոր ռեսուրսները, որոնք հատկացվել են, հնարավոր էր լինելու բոլոր հարցերը լուծել»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Rusarminfo-ին տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտարարություններ է անում։ «Նրան մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, որից հետո կկարողանա արդեն ակնհայտ քաղաքական գործունեություն ծավալել»,-ասել էր նա։ Այս հայտարարությանը նոյեմբերի 3-ի ասուլիսում արձագանքել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ ԱԽ քարտուղարը գերազանցել է իր լիազորությունները․ «Ես պաշտոնապես դիմելու եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության, որպեսզի ապահովի ՀՀ ՄԻՊ-ի անխափան, անկաշկանդ աշխատանքը նաև հետագայում»։
11:58 - 05 նոյեմբերի, 2021