Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

Արարատ Միրզոյանը ողջունել է Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը

Ողջունում ենք Հայաստան ամբողջական քաղաքացիական առաքելություն ուղարկելու ԵՄ որոշումը։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ «Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։ Այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը»,- գրել է Միրզոյանը։ Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին։  Ըստ հաղորդագրության՝ առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
17:04 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը:Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով: Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է հունվարի 18-19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրատապ բանաձևում և «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույցում» արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Արարատ Միրզոյանը և Դեյվիդ Մքալիսթերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և դրա ընդլայնման հեռանկարներին։ Բարձր է գնահատվել նաև դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության աշխատանքը։
16:17 - 23 հունվարի, 2023
Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են․ Սիմոնյանը՝ զինվորների կացարանի մասին

Թող նախաքննությունը գնա, վստահեցնում եմ ձեզ, որ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորական վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին։  Հարցին, թե արդյո՞ք կլինեն քաղաքական պատասխանատվություն կրողներ, օրինակ՝ պաշտպանության նախարարը, Սիմոնյանն ասաց․ «Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ կապ չի կարող ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքը իր աշխատանքը ամբողջությամբ արել է։ Այդ քաղաքական սակարկումները պաշտպանության նախարարի վերաբերյալ շատ սին եմ համարում և անտեղի, որովհետև այն բարեփոխումները, որ պարոն Պապիկյանը իրականացնում է, նաև այն պատասխանատվությունը, որ իր վրա վերցրել է, լինելով փոխվարչապետ, պատերազմից հետո այդ վիճակում նա համաձայնություն է տվել բանակը վերցնել և սկսել բարեփոխումներ»։ Լրագրողի դիտարկմանը, որ զինվորները «խրճիթում» են հայտնվել, Սիմոնյանն ասաց․ «Խրճիթ չի, շինարարական և սակրավորական ջոկատները այնտեղ են բնակվում։ Իրենք ապահովված են ամեն ինչով՝ բացի այդ անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։ Սիմոնյանը հավելեց․ «Այն, որ գործընկերը փորձում է խրճիթ ներկայացնել, սեփական տներ են, որոնք բավական լավ վիճակում են գտնվում և ապահովված են ամեն ինչով»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ գումար է  օգտագործվում այլ ծախսերի, օրինակ՝ ծառայողական մեքենաների, վերելակների համար, Սիմոնյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և որևիցե դեպք չի եղել և չկա 2018-ից սկսած, որ գումարի պատճառով մենք որևիցե գնում չկատարենք։ Քաղաքական ղեկավարությունը իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։ Դժբախտ պատահարը դարձնել քաղաքական շա հարկման թեմա և դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ  համարում»։ Սիմոնյանը նաև նշեց, որ հանդիպել է հրդեհի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին։ Անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի միջազգային արձագանքին,  Սիմոնյանը կարևորեց  ԵԽԽՎ-ի զեկուցը․ «Բավականին ծանրակշիռ և կարևոր փաստաթուղթ էր մեզ համար, և կարևոր էր փաստթուղթ էր Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված, և կարծում եմ՝ դիվանագիտական առումով բավականին հաջողություններ կան գրանցված»։  Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այսօր սպասվող հանդիպմանը, Սիմոնյանն ասաց․ «Մենք բոլոր միջազգային ֆորմատներով այդ հարցը բարձրացնում ենք, և պետք է ասեմ, որ դա իր ազդեցությունը ունենում է, և կարծում եմ՝ հետևանքները մենք կտեսնենք նաև հողի վրա։ Շատ մանրամասներ պահին չեմ կարող ու չեմ էլ ուզում հայտնել»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
13:16 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Հունվարի 23-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջում։ «Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։ Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ»,- նշված է գրառման մեջ։
14:43 - 22 հունվարի, 2023
Միրզոյանը վստահեցնում է՝ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել

Միրզոյանը վստահեցնում է՝ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Նախարարն ընդգծում է, որ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակին, իրավիճակի վերաբերյալ ադրբեջանական կողմի կեղծ և իրարամերժ հայտարարություններին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացին և այլ թեմաների: - Ի՞նչ զարգացումներ կան Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առումով: Կարծիքներ են հնչում, որ գործընթացը փակուղի է մտել: - Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ բանակցությունները երբեք էլ չի դադարեցրել: Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին ենք փոխանցել պայմանագրի նախագծի վերաբերյալ մեր նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ մեր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է: Մենք նաև ականջալուր ենք միջազգային հանրության հորդորներին, և պատրաստ ենք ավելի ինտենսիվ բանակցել: - Այդ թվում Լաչինի միջանցքի բացման շու՞րջ: - Բազմիցս ենք ասել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ հոդվածը, որը կարգավորում է Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը, միջանցքի անխափան գործունեության ապահովման հետ կապված Հայաստանի որևէ գործառույթ չի նախատեսում: Միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելն Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է: Իսկ Լեռնային Ղարաբաղի ներքին կյանքի հետ կապված հարցերը ԼՂ իշխանությունների լուծման տիրույթում են, և այստեղ ևս ՀՀ իշխանությունը գործառույթ չունի: Հավելեմ միայն, որ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն արդեն մոտենում է հումանիտար աղետի և միջանցքի անհապաղ չվերագործարկման պարագայում այստեղ միջազգային հանրության, այդ թվում և առաջին հերթին ՄԱԿ-ի մարդասիրական միջամտության ծայրահեղ անհրաժեշտություն կա: - Վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ իբր զինամթերքի, մասնավորապես ականների տեղափոխմամբ: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն իրենց է փոխանցել դրա վերաբերյալ տվյալներ, որոնք իրենք ուսումնասիրում են: - Պետք է նկատեմ, որ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում: Ադրբեջանը հաճախ պնդում է, որ միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի, ապա, երբ հայտարարվեց, որ խնդրո առարկա ներկայացվող հանքը դադարեցրել է իր գործունեությունը, որպես էկոակտիվիստներ հանդես եկող անձինք պահանջեցին ստուգել միջանցքով անցնող Կարմիր Խաչի մեքենաները և մարդասիրական բեռները, ապա դիմակավորված ներխուժեցին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տուն՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոցը և ահաբեկեցին երեխաներին: Այժմ այդ գործողությունները պատճառաբանվում են ականների մտացածին տեղափոխմամբ: Հերթական անգամ ընդգծեմ՝ Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով, քանի որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայումս նույնպես, ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը շարունակում է մնալ բարձր: Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից: - Լաչինի միջանցքի հետ կապված ևս մեկ հակասություն կա. Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է, թե միջանցքը բաց է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հայտարարում են, թե միջանցքը փակ է: Սա կարող է միջազգային հանրությանը շփոթության մեջ գցել: - Նաև դա է պատճառը, որ մենք առաջարկում ենք Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ որևէ այլ միջազգային կազմակերպության փաստահավաք խումբ ուղարկել և շարունակելու ենք առաջ մղել այս գաղափարը: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: - Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետերի և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն համաձայնեք՝ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն:  - Ի՞նչ կարող եք ասել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման գործընթացի վերաբերյալ: Վերջերս նաև Թուրքիայի ԱԳ նախարարը հույս էր հայտնել, որ Հայաստանը կներգրավվի արևելք-արևմուտք տարածաշրջանային մեխանիզմներին՝ համագործակցելով Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ: - Հայաստանը միանշանակ շահագրգռված է թե՛ տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների լիարժեք ապաշրջափակմամբ՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված սկզբունքներին համաձայն, թե՛ ավելի մեծ տրանսպորտային նախագծերի մաս կազմելու մեջ: Տեղյակ եք հավանաբար, որ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք մեխանիզմների համադրմամբ ՀՀ կառավարության կողմից առաջ է քաշվել «Հայկական խաչմերուկ» նախագիծը: Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ մեր առաջարկներն ուժի մեջ են, և մենք այն կարող ենք իրագործել ցանկացած պահի՝ երկրների ինքնիշխանության և ճանապարհների նկատմամբ իրավազորության ու ազգային օրենսդրության պահպանման շրջանակներում: Ըստ էության, այստեղ միակ ու հիմնական խոչընդոտն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող արտատարածքային միջանցքի անհիմն պահանջն է:   Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության
16:18 - 20 հունվարի, 2023
Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Նիդերլանդների արտգործնախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Նիդերլանդների արտգործնախարարները

Հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի: «Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները:  ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԼՂ վերադարձող երեխաների հետ կապված միջադեպին, Ադրբեջանի կողմից նրանց հանդեպ ցուցաբերած անթույլատրելի վարքագծին:  Նախարար Միրզոյանը կարևորել է Նիդերլանդների կառավարության հասցեական հայտարարությունը Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման վերաբերյալ:  Միրզոյանն ընդգծել է նաև միջազգային հանրության կողմից գործուն քայլերի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու փորձերը կանխելու նպատակով: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
17:51 - 19 հունվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ:  ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր վիճակը:  Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած դիրքորոշումը: Քննարկվել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ, հերթական անգամ ցուցաբերելով իր կառուցողական մոտեցումը, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները և այժմ սպասում է արձագանքի: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-բրիտանական երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայման հեռանկարներին: 
21:22 - 18 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանի կարծիքով Լաչինի միջանցքի հարցով միջազգային հանրության հստակ դիրքորոշումն իր արդյունքը կտա |armenpress.am|

Արարատ Միրզոյանի կարծիքով Լաչինի միջանցքի հարցով միջազգային հանրության հստակ դիրքորոշումն իր արդյունքը կտա |armenpress.am|

armenpress.am: Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից ինչ պարտավորություն է խախտվել։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի արդյունքներին։ Նա հիշեցրեց, որ հունվարի 17-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ՝ Հայաստանի նախաձեռնությամբ, և այնտեղ ինքը հանդես է եկել ելույթով, ապա նաև մյուս անդամ երկրները կամ կազմակերպությունները դիրքորոշում են արտահայտել։ «Քննարկումը ընթացել է փակ ռեժիմով և ինձ իրավունք չեմ վերապահի առանձին մանրամասներ բացահայտել, բայց կարող եմ կիսվել ընդհանուր տպավորությամբ։ Իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ և այդ ելույթներից ակնհայտն էր առնվազն, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ ում կողմից, ինչ է խախտվել, ինչպիսի պարտավորություններ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում։ Կրկնում եմ, որ հստակ գիտակցում կա ԵԱՀԿ-ում և ոչ միայն։ Դուք կարող եք տեսել առանձին երկրների արտաքին գերատեսչությունների, ինչպես նաև խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներ։ Կարծում եմ՝ այս դիրքորոշումները վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների են հանգեցնելու»,- ընդգծեց Միրզոյանը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
17:56 - 18 հունվարի, 2023
Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին ավստրիացի նախարարը իր թվիթերյան միկրոբլոգում: Նա անդրադարձել է Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության  տեղակայման հետ կապված հարցեր: «Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացելու Լաչինի միջանցքը և ապահովելու տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը: Նշենք, որ ՀՀ ու Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 17-ին։ Միրզոյանը հանդիպման ընթացքում իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
17:49 - 18 հունվարի, 2023
Դրական ենք վերաբերվում քննարկմանը․ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման մասին

Դրական ենք վերաբերվում քննարկմանը․ Միրզոյանը՝ ԵՄ դիտորդական նոր առաքելության տեղակայման մասին

Կարծում եմ՝ ավելորդ է նույնիսկ նշել, որ ԵՄ նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք, անշուշտ, դրական ենք վերաբերվում քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից ու տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե ԵՄ-ն նոր երկարաժամկետ առաքելություն է ուղարկելու ՀՀ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով։ Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատել էր տեղեկությունը, որ դեռ անցած շաբաթ նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում: ԱԳ նախարարը նաև հայկական կողմի գնահատանքը հնչեցրեց ԵՄ նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր գործառույթ կատարեց հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի ու հետագա էսկալացիայի կանխման գործում։ ԵՄ դիտորդների տեղակայմանն այսօր՝ հունվարի 18-ին, անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ չնայած ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է, Հայաստանը պայմանավորվում է ԵՄ-ի հետ․ «Չպետք է մոռանալ, որ առաքելությունը տեղակայվելու է Ադրբեջանի սահմանին, և եթե չլինի Ադրբեջանի համաձայնությունը, առաքելության տեղակայումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ավելորդ լարվածություն ստեղծել»։
17:24 - 18 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը չի բացառում, որ այս տարի ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը չի բացառում, որ այս տարի ևս կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Արարատ Միրզոյանը այս տարի ևս Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից հրավիրվել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։  Միրզոյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է ֆորումին, որտեղ ենթադրաբար կլինի հանդիպում ու քննարկում։ Միրզոյանի խոսքով՝ սա շատ կարևոր է երկխոսությունը շարունակելու, զարգացնելու և կոնկրետ առարկայական արդյունքների հանգեցնելու համար։ Նշենք, որ անցյալ տարի ևս Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին ու նաև հանդիպում ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Վերջին տասնամյակում Արարատ Միրզոյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, որ մեկնել է Թուրքիա:  Հիշեցնենք, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպում տեղի է ունեցել հուլիսի 1-ին Վիեննայում որի ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Իսկ արդեն նոյեմբերի 1-ին հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի միջև տեխնիկական պատվիրակությունների միջև՝ քննարկելու այդ հարցերը։  Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի ծառայության
17:05 - 18 հունվարի, 2023
ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

ԵՄ-ն ԵԱՀԿ-ում կոչ է արել Ադրբեջանին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունը․ հայտնի է՝ որ երկրներն են միացել հայտարարությանը |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը նախօրեին հրավիրել էր Հայաստանը, ելույթով է հանդես եկել նաև ԵՄ ներկայացուցիչը։ Մասնավորապես, նշվում է, որ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին Մշտական խորհրդում և շնորհակալություն հայտնում այս նիստում ելույթի և անձնական ներգրավվածության համար։ «ԵՄ-ն մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին 2022 թվականի դեկտեմբերից և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանի իշխանություններին լիովին վերականգնելու միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների։ Ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության շրջանում։ ԵՄ-ն ավելի ու ավելի է անհանգստանում սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ու բժշկական ծառայությունների պակասի, ինչպես նաև էներգիայի մատակարարման և հեռահաղորդակցության խափանումների հետևանքով առաջացած մարդասիրական բացասական ազդեցության հետ կապված։ Իրավիճակը կայուն չէ, լարվածություն է ստեղծում, որոնք հակասում են վստահության ամրապնդման ջանքերին։ ԵՄ-ն կրկնում է, որ բոլոր մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով և կոչ է անում վերադառնալ բանակցություններին: ԵՄ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը վստահության կառուցման ու մտահոգությունները երկխոսությամբ լուծելու, այդ թվում՝ ներկայում քննակվող Հայաստանում առաքելության միջոցով»,- նշվում է հայտարարության մեջ։ Որպես եզրափակում նշվում է ԵՄ-ի շարունակական աջակցությունը Հայաստանին ու նրա քաղաքացիներին։ Նաև ասվում է, որ այս հայտարարությանը միանում են ԵՄ թեկնածու երկրներ՝ Հյուսիսային Մակեդոնիան, Մոնտենեգրոն ու Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայի երկրներից՝ Իսլանդիան ու Նորվեգիան (չեն միացել Շվեյցարիան ու Լիխտենշտեյնը)։ Ստացվում է, որ ԵՄ թեկնածու անդամ երկրներից հայտարարությանը չեն միացել Թուրքիան, Սերբիան, Ալբանիան, Ուկրաինան և Մոլդովան։Առավել մանրամասն՝ factor.am-ում
14:11 - 18 հունվարի, 2023
«ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում»․ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

«ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում»․ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Հունվարի 17-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, մտքեր փոխանակել նույն օրը կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի շուրջ:  «ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը: Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման համար: Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները, ձեռք բերված պայմանավորվածությունները չհարգելը, ռազմատենչ հռետորաբանությունը մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Հայկական կողմը նաև նշել է, որ ԵԱՀԿ-ն իր կառույցների միջոցով պետք է դեր խաղա խաղաղության հասնելու և այն պահպանելու կարևոր գործում։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ շրջանակներում ՀՀ հետ համագործակցության ծրագրերին»,- նշված է ԱԳՆ տրամադրած տեղեկության մեջ։ Լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ-ի
10:22 - 18 հունվարի, 2023
Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, գործարար կապերի ակտիվացումն ու ներդրումային ծրագերի իրականացումը:   Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ գործողությունների հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, միջազգային կազմակերպություններում հայ֊ավստրիական համագործակցությանը և ընդհանուր օրակարգերի առաջմղմանը:
19:36 - 17 հունվարի, 2023