ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները․ ՄԻՊ

ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինուժի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱՄՆ-ում կայացած հանդիպումների մասին․ «ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ փաստերով ներկայացրել եմ ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներխուժումներն ու Հայաստանի բնակչության իրավունքների խախտումները: Հիմնավորված ներկայացվել է անվտանգության գոտու անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխիք Ներկայացվել են նաև փաստեր Արցախում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների փաստերը, որոնք նաև հիմնված են Արցախի իմ գործընկերոջ զեկույցների վրա: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Սփյուռքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ ղեկավար պաշտոնյաների հետ: Մասնավորապես, հանդիպումներ են տեղի ունեցել՝ Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսի հետ. Սան Ֆրանցիսկոյի ղեկավար մարմնի՝ վերահսկողների խորհրդի անդամների և քաղաքապետարանի հետ. Լոս Անջելեսի քաղաքապետարանի վերահսկող մարմնի հետ. Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի հետ. Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ. տարբեր այլ հանդիպումներ»:
11:22 - 24 նոյեմբերի, 2021
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է գերեվարված զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն

ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է գերեվարված զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն

Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն, ադրբեջաներենից թարգմանություն ու նույնականացում։   Այս պահին խոսքը 21 տեսանյութի և 6 լուսանկարի մասին է:   Մենք կապի մեջ ենք գերության մեջ գտնվող ՀՀ զինծառայողների ընտանիքների հետ։   Այս աշխատանքներից հետո նշված նյութերը՝ որպես հավաստի ապացույցներ, պատշաճ կհետազոտվեն և կփոխանցվեն ինչպես միջազգային, այնպես էլ հայաստանյան կառույցներին՝ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձին հարցում օգտագործելու համար:   Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ զինծառայողի կամ քաղաքացիական անձի գերության մեջ լինելու փաստը պետք է արձանագրել այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով պարզվում է, որ նա ադրբեջանական զինված ուժերի կամ իշխանությունների վերահսկողության ներքո է:   Այս դեպքում չհաստատելը նրանց չի ազատում պատասխանատվությունից: Նախկինում բազմաթիվ են եղել են դեպքերը, երբ տեսանյութերով հաստատվել է գերության փաստը, բայց ադրբեջանական իշխանությունները դա չեն հաստատել:
21:53 - 22 նոյեմբերի, 2021
Պետք է ներդնենք ջանքեր մեր երեխաներին ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար․ Միպ ուղերձը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Պետք է ներդնենք ջանքեր մեր երեխաներին ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար․ Միպ ուղերձը՝ Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ հղել է ուղերձ, որում ասվում է․«Պետք է յուրաքանչյուրս մեր աշխատանքում ներդնենք առավելագույն ջանքեր մեր երեխաների համար ավելի լավ երկիր ժառանգություն թողնելու համար, որտեղ յուրաքանչյուր որոշման հիմքում կլինի երեխայի լավագույն շահը: Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է, հետևաբար ևս մեկ առիթ բարձրաձայնելու այն խնդիրները, որոնց բախվում են երեխաները:Մենք կհաջողենք միայն այն ժամանակ, երբ կստեղծենք երեխայի կարիքներին համապատասխան արժանապատիվ ներառական միջավայր, կբացահայտենք երեխայի կարողությունները, կսովորեցնենք ինքնուրույն կյանքի հմտություններ, կլսենք ու կհարգենք երեխայի կարծիքը: Այս կենսական ճանապարհին ծնողները, պետությունն ու հասարակությունը պետք է գործեն՝ իրար օգնելով:Երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հատուկ դպրոցներում գտնվող երեխաները նույնպես ունեն մեր ամենօրյա ուշադրության կարիքը:Մենք ավելի մեծ պատասխանատվություն ունենք նրանց նկատմամբ՝ ապահով ու բարեկեցիկ կյանք երաշխավորելու համար:Ես մշտապես նշել եմ, որ չկա երեխայի համար լավագույն միջավայրը ընտանիքում ապրելն ու դաստիարակվելն է: Հետևաբար, ընտանիքների կարիքների գնահատումն ու պետության աջակցությունը պետք է լինի հասցեական ու հետևողական: Հաստատությունից տուն վերադարձած երեխան պետք է իր մեջքի հետևում զգա նաև պետության աջակցությունը:COVID-19 համավարակը, պատերազմը, մեր երկրի սահմանային բնակավայրերում կրակոցներն ու լարվածության մթնոլորտը ցավալի ազդեցություն են թողել երեխաների վրա (տեղահանված, կրթությունից դուրս մնացած երեխաներ և այլն) և հետևանքների վերացումը դեռ տևական աշխատանք է պահանջելու: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշատակազմը հետևողական աշխատանքներ ենք կիրականացնում նաև այդ ուղղությամբ: Երաշխավորելով երեխաների իրավունքները ողջ ծավալով՝ մենք ստեղծում ենք ավելի ուժեղ, ներառական և բարձր արժեքներ ունեցող հասարակություն»:
21:10 - 20 նոյեմբերի, 2021
Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք տվյալները

Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք տվյալները

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սյունիքի 6 գյուղերում անորոշություն է, սրվել են հումանիտար խնդիրները․ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անօրինական արարքների հետևանքների վերաբերյալ ՄԻՊ փաստահավաք տվյալները (մանրամասներով)․   Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողություն սահմանելուց հետո շարունակում էլ ավելի սրվել հարակից բնակավայրերի բնակիչների իրավունքների և հումանիտար վիճակը:   Ստորև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նոյեմբերի 8-18-ի փաստահավաք աշխատանքների արդյունքներն են՝ կապված Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդու իրավունքների վիճակի հետ: Նախ, բոլոր 6 բնակավայրերում մարդկանց համար ստեղծված է անորոշ ու անկանխատեսելի իրավիճակ, իրավունքների իրացումն ոչ միայն էլ ավելի է դժվարացել, այլ տարբեր դեպքերում՝ դարձել է անհնար։ Սկսած այն օրից (նոյեմբերի 15), երբ Կապան-Ճակատեն ճանապարհին տեղադրվեցին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետեր, լրջորեն սահմանափակվել է առանց այն էլ մարդկանց ազատ տեղաշարժի վտանգի տակ գտնվող իրավունքը: Դեռևս նոյեմբերի 10-ին և 14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղում այցերով արձանագրել է, որ Կապան-Ճակատեն ճանապարհն անցնելիս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանական զինված ու գլխավորապես դիմակավորված ծառայողներ մոտենում են ճանապարհին՝ մայթեզրի հատվածին և զենքի բացահայտ ցուցադրմամբ փորձում են ահաբեկել մարդկանց։ Սա էլ այն դեպքում, երբ ճանապարհով երթևեկում են երեխաներ, տարեցներ։ Նման հանցավոր երևույթ արձանագրել է հենց Պաշտպանի աշխատակազմը, ինչպես նաև դա արձանագրվել է հենց այցի օրը՝ նոյեմբերի 10-ին վաղ առավոտյան, երբ ճանապարհի տվյալ հատվածով անցնող մեքենայի մեջ եղել են նաև երեխաներ։ Սրան գումարած՝ առանց այն էլ նշված բնակավայրերում առկա են անվտանգության լրջագույն խնդիրներ: Օրինակ՝ Ճակատենում կան բնակելի տներ, որոնք ադրբեջանական դիրքերից մոտ 200-300 մետր հեռավորության վրա են։ Մեկ այլ դեպքում, օրինակ, Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողները կանգնած են գյուղի ջրի միակ ակունքի մոտ, ինչի ջրային անվտանգության լուրջ խնդիր է առաջ բերում: Այս մասին նշել են հենց իրենք գյուղի բնակիչները: Ստեղծված իրավիճակի պատճառով դպրոցներում դասապրոցեսն ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է հեռավար եղանակով։ Օրինակ՝ Ճակատենի դպրոցում սովորող երեխաներից 4-ը, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև մանկավարժական անձնակազմը Ճակատեն գալիս են Կապան քաղաքից։ Ճանապարհի երթևեկության արգելքի, ինչպես նաև այլընտրանքային ճանապարհի անանցանելիության պատճառով վերջիններս չեն կարողանում գալ դպրոց, և մարզպետարանի ցուցումների հիման վրա՝ դասերն իրականացվել և շարունակում են իրականացվել հեռավար եղանակով։Շիկահողի (Սրաշենի) միջնակարգ դպրոցի Սրաշենում գործող մասնաշենքում աշխատում են ուսուցիչներ, որոնք Սրաշեն են գալիս Կապանից: Քանի որ ճանապարհի երթևեկության արգելքի պատճառով Կապանից դպրոց չի կարողանում հասնել Ներքին Հանդի ուսուցիչը: Ուստի, դասերը նշված բնակավայրերում հեռավար եղանակով են անցկացվում։ Ներքին Հանդի դեպքում երեխաների իրավունքներն առանց այն էլ հատկապես ոտնահարված են, քանի որ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են դպրոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Մի շարք բնակիչներ նշել են, որ վերջին օրերին սկսել են առաջ գալ ինտերնետ կապի որակի խնդիրներ. այս հարցում այցի ընթացքում հնարավորություն է ունեցել հավաստիանալ նաև Պաշտպանի աշխատակազմը։ Ավելին, ադրբեջանական դիրքերը գտնվում են քաղաքացիական բնակչության համար ինտերնետ կապի կայանների տեղակայման վայրից անմիջական հեռավորության վրա։ Նշված 6 բնակավայրերում արդեն իսկ առաջ են եկել բժշկական օգնության և սպասարկման հասանելիության լուրջ բարդություններ՝ ոտնահարելով մարդկանց Սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման բացարձակ մարդասիրական իրավունքը: Այսպես, թեև Ճակատենում մշտական հերթապահություն է իրականացնում Մեղրիից ժամանած շտապ օգնության բրիգադը (ընդհանուր՝ մեկ մեքենա և յուրաքանչյուր բնակավայրին՝ շտապ օգնության մեկ բուժաշխատող բաշխմամբ), սակայն հրատապ հոսպիտալացման կարիք առաջանալու դեպքում, ստացվում է, մարդիկ պետք է Ճակատենից տեղափոխվեն Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ, ըստ բնակիչների տեղեկությունների, շտապ օգնության մեքենայով հնարավոր կլինի հասնել 2-2.5 ժամում՝ մոտ 70 կմ ճանապարհ անցնելուց հետո։ Սա այն դեպքում, երբ մինչև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհի անօրինական արգելքն անձի տեղափոխումը Կապանի բուժհաստատություն հնարավոր էր կազմակերպել մոտ 30 րոպեի ընթացքում։ Նման իրավիճակ է ստեղծվել նաև մի շարք այլ բնակավայրերի դեպքում, իսկ անհրաժեշտ դեղորայքը տեղում չլինելու դեպքում հիմնականում բերվում է Մեղրիից։ Այս դեպքում խնդիրն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ բնակավայրերում ապրում են նաև տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ում առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում և անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում։ Օրինակ՝ նշված բնակավայրերից մեկի բնակիչը (անհատական տվյալներ հատուկ չեն նշվում), ում մոտ ախտորոշված է ասթմա, թեև ստանում է դեղորայքային բուժում, սակայն հիվանդության սրման դեպքում հրատապ հոսպիտալացման անհրաժեշտություն է առաջանում: Այդ պարագայում նախկինում կազմակերպվում էր անհապաղ տեղափոխում Կապանի բուժհաստատություն, քանի որ ինքնուրույն, անգամ դեղորայքի կիրառմամբ, հնարավոր չի լինում կայունացնել մարդու ինքնազգացողությունը: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով նախկին առավելագույն 30 րոպեի փոխարեն այժմ պահանջվում է մոտ 1,5-2 ժամ, որպեսզի հնարավոր լինի շտապ օգնության մեքենայով անձին տեղափոխել Մեղրի, ինչը հրատապ անհետաձգելի բուժօգնության տրամադրման տեսանկյունից անթույլատրելի է: Հրատապ բուժօգնության իրավունքի խաթարման օրինակներ կան մի շարք այլ բնակավայրերում ևս: Ստեղծված իրավիճակում խնդիրներ են առաջանում ոչ միայն Մեղրիի բուժհաստատություն մարդկանց հրատապ հոսպիտալացնելու պարագայում, այլ նաև այն դեպքում, երբ նշված բնակավայրերի բնակիչները պետք է դիմեն Կապանի պոլիկլինիկա, որտեղ էլ հիմնականում հաշվառված են: Նման անհրաժեշտություն կարող է առաջ գալ, օրինակ, բժշկական հետազոտությունների, բժշկասոցիալական փորձաքննությունների նպատակով առողջության պահպանման առաջնային օղակից՝ պոլիկլինիկայից ուղեգրեր կամ այլ փաստաթղթեր ստանալու նպատակով: Հատուկ պետք է ընդգծել՝ ճանապարհը, որ ներկայացվում է որպես այլընտրանքային տարբերակ, հատկապես եղանակային պայմանների, օրինակ, անձրևի պատճառով անանցանելի է դառնում։ Ակնհայտ է, որ խոր աշնան և առաջիկայում ձմեռային եղանակային պայմանների պատճառով ճանապարհը լինելու է անանցանելի ու մարդիկ կկանգնեն լրջագույն խնդիրների առաջ: Այս ճանապարհն առանց այն էլ դժվարանցանելի է: Կապան-Ճակատեն ճանապարհն ադրբեջանական անօրինական արարքներով փակվելուց հետո ոչ միայն լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, այլ նաև առաջ են եկել մարդկանց առօրյա կյանքի կազմակերպման բարդ խնդիրներ: Ամենաէականներից է պարենային պաշարների մատակարարման խնդիրը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի ընթացքում տարբեր բնակավայրերի բնակիչներ, այդ թվում՝ երեխաները նշել են, որ պարենային ապրանքների խանութ կա Ծավում, որտեղ վաճառվող պաշարները ձեռք են բերվում հիմնականում Կապանից: Մյուս բնակավայրերում բնակիչները տեղում կարողանում են գնել բացառապես չոր, շուտ չփչացող սնունդ, իսկ հիմնական գնումները կատարում էին շաբաթական մոտ երկու անգամ՝ Կապանում: Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելուց հետո լրացուցիչ դժվարություններ են առաջացել նաև այս հարցի հետ կապված: Այս դեպքում համայնքապետերը փորձում են գյուղի բնակիչներին անհրաժեշտ պարագաներն ու ապրանքները ձեռք բերելու համար որոշակի պարբերականությամբ, օրինակ, երկու օրը մեկ, ամենագնաց մեքենաներով անցնել այլընտրանքային ճանապարհը և գնալ Կապան, որի համար կարող է պահանջվել մոտ 2 ժամ՝ կախված եղանակային պայմաններից: Մեկ այլ դեպքում՝ այլընտրանքային ճանապարհի հատվածի անանցանելիության պատճառով հնարավոր չի եղել սահմանված ժամին մահացածի դին Կապանից տեղափոխել Ճակատեն, ինչի պատճառով հուղարկավորությունը տեղի է ունեցել զգալիորեն ուշ։ Վերը նշված փաստերը, ինչպես նաև Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային և մաքսային առանց որևէ իրավական հիմքի վերահսկողության կապակցությամբ Պաշտպանի՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ի հայտարարությամբ ներկայացված փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Պետք է նկատի ունենալ, որ ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Այս իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ Զինված ուժերի և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն անձնուրաց ծառայություն են տանում մարդկանց անվտանգության ապահովման ու աջակցության հարցերում: Աջակցության ծրագրեր են իրականացնում նաև տեղական մարմինները: Այս մասին նշել են նաև բնակիչները: Բայց հարցն այստեղ բոլորովին այլ է: Փաստերն ակնհայտորեն հաստատում են, որ ադրբեջանական զինված կամ այլ մարմինների ամրացումը հանցավոր բնույթի է, այն խորացնելու է մարդու իրավունքների խախտումները և էլ ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնի Հայաստանի քաղաքացիական բնակչությանը: Ակնհայտ է նաև, որ ադրբեջանական զինված ծառայողների, հատուկ այլ ծառայությունների տեղակայումն ու նրանց ցանկացած արարք ապօրինի է (զուրկ է իրավական հիմքից), դրանք քրեորեն պատժելի արարքներ են: Նրանց տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, իսկ իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների ապահովումը նման իրավիճակներում միջազգային հիմնարար պահանջ է: Ուստի, ադրբեջանական զինված կամ որևէ այլ ծառայող ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինի: Դա անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Այս փաստերը կներկայացվեն միջազգային համապատասխան կառույցներին՝ կապված ադրբեջանական իրավական հիմքերից զուրկ, հանցավոր բնույթի արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ»:  
14:23 - 19 նոյեմբերի, 2021
Ծառայության ընթացքում բուժօգնություն չստացած զինվորը զորացրվելուց հետո ՄԻՊ աջակցությամբ վիրահատվել է. համակարգային խնդիրը չի լուծվում

Ծառայության ընթացքում բուժօգնություն չստացած զինվորը զորացրվելուց հետո ՄԻՊ աջակցությամբ վիրահատվել է. համակարգային խնդիրը չի լուծվում

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ նախկին զինծառայող Նարեկ Ասատրյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ու Պաշտպանության նախարարության հետ համագործակցության արդյունքում քթի վիրահատության է ենթարկվել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից: Մի շարք բողոքների քննարկմամբ և իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բժշկական օգնություն ու սպասարկում, մինչդեռ խնդիրն ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում: Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ․ պաշտոնապես առաջարկներ է ուղարկվել Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ:  
15:51 - 18 նոյեմբերի, 2021
Ադրբեջանն ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով վտանգել է Սիսիանի և այլ համայնքների բնակչության կյանքը․ ՄԻՊ

Ադրբեջանն ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով վտանգել է Սիսիանի և այլ համայնքների բնակչության կյանքը․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական զինված ուժերի ներխուժումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանական զինված ուժերի նոյեմբերի 14-ից հանցավոր արարքներով ու ներխուժումներով, իսկ նոյեմբերի 16-ից նաև ահաբեկչական բնույթի զինված հարձակումներով լրջորեն վտանգվել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության կյանքը և առողջությունը: Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալների՝ Սիսիան համայնքի Իշխանասար, Նորավան և Աղիտու գյուղերում, ինչպես նաև Սիսիան քաղաքի մի մասի բնակիչների համար լսելի են եղել ադրբեջանական հրետակոծության և արկերի պայթյունի ձայներ: Նորավանում նաև լսելի են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների ձայներ. այստեղ կրակոցների ձայներն այսօր լսելի են եղել ժամը մոտ 13-ից սկսած և դեռ ժամը 16:30-ի դրությամբ եղել են լսելի: Սյունիքի մարզ 2021թ. մայիսին ադրբեջանական հանցավոր ներխուժումների արդյունքում նշված բնակավայրերի բնակիչները զրկվել են իրենց պատկանող հողատարածքներն օգտագործելու հնարավորությյունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը առանց որևէ իրավական հիմքի ֆիզիկապես գտնվում են հենց այդ հողատարածքներում: Օրինակ՝ Նորավանի դեպքում մարդիկ զրկվել են 200-400 հա արոտավայրերից ու խոտհարքներից: Աղիտուի դեպքում մարդիկ զրկվել են շուրջ 800 հա հողատարածքից, որից մոտ 200 հա խոտհարք և մոտ 600 հա արոտավայր: ՀՀ զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են երկրի բնակչության կյանքն ու առողջությունը, իսկ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները պետք է գնահատել այդ երկրի իշխանությունների ցեղասպան քաղաքականության համատեքստում»:
19:22 - 16 նոյեմբերի, 2021
Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են ադրբեջանական անցակետերը․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք, անտեսելով մարդկանց սահմանադրական իրավունքները, արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են: Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների: Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված [ու իրավապահ] ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ: Որքա՞ն կարելի է խոսել այլընտրանքային ճանապարհներից: Այդ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ: Դուք գիտակցու՞մ եք, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման և հումանիտար խնդիրներ առաջացնելու նպատակային քաղաքականություն: Դուք ինքներդ ինչպե՞ս եք պատկերացնում ադրբեջանական այս արարքներից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ու՞մ դիմել, ի՞նչ ընթացակարգով: Դուք գիտե՞ք, որ պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները միայն խորացրել են հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Դուք գիտակցու՞մ եք, որ մեր գյուղերի մոտ, Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք դաժանաբար խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ի՞նչ հիմքով եք դուք ինչ որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական: Ի՞նչ իրավական ակտով է ձեզ իրավունք վերապահված անել ՀՀ քաղաքացիների սահմանադրական և միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող հայտարարություններ: Սույն հայտարարությունը արվում է հրապարակային՝ հաշվի առնելով, որ նշված վտանգավոր շեշտադրումները ստանում են լայն տարածում ՀՀ տարբեր, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում ու հետևաբար՝ առկա է դրանց կանխարգելման հրատապ անհրաժեշտություն: Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները ոտնահարող կամ վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում: Իրականում, պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»:
14:08 - 16 նոյեմբերի, 2021
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների վերաբերյալ Անվտանգության խորհրդի այսօրվա հայտարարությունը խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները․ ՄԻՊ

ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) այսօրվա հայտարարությունը՝ կապված Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների հետ, խախտում է ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների միջազգային պահանջները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «1) Մասնավորապես, ԱԽ-ի նոյեմբերի 15-ի հայտարարությունը հղում է անում ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների ու նշում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատվածները ՀՀ տարածքում չեն գտնվում: Այնուհետև, ԱԽ հայտարարությունը խոսում է այլընտրանքային ճանապարհների ցանցի ստեղծման մասին ու դրանով իսկ, ըստ էության, թույլատրելի է համարում ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վստահ համոզմամբ՝ ԱԽ-ի այս հայտարարությամբ ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների պահանջները, անտեսված է այն, որ ադրբեջանական վերահսկողությունը նշված ճանապարհների նկատմամբ ոտնահարում է Հայաստանի բնակչության՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված և միջազգայնորեն ճանաչված կենսական իրավունքները:   2) Նախ, ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:   Սահմանադրության 2-րդ գլուխը երաշխավորում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները:   ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը:   Սահմանադրության 52-րդ հոդվածն ամրագրում է նշված մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուր անձի բացարձակ սահմանադրական իրավունքը:   ԱԽ-ի հայտարարությունը միջազգային պահանջների թվում անտեսել է ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի 2021թ. ուղեցույցը միջազգային սահմաններին մարդու իրավունքների վերաբերյալ և այլն: Այս ակտերն ամրագրում են մարդու իրավունքները՝ որպես սահմանային ցանկացած գործընթացի պարտադիր բաղադրատարր:   3) Խնդիրն այն է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մինչ օրս, այդ թվում՝ կապված 2021թ. նոյեմբերի 10-ին և 14-ին հայտարարված համապատասխանաբար Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային հսկողության անցակետեր սահմանելու հետ, տեղում այցերով և մշտադիտարկմամբ, Պաշտպանին հասցեագրված անհատական ու կոլեկտիվ կոնկրետ բողոքների քննությամբ ձեռք է բերել հավաստի փաստեր այն մասին, որ այդ ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու պահից խախտված են Հայաստանի քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեության ազատության իրավունքները, երեխայի շահերը և այլն: Չկան այս իրավունքների պաշտպանության, խախտում կատարողներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ և այլն:   Մասնավորապես, Գորիս-Կապան ճանապարհին արձանագրվել են ՀՀ բնակչության իրավունքները խախտող ադրբեջանական արարքների այնպիսի փաստեր, ինչպիսիք են՝ ճանապարհը Որոտանի և Դավիթ Բեկի հատվածներում օգոստոսի 25-27-ը դիտավորությամբ կամայական փակելը, դրանով ՀՀ Նոր Առաջաձոր, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ բնակավայրեր մեկուսացման և հումանիտար ճգնաժամի առաջ դիտավորյալ կանգնեցնելը, քաղաքացիական մեքենաների ուղղությամբ քարեր նետելը, մայթեզրին՝ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ կանգնելու փորձ կատարող քաղաքացիական մեքենաներին զենքով սպառնալը, ահաբեկելու նպատակով ավտոբուսով երեխաների կանգնեցնելը, ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաղացիներից անօրինական վճարներ գանձելը, նրանցից մեքենայի վառելիք տրամադրելու և այլ անօրինական պահանջներ ներկայացնելը և այլն:   Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, անցակետի պատճառով հումանիտար լրջագույն խնդիրների վտանգի առաջ է կանգնում Կապան համայնքի 6 գյուղի՝ Ճակատենի, Շիկահողի, Սրաշենի, Ծավի, Ներքին Հանդի, Շիշկերտի բնակչությունը: Դրանից բացի, փաստերը հաստատում են, որ պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն այդ ճանապարհի տարբեր հատվածներում ինքնին խաթարել է նշված բնակավայրերի քաղաքացիական բնակչության ազատ տեղաշարժը, արձանագրվել են ճանապարհի մայթեզրին նրանց զենքով ու դիմակավորված հայտնվելու փաստեր (այդ թվում՝ նոյեմբերի 14-ին): Պետք է հիշել, որ 2021թ. փետրվարի 26-ին այս ճանապարհը մի քանի ժամով փակվել էր ադրբեջանական զինված ծառայողների սադրանքի պատճառով:   Եվս մեկ կարևոր հանգամանք՝ այլընտրանքային ճանապարհների կառուցում չի նշանակում, թե դրանով վերացվում է Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ներկա ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողներից բխող իրական սպառնալիքները ՀՀ բնակչության ու հատկապես նրանց տեղակայման դիրքերի հարևանությամբ գտնվող համայնքների բնակիչների կյանքին ու անվտանգությանը:   Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել:   Պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունները խորացրել հայատյացությունն ու թշնամանքի քարոզը: Ադրբեջանական զինված ծառայողներն այդ ճանապարհներին են հայտնվել պատերազմի սպառնալիքի ու ցեղասպան քաղաքականության արդյունքում (այս փաստերը հաստատվում են ապացույցներով):   Երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա: Ուստի, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության իրավունքների խախտում է:   ՀՀ հանրային իշխանության ցանկացած մարմին, այդ թվում՝ ՀՀ անվտանգության խորհուրդը պարտավոր է իր գործունեության մեջ, նաև հրապարակային հայտարարություններում ղեկավարվել մարդու իրավունքների պահանջներով և չի կարող անել այնպիսի հայտարարություններ, որոնք անհնար են դարձնում կամ վտանգում են մարդու իրավունքները»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ։ 
20:11 - 15 նոյեմբերի, 2021
Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «1. Մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: 2. Այս սպառնալիքը չի վերացել. ադրբեջանական իշխանությունները ավելի են խորացրել հայատյացյությունն ու թշնամանքի քարոզը: 3. Քաղաքական շահերը չպետք է խանգարեն մեր երկրի ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգությանը, մեր ամենակենսական իրավունքներին վերաբերող այս օրհասական հարցերի լուծմանը: 4. Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության կյանքի, ազատ տեղաշարժի ու մյուս կենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտում է, անվտանգության իրական սպառնալիք: 5. Ուստի, բոլորիս առաջնահերթ խնդիրն է (ամեն մեկս մեր մասով) ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք: Սա առավել ևս վերաբերում է մեր երկիր ադրբեջանական ներխուժումներին. նրանք նաև պետք է պատժվեն իրենց հանցավոր արարքների համար: 6. Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ստորադաս է»:
15:09 - 15 նոյեմբերի, 2021
Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է: Այս մասին ասվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։    «Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:    Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով սա հիմնավորված է ու շարունակելու ենք փաստեր ներկայացնելը»,-ասվում է «Ֆեյսբուք»-ում արված գրառման մեջ։ 
15:08 - 14 նոյեմբերի, 2021
Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Մոլորեցնող հրապարակումները կանխելու նպատակով՝ Պաշտպանը հրապարակել է տեսանյութ այն մասին, որ ադրբեջանական անօրինական արարքների պատճառով գյուղերի միջև կապը դժվարացել է։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։ «Այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակեց փաստեր, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունն անօրինական է և որ այդ պատճառով Սյունիքում առաջ են եկել մարոդու իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լրջագույն խնդիրներ, որոշ լրատվամիջոցներում երեկ արվել են արհեստական հրահրված տարբեր հրապարակումներ, թե իբր ՀՀ մարդու իրավավունքների պաշտպանի փաստերը, որ Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերի միջև կապն էականորեն դժվարացել է, իրականությանը չեն համապատասխանում: Ուստի, մեր միջազգային գործընկերներին մոլորեցումից պաշտպանելու, ինչպես նաև այդ մոլորեցնող հրահրումները կանխելու համար հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից անմիջականորեն ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներից մեկի ընդամենը մի մասը՝ կարճ տեսանյութ (Խոտ բնակավայրից վերը նշված բնակավայրերը տանող ճանապարհի հատված): Այն ցույց է տալիս, թե ինչպես է դժվարացել ՀՀ բնակչության և հատկապես նշված գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժը ճանապարհի այս հատվածներով, ու մարդիկ կանգնել են հումանիտար, այդ թվում՝ արտաքին աշխարհից մի քանի բնակավայրի մեկուսացման խնդիրների առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, ադրբեջանական զինված ծառայողների պատճառով առաջ են եկել մարդկանց կյանքի իրավունքի ու անվտանգության սպառնալիքներ: Ուստի, այս հրապարակումը (տեսանյութ-ապացույցը) ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական, այսպես կոչված, մաքսային կամ սահմանային վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին չունի իրավական որևէ հիմք: Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց տեղակայումներն, առհասարակ, կոպտորեն ոտնահարում են մարդու իրավունքների միջազգային պահանջները: Նրանք պետք է հեռացվեն և վերջ: Հ.Գ. Տեղական մարմինները, ինչպես նաև Սահմանապահ զորքերի ծառայողները տեղերում զգալի միջոցներ են գործադրում մարդկանց օգնելու համար, ինչի մասին երեկ հատուկ մենք հայտարարել էինք, բայց Մարդու իրավունքների պաշտպանի այդ ու այս հայտարարությունների նպատակային նշանակությունը բոլորովին այլ է»,- նշված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
10:51 - 13 նոյեմբերի, 2021
Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո Ադրբեջանը վարում է ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող քաղաքականություն․ ՄԻՊ

Ինձ համար ակնհայտ է, որ իրականում, ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն. Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին 2021թ. նոյեմբերի 11-ից հայտարարված ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողությունը որևէ կապ չունի դրա նպատակների հետ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա հիմնավորվում է ադրբեջանական կոնկրետ քայլերով ու այդ քայլերի հետևանքներով: Նախ, փաստերը վկայում են, որ այս ամենի իրական պատճառը, սնուցող աղբյուրը ադրբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քարոզի կայուն (established) քաղաքականությունն է: Դրանից բացի, ակնհայտ է՝ ադրբեջանական իշխանությունները հստակ գիտեն, որ Գորիս-Կապան ճանապարհի արգեկափակումը կամ, այսպես կոչված, ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողությունը առաջացնելու է քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարումներ և հումանիտար լուրջ խնդիրներ, այդ թվում՝ առաջ են գալու քաղաքացիական մի շարք բնակավայրերի մեկուսացման խնդիրներ: Եվ նրանք նպատակային անում են այդ քայլերը ու գնալով դրանք ավելի են ընդլայնում: Ըստ այդմ, հատկապես նոյեմբերի 11-ից Սյունիքում առաջ են եկել մարդու, այդ թվում՝ համայնքների բնակիչների (երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, տարեցներ և այլն) իրավունքների ոտնահարումներ և, առհասարակ, հումանիտար լուրջ խնդիրներ։ Զգալիորեն դժվարացել է կապը հատկապես Գորիս քաղաքի, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, ինչպես նաև մյուս քաղաքացիական բնակավայրերի միջև՝ ադրբեջանական արարքներով հիմնական ճանապարհով երթևեկության արգելքի պատճառով: Էականորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը՝ խաթարելով մարդկանց և գործարար նպատակներով ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը: Նշված բնակավայրերում առկա են սննդամթերքի (հաց և այլ պարենային ապրանքներ) ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական օգնության և սպասարկման արագ ու արդյունավետ հասանելիության սահմանափակումներ: Մարդիկ կանգնել են ընտանիքի եկամուտը վաստակելու (օրինակ՝ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի իրացման) խնդրի առաջ: Խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը, խաղաղությունն ու անվտանգությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքները: Ստեղծված վիճակը կոպտորեն ոտնահարում է նաև երեխայի շահերը, խախտում է բժշկական առաջնահերթ օգնությունից օգտվելու մարդասիրական բացարձակ իրավունքը: Այս ամենն էլ իր հերթին դարձել է հասարակությունում լարվածություն առաջացնող գործոն: Ադրբեջանական դիմակավորված ու զինված ծառայողները շարունակում են ծառայություն իրականացնել Գորիս-Կապան ճանապարհին, ինչն ինքնին մարդկանց կյանքի իրավունքի խախտում է ու անվտանգության իրական սպառնալիք: Նույն վերաբերում է նաև Կապան-Ճակատեն ճանապարհին: ՀՀ բնակչությունն իր իրավունքների համար այս նույն խնդիրների առաջ էր կանգնել նաև, երբ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. օգոստոսի 25-27-ը երկու տեղից կամայական փակել էին Գորիս-Կապան ճանապարհը: Նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների խախտումները կոպտորեն ոտնահարում են ԵԱՀԿ 2017թ. դեկտեմբերի 19-ի պաշտոնական ուղեցույցը Պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ, և դրա ուժով սահմանային ցանկացած գործընթաց դարձնում են անօրինական (unlawful): Դրանից բացի, ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները տեղի են ունեցել պատերազմի բացահայտ սպառնալիքով, ինչը իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից բացարձակ անթույլատրելի է: Այս նույն խնդիրները մարդկանց համար առաջացել էին նաև այս տարվա օգոստոսին՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը 2 տեղից փակելով: Սրան պետք է ավելացնել նաև իրավունքների խախտումները մյուս դեպքերը (օրինակ՝ երեխաներով ավտոբուսը կանգնեցնելը և երեխաներին դիմակավորված ծառայողներով ու զենքով ահաբեկելը, քաղաքացիական անձանց զենքով սպառնալը): Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին: Մենք պետք է ցույց տանք ադրբեջանական արարքների իրական մոտիվացիան»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը մաքսակետեր է տեղադրել։ Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա այս հայտարարությանն անդրադարձել էր ՄԻՊ Արման Թաթոյանը՝ մի շարք հարցեր ուղղելով Գրիգորյանին։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին անդրադարձել է նոյեմբերի 11-ին՝ կառավարության նիստն սկսելուց առաջ՝ հայտարարությամբ հանդես գալով Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման վերաբերյալ և նշելով, թե «Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ հսկողություն չիրականացնելու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը»։
21:50 - 12 նոյեմբերի, 2021
Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1834-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2020  թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում, որով 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից: Նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:
14:13 - 12 նոյեմբերի, 2021
Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

Իսկ միգուցե դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից․ ՄԻՊ-ը՝ ԱԽ քարտուղարի հայտարարության մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ: Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում: Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»:
15:08 - 11 նոյեմբերի, 2021
Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Ինչպե՞ս են իշխանությունները երաշխավորելու Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. ՄԻՊ

Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։   «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից զրկել են, հետո կապել են մեքենաներից ու քաշ տվել: Այդ ամենը լուսանկարել ու տեսանկարահանել են ու հետո էլ բաց դեմքերով (վստահ լինելով, որ չեն պատժվելու), երգ ու պարով իրենց «հաղթանակը» նշել են Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում: ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք իրենց հայտարարություններով լեգիտիմացնում են նրանց ներկայությունն ու արարքները, նրանց հեռացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն, տեղյա՞կ են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության այդ ներկայացուցիչներից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այս պայմաններում ինչպե՞ս են պատրաստվում երաշխավորել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Եվս մեկ անգամ ուզում եմ հստակ նշել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց որևէ պարագայում չի կարելի մարդկանց իրավունքները դնել զանգվածային խախտումների իրական վտանգների առաջ՝ այն էլ առանց երաշխիքների: Կովսականի դեպքին վերաբերող փաստերը մանրամասն շարադրված են իմ զեկույցում․ առաջարկում եմ մանրամասն ուսումնասիրել»,-գրել է Արման Թաթոյանը։
11:46 - 11 նոյեմբերի, 2021