Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Արարատ Միրզոյանը Գերմանիայի Կանցլերի խորհրդականի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը

Արարատ Միրզոյանը Գերմանիայի Կանցլերի խորհրդականի հետ քննարկել է Լաչինի միջանցքը բացելու հարցը

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության ու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման հեռանկարների շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ընդգծվել է հումանիտար խնդիրների հասցեագրման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումն անհապաղ վերացնելու կարևորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցությանը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի: Այս առումով նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին մշտադիտարկման երկարաժամկետ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ առաքելությունը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։
09:50 - 08 փետրվարի, 2023
Միրզոյանը Բունդեսթագի հանձնաժողովների անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությունը խաթարող մարտահրավերները

Միրզոյանը Բունդեսթագի հանձնաժողովների անդամների հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգությունը խաթարող մարտահրավերները

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության, ինչպես նաև ԵՄ հարցերով մշտական հանձնաժողովների ավագ պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի անդամներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում հաստատվել է արդյունավետ համագործակցություն: ԱԳ նախարարը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նշելով, որ հայ-գերմանական միջխորհրդարանական ակտիվ կապերը նպաստում են թե՛ երկկողմ օրակարգի ընդլայնմանը, թե՛ տարածաշրջանային կարևոր հարցերի բարձրաձայնմանը: Ծավալված քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, ինչի համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հայաստանում զարգացման և բարեփոխումների իրականացման ուղղությամբ Գերմանիայի և Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը: «Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունը խաթարող մարտահրավերները։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները: Այս առնչությամբ հայկական կողմը բարձր է գնահատել Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման և ազատ տեղաշարժի վերականգնման հարցում: Նախարար Միրզոյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի:
20:33 - 07 փետրվարի, 2023
Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Աննալենա Բերբոկ
 |armenpress.am|

Էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ մարդու իրավունքների հարցերը երկրորդ պլան են մղվելու. Աննալենա Բերբոկ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը վստահեցնում է, որ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության ակտիվացումը չի նշանակում, որ Եվրոպական Միության համար երկրորդ պլան են մղվելու մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը: Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ: Բերբոկն ընդգծեց՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով ԵՄ-ն հրաժարվել է ռուսական էներգետիկ ռեսուրսներից և այլ գործընկների է փնտրում՝ էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն հավաստիացրեց, որ մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը չեն կարող երկրորդ պլան մղվել, քանի որ դա կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել: «Այո, մենք գործընկերներ ենք փնտրում էներգետիկ ճգնաժամից խուսափելու համար, սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսելու ենք մարդու իրավունքները: Այս սկզբունքը գործելու է նաև Ադրբեջանի պարագայում»,- հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարարը:  
17:36 - 07 փետրվարի, 2023
Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանն Ադրբեջանից նոր առաջարկներ է ստացել խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այդ բանակցություններում: Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը: Եվ, չնայած այս հանգամանքին, մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ: Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական արձագանքը և առաջարկները: Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ, թեև Լաչինի միջանցքի արգելափակումը շարունակվում է, ինչպես նաև շարունակում են գոյություն ունենալ մնացած բոլոր մարտահրավերները, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են: «Այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները գետնի վրա»,- ասել Միրզոյանը՝ ևս մեկ վերահաստատելով, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակելու է ջանքերը տարածաշրջանում երկարատև ւ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:
17:08 - 07 փետրվարի, 2023
Գերմանիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին ու ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը
 |armenpress.am|

Գերմանիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին ու ՌԴ-ին կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:  Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը: Բուրբոկն ընդգծել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում բարդ է: Բուրբոկը կարևորել է Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, որով կողմերը վերահաստատել են 1991 թվականին ընդունված Ալմաթիի հռչակագիրը՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը: Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ դա կարևոր որոշում է տարածաշրջանի համար: «30 տարուց ավել է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կա, որը մեծ աղետների է հանգեցրել: Բազմաթիվ մարդկային կյանքեր են կորսվել, բազմաթիվ տներ և շինություններ են ավերվել: Մենք գիտենք, որ առկա վերքերը շուտ չեն բուժվելու»,- ասել է Բուրբոկը: Անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա մարդասիրական բարդ կացությունը հակամարտության տխուր հետևանքներից մեկն է: Նա արձանագրել է, որ դեկտեմբերի կեսերից արգելափակված է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղում սննդի, դեղորայքի, կենսական անհրաժեշտության այլ ապրանքների պակաս կա: Նա նաև ընդգծել է, որ էներգամատակարարման և գազամատակարարման խափանումների պատճառով Լեռնային Ղարաբաղում դադարեցվել է կրթական հաստատությունների աշխատանքը: «Կարևոր է, որպեսզի Լաչինի միջանցքի շրջափակումն ավարտվի, և կարծում ենք, որ այստեղ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է կատարեն իրենց պարտականությունները»,- շեշտել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
17:02 - 07 փետրվարի, 2023
Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն է․ Արարատ Միրզոյան

Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն է․ Արարատ Միրզոյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Ասուլիսի սկզբում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը իրենց ցավակցությունները հայտնեցին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, ինչի առթիվ Արարատ Միրզոյանը նշեց․ «Չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը ՀՀ-ն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և Թուրքիային և Սիրիային։ Մենք ինքներս՝ որպես 1988 թվականին ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»։ Արարատ Միրզոյանը իր ելույթում նշեց, որ իր գործընկերոջ հետ անդրադարձել են տարածաշրջանային մի շարք հարցերի․ «Այսօր գործընկերոջս ներկայացրել եմ այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու վտանգները, որոնց այս շրջանում բախվում է թե ՀՀ-ն, թե ԼՂ ժողովուրդը։ Այս պահին, երբ մենք խոսում ենք, ԼՂ շուրջ 120 հազար բնակիչ ապրում է տոտալ շրջափակման մեջ՝ կտրված ամբողջ աշխարհից և սա շարունակվում է արդեն երկու ամիս։ Կարող եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են իրենց ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքից, ամբողջ աշխարհի հայացքների ներքո ԼՂ-ն կանգնած է հումանիտար աղետի առջև։ Ցրտաշունչ ձմռան պայմաններում գազի ու էլեկտրաէներգիայի գրեթե ամենօրյա անջատումներ, բլոկադայի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներ, կրթության իրավունքից զրկված երեխաներ, թերսնման, անհրաժեշտ բժշկական օգնության կարիք ունեցող և այն չստացող մարդկային կյանքեր։ Այս ամենը հետևանք է նրա, որ Ադրբեջանը նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը և կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանիր ստանձնած պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդող այլ ագրեսիվ գործողություններ, օրինակ՝ ՀՀ  ինքնիշխան տարածաք ադրբեջանական ԶՈՒ ներխուժումը և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը ԼՂ-ում, ունի մեկ նպատակ․ ստիպել ԼՂ հայ բնակչությանը լքել իրենց տները և նրանց զրկել հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին։  Ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել՝ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն է։ Այս համատեքստում մենք կարևորում ենք Գերմանիայի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների, համամարդկային արժեքների ջատագով երկրի և որ ոչ պակաս կարևոր է՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամի հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության ուղղված ջանքերում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ 
16:44 - 07 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի մանրամասները և այս համատեքստում ընդգծել հանգուցալուծման ուղղությամբ միջազգային հանրության հստակ քայլերի հրամայականը։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որը կանխելու համար անհրաժեշտ է ավելացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ։ Զրուցակիցները քննարկել են նաև Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
21:17 - 06 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության խմբի նախագահ Յոհան Վադեֆուլի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել  տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:  Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված  հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով շրջափակման վերացման նպատակով գործընկեր պետությունների կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել է հայ-գերմանական միջխորհրդարանական սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի փոխայցերի կարևորությունը:  Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցության, իսկ տարածաշրջանում կայունության համատեքստում՝ Հայաստանում ԵՄ նոր՝ երկարաժամկետ, մշտադիտարկման առաքելության վերաբերյալ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
19:01 - 06 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում

Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում

Փետրվարի 6-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղարը։  Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով: Այցի շրջանակներում  Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։  Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա և ՀՀ֊ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ 
09:51 - 06 փետրվարի, 2023
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսարույց է ունեցել  Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսարույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապատշատական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը: Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը:
17:52 - 31 հունվարի, 2023
Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Հունվարի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, որը Հայաստանում է գտնվում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի պատվիրակության կազմում: Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Եգիպտոսի ղեկավարի կողմից առաջին պաշտոնական այցի իրականացումը Հայաստան։ Երկուստեք նշվել է, որ բարձրաստիճան փոխայցելությունները նոր լիցք են հաղորդում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը։ Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ։ Կողմերը կարևորել են նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում երկու երկրների համագործակցության ամրապնդմանը։ Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արարատ Միրզոյանը Սամեհ Շուքրիին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը: Հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել արցախահայությանը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության կողմից գործուն և անհապաղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև անվտանգ և անարգել կապի վերականգնման հարցում։ Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
13:21 - 29 հունվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցն Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ

Հունվարի 27-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի հետ: Նախարար Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Հեռախոսզրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Իսլանդիայի ԱԳ նախարար Թորդիս Քոլբրուն Գիլֆադոթիրի՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահողի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ արտահայտած հստակ դիրքորոշումը: Հաշվի առնելով օրեցօր ահագնացող իրավիճակը՝ հայկական կողմն ընդգծել է տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղումը: Կողմերը քննարկել են նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ համագործակցության խորացմանը և ընդլայմանն առնչվող հարցեր։
17:44 - 27 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերի

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային:  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր:  Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:   Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:  Նշվում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև` միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում են: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը:
20:06 - 26 հունվարի, 2023
Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Ադրբեջանն անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Արարատ Միրզոյանը՝ Ժոզեպ Բորելին

Հունվարի 25-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը։ Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, անհապաղ պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը։ Հայկական կողմը կարևորել է միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացումը՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը կանխարգելելու համար։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
19:24 - 25 հունվարի, 2023