Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ մոտ 7 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից․ ՊՎԾ-ն ամփոփել է քաղաքապետարանի մշտադիտարկման արդյունքները

Երևանի բյուջեն զրկվել է լրացուցիչ մոտ 7 մլրդ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից․ ՊՎԾ-ն ամփոփել է քաղաքապետարանի մշտադիտարկման արդյունքները

Պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվել են Երևանի քաղաքապետարանում քաղաքաշինության ոլորտին առնչվող մի շարք մշտադիտարկումների արդյունքներ։ Մշտադիտարկումների համար հիմք են հանդիսացել Ծառայության կողմից ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի և հաղորդումների հիման վրա կատարված վերլուծությունները։ Մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անգործության հետևանքով համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.867.160.500 դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից։ Այսպես. Պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից շինարարության թույլտվությունների ժամկետների խախտման դեպքերով կատարվել են ժամկետների երկարաձգումներ, սակայն չեն կիրառվել նախահաշվային արժեքի 1 և 10 տոկոսների չափով վարչական տուգանքներ, այն դեպքում, երբ շինարարության թույլտվության ժամկետների խախտման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Որոշ օբյեկտների մասով չեն ներկայացվել նաև օտարման վերաբերյալ դատական հայցեր, այնինչ դրանք ենթակա էին օտարման։ Հարկ է նշել, որ որոշ դեպքերում քաղաքացիները նախազգուշացվել են շինարարության թույլտվության ժամկետի խախտման դեպքում վարչական պատասխանատվության մասին: Ընտրանքային կարգով առանձնացվել են թվով 43 խոշոր օբյեկտներ, որոնց նախահաշվային գները կազմել են 56.488.732.400 ՀՀ դրամ, որի համապատասխան տուգանքները կազմել են 6.213.760.500 ՀՀ դրամ, մինչդեռ 2011-2021թվականներին համայնքի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված վարչարարությունը չի իրականացվել և արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ 6.213.760.500 ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: Պարզվել է նաև, որ 2018-2021թթ. ընթացքում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով օրինականացվել են թվով 3337 ինքնակամ կառույցներ, որոնցից 2491-ի մասով ինքնակամ շինարարություն իրականացրած անձինք վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, մինչդեռ ինքնակամ շինարարության իրականացման համար օրենսդրությամբ նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդյունքում համայնքի բյուջեն զրկվել է լրացուցիչ ևս 653.400.000  ՀՀ դրամի եկամուտ ունենալու հնարավորությունից: Երևանի քաղաքապետարանում իրականացված հիշյալ մշտադիտարկումներով հայտնաբերված առերևույթ խախտումների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է  նաև 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն, որի  արդյունքում հայտնաբերվել էին շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ։ Ուսումնասիրության արդյունքներն  ամփոփվել և ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
16:11 - 22 օգոստոսի, 2022
Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել. Երեւանի քաղաքապետ
 |news.am|

Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել. Երեւանի քաղաքապետ |news.am|

news.am: Երեւանում պետք է հնացած գրքերի դուրս գրում իրականացնել։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Քաղաքապետի կարծիքով՝ որոշ գրքեր այնքան են հնացել, որ լիքն են տարբեր վնասակար վիրուսներով ու սնկերով։ Սարգսյանի խոսքով՝ դրանցից պետք է շուտափույթ կերպով ազատվել։ «Կան գրքեր, որոնք մեզ այլեւս պետք չեն, եւ դրանք պետք է դուրս գրվեն: Ընդ որում, պետք է բացառել այդ գրքերն այս կամ այն մարզերում տարածելու տրամաբանությունն ու հնարավորությունը։ Մենք չպետք է դրանց բաժանենք: Մարզերը պետք է նոր գրքերով ապահովվեն։ Այդ նույն գրքերը, որոնք մեզ պետք չեն եւ որոնք մենք փաստացի դուրս ենք գրում, պիտանի չեն։ Անպետք գրքերը ոչ մեկին նվիրել պետք չէ»,- պարզաբանեց Սարգսյանը։  
12:58 - 22 օգոստոսի, 2022
ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՊՎԾ-ն տվյալներ ունի Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի խախտումներով համայնքային հողատարածքների օտարման մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվող վերահսկողության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից օրենքի կոպիտ խախտումներով համայնքային հողատարածքների օտարման դեպքերի մասին, մասնավորապես. 1. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. որոշմամբ քաղաքացի Կ.Հ.-ին 1.921.300 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 424.7քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 424.7քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասը գտնվում է փողոցների խաչմերուկում, կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունի շուրջ 31.1մ փողոցին հարող երկարություն և 20.37մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: 2. Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. մեկ այլ որոշմամբ քաղաքացի Ա.Ա.-ին 3.206.020 դրամ արժեքով օտարվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ա. Շահինյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 708.67քմ մակերեսով հողամասը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ուղղակի վաճառքի հիմքը՝ վաճառված 708.67քմ մակերեսով հողամասի դեպքում առկա չի եղել. հողամասի երկու հողակտորներն էլ գտնվում են կառուցապատման 1-ին գծում՝ փողոցին անմիջապես հարող հատվածում, ունեն համապատասխանաբար շուրջ 35մ երկարություն, 11մ լայնություն և շուրջ 43մ երկարություն, 7.5մ լայնություն, ուստի այն ամբողջությամբ հանդիսանում էր առանձին գույքային միավոր և պետք է օտարվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով: Օտարված հողամասում և հարակից հողամասերում արդեն իսկ իրականացված են կառուցապատման աշխատանքներ (առկա էին թաունհաուսներ): Պարզվել է նաև, որ վաճառված հողամասին հարակից գտնվող 431.3քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.500 դրամով, այն դեպքում, երբ ուղղակի վաճառքով օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 4.500 դրամ, այսինքն՝ շուրջ 7.2 անգամ էժան: Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։
11:15 - 19 օգոստոսի, 2022
Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։ «Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի: Չնայած բարդություններին, արվելու է հնարավորը՝ աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ: Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
18:24 - 15 օգոստոսի, 2022
Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Ապամոնտաժվելու է Բագրատունյաց պողոտա - Արտաշիսյան փողոց խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը

Օգոստոսի 12-ից ապամոնտաժվելու է Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Բագրատունյաց պող. - Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ 1 ամսով՝ փուլային տարբերակով, փակ կլինի Բագրատունյաց պողոտայի՝ անցմանը հարակից մեկական երթևեկելի գոտի: Գործընթացի առաջին փուլում կփակվի Բագրատունյաց պողոտայից Երևանյան լիճ ուղղության 1-ին գոտին: Տրանսպորտային հոսքերի անցանելիությունը կապահովվի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներով: Այդուհետ, 2-րդ գոտու փակման պարագայում երթևեկությունը կիրականացվի 1-ին և 3-րդ գոտիներով, իսկ 3-րդ գոտու փակվելու դեպքում երթևեկելի կլինեն 1-ին և 2-րդ գոտիները: Նույն սկզբունքով վերգետնյա անցման ապամոնտաժման ընթացքում կփակվի հանդիպակաց ճանապարհը (Երևանյան լճից Բագրատունյաց պողոտա եկող ուղղության մեկական երթևեկելի գոտին): Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:11 - 11 օգոստոսի, 2022
Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը

Ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի համաքաղաքացիներ,Թբիլիսյան խճուղի - Հրաչյա Աճառյան փ. կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 10-ից ժամանակավորապես կփակվի Թբիլիսյան խճուղուց դեպի Մ4 միջպետական ճանապարհի՝ վերը նշված կամրջի հատվածը: Որպես այլընտրանք առաջարկվում է Թբիլիսյան խճուղուց (նախկին Ռայկոմի ուղղությունից) հասնել մինչև «Գազպրոմ Արմենիայի» վարչական շենք, այնուհետ աջ շրջադարձով մտնել Աճառյան փողոց, հասնել մինչև Առինջի կամարին հարակից լուսացույց, կատարել շրջադարձ և նորից միանալ Մ-4 միջպետական ճանապարհին: Կամրջի նորոգման տևողությունը 1 ամիս է: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
11:53 - 09 օգոստոսի, 2022
«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհն այսուհետ կլինի լուսավոր. ավարտվել են 1.3 կմ երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

«Եռաբլուր» տանող ճանապարհահատվածն այսուհետ կլինի լուսավոր. կառուցվել է նոր ցանց: «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող՝ մուտքի կամարից մինչև աստիճանահարթակ, շուրջ 1.3 կմ ճանապարհահատվածի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները ավարտվել են: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով քաղաքապետարանը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ այս տարի ձեռք է բերելու շուրջ 500 մլն դրամի լուսատու: «2023 թվականին նույն քանակի լուսատուների ձեռքբերման համար արդեն տարվում են նախապատրաստական աշխատանքներ»,- հավելեց քաղաքապետը:
15:31 - 08 օգոստոսի, 2022
Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում նորացնել շուրջ 770 դիտահորի կափարիչ: Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին: «Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Ընթացիկ տարում մայրաքաղաքում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ, 22 դիտահոր էլ կհավասարեցվի ճանապարհներին»,-ասված է հաղորդագրությունում:
12:43 - 05 օգոստոսի, 2022
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այցելել է Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ և աշխատակազմերին ներկայացրել վարչական շրջանների նորանշանակ ղեկավարներ Հակոբ Բալայանին և Արտակ Հովակիմյանին:   Քաղաքապետն առանձնացրել է այն ոլորտները, որոնց անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: Մասնավորապես, նշվել է, որ օրվա խնդիրները լուծելուց բացի անհրաժեշտ է մնայուն համակարգեր ձևավորել:   «Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր է նախաձեռնել, որոնք նպաստելու են մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու թափանցիկության ապահովմանը: Շատ կարևոր է, որ վարչական շրջան կամ քաղաքապետարան դիմող մեր քաղաքացիները զերծ մնան ավելորդ քաշքշուկներից: Դուք ևս տեղերում պետք է հետևեք, որ ներդրվող համակարգերն արդյունավետ գործեն»,- ընդգծել է քաղաքապետը:   Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանների նոր ղեկավարների հետ աշխատակազմերի գործակցությունը կլինի արդյունավետ և արգասաբեր:    
16:31 - 02 օգոստոսի, 2022
Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը

Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը

Ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։    *** Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Հարկ է նշել, որ առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: *** Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ: Հանձնարարվել է ըստ անհրաժեշտության ավելացնել դրանց քանակը: *** Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: Աշխատանքներն ընթացքում են: *** Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Նախագծային մրցույթն արդեն կայացել է: *** «Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրել է 10 դիտահոր և 87 հեղեղատար: Քաղաքապետը առաջարկել է դիտահորերի ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին՝ գործընթացը համայնքի կողմից ևս մշտական հսկողության տակ պահելու նպատակով: *** Արդիականացվել է Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան զբոսայգու և հարակից խաղահրապարակի արտաքին լուսավորության ցանցը: *** Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:
15:53 - 01 օգոստոսի, 2022