ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

Բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար․ համատեղ հայտարարություն

«Երեկ՝ դեկտեմբերի 7-ին հրապարակվել է տեսանյութ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ, որում նա իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և մեր 2021 թվականի օգոստոսի 9-ի «Ադրբեջանի պատասխանատվությունը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար» արտահերթ հրապարակային զեկույցին: Նախ` անթույլատրելի ենք համարում առանց անձի գիտակցված համաձայնության նրա մասնավոր հարաբերությունները, երկխոսությունը տեսաձայնագրելն ու դա տարածելը: Համատեղ արտահերթ զեկույցին վերագրումների և հնչած որակումների կապակցությամբ արձանագրում ենք՝ 1․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համատեղ արտահերթ զեկույցին վերագրում է գոյություն չունեցող փաստեր, ինչպես օրինակ, նշում է, որ զեկույցում արձանագրվել են հայրենադարձված գերիների բռնաբարության դեպքեր. մինչդեռ, զեկույցում որևէ խոսք չկա բռնաբարության մասին: Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիներից որևէ մեկի անձնական տվյալ, այդ թվում՝ լուսանկար ու տեսանյութ, երբևէ չի հրապարակվել։ 2. Տեղեկացնում ենք, որ համատեղ արտահերթ հրապարակային զեկույցում գերիների խոշտանգման փաստերը հաստատելու համար գործածվել են փաստահավաք աշխատանքի միջազգային չափանիշները։ Այս առումով, խոշտանգման փաստի հաստատման վերաբերյալ փաստահավաք աշխատանքը չի ենթադրում, որ փաստահավաքություն իրականացնող իրավապաշտպանը պետք է անպայման ներկա կամ մասնակից լինի խոշտանգման պրոցեսին։ Բարձր պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարանջատել փաստահավաք աշխատանքը և հանցակցությունը։ 3․ Համատեղ արտահերթ հրապարակային զեկույցը չի նույնականացնում և չի բացահայտում հայրենադարձված այն գերիներին, որոնց նկատմամբ կիրառվել են կտտանքներ ու անմարդկային վերաբերմունք։ Դրա փոխարեն համատեղ արտահերթ հրապարակային զեկույցով վեր են հանվում այն օրինաչափությունները և խոշտանգման այն ընդհանուր ձևերը, որոնք, որպես կանոն, կիրառվել են հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի Հանրապետությունում։ Միաժամանակ, համատեղ արտահերթ հրապարակային Զեկույցը նշում է, որ գերիների նկատմամբ կիրառված բռնության ձևերն ու միջոցները յուրաքանչյուրի դեպքում եղել են տարբեր։ 4. Նշվածից բացի, հայրենադարձված հայ գերիներն իրենք ինքնուրույն տարբեր լրատվամիջոցների տվել են հարցազրույցներ՝ բաց կերպով ներկայացնելով այն կտտանքները, որոնց ենթարկվել են Ադրբեջանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում։ Ավելին, նախաքննության ընթացքում խոշտանգման ու անմարդկային վերաբերմունքի մասին հայրենադարձված հայ գերիների ցուցմունքներ հրապարակվել են հենց ՀՀ նախաքննական մարմինների կողմից։ 5․ Հարկ ենք համարում ընդգծել, որ հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու վերաբերյալ տվյալներ միջազգային կառույցներին ներկայացնելիս վերացական բնույթի տեղեկությունների տրամադրումը չունի արդյունավետություն: Միջազգային իրավական գործընթացներ նախաձեռնելիս անհրաժեշտ են մանրակրկիտ ու կոնկրետ տվյալներ, այլ ոչ թե հայտարարություններ ու պնդումներ։ Ուստի, բարձրաստիճան պաշտոնյաներին խստիվ հորդորում ենք զերծ մնալ նման զգայուն հարցերի վերաբերյալ հրապարակային հանդես գալուց, չշահարկել դրանք քաղաքական կամ այլ նպատակներով, քանի որ դրանք Ադրբեջանը հաջողությամբ գործածում է միջազգային կառույցների, առջև, այդ թվում՝ դատական, պաշտպանվելու ի շահ իրեն և ի վնաս՝ հայ գերիների իրավունքների: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մասնագիտական զեկույցների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները կամ դրանց տրված որակումները խոչընդոտներ են առաջացնում իրավապաշտպան գործունեության համար:   Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Սիրանուշ Սահակյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, Իրավապաշտպան»
12:25 - 08 դեկտեմբերի, 2021
Գերիների վերադարձ, ադրբեջանական պատերազմական հանցագործություններ և մի շարք այլ թեմաներ Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը

Գերիների վերադարձ, ադրբեջանական պատերազմական հանցագործություններ և մի շարք այլ թեմաներ Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը

Երեկ Փարիզում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։  Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։ Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։ COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա։
11:38 - 07 դեկտեմբերի, 2021
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտավորությամբ զրկանքներ են պատճառում մարդկանց: Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ: Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարվում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները: Ուստի, նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհերից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ դելիմատացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես պետք է հրատապ վերականգնենք մարդկանց բնականոն, նորմալ կյանքը՝ առանց այդ կյանքը խաթարող տեխնիկայի ու զինված ծառայողների, որ թույլ չտանք ադրբեջանական հիմքեր չունեցող արարքների պատճառով մարդիկ շարունակեն զրկանքներ կրել: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Առավել ևս՝ սա ամբողջությամբ բխում է միջազգային (ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն) պահանջներից: Հարկ ենք համարում հատուկ նշել, որ Պաշտպանի աշխատակազմն անձամբ է տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, Ոստիկանության ծառայողները կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Հ.Գ. Արձանագրված ամեն անհատական գործով կաշխատենք պետական մարմինների հետ ու նաև միջազգային կառույցներին ուղղված հատուկ զեկույցներով կշարունակենք հիմնավորել՝ ապառազմականացված գոտու անհրաժեշտությունը»,- գրել է Թաթոյանը:
09:30 - 05 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի զինծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն. ՄԻՊ

Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այս միջադեպը վերահաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին հայկական բնակավայրերի և խաղաղ բնակչության հարևանությամբ կյանքի իրավունքի խախտում է, անվտանգության անմիջական սպառնալիք: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի ԱԱԾ-ն հաստատել են, որ այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի։ Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից»,- գրել է Թաթոյանը: Ըստ ՄԻՊ-ի` ադրբեջանական զինված ուժերի հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և' Հայաստանում, և' Արցախում նույնաբնույթ են, իսկ դրանց աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է:
21:38 - 03 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ․ վիճարկում է դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը: Մտահոգիչ է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների: Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ուժի մեջ են մտել «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն լրացումներն ու փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Օրինակ՝ պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դարձել է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվել են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ: Սահմանադրական դատարան ուղղված դիմումում Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև պետական տուրքի դրույքաչափերը մի քանի անգամ  բարձրացնելու հիմնավորումներին, որոնք ներկայացվել էինք նախագծի ընդունման փուլում։ Այդ հիմնավորումներն այնպես են գրված, որ ստացվում է դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերի գումարներն ավելացնելով ու դրանցից ստացվող միջոցների հաշվին։ Այդպես լինի՝ նշանակում է որքան շատ բարձրացնենք տուրքերի գումարները, այնքան արագ ու հեշտ կլուծվեն դատական համակարգի խնդիրները:  Իրականում, այս խնդիրները լուծելու ճանապարհը ոչ թե պետական տուրքերի գումարներն ավելացնենլնէ, այլ  տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար ՀՀ դատական դեպարտամենտին գումարների հատկացումը, ինչն էլ յուրաքանչյուր տարի արվում է հենց այդ նպատակով։ Այսինքն՝ արդարադատության շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն ճիշտ չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը։ Այս ճանապարհը պարզապես հանգեցնելու է դատարանի մատչելիության սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքի սահմանափակման»։ Դատարանների նյութատեխնիկական ապահովվածության բարելավման, դատավորների և նրանց կցված ծառայողների թվաքանակի ավելացման, նրանց սոցիալական երաշխիքների, այդ թվում՝ վարձատրության բարելավման և դատական համակարգ նոր կադրերի ներգրավման խթանման խնդիրները չպետք է հիմք հիմք դառնան մարդու ու այն էլ սահմանադրական իրավունքները սահմանափակող կառուցակարգեր ստեղծելու համար. իրավունքներ, որոնց պաշտպանությունը երաշխավորելը և դրանց ոտնահարումը նախականխելը պետք է լինի հենց պետության առաջնային գերակայություններից մեկը: Ընդունելի չէ նաև որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու հիմնավորում նվազագույն աշխատավարձի փոփոխությունների վկայակոչումը, որ 2003 թվականի դրությամբ այն կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար: Նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն սահմանափակի անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները և առավել ևս չեն հանգեցնի դրանց անհամաչափ սահմանափակման: Պետական համակարգում առկա խնդիրները տուրքերի չափերի ավելացումով ու մարդու իրավունքների սահմանափակման միջոցով լուծելը բացարձակ անընդունելի մոտեցում է: Ուստի, դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ պետական տուրքի նոր՝ նախկինի համեմատությամբ ավելի բարձր դրույքաչափերը հանգեցնում են դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի անհամաչափ միջամտության:Ընդ որում, ՍԴ-ին ուղղված Պաշտպանի դիմումով ամբողջական փաթեթով վիճակրվում է նաև կրիչի տրամադրման վճարն ամրագրող կարգավորումը։ Դիմումով Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդել է կասեցնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 9.1-րդ հոդվածների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը:
15:25 - 03 դեկտեմբերի, 2021
Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել․ ՄԻՊ |tert.am|

tert.am: Ինձ համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունների նպատակն է ապաշրջափակման մասին հայտարարությունների ներքո մեր գյուղերում էլ ավելի մեծ խնդիրներ ստեղծել։ Այս մասին «Ազատություն» ՌԿ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մեր՝ Սյունիք կատարած այցը նպատակ ուներ ուսումնասիրել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները փակվելու՝ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդկանց վրա ազդեցությունը՝ մարդու իրավունքների տեսանկյունից։ Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ։ Ճանապարհների դիտարկելիության, վիճակի, անվտանգության լուրջ խնդիրներ կան։ Երկու ճանապարհն էլ՝ այլընտրանքայինը, որ առաջարկվում է կառուցել, թե՛ Կապանից Ճակատեն և մյուս  գյուղեր, թե՛ դեպի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ, Նոր Առաջաձոր տանող ճանապարհները մարդու անվտանգության լրջագույն սպառնալիքի տակ են, կյանքի իրավունքը ոտնահարված է»,-ասել է Թաթոյանը՝ նշելով, թե երկու ճանապարհներն էլ ուղիղ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ «Ի՞նչ ազդեցություն ունեն այլընտրանքային ճանապարհները, երբ նույն կերպ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Ադրբեջանն ամեն օր ատելություն է տարածում ու խրախուսում»,-նշել է ՄԻՊ-ը։ Ավելին՝ tert.am-ում
12:29 - 02 դեկտեմբերի, 2021
Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

Մարդիկ ստիպված են եղել գիշերել անցակետում ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով․ համակարգային խնդիրը լուծվել է ՄԻՊ-ի աջակցությամբ

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք, քանի որ, հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22.00-ից սկսած։ Դիմումատուն նշել է, որ մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել սահմանային անցակետի նստարաններին կամ մեքենայում։ Բարձրացված հարցը Պաշտպանի աշխատակազմի կողմից քննարկվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի հետ, ով հաստատել է հրապարակված տեղեկատվությունը: Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է բարձրացված հարցի քննարկում և գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված պարզաբանումների համաձայն՝ COVID-19 ախտորոշման համար ժամը 22.00-24.00 ժամանակահատվածում նմուշառման աշխատանքների ապահովման նպատակով սահմանվել է 3 օրը 1 անգամ հերթականությամբ 3 ընկերությունների համար աշխատանքի իրականացման պարտավորություն: Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը։
10:45 - 02 դեկտեմբերի, 2021
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է. ՄԻՊ

Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։ Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով  [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)։ Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարած աշխատանքային խումբն ուսումնասիրել է նաև այս պահին շահագործվող այլընտրանքային միակ ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)՝ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արտյոմ Աղաջանյանի և անձնակազմի հետ միասին: Նշվածից բացի, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև Նոր Առաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջ խնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում: Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից: Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին »:
15:24 - 01 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. ՄԻՊ

Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը. ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը: Երեկ և այսօր ուսումնասիրել ենք այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները (կից լուսանկարներում դիտարկվող ոչ բոլոր մասերն են)։ Ուսումնասիրություններ ենք արել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) և նրա անձնակազմի հետ: Գյուղերում բնակիչները նաև վկայեցին, որ երբ 90-ական թվականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով՝ եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով, թիրախավորելու դեպքեր։ Փաստերն ակնհայտ են հաստատում, որ հայատյացության պետական հովանավորչությունն ու խրախուսումն Ադրբեջանի իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է և նոր՝ ծայրահեղ դրսևորումներ է ստացել՝ հասնելով ֆաշիզմի։ Իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսևորվել է դաժանություններով ու մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով: Հետևաբար, նման դեպքերի կրկնությունը չի բացառվում։ Ընդ որում, այս ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան պարզապես անանցանելի: Այս մասին վկայել են նաև գյուղերի բնակիչները՝ հիշելով, որ 90-ական թթ. ճանապարհը շահագործելու ժամանակ բախվել են նույն խնդիրների: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի գյուղերի մեկուսացման աստիճանը։ Հարկ եմ համարում հատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Լուծված չէ ամենագլխավորը՝ երաշխավորված չեն մարդկանց կյանքի իրավունքը, անվտանգությունն ու ազատ տեղաշարժի իրավունքը, մյուս կենսական իրավունքները: Այսինքն՝ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն): Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից: Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների և հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում և վերջ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին»:
11:05 - 01 դեկտեմբերի, 2021
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Փոխնախարարը նախ վստահեցրեց, որ փոփոխությունը միտված է միայն ու միայն աշխատողների hամար առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելուն: «Գործատուն իրավունք է ստանում չթույլատրել ներկայանալու աշխատանքի վայր, եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին տեղեկանանքները»,- ասաց Սարգսյանը: Այսպիսով, սահմանված դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: Կան սահմանված բացառություններ: Բացառություններ են կազմում այն պաշտոնյաները, որոնց պաշտոնն ընտրովի է կամ օրենքի ուժով է, կամ Սահմանադրության հիմքով է նշանակվում և չունի վերադաս կամ ղեկավար, այսինքն՝ ազատելու հիմքերը ղեկավարի միջոցով չեն սահմանվում: Կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը բոլորին կոչ արեց պատվաստվել, պատգամավորը, ելնելով տարբեր երկրների, օրինակ՝ Շվեդիայի դրական փորձից, համոզված է, որ դա կլուծի խնդիրը: «Սակայն Շվեդիան այս մասով ամենաազատականն է, բայց ամենալավ արդյունքն ունի: Մարդը ոչ թե չի պատվաստվում, որովհետև դուք իրեն չեք պատժել, այլ չի պատվաստվում, որովհետև այդ համոզման չի եկել: Այդ համոզման պետք է մենք իրեն մղենք, դա պետք է լինի բացատրական, կանխարգելիչ աշխատանքներով»,-հարցրեց պատգամավորը: Նախագիծը ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
14:18 - 30 նոյեմբերի, 2021
Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ նրանց տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ խաթարում են ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը․ ՄԻՊ

Ադրբեջանցիները կտրել են Ճակատենի բնակիչների ջուրը, զրկել արոտավայրերից․ նրանց տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ խաթարում են ՀՀ քաղաքացիների բնականոն կյանքը․ ՄԻՊ

Այս տունը Ճակատենի բնակիչ Գևորգ Ավագյանի ընտանիքինն է, իսկ վերևում՝ սարի վրա, ադրբեջանական զինծառայողների դիտակետ է: Նա զրկվել է ընտանիքի եկամուտից և շարունակում է մեծ վնասներ կրել ադրբեջանական հանցավոր արարքների պատճառով։   Մասնավորապես, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղ մեր այսօրվա այցի ընթացքում տեղեկացանք, որ 5-6 տարի առաջ 3 ընտանիքով իրենց տներում ջրամատակարարում ունենալու համար մեծ չարչարանքով 2 կմ երկարությամբ խողովակաշար են անցկացրել գյուղի մոտակա բարձունքում գտնվող ջրի ակունքից՝ ծախսելով ավելի քան 2 միլիոն դրամ, սակայն ադրբեջանական զինված ծառայողների իրավական որևէ հիմք չունեցող տեղակայումներից հետո վերջիններս կտրել են այս ընտանիքների ջուրը։ Հիմա մարդիկ ստիպված են ջրի պաշարը հոգալ գյուղի այլ աղբյուրների ջրով, բայց դա մեծ խնդիր է, քանի որ ջրի պաշարներն չեն բավականացնում բնակիչներին։   Դրանից բացի, Գևորգ Ավագյանն իր մեքենայով տաքսի ծառայություն է մատուցում Կապանում: Այս աշխատանքը նրա ընտանիքի եկամտի աղբյուրն է:   Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական բացարձակ անհիմն, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության պատճառով չի կարողանում մեկնել իր ամենօրյա աշխատանքին: Շրջանցող նոր ճանապարհով հնարավոր չէ նույն աշխատանքը կատարել, քանի ճանապարհը հաղթահարելը չափազանց բարդ է, աշխատանքի ժամերով պայմանավորված՝ բացարձակ անհարմար և այս ամենն իր աշխատանքը դարձրել են անեկամտաբեր: Մարդը պարզապես զրկվել է իր և ընտանիքի ապրուստը հոգալու հնարավորությունից։   Այս նույն ընտանիքը զրկվել է նաև իր արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են այդ տարածքներում։   Փաստերն ակնհայտ են հաստատում, որ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողների տեղակայումները, հետագա ամրացումները Հայաստանի գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհներին չունեն բացարձակ զուրկ են իրավական հիմնավորումից: Նրանց արարքները հանցավոր բնույթի են, քանի որ միայն խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը և կատարվում են դիտավորությամբ: Այդ կերպ Հայաստանի բնակչությանը (հատկապես սահմանային բնակավայրերում) էլ ավելի մեծ հումանիտար խնդիրների առաջ են կանգնեցնում:  
20:52 - 29 նոյեմբերի, 2021
ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները չեն արտացոլում Վարդենիսի տուն-ինտերնատի շենքային պայմանների ամբողջական պատկերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները չեն արտացոլում Վարդենիսի տուն-ինտերնատի շենքային պայմանների ամբողջական պատկերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում հրապարակված խնդիրների վերաբերյալ, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Բարձր գնահատելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մշտադիտարկման իրականացումն ու վստահեցնելով, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր եղած թերացումների շտկման համար՝ այդուհանդերձ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում ՄԻՊ-ի կողմից հրապարակված խնդիրների վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ․ Նշենք, որ տուն-ինտերնատում, որը նախատեսված է 450 անձի համար, այժմ փաստացի խնամվում է 447 շահառու։ Ինչ վերաբերում է վերջիններիս կեցությանն, ապա ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարները, ցավոք, չեն արտացոլում հաստատության շենքային պայմանների ամբողջական պատկերը։ ՊՈԱԿ-ի բաժանմունքների մի մասը վերանորոգված է․ բարեկարգման մյուս աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ։ Բաժանմունքների մուտքերի հիմնական մասն ապահովված է թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամյալները կարող են անխոչընդոտ տեղաշարժվել։ Շահառուների սենյակներում վարդակների բացակայությունը պայմանավորված է նրանց անվտանգությամբ՝ հոգեբույժի ցուցումով: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի կողմից ներկայացված ապաստարանի լուսանկարին, նշենք, որ այն նկուղային պահեստարան է, որտեղ պահեստավորվում է այս պահին չօգտագործվող գույքը։ Շենքային մյուս պայմանների վերաբերյալ՝ տեղեկացնում ենք, որ երեք տասնյակից ավելի սանհանգույցներն արդեն իսկ վերանորոգված են, մի քանիսը նախատեսվում է վերանորոգել։ Դրանցից միայն մեկն ունի շտապ վերանորոգման անհրաժեշտություն, գտնվում է շենքի չգործող հատվածում, որն էլ արտացոլվել է ՄԻՊ-ի կողմից հրապարակված լուսանկարում։ Հաստատության բաժանմունքների ճաշարաններն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, որը հասանելի է բոլոր խնամյալներին: Ճաշարանների 80%-ը վերանորոգված է, մնացածի վերանորոգումը նախատեսվում է։ 2022 թվականին նախատեսվում է նաև ձեռք բերել անհրաժեշտ գույք և տեխնիկա, այդ թվում՝ լվացքի մեքենա, հեռուստացույց, սառնարան և այլն։ Ինչ վերաբերում է ժամկետանց բժշկական պարագաներին և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութերին, նշենք, որ փաստացի չօգտագործված ժամկետանց նյութերը խոտանվում են՝ օրենքով սահմանված կարգով՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ Ուստի, անհրաժեշտ էր արձանագրել, որ նշվածները խոտանվելու են տարեվերջին՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ ՊՈԱԿ-ում դեղորայքի, այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս չկա․ անհրաժեշտ դեղորայքը ձեռք է բերվում՝ հոգեբույժի կողմից սահմանված բուժման սխեմաների հիման վրա և «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Բացի այդ, տուն-ինտերնատի շահառուն հանդիսանում է Վարդենիս համայնքի բնակիչ և լիարժեք օգտվում է ոչ միայն տեղի հիվանդանոցի և պոլիկլինիկայի, այլև հանրապետության բոլոր նեղ մասնագիտական բուժհիմնարկների պետպատվերի ծառայություններից։ Հարկ է նշել նաև, որ դեղորայքի պահպանումն իրականացվում է դեղատանը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված չափորոշիչների։ Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ի անձնակազմին, ապա աշխատակիցների՝ համավարակի և պատերազմի պատճառով հետաձգված վերապատրաստման դասընթացներն իրականացվում են ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով։ Թափուր հաստիքների, այդ թվում՝ հոգեբույժների ներգրավման ուղղությամբ նախարարության կողմից պարբերաբար աշխատանքներ են տարվում։ Հրապարակման մեջ ներկայացվում է, որ անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը, մինչդեռ, ՊՈԱԿ-ում բոլոր բժշկական փաստաթղթերը վարվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ձևաչափերի։ Այն, որ արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ, պետք է փաստել, որ տուն-ինտերնատը հոգեբուժարան չէ, այլ շուրջօրյա խնամքի հաստատություն, որտեղ անհրաժեշտ է գրեթե բացառել զսպման մեխանիկական մեխանիզմների կիրառումը։ Ինչ վերաբերում է ՊՈԱԿ-ում խնամարկյալների զբաղվածության ապահովմանն, ապա պետք է նշել, որ տուն-ինտերնատում գործում է զբաղվածության կենտրոն, որտեղ շահառուներն, ըստ նախընտրության, կարող են  մասնակցել՝ նկարչության, գորգագործության և ձեռագործության այլ դասընթացների։ Հարկ է նշել, որ շահառուների՝ հարազատների կամ համապատասխան մարմինների հետ կապի հաստատումն իրականացվում է սոցիալական աշխատողի և ավագ բուժքրոջ միջոցով՝ ինչպես տեսակապի, այնպես էլ հեռահար կապի միջոցով։ Խնամարկյալների համար՝ նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաների պակաս երբևէ չի եղել։ Այդ մասին կարող են փաստել նրանց կողմից գրված բազմաթիվ նամակները, ստեղծագործող շահառուների աշխատանքները, գնման պլանում նախատեսված և իրականացված գրենական պիտույքների վերաբերյալ գնումները։ Ամփոփելով վերոգրյալը՝ նշենք, որ նախարարությունն արժևորում է ՄԻՊ-ի կողմից մշտադիտարկման արդյունքում իրականացված աշխատանքների դերն ու վստահեցնում է, որ արձանագրված խնդիրների և բացթողումների վերացման ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ»։
20:25 - 26 նոյեմբերի, 2021
Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել. ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Արա Զոհրաբյանի և մյուսների հետ

Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել. ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել Արա Զոհրաբյանի և մյուսների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ այցելելու այսօր Երևանում  տեղի ունեցած ակցիայի բերման և վարչական ձերբակալման ենթարկված մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին։ Տեղի է ունեցել առանձնազրույցներ Արա Զոհրաբյանի և մյուս բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը: «Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ օրենքից չէր բխում այսօր Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործողությունները՝ առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ: Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը: Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այսօրվա, այնպես էլ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է այսօր նաև ակցիա իրականացնող այլ անձանց նկատմամբ: Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
16:29 - 26 նոյեմբերի, 2021
ՄՊ հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է մինչև զեղչի հայտարարումն արհեստականորեն չբարձրացնել ապրանքի գինը

ՄՊ հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է մինչև զեղչի հայտարարումն արհեստականորեն չբարձրացնել ապրանքի գինը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին «Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները: «Մասնավորապես ձեռնպահ մնալ՝ ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն, ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը: Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով: Նմանատիպ խնդիրների բախվելիս կարող եք դիմել Հանձնաժողով»,- ասված է Հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
11:20 - 26 նոյեմբերի, 2021
Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի, հոգեբույժների խիստ պակաս. ՄԻՊ–ը՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնդիրների մասին

Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի, հոգեբույժների խիստ պակաս. ՄԻՊ–ը՝ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնդիրների մասին

Գերբեռնվածություն, ժամկետանց բուժպարագաներ, դեղերի պակաս, հոգեբույժների խիստ պակաս և այլն. արձանագրված լուրջ խնդիրներ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ մշտադիտարկման այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:   Մասնավորապես, արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.   · Տուն-ինտերնատը գերբեռնված է, պահպանված չէ խնամարկյալների անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում իրար կիպ տեղադրված մահճակալներ են՝ խնամարկյալների մասնավոր կյանքի իրավունքի խախտմամբ,   · հայտնաբերվել են ժամկետանց բժշկական պարագաներ և լաբորատոր հետազոտությունների համար նախատեսված ժամկետանց նյութեր,   · առկա է դեղորայքի,   այդ թվում՝ հոգեմետ դեղերի տեսակի և քանակի պակաս,   · դեղորայքը պահվել է անթույլատրելի պայմաններում,   · հոգեբույժների թիվը խիստ պակաս է (450 խնամարկյալին սպասարկում է մեկ հոգեբույժ): Սա բացարձակ անթույլատրելի է,   · անթույլատրելի սկզբունքով են վարվում բժշկական փաստաթղթերը,   · արձանագրվել են զսպման միջոցների կիրառման կարգի խախտումներ. մատյանները պատշաճ չեն վարվում, խնամարկյալների կամ զսպում իրականացնող անձի ստացած վնասվածքները, ինչպես նաև զսպման միջոցի արդյունավետության մասին տեղեկությունները պատշաճ չեն արձանագրվում, ֆիզիկական զսպման միջոցները տրավմատիկ են և ոչ արդյունավետ, ֆիզիկական զսպումը հաճախ իրականացվում է սենյակներում՝ մյուս խնամարկյալների ներկայությամբ և այլն,   · բաժանմունքներն ունեն վերանորոգման կարիք, սենյակների պայմաններն անբավարար են (ներքնակներն անհամապատասխան են մահճակալներին, կողապահարանների պակաս կամ բացակայություն և այլն),   · արձանագրվել են հագուստի անհատականացմանն առնչվող խնդիրներ. հոգեկան առողջության խնդիրներ ունեցող այն անձանց հագուստը, ովքեր չեն կարող այն անհատականացնել, լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով,   · Տուն-ինտերնատի որոշ բաժանմունքների սանհանգույցներ ունեն վերանորոգման լուրջ կարիք,   · Տուն-ինտերնատի բաժանմունքներում արձանագրվել են լոգարանների ոչ բավարար պայմաններ (ցնցուղների բացակայություն), առկա է դրանք վերանորոգելու հրատապ անհրաժեշտություն,   · Տուն-ինտերնատում բացակայում են հարմարեցումները, ներառյալ՝ բաժանմունքների մուտքերն ապահովված չեն թեքահարթակներով, ինչի արդյունքում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող խնամարկյալներն ունեն սանհանգույցից և զբոսանքից օգտվելու բարդություններ,   · բաժանմունքների ճաշասրահներում լրացուցիչ գույքի անհրաժեշտություն կա (խնամարկյալը ճաշից օգտվել է ափսեն ձեռքում պահած՝ սեղանին հասանելիություն չունենալու պատճառով),   · բաժանմունքների ճաշասրահներում առկա է վերանորոգման անհրաժեշտություն,   · արձանագրվել են իրազեկված համաձայնության հետ կապված խնդիրներ. խնամարկյալները իրազեկված համաձայնություն չեն ներկայացնում և պատշաճ չեն տեղեկացվում իրենց իրավունքների վերաբերյալ,   · խնամակալության ինստիտուտը պատշաճ չի գործում, խնամակալների՝ ի շահ խնամարկյալների գործելու նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացվում,   · առկա է խնամարկյալներին զբաղվածությամբ ապահովելու անհրաժեշտություն, չնայած Տուն-ինտերնատում զբաղվածության կենտրոնի առկայությանը, բաժանմունքներում խնամարկյալների զբաղմունքի հիմնական տեսակը հանգստյան սենյակում տեղադրված հեռուստացույցն է. որոշ բաժանմունքներում տևական ժամանակ այն եղել է անսարք,   · անհատական բջջային հեռախոս չունեցող խնամարկյալները տաքսաֆոնների բացակայության պարագայում չեն կարողանում զանգահարել մերձավորներին կամ կոնֆիդենցիալ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ,   · խնամարկյալների համար առկա չեն ունեցել նամակներ, դիմումներ և բողոքներ գրելու համար անհրաժեշտ գրենական պարագաներ (թուղթ, մատիտ, գրիչ և այլն),   · դեպի Տուն-ինտերնատ չկա հասանելի հասարակական տրանսպորտ, երբ այնտեղ պահվում է մոտ 450 խնամարկյալ,   · առկա է Տուն-ինտերնատի բժշկական և ոչ բժշկական անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտություն,   · հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների աշխատանքային պայմաններն անթույլատրելի վիճակում են և այլն:   Նախորդ այցի համեմատ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների հիման վրա Տուն-ինտերնատում արձանագրվել են դրական փոփոխություններ, որոնք հիմնականում հանգում են հետևյալին.   · Տուն-ինտերնատի բաժանմունքներում մետաղական մահճակալները փոխարինվել են նորերով, · որոշակիորեն բարելավվել է սննդի որակը,   · Տուն-ինտերնատում պահվող կին խնամարկյալների նկատմամբ իրականացվել են արգանդի պարանոցի ուռուցքային հիվանդությունները հայտնաբերելու կապակցությամբ Պապ թեստի սկրինինգային հետազոտություններ,   · ողջունելի է Տուն-ինտերնատում իրականացվող նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի դեմ կանխարգելիչ պատվաստումները:   Մարդու իրավունքների պաշտպանությունը համակողմանի գործընթաց է, որը ենթադրում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների երաշխավորում, նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ապահովում և փոխադարձ հարգանք երաշխավորող հարաբերությունների հաստատում: Այս սկզբունքային մոտեցման բաղադրիչներից է այն մարմինների աշխատակիցների, իրավունքների վիճակը, որոնք իրենց գործունեությամբ կոչված են իրականացնել այլ մարդկանց իրավունքների պաշտպանությունը:   Հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների աշխատանքային արժանապատիվ պայմաններն ու սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձը պետք է շարունակաբար բարելավվեն:   Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանն ուղարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:   Այս հրապարակումը լուսանկարներով արվում է՝ հաշվի առնելով, որ համակարգային խնդիրները տարիներով շարունակում են մնալ չլուծված, որի գլխավոր պատճառը տարիների պետական ոչ ճիշտ ու անուշադիր քաղաքականությունն է:
22:37 - 24 նոյեմբերի, 2021