ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵՄ արտգործնախարարը շեշտում է՝ հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից |azatutyun.am|

ԵՄ արտգործնախարարը շեշտում է՝ հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտգործնախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնակիցների հետ՝ հորդորելով կողմերին հավատարիմ մնալ մարդասիրական հրադադար հաստատելու վերջին պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի նախաձեռնությամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ։ «Հրադադարը պետք է լինի անվերապահ և պահպանվի երկու կողմից», - զրույցից հետո հայտարարել է Ժոզեպ Բորելը՝ հավելելով. - «Ես ընդգծեցի, որ խաղաղ բնակիչների դեմ հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, դրանք ոչ մի արդարացում չունեն։ Նաև կրկնել եմ, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը կողմերին ու ԵԱՀԿ-ին՝ խնդրի տևական կարգավորմանը հասնելու հարցում»։ Պաշտոնական Երևանն, իր հերթին, հաղորդել էր, թե արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում բարձրացրել է Արցախի քաղաքացիական բնակչության, ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի և սպանությունների թեման և խորը մտահոգություն հայտնել «միջազգային հանրության որոշ դերակատարների դրսևորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ»: Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ էլ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը զրույցում վերստին հայկական կողմին է մեղադրել հրադադարի խախտման համար։
15:00 - 19 հոկտեմբերի, 2020
Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի

Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Լեոնիդ Սլուցկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պնդումները, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին, չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այսպիսի կարծիք է  հայտնել ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, փոխանցում է ТАСС-ը։ «Ցավոք, նման հայտարարությունները չեն նպաստում հակամարտության գոտում խաղաղ կարգավորմանը և իրավիճակի թեթևացմանը:  Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս պետությունները չեն աջակցում կողմերից որևէ մեկին և հանդես են գալիս արյունահեղության դադարեցման օգտին», - շեշտել է նա: Սլուցկին հիշեցրել է, որ ավելի վաղ բոլոր երեք երկրների ղեկավարները  հատուկ հայտարարություն էին տարածել` կոչ անելով հրադադարի ռեժիմ հաստատեկ, ավելի ուշ Մոսկվայում բանակցություններ էին վարվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, և ձեռք էին բերվել հրադադարի մասին պայմանավորվածություններ:   «Այսօր բոլորը պետք է շարունակեն որոնել քաղաքական և դիվանագիտական ​​ուղիներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ամփոփել է նա։   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
19:06 - 18 հոկտեմբերի, 2020
Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|

Արցախը դրական է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված պատերազմի դադարեցմանը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետությունը դրական է գնահատում միջազգային հանրության և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված հրադադարի վերականգնմանը և պատերազմի դադարեցմանը: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: «Կարծում եմ, եթե այս անգամ հակառակորդը չհարգի միջազգային ջանքերը և կրկին խախտի հրադադարի ռեժիմը, ապա 3-րդ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները շատ ավելի կոշտ և լրիվ այլ մեթոդներով են վերականգնելու զինադադարը: Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը և չեմ կարծում, որ երրորդ անգամ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը»,- նշեց Բաբայանը: Նա ընդգծեց, որ իր խորին համոզմամբ, եթե միջազգային հանրության ջանքերը ժամանակին ավելի կոշտ լինեին, գուցե նման իրավիճակ չստեղծվեր: Բաբայանը շեշտեց, որ կային կազմակերպություններ, որոնք պարտավոր էին ավելի օպերատիվ ու կոշտ ձևով արձագանքել: «Մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ: Խաղաղության և մեր անվտանգության ամենակարևոր գրավականը ճիշտ աշխարհաքաղաքականությունն է, եղբայրական երկրների հետ հարաբերությունները նոր որակի հասցնելը»,- ասաց ԱՀ նախագահի խորհրդականը: Բաբայանի խոսքով՝ Արցախը պինդ է, կանգուն է անկախ ամեն ինչից: ԱՀ նախագահի խորհրդականը հույս հայտնեց, որ այս զինադադարն իր նպատակին կհասնի, սակայն, անկախ ամեն ինչից, իրենք շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն: «Բանակը, մեր զինված ուժերը շարունակելու են իրենց պատմական և հերոսական առաքելությունը մեր ժողովրդին ու պետականությունը պահպանելու ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:
12:59 - 18 հոկտեմբերի, 2020
Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարի խախտման վերաբերյալ․ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ: Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ:
11:01 - 18 հոկտեմբերի, 2020
Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվեց «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրեց հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։ ԱԳՆ հաղորդմամբ՝ դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ հետևյալ խնդիրներին․ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրավորված բլիցկրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի, առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության։  Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 11-ժամյա հանդիպման արդյունքներով ընդունված հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը շատ թույլ լավատեսություն առաջացրեց հայկական հասարակությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իսկ կողմից ընդունված փաստաթղթերի և համաձայնությունների չհարգելու նախկին դեպքերը։ Հայտարարված հումանիտար հրադադարից անմիջապես հետո ադրբեջանական հարձակողական գործողությունների ինտենսիվությունը էլ ավելի աճեց։ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ, հոկտեմբերի 13-ին միայն իրականացրել են 36 մարտական թռիչք։ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև ռազմական ինքնաթիռներ և հարձակողական ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի հարձակումների ինտենսիվությունը և բացառապես հարձակողական բնույթի սպառազինությունների կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը վկայում են, որ այդ երկրի իշխանությունների նպատակն է պատճառել հնարավորինս մեծ վնաս՝ ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, այնպես էլ ենթակառուցվածքի առումով։ Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ներկայացրեց Արցախի բնակչության շրջանում կորուստները և գույքի, ենթակառուցվածքների մասով գրանցված վնասները։ Նա նաև տեղեկացրեց, որ հազարավոր կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր ապրում են մշտական կյանքի սպառնալիքի և հոգեբանական տեռորի պայմաններում։ Դեսպան Պապիկյանը նաև տեղեկացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից թիրախավորելու մասին՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերը, հետևելով Ադրբեջանի տրամաբանությանը, այսուհետ կարող են թիրախավորել Ադրբեջանի տարածքում ցանկացած զինվորական օբյեկտ։ Քաղաքական և դիվանագիտական բնույթի զարգացումներ․ Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն արեցին՝ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ կոչ անելով հարգել հրադադարը և աշխատել հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների հաստատման ուղղությամբ։ Միջազգային հանրությունը շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իր կոչերը։ Հայաստանը մշտապես շեշտել է, որ իմաստալի երկխոսություն և բանակցային գործընթաց ունենալու համար նախ և առաջ պետք է նման գործընթացի շրջանակներում մեկ ընդ միշտ բացառել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, և այսօր Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները։ Թուրքիայի ներգրավվածություն. Հանգամանալից ներկայացրեց թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ադրբեջանի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարձակումների օդային ապահովման, ինչպես նաև օդային հարձակումների վերահսկման և կառավարման իրականացման մասին վկայող փաստերը։  Թուրքիայի կողմից Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիայի աջակցությունը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները՝ Արցախի ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին։  Ռազմական աջակցությունից զատ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Բաքվի որոշումների կայացման գործընթացում։ Որպես օրինակ բերվեց այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայից վերադառնալուն պես հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որից հետո, և չնայած Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, հայտարարել է, որ հումանիտար հրադադար հաստատելու պայմաններ ներկայումս առկա չեն։ Թուրքիայի ղեկավարությունը, հակառակ Մոսկվայի հայտարարության, հրահրում է Ադրբեջանին՝ շարունակել ռազմական ագրեսիան։ Հետևաբար, Թուրքիան այսօր դարձել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմնական խոչընդոտը։ Թուրքիայի ներգրավվածությունը կասկածներ չի հարուցել նաև ՄԻԵԴ-ի մոտ, որը հոկտեմբերի 14-ին վերահաստատեց հոկտեմբերի 6-ին Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումը։ Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին. Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցությունը նոր զարգացում է ԼՂ հակամարտության համատեքստում։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով մինչև 4000 ահաբեկչական մարտիկներ են պատերազմում Ադրբեջանի կողմից։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է դրանցից 107-ի զոհվելու փաստը։ Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Թուրքիայի կողմից զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան հաստատվել է ինչպես հետախուզական, այնպես էլ լրատվական բազմաթիվ հետաքննությունների արդյունքներով։ Սա չափազանց վտանգավոր զարգացում է․ այսօր ԵԱՀԿ-ում ունենք մասնակից պետություն, որն օգտագործում է զինյալ ահաբեկիչներին իր կողմից հրահրվող պատերազմներում: Ավելին, Թուրքիան իր հավաքագրման սխեմայի միջոցով ֆինանսավորում է ահաբեկիչներին և նպաստում է ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական մարտիկների տարածմանն աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Հավատարմության զգացողության շնորհիվ այս խմբերը դառնում են Թուրքիայի վստահված բանակը, որը կարող է տեղակայվի աշխարհի տարբեր մասերում, որտեղ զինված ուժերի ներգրավվումը նպատակահարմար չէ: Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ տարածաշրջանը։ Այսօր Արցախի և Հայաստանի ժողովուրդը մարտնչում է միջազգային ահաբեկչության դեմ, կռիվ է տալիս այն պետությունների դեմ, որոնք չեն խորշում ահաբեկիչներին և ջիհադիստներին օգտագործելուց։ Թուրքիայի նման գործելաոճը կանգնացնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ և հասցեական դատապարտի այդ վարքագիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի թիրախավորված միջոցառումներ իրականացնի։ Եզրակացնելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է։
19:08 - 17 հոկտեմբերի, 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ. քննարկվել է ԼՂ-ում իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել ԼՂ-ում ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:    Պուտինը Էրդողանին իր լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցության կապակցությամբ: ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ,  կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացման գործում:
21:09 - 14 հոկտեմբերի, 2020
Դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող պետություններին՝ 
վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի վայրագություններն ու ցեղասպան գործողությունները

Դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող պետություններին՝ վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և Ադրբեջանի վայրագություններն ու ցեղասպան գործողությունները

Ամենայն Հայոց Կաթոցիկոսի կոչը․ «Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աստվածային օրհնությունն ենք բերում ձեզ և Հայրապետական Մեր սերն ու աղոթքները: Մեր հայրենիքի համար վճռական օրեր են։ Կենաց ու մահու կռիվ ենք մղում հանուն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի։ Ադրբեջանը, անտեսելով հրադադարի պայմանավորվածությունը, շարունակում է ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության դեմ՝ հրետակոծելով նաև խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը, մեր հուշարձաններն ու սրբավայրերը, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Թիրախավորվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը։ Ադրբեջանի այս ընթացքը ի ցույց է դնում բանակցությունները ձախողելու, Արցախի ժողովրդին հայրենի հողից վտարելու և բնաջնջելու նրա հայատյաց քաղաքականությունը։ Արցախի համար չկա և չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում։ Պատերազմը մեր ժողովրդի ընտրությունը չէ: Մեզ պարտադրված է ինքնապաշտպանությունը, որպես բռնության ու բիրտ ուժի դեմ մեր կյանքի, ազատության և արժանապատվության պահպանման միակ միջոց: Մենք դիմում ենք մարդկային կյանքը, խաղաղությունն ու արդարությունը արժևորող բոլոր պետություններին, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ առավել վճռական քայլեր ձեռնարկելու կանխելու համար Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ Ադրբեջանի կողմից իրագործվող վայրագություններն ու ցեղասպան գործողությունները, հարկադրելու դադարեցնել պատերազմը և հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ լինել բանակցությունների ճանապարհով։ Արցախի ժողովրդի անվտանգ կյանքը, Արցախում կայուն խաղաղության հաստատումը կենսական ու հրամայական է՝ կանխելու ավերածություններն ու հումանիտար աղետը տարածաշրջանում։   Մեր կոչն ենք ուղղում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին. սիրելիներ, առավել քան երբևէ հայրենիքը կարիքն ունի մեզանից յուրաքանչյուրի ամբողջանվեր հանձնառության, համայն հայության համախմբման և հաղթական վճռականության՝ Արցախը պաշտպանելու, մեր ժողովրդի նկատմամբ արդարություն հաստատելու սրբազան այս գոյապայքարում։ Լինենք միասնական և աննկուն, շարունակենք Արցախին ցուցաբերվող զորակցությունը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը, որպեսզի մեր հերոս նախնիների ոգով ներշնչված՝ փառապանծ հաղթանակով վերականգնենք խաղաղությունը հայրենյաց սահմաններում և ապահովենք Հայաստան և Արցախ մեր հայրենի երկրի անվտանգ ու ստեղծագործ կյանքը։ Սիրելի զինվորներ և սպաներ Հայոց փառապանծ բանակի, առանձնակի գնահատանքով և երախտագետ սրտով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունը։ Ամեն օր ծանր մարտերում դուք սխրանքներ եք գործում` պաշտպանելով մեր հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը մեր ժողովրդի։ Ամեն ժողովուրդ պիտի հպարտանար ձեզ պես նվիրյալ, արժանավոր զավակներով: Մեր ժողովրդի պարծանքն եք դուք, մեր պետականության, ազատ Հայաստանի, ազատ Արցախի գոյության և մեր արդար ձգտումների երաշխավորը: Այս պայքարի ընթացքում նաև կորցրեցիք զինակից ընկերներ, ովքեր ընկան հերոսի մահով և ժառանգեցին նահատակության անթառամ պսակը։ Մեր նորօրյա նահատակների լույս հիշատակի առջև թող հաստատ լինի ձեր ուխտը՝ ազգասիրության հաղթական ոգին աննկուն պահելու և հայրենին պաշտպանելու։ Ձեր անձնվիրումի ու ծառայության օրինակով ոտքի է կանգնել համայն մեր ժողովուրդը ի սփյուռս աշխարհի և իր ձայնն է բարձրացնում հանուն Արցախի իրավունքների և հաղթանակի։ Մենք հավատում ենք, որ «Տերն իր ժողովրդին զորություն պիտի տա, իր ժողովրդին պիտի օրհնի խաղաղություն պարգևելով» (Սաղմ. ԻԸ 11)։ Եվ այդ հաղթական հավատքով հայցում ենք Բարձրյալից, որ անփորձանք պահի ու պահպանի ձեզ, սիրելի զինվորներ և սպաներ, աշխարհազորայիններ և կամավորականներ, զինավառի ձեզ իր հոգևոր սպառազինությամբ և զորացնի ձեր բազկի ուժը՝ հաստատելու հարատև խաղաղությունը մեր հայրենիքում և մեր ժողովրդի կյանքում։ Աղոթում ենք ձեզ համար։ Աստված օգնական և ապավեն ձեզ, Աստված օգնական և ապավեն Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրին և մեր ժողովրդին։ Ամեն»։
19:18 - 14 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ԼՂ հակամարտության շուրջ իր քայլերում, հայտարարել է Լե Դրիանը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան խստորեն պահպանում է անաչառությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ իր քայլերում, այսօր հայտարարել է երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով պատգամավոր Դանիել Ղազարյանի հարցին։ «Ներկայիս իրավիճակում Ֆրանսիայի խիստ չեզոք կեցվածքը անընդունելի է, քանի որ Ղարաբաղում Ֆրանսիայի բարեկամները մարտնչում են ուժերի անհավասարության պայմաններում», - փաստել էր Ֆրանսիայի խորհրդարանի հայազգի ներկայացուցիչը։ «Ես հասկանում եմ այն զգացմունքները, որ ի հայտ է բերում այս հակամարտությունը Ֆրանսիայում, դրանք հիմնված են այն մարդկային, մշակութային ու պատմական սերտ կապերի վրա, որ միավորում են Ֆրանսիան և Հայաստանը։ Մենք շատ սերտ կապեր ունենք Հայաստանի հետ, բայց, ինչպես գիտեք, Ֆրանսիան վաղեմի հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ», - ասել է արտգործնախարարը։ Լե Դրիանը միաժամանակ ընդգծել է՝ «դա նշանակում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է օգտագործի իր երկկողմ հարաբերությունները՝ կողմերին հրադադարի տանելու և այս ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործելու համար։ «Այն մանդատը, որը ԵԱՀԿ-ն տվել է 1994-ին Ֆրանսիային, Ռուսաստանին ու ԱՄՆ-ին, ենթադրում է լիակատար անաչառություն։ Մենք կկորցնենք մեր լեգիտիմությունը, եթե կանգնենք հակամարտող կողմերից որևէ մեկի կողքին», - խորհրդարանում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
20:18 - 13 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օպերատիվ իրադրությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց, ոչ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։ Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: Զրուցակիցներն ամփոփեցին խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխանքները:
17:18 - 13 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար: Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:
17:00 - 13 հոկտեմբերի, 2020
Կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարարի, ՄԽ ամերիկացի համանախագահ Է․ Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հանդիպումը

Կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարարի, ՄԽ ամերիկացի համանախագահ Է․ Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հանդիպումը

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Էնդրյու Շեֆերի և Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում    Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի,  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված հնարավոր քայլերը: Զրուցակիները հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերը` հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրույթները:   Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
23:51 - 12 հոկտեմբերի, 2020