Հայաստան

Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը. Էդմոն Մարուքյան

Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել Հայ-Իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել։Այս ամենից անդին մեր մտահոգությունն ու կարեկցանքն ենք փոխանցում բարեկամ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան չեզոքացնել այդ վերահաս աղետը»,- գրել է նա։
09:27 - 23 փետրվարի, 2020
Իրանում ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը Իրանում գտնվող հայաստանցիներին հորդորում է կապվել դեսպանատան հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի մասին

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:Ներկա պահին Իրանում կորոնովիրուսով վարակման 18 դեպք է արձանագրվել, որոնք գրանցվել են Կումում, Արաքում, Թեհրանում և Գիլյանում: Դրանցից 4-ը մահվան ելքով են ավարտվել:ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսային վարակի դեպքերըը, առաջարկել է «Մեղրի» անցակետում էլ ավելի ուժեղացնել հսկողությունը։
10:33 - 22 փետրվարի, 2020
Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը |armenpress.am|

Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք, նկատելով Ցեղասպանության առնչվող մեկ այլ նախագծի կարգավիճակի փոփոխությունը, շտապել են եզրակացնել, թե Ռադան հրաժարվել է քննարկել վերոնշյալ նախագիծը: «Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովի կողմից հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (գրանցումը՝ 11/05/2019), նույն կարգավիճակում է և սպասում է հանձնաժողովի քննարկմանը»,-տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը: Ինչ վերաբերում է Դարիա Վոլոդինայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագծին, որը շրջանառության մեջ էր դրվել 2020-ի փետրվարի 14-ին, հետ է վերցվել: AnalitikaUA.net-ը իրավասու աղբյուրներից տեղեկացել է, որ միայն հեղինակն ինքը կարող էր հետ վերցնել նախագիծը, այսինքն ՝ նախագիծը քննարկման համար չի մերժվել: Լրատվամիջոցը դիմել է նախագծի հեղինակ Դարիա Վոլոդինայի մամուլի ծառայություն՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, այս պահին սպասում է արձագանքի: Վերջին 10 տարվա ընթացքում չորս օրենսդրական նախաձեռնություն է գրանցվել Ուկրաինայի խորհրդարանում: 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
19:31 - 21 փետրվարի, 2020
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ |armenpress.am|

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագիծ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի խորհրդարանում՝ Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: Իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020): Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանն իր մեկնաբանության մեջ պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հետեւողական հավատարմության մասին: Սա վերջին 10 տարվա ընթացքում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019): 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:
18:49 - 18 փետրվարի, 2020
Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ |azatutyun.am|

Կհրավիրվեն ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին հրավիրում է լսումներ՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացակարգային և բովանդակային կողմերը, համաձայնագրի շրջանակներում իրականացվող և նախանշվող երկկողմ ծրագրերը, այս գործընթացում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, ինչպես նաև համաձայնագրի կիրարկման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանն առնչվող հարցեր: Համաձայնագիրը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Փետրվարի 14-ին Նիդերլանդները պաշտոնապես հայտնել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտելու մասին: Այն 20-րդ երկիրն է, որ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել է փաստաթղթի վավերացման ընթացակարգերն ավարտելու մասին։ Սլովենիան, Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին Գլխավոր քարտուղարությանը։
16:46 - 17 փետրվարի, 2020
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տևական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաև Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թալիբանի միջև։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձևաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար և մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատև զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը։
20:46 - 14 փետրվարի, 2020
Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկ |armenpress.am|

Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժություն. Համաշխարհային բանկ |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ համառոտագրում:   Համաշխարհային բանկը նկատել է՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը (ՏԱՑ) դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հասել է գագաթնակետին՝ 10.7 տոկոսի: «Աճի ամենաբարձր տեմպը շարունակեց գրանցվել ծառայությունների, մասնավորապես՝ տրանսպորտի ճյուղում ուժեղ կատարողականով (բեռնափոխադրումների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 25 տոկոս): Դրա շնորհիվ ՏԱՑ տարեկան գումարային աճը 2019 թ. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմեց 7.8 տոկոս, ինչը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է»,-նշված է համառոտագրում: Բանկը նաև նկատել է՝ 2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվել է (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020 թ. հունվարին ավելի դանդաղել: «Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների 4.6 տոկոսանոց աճը և տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018 թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի և խմիչքների գների աճով: Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս»,-ասված է համառոտագրում: Բանկը նկատել է՝ չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացմանը: Համառոտագրում նշվում է նաև դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցված ներմուծման 52 տոկոսանոց աճի մասին՝ արտահանման 13 տոկոսանոց աճի համեմատ: Բանկը նկատել է՝ ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր է եղել: Մասնավորապես միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել է 14,7 տոկոսով `հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, բարձր է եղել նաև արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաև չգրանցված վերաարտահանման պատճառով: Համառոտագրում նշված է՝ դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո, հայկական դրամն ամրապնդվել է 2020 թ. հունվարին: «Դեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետևանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի: Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) և 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի»,-նշված է համառոտագրում:   Բանկը նկատել է, որ կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված է եղել նաև խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019 թ. վերջի դրությամբ Կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր:
18:53 - 14 փետրվարի, 2020
Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Նիդերլանդներն ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերը

Նիդերլանդները Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին։ Այս մասին փետրվարի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «2020թ. փետրվարի 12-ին Նիդերլանդները հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,-նշել է Նաղդալյանը: Հայաստան- Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդեն վավերացրել են 21 պետություն՝ Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Հայաստանի Հանրապետությունը, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները:
14:05 - 14 փետրվարի, 2020
Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է ԼՂ հակամարտության կարգավորման թեման. Անգելա Մերկել

Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է ԼՂ հակամարտության կարգավորման թեման. Անգելա Մերկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետ Փաշինյանի դիմավորման և պատվիրակություններին ողջունելու արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները մինչ բանակցությունները սկսելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է. «Սիրով Գերմանիայում մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու, և այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։ Հայաստանում ներկայում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև իրավական համակարգում։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում։ Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերություններն ինտենսիվացել են։ Երբ այցելել էի Հայաստան` եղա Թումո կենտրոնում և շատ էի հիացել այդ կենտրոնով։ Մեզ մոտ Թումո կենտրոն բացելու համար ստորագրվել է համաձայնագիր, և այս տարվա աշնանը մենք կկարողանանք Բեռլինում բացել այն։   Նախորդ տարվա հոկտեմբերին մենք ունեցել ենք տնտեսական ֆորում, և այն մի նոր ճյուղ է բացել հայ- գերմանական հարաբերություններում։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունում։ Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել, միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, և մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք երկու միությունների համագործակցության համար:   Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Պարոն վարչապետը շարունակելու է իր ուղևորությունը Մյունխեն, շնորհակալ ենք և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»:   Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի տիկին կանցլերԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներՏիկնայք և պարոնայք Մեծ ուրախությամբ եմ ցանկանում արձանագրել, որ իմ պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկուկես տարվա ընթացքում, տիկին կանցլերի հետ մենք հանդիպում ենք արդեն երրորդ անգամ: Սա ինքնին խոսուն փաստ է, ինչը վկայում է մեր հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ:   Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար: Քիչ անց տիկին Մերկելի հետ հնարավորություն ենք ունենալու քննարկելու մեր համագործակցության օրակարգը: Առանձնակի ցանկանում եմ շեշտել այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին: Մենք երախտապարտ ենք Գերմանիայի և Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար: Ընդհանուր առմամբ ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Դուք գիտեք, որ 2018 թվականից Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման արդյունավետ, ուժեղ պետություն լինելով, որտեղ հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները և որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց թերևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն: Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանի տեղի ունեցող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում` ինչպես և նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ և անշրջելի դարձնելու մասին, և սա շատ կարևոր խոսակցություն է:   Ընդհանուր առմամբ Գերմանիայի հետ համագործակցության համատեքստում կցանկանայի առանձնացրել գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը մեր երկրում: Մեր հանդիպման զգալի հատված նվիրելու ենք տնտեսական օրակարգին, որը վերջին մեկուկես տարվա ընթացքում զգալի առաջընթաց է ապրել: Այս համատեքստում կարևորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան:   Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո, տիկին կանցլեր, շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման Թումո կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը: Տիկին կանցլերի հետ անդրադառնալու ենք նաև մշակութային, գիտակրթական համագործակցությունը: Մեզ համար կարևոր է կրթական ոլորտում Գերմանիայի առաջատար փորձի տրամադրումը: Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի:   Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա։ Շնորհակալություն»:
20:19 - 13 փետրվարի, 2020
Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ինտենսիվ զարգանում եմ. Մերկել |armenpress.am|

Հայաստան-Գերմանիա հարաբերություններն ինտենսիվ զարգանում եմ. Մերկել |armenpress.am|

armenpress.am: Հայաստան-Գերմանիա հարաբերությունները բավական ինտենսիվ զարգանում են։ ԶԼՄ ների համար հայտարարության ժամանակ այս մասին նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Հայաստանում մեծ փոփոխություններ են կատարվել։ Փոփոխություններ են կատարվում այսօր իրավական համակարգում։ Մենք համոզված ենք, որ դա դյուրին գործ չէ, և հաջողություն ենք մաղթում այդ գործում Հայաստանին», - ասաց Անգելա Մերկելը։ Նա վերհիշեց իր այցելությունը Հայաստան և ընդգծեց, որ տպավորված էր «Թումո» կենտրոն այցելությամբ։ Այդ այցելությունն իր արդյունքն է տվել, և Անգելա Մերկելը տեղեկացրեց, որ աշնանը Բեռլինում կբացվի «Թումո» կենտրոն։ Նա նշեց, որ ինտենսիվ համագործակցությունը շարունակվում է տարբեր ոլորտներում։ Նկատեց, որ հոկտեմբերին Գերմանիայում կայացել է տնտեսական ֆորում, որը նոր էջ է բացել հայ-գերմանական հարաբերություններում։ Անգելա Մերկելը կարևորեց Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնեց դրա համար։ Նա նշեց, որ Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումը կշարունակվի հագեցած օրակարգով, անդրադարձ կկատարվի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
19:02 - 13 փետրվարի, 2020
Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա. Վարչապետ Փաշինյան |armenpress.am|

Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա. Վարչապետ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը Եվրոպական Միության, եվրոպական քաղաքակրթության և մշակույթի հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում: «Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, և մենք զգում ենք այդ բարեկամության ուժը և՛ զգացական, և՛ գործնական առումներով։ Այսօր վստահությամբ կարող եմ արձանագրել, որ մեր բարեկամությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Դրանք միավորում են մեր երկու երկրները և հուսալի հենք են ծառայում ամենատարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու համար»,-ասաց վարչապետ Փաշինյանը: Նա նկատեց, որ իր պաշտոնավարումից ի վեր, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, ԳԴՀ կանցլերի հետ հանդիպում է արդեն երրորդ անգամ, որն ինքնին խոսուն փաստ է և վկայում է երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաև փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը՝ այն առավել ամրապնդելու և առաջ մղելու համար»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:   Նա առանձնակի շեշտեց այն աջակցությունը, որը Գերմանիան ցուցաբերում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և երախտագիտություն հայտնեց Գերմանիայի և Եվրոպական միության բարոյական, քաղաքական, փորձագիտական և ֆինանսական աջակցության համար: «Այն կարևորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու և այդ նպատակով իրավունքի գերակայությունն ամրապնդելու և տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար Գերմանիայի ցուցաբերած աջակցության համատեքստում Փաշինյանն առանձնացրեց գերմանական Միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) և Գերմանական վերակառուցման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: «Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ անցած տարվա մեր հանդիպումից հետո շոշափելի առաջընթաց ունենք գրեթե բոլոր պայմանավորվածությունների շուրջ: Անչափ ուրախալի է, որ KfW բանկի հետ ստորագրվել է Բեռլինում մեր կողմից տեխնոլոգիաների ուսուցման ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու վերաբերյալ համաձայնագիր: Մեզ համար մեծ պատիվ է Գերմանիայի նման տեխնոլոգիական հսկա հանդիսացող երկին մեր առաջավոր փորձի փոխանցումը»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը: Նա հայտնել է Հայաստանի շահագրգռությունը երկրում գերմաներեն լեզվի և մշակույթի հետագա տարածմամբ: «Լիահույս ենք, որ 2017թ. դեկտեմբերին Երևանում բացված Գյոթեի անվան կենտրոնը մոտ ապագայում կվերածվի լիարժեք ինստիտուտի: Ամփոփելով խոսքս, թույլ տվեք արձանագրել, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակի վրա»,-ասաց ՀՀ վարչապետը:
18:42 - 13 փետրվարի, 2020