ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|

Գագիկ Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց |news.am|

news.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատական այս որոշումը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Գագիկ Խաչատրայանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ դատարանը հաշվի չի առնում այն փաստը, որ Գագիկ Խաչատրյանն ունի առողջական խնդիր եւ չի կարող գտնվել կալանքի տակ: «Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզ ունի, որը պետք է շտկվի: Այնպիսի վիճակում է, որ  չի կարող քկհ-ում խնամքը կազմակերպել: Բժշկական միջամտություն է պետք, որը Հայաստանում չի կազմակերպվում: Հայաստանում 3 անգամ կոնսիլիում է  արվել, բուժման կազմակերպման վերաբերյալ եւ գտել են, որ ստենոզը շտկման կարիք չունի, այնինչ Ֆրանսիայում եւ Գերմանիայում արված բժշկական  կոնսիլիումը գտել է, որ պետք է բժշկական միջամտություն»,- ասաց նա: Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը:  Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։
13:48 - 27 հունիսի, 2020
ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը

ՌԴ-ում հուլիսի 1-ից կգործի բժշկական դեղերի, ծխախոտի արտադրանքի և կոշկեղենի մակնշման պահանջը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից  ուժի մեջ է մտնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում բժշկական օգտագործման դեղերի, ծխախոտային արտադրանքի և կոշկեղենի նույնականացման միջոցներով մակնշման պահանջը և չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: ՀՀ ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել․ «Օրենսդրական կարգավորումները նախատեսված են 2010թ. ապրիլի 12-ի №61-ФЗ դաշնային օրենքով, ՌԴ կառավարության 2018թ. դեկտեմբերի 14-ի № 1556, 2019թ. փետրվարի 28-ի № 224 և 2019թ. հուլիսի 5-ի № 860 որոշումներով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվի Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր: Վերջինիս կողմից իրականացվելու է մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից մակնշման կոդերի ստացում, տրամադրում ՀՀ տնտեսավարողներին, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման կազմակերպում: Մինչև մակնշման ազգային օպերատոր սահմանելը, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողները, Ռուսաստանի Դաշնության տարածք վերոնշյալ ապրանքախմբերից ապրանքներ տեղափոխելիս, կարող են մակնշման տեղեկատվության փոխանակումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: Որպես ՌԴ ռեզիդենտ վստահված անձ կարող է հանդես գալ նաև արտասահմանյան ընկերության հավատարմագրված մասնաճյուղը: Այսպիսով, մինչև ազգային օպերատորի սահմանումը, Ռուսաստանի Դաշնության ներմուծողը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր և տրամադրել դրանք հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչև Ռուսաստանի Դաշնություն ներմուծելը: Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դրոշմավորման ազգային օպերատոր է հանդիսանում «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» (Центр развития перспективных технологий) ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ կայքում:
16:43 - 22 հունիսի, 2020
Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Մեղրիի մաքսային կետ-բաժինը միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացվում է, որ համաձայն ՀՀ պարետի 11.06.2020թ. թիվ 132-Ն որոշման՝ հունիսի 12-ից Մեղրիի մաքսային կետ-բաժինը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջազգային բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներով բոլոր տեսակի ապրանքների փոխադրումների մասով անցնում է բնականոն աշխատանքի։Մասնավորապես՝ Իրանի և Հայաստանի միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրումն իրականացնելիս այլևս անհրաժեշտություն չկա կատարել դրանց փոխաբեռնումները ԻԻՀ-ՀՀ անցումային կետերի տարածքներում: Բացի այդ այլևս չի պահանջվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից համակարգում և հսկողություն ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցների` Հայաստանի տարածքով տեղաշարժի նկատմամբ։
15:20 - 17 հունիսի, 2020
Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող),  միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս: Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.    2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.    2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը: Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.   1) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը,   2) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:   3) 2020 թվականի մայիս ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը: Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.   1) Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)   2) Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)   3) Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)   4) Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ) Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:  Կոմիտեն տեղեկացնում է, որ վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները`  2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ: Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)`  միանվագ դրամաշնորհ ստանալու համար: Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը:
13:26 - 17 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ–ում չի հարցաքննվել. մանրամասներ |news.am|

news.am: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։ «Հարուցված այդ երեք քրեական գործերից որեւէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի եւ շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, եւ գնացել ենք ԱԱԾ»,- պատմեց Էմին Խաչատրյանը։
15:25 - 15 հունիսի, 2020
ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է հարկային եկամուտների 2․2 տոկոս աճ

ՊԵԿ-ը 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապահովել է հարկային եկամուտների 2․2 տոկոս աճ

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը հունիսի 12-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշները, ինչպես նաև իրականացվող հսկողական միջոցառումները: 2020թ-ի 1-ին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (221 միլիարդ 20 միլիոն դրամ) գերազանցել է 24 միլիարդ 613 միլիոն դրամով կամ 11.1 %-ով:  ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ընդհանուր առմամբ հավաքագրել է ավելի քան 583 միլիարդ 650 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (571 միլիարդ 156 միլիոն դրամ) գերազանցել է 12 միլիարդ 493 միլիոն դրամով կամ 2.2%-ով: Իսկ 2020-ի առաջին եռամսյակում (349 միլիարդ 34 միլիոն դրամ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (299 միլիարդ 653 միլիոն դրամ) համեմատ՝ արձանագրվել է 16.5% աճ: Ըստ Ա.Հակոբյանի, հատկանշական է, որ համավարակի տարածման պայմաններում, թեպետ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվախի համեմատ՝ արձանագրվել է հարկային մուտքերի նվազում (ապրիլին՝ նվազումը կազմել է 9.1%, իսկ մայիսին՝ 20.8%), այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտների աճը 2019-ի նուն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 2.2%: «Եվ սա այն պայմաններում, երբ ԱԱՀ-ի և եկամտային հարկի գումարի վերադարձը 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ևս աճել է՝ 2019թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Աճը կազմել է 9 միլիարդ 317 միլիոն դրամ (2020 թվականի հունվար-մայիս ամսիներին՝ 52 միլիարդ 698 միլիոն դրամ, իսկ 2019 հունվար-մայիս ամիսներին՝ 43 միլիարդ 380 միլիոն դրամ): Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձին և ԱԱՀ-ի դեբետային գումարներից ու ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցված գումարներին»,-նշել է Արթուր Հակոբյանը:  Անդրադառնալով որոշ հարկատեսակների գծով նվազումներին ու դրանց պատճառներին, մասնավորապես եկամտային հարկի մասով, Ա.Հակոբյանն ընդգծել է, որ բացի ՀՀ-ում ներկա իրավիճակից, նվազումը կապված է նաև 2020թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի՝ 23%-ի կիրառմամբ։ Միայն աշխատավարձի մասով՝ ապրիլ ամսվա արդյունքներով պակաս հավաքագրված եկամտային հարկը կազմում է ավելի քան 2.6 մլրդ դրամ, որը կազմում է 10%: Ապրիլ ամսվա արդյունքներով գրանցված աշխատակիցների թիվը մարտ ամսվա համեմատ՝ նվազել է 12 300-ով: Իսկ ապրիլ ամսվա արդյունքներով մարտի համեմատ՝ շուրջ 74 հազարով աճել է զրո դրամ եկամուտ հայտարարագրած աշխատողների թիվը: Իսկ շրջանառության հարկի նվազումը, նույնպես, բացի ստեղծված իրավիճակից, կապված է նաև 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:  Ըստ Արթուր Հակոբյանի, արտակարգ դրության ժամանակահատվածում շարունակվում է հետևողական հսկողությունը հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով հայտարարագրման նկատմամբ: Այսպիսով, մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել են 3,565 թեմատիկ ստուգումներ և ուսումնասիրություններ, որից ՀԴՄ կիրառման կանոնների 2,743 ստուգմամբ՝ արձանագրվել է խախտման 1,739 դեպք, իսկ չգրանցված աշխատողների մասով՝  329 ստուգման արդյունքում արձանագրվել է  չգրանցված աշխատողի 406 դեպք։ Միայն ապրիլ ամսվա ընթացքում  իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 864 ստուգում, արձանագրվել է 596 խախտում։ Ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:
15:23 - 12 հունիսի, 2020
ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման արդյուքները

ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման արդյուքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ էության, ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր՝ 2020 թվականի հունիսի 10-ը): Միջոցառման շրջանակում Կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 51,328 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Փետրվար և մարտ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 25031-ը: Վերջիններիս ապրիլ ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 12,227-ը կամ շուրջ 49%-ը: 2020թ. հունիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 11 708-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.1 մլրդ դրամ: Միջոցառման շահառու հանդիսացած և աջակցություն ստանալու դիմում ներկայացրած սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը կցվում է:  
17:01 - 11 հունիսի, 2020
Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին |armenpress.am|

Այդ լուրերը հերյուրանք են. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու հետ կապված, բացի Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներից, որևէ այլ փաստարկ ու հիմնավորում առկա չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:  «ՊԵԿ-ն այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տիկին Ներսիսյանի (խմբ․ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյան) կամ Փաշինյանների ընտանիքի՝ նշված գործընթացում ներգրավված լինելուն, ես այդ տեղեկությունները ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ որևէ փաստարկ, որևէ հիմնավորում ուղղակի չկա»,- ասաց Հովհաննիսյանը։ 
15:23 - 11 հունիսի, 2020
ՊԵԿ նախագահն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում չծառայելու հարցերին |armenpress.am|

ՊԵԿ նախագահն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում չծառայելու հարցերին |armenpress.am|

armenpress.am: Պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն անդրադարձավ իր նշանակմանն ու բանակում ծառայություն չանցնելու հարցերին:  «Այո՛, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել», -ասաց Հովհաննիսյանը, հորդորելով իր նշանակման հետ կապված հարցերն ուղղել վարչապետին: «Միայն կարող եմ ենթադրել, որ նշանակմանը նպաստել է իմ աշխատանքի ընթացքին հետևելը»,- ասաց նա: Անդրադառնալով իր` բանակում չծառայելու մասին հրապարակումներին՝ ՊԵԿ նախագահն ասաց. «Ես բանակում չեմ ծառայել, ու առհասարակ չծառայելու մասին լուրերը մամուլում խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայաններից ելնելով, ավելի կոնկրետ՝ երեխաներ ունենալու փաստով պայմանավորված՝ օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»: 
15:14 - 11 հունիսի, 2020
Մաքսատուն-վարչություններում պահպանվում է սոցիալական հեռավորությունը և ապահովվում քաղաքացիների անվտանգ սպասարկումը. ՊԵԿ

Մաքսատուն-վարչություններում պահպանվում է սոցիալական հեռավորությունը և ապահովվում քաղաքացիների անվտանգ սպասարկումը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր մաքսատներում, այդ թվում Երևանում տեղակայված Արևմտյան և Արարատյան մաքսատուն-վարչություններում խստորեն պահպանվում են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված հակահամաճարակային կանոնները: Քաղաքացիների անվտանգ սպասարկումն ապահովելու նպատակով մաքսատուն-վարչություններում կատարվել են գծանշումներ` պահպանելով ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների միջև սոցիալական հեռավորությունը: Վարչական շենքերը պարբերաբար ախտահանվում են, տեղադրված են ձեռքերն ախտահանող նյութեր, ինչպես նաև պարտադիր չափվում է շենք մուտք գործողների ջերմությունը:Բացի այդ, հսկողություն է իրականացվում նաև մաքսատուն-վարչություններին կից տեղակայված ծառայությունների նկատմամբ և մաքսատների արտաքին հատվածներում: Մարդկանց կուտակումներ նկատելու, ինչպես նաև հակահամաճարակային այլ պայմանների ոչ պատշաճ պահպանման դեպքում ահազանգ է կատարվում ՀՀ ոստիկանություն և համապատասխան տեսչական մարմիններ` քաղաքացիներին հորդորելով պահպանել սահմանված կանոնները:
20:24 - 10 հունիսի, 2020
ՊԵԿ-ը համաշխարհային ընկերությունների հետ քննարկել է էլեկտրոնային առևտուրը հարկելու մեխանիզմները

ՊԵԿ-ը համաշխարհային ընկերությունների հետ քննարկել է էլեկտրոնային առևտուրը հարկելու մեխանիզմները

Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների աջակցությամբ ծառայությունների էլեկտրոնային առևտրի որոտի հարկման լուծումներ գտնելու բանակցությունների սեղանի շուրջ է համախմբել աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերություններին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը։ Երկարատև բանակցություններից հետո, գործընկերային դաշտ ձևավորելու ամենօրյա աշխատանքի արդյունքում ՊԵԿ-ում կայացել է տեսակոնֆերանս ոլորտի խոշորագույն դերակատարների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook, Booking.com, Netflix, Amazon, Spotify, KPMG և այլ ընկերությունները: Հայաստանն այսօր ունի եզակի հնարավորություն` էլեկտրոնային ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներին առաջարկելու բարենպաստ միջավայր՝ ինքնահայտարարագրվելու և հայաստանյան սպառողին մատուցած ծառայության դիմաց մեր երկրի բյուջե վճարելու ավելացված արժեքի հարկը: Ավելին՝ ՀՀ քաղաքացիներին մատուցված էլեկտրոնային ծառայությունների համար նախատեսված գինն իր մեջ արդեն ներառում է ավելացված արժեքի հարկը։ Ինքնահայտարարագրման այս համակարգի ներդրումը կապահովի պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, որը չի բերի այդ ծառայությունների գների փոփոխման։ «Էլեկտրոնային առևտրի հարկումը մեծ մարտահրավեր է ամբողջ աշխարհում։ Մեր երկիրը` ի դեմս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, լավագույն տարբերակը գտնելու ճանապարհին է: Թվայնացման ոլորտի փորձը կոմիտեին թույլ կտա ստեղծել հաշվետվությունների ներկայացման և հարկերի վճարման հարմարավետ հարթակ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը: Էլեկտրոնային ծառայություններ մատուցող կազմակերպությունները հաշված րոպեների ընթացքում կկարողանան գրանցվել ու ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ` ազգաբնակչության քանակով Հայաստանին էականորեն գերազանցող շատ երկրներ չեն կարողանում նման համագործակցության եզրեր գտնել և ապահովել նշված ընկերությունների կողմից հարկերի վճարումը այդ երկրների պետական բյուջե, որովհետև իրենց հարկային մարմինները չունեն էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծման համապատասխան փորձ և հնարավորություններ։ ՊԵԿ-ը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետներին և նրանց միջոցով՝ էլեկտրոնային ծառայությունների ոլորտի առաջատար ընկերություններին ներկայացրել է մեր երկրի ձեռքբերումները և հնարավորությունները այս բնագավառում և հավաստիացրել, որ կհաջողի հարմարավետ և պարզ համակարգի ներդրման հարցում։ Սա է այն հիմնական նախապայմանը, որն անհրաժեշտ է այդ ընկերություններին ինքնահայտարարագրման և հարկերի վճարման համար։ Առաջիկայում ՊԵԿ-ը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում ներդրվեն ծառայությունների էլեկտրոնային առևտրի՝ ԱԱՀ-ով հարկման կար­գա­­­վո­րումներ­։
15:16 - 10 հունիսի, 2020
ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը

ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում  հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը  իրականացվում է նպատակային: ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարևորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը: Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` հարկ վճարողների գույքի նկատմամբ արգելանքի կիրառման համար չկատարված հարկային պարտավորությունների շեմը 500 000 դրամից բարձրացվել է 1,5 մլն դրամ:  Այսպիսով` նախատեսվում է առաջնային կարգով արգելանք կիրառել այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մինչև 16․03․2020թ.-ը, այսինքն` մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը: Այդ ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ որևէ բացառություն չի կատարվելու, քանի որ նրանք ունեցել են լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն: Ինչ վերաբերում է մարտի 16-ից հետո առաջացած 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններին, ապա նախատեսվում է նշված պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքներ կիրառել այն հարկ վճարողների գույքի և դրամական միջոցների նկատմամբ, որոնք նախքան արտակարգ դրությունը պարբերաբար չեն կատարել հարկային պարտավորությունները, և նրանց գույքի նկատմամբ կիրառվել են արգելանքներ: Միաժամանակ ՊԵԿ-ը հայտնում է, որ արգելանքներ չեն կիրառվելու այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնք հայտարարված արտակարգ դրության պայմաններում զրկված են եղել ակտիվ գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մարտի 16-ից հետո։
12:21 - 10 հունիսի, 2020
Միքայել Մինասյանը հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը․ ՊԵԿ

Միքայել Մինասյանը հանդիսացել է «Սպայկա» ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը․ ՊԵԿ

Ինչպես արդեն բազմիցս մամուլում նշվել է, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում իրականացվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար տվյալների հիման վրա 2020 թվականին հարուցվել են քրեական գործեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանրորեն վտանգավոր արարքների դեպքերի առթիվ: Միքայել Մինասյանին առնչվող ենթադրյալ հանցավոր արարքները, նրա և նրա մերձավորների տիրապետության տակ գտնված ֆինանսական միջոցների մասին հայտնաբերված տեղեկատվությունը աննախադեպ է Երրորդ հանրապետության պատմության իրավապահ համակարգի պատմության համար։   Բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է: Բացի այդ՝ նույն հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված  հայտարարագրերում թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք: 23.03.2020թ.-ին որոշում է կայացվել Մ.Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին և նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանը  բավարարել է։  Մեղադրյալ Մ.Մինասյանի պաշտպանների կողմից ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկվել մեղադրյալ Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը վերաքննիչ դատարանի կողմից  վերադարձվել է ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող լայնածավալ քրեական գործի շրջանակում իրականացվող նախաքննության ընթացքում շարունակվում են բացահայտվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Արայի Մինասյանի կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքները: Մասնավորապես՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն պարզվել է նաև, որ բացի նախկինում մեղսագրված արարքներից, Մ.Մինասյանը 2012-2018թթ. ժամանակահատվածում, կասկածելի աղբյուրներից ստացած խոշորածավալ ֆինանսական միջոցներով, քողարկված եղանակով, Շոտլանդիայում հաշվառված օֆշորային «Ուոլտեքս Էքսպրես Էլ Փի» կազմակերպության միջոցով և ապա իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով, վերջինիս օժանդակությամբ հանդիսացել է «Սպայկա» ՍՊ ընկերության 49 տոկոս բաժնեմասի փաստացի բաժնետերը,  որի վերաբերյալ տվյալները չի ներառել իր՝ պաշտոնատար անձի 2017 թվականի և 2018 թվականի հայտարարագրերում՝ այդ կերպ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը):  Վերոգրյալի հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը լրացնելու մասին և Մ.Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագ, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չորս դրվագ  և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բացի այդ՝ նկարագրված արանքներում Միքայել Մինասյանին օժանդակելու համար որոշում է կայացվել նաև Ռոզա Գևորգի Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրիք 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու դրվագ) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:  Քրեական գործի նախաքննության շրջանակում միջոցներ են ձեռնարկվում մեղադրյալների և մյուս հնարավոր հանցակիցների կողմից կատարված հանրորեն վտանգավոր արաքների բոլոր հանգամանքները բացահայտելու,  անձանց, կազմակերպությունների և (կամ)  պետությանը պատճառված վնասները, ինչպես նաև հասարակական արդարությունը  վերականգնելու ուղղությամբ։  Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:24 - 08 հունիսի, 2020
Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը նոր դեպքի մասին չէ, վերաբերում է 1 ամիս առաջ տեղի ունեցած հրապարակմանը․ ՊԵԿ

Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը նոր դեպքի մասին չէ, վերաբերում է 1 ամիս առաջ տեղի ունեցած հրապարակմանը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել լրատվական կայքերում տարածվող՝ Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրի մասին, որը ներկայացնում ենք ստորև։  «Լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից-Վորոնեժ ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում լրատվամիջոցների գրավոր հարցադրումներին։ Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փաստը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչների կողմից: ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ»:
20:45 - 06 հունիսի, 2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:   «Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ  նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր գործիքների ներդրման և եկամուտների գերակատարման ուղղություններով: Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մաքսային բարեփոխումների առաջմղման, արդյունավետ վարչարարության և աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերում: Չնայած սպասվելիք դժվարին ժամանակներին՝  փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, որ ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել: Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով: ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրել, որ Կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով»,- ասված է հաղորդագրությունում:
16:51 - 06 հունիսի, 2020