«Ապրելու երկիր» կուսակցություն

Կուսակցության անդրանիկ համաժողովը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 15-ին: Կուսակցության հիմնադիրներն են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարարներ Մանե Թանդիլյանը եւ Մեսրոպ Առաքելյանը։ Կուսակցության նախագահն է Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնել է հանձնառություն՝ ներդնել իր համակիրների ջանքերը, ինչպես նաև միավորել բոլոր կարող անհատներին և ուժերին հանուն հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության՝ ամրագրելով հետևյալ  առաջնահերթությունները. ամուր և երկարաժամկետ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցություն, ազատ Արցախ, որակյալ կրթություն, մրցունակ գիտություն և մարդկային կապիտալի զարգացում, անհատի առողջության և բարեկեցության ապահովում, բնակչության աճ և զարգացում, նոր և արդյունավետ հանրային կառավարման համակարգի ստեղծում, օրենքի գերակայություն և անկախ դատական համակարգ, Հայաստանի ազգային-մշակութային արժեքների պահպանում և զարգացում։

 

ՀՀ վարչական դատարանում ավարտվել է Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը

ՀՀ վարչական դատարանում ավարտվել է Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը

ՀՀ վարչական դատարանում երեկ գիշեր ավարտվել է 20.12.2021թ.-ին «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցության 10 ավագանու անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության մասին թիվ 1 որոշման վիճարկման գործով դատաքննությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դավիթ Մինասյան» դաշինքի երկրորդ համար Գոռ Սարիբեկյանը՝ հավելելով, որ վճիռը կհրապարակվի ս.թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին: Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքում իրեն հաղթած համայնքապետ է համարում երկու անձ։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը ֆեյսբուքայն էջով արդեն շնորհակալություն է հայտնել Փարաքարի ու դրան միավորվող 8 գյուղերի բնակիչներին։ Նրանից մի քանի ժամ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհավորել է իր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին դարձյալ Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով։ Քաղաքական երկու ուժերն էլ հայտնել էին, որ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու համայնքապետի երդմնակալության արարողությունը։ Այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով ընտրված ավագանու անդամներին մտնել համայնքապետարան։   
10:39 - 28 դեկտեմբերի, 2021
Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|

Ոստիկանները բացեցին Փարաքարի համայնքապետարանի մուտքը, Վոլոդյա Գրիգորյանը մտավ ներս և ողջունեց աշխատակիցներին |tert.am|

tert.am: Փարաքարում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը կարողացավ մտնել համայնքապետարանի շենք։ Ոստիկանները, որոնք տևական ժամանակ փակել էին համայնքապետարանի մուտքը, բացեցին այն։ Գրիգորյանը ծանոթացավ աշխատակիցների հետ և հայտարարեց, որ հաջորդ օրվանից սկսելու է բնականոն աշխատանքը։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեզ տեղեկացրին, որ կա դատական վեճ, մինչև այս պահը չենք ծանոթացել դրան։ Ընտրություններից հետո էլ մենք մյուս կողմերին կոչ ենք արել համերաշխությամբ աշխատել, քանի որ անկախ ամեն ինչից բոլոր երեք ուժերը ներկայացված են ավագանիում, և մենք ցանկանում ենք բոլորի հետ համերաշխ աշխատել և համատեղ ջանքերով զարգացնել համայնքը։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին լարվածությունը կանցնի, և օր առաջ կանցնենք աշխատանքի»։ Գրիգորյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշեց՝ ոչ մի խնդիր չկա և չի կարող լինել։ Նա ներողություն խնդրեց ոստիկաններից օրվա ընթացքում հնչած վիրավորանքների համար և նշեց, որ իրենց գործողությունները այդքանով ավարտվում են։ «Մենք իրականացնելու ենք մեր աշխատանքը այստեղ, դատարանն էլ իր գործը կանի, բոլորս գնում ենք տուն»,- ասաց Վոլոդյա Գրիգորյանը։
16:30 - 23 դեկտեմբերի, 2021
Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներին մտնել Փարաքարի համայնքապետարան

Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներին մտնել Փարաքարի համայնքապետարան

Այս պահին ոստիկանության աշխատակիցները պատ են կազմել Փարաքարի համայնքապետարանի դիմաց և թույլ չեն տալիս «Ապրելու երկիր» կուսակցությունից ընտրված ավագանու անդամներին, ըստ նրանց՝ ընտրված համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանին մտնել ներս։ Կուսակցության հիմնադիր անդամ Մովսես Առաքելյանի հարցին, թե ինչու թույլ չեն տալիս մտնել, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ գրավոր հարցում անեն, իրենք կպատասխանեն։  Կուսակցության անդամները քայլերթեր են իրականացնում հանայնքում։ Նրանք ոստիկանության գործողությունները համարում են ապօրինի։ Կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանի խոսքով՝ ոստիկանության գործողությունը «ՏԻՄ իշխանության զավթում է»։ Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքում այս պահին իրեն հաղթած համայնքապետ է համարում երկու անձ։ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը գլխավորող Դավիթ Մինասյանը ֆեյսբուքայն էջով արդեն շնորհակալություն է հայտնել Փարաքարի ու դրան միավորվող 8 գյուղերի բնակիչներին։ Նրանից մի քանի ժամ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը շնորհավորել է իր ցուցակը գլխավորող Վոլոդյա Գրիգորյանին դարձյալ Փարաքարի համայնքապետ ընտրվելու առիթով։ Քաղաքական երկու ուժերն էլ հայտնել էին, որ այսօր՝ դեկտեմբերի 23-ին տեղի է ունենալու համայնքապետի երդմնակալության արարողությունը։
13:30 - 23 դեկտեմբերի, 2021
Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Քաղաքական ուժերը մանրամասներ են հայտնել ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարբեր մարզերում տեղեկան ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով որոշ համայնքներում քաղաքական ուժերը չեն ձևավորվել մեծամասնություն (50+1) և ստիպված են լինելու կոալիցիա կազմել կամ համագործակցել անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ։ Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը փորձեց պարզել, թե արդյոք քաղաքական ուժերը պատրաստ են համագործակցել և կոալիցիա կազմել մյուս քաղաքական ուժերի հետ, ո՞ր քաղաքական ուժերի հետ նրանք որևէ դեպքում կոալիցիա չեն կազմելու։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծամասնություն չի ձևավորել Թալին, Արաքս, Վարդենիս, Արարատ, Ախուրյան, Ամասիա, Արթիկ, Վայք և Նոյեմբերյան համայնքներում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ իրենք բանակցում են միայն առողջ քաղաքական ուժերի հետ։ «Հենց այս պահի դրությամբ առողջ ուժերի հետ բանակցություններ վարվում են, և դրանք բավականին հաջող ընթանում են»,- հավելեց Ալեքսանյանը։ Ալեքսանյանն ընդգծեց՝ ՔՊ-ն բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրանց հետ առնչվող քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է հաղթել Աբովյան համայնքում, սակայն ԲՀԿ-ն նույնպես մեծամասնություն չի ձևավորել։ Կուսակցության անդամ Արման Աբովյանը բացառում է իշխող քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելը, որն Աբովյանում գրավել է երկրորդ տեղը։ Համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են նաև «Հանրապետություն» կուսակցությունը և ՀՅԴ-ն: «Կմեջբերեմ նախընտրական ցուցակի առաջին համար Էդուարդ Բաբայանի խոսքերը, ով բացառել է իշխանության հետ կոալիցիա կազմելու հարցը, իսկ մնացած ուժերի հետ համագործակցելու առումով զերծ կմնամ ներկայումս ինչ-որ բան ասել»,- ասաց Աբովյանը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ է տոնել Վանաձորում և այնտեղ նույնպես որոշիչ դեր են ունենալու անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական ուժերը։ Դաշինքի քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը նշեց, որ պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, սակայն քաղաքական կոալիցիա չեն պատրաստվում կազմել։ «Կաշխատենք, կտեսնենք: Ում հետ ինչ պայմանավորվածություն ձեռք բերենք, ըստ այդմ առաջ կշարժվենք, սակայն քաղաքական կոալիցիաներ չենք պատրաստվում կազմել։ Բնականաբար, համագործակցելու ենք բոլոր քաղաքական ուժերի հետ. 5 տարի միասին աշխատելու ենք, ինչպե՞ս կարող ենք չհամագործակցել»,- ընդգծեց Ասլանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը իր հերթին հաջողության է հասել Փարաքար համայնքում։ Կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց, որ ներկայումս ամփոփիչ աշխատանքներ են տարվում։ «Ամփոփումը կավարտենք, կհասկանանք իրավիճակը, որից հետո կհայտարարենք՝ որտեղ ինչպես ենք անելու»,- հավելեց Թանդիլյանը։ «Իմ հզոր համայնք» կուսակցության և «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ներկայացուցիչների հետ չհաջողվեց կապ հաստատել, որոնք հաջողության էին հասել համապատասխանաբար Վեդի և Նաիրի համայնքներում՝ չձևավորելով մեծամասնություն։
11:21 - 07 դեկտեմբերի, 2021
«Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն չկա. «Հանուն Հանրապետության»

«Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիա կազմելու պայմանավորվածություն չկա. «Հանուն Հանրապետության»

Ի պատասխան ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումների՝  «Հանուն Հանրապետության» կուսակցությունը  տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում «Ապրելու երկիր» և «Զարթոնք» կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում։ Այս մասին ասվում է կուսակցության հրապարակած հայտարարության մեջ, որում նաև ասվում է. «Կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ մերժել որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր անթաքույց կամ քողարկված աջակցում են նախկին ռեժիմի պարագլուխներ: Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց օլիգարխիկ, կիսաքրեական պրոքսիքաղաքական կեղծ ուժերին, կամ իրենց գործունեությամբ նպաստում են վերջիններիս վերակենդանացմանը։ Կուսակցությունը խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում։ Հանուն Հանրապետության կուսակցությունը հավատարիմ է գաղափարական և արժեբանական ընդհանրության շուրջ համագործակցության բոլոր ձևերին՝ հիմնված Հայաստանի ժողովրդավարացման և հիմնարար բարեփոխումների ընթացքն անշրջելի դարձնելու նպատակի վրա։ Ընտրությունների արդյունքում ստացված քվեներն ի նպաստ տեղական համայնքների զարգացման և առաջընթացի արդյունավորելու նպատակով Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու մարմինը շարունակում է համերաշխ քննարկումները նշյալ համայնքներում ընտրություններին մասնակցած մեր կուսակցության ավագանու ցուցակների առաջնորդների և անդամների հետ»։
10:15 - 07 դեկտեմբերի, 2021
Մենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ ենք առաջարկում․ Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու

Մենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ ենք առաջարկում․ Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր «Մայ քորներ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Ստեփանյանը․ վերջինս, սակայն, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել․ այժմ ցուցակի երկրորդ համար Մոնթե Մաթևոսյանն է կուսակցության համայնքապետի թեկնածուն։   Վերջինս Infocom-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Լևոն Ստեփանյանի ինքնաբացարկի դիմումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված եղել։ Խոսելով Հրազդանում առկա խնդիրների մասին՝ Մաթևոսյանն ասաց՝ նպատակ ունեն մարդկանց մտքում փոփոխություն կատարել։ Նա ընդգծեց, որ իրենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ են առաջարկում․ «Մեր ուշադրության կենտրոնում կրթությունը, գիտությունը պիտի լինեն։ Մենք նաև հարցում ենք արել ժողովրդի շրջանում, թե իրենք ինչ խնդիրներ են տեսնում, և այդ խնդիրներից են թե՛ գործազրկությունը, թե՛  այգիների, զբոսայգիների, հանգստի վայրերի սակավաթվությունը, թե՛ մշակույթի զարգացման ցածր տեմպերը, և մեր ծրագրերը հիմնականում կառուցված են այդ հենքի վրա»։ Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ քանի որ դպրոցները նախարարության դաշտում են, իրենք կրթական փոփոխությունները նախատեսում են կատարել դպրոցից դուրս․ օրինակ՝ ինժեներական մտքի զարգացման համար Հրազդանում նախատեսում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծել։ Մաթևոսյանը նշեց, որ լաբորատորիան հիմնելու են իրենց կապերի միջոցով․ «Մեր ընկերները տարբեր համայնքներում տվյալ ծրագրերը իրականացրել են, մենք նախնական փորձն ունենք»։  Նա հավելեց, որ ուշադրություն են դարձնելու նաև հումանիտար մասնագիտություններին, քանի որ, ըստ Մաթևոսյանի, հումանիտար մասնագիտությունները Հրազդանում, և, առհասարակ, Հայաստանում, շատ քիչ են պահանջված․ «Կարող եմ վստահեցնել, որ Հրազդանում քիչ են պահանջված հումանիտար բլոկի մասնագիտությունները։ Մենք նախատեսում ենք, որ այնպես չլինի, որ աշխատաշուկան միայն թելադրի, թե մեզ ինչ մասնագետներ են պետք։ Մենք նախատեսում ենք ստեղծել հումանիտար գիտական հանդես, ինչպես Բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատած գիտական հանդեսներն են։ Ավագ դպրոցի աշակերտները և բուհում սովորող հրազդանցի ուսանողները կկարողանան գիտական հոդվածներ տպագրել այստեղ, և դրա դիմաց կվարձատրվեն։ Այսինքն՝ մենք միաժամանակ թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական մտքին ուշադրություն կդարձնենք, այլապես կստացվի, որ մենք առնվազն փիլիսոփաների, արվեստաբանների, մշակութաբանների, կոնֆլիկտաբանների և այն մասնագիտությունները, որոնք ես կարող եմ անվերջ թվել, դրանց կարիքն այնքան էլ չունենք»։ Մաթևոսյանը հավելեց նաև, որ Հրազդանում նախատեսում են ստեղծել աշակերտ-ուսանող-գործատու հարթակ․ «Դրա օգնությամբ ապագա ուսանողը նախօրոք կիմանա, թե ինչ թափուր հաստիքներ կան, և կգնա, կստանա տվյալ մասնագիտությունը՝ վերադառնալով համայնք»։ Համայնքապետի թեկնածուի խոսքով՝  նախատեսում են նաև սուբսիդավորել վճարովի համակարգում սովորող հրազդանցի ուսանողների վարձը՝ պայմանով, որ նրանք կվերադառնան Հրազդան ու կաշխատեն անհրաժեշտ մասնագիտություններով։ Նախատեսում են դասընթացներ կազմակերպել՝ մասնագիտական հմտությունների զարգացման համար։ Կրթական փոփոխություններ իրականացնելու համար նպատակ ունեն նաև լեզվի կենտրոն ստեղծելու․ «Այդտեղ սովորող աշակերտները, նաև ուսանողները, առնվազն մինչև բուհն ավարտելը 2 օտար լեզվի կտիրապետեն․ դա իրենց կօգնի ոչ միայն իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու գործում, այլև հարակից ոլորտներում զարգանալու հարցում»։ Անդրադառնալով աշխատեղեր ստեղծելու ծրագրերին՝ Մաթևոսյանը ասաց, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են նաև տուրիզմի զարգացման վրա․ «Մասնավորապես՝ Հրազդանում Ծովինար արհեստական ջրամբար կա,  նախատեսում ենք դրա տուրիստական պոտենցիալն օգտագործել։ Առհասարակ, Հրազդանը գտնվում է Ծաղկաձորի կողքին, տվյալ պոտենցիալը պիտի օգտագործվի։ Եթե մենք արհեստական ջրամբարը գործարկում ենք, այդտեղ տուրիտական կենտրոն ու ֆինանսական մուտքեր ենք ապահովում»։ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ասաց նաև, որ գյուղական տուրիզմը զարգացնելու մտադրություն ունեն․ «Քանի որ Հրազդանում շատ են առանձնատները, որոնք ունեն մի քանի սենյակներ և հիմնականում մեծ մակերես են զբաղեցնում, նախատեսում ենք, որ այն սենյակները, որոնք չեն օգտագործվում, կվերանորոգվեն համայնքային բյուջեով, և դրանք կտրամադրենք քաղաքացիներին, կհամագործակցենք, գյուղատնտեսությունը կզարգացնենք»։ Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման համար կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ունեն, ինչի պատճառով շատ մանրամասներ չեն կարող ներկայացնել։ Վերջինս հավելեց, սակայն, որ ամեն ինչ լինելու է շատ թափանցիկ։ Հրազդանը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Հրազդանին են միանում Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղերը։  Համայնքապետի թեկնածուն վստահեցրեց՝ ծանոթ են Հրազդանին միացող գյուղերի խնդիրներին․ «Լեռնանիստում տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր կա, մենք նախատեսում ենք խմելու ջրի կարգավորումը։ Մենք կարող ենք Լեռնանիստի պոտենցիալն օգտագործել, որովհետև մոտ 2-3 տարի այնտեղ դահուկային սպորտաձևն է զարգանում, զբոսաշրջիկներ են գալիս, այնտեղ հանգստանում են։ Քաղսիում խաղահրապարակի խնդիր կա։ Առհասարակ, նոր միացող համայնքները ունեն մեկ ընդհանուր խնդիր՝ ներհամայնքային կոմունիակացիները։ Նախատեսում ենք սուբսիդիաների միջոցով, դոտացիաների միջոցով ներհամայնքային կոմունիկացիաները բարելավել»։ Նա նաև նշեց, որ իրենց առաջարկած ծրագիրը հիմնարար է, և որ իրենք ուշադրություն են դարձրել ոչ թե ձևին, այլ բովանդակությանը․ «Օրինակ, երբ ասֆալտապատում են իրականացում, իհարկե աչք շոյող է, կարևոր է, բայց, լավ, ասֆալտապատեցինք, մեկ անգամ էլ ասֆալտապատեցինք, հինգերերոդ անգամ էլ ասֆալտապատեցինք, ասֆալտապատելուց հետո ի՞նչ ենք անելու։ Լեդ լուսատու փոխելուց բացի՝ ի՞նչ ենք անելու։ Դրա համար մենք մեզ համար ուրիշ մարտահրավեր ենք սահմանել, այդ մարտահրավերը մեզ համար մտքի փոփոխությունն է»։ Նրա կարծիքով՝ քաղաքացին պետք է ուսումնասիրի նաև, թե ովքեր են մասնակցում այս քաղաքական գործընթացին․ «Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական թիմերի նկատմամբ, մասնակցող մյուս ուժերի մասին վաղուց ամեն ինչ ասվել է»։ Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ Նանե Ավետիսյան
20:25 - 30 նոյեմբերի, 2021
ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ․ «Ապրելու Երկիր» կուսակցություն

ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ․ «Ապրելու Երկիր» կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խորը մտահոգություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ոտնգձության առումով։ Առաջին հերթին, կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք ուղղակի կամ անուղղակի խրախուսում և արդարացնում են հակառակորդ կողմի գործողությունները կամ կարող են օգտագործվել ՀՀ պետական շահերի դեմ հետագա գործընթացներն օրինականացնելու նպատակով։ Իշխանությունը պարտավոր է հանրությանն օբյեկտիվորեն ներկայացնել ստեղծված իրավիճակը։ Տարբեր գերատեսչությունների հնչեցրած իրարամերժ հայտարարություններն ավելի շատ հարցեր են առաջացնում և սնուցում հակառակորդի տեղեկատվական քարոզչությանը։ Ուժի և ուժի սպառնալիքի կիրառման ներքո չի կարող ընթանալ սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Փաստացի ընթացող այս գործընթացը սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանը և ՀՀ քաղաքացիների անվտանգությանն ու կենսական շահերին։ Առկա անվտանգային սպառնալիքները պարտադրում են անհապաղ քայլեր ձեռնարկել ուղղված ՀՀ պետական սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակին համարժեք սպառազինմանն ու կահավորմանը։ Հայ զինվորի արժանապատիվ ծառայության համար չի կարող խնայվել որևէ պետական միջոց։ Պահանջում ենք բացառել հայ զինվորի արժանապատվությունը վիրավորելուն ուղղված ցանկացած ոտնձգություն։ Բոլոր խնդիրներով հանդերձ՝ հայոց բանակը մնում է մեր պետության անվտանգության, նախկին և ապագա հաղթանակների կրողն է ու երաշխավորը։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ քայլեր ձեռնարկել ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային համաչափ արձագանք ապահովելու համար։ ՀՀ տարածքային ամբողջականության ապահովումը բացարձակ առաջնահերթություն է և սակարկման ենթակա չէ»։
13:56 - 16 նոյեմբերի, 2021
Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

Տաթև համայնքի ղեկավար է ընտրվել «Շանթ դաշինք» կուսակցությունից Սամվել Լալայանը

Տաթև համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը և «Շանթ դաշինք» խմբակցության հետ համատեղ ստորագրել է համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Հուշագրում սահմանված են համայնքի զարգացման առաջնահերթությունները, աշխատանքային սկզբունքները։ Երկու խմբակցությունները համայնքի ղեկավար կընտրեն «Շանթ դաշինք» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Սամվել Լալայանին, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Մարատ Գերասիմյանին: Հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Տաթևի ավագանի են անցել երեք ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Շանթ» դաշինքը եւ «Ապրելու երկիրը»: Վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ին չի բավարարում ընդամենը մեկ քվե, որ կարողանար 50+1 շեմը անցնել և իշխանություն ձևավորել:
17:01 - 11 նոյեմբերի, 2021
Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

Բագրատ Զաքարյանն ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար

«Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Բագրատ Զաքարյանն ընտրվել է Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար։ «Բագրատ Զաքարյանը 15-ից 8 կողմ ձայնով ընտրվեց Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար»,- գրել է Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Մեղրի համայնքում հաղթել էր Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը: Ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 59,47 տոկոսը։ Մեղրիում պայքարում էին 4 քաղաքական ուժեր՝ «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։ Մեղրիի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն՝ ավագանիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ «Հանրապետություն» կուսակցություն՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 5 մանդատ, «Ազատական» կուսակցություն՝ 2 մանդատ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 2 մանդատ։
12:46 - 11 նոյեմբերի, 2021
«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը․ հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը․ հայտարարություն

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, Հոկտեմբերի 17-ին Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված է լինելու նշված համայնքների ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝ Գյումրի – 5.6%Դիլիջան – 24.5%Մեղրի – 9.8%Տաթև - 13.1%Տեղ – 34.9% Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։ Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ բոլոր համայնքերում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր, իսկ «տեղական հեղինակությունների» ներգրավումը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։ Տեղ համայնքում տեղի ունեցած ընտրությունները անհիշելի ժամանակներից հետո տեղի ունեցած ամենախայտառակ ընտրություններն էին։ Ընտրական ամբողջ գործընթացը ուղեկցվել է իշխանության կողմից կուսակցության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ ճնշումներով, սպառնալիքներով, ինչի արդյունքում 9 թեկնածուներ ստիպված են եղել դուրս գալ ընտրապայքարից։ Քարոզչության ընթացքում շարունակվել են սպառնալիքները նաև բնակչության հանդեպ։ Ընտրության օրը քաղաքացիներին ընտրատեղամաս տեղափոխելը, առերևույթ ընտրակաշառքի տեղեկությունները, օրենքի խախտումով տեղամասում բազմաթիվ անձանց ներկայությունը հնարավորություն չեն տվել քաղաքացիներին՝ իրացնելու ազատ կամարտահայտման իրենց իրավունքը։ Թեև ընտրական օրենսգրքի տեսանկյունից ընտրությունների արդյունքներով արձանագրվել են քվեաթերթիկներում առկա տվյալները, սակայն տեղի ունեցած ամբողջ գործընթացի ուսումնասիրության հիման վրա «Ապրելու երկիր» կուսակցությունը չի ճանաչում Տեղ համայնքի իշխանության լեգիտիմությունը։ Գյումրի, Մեղրի, Տաթև համայնքներում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ։ Մենք շարունակելու ենք մեր մասնակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ նպաստելով մեր համայնքների զարգացմանը»։
12:00 - 19 հոկտեմբերի, 2021
ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Դիլիջանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։  Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել էր երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 4 197 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 615-ը կամ 62․30%-ը։ Անվավեր է համարվել 49 քվեաթերթիկ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 337 կամ 12․88%«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն - 949 կամ 36.29%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 280 կամ 48.94% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Տաթեւ համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը ՔՊ-ն է։ Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել էր երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ (Հովսեփյանի հետ զրույցը՝ այստեղ), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվել է հարցազրույց տալ Infocom-ին՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։ Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 3 901 է, մասնակցել է 2 359-ը կամ 60․47%-ը։ Անվավեր է համարվել 51 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․  «Ապրելու երկիր» կուսակցություն - 806 կամ 34.16%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 501 կամ 63․62%։
12:00 - 18 հոկտեմբերի, 2021
Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է․ ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ՝ «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը համայնքում 8 595 է․ քվեարկությանը մասնակցել է 5 098-ը կամ 59.31%-ը։ Անվավեր է համարվել 124 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․ Ազատական կուսակցություն - 716 կամ 14․04%«Ապրելու երկիր» կուսակցություն - 487 կամ 9․55%«Հանրապետություն» կուսակցություն - 2 133 կամ 41.83%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 637 կամ 32.11% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Մեղրի համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։ Վերջինս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատարն է, որը Infocom-ի հետ զրույցում ներկայացրել է, որ իրենք մշակել են առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։
11:15 - 18 հոկտեմբերի, 2021
Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։  Նշենք, որ ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, մասնակցում էր 5 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 18 374 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 8 085-ը։ Անվավեր է համարվել 223 քվեաթերթիկ, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 1 927 կամ 23.83%«Հայրենիք» կուսակցություն - 219 կամ 2․70%«Հանրապետություն» կուսակցություն - 514 կամ 6.35%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 591 կամ 56.78%«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 605 կամ 7.48% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով Դիլիջան համայնքում անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, հաղթանակ է տարել կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։
10:45 - 18 հոկտեմբերի, 2021
21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

21-րդ դարում ենք ապրում, բայց Դիլիջանում կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա․ բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու․ Արմինե Հովհաննիսյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմինե Հովհաննիսյանը Դիլիջանի համայնքային կենտրոնի ՀԿ նախագահն է։  Հովհաննիսյանն այն թեկնածուներից է, որ քարոզարշավն իրականացնում է բնակիչների հետ ակտիվ շփումներով․ այցելում է Դիլիջանի տարբեր բնակավայրեր, զրուցում տեղացիների հետ, լսում նրանց խնդիրները։ Վաղն արդեն այցելելու են Թեղուտ եւ Հաղարծին։ Infocom-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ քարոզարշավն, ըստ էության, ընթանում է բնականոն հունով, որպես այդպիսին՝ խոչընդոտների չեն հանդիպել։ Նա իր հերթին ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ արեց հաշտության ու համերաշխության մթնոլորտում շարունակել քարոզարշավը։ Infocom-ի հարցին, թե ինչպիսի տրամադրություններ ունեն տեղացիները, արդյոք ինչ-որ լարվածություն կա՞, Արմինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ որոշակի լարվածություն կամ վախվորածություն նկատել է․ «Գուցե մտածում են, որ եթե իրենց ցանկացած թեկնածուին կամ քաղաքական ուժին ընտրեն, մյուսները կիմանան, եւ այլն, եւ այլն։ Սակայն քանի որ փաստեր չունեմ, հիմնավորել չեմ կարող։ Բայց այն, որ պաստառներ են պոկում քաղաքում, ակնհայտ է։ Դա, իհարկե, իրենց ոչինչ չի տալու, ավելի լավ է՝ իրենց ռեսուրսներն օգտագործեն ավելի լավ աշխատանք անելու համար»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում բնակիչների բարձրացրած հարցերին, դրանց լուծման տարբերակներին, Հովհաննիսյանն ասաց, որ իրականում խնդիրները շատ-շատ են․ «Իմ աշխատանքի բերումով ես այսպես թե այնպես քաջատեղյակ էի այդ խնդիրներին, դրանք վերաբերում են ամենատարրական կենսական պայմաններին, որ բնակիչները չունեն՝ սկսած ջրամատակարարումից։ 21-րդ դարում ենք ապրում, բայց կան տնային տնտեսություններ, որտեղ ջուր առհասարակ չկա, եւ արդեն երկար տարիներ։ Համայնքային փողոցներն են շատ վատ վիճակում, փողոցային լուսավորություն չկա, ժամանացի վայրեր չկան, հանդիսությունների սրահ չկա»,- ասաց համայնքապետի թեկնածուն՝ չմոռանալով նաեւ, որ համայնքում երեխաների զարգացման, կրթական ու մշակութային կենտրոններն էլ են բացակայում․  «Մենք հնարավորինս փորձում ենք մեր գործունեության մեջ ներգրավել մեր գյուղական բնակավայրերի բնակիչներին․ զգում ենք, որ կարիք կա հենց տեղերում այդպիսի կենտրոններ հիմնել։ Առաջին հերթին ձեռնամուխ ենք լինելու հենց այդպիսի կրթական-մշակութային օջախների ստեղծմանը՝ հենց գյուղական բնակավայրերում»։ Պատասխանելով հարցին, թե, ի վերջո, համայնքային բյուջեն թվարկված այս բոլոր խնդիրների լուծման համար բավարար է, Արմինե Հովհաննիսյանն առանձնացրեց կամավոր եւ պարտադիր խնդիրներ։ Պարտադիր խնդիրները, մեր զրուցակցի վստահեցմամբ, մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են եւ լինելու են։ Նրա կարծիքով՝ ողջամիտ կառավարման եւ ռեսուրսների ճիշտ օգտագործման պարագայում այդ խնդիրներին հնարավոր է համապարփակ լուծումներ տալ․ «Ուզում եմ ընդգծել, որ մենք եւ մեր թիմը ունենք շատ լավ գործընկերներ ու կապեր, որոնք կարող ենք օգտագործել խոշոր ներդրողների ներգարվելու հարցում»։ Հովհաննիսյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց հատկապես զբաղվածության խնդրին․ սա նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ծրագրի  առանցքային դրույթն է․ «Շատ կարեւոր է, որ մենք մասնավոր հատվածի եւ պետության հետ ամրապնդելու ենք համագործակցությունը եւ ստեղծելու ենք նոր գործընկերություններ։ Մասնավոր-պետություն համագործակցությունը պետք է անպայման ամրապնդել, դրա արդյունքում կբերենք նոր արտադրություններ, կունենանք գյուղմթերքների շուկա, վերամշակման արտադրություններ, կստեղծենք արվեստի գործերի վաճառքի հարթակ, առողջարան ու լողավազն կունենանք, սա էլ իր հետ կբերի նաեւ աշխատատեղեր»,- ասաց մեր զրուցակիցը։ Նրա դիտարկմամբ՝ համայնքների խոշորացման գործընթացը (Դիլիջանը եւս խոշորացված համայնք է,- հեղ․) դրական է նաեւ այն առումով, որ համայնքի բյուջեի համար ճիշտ առաջնահերթություններ սահմանելու հնարավորություն կա, ինչը թույլ կտա համայնքային բյուջեն համամասնորեն բաշխել․  «Այս առնչությամբ պետք է շեշտել, որ գյուղական բոլոր բնակավայրերը լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ որեւէ գյուղ չի ունենալու առավելություն։ Մեր թիմում ավագանու թեկնածուներ են ներգրավված նաեւ գյուղական բնակավայրերից․ նրանց եւ վարչական ներկայացուցիչների հետ միասին (խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերն ունենալու են վարչական ներկայացուցիչներ,- հեղ․) պետք է ճիշտ առաջնահերություններ սահմանենք՝ ֆինանսական միջոցները բաշխելով համամասնորեն, եւ ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով գրանցենք հնարավոր դրական արդյունք»,- նշեց մեր զրուցակիցը։ Վերջինիս համոզմամբ՝ Դիլիջանի բնակիչները պետք է ընտրեն հենց իրենց քաղաքական ուժին, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայանում է այնպիսի թիմով, որն ամենօրյա աշխատանքով հաջողություններ է գրանցում եւ նպաստում Դիլիջան համայնքի զարգացմանը․  «Մենք համախոհների եւ գաղափարակիցների մի թիմ ենք, որը նվիրված, անշահախնդիր սիրում է համայնքը եւ սրտացավ է Դիլիջանի նկատմամբ»,- ասաց  «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը՝ բնակիչներին կոչ անելով հոկտեմբերի 17-ին անպայման մասնակցել ընտրություններին, քանի որ այն բացառիկ հնարավորություն է, որից պետք է օգտվի դիլիջանցին՝ իրենց թիմին էլ հնարավորություն տալով փոփոխել եւ զարգացնել համայնքը։ Լուսանկարները՝ Արմինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
19:06 - 12 հոկտեմբերի, 2021