Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 130 մլն դրամի չափով. ՄՊՀ

Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում, 8 ընկերություն տուգանվել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 130 մլն դրամի չափով. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և թվով 27 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել է վարույթ: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020 և 2021 թվականների գնման ընթացակարգերի շրջանակներում անցկացվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցություններ, որոնցում տեղ է գտել որոշակի օրինաչափություն: Մասնավորապես՝ գնման ընթացակարգերի մասնակից 8 ընկերություններ գործել են համաձայնեցված. մշակել են գնման ընթացակարգերին մասնակցելու այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն են ստացել ընտրված մասնակից ճանաչվել նախապես միմյանց հետ պայմանավորված չափաբաժինների մասով: Այսպիսով,  Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում վարչական շրջաններում ընկերությունների միջև ոչ օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ աշխատանքների կատարման տարածքների բաշխում իրականացնելու համար, ինչը որակվել է որպես պետական մարմնի կողմից հակամրցակցային գործողություն: Ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել թվով 8 ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար, իսկ 19 ընկերությունների մասով վարույթը կարճվել է:    
17:29 - 22 սեպտեմբերի, 2022
ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով ջրերի շրջանառության ոլորտում

ՄՊՀ-ն խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով ջրերի շրջանառության ոլորտում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և  «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Այս մասին տեղեկացնում է Հանձնաժողովը: Վարույթների շրջանակում պարզվել է,  որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են  «աղբյուրի ջուր» և (կամ) «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ոչ գազավորված ջրեր այն դեպքում, երբ այդ ապրանքները ԵԱՏՄ կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում  «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր», այն է՝ չունեն աղբյուրի ծագում և (կամ) արտադրության որևէ փուլում մշակվել են քլորի պատրաստուկներով։ Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում բնական հանքային ջրի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 044/2017) տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես «բնական խմելու ջրի» դեպքում,  արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորի պատրաստուկներով։  Հետևաբար, նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով (տնտեսավարողները ջուրը ձեռք են բերել  «Վեոլիա Ջուր» ընկերությունից) ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։ Ընդ որում՝ կարևոր չէ նախքան ջրի շշալցումը դրա ապաքլորացման հանգամանքը: Իրականացված վարույթների արդյունքում Հանձնաժողովը 6 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է նախազգուշացում, 3 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ՝ տուգանք, իսկ վարույթներից 3-ը կարճվել է։
15:30 - 30 օգոստոսի, 2022
Չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում կլինեն նոր կարգավորումներ |armenpress.am|

Չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում կլինեն նոր կարգավորումներ |armenpress.am|

armenpress.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շրջանառություն մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է նոր կարգավորումներ սահմանել չփաթեթավորված թռչնամսի վաճառքի շուկայում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշեց, որ սպառողին չի տրամադրվում պատշաճ տեղեկատվություն, թե ի՞նչ ծագումնաբանություն ունի միսը, ե՞րբ է արտադրվել, հայաստանյա՞ն է, թե ներկրված: «Մի կողմից՝ ընտրություն կատարելու համար բավարար հիմքեր չկան, մյուս կողմից՝ կարող են անբարեխիղճ մրցակցության ռիսկներ լինել: Մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտը կարող է արտասահմանյան թռչնամիսը վաճառել տեղականի անվան տակ, իսկ տեղականը գնային ավելի բարձր սեգմենտում է: Ասեմ, որ ԵԱՏՄ մակարդակում կան ակտեր, որտեղ նշվում է, որ եթե սննդամթերքը չփաթեթավորված է, ապա իրացնողը պարտավոր է տեղեկատվություն փոխանցել սպառողին»,-ասաց Տիգրան Մարկոսյանը: Նախագծում նշվում է, որ մսի և մսամթերքի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշմամբ: Ընդգծվում է, որ մսի կամ մսամթերքի փաթեթավորման կամ դրան փակցված պիտակի վրա կատարված հստակ և ընթեռնելի մակնշումը պետք է պարունակի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետևյալ տեղեկատվությունը. մսի կամ մսամթերքի անվանումը, մսի կամ մսամթերքի զտաքաշը, մսամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը, մսամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը, եթե այդպիսիք կան։ Միաժամանակ, որոշմամբ հաստատված հավելվածի 60-րդ կետի համաձայն՝ այդ  դրույթները չեն տարածվում վաճառքի կետերում վերջնական սպառողին հանձնված չփաթեթավորված մսի վրա: Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ չփաթեթավորված թռչնամսի վերաբերյալ կարգավորումը խնդրահարույց է մի քանի առումներով. ստացվում է՝ փաթեթավորված միս արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներն ապրանքն իրացնելիս պարտավոր են սպառողին ներկայացնել տեղեկատվություն, մինչդեռ չփաթեթավորված մսի դեպքում նման պահանջը բացակայում է: Դրանից բացի, վաճառակետերում չփաթեթավորված թռչնամիսն առանց մակնշման իրացնելու պայմաններում վերջնական սպառողը չի ստանում թռչնամսի վերաբերյալ մի շարք անհրաժեշտ տեղեկություններ: Տիգրան Մարկոսյանը վստահեցրեց, որ փորձելու են հետևողական լինել հետագա քայլերի առումով, որպեսզի առաջարկները դառնան կարգավորում կամ վարքագծի կանոն:
16:16 - 27 հուլիսի, 2022
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հուլիսի 6-ի թիվ 246-Ա որոշմամբ «Վան քարտ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ առերևույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով իրավախախտումների վերաբերյալ։ Մասնավորապես որոշման համաձայն՝ անբարեխիղճ մրցակցությունը, ի թիվս այլնի, առերևույթ դրսևորվել է ընկերության  հետևյալ վարքագծով. OneCard բջջային հավելվածում լիցքավորվող միավորներն անվանվել է կրիպտոուան (CryptoOne), այնինչ այն կրիպտոարժույթ չէ: Հայտարարվել է, որ սպառողը կարող է իր հաշվի դրական մնացորդն ավելացնել օրական 1%-ով, այնինչ հաշվի դրական մնացորդն ավելանում է ոչ թե 1%, այլ մինչև 1%-ով՝ մինչև 29-րդ օրը ներառյալ, որից հետո միավորների կուտակումը հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից դրական շարժն ապահովելու դեպքում: Հայտարարվել է, որ OneCard հաշվում կուտակված գումարը հնարավոր է կանխիկացնել, այնինչ կանխիկացնել հնարավոր է միայն օգտատիրոջ կողմից ձեռք բերված էլեկտրոնային միավորները և իր ստացած Сash Back միավորները: Մեկ CryptoOne-ի իրացման գինը սահմանվել է 2-3 ՀՀ դրամ, այնինչ կանխիկացման դեպքում մեկ CryptoOne-ը համարժեք է մեկ ՀՀ դրամի, իսկ դրանց կանխիկացումը զուգակցվում է բարձր միջնորդավճարների գանձումով: Հրապարակվել է, որ OneCard բջջային հավելվածում կուտակված միավորներով օգտատերերը կարող են կատարել գնումներ ընկերության գործընկերներից, այնինչ գործնականում OneCard հաշվում կուտակված միավորներով գործընկերներից գնում կատարել հնարավոր չէ։
17:05 - 08 հուլիսի, 2022
Զեղչ և ակցիա հասկացություններն օրենքով կամրագրվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
 |hetq.am|

Զեղչ և ակցիա հասկացություններն օրենքով կամրագրվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց «Առեւտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ակցիայի սահմանումն ու դրա տեսակները, սահմանել զեղչի հասկացությունն ու կիրառման պայմանները: Նախագիծը ներկայացրեց Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Նախատեսվում է զեղչի իրականացման ժամկետային սահմանափակում՝ 3 ամիս, զեղչի հաշվարկում, ելակետային գին, ինչպես նաև տարանջատել զեղչը և գնի քաղաքականության փոփոխությունը»,- ասաց Գևորգյանը: Զեղչն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գործող գնի կարճաժամկետ նվազեցումն է, որն իրականացվում է ապրանքի կամ ծառայության գնի նվազեցման տոկոսային արտահայտմա նկամ նվազեցված գնի նշման մասին հրապարակային տեղեկացմամբ և ենթադրում է զեղչի ավարտից հետո մինչև զեղչի իրականացումը սահմանված գնի վերականգնում, բացառությամբ եթե այլ գնի սահմանումը պայմանավորված է տնտեսական պայմաններով։ Գնի իջեցումը չի համարվում զեղչ, երբ վաճառողը կամ ծառայություն մատուցողը չի հայտարարում իր կողմից ակցիա իրականացնելու մասին և չի նշում գնի իջեցմանը նախորդող գինը։ Զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։ Իսկ ինչ վերաբերում է ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառմանը, ապա այն ակցիա իրականացողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի արդյունքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գինը չի փոխվում, սակայն ակցիայի արդյունքում դրանց ձեռքբերումը դառնում է այլ կերպ շահավետ: Գեղամ Գևորգյանի խոսքով` նախագծով առաջին հերթին ցանկանում են դաշտը հստակ կարգավորել, ինչը հնարավորություն կտա պաշտպանել սպառողների շահերը, ինչպես նաև տնտեսվարողներն ավելի կանխատեսելի միջավայրում իրենց գործունեությունը ծավալեն: Ըստ Գևորգյանի` փոփոխությունները հնարավորություն կտան հանձնաժողովին իրականացնել իր կանխարգելիչ ֆունկցիան: «Սա կարևոր նախաձեռնություն է՝ սպառող և տնտեսավարող սուբյեկտների միջև վստահության բարձր մակարդակ սահմանելու և ՀՀ-ում բազմաթիվ զեղչերի, ակցիաների հանդեպ իրական հավատը վերականգնելու համար»,- ասաց նա: Քննարկումից հետո նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց:
17:38 - 06 հուլիսի, 2022
Վճռաբեկ դատարանը բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ ձևավորելով ուղենիշային մոտեցումներ

Վճռաբեկ դատարանը բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ ձևավորելով ուղենիշային մոտեցումներ

Վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/12665/05/18 վարչական գործով 2022 թվականի մայիսի 10-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը՝ բեկանելով Վերաքննիչ վարչական դատարանի որոշումը և, ըստ էության, վերահաստատելով «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ նկատմամբ 15 000 000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին Հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 153-Ա որոշման իրավաչափությունը։  Վճռաբեկ դատարանը հիշյալ որոշմամբ ձևակերպել է հետևյալ կարևոր մոտեցումները.  1. Տնտեսավարող սուբյեկտի կողմից որևէ աղբյուրում, օրինակ՝ ներմուծման փաստաթղթերում արձանագրված որոշակի ապրանքն այլ անվանումով իրացնելը պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ, ընդ որում էական չէ՝ տնտեսավարող սուբյեկտը հանդես է գալիս որպես արտադրող, թե ներմուծող. 2. Հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ առկա են ոչ միայն ապրանքն անմիջապես սպառողին, այլև իրավաբանական անձին իրացնելու դեպքում. 3. Տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտման կատարման փաստի նույնիսկ անուղղակի ձևով ընդունումը արժևորվում է իրավախախտման առկայությունը փաստելու համար. 4. Արարքը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն որակելիս քննարման ենթակա են միայն արձանագրված կոնկրետ ապրանքի բնութագրերի հետ կապված հարցերը և նույն խմբաքանակին առնչվող այլ ապրանքների բնութագրերի վերաբերյալ փաստերը որևէ նշանակություն չունեն։ Ընդ որում, եթե ուղեկցական փաստաթղթերով հիմնավորվում են ապրանքի բաղադրության վերաբերյալ համապատասխան տվյալներ, ապա դրանք պարզելու նպատակով փորձաքննության անհրաժեշտություն չկա։  Հիշեցնենք, որ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ վիճարկում էր Հանձնաժողովի որոշումը, որը կայացվել էր հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության համար, մասնավորապես՝ «Արմեն-Համիկ եղբայրներ ՀՁ» ՍՊԸ կաթ պարունակող մթերքն իրացրել էր որպես խտացրած կաթ, որը հնարավորություն չէր տվել ամբողջական պատկերացում կազմել իրացվող ապրանքի վերաբերյալ։
10:54 - 13 մայիսի, 2022
Գեղամ Գևորգյանը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության համաժողովներին

Գեղամ Գևորգյանը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության համաժողովներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու 21-րդ միջազգային և «Միջազգային մրցակցության ցանց» կազմակերպության տարեկան համաժողովներին: Այս մասին հայտնում են Հանձնաժողովից։ Համաժողովների ընթացքում քննարկվելու են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում փոխգործակցությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես, տեղի են ունենալու քննարկումներ մրցակցային քաղաքականության և կիրարկման, մրցակցության քարոզչության, գերատեսչության արդյունավետության, կարտելների կիրարկման, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին վերաբերող հարցերի շուրջ:  «Մրցակցության միջազգային ցանցը» կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հանդիսանում է այդ կազմակերպության անդամ 2001 թվականից:
10:44 - 03 մայիսի, 2022
Ձվի շուկայում հակամրցակցային համաձայնություն է եղել․ ՏՄՊՊՀ

Ձվի շուկայում հակամրցակցային համաձայնություն է եղել․ ՏՄՊՊՀ

Վարչական դատարանը թիվ ՎԴ/0611/05/21 գործով 2022 թվականի ապրիլի 7-ին կայացրած վճռով մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։ Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հավի ձվի իրացման գների չհիմնավորված իջեցման և բարձրացման, ինչպես նաև այլ տնտեսավարող սուբյեկտներին շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրանց դուրս մղելու համաձայնեցված գործողությունները և վարքագիծը որակել էր որպես հակամրցակցային համաձայնություն: «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 11 310 112 դրամի չափով, «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ 50 767 227 դրամի չափով, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ 12 951 952 դրամի չափով, «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 13 767 522 դրամի չափով, «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 3 918 095 դրամի չափով, «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 8 138 392 դրամի չափով, «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 2 016 286 դրամի չափով։ Հավելենք նաև, որ «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի բողոքարկել հանձնաժողովի որոշումը, իսկ մյուս ընկերությունների հայցերի վերաբերյալ Վարչական դատարանը դեռևս վճիռ չի կայացրել:
15:06 - 15 ապրիլի, 2022
ՄՊՀ-ը նախազգուշական պրոցեսներ է իրականացնում ձվի արհեստական գնաճը կանխելու համար |hetq.am|

ՄՊՀ-ը նախազգուշական պրոցեսներ է իրականացնում ձվի արհեստական գնաճը կանխելու համար |hetq.am|

hetq.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ եթե գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները Սբ. Հարության տոնին ընդառաջ ձվի շուկայում արհեստական գնաճ գրանցեն, ապա Հանձնաժողովը գործընթաց կսկսի: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Ձվի գինը կարծես թե կարգավորվել է, եթե հանկարծ Հարության տոնին ընդառաջ տեղի ունենան չարաշահումներ, ինչպես նախորդ տարի, երբ մենք գործընթաց սկսեցինք ու պատասխանատվության ենթարկեցինք, այս տարի ևս դա կանենք: Մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում խոշոր տնտեսվարողների հետ ու նախազգուշական պրոցեսներ ենք իրականացնում, որ գործը չհասնի վարույթների»,- ասաց Գևորգյանը: Անդրադառնալով շաքարավազի գնին ՄՊՀ նախագահը մանրամասնեց՝ բարձրացումների դեպքում հանձնաժողովն ուսումնասիրում է՝ արդյոք շաքար ներմուծող և արտադրող ընկերությունները գնի բարձրացումը տնտեսական իրողություններին համահունչ են իրականացնում: «Պնդումները, որ աշխարհում շաքարավազի գինն իջնում է, Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում: Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գներ, որտեղ հստակ ցույց ենք տալիս, որ դոլարի փոխարժեքի իջեցման պայմաններում են գներն իջել և աշխարհում ինքնարժեքի իջեցման պայմաններում, օրինակ՝ կարագը, ձեթը»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Լրագրողների դիտարկմանը, որ հացը տարբեր խանութներում տարբեր գնով է վաճառվում ընդհուպ՝ գերազանցում է 400 դրամը, ՄՊՀ նախագահը նորմալ է համարում: «Չի կարող «Սաս» սուպերմարկետում նույն գինը լինել, ինչ «Երևան Սիթի»-ում կամ «Զովք»-ում, բակային խանութում այլ գին է: Սա է հենց տնտեսական մրցակցությունը, տարբեր տնտեսվարողներ տարբեր գնով պրոդուկտ են առաջարկում: Ուզո՞ւմ եք ամբողջ երկրում հացը նույն գինը լինի: Նույնն են նաև վարսավիրանոցները, վարսահարդարումը այլ գին է կենտրոնում, մեկ այլ տեղ՝ այլ գին»,- ասաց Գևորգյանը:
12:53 - 08 ապրիլի, 2022
ՄՊՀ-ն հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ուսումնասիրության արդյունքները

ՄՊՀ-ն հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է առևտրային ցանցերի գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Այդ մասին հայտնում է Մրցակցության պետական հանձնաժողովի  նախագահ Գեղամ Գևորգյանը:   Ուսումնասիրության շրջանակում դիտարկվել են․ բանակցային ուժեղ դիրք ունեցող թվով 9 խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը. հասարակության շրջանում առավել լայն սպառում ունեցող 11 ապրանքախմբերի առևտրային ցանցերին մատակարարումներից մինչև վերջնական սպառողին հասնելու ամբողջական շղթան. դիտարկվող ապրանքների 28 խոշոր մատակարար ընկերությունների և առևտրային ցանցերի միջև առկա փոխհարաբերությունները։ Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մանրածախ առևտրաշրջանառության ծավալները կրճատվել են. Երևան քաղաքում 2016 թվականի համեմատ դիտարկվող առևտրային ցանցերի առևտրային օբյեկտների թվաքանակն ավելացել է շուրջ 30 տոկոսով՝ 92-ից դառնալով 119. առևտրային ցանցերի նոր առևտրի օբյեկտների ավելացումն առաջ է բերում նաև բացասական երևույթներ, ինչպիսին է, օրինակ՝ տվյալ տարածքում գտնվող ավելի փոքր առևտրի օբյեկտների գործունեության դադարեցումը և շուկայից դուրսմղումը. առևտրային ցանցերի շահութաբերության միջին մակարդակը 2020 թվականի տվյալներով կազմել է 5%: Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են ոլորտում առկա խնդիրները և ներկայացվել են համապատասխան առաջարկներ դրանց լուծման ուղղությամբ։   Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարելի է ծանոթանալ Հանձնաժողովի կայքում:  
10:44 - 29 մարտի, 2022
ՄՊՀ-ն հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ուսումնասիրությունը. շուկան մրցակցային է

ՄՊՀ-ն հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ուսումնասիրությունը. շուկան մրցակցային է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է կաթի և կաթնամթերքի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:  Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝  Հում կաթ ապրանքային շուկայում ձեռքբերման տեսանկյունից չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, շուկան մրցակցային է։   Կաթնամթերք արտադրողները հում կաթի ձեռքբերում իրականացնում են գրեթե բոլոր մարզերից։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հոմոգեն արտադրանքների դեպքում ինչպիսին է հում կաթը, գինը հիմնական մրցակցային գործոնն է, մասնավորապես մրցակցությունը տեղի է ունենում գնի ձևավորման շուրջ։  Շուկայում հում կաթի նկատմամբ առաջարկն անհավասարաչափ է բաշխված, այդ իսկ պատճառով տնտեսավարող սուբյեկտներն իրականացնում են նաև կաթի փոշու արտադրություն և ներմուծում։  2020 թվականի ընթացքում ՀՀ ներմուծվել է 6 907 տոննա կաթի փոշի  48 տնտեսավարող սուբյեկտի կողմից։  Կաթնամթերքի արտադրության ոլորտը բավականին հագեցած է, ոլորտում գործունեություն է ծավալում շուրջ 250 տնտեսավարող սուբյեկտ։ Կաթնամթերքի շրջանառության ոլորտը հանդիսանում է բարձր մրցակցային, մասնավորապես կաթնամթերքի առանձին ապրանքային շուկաներում մրցակցում են մի քանի տասնյակից ավելի տնտեսավարող սուբյեկտներ։  Առավել բարձր է մրցակցությունը «Պանիր», «Ջերմամշակված կաթ» և «Մածուն» ապրանքային շուկաներում, որտեղ գործում են համապատասխանաբար 141, 23 և 52 տնտեսավարող սուբյեկտներ, և առկա չեն մուտքի խոչընդոտներ։
10:57 - 28 մարտի, 2022
Դեղերի շուկաներում մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. ՄՊՀ

Դեղերի շուկաներում մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է. ՄՊՀ

ՀՀ  ՄՊՀ-ից հայտնում են, որ հրապարակվել են դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները. ուսումնասիրված շուկաներում մրցակցային միջավայրը զգալիորեն բարելավվել է: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը: Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ՝ Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29: 2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել շատ ներկրվել են Ֆրանսիայից: 2020 թվականին 2019 թվականի համեմատ ուսումնասիրվող ապրանքային շուկաներում առավել խոշոր տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են, ինչը խոսում է մրցակցային միջավայրի բարելավման մասին: Առանձին դեղամիջոցների վերաբերյալ վերլուծությունը ևս ցույց է տվել մրցակցային միջավայրի բարելավում: Որոշ դեպքերում առանձին դեղամիջոցների մանրածախ իրացման գներն աճել են, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել մեծածախ իրացման միջին գների նվազում: Ուսումնասիրված դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ իրացման գները 2020 թվականին 2019 թվականի համեմատ հիմնականում աճել են: Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ կենսականորեն բարձր նշանակություն ունեցող դեղամիջոցների մանրածախ իրացման գների նվազման տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ գնային կարգավորման քաղաքականության կիրառումը: Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ:  
16:47 - 23 մարտի, 2022
ՄՊՀ նախագահը վստահեցնում է՝ որևէ ապրանքի դեֆիցիտ չի լինի. պարենի գները, սակայն, թանկանում են

 |armenpress.am|

ՄՊՀ նախագահը վստահեցնում է՝ որևէ ապրանքի դեֆիցիտ չի լինի. պարենի գները, սակայն, թանկանում են |armenpress.am|

armenpress.am: Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ Հայաստանում որևէ ապրանքի դեֆիցիտ չկա, անհասկանալի է համարում մեծ ծավալով աևտուր անելու անհրաժեշտությունը, սակայն հավելում, որ պարենի գները թանկանում են ամբողջ աշխարհում, ձեթի գինը բարձրանալու է: Այս մասին Գևորգյանն մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: «Հայաստանում չկա որևէ ապրանքի դեֆիցիտ: Տեղի է ունենում այն գործընթացը, ինչ որ տեղի էր ունեցել կորոնավիրուսի ժամանակ: Մարդիկ մեկ օրվա ընթացքում մեծ քանակի առևտուր են անում, ցանցերը և մատակարարները չեն հասցնում այդ մեկ օրվա կամ 2 օրվա ծավալը պահեստից տեղափոխել խանութներից: Ինչպես կորոնավիրուսի ժամանակ էինք խոսք տվել, որ չի լինելու որևէ խնդիր, հիմա էլ ենք ասում, որ չի լինելու: Ինձ համար առնվազն անհասկանալի է մեծ ծավալով առևտուր անելու անհրաժեշտությունը: Այդ ապրանքը մնալու է տանը, հետո փչանա: Եթե ունենայինք անհանգստություն, որ որևէ ապրանքի ծավալ չի բավականացնելու, մենք կսահմանափակեինք առևտուրն ու այլ մեխանիզմներ կկիրառեինք: Այս պահին նման խնդիր չկա»,- ասաց Գևորգյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ ՌԴ-ն փակելու է ԵԱՏՄ երկրներ ցորենի, ալյուրի, ձեթի, շաքարի արտահանումը՝ նա ասաց, որ այսպես է ՝ սահմանափակելու է, որ քվոտավորմամբ ամեն ԵԱՏՄ երկրի՝ ըստ իր պահանջի տրամադրվի համապատասխան քանակի մթերք: «Մենք քվոտաների ցանկը, համաձայն սովորական հաշվարկի, ամիսների կտրվածքով ներկայացրել ենք և որևէ խնդիր չկա»,- վստահեցրեց ՄՊՀ նախագահը: Անդրադառնալով դիտարկմանը, որ շաքարավազի գիննն անգամ 600 դրամի է հասել՝ Գևորգյանն ասաց, որ կարող է մի խանութում անգամ 700, 800 լինել. ՄՊՀ-ն չի վերահսկում նման բաները, վերահսկում է միայն այն ապրանքները, որոնք ունեն էական ծավալ: «Եթե կգ-ով շաքարը լինի 700 դրամ, մենք կսկսենք: Մենք գիտենք, թե ամեն ապրանքի գինն ինչքան է: Եթե մի հատուկ տեսակի շաքարը կամ հատուկ փաթեթավորմամբ շաքարը կամ հատուկ խանութում շաքարը 700 դրամ է, դա չի նշանակում, որ երկրում շաքարի գինը 700 դրամ է»,-ասաց նա: Գևորգյանը հավելեց. «Այո, պարենի գները թանկանում են, ձեթի գները թանկանալու են, ամբողջ աշխարհում թանականալու են: ՀՀ-ում, ի տարբերություն շատ այլ երկրների, շատ ավելի էժան է գինը: ՌԴ-ից շատ ավելի հարմար գնով է գալիս»: ՄՊՀ նախագահն ասաց նաև, որ փորձում են ավելի էժան ճանապարհներ գտնել տնտեսավարողների հետ, որպեսզի գնային շոկեր չլինեն: Հայաստանում դիզելային վառելիքի առնվազն 2 ամսվա պաշար կա գործող գնով: Կարող է որոշ տնտեսավարողներ չունենան: «Իսկ շաքարը, եթե նոր խմբաքանակ ձեռք բերվի կամ ճակնդեղը, որը բավականին թանկ է բորսայում, կարող է մի փոքր թանկացում տեղի ունենա, սակայն այս պահին դեռևս նման խնդիր չունենք»,- ասաց Գևորգյանը:
13:47 - 13 մարտի, 2022
Ձվի շուկայում ավելցուկ է. կառավարությունը քննարկում է վերամշակման հնարավորությունները |armenpress.am|

Ձվի շուկայում ավելցուկ է. կառավարությունը քննարկում է վերամշակման հնարավորությունները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ներկայում ձվի պաշարներն այնքան են, որ առկա է ինքնաբավություն, նույնիսկ ավելցուկ: Այս մասին ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Հիմա մենք Էկոնոմիկայի նախարարության ու թռչնաբույծների հետ քննարկում ենք այդ ավելցուկը դեպի դրական տեղ ուղղելու հարցը՝ վերամշակում, արտահանում, որպեսզի այս խնդիրները վերանան (խմբ.- ձվի գնի տատանումներ): Ձվի շուկայում այս տարվա դեպքը կրում էր առանձնահատուկ բնույթ, որովհետև գնի իջեցումը տեղի է ունեցել փոքր տնտեսվարողների կողմից, որոնց մասնաբաժինը չի գերազանցում 5 տոկոսը: Շղթայաձև ռեակցիա է տվել: Ինչ վերաբերում է Զատիկի տոնին ընդառաջ ձվի գներին, ասեմ, որ մենք կարողանում ենք վերահսկել հարցերը: Երկու տարվա ընթացքում մեր տնտեսվարողները հասկացան, որ ապացուցողական բազան լավն է: Մեր հորդորն այն է, որ մենք ընդհանրապես ինտերվենցիա չունենանք»,-ասաց Գեղամ Գևորգյանը: Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ այս տարի ուսումնասիրել են հավի մսի ու կաթնամթերքի շուկաները: Նա նշեց, որ Հայաստան թռչնամիս ներկրվում էր հիմնականում Ուկրաինայից և հասկանալի պատճառներով աշխարհագրությունը կփոխվի՝ ԱՄՆ, Բրազիլիա:
13:54 - 03 մարտի, 2022
ՄՊՀ նախագահն անդրադարձել է ձվի շուկայում տիրող իրավիճակին |armenpress.am|

ՄՊՀ նախագահն անդրադարձել է ձվի շուկայում տիրող իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ ձվի շուկայում որևէ թռչնաֆաբրիկա դեմպինգային քաղաքականություն չի վարում: Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանի հարցին: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով հավկիթի շուկայում տիրող իրավիճակին, ասաց, որ ինքը ահազանգեր է ստացել: ««Շիրակ» թռչնաֆաբրիկան, իհարկե արտաքուստ շատ լավ բան է արել, իջեցրել է ձվի գինը, և հավկիթը վաճառվում է 30-35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են ավելի փոքր ընկերությունները: Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավերն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորո՞ւմ է, երբ որ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում, և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,-ասաց պատգամավորը: Թովմասյանը հավելեց՝ «Աշտարակ» ընկերությունը դիմել է ՄՊՀ-ին այդ հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է: «Ու մինչև դուք ուսումնասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում»,-նշեց պատգամավորը:  Գեղամ Գևորգյանն էլ ասաց, որ «Շիրակ» թռչնաֆաբրիկան նույնիսկ մոտ էլ չէ 10 տոկոսի շեմին: «Եվ ինքը չի կարող դեմպինգ իրականացնել: Նաև ասել ենք, թե ինչու է ձվի շուկայում այդպես: Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են: Ընդամենը շղթա է գործում. մի սուպերմարկետում գինն իջնում է,  առաքիչների միջոցով մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս մասնաբաժին ունեցող տնտեսավարող սուբյեկտը դեմպինգ իրականացնել»,-ասաց Գևորգյանը:
14:05 - 01 մարտի, 2022