Միգրացիոն ծառայություն

Միգրացիոն ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Աբովյանում կառուցվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն |armenpress.am|

Աբովյանում կառուցվում է ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն |armenpress.am|

armenpress.am: Աբովյանում հունիսի 28-ին մեկնարկեց ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի շինարարությունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիոն 358 հազար եվրո, որը հատկացրել է Դանիայի Թագավորության, Նիդերլանդների Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների կողմից, իսկ ծրագիրն իրականացվում է  Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության համատեղ ջանքերով։ Աբովյան համայնքի կողմից տրամադրված հողատարածքում կառուցվելու է 2 հարկանի մոնոլիտ շենք բոլոր հարմարություններով։ «Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին, բայց շինարարները մեզ հույս են տալիս, որ հնարավոր է կատարել մի փոքր ավելի շուտ՝ 2022 կեսերին շենքը արդեն պատրաստ լինի։ Ներկայումս գործող հատուկ կացարանը, որը նախատեսված է ապաստարան հայցողների բնակության խնդիրների լուծման համար, հյուրընկալում է շուրջ 50 անձի՝ չնայած նախատեսված է 45-ի համար։ Այսինքն՝ որոշակի դժվարությամբ, բայց հյուրընկալում ենք 50-ի։ Ներկայումս ընթացող շինարարությամբ նախատեսվում է կառուցել հատուկ կացարան, որ կհյուրընկալի շուրջ 100 ապաստարան հայցողի և որոշակի հարմարություններ իրականացնելու պարագայում՝ նույնիսկ 120 անձի։ Մենք առնվազն առաջիկա մի քանի տարիների, եթե չասեմ 7-8 տարիների կտրվածքով, ըստ էության, ապաստարան հայցողների կացության խնդիրները լուծած կարող ենք համարել։ Ավելի երկարաժամկետ նման հարցերի պլանավորումը դեռևս նպատակահարմար չէ, հաշվի առնելով միգրացիոն տենդենցների արագ փոփոխությունը»,- միջոցառման բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ վերջին 3 տարվա ընթացքում տարեկան կտրվածքով ապաստան հայցողների հոսքը միջինում 200-ից ավել է։ «Հիմնականում դիմում են Մերձավոր Արևելքի երկրներից՝ Սիրիայից, Լիբանանից, Իրաքից՝ այն տեղերից, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ, որտեղ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց Ղազարյանը։ Միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ ապաստան հայցողները մնալու են այս կենտրոնում մինչև փախստականի կարգավիճակի որոշման գործընթացը ավարտին է հասցվում։ «Նախ և առաջ ապաստան հայցողներին տրամադրվում է կացություն։ Բացի այդ, նրանք որպես սոցիալապես խոցելի խումբ, ստանում են առողջապահական օժանդակություն։ Իսկ ովքեր կացարանում չեն տեղավորվում, նրանց համար կա որոշակի ֆինանսական օժանդակություն, որը թույլ է տալիս բնակարան վարձակալել կարճ ժամկետով մինչև իրենց ապաստարանի հայցը կուսումնասիրվի և կավարտվի»,- եզրափակեց Ղազարյանը։ Միջոցառման բացման արարողությանը մասնակցեցին  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի Վաչե Տերտերյանը, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը,  Դանիայի միգրացիոն հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Նիկոլայ Ռուջինը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան  Նիկոլաս Սխեմերսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի ղեկավար Կարել Հոֆստրան և այլք։  
20:04 - 28 հունիսի, 2021
Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում այսուհետ մատուցվում են նաև նոտարական ծառայություններ

Երևանի  կենտրոնում 2021 թվականի հուլիսի 22-ից գործարկված Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակում քաղաքացիներն այսուհետ կարող են ստանալ նաև նոտարական ծառայություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այսպիսով, քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները Միասնական գրասենյակից ստանալու՝ 1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 3․Պետական եկամուտների կոմիտեի, 4․Ազգային արխիվի, 5․Սոցիալական ապահովության ծառայության, 6․Միգրացիոն ծառայության, 7․Կադաստրի կոմիտեի, 8․Թաղման բյուրոյի, 9․Նոտարական ծառայություններ: Տեղեկացնենք նաև, որ բացումից առ այսօր Երևանում գործող հանրային ծառայությունների միասնական գրասենյակը սպասարկել է ավելի քան 28 հազար քաղաքացու։ Հիշեցնենք նաև, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով): Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։
11:53 - 24 մայիսի, 2021
Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում որոշակի պարբերականությամբ կներկայացնի արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։  Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։    Միասնական գրասենյակում մատուցվում են՝   • Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության, • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, • Ազգային արխիվի, • Սոցիալական ապահովության ծառայության, • Կադաստրի կոմիտեի, • Պետական եկամուտների կոմիտեի, • Միգրացիոն ծառայության, • Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։ Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։ Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։ Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է «Հայփոստ»-ի բաժանմունքում (Երևանյան 10)):      
11:39 - 31 մարտի, 2021
2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|

2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանից, թե քանի հոգի են օտարերկրյա պետություններից ապօրինի հատել ՀՀ տարածքը և այստեղ ապաստան խնդրել:«Ունե՞ք նաև ամփոփ տվյալներ թե քանի մարդ է 2021-2020 թվականներին անվերադարձ գնացել Հայաստանից, որպեսզի հասկանանք, թե այդ խոսակցությունները, որ Հայաստանը դատարկվում է՝  թվային լեզվով Հայաստանը դատարկվո՞ւմ է՝ ինչ տեմպերով, ինչ թվերով և ուր ենք հասնելու»,- հարցրեց պատգամավորը:Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, վերջին թվի մեջ վերջին երեք տարվա ընթացքում ապօրինի սահմանահատում, օտարերկրյա պետությունների կողմից հետախուզում և Հայաստանի տարածքում քրեական հետապնդման ենթարկվող գործերի 14-15 տոկոսն են կազմում: «2018 թվականին մենք ունեցել ենք 218 ապաստանի դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020 թվականին 207 ապաստանի դիմում»,-հայտնեց նա:Ինչ վերաբերում է Հայաստանից անվերադարձ մեկնողներին, ապա ծառայության պետը նշեց, որ մեկնող երկրի միգրացիոն ոլորտի պատասխանատուները որևէ երկրում ուղղակի նման հարցի չեն կարող պատասխանել, նման վիճակագրություն կարող է գեներացվել միայն մուտքի երկրներում:
15:36 - 04 մարտի, 2021
ՆԳՆ կազմավորմամբ կմիավորվեն Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը |armenpress.am|

ՆԳՆ կազմավորմամբ կմիավորվեն Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: «Սա միանշանակ աշխատելու է հօգուտ ոլորտի և գործընթացների՝ ավելի արդյունավետ կազմակերպման, որովհետև այնպես, ինչպես ներկայումս գործում են գերատեսչությունները` կան որոշակի խնդիրներ: Մասնավորապես, ավելի արդյունավետ կկազմակերպվեն ֆունկցիաների բաշխումը տարբեր գերատեսչությունների միջև: Օրինակ` Միգրացիոն ծառայությունն իրականացնում է գործառույթներ, որոնք ավելի տրամաբանական կլիներ, որ իրականացներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և հակառակը՝ անձնագրային վարչությունն ունի գործառույթներ, որոնք, ըստ էության, միգրացիոն կառավարման մի մասն են կազմում, օրինակ` օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրումը և առհասարակ օտարերկրացիների հետ աշխատանքը»,- ասաց Դավթյանը: ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` այս պահին Միգրացիոն ծառայությունն օտարերկրացիների հետ աշխատում է միայն ու միայն ապաստանի համակարգի շրջանակներում, մինչդեռ ցանկացած օտարերկրացու մուտք ու ելքը Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, միգրացիայի ոլորտ է: Ըստ Նելլի Դավթյանի` երկու կառույցների միավորման հիմքում դրված են նաև մասնավոր ծառայությունների որակի բարելավման հարցերը: «Միավորման արդյունքում քաղաքացին ևս զգալու է փոփոխությունները հատկապես սպասարկման ոլորտում և առանցքային խնդիրներից մեկն էլ քաղաքացու սպասարկման բոլորովին նոր մշակույթի ներդրումն է, որի մասին ավելի մանրամասն քիչ ավելի ուշ հայտնի կդառնա հանրությանը»,- նշեց Դավթյանը: ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն անդրադարձավ ևս մեկ կարևոր բարեփոխմանը` միգրացիոն ոլորտում քաղաքականության մշակմամբ զբաղվող կառույցի ստեղծմանը: «Այս պահին հանրապետությունում միգրացիոն ոլորտում քաղաքականություն մշակող կառույց գոյություն չունի, որքան էլ աբսուրդային է հնչում: Մեր գերատեսչության անվանումը ծառայություն է, և ենթադրվում է, որ մենք պետք է քաղաքացուն ծառայություն մատուցենք նախօրոք մշակված քաղաքականության շրջանակներում, բայց փաստացի երկար տարիներ ավանդույթի ուժով այդ քաղաքականությունը մշակողն էլ է միգրացիոն ծառայությունը, իրականացնողն էլ՝ իր փոքրիկ աշխատակազմով: Այժմ արդեն կշտկվի նաև այդ կարևորագույն հարցը: Ներքին գործերի նախարարությունում կլինի վարչություն, որը կզբաղվի քաղաքականության մշակմամբ ու կլինի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որը կիրականացնի այդ մշակված քաղաքականությունը»,- եզրափակեց Դավթյանը: 
11:54 - 13 փետրվարի, 2021
Ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող կիրարկումն էական դեր ունի վիզաների ազատականացման իմաստով. Ղազարյան |armenpress.am|

Ռեադմիսիայի համաձայնագրերի հաջող կիրարկումն էական դեր ունի վիզաների ազատականացման իմաստով. Ղազարյան |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանը քննարկեց Հայաստանի և Բուլղարիայի միջև ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունները: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Կիրարկման արձանագրությունը հաստատվել է փետրվարի 20-ին, ՍԴ-ն մայիսին որոշել է, որ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխան են Սահմանադրությանը: «Համաձայնագրի շրջանակում վավերացվող արձանագրությունները նախատեսում են մի շարք պարտավորություններ՝ երկու կողմերի համար: Արձանագրություններով սահմանվում են կողմերի իրավասու մարմինները, հետընդունման և տարանցման դիմումի ձևերը, հաղորդակցության միջոցները, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ետընդունման համար առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը և այլն»,-ասաց Ղազարյանը: Պատասխանելով պատգամավորների հարցին՝ նա նշեց, որ դրանք ավելի շատ տեխնիկական փաստաթղթեր են, կանոնակարգում են Եվամիության անդամ երկրների միգրացիոն իշխանություների և Հայաստանի միգրացիոն իշխանությունների միջև հարաբերությունները: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման մասով ռեադմիսիոն համաձայնագրի կարևորությանը՝ Միգրացիոն ծառայության պետը նկատեց, որ այդպիսի ամրագրված նախապայման գոյություն չունի, սակայն միևնույն ժամանակ շեշտեց. «Ակնհայտ է, որ ռեադմիսիայի համաձայնագրերի արդյունավետ կիրարկումն էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության իմաստով»:
12:33 - 18 սեպտեմբերի, 2020
Քննարկվել է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգը

Քննարկվել է օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության նոր համակարգը

Այսօր Միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ քննարկվեց օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության տրամադրման և օտարերկրացիների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման ծրագիրը։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից: Ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման հիման վրա Միգրացիոն ծառայությունը մշակել է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության համակարգի ամբողջական վերանայում՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթի տեսքով, որն այսօր ներկայացվեց ոլորտի շահագրգիռ գործատուներին։ Նկատի ունենալով հնչած կարծիքները, առաջարկները և բարձրաձայնված հարցերը՝ փաթեթի վերաբերյալ միջգերատեսչական քննարկումները կշարունակվեն։ Օրենսդրական փաթեթի համալիր լրամշակումից հետո այն կներկայացվի Կառավարության և Խորհրդարանի հաստատմանը։
21:30 - 14 սեպտեմբերի, 2020
Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Արդարադատության նախարարությունը Երևանի  կենտրոնում գործարկել է  Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։ «Այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը, այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը և հավելել, որ պետական ծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Նախարարը մանրամասնել է՝ եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա ստանալ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։ Նախարար Բադասյանն այս բարեփոխումը կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնել Միասնական գրասենյակում ծառայություն մատուցող բոլոր պետական մարմիններին և ընդգծել, որ առանց համատեղ ներդրման՝ այս նախաձեռնությունն իրականացնել հնարավոր չէր լինի։ Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։ Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։
14:36 - 22 հուլիսի, 2020