Ջալալ Հարությունյան

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս։
Ծնվել է 1974թ. նոյեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Բադարա գյուղում:

Կրթությունը

1981-1991 թթ. սովորել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղի միջնակարգ դպրոցում: 1991թ. ընդունվել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետը: 1995թ. ավարտել է Արցախի պետական համալսարանը: 1999թ. ընդունվել է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմահրետանային ակադեմիան, որն ավարտել է կարմիր դիպլոմով:

Գործունեությունը

1992 թ. նոյեմբերի 5-ից ծառայում է ՊԲ-ում:

1992-2016 թթ. ՊԲ տարբեր զորամասերում զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ` հրետանային հետախուզության պետի օգնական, հրետանային հետախուզության պետ, հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, զորամասի ուսումնական ՀԴ հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, միավորման հրետանու պետ, պաշտպանական շրջանի հրամանատար, միավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, միավորման հրամանատար:

2018 թ. դեկտեմբերի 14-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

2019թ. հուլիսի 8-ին ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Այլ գործունեություն

1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողությունների:

Պարգևներ

Պարգևատրվել է  «Մարտական ծառայություն», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Մարտական հերթապահության համար» 1-ին աստիճանի, «Նելսոն Ստեփանյան», «Անբասիր ծառայություն» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի և այլ պետական ու գերատեսչական մեդալներով:

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ

ՊՆ լրատվական ծառայությունը հայտնում է որ հունիսի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի հետ։ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ԱՀ պետական նախարարին պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ում իրականացվող օրենքով ամրագրված զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման տարաբնույթ միջոցառումների, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում դրանց ներդրման  հնարավորությունների շուրջ:
19:52 - 19 հունիսի, 2020
Անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի հեռավար նիստ

Անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի հեռավար նիստ

«Մարտական պատրաստության վիճակը, առկա խնդրահարույց հարցերն ու լուծման ուղիները» թեմայով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 12-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Ռազմական խորհրդի հեռավար նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնանյութական բազայի վիճակին, համազորային ու հրետանային զորամասերի պատրաստության հարցերին, սպաների, ենթասպաների և պայմանագրային զինծառայողների պատրաստության կազմակերպմանը, գնահատման առանձնահատկություններին, ոլորտում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորամուծությունների արդյունավետության բարձրացմանն ու առհասարակ այն բոլոր խնդիրներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են զորքերի մարտական պատրաստությանը:   Ամփոփելով ելույթները, քննարկումներն ու հնչած առաջարկությունները, ՊԲ-ի հրամանատարը մասնակիցներին հանձնարարել է խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:
16:42 - 12 հունիսի, 2020
Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ՌԽ հեռավար նիստում քննարկվել են տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաները

Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ՌԽ հեռավար նիստում քննարկվել են տեսադիտարկման համակարգերին վերաբերող թեմաները

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, հունիսի 6-ին անց է կացվել ռազմական խորհրդի հեռավար նիստ, որի ընթացքում շոշափվել են մարտական հերթապահության իրականացման արդյունավետության բարձրացման ու տեսադիտարկման համակարգերի կատարելագործման, ինժեներական ապահովման, կենտրոնացման շրջանների կահավորման, զորքերի պաշտպանվածության, զորաշարժերի երթուղիների կահավորման և հարակից այլ թեմաներ: Ռազմական խորհրդի ընթացքում, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի համապատասխան բաժինների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, քննարկվել են օրակարգային հարցերին առնչվող բոլոր հիմնախնդիրները, առաջարկվել տվյալ ոլորտներում կազմակերպվող աշխատանքների բարելավման ուղիները, և ըստ այդմ, կատարված եզրահանգումները ներառել ռազմական խորհրդի որոշման դրույթներում: Ռազմական խորհրդի հեռավար նիստի ավարտին, բանակի հրամանատարը ամփոփել ու ընդհանրացրել է արդյունքները և խորհրդակցության մասնակիցներին խնդիրներ առաջադրել՝  հետագա անելիքների վերաբերյալ:
15:32 - 06 հունիսի, 2020
Բազմաթիվ հայորդիներ հայրենիքի ազատությանը նվիրաբերեցին ամենից թանկը`կյանքը․ՊԲ հրամանատար

Բազմաթիվ հայորդիներ հայրենիքի ազատությանը նվիրաբերեցին ամենից թանկը`կյանքը․ՊԲ հրամանատար

ԱՀ ՊՆ, ՊԲՀ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և ՊԲ օրվա առթիվ։  «Սիրելի հայրենակիցներ. Մայիսի 9-ը առանձնահատուկ տեղ է գրավում մեր պետական տոնացույցում: Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի օրը խորհրդանշում է պատմական առումով բեկումնային իրադարձություններ և հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջը համախմբված սերունդների ամուր միասնություն: 75 տարի առաջ ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիան նաև հայ զինվորի, հայի ռազմական տաղանդի, հայկական զենքի հաղթանակն էր: Պատերազմի առաջին իսկ րոպեներից խիզախորեն պայքարելով նախահարձակ գերմանական զորքերի դեմ` խորհրդային բանակի հայազգի մարտիկներն ու զորավարները Բրեստի ամրոցում և Ստալինգրադում, Օդերի ափերին և Ռայխսթագի մատույցներում պաշտպանում էին նաև իրենց փոքրիկ հայրենիքը` Հայաստանը: Իր ծավալներով աննախադեպ այդ պատերազմի ընթացքում հայ մարտիկներն աչքի են ընկել անօրինակ հերոսություններով, հայազգի զորավարները մշակել և իրականացրել են փառահեղ ռազմագործողություններ, իսկ հայ գիտական միտքը խորհրդային բանակին տվել է նոր և հզոր զինատեսակներ: Մեծ հայրենականին մասնակցած հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված սերունդը նրանց դասերի կենսունակությունը կարողացավ ապացուցել արցախյան ազատամարտի ժամանակ: Ստիպված լինելով զենք վերցնել այնպիսի պայմաններում, երբ Մայր Հայաստանի հետ վերամիավորվել ցանկացող Արցախի գլխին կախվել էր ֆիզիկական բնաջնջման միանգամայն իրական վտանգը, այդ սերունդը կարճ ժամանակահատվածում մարտական գործողություններին զուգընթաց կազմավորեց հզոր, մարտունակ բանակ` հայկական զենքը փառավորելով նոր հաղթանակներով: Այդ հաղթանակների վառ խորհրդանիշը Շուշիի ազատագրման ռազմագործողությունն էր, որով խորտակիչ հարված հասցվեց ադրբեջանական բանակի մարտական ոգուն ու բարոյական որակներին և դարձավ հետագա բոլոր հաղթանակների անկյունաքարը: Հրադադարի հաստատումից հետո Պաշտպանության բանակը շարունակեց զարգանալ ու կատարելագործվել, համալրվել նոր զինատեսակներով` առանց օտար ուժերի ներգրավման դառնալով տարածաշրջանային խաղաղության գլխավոր երաշխավորը: Պարտություն կրելով իր իսկ սանձազերծած պատերազմում` Ադրբեջանը ամենևին էլ չհրաժարվեց ցեղասպան ծրագրերից: Հայրենյաց պաշտպանների երիտասարդ սերունդը, 2016 թվականի ապրիլին կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան ու ջախջախելով նրա նախահարձակ ուժերն, ապացուցեց, որ Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում հաղթող քաջերի արժանավոր հետնորդն է: Ցավոք պատերազմում անխուսափելի են զոհերը: Բազմաթիվ հայորդիներ հայրենիքի ազատությանը նվիրաբերեցին ամենից թանկը` կյանքը: Փառք և պատիվ Մեծ հայրենականում և արցախյան ազատամարտում մարտիրոսված բոլոր քաջորդիներին: Հավերժ փառք Արցախի սահմանները պաշտպանելիս նահատակված ՊԲ բոլոր զինծառայողներին: Այսօր էլ պաշտպանության բանակը, շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է մեր երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին: Հարգելի հայրենակիցներ, ՊԲ հրամկազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Եռատոնը: Մաղթում եմ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ ծառայողական ու աշխատանքային գործունեության մեջ: Վստահ եմ, որ մեր զավակներն ապրելու են զարգացած, հզոր ու խաղաղ երկրում»:
12:15 - 09 մայիսի, 2020
ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հետևել է զորամասում անցկացվող ցուցադրական պարապմունքների ընթացքին

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հետևել է զորամասում անցկացվող ցուցադրական պարապմունքների ընթացքին

Արցախի Հանրապետության ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մայիսի 4-ին կենտրոնական ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի ենթակայությամբ գործող զորամասում հետևել է «Հրաձգային զենքերով պաշտպանողական մարտում կրակ վարելու եղանակներն ու միջոցները» և  «Նռնականետային դասակի կիրառման կարգը պաշտպանողական մարտի վարման ժամանակ» թեմաներով անցկացված մարզումների և ցուցադրական պարապմունքների ընթացքին, որին ներգրավված էին ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց մարտական պատրաստության գծով տեղակալները, գումարտակների ու վաշտերի հրամանատարները, նռնականետային դասակների հաշվարկների հրամանատարները: Բանակի հրամանատարը, կարևորելով անցկացվող պարապմունքները, ուսուցանվող սպաների ուշադրությունը հրավիրել է կարևորագույն այն խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք հրամանատարական կազմին անհրաժեշտ են ենթակաների ուսուցման և մարտական խնդիրների արդյունավետ կատարման գործում: Անցկացվող պարապմունքները առավել արդյունավետ մատուցելու համար ծավալվել են ուսումնական կետեր, որտեղ պարապմունքի ղեկավարները գործնականում ներկայացրել են խրամատից, ինչպես նաև հրաձգության վարման տարբեր դիրքերից կրակ վարելու եղանակները, ՀԱՆ-17 տիպի նռնականետի նշանակությունը, քանդման և հավաքման կարգը, նորմալ նշանազարկի բերման մեթոդները, ինչպես նաև կրակային պատրաստության համապատասխան նորմացույցների կատարումը: Ցուցադրական պարապմունքների ավարտին ամփոփվել են արդյունքները, նշվել թերացումներն ու դրական կողմերը, իսկ զորամասերի հրամանատարներին ենթակաների հետ նմանատիպ պարապմունքներ կազմակերպելու և իրականացնելու վերաբերյալ վերադաս հրամանատարության կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: Նշենք նաև, որ նմանատիպ վարժանքներ ու ցուցադրական պարապմունքներ անց են կացվել նաև ՊԲ այլ զորամասերում:
16:42 - 05 մայիսի, 2020
Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան
 |pastinfo.am|

Մոտակա օրերին նոր սպառազինություն կտեղադրվի մարտական դիրքերում. Ջալալ Հարությունյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս պահի դրությամբ սահմանում իրավիճակը վերահսկելի է և թե հրամանատարական անձնակազմի կողմից, թե ժամկետային զինծառայողների կողմից ամեն ինչ արվում է, որ զգոնությունն էլ ավելի բարձրացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Լրագրողի հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ խաղաղ պայմաններում մահվան դեպքերը կանխարգելելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերի համար հարուցված են քրեական գործեր, իրավապահ մարմիններն աշխատում են այդ ուղղությամբ և վստահեցրեց, որ այն մարդիկ, ովքեր հասցրել են նման վիճակի, անկախ պաշտոնից, անկախ իրավիճակից պատժվելու են: Նրա խոսքով՝ կան հստակ պլանավորված աշխատանքներ, հստակ խնդիրներ են առաջադրված, որ նման դեպքերից կատարեն ճիշտ հետևություններ: Անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին՝ Հարությունյանն ասաց, որ կանխարգելիչ միջոցառումները բանակում ավելի հեշտ է վերահսկել, քան՝ քաղաքական հիմնարկներում, որովհետև բանակը կառույց է, որը դրված է հիմքերի վրա: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա Հարությունյանն ասաց, որ նախագահի հետ պայմանավորվել են, թե որ ժամին պետք է զինծառայողները մասնակցեն, հստակ ժամանակացույց է սահմանվել, ժամկետները նշվել են, կա ձեռնոց, դիմակ, ալկոգել: Անդրադառնալով՝ ռազմական տեխնիկայի համալրմանը, Հարությունյանն ասաց, որ այսօր արդեն շահագործվում են, մարտակարգվում են: «Մոտակա օրերին նոր սպառազինություն տեղադրելու ենք ոչ թե հավաքակայանում, այլ՝ մարտական դիրքերում»,- նշեց Հարությունյանը:
21:25 - 31 մարտի, 2020
ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը մարտի 7-ին հրավիրել է ընդլայնված ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել 2020թ. բանակային ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված ընթացիկ ու առաջիկա անելիքներին, որոնց վերաբերյալ ներկաները համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել բանակի հրամանատարի կողմից: Ընդլայնված խորհրդակցությանը քննարկվել են նաև զորքերի կենսագործունեության տարբեր բնագավառներին վերաբերող խնդրահարույց մի շարք թեմաներ, որոնց լուծման արդյունքում նկատելի աճ կապահովվի մեր երկրի պաշտպանական համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ:
15:52 - 07 մարտի, 2020
Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|

Լավին փոխարինում ենք ավելի լավով. Սասուն Միքայելյանը՝ Ջալալ Հարությունյանի նշանակման մասին |news.am|

news.am: Այդ փոփոխությունը չի նշանակում, որ այն մարդու թերացումներ են եղել. լավին փոխարինում ենք ավելի լավով։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ «Կարեն Աբրահամյանի ժամանակ նորմալ բանակ ենք ունեցել»,- ասաց Միքայելյանը։ Միքայելյանը նշեց, որ ՊԲ նորանշանակ հրամանատար Ջալալ Հարությունյանին շատ լավ է ճանաչում. «Շատ լուրջ զինվորական է. փոփոխություններ միշտ էլ կլինեն, տարբեր բնագավառներում»։ Հարցին՝ նախկինում շատ էր խոսվում՝ ԵԿՄ-ն ՊՆ-ի կազմ ներառելու մասին, արդյոք նման օրակարգ կա՞, Միքայելյանը չցանկացավ փակագծեր բացել. «Չեմ ուզում փակագծեր բացել։ Ամեն ինչ թող լինի, նոր պարզ կլինի։ Երկրապահը պիտի լինի ռեզերվային ուժ՝ բանակի թիկունքում։ Առաջին իսկ հրահանգի դեպքում լինի առաջնագծում։ Առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում»։ Հարցին՝ արդյոք նոր կադրեր ԵԿՄ-ին անդամագրվո՞ւմ են, Միքայելյանն ասաց. «Երկրապահում այսօր շատ մարդիկ են անդամագրվում։ Մենք պիտի ԵԿՄ-ն համալրենք եւ լինենք բանակի կողքին։ Պարտադիր զինծառայություն անցած այն անձինք կարող են անդամագրվել։ Մենք չենք ուզում խանգարել բանակի ռեսուրսին։ 45 տարեկանից բարձր, այսօր կան մարդիկ, որոնք մեծ տարիքում ավելի առույգ են, կարող են զենք վերցնել, ի տարբերություն որոշ երիտասարդների»։ Անդրադառնալով ԵԿՄ-ի սոցիալական վիճակին՝ ԵԿՄ նախագահն ասաց. «Նախորդ իշխանության ժամանակ ԵԿՄ-ն եղել է սոցիալապես ծանր վիճակում, բայց մենք մեծ սոցիալական խնդիր չենք դրել նախորդ իշխանությունների դեմ, որովհետեւ անիմաստ էր։ Նոր իշխանությունների օրոք կամաց-կամաց տանենք օրենքի դաշտ»։
13:15 - 05 մարտի, 2020