«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ «ՔՊ» կուսակցության գործունեությունը արգելելու համար․ Մեսրոպ Առաքելյան

Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ «ՔՊ» կուսակցության գործունեությունը արգելելու համար․ Մեսրոպ Առաքելյան

Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ «ՔՊ» կուսակցության գործունեությունը արգելելու համար։   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։   ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առնվազն 2022թ․ հոկտեմբերից քարոզում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գաղափարներ, որոնք էական վնաս են պատճառում Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։Մասնավորապես, այդ կուսակցության գործողությունների արդյունքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ամբողջական կորուստ, Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստները համարվում է սահմանազատման քննարկման առարկա, կասկածի տակ է դրվում ինքնիշխանության բազմաթիվ ատրիբուտներ։ Սահմանադրությամբ նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը այդ կուսակցության քարոզչության շրջանակներում նույնպես դառնում է քննարկման առարկա։   Այդ կուսակցության քարոզչությունն ակնհայտ է, որ սպասարկում է այլ պետության կամ պետությունների շահեր, որը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված և փոփոխման ենթակա չհամարվող ինքնիշխանության նորմին։ Նման վարքագիծ են դրսևորում առնվազն ևս երկու կուսակցություններ՝ իրենց քարոզչության ընթացքում։ Թեև հայ ժողովուրդը և հայոց պատմությունը կտան իրենց արժանի գնահատականը նման կուսակցություններին, սակայն կարևորում եմ, որպես իրավական պետություն, ունենանք նաև իրավական գնահատական։ Առաջիկայում պատրաստվում ենք սկսել քաղաքական և իրավաբանական խորհրդակցություններ Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասի և Կուսակցությունների մասին օրենքի 33-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝ արգելելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ գործող բոլոր քաղաքական ուժերի գործունեությունը պետք է բացառվի»,- գրել է նա։
22:05 - 29 փետրվարի, 2024
Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Ազատվելով անցանկալիներից. բացակայել են ավագանու տասնյակ անդամներ, հեռացվել՝ երեքը  

Այս տարվա փետրվարի 7-ին բացակայությունների հիմքով մանդատից զրկվեցին Երեւանի ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ Հայկ Մարությանը, Նարինե Հայրապետյանն ու Սոննա Աղեկյանը։ Արտահերթ նիստի [1, 2] ընթացքում ավագանին քննարկեց ավագանու 5 անդամների՝ Հայկ Մարությանի, Գեւորգ Ստեփանյանի, Նարինե Հայրապետյանի, Սոննա Աղեկյանի եւ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Մյուս երկու անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերը անհրաժեշտ թվով քվեներ չստացան։ Ավագանու նշյալ անդամների լիազորությունները դադարեցնելու հիմնավորումն այն էր, որ նրանք 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի ընթացքում անհարգելի բացակայել էին քվեարկությունների ավելի քան կեսից։  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն, իհարկե, ունի սահմանում, համաձայն որի՝ վերը նշյալ հիմքով կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները, սակայն խնդիրն այն է, որ ավագանու 65 անդամներից միայն նշված 5-ը չէ, որ բացակայությունների «ընդունելի» շեմը հատել էին։ «Ինֆոքոմն» ուսումնասիրել է 2018 թվականից մինչ օրս Երեւանի ավագանու կազմի բացակայությունների տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ավագանու որ անդամներն են ամենաշատը բացակայել, եւ արդյո՞ք նրանց հանդեպ էլ օրենքը նույն խստությամբ է կիրառվել, ինչ ընդդիմադիր վերոնշյալ երեք անդամների հանդեպ։   Օրենք, որը հայեցողական կիրառման հնարավորություն է տալիս  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է, որ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից: Վերը նշված հոդվածը անհարգելի բացակայության հիմքով ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես գալն ու նման որոշում կայացնելը ի վերջո թողնում է ավագանու անդամների հայեցողությանը։ Օրենքը նաեւ չի մեկնաբանում, թե ինչ ասել է «անհարգելի»։  Սակայն ավագանին 2021 թվականին փորձել է լրացնել օրենքի այս բացը եւ փոփոխություններ ու լրացումներ կատարել  «Երեւան քաղաքի ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին» որոշման մեջ՝ սահմանելով, որ «ավագանու հերթական նիստից անհարգելի բացակայություն է համարվում, եթե ավագանու անդամը չի մասնակցել նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քվեարկությունների գրանցումների ավելի քան կեսին»։ Նույն որոշմամբ սահմանվել է, որ բացական հարգելի է համարվում, երբ պատճառը հիվանդությունն է կամ արտերկրյա գործուղումը։ Որոշման մեջ նշվում է, որ հիվանդության պատճառով բացակայելու դեպքում ավագանու անդամը, իսկ անհնարինության դեպքում՝ խմբակցության ղեկավարը  Երեւանի քաղաքապետին է ներկայացնում համապատասխան տեղեկանք բժշկական հաստատությունից։ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Մարատ Թոխյանը, Նատալյա Սինորյանը, Արմեն Գալջյանը, Լեւոն Լեւոնյանը, Դիանա Քերոբյանը, Հայկ Միրզոյանը, Արման Հարությունյանը, Լուսինե Գեւորգյանը, «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը ավագանու 5 անդամների լիազորությունները դադարեցնելու նախագծերի հիմնավորումներում նշել էին, որ Երեւան քաղաքի ավագանու 5-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում տեղի են ունեցել 4 նիստեր, որոնց ընթացքում կազմակերպվել են 42 քվեարկություններ, սակայն «Մայր Հայաստան» խմբակցությունից  Նարինե Հայրապետյանը մասնակցել է դրանցից 10-ին,  Սոննա Աղեկյանը՝ 8-ին, Գեւորգ Ստեփանյանը՝ 7-ին, իսկ  Զարուհի Փոստանջյանը եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանը չեն մասնակցել որեւէ քվեարկության։ Ավագանու նշյալ անդամները չեն ներկայացրել նաեւ բացակայությունների հարգելի լինելը փաստող տեղեկանքներ։Երեւանի 5-րդ գումարման ավագանու նիստ Նույն հիմնավորմամբ ավագանու եւս 22 անդամի լիազորություններ դադարեցնելու նախագծեր կարող էին ներկայացվել, սակայն ավագանին հայեցողական մոտեցում է ցուցաբերել Ավագանու անդամները միայն ընդդիմադիր 5 գործընկերների վերաբերյալ էին նախագծեր ներկայացրել, այնինչ ավագանու եւս 22 անդամ առաջին նստաշրջանի ընթացքում բացակայել էր քվեարկությունների ավելի քան կեսից։  Անհարգելի բացակայած ավագանու անդամների ճշգրիտ ցանկը ստանալու համար նախ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանից ճշտեցինք, թե 2018 թվականից մինչ օրս ավագանու անդամներից քանիսն են ներկայացրել հարգելի բացակայությունը հավաստող փաստաթղթեր։ Կոստանյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ 2018-2024 թվականներին Երեւանի քաղաքապետարան ներկայացվել է ընդամենը երկու նման տեղեկանք՝ ավագանու անդամներ Անի Խաչատրյանից ու Արման Հարությունյանից՝ 2022 թվականին։ Այժմ վերլուծենք 2023 թվականին կայացած եւ ավագանու 3 անդամների հեռացման հիմք հանդիսացած 5-րդ գումարման ավագանու 1-ին նստաշրջանի տվյալները։ Նախ նշենք, որ ավագանու անդամները, որոնք ներկայացրել էին համապատասխան նախագծերը, քվեարկությունից բացակայություն են հաշվել ոչ միայն այն դեպքերը, երբ ավագանու անդամը չի գրանցվել քվեարկությանը, այլ նաեւ երբ գրանցվել է, սակայն չի քվեարկել կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Օրինակ, ավագանու անդամ Սոննա Աղեկյանը 42 քվեարկություններից 12-ին գրանցվել է, սակայն դրանցից 4-ի ժամանակ չի քվեարկել դեմ, կողմ կամ ձեռնպահ։ Նրա լիազորութունները դադարեցնելու նախագծում նշված է, որ Աղեկյանը միայն 8 քվեարկության է մասնակցել։ Ստորեւ մենք դիտարկել ենք ավագանու անդամների բացակայությունները՝ հիմք ընդունելով ոչ թե քվեարկել-չքվեարկելու, այլեւ քվեարկություններին գրանցված լինել-չլինելու հանգամանքը։ Հաշվարկի այս մեթոդի պարագայում անգամ կան ավագանու մի շարք անդամներ, որոնց բացակայությունները օրենքով սահմանված շեմը գերազանցում են։ Այսպիսով, «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը չի մասնակցել 30 քվեարկության, Իզաբելլա Աբգարյանը՝ 25, Գրիգորի Երիցյանը՝ 27, Քրիստինա Վարդանյանը՝ 30, Պեդրո Զարոկյանը՝ 27, Իոսիֆ Կուբատյանը՝ 26, Սամվել Մելիքյանը՝ 25, Արաքսի Դիլանյանը՝ 25, Արամ Թորոսյանը՝ 25, Ռոբերտ Ծովյանը՝ 25, Նարինե Արամյանը՝ 27, Տիգրան Պետրոսյանը՝ 28, Սեդա Տեր-Մինասյանը՝ 25, «Մայր Հայաստան» խմբակցությունից Մանուկ Սուքիասյանը՝ 32, Սամվել Հարոյանը՝ 32, Մեսրոպ Մանուկյանը՝ 32, Սամվել Հակոբյանը՝ 30, Արմեն Քոչարյանը՝ 23, Գրիգոր Իսկանդարյանը՝ 24, «Հանրային ձայն» խմբակցությունից Արտակ Գալստյանը (կալանավորված է)՝ 42, Տիգրան Ուրիխանյանը (նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված)՝ 42, ավագանու անկախ անդամ Անույշ Խուդավերդյանը՝ 25։  Այսինքն, օրենքի պահանջը խախտել է ավագանու 22 անդամ (չհաշված ավագանու այն երկու անդամներին, որոնց հեռացնելու վերաբերյալ նախագծերը չեն հավաքել անհրաժեշտ թվով ձայներ), բայց միայն երեքն են զրկվել մանդատից։ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը նախագծերի քննարկման ժամանակ բացակայության հիմքով ավագանու մանդատից միայն երեք անդամի զրկելը համարել էր խտրական մոտեցում։ Նա նշել էր, որ ինքն օրենքը խախտողներից մեկն է, քանի որ բացակայել է հանձնաժողովի բոլոր նիստերից։ Երիցյանն առաջարկել էր ինչպես իր, այնպես էլ օրենքի նորմը խախտած ավագանու մյուս անդամների լիազորությունների դադարեցման հարցը բարձրացնել։ «Կարծում եմ՝ եթե դուք էլ նույն ոճով շարունակեք, այդ օրը սարերի հետեւում չի լինի»,- Երիցյանի դիտարկմանն արձագանքել էր ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լեւոն Լեւոնյանը, որը ներկայացնում էր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագիծը։Մեջտեղի շարքում ձախից՝ աջ՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ Քրիստինա Վարդանյանը, Իզաբելլա Աբգարյանը, Արամ Թորոսյանը Մինչ այդ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը զեկուցելիս նշել էր, որ ավագանու մոտ 20 այլ անդամներ էլ, այդ թվում խմբակցությունների ղեկավարներ, հատել են բացակայությունների շեմը, բայց խմբակցության ղեկավարների վերաբերյալ նախաձեռնություններով հանդես չեն եկել՝ ելնելով «քաղաքական որոշակի սոլիդարությունից», եւ անդրադարձել են ամենաշատը բացակայած ավագանու անդամներին։ Նշենք, սակայն, որ ավագանու այլ անդամներ եւս բացակայել էին այնքան, որքան, օրինակ, մանդատից զրկված Նարինե Հայրապետյանը։ Մշտական հանձաժողովների նիստերից բացակայությունները եւս հիմք էին ավագանու մի շարք անդամների մանդատից զրկելու համար Ավագանու մի շարք անդամներ բացակայել են մշտական հանձնաժողովների նիստերի կեսից ավելիից։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանին կարող է մանդատից զրկել նաեւ այդ անդամներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Նարեկ Մանուկյանը եւ «Հանրապետություն» խմբակցությունից Հարություն Մանվելյանը, օրինակ, չեն մասնակցել Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի՝ 2023թ․-ին կայացած 3 նիստերից 2-ին։  «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Սամվել Մելիքյանը, Արամ Թորոսյանն ու Գրիգորի Երիցյանը բացակայել են Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2023թ․ կայացած բոլոր 2 նիստերից։ Հեռացման քաղաքական որոշում՝ ընդդեմ քաղաքական բոյկոտի Քվեարկություններին ու հանձնաժողովների նիստերին չմասնակցելը ավագանու ընդդիմադիր խմբակցությունները մեկնաբանել են որպես քաղաքական բոյկոտ՝ նշելով, որ դա քաղաքական պայքարի միակ մեթոդն է մնացել։ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Հայկ Մարությանը իր լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նիստերին չմասնակցելն իրենց քաղաքական դիրքորոշումն է, եւ միայն քվորում չապահովելով է հնարավոր այնպես անել, որ «ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»։  Միաժամանակ, Մարությանը պնդել էր, որ նիստերին մասնակցելը ավագանու անդամի աշխատանքի միայն 10 տոկոսն է։ Մարությանը ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշումները համարել էր քաղաքական՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման ժամանակ իշխող քաղաքական ուժը նույն կերպ էր վարվել՝ ավագանու մադատից զրկելով Լուսինե Մխոյանին այն պատճառով, որ վերջինս դեմ էր իրեն քաղաքապետի պաշտոնում անվստահություն հայտնելուն․ «Մեզ հանում եք, որովհետեւ դեմ ենք ձեզ։ Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանում եք, ո՞վ ա ձեզ էդ մանդատը տվել, դուք իմ գործատո՞ւն եք»,- նիստի ժամանակ հայտարարել էր Մարությանը։ Հայկ Մարությանը Մինչդեռ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանել էր, որ խնդիրը ընդդիմադիրներին «սիրել-չսիրելու» կամ քաղաքային իշխանություններին քննադատելու մեջ չէ․ «Մենք [մանդատից] զրկում ենք ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին։ Օրենքն ասում է՝ բոյկոտեք այնքան, մինչեւ հիսուն տոկոս քվեարկություններին մասնակցեք, բայց բոյկոտի անձրեւանոցի տակ անգործություն մի արեք, որովհետեւ ավագանու անդամ լինելը պարտականություն է։ [...] Եթե ավագանու անդամն իր պարտականությունները չի կատարում, ինչո՞ւ պիտի չհանենք, ո՞վ է ասել, որ օրենքի տարբեր հոդվածներով մեզ տրված լիազորություններից չպիտի օգտվենք»,- ասել էր Ավինյանը։ Իշխող խմբակցությունը նույն մոտեցմամբ էր առաջնորդվում նաեւ նախորդ գումարման ավագանիում 2022 թվականի փետրվարին Երեւանի ավագանին քննարկում էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նախագծի հիմնավորման մեջ ասված էր, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի երեք հերթական նիստերին, եւ դա, համաձայն վերը նշված օրենքի, նրան մանդատից զրկելու հնարավորություն է տալիս։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել, քանի որ բացակայությունների մի մասն իրականում օբյեկտիվ հիմքեր է ունեցել (Մխոյանը երեխայի էր սպասում)։  Լուսինե Մխոյանը, սակայն, պնդում էր, որ իրեն մանդատից զրկելու պատճառն իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, որը 2021-ի դեկտեմբերին նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ապա նաեւ տարբեր են եղել քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումները։ Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանը նշել էր, որ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իրեն ասել էր, որ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը, եւ ինքը կամ պիտի մանդատը վայր դնի, կամ կհեռացնեն բացակայությունների հիմքով։ Գալջյանն էլ մեկնաբանել էր, թե Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասել էր Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում են ներկայացնել խմբակցությունը։ Ավագանին, ի վերջո, դադարեցրել էր Լուսինե Մխոյանի լիազորությունները։ Արմեն Գալջյանը Բացի Լուսինե Մխոյանից՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ եւս բացակայել էին 7-րդ նստաշրջանի նիստերի ավելի քան կեսից Նախորդ գումարման ավագանու 7-րդ նստաշրջանում կայացել է 6 նիստ, որոնցից մեկը՝ արտահերթ, մյուսը՝ երդման արարողության նիստ։ Այս նստաշրջանում, որի ժամանակ կայացած 3 նիստերից բացակայել էր Լուսինե Մխոյանը, սահմանված թվից ավելի բացակայություններ են ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության այլ անդամներ եւս։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Ղալեչյանը, Ռուբեն Սիմոնյանը, Աշոտ Մնացականյանը, Օվսաննա Հովսեփյանը, Վիլեն Գայֆեջյանը բացակայել են այդ նստաշրջանի 3 հերթական նիստերից, Լիլիթ Պիպոյանը՝ 4 նիստից։ Ընդհանուր առմամբ՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության 6 անդամներ չեն մասնակցել 7-րդ նստաշրջանի նիստերի կեսից ավելիին։ Մխոյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ Infocom-ը մեկնաբանություն էր խնդրել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից՝ հասկանալու՝ ինչո՞ւ մանդատից զրկելու նախագծեր չեն բերվել ավագանու այն անդամների վերաբերյալ, որոնք եւս ունեն սահմանվածից ավելի բացակայություններ, արդյոք նրանց բոլոր բացակայությունները հարգելի՞ են եղել։ Գալջյանը նշել էր, որ նախկինում հարգելի բացակայության սահմանում չի եղել, միայն 2021-ին են սահմանվել որոշակի հիմքեր, հետեւաբար, նրա խոսքով, «տվյալ պարագայում հարգելի բացակայություն տերմինը այդքան էլ տեղին չէ, քանի որ նշված բացակայությունները որեւէ կարգավորման հիմքով հարգելի համարվել չէին կարող եւ չեն կարող»։ Մեր զրուցակցի մեկնաբանմամբ՝ ավագանու նիստերից բազմիցս բացակայած անդամներին մանդատից զրկելու հարց չի քննարկվել, քանի որ այն ծայրահեղ դեպքերում կիրառվող գործիքակազմ է․ «Եթե մնացած դեպքերում ավագանու անդամների մեծամանությունը գտնի, որ ավագանու որեւէ անդամի հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չի համարում բացակայության հիմքով, ապա այդ պարագայում հարցը ավագանու նիստի քննարկմանը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ ներխմբակցային քննարկումները բավարար կլինեն խնդրին լուծում տալու համար»,- կարծիք էր հայտնել Գալջյանը։ Նախորդ գումարման ավագանու մի շարք անդամներ խախտել են բացակայությունների սահմանված շեմը, բայց չեն հեռացվել «Ինֆոքոմն» ուսումնասիրել է նաեւ նախորդ գումարման ավագանու յոթ նստաշրջանների նիստերից բացակաների թիվը։ Ստորեւ կներկայացնենք, թե ավագանու որ անդամներն են տարբեր նստաշրջաններում գերազանցել բացակայությունների սահմանված թիվը, բայց նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու նախագծեր անգամ չեն ներկայացվել։ Այսպիսով, ինչպես նախորդ, այնպես էլ գործող ավագանու շատ անդամներ գերազանցել են բացակայությունների՝ օրենքով նախատեսված շեմը, սակայն երկու դեպքում էլ «Քաղաքացիական պայմանագրի» (նախկինում՝ «Իմ քայլը») անդամները անհավասար մոտեցում են ցուցաբերել՝ նույն պատճառաբանությամբ դադարեցնելով ավագանու մի կամ մի քանի անդամների լիազորություններ եւ չանդրադառնալով մյուս անդամներին։ Թեեւ օրենքը թույլ է տալիս հայեցողական մոտեցում ցուցաբերել, այդուհանդերձ, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների գործողություններից կարելի է եզրահանգել, որ օրենքը մեկնաբանվում եւ կիրառվում է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Օրենքը հայեցողական մոտեցման հնարավորություն է տալիս, քանզի քվեարկության ելքը չի կարող կանխորոշվել Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն այլ ձեւակերպում չէր կարող օգտագործել՝ նկատի ունենալով քվեարկության հանգամանքը։  Սիրանուշ Սահակյանը, լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից Սահակյանը նշում է, որ քվեարկության գործընթացում ավագանու անդամները կաշկանդված չեն մանդատով․ «Գործում է ազատ մանդատի գաղափարը, եւ յուրաքանչյուրը քվեարկելիս պետք է առաջնորդվի իր խղճով, ներքին համոզմամբ։ Եւ հնարավոր է՝ նախագիծն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքի քվեարկության ընթացքում։ Հենց քվեարկության տարրը հաշվի առնելով է օրենքում օգտագործվում «կարող է» եզրույթը (կարող են դադարեցվել ավագանու անդամի լիազորությունները,- հեղ․), ոչ թե պարտադրում, որ ավագանու անդամը կամ պատգամավորը այս կամ այն հարցում քվեարկեն կանխորոշված ելքով։ Սա ընտրովի մարմինների գործունեության առանձնահատկություն է»,- ասում է միջազգային իրավունքի մասնագետը՝ հավելելով, որ, իհարկե, պետք է ելնել այն կանխավարկածից, որ իրավակիրառը գործում է, ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ ողջամտորեն, իրավունքի սկզբունքներով եւ հանրային շահով․  «Մենք կանխատեսում ենք, որ այս սկզբունքներով պետք է առաջնորդվեն։ Առողջ քաղաքական մշակույթ ունեցող միջավայրում դրանք պիտի լինեն օրինական ելքը, բայց, ցավոք, Հայաստանում կայացած քաղաքական մշակույթ չունենք»,- եզրափակում է Սահակյանը։ Ավագանու անդամների լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից Հեղինակ՝ Հայարփի Բաղդասարյան Ինֆոգրաֆիկաները՝ Անի Հովհաննիսյանի
22:18 - 27 փետրվարի, 2024
ՔՊ գրասենյակի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

ՔՊ գրասենյակի մոտ զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ (ՔՊ գրասենյակի մոտ-խմբ.) զինամթերքի նմանվող կասկածելի առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։  «2024 թվականի փետրվարի 26-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել որ Գյուլբենկյան 30/3 շենքի մոտ սև տոպրակով կասկածելի իր է դրված։ Դեպքի առթիվ ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են, դրանց բնույթն ու նշանակությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առգրավվել են տարածքը տեսանկարահանող տեսանկարահանման սարքերը, կատարվում են ապացուցողական և վարույթային գործողություններ։ Քննչական նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված նաև փետրվարի 22-ին Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան փ. 33 շենքի դիմացի հատվածում զինամթերքի նմանվող առարկաների հայտնաբերման դեպքի առթիվ։ Դրանով նախաքննությունը ևս շարունակվում է։  Երկու դեպքերով էլ քննություն է իրականացվում նշված առարկաները համապատասխան հասցեներում տեղադրած անձանց հայտնաբերելու, քննության համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ»։  💣 հայտնաբերվածը պայթուցիկի «մուլյաժ» է, այն վտանգ չի ներկայացնում․ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյան
17:54 - 26 փետրվարի, 2024
Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան |tert.am|

Վլադիմիր Զելենսկու այցը Հայաստան անհավանական չեմ համարում. Բաբկեն Թունյան |tert.am|

tert.am: Որպես պատգամավոր և խմբակցության անդամ տեղեկություն չունեմ, ենթադրում եմ, որ խմբակցության մյուս անդամները նույնպես, բայց անհավանական չեմ համարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցին։ Հարցին՝ այցը վտանգներ չի՞ պարունակի արդյոք, Թունյանը պատասխանեց․ «Ես ինձ դրա մասնագետը չեմ համարում, մտածելու տեղիք կարող է լինել և չլինել։ Դրական կամ բացասական գնահաական չեմ ուզում տալ, ի վերջո Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավար է և ինչպես մյուս ղեկավարները, եթե հատուկ արգելք չա, կարող է այցելել Հայաստան։ Ամեն ինչի մեջ էլ եթե փնտրում եք, կարող եք հակառուսական երանգ տեսնել»,- ասաց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է, Թունյանն ասաց․ «Այս պահին վարչապետը նկատի ունի, որ այդ կառույցում մեր ակտիվությունը գրեթե սառեցված է, ինչը գաղտնիք չէ։ Մենք հիմնականում գործողություններին չենք մասնակցում ու կարող ենք ասել, որ ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»։ Հարցին՝ առաջարկե՞լ են արդյոք իրեն զբաղեցնել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, Թունյանը պատասխանեց, որ նման քննարկում եղել է։ «Ես արտահայտվել եմ, որ ԱԺ-ոմ մեր անելիքները պակաս չեն։ Բայցևայնպես, եթե որոշումն այնպես լիներ, որ ես աշխատեի գործադիրում, կքննարկվեր հարցը»,- ասաց Բաբկեն Թունյանը։
13:05 - 26 փետրվարի, 2024
Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը

Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար․ ՔՊ-ն հավանություն է տվել նրա թեկնածությանը

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։ Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։ Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել փետրվարի 14-ին։ Հրաժարականի լուրից հետո հայտնի դարձավ, որ Քերոբյանն անցնում է Էկոնոմիկայի նախարարության հետ առնչվող քրգործով, նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Նրա նկատմամաբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 ամսով։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Քերոբյանը դատարանի դահլիճում ասել էր, որ իրեն առաջարկել են հրաժարականի դիմում գրել, և այն առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
15:57 - 24 փետրվարի, 2024
Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան
 |armenpress.am|

Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, եթե ժողովուրդն այդպես որոշի. Գևորգ Պապոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Սահմանադրությունը կփոխվի, եթե ժողովրդի մեծամասնությունն այդպես որոշի, Սահմանադրության փոփոխության մտադրությունը միայն Հայաստանի ներքին գործն է, կապված է ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջների վերաբերյալ հարցին՝ Պապոյանն ասաց. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը կփոխենք, թե ոչ, մեր ներքին գործն է: Սահմանադրությունը փոխելու շատ հստակ սուբյեկտներ կան, որոնք ինչ-որ դեպքերում կարող են այդ փոփոխություններն անել: Դա Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություն անելու կամ Սահմանադրությունը փոխելու իրավունք ունեցող սուբյեկտների և սահմանադրի՝ ժողովրդի որոշելիքն է: Եվ դա բացարձակապես կապված է Հայաստանի ներքին հարցերի կազմակերպման, կարգավորման հետ: Դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ, դա անթույլատրելի է, այդպես չի լինելու, վստահաբար ասում եմ»: Պատգամավորն ընդգծեց՝ եթե ՀՀ-ում կհավաքվի ընտրական իրավունք ունեցող մարդկանց նվազագույնը 25 տոկոսից ավելի զանգված, և նրանց քվեարկությունը 50 և ավելի տոկոսով կլինի կողմ, ապա Հայաստանում կփոխվի Սահմանադրություն: Եթե չի հավաքվի, ապա Սահմանադրություն չի փոխվի: «Սա նշանակում է, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը: Եթե կլինի այնպիսի բան, որի հետ ժողովուրդը խնդիր ունի, կողմ չի քվեարկի»,-ասաց Պապոյանը: Պատգամավորը շատ էական հանգամանք համարեց այն, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ընտրություններ չեն կեղծվել և չեն կեղծվելու: «Եթե այդ գործընթացը տեղի ունենա, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, կրկին պետք է հաշտ լինենք: Անթույլատրելի է, որ 1 քվե կեղծվի, չպետք է կեղծվի 1 քվե, ես ինքս պայքարելու եմ, որ որևէ քվե չկեղծվի»,- ասաց Պապոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:  Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի լինի, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը։ Դրան ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել էր, որ Սահմանադրությունը փոխելը Հայաստանի ներքին գործն է, և որևէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին։
16:18 - 19 փետրվարի, 2024
«Քոչունցը տարիքային խնդիր ուներ». իշխանականները ԳՇ պետի տեղակալի պաշտոնանկությունը սահմանային միջադեպի հետ չեն կապում
 |azatutyun.am|

«Քոչունցը տարիքային խնդիր ուներ». իշխանականները ԳՇ պետի տեղակալի պաշտոնանկությունը սահմանային միջադեպի հետ չեն կապում |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ պաշտոնից ազատվել է Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Ընդ որում, Փաշինյանն այս որոշումը կայացրեց երեկ Ներքին Հանդում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զորքի հարձակման և 4 զոհերի ողբերգական իրադարձությունից հետո։ Պարզ չէ՝ արդյոք այս որոշումը կապի ունի՞ սահմանային լարվածության հետ, թե՞՝ ոչ, պաշտոնական մեկնաբանություն ռազմական գերատեսչությունից դեռ չի հնչել։ Ավելի քան 30 տարի զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցրած 61-ամյա գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում կփոխարինի 46-ամյա Արթուր Երոյանը։ Անցած երեք տարիներին Երոյանը ղեկավարել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան՝ մինչ այդ զբաղեցնելով մի շարք հրամանատարական պաշտոններ։ «Ես շատ լավ եմ ճանաչում Քոչունցին, առաջին պատերազմից մենք իրար հետ ենք եղել։ Քոչունցը արդեն տարիքային խնդիր ուներ, հիմնականում տարիքային խնդիրը պիտի լինի որ իրեն ազատել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Գագիկ Մելքոնյանը։ Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում պնդում են՝ Քոչունցի պաշտոնանկությունը կապ չունի Ներքին Հանդում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ։ Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի պնդմամբ՝ կադրային այս փոփոխությունը բանակում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում է։ «Չէ, ես չեմ կապում էս գործողությունների հետ, որովհետև, նորից եմ ասում, Գլխավոր շտաբում դեռ շատ փոփոխություններ կլինեն, և արդեն հասկանալի է, որ մենք գնում ենք նոր տեխնիկա, և փոխելու ենք մեր նախկին կառավարման ձևը։ Կառավարման ձևը փոխվելու է», - նշեց Մելքոնյանը։ Նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով նաև Երկրապահ կամավորական միության անդամ է, սպասում է Ռազմական ոստիկանության ծառայողական քննության արդյունքներին, որպեսզի հասկանա՝ ինչ է տեղի ունեցել փետրվարի 12-ին Ներքին Հանդի դիրքերում, եթե կամավորներն առաջինն են կրակել, ինչպես պնդում են ադրբեջանցիները, որն է եղել պատճառը։ Ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանի ռազմական ոստիկանությունը տեղեկացրել էր, թե նախնական տեղեկություններով՝ կրակ բացելու իրավիճակ չի եղել։ «Չկա էտենց հասկացողություն՝ անիմաստ կրակել, էտենց բան չի կարող լինի, որ դու դնես ու քո համար կրակես։ Ինչի՞ ես կրակում՝ ուրեմն մի բան ինքը զգացել է, մի բան տեսել է, որ կրակել է, ինչ-որ մի առաջխաղացում, կամ ինչ-որ մի բան նկատում է դիրքապահը, որ կրակում է։ Բա էսքան ժամանակ, ամիսներով ինչի՞ կրակոց չի եղել», - ընդգծեց իշխանական պատգամավորը։
15:57 - 14 փետրվարի, 2024
Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել
 |civilnet.am|

Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում զոհված չորս զինծառայողներից մեկն իբր մահացել է ինսուլտից։ «Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ մենք ունենք 4 զոհ, որից մեկն ինսուլտ է ստացել, և ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է», – ասել է Մելքոնյանը։ Տեղեկությունը տարածել են News.am, Armtimes.com, Hraparak.am, Asekose.am և այլ լրատվական կայքեր։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է այս տեղեկությունը և պարզել, որ այն կեղծ է։ Հանկարծամահ եղած զինծառայողը մահացել է ադրբեջանական ագրեսիայից մեկ օր առաջ Երկրապահ կամավորների միության փետրվարի 13-ի հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ օրը՝ փետրվարի 12-ին, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ասատրյանը, իսկ մահվան հանգամանքները դեռ պարզվում են։ Նույն հրապարակմամբ ԵԿՄ-ն հայտնել է, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերում կազմակերպության զոհված չորս անդամները զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով։ Փետրվարի 13-ին ադրբեջանական հարձակումից զոհված չորս զինծառայողների մասին ՊՆ-ն տեղեկացրել է պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ Գոռ Ասատրյանի անունը չի նշվում։ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ Գոռ Ասատրյանը հանկարծամահ է եղել փետրվարի 12-ին՝ ոչ մարտական պայմաններում, ոչ թե ադրբեջանական հարձակման արդյունքում։ Փաստացի, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդումը, թե զոհված չորս զինծառայողներից մեկը մահացել է ինսուլտից, կեղծ է։  
11:11 - 14 փետրվարի, 2024
ՀՀ հարատևության, անվտանգության հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ հարատևության, անվտանգության հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արագածոտնի մարզի նախաձեռնող նիստին: «Ես ուզում եմ ելույթը սկսել կուսակցության ծրագրից մի մեջբերումով. մենք կուսակցության ծրագրում ունենք հետևյալ ենթավերնագիրը՝ «Կուսակցության գործունեության նպատակները», որտեղ արձանագրված է, որպես առաջին նպատակ, ՀՀ-ի հարատևության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, տարածաշրջանային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային, սոցիալ-հոգեբանական պայմանների ապահովումը։ Վերջին շրջանում մենք ինչ քննարկում ենք, ըստ էության, նաև՝ հրապարակային, կապված է մեր ծրագրային այս դրույթի հետ։ Ես կուզենամ ընդգծել մեր պետության հարատևության համար անհրաժեշտ իրավական, միջազգային, տարածաշրջանային, սոցիալ-հոգեբանական պայմանները, որովհետև իմ այսօրվա ասելիքը և նախորդ շրջանի ասելիքը, ըստ էության, կախված է և կապված է դրա հետ։ Հետևաբար, խնդիրը հետևյալն է, թե ինչպես, ինչ հայեցակարգի վրա հիմնվելով ենք մենք պատրաստվում ապահովել մեր պետության հարատևությունը»,- մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց, թե նչպե՞ս ենք պատրաստվում մեր գործերը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովենք, որ մեր պետությունը միշտ լինի որպես Հայաստանի Հանրապետություն։«Սա մեր իրականության մեջ շատ կարևոր հարց է, որովհետեւ պատմականորեն մեր պետականությունը ընդհատվել է, տարբեր ժամանակներով, բայց ընդհատվել է։ Մեր հանրապետությունների գոյությունն էլ է ընդհատվել, մեր առաջին հանրապետությունը գոյություն է ունեցել ընդամենը 2 տարի:Մեր պատմական փորձի վերլուծությամբ, մենք պետք է հանգենք եզրակացության , թե ինչ գաղափարախոսություն, ինչ հայեցակարգ պիտի դնենք մեր պետության հիմքում, որպեսզի ապահովվի մեր պետության հարատևությունը, նաեւ անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցերի վերաբերյալ եկել է եզրահանգման, որ ՀՀ հարատեւության, անվտանգության եւ ահարբերությունների հիմքում պետք է լինի վարվող քաղաքականությունների լեգիտիմությունը՝  ե΄ւ  ներքին առումով, ե΄ւ արտաքին առումով: «Ինչ է նշանակում վարվող քաղաքկանությունների լեգիտիմություն, դա շատ բազմաշերտ հարց է, բայց ես տվյալ դեպքում նկատի եմ ունենում  հետեւյալը, թե որն է ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը: Ես կարծում եմ, որ մենք շատ հստակ եւ աներկբա պետք է հայտարարենք, որ ՀՀ տարածքի մասին մեր պատկերացումը ճշգրիտ համընկնում է հայկական ԽՍՀ տարածքի մասին մեր պատկերացմանը եւ մենք մեր քաղաքականությունները վարում ենք հենց այդ հենքի վրա։ ԱսվածԻ մեջ մեծ հաշվով նորություն չկա։ 1991 թվականից ի վեր գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի մեջ հենց այսպես էլ արձանագրված է։ Այս փաստաթղթերի մասին է խոսքը, որոնց նպատակը եղել է ՀՀ տարածքի արտահայտումը»,- նշել է Փաշինյանը։  Վարչապետի խոսքով, սակայն, սոցիալ-հոգեբանական առումով և ընդհանրապես շատ առումներով մեր ընկալումը միշտ չէ կամ ամեն դեպքում չէ, որ այդպիսին է եղել։ «Մենք մեր այսօրվա քաղաքականություններով հանգել ենք այն եզրակացությանը, որ չափազանց կարևոր է, որ մեր քաղաքականությունները հենվեն այս լեգիտիմության վրա, և սա մեր արտաքին անվտանգությունն ապահովելու շատ կարևոր գործիք է, որովհետև սա, ըստ էության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, և երբ մեր քաղաքականությունը հենում ենք լեգիտիմ հենքի վրա, մեր պաշտպանության մեխանիզմները մեծանում են»,- ասել է վարչապետ Փաշինյանը։ Փաշինյանը հիշեցրեց, որ այս խոսակցություններոը սկսել են դեռ այն ժամանակ, երբ ինքը խոսել է «կադաստրի վկայականի» մասին։ 
22:41 - 10 փետրվարի, 2024
Եկեք խմբակցությունների փակ նիստ անենք առաջիկա օրերին. Հայկ Կոնջորյանի առաջարկը ընդդիմադիրներին
 |1lurer.am|

Եկեք խմբակցությունների փակ նիստ անենք առաջիկա օրերին. Հայկ Կոնջորյանի առաջարկը ընդդիմադիրներին |1lurer.am|

1lurer.am: Պարոն Մինասյանը («Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան-խմբ.) իր ելույթում մի բան ասաց, որ պատրաստ են ամեն ինչով օժանդակել, որ սխալները չկրկնվեն... Ես ուզում եմ հավատալ, որ պատրաստ են օժանդակել մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Ես միանգամից առաջարկ եմ անում. պարոն Մինասյան, պարոն Օհանյան և հարգելի գործընկերներ, եկեք խմբակցությունների համատեղ փակ նիստ անենք առաջիկա օրերին այստեղ, առանց տեսախցիկների, հասկանանք՝ դուք ինչ պնդումներ, պահանջներ ունեք, ինչ մտահոգություններ: Տեսախցիկները կանջատենք, որ ավելի անկաշկանդ խոսեք: Ուզում եմ հավատալ, որ ցանկանում եք օգտակար լինել»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ կսպասի Սեյրան Օհանյանի կողմից արձագանքին: Հիշեցնենք՝ Մինասյանն իր ելույթի ժամանակ հայտարարել էր՝ կարևորում է մեր պետականության առջև ծառացած մարտահրավերների մասին խոսելը և առաջարկներ ներկայացնելը, որոնք չափազանց կարևոր են ներկա ժամանակահատվածում:
14:43 - 08 փետրվարի, 2024
ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը. քննարկում

ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը. քննարկում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը և «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցում են ՔՊ կուսակցության նախընտրական դրամահավաքի կասկածելի գործարքների, նախընտրական հիմնադրամների ու կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման վերահսկողության, հանրային վերահսկողության, պատժի անխուսափելիության, նվիրատուներին ենթադրյալ քաղաքական հետապնդումներից պաշտպանելու, քաղաքական կոռուպցիայի համար պատասխանատվության և այլ թեմաների շուրջ։ - Կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ նվիրատվություններ ներգրավելու երևույթի մասին - Նախընտրական հիմնադրամների և կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման վերահսկողությունը - Ե՞րբ պիտի հրապարակվեն նվիրատուների անունները. հանրային վերահսկողություն - Պատժի անխուսափելիության մասին - Իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունները թույլատրելու մասին - Նվիրատուներին ենթադրյալ քաղաքական հետապնդումներից պաշտպանելու մասին - Նվիրատվությունների առավելագույն շեմի նպատակահարմարության մասին - Նվիրատուների անունները կարո՞ղ են գաղտնի մնալ պետությունից - Ֆինանսական միջոցները պայմանավորու՞մ են ընտրությունների արդյունքները - Կուսակցություններին պաշտպանելու մասին - Շտաբներում հավաքագրված կանխիկ միջոցների մասին - Նվիրատվությունների մատչելի համակարգեր ներդնելու մասին - Քաղաքական կոռուպցիայի համար պատասխանատվության մասին
16:20 - 07 փետրվարի, 2024
Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը
 |armenpress.am|

Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց անհիմն մեղադրանքներ չվերագրեն և ջուր չլցնեն Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ջրաղացին:   Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր ելույթում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որում վերջինս իշխանություններին մեղադրում էր ադրբեջանական թեզեր տարածելու մեջ։ «Որևիցե մեկը չի ասում, թե Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. այն, որ նրանք թշնամաբար են տրամադրված, դա փաստ է: Իսկ մենք վերջին 100-ամյակի ընթացքում ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների հանդեպ, իհարկե, հասկանալի պատճառով: Նույն ձև թշնամաբար ենք տրամադրված եղել, նմանապես թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների համար: Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու»,-ասաց ԱԺ նախագահը: Գառնիկ Դանիելյանը նշել էր, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, որ հարձակում տեղի կունենա Հայաստանի նկատմամբ, ինչի մասին Ադրբեջանում և Թուրքիայում բացեիբաց խոսում են։ Հայաստանի ԱԺ նախագահն էլ նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրն ապահովագրել հետագա այնպիսի զարգացումներից, որոնց երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: «Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո»,-ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը հավելեց՝ հաճախ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են: «Կապ եմ տեսել դրանց մեջ: Բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում»,-ասաց ԱԺ նախագահը: Սիմոնյանը նշեց՝ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ունեն իրենց սխալները: «Իսկ կարո՞ղ է նաև այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին: Բավական է, որ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները, վերցնում են այդ նարատիվը: Դուք ասում եք, թե մենք ենք դա վերցրել, մենք ասում ենք, թե դուք եք վերցրել: Դա  պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու մենք»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:
15:15 - 07 փետրվարի, 2024