Կադաստրի կոմիտե

Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է ՀՀ կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը:

Կադաստրի կոմիտեն վարում է անշարժ գույքի պետական ռեգիստրը, երկրատարածական տվյալների համակարգերը, աջակցում անշարժ գույքի շուկայի զարգացմանը, հողային պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։

Կոմիտեի ղեկավարն է Սուրեն Թովմասյանը, տեղակալներն են Նարինե Ավագյանը, Դավիթ Սողոմոնյանը, Արման Պետրոսյանը։

Կառավարությունը 117 անձի բնակարան կնվիրաբերի |hhpress.am|

Կառավարությունը 117 անձի բնակարան կնվիրաբերի |hhpress.am|

hhpress.am: Պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած որոշման նախագծով, առաջարկվում է նվիրատվության ներկայացնել Երեւանի եւ մարզերի հանրակացարանների ու պետական այլ շենքերի 41 բնակելի տարածքներ։ Դրանք կհատկացվեն 37 ընտանիքի, ինչի արդյունքում 117 անձ կապահովվի սեփական բնակարանով։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դեռեւս 2018 - ին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24 - ի թիվ 305 - Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսել էր, որ նվիրատվության ենթակա բնակելի տարածքները պետք է 214 լինեն։ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության արդյունքների հիման վրա նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքների ցանկում ընդգրկվեց 106 տարածք, 8 բնակելի տարածքի բնակիչներին մերժում ուղարկվեց, իսկ 100 - ի նվիրատվության գործընթացին ժամանակավորապես ընթացք չտրվեց։ Վերջինիս պատճառն այն էր, որ հնարավոր չէր եղել հստակ տեղեկատվություն ստանալ նշված բնակելի տարածքների բնակիչների անունով ՀՀ - ում անշարժ գույքերի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքների վերաբերյալ։ Վերջիններիս նույնականացման գործընթացի համար նախորդ տարի վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր աշխատանքային խումբ։ Կատարված աշխատանքների արդյունքում 56 բնակելի տարածքների բնակիչների նույնականացման աշխատանքներ իրականացվեցին, եւ ապրիլին կառավարությունը 57 բնակելի տարածքների բնակիչների վերաբերյալ որոշում ընդունեց։ Մնացած բնակելի տարածքների բնակիչների նույնականացման համար վարչապետի կողմից ոստիկանությանը, կադաստրի կոմիտեին, բոլոր մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին հանձնարարվեց աջակցել աշխատանքներին, ինչի արդյունքում հնարավոր եղավ նույնականացնել եւս 41 բնակելի տարածքի բնակիչների։ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագծում ընդգրկվել են Երեւան քաղաքի Մոլդովական փող. 29/1 - ի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2/1 - ի, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 3 - րդ փող. 33/1 եւ Քարագլուխ գյուղի 6 - րդ փող. - ի, Արարատի մարզի Արարատ քաղաքի Աբովյան 12 - ի եւ Դարբնիկ համայնքի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան ՖՀԻ - ի 7 - րդ շենքի հանրակացարանների 22 բնակելի տարածքների բնակիչներ։ Նախագծում ընդգրկվել են նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տնօրինությանը հանձնված Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Երիտասարդական 51/3 թիվ 7 բնակելի տարածքը «1 բնակելի տարածք», արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինությանը հանձնված Երեւան քաղ. Արցախի 61/3, Սեւանի 124, Դավիթաշեն 4 - րդ թաղ., Հասրաթյան 9 հասցեների հանրակացարանային մասնաշենքերի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 4 հասցեի 9 բնակելի տարածք, Արմավիրի մարզպետարանի ենթակայության քաղ. Էջմիածին, Մ. Խորենացի 101/1 հասցեի 4 բնակելի տարածք եւ Արագածոտնի մարզպետարանի տնօրինության տակ գտնվող Աշնակ, Հնաբերդ եւ Նիգավան համայնքների ուսուցչի տների 5 բնակելի տարածք։ Վերոնշյալ տարածքներում բնակվող քաղաքացիները, որոնք տարբեր խոցելի սոցիալական խմբերի ներկայացուցիչներ են, տասնամյակներով սպասել են այս որոշմանը։ Այն սոցիալական էական խնդիրների բարելավում է ենթադրում։ Արմեն Վարդանյան
16:05 - 23 հուլիսի, 2020
Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Արդարադատության նախարարությունը Երևանի  կենտրոնում գործարկել է  Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։ «Այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը, այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը և հավելել, որ պետական ծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Նախարարը մանրամասնել է՝ եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա ստանալ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։ Նախարար Բադասյանն այս բարեփոխումը կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնել Միասնական գրասենյակում ծառայություն մատուցող բոլոր պետական մարմիններին և ընդգծել, որ առանց համատեղ ներդրման՝ այս նախաձեռնությունն իրականացնել հնարավոր չէր լինի։ Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։ Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։
14:36 - 22 հուլիսի, 2020
Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից |ampop.am|

Չհարկվող գույք չի մնալու․ ՀՀ-ում գույքահարկ վճարողներն ու վճարի չափերը՝ 2021թ․-ից |ampop.am|

ampop.am: Հայաստանում ներդրվում է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվելու է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։ 2021թ․ հունվարի 1-ից կիրառության մեջ մտնող նոր համակարգի արդյունքում գույքահարկի վճարները կավելանան։ Սակայն հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար, ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր համակարգին անցում կատարել ատիճանաբար՝ առաջիկա չորս տարիների ընթացքում։ Այսինքն՝ 2021թ․-ին սեփականատերը կվճարի նոր մեթոդով հաշվարկված գույքահարկի 25%-ը, 2022թ-ին` 50%-ը, 2023թ-ին` 75%-ը, իսկ 2024թ․-ից՝ արդեն ամբողջ հարկը։ Սա դեռևս օրենքի ուժ չունի։ Սակայն հարկային օրենսգրքում առաջարկվող այս փոփոխությունները կառավարությունը համարել է անհետաձգելի․ արդեն քննարկել, ընդունել և ուղարկել է Ազգային ժողով: Հունիսի 24-ին ԱԺ-ում այս հարցով առաջին լսումներն էին։ «Հեղափոխական նշանակության փոփոխություններ» «Ընդհանուր առմամբ՝ այո՛, գույքահարկն ավելանալու է, և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այլն»,- կառավարության մայիսի 27-ի նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Փաշինյանն այս փոփոխությունը ներկայացնում է իբրև «հեղափոխական նշանակության փոփոխություններ»` ուղղակի կապելով դրանք եկամտահարկի համահարթեցման հետ։ Ըստ վարչապետի՝ եթե ոմանք համարում են, որ համահարթ եկամտահարկ սահմանելով խախտվել է սոցիալական արդարության սկզբունքը, ապա գույքահարկի նոր համակարգի ներդրմամբ՝ կվերականգնվի այն։ Շքեղ առանձնատների գույքահարկը ներկայումս սիմվոլիկ բնույթ է կրում, ասում է Փաշինյանը։ «Դղյակներ կան, որոնք, օրինակ, տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15մլն դրամ: Ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար այդ 15մլն դրամը ոչ մի բան է՝ ըստ էության: Համենայնդեպս, եթե մարդն էդ կարգի դղյակ է կառուցել, ուրեմն դա պետք է այդպես էլ լինի»։ Կառավարությունը չի թաքցնում, որ փոփոխությունները ոչ միայն տեսանելի հարստության [շքեղ տուն] կամ ունեցվածքի համարժեք հարկման, այլև տեղական բյուջեի հավաքագրման նպատակով են։ Անշարժ գույքի հարկը համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր է, իսկ Հայաստանում, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում գրեթե չի օգտագործվում: Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0.2%, իսկ, օրինակ, հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1.1%, Ռուսաստանում` 1.2%, ԱՄՆ-ում` 2.7%։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հաշվարկներով՝ փոփոխությունների արդյունքում մինչև 4,3 անգամ կաճի գույքահարկերից գոյացող գումարը։ Միայն Երևանի բյուջեն կավելանա 45-50 մլրդ դրամով։ Այնուամենայնիվ, Հայկական տնտեսագիտական միության նախագահ Գուրգեն Ասլանյանը կարծում է, որ խնդիրներ կառաջանան «պալատների» իրական արժեքը գնահատելիս․ «Այդ պալատները հատուկենտ են մեր Հայաստանում ու դրանց շուկայական արժեքն անհայտ է: Նշանակում է՝ մենք չգիտենք, թե այդ տոկոսն ինչից են հաշվելու՝ միլիոնի՞ց, թե՞ հարյուր միլիոնից»: Ասլանյանը չի բացառում, որ ցանկության դեպքում մեծահարուստներն իրենց առանձնատները կամայական, բավականին ցածր գնով կվաճառեն իրենց բարեկամներին ու կասեն, որ դա է շուկայական գինը։ Սա է պատճառը, որ ըստ Ասլանյանի, գույքահարկի փոփոխությունները պետք է լինեն եկամուտների վերաբաշխման համատեքստում. որոշ չափով այն պետք է դառնա ճոխության հարկ: Վերացվում է չհարկվող շեմը Եթե ԱԺ-ն ընդունի օրինագիծը նույնությամբ, Հայաստանում այլևս չի լինի չհարկվող անշարժ գույք։ Նախագծով առաջարկվում է վերացնել բնակարանների և բնակելի տների մասով սահմանված չհարկվող շեմերը՝ մինչև 10մլն դրամ արժեքով բնակարանների և մինչև 7մլն դրամ արժողությամբ բնակելի տների համար սահմանելով 0․05% հարկման դրույքաչափ։ Հայաստանում այլևս չի լինի չհարկվող անշարժ գույք Սա, ըստ նախագծի հիմնավորման, «կնպաստի սեփականության իրավունքի վերաիմաստավորմանը և հարկերի վճարման մշակույթի ամրապնդմանը»։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով ՝ այս փոփոխություններով շտկվելու է «կադաստրային արժեքների և գույքահարկի ներկայիս աղավաղված պատկերը»։ Ըստ նրա՝ Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի (275 հազար բնակարաններ) կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է։ Այսինքն՝ այդ բնակարանների համար գույքահարկ չի վճարվում։ Միայն Երևանում 3 միլիոնից ցածր կադաստրային արժեք ունեցող և գույքահարկ չվճարող 107 հազար բնակարան կա։ Կադաստրի կոմիտեից հայտնել են, որ մինչև 3 մլն կադաստրային արժեքով Երևանում ամենամեծ թվով բնակարանները՝ շուրջ 22%, Նոր Նորք վարչական շրջանում են։ 3 մլն-ը չգերազանցող բնակելի տների քանակով էլ առաջին տեղում Շենգավիթ վարչական շրջանն է՝ 26%: Իսկ այդ արժեքային սանդղակում գտնվող բնակարանների և բնակելի տների ամենամեծ տեսակարար կշիռն ունի Նուբարաշեն վարչական շրջանը, որտեղ բնակարանների 99%-ի, իսկ բնակելի տների 54%-ի կադաստրային արժեքները փոքր են 3 մլն-ից։ Կադաստրային ցածր արժեքները պայմանավորված են շինության կառուցման տարեթվով և գտնվելու վայրի գոտիականությամբ։ Հարկման բազա և դրույքաչափեր Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգն ընդունվել է դեռևս անցած տարվա նոյեմբերին և ուժի մեջ է մտնելու 2021 թ․-ի հունվարի 1-ից: Այս օրենքով սահմանվում են գույքահարկի հաշվարկման բանաձևերը, որոնք տարբեր են՝ կախված անշարժ գույքի տեսակից։ Կառավարության՝ մայիսի 27-ին ընդունած հարկային փոփոխություններով սահմանվում են հարկման բազայի նոր սանդղակներ, իսկ որոշ դեպքերում՝ նոր դրույքաչափեր։ Դրանք տարբեր են բնակարանների և անհատական բնակելի տների համար։ Այդ խմբերից յուրաքանչյուրն իր հերթին ունի վեց մակարդակ․ այսինքն՝ որքան բարձր է գույքի արժեքը, այնքան շատ է գույքահարկը։ Հարկման նվազագույն դրույքաչափը 0.05% է թե բնակարանների, թե բնակելի տների համար։ Բայց տարբեր է հարկման բազան․ բնակարանների դեպքում՝ 10մլն դրամը, իսկ տների դեպքում՝ 7մլն դրամը չգերազանցող արժեքը։ Գույքահարկն այս արժեքների դեպքում բնակարանների համար առավելագույնը կլինի 5000 դրամ, իսկ տների համար՝ 3500 դրամ։ Ամենաբարձր հարկման շեմում ընդգրկվել են 100 մլն դրամից ավելի արժեք ունեցող բնակարաններն ու 120 մլն-ը գերազանցող տները, որոնց դեպքում գույքահարկը կլինի համապատասխանաբար՝ 326 000 և 423 500 դրամից ավելի։ Շարունակությունը՝ ampop.am-ում
15:13 - 26 հունիսի, 2020
2020-ի ապրիլին 2019-ի նույն ամսվա համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են․ Պետրոսյան |armtimes.com|

2020-ի ապրիլին 2019-ի նույն ամսվա համեմատ անշարժ գույքի շուկայում գործարքները նվազել են․ Պետրոսյան |armtimes.com|

armtimes.com: 2020թ. ապրիլ ամսին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է 2892 գործարք, ինչը 2019-ի նույն ամսվա համեմատ 82.2 տոկոսով պակաս է։ Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը՝ հավելելով, որ 2019-ի ապրիլին 16 հազար 270 գործարք է եղել։ Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված՝ հանրության մի մասի մեջ սպասելիքներ են ձեւավորվել, որ վաղ թե ուշ անշարժ գույքի գները կնվազեն։ Մյուս կողմից էլ անշարժ գույք վաճառողներն են սպասում՝ իրավիճակը կարգավորվի, որ հետո իրենց գույքը ավելի թանկ կարողանան վաճառել։ Անշարժ գույքի շուկայի վրա կորոնավիրուսի ազդեցության եւ հնարավոր հետեւանքների շուրջ հարցազրույց Արման Պետրոսյանի հետ։ - Պարո՛ն Պետրոսյան, ապրիլին գործարքների այսչափ նվազումը կորոնավիրուսո՞վ է պայմանավորված, թե՞ այլ հանգամանքներ կան: - Սա հիմնականում պայմանավորված է այն սահմանափակմամբ, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները չեն գործել մարտի 26-ից մինչեւ ապրիլի 27-ը։ Գործելուց հետո դիմումների քանակները վերականգնվել են։ Չնայած ասեմ, որ նվազում, ամեն դեպքում, մայիսին էլ ենք արձանագրելու, բայց այդ նվազումն այսչափ չի լինելու։ Ճիշտ է, մենք հնարավորություն տվել ենք քաղաքացիներին՝ բոլոր տեսակի դիմումներն առցանց ներկայացնելու, բայց քանի որ որոշ դիմումների դեպքում էլեկտրոնային ստորագրություն էր պահանջվում, հիմնականում չէին կարողանում քաղաքացիներն օգտվել, բայց, ամեն դեպքում, այս համաճարակը ազդելու է, որ գործարքները նվազեն, թե ինչ ծավալի կլինի այդ նվազումը, դեռեւս պարզ չէ։ Երբ ամփոփենք մայիս-հունիս ամիսները, պատկերը կունենանք։ Երբ գրասենյակները նորմալ աշխատեն, այդ ժամանակ հստակ կլինի, թե համաճարակն ինչքանով է ազդում անշարժ գույքի շուկայի վրա։ - 2892 գործարքները հիմնականում Երեւանո՞ւմ են եղել, թե՞ մարզերում, եւ ո՞ր տեսակի գործարքներն են գերակշռում դրանց մեջ։ - Սովորաբար գործարքների մոտ 50 տոկոսը Երեւանում է արձանագրվում։ 2892 գործարքներից 1165-ը օտարման գործարքներ են եղել, 257-ը՝ վարձակալության, 915-ը՝ գրավադրման։ Մնացածը ժառանգություն, առաջնային գրանցում եւ այլ գործարքներ են եղել։ - Գնային առումով փոփոխություններ նկատելի՞ են։ - Այս պահին՝ ոչ, ժամանակահատվածը դեռեւս կարճ է, որ ազդի անշարժ գույքի գների վրա։ Բայց եթե միտումները պահպանվեն, եւ պարբերաբար մի քանի ամիս շարունակ գործարքների քանակի նվազում արձանագրվի, անշուշտ, դա բերելու է նրան, որ սկսելու են գները նվազել։ Այս պահին դեռեւս այդպիսի միտում չունենք։ Կարելի է ասել՝ պահպանվում են այն գները, ինչը կար մինչ համաճարակը։ - Հանրության մի մասի մեջ սպասելիքներ են ձեւավորվել, որ անշարժ գույքի գները կնվազեն։ Ինչքանո՞վ եք հավանական համարում այդ սպասելիքների արդարացումը։ - Հենց այդ սպասումներն են բերում նրան, որ ավելի են սկսում նվազել գործարքները, այսինքն՝ այն մարդը, որն այսօր ուզում էր գործարք կատարել, հիմա սպասում ունի, որ, վարակով պայմանավորված, հնարավոր է՝ գները նվազեն։ Դրանից ելնելով էլ այդ գործարքն այս պահին չի իրականացնում։ - Մարդիկ հիմա շատ են օգտվում տարբեր ծրագրերից՝ նորակառույց շենքերում հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար։ Ինպե՞ս կազդի շուկայի տեղաշարժը նորակառույց բնակարանների գների վրա։ - Նորակառույցների ծրագրերի վրա ավելի շատ բանկային քաղաքականությունն է ազդում, քան՝ այս վիճակը։ Եթե բանկերը շարունակեն մատչելի տոկոսներով վարկեր տրամադրել եւ չկոշտացնեն պայմանները, կարծում եմ՝ նորակառույցների դեպքում խնդիր չենք ունենա։ - Հնարավոր համարո՞ւմ եք, որ անշարժ գույքի շուկայում հակառակ պատկերը լինի, եւ վաճառողները, գործարքների նվազումից ելնելով, գները բարձրացնել։ - Չէ՛, կարծում եմ՝ հակառակը. ով այս պահին ունի անշարժ գույք եւ չէր ուզում վաճառել, հիմա արդեն մտածելով, որ հետագայում հնարավոր է անշարժ գույքի գները նվազեն՝ իր գույքը կհանի վաճառքի խելամիտ գնով, որպեսզի մինչեւ գնանկումը կարողանա վաճառել, այսինքն՝ գների բարձրացում միանշանակ չենք ունենալու, դա բացառված է, բայց կարող է նաեւ հակառակը լինել. մարդիկ, իմանալով, որ գները նվազելու են, առաջարկն ավելացնեն շուկայի, եւ դա արագացնի գների նվազման տեմպերը։ - Այս ընթացքում դիմումներ կամ մտահոգություններ ստացե՞լ եք անշարժ գույքի գործակալություններից։ Ի վերջո, գործարքների նվազումը նրանց վրա էական ազդո՞ւմ է: - Այո՛, ազդում է, բայց որեւէ ձեւով նրանց կողմից այդ հարցով դժգոհություն չենք ստացել։ Ավելի շատ դժգոհում էին, որ այդ 1 ամսվա ընթացքում դիմումներ ներկայացնելու խնդիր ունեին։ Բացի այդ, նրանց գործունեությունը օրենսդրությամբ չի կարգավորում։ Մենք՝ որպես լիազոր մարմին, իրենց գործունեության հետ որեւէ առնչություն չունենք։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:03 - 19 մայիսի, 2020
ՀՀ-ում առաջին եռամսյակում բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները աճել են 12,1 տոկոսով

ՀՀ-ում առաջին եռամսյակում բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները աճել են 12,1 տոկոսով

Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայում 2020 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է պետական գրանցման 42 հազար 720 գործարք։ Այս մասին հայտնում են Կադաստրի կոմիտեից։ «2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն աճել են 13.5 %-ով, սակայն 2019-ի 4-րդ եռամսյակի համեմատ դրանք նվազել են 21,6 տոկոսով։ Երևան քաղաքում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 3.2 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 12.1%-ով»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մարզերի քաղաքներում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.4 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.6%-ով:
18:27 - 23 ապրիլի, 2020
COVID-19-ը չի շրջանցել նաև անշարժ գույքի շուկան. ի՞նչ միտումներ են նկատվում |armenpress.am|

COVID-19-ը չի շրջանցել նաև անշարժ գույքի շուկան. ի՞նչ միտումներ են նկատվում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում տարածված կորոնավիրուսն ազդել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, անմասն չի մնացել նաև անշարժ գույքի ոլորտը․ նվազել են կատարված գործարքները, սակայն գների անկում չի նկատվում։    Այս մասին ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը։   - Պարոն Պետրոսյան, երկրում հաստատված արտակարգ դրությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել և շարունակում ունենալ անշարժ գույքի ոլորտի վրա։    - Սույն թվականի մարտի 16-ից երկրում հաստատված արտակարգ դրությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել և դեռևս կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա, այդ թվում նաև՝ անշարժ գույքի շուկայի։ Ներկայումս արձանագրում ենք միայն անշարժ գույքի նկատմամբ իրականցվող գործարքների քանակների նվազում, սակայն եթե մի քանի ամիս ևս արձանագրենք գործարքների քանակների նվազում, ապա կսկսեն նվազել նաև անշարժ գույքի գները։    - Ինչպե՞ս եք աշխատում արտակարգ դրության պայմաններում։   - Ստեղծված իրավիճակում Կադաստրի կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում փորձում է իրականացնել հնարավորը, որ անշարժ գույքի շուկան շարունակի գործել հնարավորինս բնականոն պայմաններում։ Չնայած, համաձայն պարետի որոշման, ներկայումս կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները չեն աշխատում, սակայն Կոմիտեն յուրաքանչյուր դիմումատուի ընձեռել է հնարավորություն ցանկացած տեսակի դիմում ներկայացնել կոմիտեի առցանց էլեկտկտրոնային հարթակի միջոցով։ Կոմիտե ներկայացված յուրաքանչյուր դիմում բավարարվում է սահմանված ժամկետներում՝ առանց ուշացումների։ Բացի այդ դիմումներն առցանց ներկայացնելու գործընթացը դյուրին դարձնելու նպատակով կոմիտեում գործում է թեժ գիծ, որի միջոցով կոմիտեի մասնագետները մեթոդական աջակցություն են ցուցաբերում առցանց դիմումներ ներկայացնելու ցանկություն ունեցողներին։   - Արդյոք, անշարժ գույքի ոլորտում առաջացել է առաջարկ-պահանջարկի որակական անհամապատասխանություն։   - Բնականաբար, ցանկացած իրավիճակ, որն իր մեջ որոշակի անորոշություններ է պարունակում, ստեղծում է սպասողական տրամադրություններ, որոնք բացասական են ազդում, մասնավորապես, անշարժ գույքի նկատմամբ այդ պահին առկա գնողունակ պահանջարկի վրա։ Եթե ավելի պարզ ասեմ, անշարժ գույքի պոտենցիալ ձեռքբերողները դառնում են ավելի զգուշավոր և հաճախ ձեռնպահ են մնում ֆինանսական մեծ գործարքներ կատարելուց՝ նախընտրելով սպասել իրավիճակի որոշակի կայունացման։ Նշեմ, որ ստեղծված իրավիճակում առավել շատ նվազել է անշարժ գույք վարձակալելու պահանջարկը։   - Ո՞ր դեպքում կարող է լինել անշարժ գույքի գների նվազում։   - Անշարժ գույքի շուկայում դեռևս գների նվազում չի արձանագրվում, սակայն անշարժ գույքի նկատմամբ գնողունակ պահանջարկի հետագա նվազումը, ինչ խոսք, իր բացասական ազդեցությունը կունենա նաև անշարժ գույքի գների վրա։ Ինչ վերաբերում է անշարժ գույքի նկատմամբ իրականացվող գործարքների քանակների նվազմանը, ապա այս փուլում այն պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում գործող սահմանափակումներով և անշարժ գույքի շուկայի մասնակիցների մոտ սպասողական տրամադրությունների առկայությամբ, սակայն հետագայում այն հիմնականում պայմանավորված կլինի տնտեսության վրա համաճարակի բացասական ազդեցությամբ։     - Ինչպիսի՞ վիճակագրություն է այսօր՝ 2020 թվականի փետրվար-մարտ ամիսներին, եթե համեմատենք 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ։ Այս տարի գնանկումներ եղե՞լ են կամ գործարքների ա՞ճ, թե՞ նվազում է նկատվել։    - 2020թ․ փետրվարին հանրապետությունում անշարժ գույքի շուկայում գրանցվել է 16 հազար 432 գործարք, որը 2019թ․ փետրվարի համեմատ աճել է 24.3%-ով։ 2020թ․ մարտին գրանցվել է 15 հազար 442 գործարք, որը, չնայած 2019թ․ մարտի համեմատ աճել է 1.5%-ով, 2020թ․ փետրվարի համեմատ նվազել է 6%-ով։   Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, նշեմ, որ այս շուկայում բավականին երկար ժամանակահատված է, ինչ պարբերաբար արձանագրվում է անշարժ գույքի գների աճ։ Ներկայումս այդ միտումները դեռևս շարունակվում են և օրինակ, Երևան քաղաքում 2020 թվականի մարտին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2020 թվականի փետրվար ամսվա համեմատ՝ աճել է 0.6 %-ով, սակայն ինչպես արդեն նշեցի, եթե մի քանի ամիս պարբերաբար արձանագրվի անշարժ գույքի գործարքների նվազում, ապա կսկսեն նվազել նաև անշարժ գույքի գները։
12:56 - 20 ապրիլի, 2020
Կադաստրի կոմիտեից հերքում են այլ անձանց միջոցով գումար աշխատելու մասին լուրերը |armenpress.am|

Կադաստրի կոմիտեից հերքում են այլ անձանց միջոցով գումար աշխատելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը հերքում է «Կենտրոն» սպասարկման գրասենյակի հարակից տարածքում գործող մի իրավաբանական ընկերության աշխատակցի միջոցով գումար աշխատելու մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։ Պետրոսյանը վստահեցրեց, որ ԶԼՄ-ներում տարածված այդ տեղեկությունները ոչ մի կապ չունեն իրենց կառույցի հետ։ «Ծանոթ եմ մամուլում տարածված հրապարակմանը, սակայն այդ տեղեկությունները Կադաստրի կոմիտեի հետ կապ ունեն ընդամենը այնքանով, որ վերաբերում են մի մասնավոր ընկերության, որն իր գործունեությունը ծավալում է Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի հարակից տարածքում»,- նշեց Պետրոսյանը։ Նա շեշտեց, որ համաձայն Պարետի որոշման`նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին Կադաստրի կոմիտեի որևէ սպասարկման գրասենյակ, այդ թվում նաև «Կենտրոն» սպասարկման գրասենյակը չեն աշխատում։ «Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակն իր գործունեությունը ծավալում է մասնավոր կազմակերպությունից վարձակալած տարածքում։ Նույն վայրում տարածքներ ունեն վարձակալած նաև մասնավոր այլ տնտեսվարողներ, այդ թվում՝այդ իրավաբանական գրասենյակը, որոնց գործունեության համար Կադաստրի կոմիտեն որևէ պատասխանատվություն չի կրում»,- ասաց Պետրոսյանը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ իրենց կառույցը բոլոր դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել e-cadastre.am առցանց հարթակի միջոցով։ Արման Պետրոսյանը շեշտեց, որ քաղաքացիները կարիք չունեն Կադաստրի կոմիտե դիմում ներկայացնելիս օգտվել մասնավոր կազմակերպությունների մատուցած ծառայություններից։
17:15 - 18 ապրիլի, 2020
Բարձրաստիճան պաշտոնյաներից՝ մինչև քրեական դեմքեր․ ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն (մաս 4) |hetq.am|

Բարձրաստիճան պաշտոնյաներից՝ մինչև քրեական դեմքեր․ ովքեր են «տիրացել» Օղակաձև զբոսայգուն (մաս 4) |hetq.am|

hetq.am: Երևանի քաղաքապետարանի և Կադաստրի կոմիտեի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի տարբերի տարիների վարձակալների մեծ մասը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են և նրանց փոխկապակցված անձինք, որոնց թվում են՝ Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանը, Երևանի նախկին քաղաքապետ, ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքը, Երևանի քաղաքապետի նախկին գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանի որդին, ինչպես նաև Պզո մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ ԱՄՆ-ում ձերբակալված անձինք: Նախկին հյուպատոսն ու բարձրաստիճան ոստիկանը Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում 1117 քմ մակերեսով հողամաս է վարձակալել «Արձակուրդ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունը Օղակաձևում է 2001 թվականից: Ընկերությանը և Երևանի քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հուլիսի 26-ին, որն ուժի մեջ է մինչև 2035 թվականի մայիսի 22-ը: Հողամասը տրամադրվել է սրճարանի, բարեկարգման և կանաչատպման նպատակով: Հողամասի վարձակալության տարեկան վարձավճարը կազմում է 3 միլիոն 225 հազար դրամ: «Արձակուրդ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքում այժմ ռեստորան է գործում: «Արձակուրդ» ՍՊԸ-ն հիմնադրել է Հրայր Գևորգյանը 1997 թվականին: 2001 թվականին ընկերության 25-ական տոկոսի բաժնետեր են դարձել և մինչև օրս շարունակում են մնալ ոստիկանությունում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Լյուդվիգ Սարգսյանի կինը՝ ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի դասախոս Ռուզան Տեր-Գրիգորյանը, ինչպես նաև այդ ժամանակ վարչապետի խորհրդատուի պաշտոնը զբաղեցնող Արարատ Գոմցյանի որդին՝ Դվին Գոմցյանը: 2010 թվականին էլ ընկերության 25-ական տոկոս բաժնետերեր են դառնում հենց Լյուդվիգ Սարգսյանը, որն արդեն թոշակի էր անցել, և Արարատ Գոմցյանը՝ այդ պահին զբաղեցննելով Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը (մինչև 2017թ.): Ինչ վերաբերում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանին, ապա նա 2009 թվականից մինչև վերջերս «Հայինկասացիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն էր: ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի որդու ղեկավարծ ընկերությունը Օղակաձև զբոսայգու ամենախոշոր վարձակալներից մեկն էլ «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն է: Ընկերությանը 2013թ. մարտի 19-ին կնքված պայմանագրով՝ մինչև 2038 թվականը վարձակալության իրավունքով տրվել է 7887 քմ մակերեսով հողամաս: Այդ տարածքի համար «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն տարեկան վճարում է 204 հազար դրամ կամ այլ կերպ ասած՝ ամսական 1 քառակուսի մետրի համար ընդամենը 2 դրամ: «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ի վարձակալած տարածքում թենիսի կորտեր են, որտեղ գործում է թենիսի «Արարատ» ակումբը: 2000-ականների սկզբին «Գեյմ-Սերվիս»-ի տարածքը վարձակալության իրավունքով, իսկ տարածքի վրայի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է «Թենիսի «Արարատ» մարզական ակումբ» հասարակական կազմակերպությանը, որի բաժնետերերից են եղել Լյուդվիգ Սարգսյանն ու Արարատ Գոմցյանը, որոնց մասին արդեն նշել ենք, ինչպես նաև Գրիգոր Մելքումյանը: Վերջինս զբաղեցրել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, ապա նաև տրանսպորտի և կապի նախարարի գլխավոր խորհրդականի պաշտոնները (Գագիկ Բեգլարյանի հետ քաղաքապետարանից տեղափոխվել է նախարարություն): 2016 թվականից սկսած վարձակալության տրված տարածքի վրայի անշարժ գույքը «Գեյմ-Սրեվիս»-ի սեփականությունն է: «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999 թվականի սեպտեմբերի 24-ին, կանոնադրական կապիտալն այժմ կազմում է 55 միլիոն դրամ: Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ընկերությունը հիմնել են «Արարատ» մարզական ակումբը և «Հայաստան» մարզական միությունը: «Գեյմ-Սերվիս»-ի գործադիր մարմինը նույնպես պատահական մարդ չի ղեկավարում: Ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Էդուարդ Սանամյանը՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, վարչապետի նախկին խորհրդական (Կարեն Կարապետյանի օրոք) Սամվել Սանամյանի որդին: «Գեյմ-Սերվիսը» ներքաշված է եղել բազմաթիվ դատական գործերում: Դրանցից մեկը վերաբերվում է ընկերության բաժնետոսմերի բաշխմանը: Մասնավորապես 2018 թվականի հունիսին Լյուդվիգ Սարգսյանն ու Կարեն Գևորգյանը դատական հայց են ներկայացրել «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ի դեմ՝ բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով: Որպես երրորդ անձ ներգրավված են եղել «Գեյմ-Սերվիս»-ի 90 տոկոս բաժնեմասի սեփականատեր հանդիսացող «Արարատ» մարզական ակումբի մյուս մասնակիցները, այդ թվում՝ Գրիգոր Մելքումյանը և Արարատ Գոմցյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, հայցադիմումը անհիմն է գնահատել և մերժել այն:  «Գեյմ-Սերվիս» ՓԲԸ-ն 2011-2016թթ. Երևանի քաղաքապետարանի հետ 5 դատական վեճ է ունեցել, որոնցից 4-ը վերաբերում է Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում զբաղեցրած տարածքի վարձավճարի բռնագանձմանը։ Օրինակ՝ 2014թ. հայցադիմումը վերաբերում է 1200 քմ տարածքի վարձավճարին։ Ըստ հայցի՝ համայնքը պահանջում է ընկերությունից վճարել 1,56 մլն դրամ, որից 1 մլն 55 հազար դրամը չվճարած վարձն է, իսկ 506 հազար դրամը որպես տույժ։ Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետարանի հայցը՝ պարտավորեցնելով ընկերությանը վճարելու պարտքը և տույժերը։ 2016թ. հայցով էլ քաղաքապետարանը պահանջել է վճարել մոտ 14,255 մլն դրամ վարձը և դրան գումարված 10 մլն դրամ տույժը։ Կողմերի միջև 2016թ․ նոյեմբերին կնքվել է հաշտություն, ըստ որի՝ նույն օրը պատասխանող կողմը պետք է վճարեր հիմնական վարձավճարի պարտքը, իսկ տույժերն ամբողջությամբ պետք է մարեր մինչև նույն թվականի դեկտեմբերի 30-ը։ Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքի ընկերությունը Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում 1999 թվականից հողամաս է վարձակելել նաև «Լուսին և Արամ» ՍՊԸ-ն, որը հետագայում դարձել է Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի ընտանիքի սեփականությունը: Երևանի քաղաքապետարանի և «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 1999 թվականի հուլիսի 8-ին, համաձայն որի՝ ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 380 քառակուսի մետր մակերեոսվ հողամաս:  Հողամասը հատկացվել է սրճարանի շինարարություն իրականացնելու նպատակով: Այդ ժամանակ 1 հեկտար հողամասի կադաստրային արժեքը եղել է 19 մլն 815 հազար դրամ կամ 1քմ-ը՝ 1980 դրամ, իսկ «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի վարձակալած տարածքի մակերեսը հաշվարկվել է հողամասի կադասատրային արժեքի 30 տոկոսի չափով: Այսինքն՝ ընկերությունը 380 քմ-ի համար տարեկան վճարել է 226 հազար դրամ, ամսական 1 քմ-ի համար 50 դրամ:  Ընկերության և քաղաքապետարանի միջև պայամանգիրը կնքվել է 15 տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2014 թվականը: Երևանի քաղաքապետի 2013թ. փետրվարի 5-ի որոշմամբ՝ 1999թ. կնքված պայմանագրում մի շարք փոփոխություններ են սահմանվել, որից հետո կնքվել է նոր համաձայնագիր՝ երկարացված ժամկետով: Փոփոխության է ենթարկվել նաև վարձավճարի չափը: Մասնավորապես հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը դարձել է 60 հազար դրամ (տարածվում է ամբողջ Օղակաձև զբոսայգու վրա)՝ նախկին 1980 դրամի փոխարեն:  Քաղաքապետի այդ որոշումից և կնքված համաձայնագրից հետո «Լուսին և Արամ» ՍՊԸ-ի տարեկան վարձավճարը սահմանվեց 1 մլն 262 հազար դրամ, որից 826 հազարը՝ սրճարանի, իսկ 436 հազարը բարեկարգման և կանաչապաման համար:  «Լուսին և Արամ» ՍՊԸ-ն հիմնադրել են Մանվել և Գայանե Սարգսյանները 1998 թվականի ապրիլի 12-ին: 2008 թվականին ընկերությունը դարձել է Սուրեն Աբրահամյանի որդու՝ Արման Աբրահմյանի սեփականությունը, իսկ 2018 թվականից ընկերության 100 տոկոս բաժենմասի սեփականատերը դարձել է նախկին քաղաքապետի հարսը՝ Մարինա Աբրահամյանը:  Օղակաձև զբոսայգում ընկերության զբաղեցրած տարածքում կարաոկե ակումբ է: «Երևանի վատագույն օբյեկտ-2011» 2011 թվականին Երևանի քաղաքապետարանը որպես անբարեխիղճ տնտեսվարող յուրահատուկ մրցանակ է հանձնել Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գործող «Դալիլա» ՍՊԸ-ին, որն արժանացել է «Երևանի վատագույն օբյեկտ» մրցանակին: «Դալիլա ՍՊԸ»-ն Օղակաձև զբոսայգում տարածք է վարձակալել 2002 թվականից: Ընկերության և քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2016 թվականի հունիսի 29-ին: Սրճարանի, հասարակական շինության, բարեկարգման և կանաչապատման նպատակով Ալեք Մանուկյան 2/1 հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 879 քառակուսի մետր մակերեսով հողամաս: Պայմանագրի ժամկետը լրանում է 2033 թվականի հունիսի 5-ին:  «Դալիլա» ՍՊԸ-ն իր վարձակալած տարածքի համար տարեկան վճարում է 2 մլն 913 հազար դրամ:  Անշարժ գույքի կադաստրային գործից պարզ է դառնում, որ ընկերությունը իր վարձակալած 879 քառակուսի տարածքում 343 քմ-ի վրա ունի ինքնակամ շինություններ: Ընկերության վարձակալած տարածքում գործունեություն է ծավալում «Նովելլա» ռեստորանը, որի տնօրենը «Դալիլա» ՍՊԸ-ի սեփականատեր Կարեն Մկրտչյանն է: Քրեական դեմքերը՝ Օղակաձևի վարձակալներ 2002 թվականից Շախմատի տան հարևանությամբ տարածք է վարձակալել «Հապար» ՍՊԸ-ն: Ընկերության և քաղաքապատերանի միջև վերջին գործարքը կատարվել է 2018 թվականի մարտին, համաձայն որի՝ Սայաթ-Նովայի 33/3 հասցեում ընկերությանը վարձակալության իրավունքով տրվել է 1333 քմ մակերեսով տարածք: Հողամասը վարձակալության է տրվել սրճարանի, բարեկարգման և կանաչապատման համար: Այդ տարածքում տարվա տաք եղանակներին բացօթյա սրճարան է գործում: Այժմ այնտեղ սրճարանի տաղավարն է, և մեկ շինություն: Թեև քաղաքապետարանի և «Հապար» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի ժամկետը 2019թ. դեկտեմբերի 31-ին լրացել է, այնուամենայնիվ շինության ներսում փակցված թղթի վրա «Հապար» ՍՊԸ-ի անվամբ նշում կա, իսկ տարածքը տեսահսկվում է ոստիկանների կողմից:  Ըստ պայմանագրի՝ տարածքի տարեկան վարձավճարը կազմել է 4 մլն 272 հազար դրամ: Ընկերությունը տարբեր դատական վեճեր է ունեցել Երևանի քաղաքապետարանի հետ, որոնք բոլորն էլ գումարի բռնագանձան պահանջով են եղել, և ի վերջո հասել են ընկերության սնանկացման գործընթացին: 2017 թվականի մայիսին Պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան՝ «Հապար» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով, ըստ ՊԵԿ-ի հաշվարկների՝ ընկերության պարտքը կազմել է 4 մլն 837 հազար դրամ: Դատարանի 26.06.2017թ. վճռով ընկերությունը ճանաչվել է սնանկ: «Հապար» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սնանկության գործընթացը դեռևս ընթացքի մեջ է: «Հապար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին: 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով ընկերությում 2008 թվականից 33-ական տոկոս բաժնեմաս ունեն Արթուր Եպիսկոպոսյանն ու Արտաշես Մելքոնյանը, մնացած 34 տոկոս բաժենմասը պատկանում է Դավիթ Միրզոյանին: Արթուր Եպիսկոպոսյանը՝ Նոր Նորքի նախկին ոստիկանապետ, ոստիկանության արտագերատեսչական պահպանության վարչության պետի նախկին տեղակալ, գնդապետ Զարմեն Եպիսկոպոսյանի որդին է, ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ Հրանտ Եպիսկոպոսյանի եղբորորդին: Արթուր Եպիսկոպոսյանը նաև հայտնի «օրենքով գող», Պզո Մականունով հայտնի Արմենի Ղազարյանի ղեկավարած հանցավոր խմբի անդամ է եղել: Հիշեցնենք, որ այդ խումբը բացահայտվել էր 2010 թվականին ԱՄՆ-ում, որն այնտեղ բժշկական ապահովագրության ոլորտում խարդախությունների միջոցով տիրացել էր 163 միլիոն դոլարի:  Այդ խմբի անդամներից և պարագլուխներից է եղել նաև «Հապար» ՍՊԸ-ի մյուս բաժնետեր Դավիթ Միրզոյանը, որն իրեն մեղավոր էր ճանաչել մարդկանց առեւանգման, մեքենայությունների, փողերի լվացման եւ մարդկանց անձնական տեղեկատվության գողության մեջ: Ոստիկանության և Հանրայինի ծաղկի մատակարարը 2016 թվականին Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում փոքրիկ տարածք է վարձակալել Վարդ Միսակյանը: Քաղաքապետարանի և նրա միջև կնքված պայմանագրի համաձայն՝ նրան վարձակալության իրավունքով տրվել է 15,4 քմ մակերեսով հողամաս, որտեղ ծաղկի կրպակ է գործում: Վարդ Միսակյանը իր վարձակած տարածքի համար տարեկան վճարում է 46 հազար դրամ: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:55 - 09 մարտի, 2020
Գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը․ հնարավոր կլինի դիմումներ ներկայացնել առցանց, առանց գրասենյակներ այցելելու

Գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը․ հնարավոր կլինի դիմումներ ներկայացնել առցանց, առանց գրասենյակներ այցելելու

Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ արդեն գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացիներին Կադաստրի կոմիտե դիմումներ ներկայացնելու առցանց, առանց գրասենյակներ այցելելու։ Փոփոխությունների արդյունքում կայքը դարձրել է ավելի մատչելի, և ավելացվել են նոր ծառայություններ անշարժ գույքի գնահատողների և գեոդեզիստների ու չափագրողների համար։ Այստեղ դուք կարող եք հետևել ձեր դիմումների ընթացքին, կատարել տեղեկատվության հարցում, ձեռք բերել էլեկտրոնային քարտեզներ և կատարել մի շարք այլ գործարքներ։ Հարգելի՛ մասնագետներ, դուք ձեր դիմումները այսուհետ կարող եք ներկայացնել այս հարթակով՝ խնայելով ձեր ժամանակը և ռեսուրսները։ Կոմիտեի ֆեյսբուքյան էջում պարբերաբար կտեղադրվեն ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք կօգնեն հեշտությամբ օգտվել կայքից»։
10:45 - 02 մարտի, 2020
Հողի մասին օրենքի նոր նախագծով առաջարկվում է հողն օտարելուց առաջ կատարվեն հողի հարկի վճարումները |tert.am|

Հողի մասին օրենքի նոր նախագծով առաջարկվում է հողն օտարելուց առաջ կատարվեն հողի հարկի վճարումները |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանն Ազգային ժողովում ներկայացրեց «Հողի հարկի» մասին որոշման նախագիծը: Նա նշեց, որ առաջարկվում է հողը օտարելուց առաջ պարտադիր կատարվեն հողի հարկի վճարումները:«Օրենքով, եթե այն չի կատարվել, փոխանցվում է սեփականատիրոջը և սեփականության իրավունքի փոխանցումից հետո նոր պարզվում է, որ փոխանցվել են հարկերը»,- ասաց նա և նշեց, որ այս խնդիրը բացառելուն է ուղղված այս օրենսդրական նախաձեռնությունը:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարևորեց, որ նոտարում գործարք անելու օրվանից է սկսվում հարկերը հաշվարկվել նոր սեփականատիրոջ վրա: Նա հարակից զեկուցող տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք Կադաստրի կողմից օրինական է պահանջել զրոյական տեղեկանք: «Պետք է հասկանանք, թե ինչ ենք անում, առավելևս 2021 թվականից նոր Հարկային օրենսգրքի դրույթը մտնելու է ուժի մեջ: Երբ Կադաստրը պարտադրում է, որ բերեք զրոյական տեղեկանք, օրինակա՞ն է այդ պահանջը, թե ստեղծագործում է այդ պահանջը»,-ասաց նա:Արտաշես Պետրոսյանը պատասխանեց, որ Ազգային ժողովն է որոշելու Կադաստրի պահանջը օրինական է, թե ոչ:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարևորեց օրենքը, սակայն նկատեց, որ մի շարք հարցեր բաց են մնում, օրինակ՝ ժառանգության, նվիրատվության դեպքերում, ինչո՞ւ պետք է նվիրողը վճարի հարկերը:«Եթե մահվան հետևանքով ժառանգություն է ստացել, ո՞վ պետք վճարի պարտքը, այս խնդիրները չեն կարգավորվում: Կառավարությունն ինչո՞ւ է այս հատվածական օրենքն ընդունում, կրկնակի աշխատանք անելու խնդիր է առաջանում: Եթե ընդդիմությունը ներկայացներ նման նախագիծ, կասեիք, որ Կառավարությունը լիարժեք նախագիծ ունի, հետ տարեք: Կարծում եմ, որ սա արդյունավետ ճանապարհ չէ»,- ասաց նա և նշեց, որ ամբողջական կարգավորվող օրենքի նախագիծը հունվարի 1-ից ունենալու ենք:Ավելին՝ tert.am-ում
16:35 - 11 փետրվարի, 2020
Անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով

Անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով

Անցած տարվա չորրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 54’468 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 15.5 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով: Այս մասին հայտնեցին Կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Երևան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 5.2 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 13.7 %-ով: Մարզերի քաղաքներում 2019 թվականի չորրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1.7 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 4.8%-ով:
12:10 - 24 հունվարի, 2020