Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոցից»․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|

Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոցից»․ Ալեն Սիմոնյան |civilnet.am|

civilnet.am:Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ «Ես նման քննարկման («Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուրս բերման վերաբերյալ – խմբ․) մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասաց Սիմոնյանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սառեցված լինելու մասին հայտարարությանը, Սիմոնյանը նշեց․ «Փաստացի մեր չմասնակցությունը (ՀԱՊԿ նիստերին – խմբ․) իրենից ներկայացնում է սառեցված հարաբերություններ։ Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Քանի դեռ այս հարցի պատասխանը չկա, կարծում եմ՝ ՀԱՊԿ-ն ինքն իրեն անջատել է և չի աշխատում»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի վերաբերյալ տեղեկություններին, ԱԺ նախագահն ասաց․ «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի, բայց եթե նման այց լինի, կարծում եմ՝ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան»։
12:41 - 27 փետրվարի, 2024
Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին
 |armenpress.am|

Եթե նման այց լինի, կարծում եմ՝ կլինի տարածաշրջանային. Ալեն Սիմոնյանը՝ Զելենսկիի հնարավոր այցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Հայաստան հնարավոր այցի մասին տեղեկություն չունի, սակայն կարծում է՝ եթե նման այց լինի, կլինի տարածաշրջանային այց: Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Նման տեղեկություն այս պահի դրությամբ գոյություն չունի: Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե՝ Հայաստան»,-ասաց Սիմոնյանը: Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան  այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են տարածվող լուրին՝ նշելով, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է:
12:07 - 27 փետրվարի, 2024
Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը սխալմուքն է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ մասին |tert.am|

Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը սխալմուքն է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ մասին |tert.am|

tert.am: Չի կարող իմ եղբայրը կամ ես հանցագործություն կատարենք, և երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կանչի կուլիսներում քննարկում անի և ասի՝ արի այս գործը «ծածկադմփոց» անենք կամ չանենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր եղբոր կնոջ խափանման միջոցի փոփոխության մասին հարցին։ ԱԺ նախագահը վստահ է՝ մեղադրանքը սխալմունք է եղել։ «Գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը, կարծում եմ, ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ սխալմուքն է եղել, բայց դա չի նշանակում, որ համակարգը՝ պետությունը, պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի։ Դա անհնար է և անընդունելի։ Նման բան անհնար է, որովհետև, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է», - հայտարարեց Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյանը եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում։ «Ոչ, ոչ, նաև գրվում է, որ վարաչպետի հետ խնդիր կա, անընդհատ տրվում էր այդ անունը, խնդրում եմ մշտապես հիշել՝ իմ ու Հայաստանի վարչապետի միջև չի կարող խնդիր լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացների մեջ», - պնդեց ԱԺ նախագահը։
11:55 - 27 փետրվարի, 2024
Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռումեն Ռադրը՝ Ալեն Սիմոնյանին

Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին. Ռումեն Ռադրը՝ Ալեն Սիմոնյանին

Բուլղարիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ նախագահին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար: Բուլղարիայի նախագահը նշել է, որ չնայած հայ-բուլղարական սերտ միջպետական հարաբերություններին՝ կա համագործակցության չիրացված մեծ ներուժ արդյունաբերական, առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: «Հայ համայնքը մեծ ներդրում ունի Բուլղարիայի մշակութային, գիտական և կրթական կյանքում, և մենք ուրախ կլինենք զարգացնել Հայաստանի հետ երկկողմ փոխգործակցությունն այս և այլ ոլորտներում»,- նշել է Բուլղարիայի նախագահը: Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուցիոնալ բարեփոխումներին և Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ Ռումեն Ռադևը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին և ընդգծել, որ Բուլղարիան պատրաստ է մշտապես աջակցել Հայաստանին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նախագահին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և այն խնդիրները, որոնց Հայաստանը բախվում է Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և հարատև անվտանգության հաստատման հարցում: Ռումեն Ռադևն իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ և վստահեցրել, որ Բուլղարիան կանի ամեն բան՝ նպաստելու խաղաղության հաստատմանը: «Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է խաղաղության գործընթացին, և այս համատեքստում մենք ակնկալում ենք նաև Բուլղարիայի աջակցությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հնարավորությունները կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ռազմական և առևտրատնտեսական ոլորտներում:
16:12 - 16 փետրվարի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի եւ ԲՀ խորհրդարանականների հետ: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առկա սերտ հարաբերությունների մասին` ընդգծելով, որ դրանք հիմնված են երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության, ընդհանուր արժեքների եւ մշակութային կապերի վրա: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ԲՀ ԱԺ նախագահին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստան-Բուլղարիա երկկողմ միջպետական հարաբերություններում նշանակալի դեր ունեն միջխորհրդարանական կապերը, որոնց խթանումը եւ շարունակական զարգացումը կարեւոր են Հայաստանի համար: «Բարձր մակարդակի կանոնավոր միջխորհրդարանական երկխոսությունը մեծ ներուժ կլինի Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման հարցում: Մենք պետք է խթանենք ուսանողների երկկողմ փոխանակումների գործընթացը եւ բարեկամական խմբերի գործունեությունը»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Ռոսեն Ժելյազկովն անդրադարձել է Բուլղարիայի հայ համայնքին, որը մեծ ներդրում ունի հայ եւ բուլղար ժողովուրդների եղբայրական հարաբերությունների հաստատման գործում: Նա նաեւ կարեւորել է հայ-բուլղարական առեւտրատնտեսական պալատի, միջկառավարական հանձնաժողովի եւ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Բուլղարիայի ներգրավվածությունը եւ աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից առաջ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարգավորման եւ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման համատեքստում: «Բուլղարիան ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստ է աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշել է Բուլղարիայի խորհրդարանի ղեկավարը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման, երկկողմ եւ բազմակողմ առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության շուրջ: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովում:
18:21 - 15 փետրվարի, 2024
Բրիտանացի խորհրդարանականը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին

Բրիտանացի խորհրդարանականը ցավակցություն և զորակցություն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայ ժողովրդին

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար: ԱԺ նախագահը հանդիպման սկզբում անդրադարձել է փետրվարի 13-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքին, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Նա գործընկերներին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները եւ հայտնել հայկական կողմի մտահոգությունները: «Ժողովրդավարության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է եւ դրանով պայմանավորված՝ պետք է նշեմ, որ ձեր այցը Հայաստանի Հանրապետություն հատկանշական է մեզ համար»,- նշել է ԱԺ նախագահը: Ջոն Ուիթինգդեյլը ցավակցություն եւ զորակցություն է հայտնել Ադրբեջանի ռազմական գործողության հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ հայ ժողովրդին: Հանդիպման օրակարգում էին Հայաստան-Միացյալ Թագավորություն միջխորհրդարանական համագործակցությունը, անվտանգային, առեւտրատնտեսական եւ այլ ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Բրիտանացի խորհրդարանականները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում շարունակական ժողովրդավարական բարեփոխումները եւ հայտնել իրենց պատրաստակամությունը` նպաստելու այդ բարեփոխումների հետագա զարգացմանը:
17:23 - 13 փետրվարի, 2024
Ֆինլանդիայի դեսպանը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքի առնչությամբ

Ֆինլանդիայի դեսպանը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքի առնչությամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Զրույցի սկզբում կողմերը կարևորել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական և միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով: Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Դեսպանն իր խոր մտահոգությունն է հայտնել դեպքի առնչությամբ և ընդգծել, որ Ֆինլանդիան միջազգային գործընկերների հետ կշարունակի հետևել Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատման գործընթացին՝ փորձելով նպաստել խաղաղության հաստատմանը: Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացները: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
14:55 - 13 փետրվարի, 2024
Դատական համակարգից դժգոհություն կա ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների կողմից. Ալեն Սիմոնյան
 |armenpress.am|

Դատական համակարգից դժգոհություն կա ոչ միայն իմ, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների կողմից. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից։ Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։ ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է ունեցել վիրավորանք կամ զրպարտություն, միևնույն ժամանակ խ՛ուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց։ «Խոսքը պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակում դնելու մասին չէ: Բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը չի փոխհատուցվում»,-ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը նշեց, որ բազմաթիվ այդպիսի գործեր կան, նաև իր կողմից ներկայացված հայցերի դեպքում, երբ դատարանը փոխհատուցման նվազագույն շեմն է սահմանում: Նա ԲԴԽ նախագահին հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԱԺ նախագահին առնչվող գործերի հետ կապված գնահատականներից զերծ կմնա, որ դա որևէ կերպ չընկալվի որպես ԲԴԽ-ից ճնշում դատավորների վրա: ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, երևի իմ խաչը ծանր է։ Հայաստանում գրեթե թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ: Բայց հասկանում եմ, որ Դուք չեք կարող պատասխանել՝ Ձեր իսկ կողմից նշված պատճառով»: Այնուամենայնիվ Կարեն Անդրեասյանը տեսական վերլուծություն արեց. «Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակն իրեն տվել եք դուք՝ օրենսդիրը: Ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Կարելի է այդ ներքին շեմի որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատարանին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»: Ըստ ԲԴԽ նախագահի՝ դա կարող է անել նաև Վճռաբեկ դատարանը: Անդրեասյանը վստահեցրեց, որ ինքը, ԲԴԽ-ն պատրաստ են հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու այդ հարցեր: Նա նկատեց՝ ԱԺ դահլիճում անընդհատ հնչում են հարցեր, դժգոհություններ, մտահոգություններ՝ կապված  դատական համակարգի հետ: «Այո, դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն, կա դժգոհություն ոչ միայն իմ, այլ նաև մեր բազմաթիվ քաղաքացիների կողմից»,-արձագանքեց  Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը կրկնեց Արդարադատության նախարարի այն միտքը, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա նաև հնարավորություն՝ քննարկման դնել այդ գործողությունը: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն: «Դատավորները նույնպես պետք է իմանան, որ իրենց որևիցե որոշում՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, չի անտեսվելու, մեր քաղաքացիներն այդ որոշումների հետևից գնալու են»,-նշեց Սիմոնյանը:  
13:12 - 08 փետրվարի, 2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանապուլոսը՝ Ալեն Սիմոնյանին

Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Խրիստոս Սոֆիանապուլոսը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին: ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, փոխօգնության եւ ընդհանուր արժեքների վրա: «Հայ-հունական միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, մինչդեռ միջխորհրդարանական համագործակցությունը չիրացված մեծ ներուժ ունի: Անհրաժեշտ եմ համարում խթանել մեր խորհրդարանների միջեւ համագործակցությունը նաեւ փոխադարձ այցերի ձեւաչափով»,- նշել է ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում երկու խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ Թվինինգ ծրագրով հունական աջակցությունն Ազգային ժողովին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձեւաչափին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին: Խրիստոս Սոֆիանապուլոսը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությունը: «Հունաստանը ողջունում եւ սատարում է Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ այն հիմնված է միջազգային իրավունքի, իրավասության վրա եւ իրականացվում է դիվանագիտական ճանապարհով: Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է դեսպանը:  
15:32 - 07 փետրվարի, 2024
Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը
 |armenpress.am|

Դա պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք թշնամաբար տրամադրված մեր հարևանների ջրաղացին. ԱԺ նախագահը դիմեց ընդդիմությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց, որպեսզի ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց անհիմն մեղադրանքներ չվերագրեն և ջուր չլցնեն Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների ջրաղացին:   Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում իր ելույթում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որում վերջինս իշխանություններին մեղադրում էր ադրբեջանական թեզեր տարածելու մեջ։ «Որևիցե մեկը չի ասում, թե Ադրբեջանն ու Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ. այն, որ նրանք թշնամաբար են տրամադրված, դա փաստ է: Իսկ մենք վերջին 100-ամյակի ընթացքում ինչպե՞ս ենք տրամադրված եղել մեր հարևան երկրների հանդեպ, իհարկե, հասկանալի պատճառով: Նույն ձև թշնամաբար ենք տրամադրված եղել, նմանապես թշնամի ենք հանդիսանում մեր հարևանների համար: Լավ, իսկ հարցը ո՞նց ենք լուծելու»,-ասաց ԱԺ նախագահը: Գառնիկ Դանիելյանը նշել էր, որ երկրի առաջ ծառացած մարտահրավերների պայմաններում մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, որ հարձակում տեղի կունենա Հայաստանի նկատմամբ, ինչի մասին Ադրբեջանում և Թուրքիայում բացեիբաց խոսում են։ Հայաստանի ԱԺ նախագահն էլ նշեց, որ Հայաստանի իշխանություններն ուզում են երկիրն ապահովագրել հետագա այնպիսի զարգացումներից, որոնց երկիրը պատրաստ չէ և չի էլ կարող պատրաստ լինել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով: «Կա իրողություն, որը ստեղծվել է պատերազմից հետո»,-ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ նախագահը հավելեց՝ հաճախ ընդդիմության գործելաոճը և այն, ինչ տեղի է ունենում սահմանին, համընկնում են: «Կապ եմ տեսել դրանց մեջ: Բայց հիմա ուզում եմ դուրս գալ այդ վարկածից: Կարո՞ղ է մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվում, երբ ուղղակի մեր հակառակորդ երկրները՝ ոչ միայն Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվում են այս իրավիճակից, և մենք դա չենք նկատում»,-ասաց ԱԺ նախագահը: Սիմոնյանը նշեց՝ ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը ունեն իրենց սխալները: «Իսկ կարո՞ղ է նաև այդ սխալների մեջ նաև մտնում է այն բանը, որ նրանք օգտվում են, և մենք դա չենք նկատում ու ջուր ենք լցնում իրենց ջրաղացին: Բավական է, որ մի ադրբեջանական նարատիվ նետվի շրջանառության մեջ, թե մենք, թե դուք, թե լրատվամիջոցները, վերցնում են այդ նարատիվը: Դուք ասում եք, թե մենք ենք դա վերցրել, մենք ասում ենք, թե դուք եք վերցրել: Դա  պետք է դադարեցնել, որ ջուր չլցնենք մեր թշնամաբար տրամադրված հարևանների ջրաղացին: Ի՞նչ ենք շահելու մենք»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:
15:15 - 07 փետրվարի, 2024
Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում |armeniasputnik.am|

Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից։ Փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։ ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չեն ստացել, սակայն նման հնարավորությունը չեն բացառում։ «Նման ձևաչափի հանդիպում ունենալը մեզ համար քննարկելի է»,– ասել են մամուլի ծառայությունից։ Այնտեղ նշել են, որ հստակ որոշում և պատասխան կկարողանան տալ հավելյալ տեղեկատվության առկայության պարագայում։ Հիշեցնենք, որ հունվարի վերջին օրերին Չունգոնգը Հայաստանում էր, որտեղ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։
09:45 - 07 փետրվարի, 2024
Քննությունը կպարզի ամեն ինչ. Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին |1lurer.am|

Քննությունը կպարզի ամեն ինչ. Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին |1lurer.am|

1lurer.am: Ես որևէ գնահատական իրավապահ մարմինների աշխատանքին չեմ կարող տալ, միայն կարող եմ ասել, որ ես բավականին երկար ժամանակ թե՛ Ալեն Սիմոնյանին, թե՛ իր ընտանիքին ճանաչում եմ: Շատ հարազատ մարդու մասին եք խոսում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին: «Ես չեմ պատկերացնում, որ իմ պատկերացրած մարդիկ կարող էին նման իրավիճակում լինել: Ես չեմ կարող գնահատական տալ: Քննությունը կպարզի ամեն ինչ»,- նշեց նա: «Երբ մենք եկանք իշխանության, մենք ասում էինք, որ օրենքի առաջ հավասար են բոլորը. ոչ մի բան չի փոխվել դրանից հետո, մենք անընդհատ ենք դա կրկնում, այնպես որ, եթե ես պատգամավոր եմ, ինչ որ խախտում եմ անում, ապա օրենքի առաջ հավասար եմ, ինչպես և դուք և ներկա բոլորը»,- ասաց Էմմա Պալյանը: Խոսելով ՔՊ խմբակցության կողմից կալանքը վերացնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորության վերաբերյալ՝ պատգամավորը նշեց. «Ես որպես կին պատգամավոր ինքս նման ցանկություն ունեմ, բայց դեռ որպես ֆրակցիայի որոշում չեմ կարող ներկայացնել: Եթե նման առաջարկ, որոշում խմբակցության կողմից լինի, ես առաջինը կլինեմ, որ կմիանամ: Այդտեղ խոսքը երիտասարդ կանանց մասին է, և ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, հաստատ պատրաստ եմ և առաջիններից կլինեմ միջնորդություն ներկայացնելիս: Թե դատարանն ինչ կորոշի` արդեն դատարանի որոշելիքն է»: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե խմբակցությունում արշավ է սկսվել Ալեն Սիմոնյանի դեմ, ապա Էմմա Պալյանն ասաց. «Կներեք, ի՞նչ արշավ: Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. ավելի քան վստահ եմ: 2016 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ ու վստահորեն կարող եմ ասել որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որը հարգված, ընդունված, սիրված է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության ներսում: Ես ասում եմ, որ պարոն Սիմոնյանը կատարում է իր պարտականությունները, կատարելու է, և ես այն անձանցից եմ լինելու, որ միշտ լինելու է իր կողքին, և ավելի քան վստահ եմ, որ ամբողջ խմբակցությունը նույն կարծիքին է»:
13:06 - 06 փետրվարի, 2024
ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

aysor.am:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Aysor.am-ին հաստատեցին, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել: «Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել», - նշեցին նախարարությունից: «Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանն էլ Aysor.am-ին ասաց, որ թեմայի շուրջ չի ցանկանում մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարիամ Մարգարյանն ասել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումներ են եղել, սակայն իրենք պատրաստվում են առաջիկայում պարտքն ամբողջությամբ մարել: Նշենք, որ Armlur.am-ը գրել էր,որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։  
11:04 - 06 փետրվարի, 2024