ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

«Ակադեմիական քաղաք» ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ:   Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք» նախագծի ընթացքին, կրթաթոշակային նոր քաղաքականությանը և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:   Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:   ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բոլոր բուհերից ստացված արձագանքների հիման վրա ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել բուհերի ռեկտորներին՝ պատրաստակամության, բարձր մասնակցայնության և ներկայացված առաջարկների համար. «Բուհերն այս ընթացքում հանդես են գալիս կոնկրետ առաջարկներով և ակտիվորեն մասնակցում են աշխատանքային խմբերի քննարկումներին, ինչը շատ կարևոր է: Այժմ ընթանում են ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքները: Գործընկերների գնահատմամբ՝ նախատեսված տարածքը բավարար է մեր պատկերացրած ֆունկցիոնալ հնարավորությունները ստանալու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու ընդգծել՝ ուսումնասիրվում են բազմաթիվ շերտեր, իրականացվում է մանրակրկիտ աշխատանք: Ակադեմիական քաղաքի նախագծային աշխատանքներում ընդգրկված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը՝ հանդիսանալով ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործընկերը: ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով նախագծային աշխատանքների ընթացքը, նշել է, որ ակադեմիական քաղաքի հայեցակարգը նախագծվում է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով. «Նախագիծը քննարկվում է ամենայն մանրամասնությամբ՝ դիտարկելով յուրաքանչյուր դետալ: Մեր իրականության մեջ քաղաքաշինական որևէ նախագիծ, թերևս, այսպիսի մանրամասնությամբ չի քննարկվել մասնագետների կողմից: Այս նախագիծը մեզ համար՝ որպես ճարտարապետության և շինարարության ոլորտում կրթական ծրագիր իրականացնող բուհի, շատ հետաքրքիր և ուսանելի նորություն է»: Անդրադառնալով բովանդակային հարցերին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախարարությունն առանձին ուղղություններով հայեցակարգային 36 առաջարկ է  ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններից, որոնց մշակման և ամփոփման աշխատանքներում, բացի Հայաստանի ոլորտային փորձառու կազմակերպություններից և բուհերից, ներգրավվելու են նաև միջազգային գործընկերներ: Հանդիպման ընթացքում բուհերի ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ակադեմիական քաղաքի սահիկաշարն առաջիկայում կներկայացվի բուհերի ռեկտորներին, և յուրաքանչյուր բուհում կլինեն հանդիպումներ՝ ծրագրի մանրամասների ներկայացման ու քննարկումների նպատակով: Բուհերի ռեկտորների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի խոշորացման գործընթացին. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ գործընթացը բավականին բարդ է և բազմաշերտ, բայց դրա շրջանակում ցանկացած քայլ կատարվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների անմիջական ներգրավմամբ: «Յուրաքանչյուր բուհի հետ կունենանք առանձին քննարկում՝ ներկայացնելով նախագիծը: Սա բարդ և երկարատև գործընթաց է, որը չի կարող արդյունավետ իրականացվել՝ առանց բուհերի հետ համագործակցված աշխատանքի: Այս առումով նախարարությունը,  Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և բուհերը գործընկերներ են, որոնց միավորում է բարձրագույն կրթության և գիտության որակի բարելավումը, որը ենթադրում է բուհերում հետազոտության բաղադրիչի ուժեղացում: Կարևորում ենք բուհական հանրույթի հետ արդյունավետ համագործակցությունը և կարծում ենք՝ երկխոսությունը պետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հանրային ընկալումներում դիտարկվի ոչ միայն Կառավարության կամ նախարարության, այլև առաջին հերթին բուհերի ծրագիր: Ծրագրի իրական պտուղները տեսանելի են դառնալու ապագայում. դրա իրական շահառուներն այսօր դեռ դպրոցում սովորող աշակերտներն են, որոնց համար մենք ցանկանում ենք ապահովել որակյալ և մրցունակ բարձրագույն կրթության հնարավորություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից կրթաթոշակի տրամադրման նոր քաղաքականությունը, ըստ որի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության գրավչության բարձրացման և առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով յուրաքանչյուր ուսումնական տարի հաստատվում է գերակա մասնագիտությունների ցանկ, և այդ մասնագիտություններով ընդունվածներին տրամադրվում է բարձր կրթաթոշակ: Ժաննա Անդրեասյանը բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին առաջարկել է ներկայացնել առաջարկներ՝ մասնագիտությունների ցանկի համալրման նպատակով: Հանդիպման ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են նաև իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են գիտական գործունեության նոր չափանիշներին, գնումների գործընթացին, մասնագիտությունների և տեղերի հաստատմանը և  ընթացիկ մի շարք այլ խնդիրների:
18:40 - 15 մարտի, 2024
ԵՊԿ ռեկտորը ներկայացրել է Կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները

ԵՊԿ ռեկտորը ներկայացրել է Կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները

ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը ներկայացրել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առանձին կարգավիճակով պահպանելու հիմնավորումները. «Ամենայն հարգանքով վերաբերվելով գերատեսչական նախագծերին անհրաժեշտ եմ համարում օր առաջ հայտնել իմ դիրքորոշումն արվեստի բուհերի միավորման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ապագա ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերյալ: Վստահ եմ, որ այս հարցում արժե ականջալուր լինել պրոֆեսիոնալների կարծիքին, նախքան վերջնական որոշում կայացնելը: Գտնում եմ, որ Կոնսերվատորիան այլ արվեստի բուհերի հետ միավորելն առաջ կբերի մի շարք նոր խնդիրներ: Բոլոր ժամանակներում երաժշտական կրթության հարցը եղել է Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթությունների շարքում, և երաժշտարվեստը մշտապես պատվով է կատարել  ազգային ինքնության ամենաներկայանալիներից մեկը լինելու իր առաքելությունը։ Այս պատմական պահին, երբ Հայաստանի պետականության պահպանումը բոլորիս գերնպատակն է, երաժշտական մշակույթի նշանակությունը տասնապատկվում է: 1. ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.1 Կոնսերվատորիան գտնվում է Երևանի կենտրոնում, ինչպես Փարիզի, Ժնևի, Մոսկվայի, Տալլինի, Լայպցիգի, Բեռլինի, Վիեննայի, Մյունխենի, Պրահայի, Վարշավայի, Բեռնի, Լիոնի, Բուդապեշտի, Ամստերդամի, Հռոմի, Մադրիդի, Թբիլիսիի, Կոպենհագենի, Պետերբուրգի և մի շարք այլ եվրոպական առաջատար Կոնսերվատորիաները։ Կոնսերվատորիայի շենքը տեղակայված է Oպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարևանությամբ՝ ստեղծելով Օպերա-Ֆիլհարմոնիա-երաժշտական դպրոցներ-քոլեջներ-Կամերային երաժշտության ազգային կենտրոն-երաժշտական թանգարաններ և Կոնսերվատորիա համակարգված իդեալական երաժշտական բնական կամպուս-միջավայր՝ այն, ինչին միտված են ներկայիս պետական բարեփոխումները։ Տեխնիկական մասնագիտությունների համար միանգամայն ընդունելի է ուսումնառության կազմակերպումը կամպուսում, այնինչ մշակութային բուհերը մայրաքաղաքի մշակութային միջավայրի մաս են կազմում և այս պատճառով քաղաքաշինական նախագծերում Կոնսերվատորիան տեղակայված է փոքր կենտրոնում։ 1.2 Միևնույն ժամանակ, գտնվելով փոքր կենտրոնում, Կոնսերվատորիան հեռու է փողոցի երթևեկելի հատվածից՝ անջատված լինելով Կոմիտասի արձանի հարակից այգով, հեռու աղմուկից։ Կոնսերվատորիայի շենքի հեղինակների մտահղացմամբ ԲՈւՀ-ն այնպես է տեղակայված, որ ներսում ընթացող երաժշտական գործիքների և երգիչների պարապմունքների ձայները չխանգարեն շրջակայքին։ Սրանով լուծված է նաև մի շատ կարևոր այլ հարց, որն է՝ Կոնսերվատորիայի շենքում ուսանողների մշտապես պարապելու հնարավորությունը, որովհետև անհնարին է ուսանողների ժամեր տևող վարժանքները լսել բնակելի տարածքներում։ 1.3 Կոնսերվատորիայի դիրքը հարմար է նաև այն առումով, որ ուսանողներն ու դասախոսները, մեկ փողոց անցնելով, ներգրավվում են իրենց մասնագիտության կատարողական-գործնական մասին, որպես համերգի մասնակից-երաժիշտ և կամ ունկնդիր՝ այդպիսով հետ չմնալով համերգային ակտիվ գործունեությունից։ 1.4. Կոնսերվատորիան չունի այլ մասնաշենքեր, հետևաբար նաև դասախոսների և ուսանողների տեղաշարժերի հետ կապված խնդիրներ։ Չեմ ցանկանում ծանրաբեռնել ասելիքս` թվարկելով կոնսերվատորիական կրթության  մանրամասներ, որոնք հղկվել են տասնամյակների ընթացքում։ Դրանց խաթարումը հաստատապես ավելորդ խոչընդոտներ է ստեղծելու երաժիշտների պրոֆեսիոնալ կայացման համար։ 2. ԲՈՒՀԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ 2.1 Կարևոր հանգամանք է նաև այն, որ առանձին անվանմամբ Պետական կոնսերվատորիա ունենալն ինքնին պատվաբեր է մեր երկրի համար։ «Կոնսերվատորիա» անվանումը չի կրկնում որևէ բուհի անվանում։ Ունենալով համալսարանական ընդգրկում, այն, այնուամենայնիվ, ոչ համալսարան է և ոչ էլ ինստիտուտ։ Սա ևս երաժշտական կրթության ինքնատիպության մասին է խոսում, ինչը պատահական լինել չի կարող։ Որպես առանձին համակարգ, այն գործում է առավել ճկուն, մոբիլ է և կերպարային իմաստով՝ ամբողջական։ 2.2 Արվեստի բոլոր ճյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, և դրանց մեկ համակարգում ընդգրկելը կբերի երաժշտակատարողական արվեստի դիմազրկման, բազմաթիվ նրբություններ մեկ կենտրոնին հասցնելու և բացատրելու անհարկի երկարաձգումների և դրանցից բխող նախաձեռնողականության նվազման։  3. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵԿՆԱՐԿ 3.1 Պատերազմով և համավարակով պայմանավորված որոշ ժամանակային ձգձգումներից հետո, կոնսերվատորիայի հիմնանորոգումը մտավ գործնական փուլ։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում առ այն, որ չնայած մեր երկրի շուրջ ստեղծված դժվարագույն իրավիճակի, տասնամյակներ հետաձգված հիմնանորոգումը նախաձեռնվում և իրականանում է պետական որոշմամբ ու միջոցներով։ Հիմնանորոգում և ԲՈւՀ-ի տեղափոխություն՝ երկու իրարամերժ գործընթաց․․․ Կրել դժվարություններ և լռելյայն տեղափոխվե՞լ․․․ 4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 4.1 Միջազգային հավատագրման արդյունքներով բուհը  շենքային պայմանների մասով չունի միջազգային չափանիշների հետ կապված անհամապատասխանություններ։ 4.2 Շենքի հնարավորություններն ու ուսանողության թվաքանակը ևս համապատասխանում են միջազգային չափանիշներին։ 4.3 Կոնսերվատորիայի լսարանների առաստաղները  նախագծված են բարձր, ինչը ապահովում է անհրաժեշտ ռեզոնացիան` դա ևս մի առանձնահատուկ մասնագիտական նրբություն է։ 4.4 Շենքի հիմնանորոգման հետ կապված խնդիրները վերաբերում են կոմունիկացիաների, օդափոխության համակարգի ներդրման, ջրահեռացման հետ կապված թերություններին, չօգտագործվող նկուղային հատվածներն օգտագործելի դարձնելու, արևի էներգիայի միջոցով խնայողության հետ, որի մասին անձամբ բարձրաձայնել եմ իմ պաշտոնավարման առաջին իսկ օրից և ստացել կառավարության կողմից դրական արձագանք՝ Կոնսերվատորիայի հիմնանորոգման անհրաժեշտության հաստատում։ Հիմնանորոգման արդյունքում այս բացերը կվերացվեն՝ բուհի ներկա շենքային պայմանները հասցնելով միջազգային չափանիշների, դարձնելով այն առավել գրավիչ։ Հարկավոր չէ տուրք տալ կեղծ լուրերին, թե իբր հիմնանորոգվող մասնաշենքի դասասենյակներին կից առանձին լողասենյակներ են կառուցվում՝ հետագայում շենքը հյուրանոց դարձնելու նպատակով։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լողասենյակներ նախագծված չեն հիմնանորոգվող մասնաշենքում։ 5. ՈՒՍՄԱՆ ՈՐԱԿԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ 5.1. Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտները սպասված մասնագետներ են լավագույն միջազգային համերգային հարթակներում: Ուսումնառությունն ավարտելուն պես մեր ուսանողները աշխատում են բազմաթիվ երկրների օպերային թատրոններում, սիմֆոնիկ և կամերային նվագախմբերում, ուստի արդյունավետության ցուցանիշներով  Կոնսերվատորիան մնում է բարձր դիրքերում։ Այս պահին էլ մեր ուսանողները փայլում են Կոնսերվատորիայում ընթացող «Էրազմուսի» ուսումնական և համերգային ծրագրերում։ Ուսանողների այսպիսի արդյունքները միայն իրենց տաղանդին վերագրելը արդար չէր լինի։ 5.2.  Նշեմ, որ օտարերկրյա ուսանողների թվով Կոնսերվատորիան, տոկոսային հարաբերությամբ, հանրապետությունում առաջատարն է։ 5.3. Վերջին ուսումնասիրությունների համաձայն Կոնսերվատորիայի շրջանավարտների 80%-ն աշխատում է մասնագիտությամբ։ 6. ALMA MATER-100 6.1. ԵՊԿ-ն միակ համահայկական երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունն է՝ երաժշտական Alma Mater-ը, ԵՊՀ-ից հետո հիմնադրված երկրորդ պետական բուհը։ 2021 թվականին, չնայած հետպատերազմյան հոգեբանական բարդագույն շրջանի, բուհը պետական աջակցությամբ նշեց իր 100-ամյա հոբելյանը, ինչը երաժշտական բարձրագույն կրթության նկատմամբ պետական հոգածության օրինակ է։ 6.2. Կոնսերվատորիայի մասնագիտական կրթական ծրագրերը չեն կրկնում որևէ այլ բուհի կրթական ծրագրերը։ Իմ պաշտոնավարման առաջին տարում միավորվել են միևնույն գործառույթներով աշխատող մի շարք ամբիոններ։ Բուհն ունի նոր մասնագիտացումների պահանջ․ այս պահին մշակվում է մանկավարժական մասնագիտացման` երաժշտական մանկավարժության ուսումնական ծրագրերի փաթեթը, որի շահառուները բացառապես մեր բուհի ուսանողներն են լինելու։ Մասնագիտական որակի ապահովման տեսակետից ևս, ճիշտ չեմ համարում երաժշտակատարողական կրթության և արվեստի մյուս ճյուղերի կրթական գործընթացների միավորումը։ 7. ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՕՊԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԴԻԱ 7.1. Կոնսերվատորիայի ամենակարևոր լաբորատորիաներից է Օպերային ստուդիան, որը հիմնական շենքի մաս է կազմում և որի ակտիվ գործունեության մասին են վկայում ստուդիայի նորանոր պրեմիերաները։ Ստուդիան հիմնադրվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի (Մարտիրոս Սարյանի որդու) ջանքերով, ով շուրջ 26 տարի ղեկավարել է Կոնսերվատորիան։ Անհավանական է, բայց՝ փաստ, որ դժվարագույն պայմաններում իրականանում է օպերային ժանրի այլընտրանքային մի հարթակ՝ հաղթահարելով ժանրի ողջ արտադրական պրոցեսի խնդիրները՝ դեկորներ, հանդերձանք, պրոյեկցիաներ։ Օպերային ստուդիայի բոլոր նախաձեռնություններին  ներկա են եղել և աջակցել են նոր սերնդի հայ աշխարհահռչակ մշակութային գործիչներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, նկարիչ Տիգրան Ձիթողցյանը։ Ստուդիայի աշխատանքներին մշտապես աջակցել են ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու նվագախմբի առաջատար երաժիշտները։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը։ Ստուդիան իր շուրջն է համախմբել նաև արտերկրում բնակվող մի շարք գործիչների։ Այս թանկարժեք ծրագրերն իրականանում են արտակոնսերվատորիական ներդրումների հաշվին՝ գեղարվեստական ղեկավարի նվիրման և ջանքերի շնորհիվ։  Մասնակիցներն ու ղեկավարությունն իրագործում են այս ամենը անշահախնդրորեն։ Իրականացվել են երեք բարդագույն օպերաների պրեմիերաներ և մի շարք թեմատիկ համերգներ։ 8. ԵՊԿ-Ի ՖՈՆԴԵՐՆ ԻԲՐԵՎ ՈՂՋ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ/ԿԵՆՏՐՈՆ8.1. ԵՊԿ-ի հարստության մաս են կազմում Կոնսերվատորիայի գրադարանը, ձայնադարանն ու ֆոլկլորագիտության ֆոնդերը, որոնք սպասարկում են ոչ միայն Կոնսերվատորիային, այլև երաժշտական ողջ համակարգը՝ ներառյալ երաժշտական ու արվեստի դպրոցները, քոլեջները, թանգարանները։ Խաթարման վտանգի կբերվեն նաև այս երկարամյա համակարգված կապերը, երաժշտական օղակների հետ առնչությունները: 9. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՎՏԱՆԳ 9.1. Մանկավարժական, կատարողական և գիտամանկավարժական (բակալավրիատ և մագիստրատուրա) պրակտիկան մեր ուսանողներն անցկացնում են արտագնա ձևաչափով՝ շենքի մոտակայքում գտնվող մասնագիտացված ստուդիաներում, դպրոցներում և քոլեջներում, որոնց հետ գործնական կապեր են հաստատված: Կոնսերվատորիայի տեղափոխման պահից այս ձևաչափը հարկադրաբար կկասեցվի՝ վտանգելով մեր բուհի միջազգային չափանիշներին համապատասխանեցման կարևոր գործընթացը: 10. ՁԱՅՆԱԳՐՄԱՆ ՍՏՈՒԴԻԱ-ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ 10.1. Վերջին տարիներին Կոնսերվատորիայում ընթանում են նաև ձայնագրման ստուդիա-լաբորատորիայի ակտիվ աշխատանքներ: Բուհի բազմաթիվ միջոցառումները սպասարկելուց բացի, այն յուրաքանչյուր ուսումնական տարեսկզբին թողարկում է Կոնսերվատորիայի լավագույն շրջանավարտների կատարումներն ընդգրկող ձայնասկավառակներ։ Միայն այս տարի թողարկվել է ներբուհական մրցույթների հաղթողների երեք ձայնասկավառակ։ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ապագա կամպուսում ստեղծել երաժշտության առանձին ֆակուլտետ, որին պատրաստ ենք աջակցել։ Հուսանք, որ այն կդառնա մրցակցային-այլընտրանքային երաժշտական ևս մեկ կրթական հնարավորություն, կլինի գրավիչ, նախընտրելի և կապացուցի իր  առավելությունները։ ԵՊԿ ողջ անձնակազնը իր անհամաձայնությունն է հայտնել մարտի 12-ին կայացած կոնսերվատորիական ընդհանուր ժողովի ժամանակ՝ հարյուրամյա ԲՈւՀ-ը ֆակուլտետ դարձնելու, իր միջավայրից կտրելու և ակադեմիական քաղաքում ուսումնառությունը կազմակերպելու ծրագրին։ Միջավայրը ձևավորվում է երկարամյա աշխատանքի և սերունդների հերթափոխման, մի շարք արժեհամակարգային կուտակումների արդյունքում, ինչի հետ հարկավոր է հաշվի նստել։   Երբ բուհի առջև ծառացած մի շարք խնդիրներ հրատապ լուծումներ են պահանջում, ֆիզիկապես բուհի այլ տարածք տեղափոխությունն ու այլ բուհի հետ միավորումն ուղղակի շռայլություն կարելի է համարել։ Բուհն ունի.✓ Երաժշտական գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն, ինչի ուղղությամբ արված է և արվում է  մեծ աշխատանք:✓ Աշխատավարձերի բարձրացման հետ կապված պահանջվում են  անհետաձգելի լուծումներ։Վերջին կետի հետ կապված, կարծում եմ, անհրաժեշտ են հավելյալ պարզաբանումներ:Բանն այն է, որ կրթական համակարգի մաս լինելով հանդերձ, Կոնսերվատորիան աշխատում է բոլոր բուհերից տարբերվող ձևով՝ յուրաքանչյուր ուսանողի հետ անհատապես։ Սա է պատճառը, որ մեկ ուսանող - մեկ դասախոս ֆինանսավորումը չնչին է` ի տարբերություն այլ բուհերի մեկ կուրս - մեկ դասախոս ֆինանսական հարաբերակցության։ Իրականում սա թանկ կրթություն է, որը որևէ եզր չունի միջազգային երաժշտական կրթության պետական և մասնավոր վարձատրության չափի հետ։ Եվրոպական կոնսերվատորիաների վարձավճարը կազմում է տարեկան 30 000- 40 000 եվրո, մասնավոր ժամի արժեքը սկսվում է ժամում 50 եվրոյից։ Մեր բուհի նկատմամբ պահաջները միջազգային են, աշխատավարձերը՝ անհամեմատելի. ժամի արժեքը՝ մոտ 2-3 դոլարին համարժեք դրամ է կազմում։ Խորհրդային շրջանում Կոնսերվատորիայի դասախոսը բուհական համակարգի ամենաբարձր վարձատրվողներից էր։ Արվեստի բուհերի միավորումը չի կարող որակապես դրական կերպով ազդել կոնսերվատորիական կրթության արդյունավետության վրա։ Այլ բուհերի համեմատ մի քանի անգամ ցածր աշխատավարձի պայմաններում աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմն ապահովում է հանրապետական երաժշտապրոֆեսիոնալ կադրերի պահանջարկն ու ամենաբարձր կարգի բեմահարթակներում և մրցույթներում մեր շրջանավարտների ներկայացվածությունը։ Տեխնոլոգիաները, թվայնացման նորագույն նվաճումներն ու արհեստական ինտելեկտը դեռևս  չեն ստեղծել հին վարպետներ՝ Ստրադիվարիուսի, Գվարներիի որակի և կատարելության գործիքներ։ Այսօր էլ հնագույն ջութակը մնում է անգերազանցելի, և այն ձեռքն առնելը լրջագույն վաստակ է պահանջում։ Սա մեր ոլորտի առեղծվածներից է։ Ամեն բանի նորը չէ, որ լավ է՝ որքան էլ պարադոքսալ հնչի։ Հարմոնիայի դասընթացի կարևորագույն օրենքն ասում է՝  հարմոնիայի խնդիրը ճիշտ է լուծված, բայց երաժշտականորեն՝ վատ։ Ինչպե՞ս բացատրել սա ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի։ Օրական 8-10 ժամ պարապող ուսանողի և առավոտից մինչև ուշ երեկո Կոնսերվատորիայում գտնվող դասախոսի ծանրաբեռնվածությունը պետականորեն վերակազմակերպելու կարիք ամենևին չկա։ Համավարակի ծանր շրջանն ուղղակի ողբերգություն էր Կոնսերվատորիայի համար։ Արվեստի միակ անբեկանելի չափանիշը մնում է անզուգականությունը, անհատականությունը՝ ԱՆՆՄԱՆԸ։  Տաղանդը խելացի է։ Այսպես են մտածում մեր ոլորտի բազմաթիվ տաղանդավորներ։ Ականջալուր լինենք նրանց և միայն կշահենք։ Չպետք է թույլ տալ, որ խառնակ ժամանակների հորձանուտը կլանի նուրբ աշխարհների հմայքը»։  
09:46 - 14 մարտի, 2024
Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Կոնսերվատորիան այլ կառույցի մաս լինի․ Հայաստանի Կոմպոզիտորների Միություն

Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Կոնսերվատորիան այլ կառույցի մաս լինի․ Հայաստանի Կոմպոզիտորների Միություն

Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Կոնսերվատորիան այլ կառույցի մաս լինի։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Կոմպոզիտորների Միության տարածած հայտարարությունից։ «Այն, որ ԲՈւՀ-երի միավորման հարցն առայժմ դեռ նախագծի տեսքով է, դեռ երաշխիք չէ, որ չի կարող իրականություն դառնալ: «Միավորվող» ԲՈՒՀ-երի ցանկի մեջ է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մեր պետության թիվ մեկ պրոֆեսիոնալ բարձրագույն երաժշտական հաստատությունը, կառույց, որն իր մեկդարյա գոյության ընթացքում բազմաթիվ անգամ հաստատել է թե՛ իր բարձր կարգը, թե՛ իր նշանակության կարևորությունը ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային երաժշտարվեստում: Մայրաքաղաքի սրտում կառուցված երաժշտական դարբնոցի շենքը, որպես կառույց, լրացնում է այն հսկա մշակութային համալիրը, որի մեջ ներառված են քաղաքի գլխավոր համերգասրահները, երաժշտական դպրոցները, պարարվեստի ուսումնարանը և այլն, ուստի կոնսերվատորիայի տեղափոխությունը այլ վայր ուղիղ իմաստով կանդրադառնա հաստատության օրգանիկ գործունեության վրա: Բացի այդ, միավորվելով այլ ԲՈՒՀ-երի հետ, փաստացի կդադարի գործել որպես ինքնուրույն կառույց, ինչը ևս ոչ մի կերպ օգուտ չէ հաստատությանը, առավել ևս, որ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի՝ մեծանուն Կոմիտասի անունն այս դեպքում կհայտնվի, մեղմ ասած, լուսանցքում: Ավելորդ չէ նշել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կան ակադեմիական քաղաքներ, սակայն դա որևէ կերպ չի ազդել, որ փակվեն երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոնսերվատորիաները: Ընդհակառակը, պետությունները շարունակել են իրենց բարձր հոգածության ներքո պահել այդ հաստատությունները: Ի վերջո մշակույթի բարձր մակարդակը ցանկացած պետության դիմագիծն է:Պետք է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի մեր ազգային արժեքներից մեկը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 21-րդ դարում նորովի զարգանա՝ շարունակելով լինել թե՛ մեր մայրաքաղաքի, թե մեր ժողովրդի առանցքային կրթօջախներից մեկը: Ուստի այս առիթով, Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որի կազմում ընդգրկված գրեթե բոլոր անդամներն ավարտել են հենց այս հաստատությունը, իսկ մի մասն անգամ աշխատում է այդտեղ, իր աջակցությունն է հայտնում Երևանի պետական կոնսերվատորիան իր շենքում գործունեությունը շարունակելու և որևէ այլ կառույցի մաս չկազմելու գաղափարին»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում գիտական որ կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։  Ավելի ուշ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարաությունը (ԿԳՄՍՆ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հրապարակված ցանկը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատանքային նամակագրությունից արտահոսք է, իսկ կլաստերների կառուցվածքը դեռևս մշակման փուլում է։ 
21:59 - 13 մարտի, 2024
Այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիային, մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է․ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիային, մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է․ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։ «Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով և թվում է որ ամեն ինչ ընթհանում է նորմալ հունով, բայց այն ամենը ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը մեզ էլ է վերաբերվում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում են: Իհարկե խոսքը փակման մասին չի, այլ այսպես կոչված օպտիմալիզացման և ինչ որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ որ չկա մեկը Ակադեմիայում որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվետի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին,- գրել է նա։ 
22:54 - 12 մարտի, 2024
Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120- ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120- ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: «Ցուցադրությունը Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության հանրահռչակման նոր ու յուրահատուկ էջ է հանրության համար: Ներկայացված են ինչպես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի նյութեր, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև նրա դիրիժորական փայտիկը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի ազգային արխիվի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությունը՝ որպես դրական օրինակ, որի արդյունքում ստեղծվել է  հնարավորություն՝ ծանոթանալու և բացահայտելու մեծանուն կոմպոզիտորի բազմաշերտ ժառանգությունն ու կենսագործունեության նորանոր էջերը: «Շատ ուրախալի փաստ է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում ներկա գտնվել այս ցուցադրությանը, որն ամբողջացել է Հայաստանի ազգային արխիվի հազվագյուտ նյութերի ու տուն-թանգարանի նմուշների համալրմամբ: Լիահույս եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական աշխատանք, և կկարողանանք հանրության համար ևս հասանելի դարձնել արխիվի կարևորագույն նյութերը, որոնք վերաբերում են մեր նշանավոր գործիչներին և մեծագույն  հետաքրքրություն են ներկայացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հետազոտողների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և  հույս հայտնել, որ հանրությունը կօգտվի այս առիթից, և ցուցադրությունը կունենա մեծաթիվ այցելուներ:  «Միջոցառման նպատակը Արամ Խաչատրյան անունը, որն աշխարհում ասոցացվում է հայ ժողովրդի հետ, հանրահռչակելն ու առավել ճանաչելի դարձնելն է»,-ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունում ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին: Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը:
22:03 - 12 մարտի, 2024
Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է

Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է

Մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում գիտական որ կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։  Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարաությունը (ԿԳՄՍՆ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հրապարակված ցանկը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատանքային նամակագրությունից արտահոսք է, իսկ  կլաստերների կառուցվածքը դեռևս մշակման փուլում է։    Նախապատմությունը Ամեն բան սկսվեց 2023-ի ամռանը, երբ Կառավարությունը հրապարակեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի նախագիծը։ Հայեցակարգից և պաշտոնական մակարդակում արված հետագա հայտարարություններից պարզ դարձավ, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։ Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։ 2023-ի հոկտեմբերին Կառավարությունն ընդունեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։ ԿԳՄՍՆ-ն 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա: ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ իրենք գիտական կազմակերպություններին, բուհերին, շահառու այլ կողմերին խնդրել էին նաև առաջարկել մեկական կամ երկուական թեկնածուների, որոնք ներառվելու էին կլաստերների կառուցվածքը որոշելու համար ստեղծվելիք աշխատանքային խմբերում։ ԿԳՄՍՆ-ի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ հայեցակարգային առաջարկների ամփոփումից հետո արդեն ձևավորվել են այդ աշխատանքային խմբերը, և հաստատվել են դրանց նախնական կազմերը։ Մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը յուրաքանչյուր աշխատանքային խմբում ներառված կազմակերպությունների կազմն ուղարկել է այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին։  Կոմիտեն պնդում է, որ մամուլում տարածվել է հենց վերոնշյալ աշխատանքային խմբերում ներկայացված կազմակերպությունների ցանկը։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ մամուլում տարածված ցանկում կային նաև «Գիտուժ» նախաձեռնությունն  ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որոնք չէին կարող ներառվել որևէ կլաստերում։ Կոմիտեի նախագահը, սակայն, չբացառեց, որ խոշորացման գործընթացը կհամընկնի այդ ցանկի հետ։   Ակադեմիական քաղաք․ ինչ նորություններ կան Ի պատասխան «Ինֆոքոմի» հարցի, թե, ի վերջո, երբ է հայտնի դառնալու կլաստերների կառուցվածքը, Սարգիս Հայոցյանը նշեց 2025 թվականը՝ որպես հավանական ժամկետ։ Թե որ կառույցներն են իրար միավորվելու, որոշելու են ձևավորված աշխատանքային խմբերը։ Կառավարությունն այս պահին հայեցակարգային առաջարկներ է ստացել 11 բուհից, Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ), Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից։ Բուհերից 6-ը գրավոր առաջարկ չի ներկայացրել, բայց կներգրավվի աշխատանքային խմբերում։  Մամուլում արտահոսած փաստաթղթում բացակայում էին Սպայական կլաստերի մասին տեղեկությունները։ Մեր հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշեց՝ այդ կլաստերում ներառվող կազմակերպություները լինելու են գերատեսչական հիմնարկներ, այդ պատճառով էլ կլաստերի ձևավորումը հանրային գործընթաց չէ։ Մեր դիտարկմանը, թե աշխատանքային խմբերում ներառված են նաև այլ գերատեսչական կառույցներ, օրինակ՝  Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը, Կոմիտեի նախագահը նշեց՝ իրենք միավորվելիք կազմակերպությունների ցանկում ներառել են բոլոր այն կառույցները, որոնք Կոմիտեից պետական ֆինանսավորում են ստանում։ Նրա խոսքով, սակայն, քննարկումների արդյունքում կարող է որոշվել, որ այդ կենտրոնները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։  Ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանն, ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնեց, որ ձևավորվելիք ամեն կլաստեր ունենալու է նաև ավագ դպրոց և մասնագիտական կրթական հաստատություն՝ քոլեջ։ Կոմիտեի նախագահը չբացառեց նաև վարձերի թանկացման մասին լուրերը՝ նշելով, որ ուսման վարձերը համապատասխանեցվելու են մատուցված կրթության որակին, և կրթաթոշակային ավելի թիրախային ծրագրեր են լինելու։  Սարգիս Հայոցյանը կրկին հիշեցրեց, որ գիտական ոչ մի կազմակերպություն չի փակվելու․ խոսքը խոշորացման և բուհերի հետ միավորան մասին է։    Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը Աշխատանքային փաստաթղթի արտահոսքից պարզ է դառնում, որ ստեղծվելիք կլաստերների ուղղությամբ ձևավորված աշխատանքային խմբերում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ նաև նրա այլ կառույցներ, ինչպիսիք են Գիտակրթական միջազգային կենտրոնը, Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Սա նշանակում է, որ այս կառույցները ևս ներառվելու են կլաստերներում։ Մեր հարցին՝ արդյոք քննարկումներ կա՞ն, թե ինչ կարգավիճակ է ունենալու Ակադեմիան, եթե նրա գիտական և կրթական բոլոր կառույցները ներառվելու են ձևավորվելիք կլաստերներում, Կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Այն մասին, որ Ակադեմիայի կառուցվածքում կազմակերպություններ չպետք է լինեն, վաղուց է խոսվում։ Մեր տեսլականով Ակադեմիան պետք է զբաղվի մտավոր ներուժի համակարգմամբ»։ Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք քննարկվո՞ւմ է Ակադեմիայի՝ մասնակի միավորման առաջարկը։ «Այդ տարբերակը քննարկվելու է, բայց ակնհայտ է, որ պետության քաղաքականությանը հակընդդեմ առաջարկ է»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Սարգիս Հայոցյանը։   Կոնսերվատորիայի շուրջ աղմուկը Ասուլիսի ընթացքում հարցերի մեծ մասը վերաբերում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։ Մամուլում շրջանառվող տեղեկություններից հետո Կոնսերվատորիայի ռեկտորը հայտարարություն էր տարածել՝ նշելով գործընթացին բուհի անհամաձայնության մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը՝ թե՛ դրական, թե՛ բացասական։  Ի պատասխան վերջին օրերին հնչող մտահոգություններին, թե Կոնսերվատորիան կապված է իր մշակութային միջավայրին, Կոմիտեի նախագահն ասաց, որ ակադեմիական քաղաքը միայն բուհական և գիտական միջավայր չի լինելու․ «Նախատեսված է, որ ինտելեկտուալ և մշակութային ժամանցի կենտրոն է լինելու։ Մեծ համերգասրահ է լինելու»։ Հայոցյանի պնդմամբ Երևանից ակադեմիական քաղաք հասնել հնարավոր է լինելու 30 րոպեում։ Նա նշեց, որ կառուցվելիք ակադեմիական քաղաքը Երևանին կապող գնացք է գործելու։  Հարցին՝ եթե Կոնսերվատորիան ամեն դեպքում չհամակերպվի միավորմանն ու տեղափոխությանը, ի՞նչ է սպասվում, Սարգիս Հայոցյանը նշեց՝ իրենք լավագույնը կանեն՝ ներկայացնելու ծրագրի դրական կողմերը, ապա հիշեցրեց, որ 2027-ից պետական ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացված գիտական կազմակերպությունները։   Գլխավոր լուսանկարում՝ Սարգիս Հայոցյանը (նկարը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի) Աննա Սահակյան
18:46 - 11 մարտի, 2024
Մամուլում հրապարակված ցանկը բուհերի խոշորացման վերաբերյալ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Մամուլում հրապարակված ցանկը բուհերի խոշորացման վերաբերյալ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խնդրի առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշվում է. դեռևս 2023 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ-ում գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Հրավերով ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը: Ժամկետի ավարտին ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը: Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ նախապես առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր: 2023 թ. մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից շահառու բուհերին և կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող վերոնշյալ աշխատանքային խմբերի կազմը: Բուհերը միաժամանակ տեղեկացվել են, որ աշխատանքային խմբերի կազմերի վերաբերյալ հնարավոր բոլոր դիտարկումները ենթակա են քննարկման աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպման ժամանակ: Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: Սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները»,- նշվում է պարզաբանման մեջ:
17:13 - 11 մարտի, 2024
Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը Կոնսերվատորիայի ապագայի վերաբերյալ. հայտարարություն

Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը Կոնսերվատորիայի ապագայի վերաբերյալ. հայտարարություն

Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ Այս մասին ԵՊԿ ռեկտորատը հայտարարություն է տարածել: «ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։ ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ վերջին օրերին քննարկվում են լուրերը, թե շուտով փակվելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, քանի որ միանալու է մյուս բուհերին և որպես ֆակուլտետ ներկայացված է լինելու ակադեմիական քաղաքում։  
11:02 - 11 մարտի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքներն ապահովելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ «Նշվածը վերաբերվում է երկու մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,-ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում։ «Հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023 թվականին ավարտվել են՝ նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով։ Բացի այդ, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի տասը տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է և այդ հատվածը պետք է կառուցվի վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։
11:58 - 07 մարտի, 2024
Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան
 |1lurer.am|

Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 7-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի կառուցմանը, 6 մոդուլային դպրոցի կառուցմանը, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցմանը, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ գրեթե բոլոր օբյեկտներում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, ու քանի որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման, քանի որ ժամկետի սահմանումը կարևոր է: «Պրակտիկայում գնում ենք, ի՞նչ իրադրություն ենք տեսնում, գնում ենք, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել. սա երկրորդ պրոբլեմը: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա մյուս պրոբլեմը: Էլի կարող եմ շարունակել, ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից»,- ասաց նա: Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե երբ պետք է հույս ունենալ, որ, օրինակ, Ջրառատի դպրոցը լիարժեք կշահագործվի: Նախարարը որպես ժամկետ նշեց այս տարվա ապրիլի 30-ը, ապա ասաց ծրագրով նախատեսվող բոլոր դպրոցների շինարարության վերջնաժամկետները: Խոսքն ուղղելով մարզպետներին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ օբյեկտներ այցելո՞ւմ են, շինաշխատանքների ընթացքին հետևո՞ւմ են: ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից, նաև Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, և որ դիմել են պատվիրատուին, որպեսզի վերանայեն պատուհանները: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ: «Խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ: Ինչ-որ մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ, երբեմն դեպքեր կան նույնիսկ, որ մեր պատվիրատուները կապալառուների հետ աշխատանքի ժամանակ ստիպված են լինում ասել՝ դու բե՛ր, 3 օրինակ ցո՛ւյց տուր, մենք ասենք՝ դրանից որը կարող ես որակի առումով տեղադրել, որ հետո խնդիրներ չլինեն: Բայց դա նշանակում է, որ մեր պատվիրատուները մտնում են ամեն մի դպրոցի շինարարության ընթացքի մեջ, և փորձում են կապալառուի հետ միասին դեպք-դեպք համաձայնել կամ չհամաձայնել. սա էլ ինչ-որ տեղ վարչարարական պրոբլեմներ առաջացնող հարց է»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց՝ պետք է արձանագրել խնդիրը, և սովորել դա լուծել. «Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից»:
11:57 - 07 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Փարիզ կգործուղվի ապրիլի 3-5-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանում այս տարի նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն:
16:54 - 05 մարտի, 2024
ԿԳՄՍ նախարարը և դեսպանը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը և դեսպանը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, ֆոտո և կինո ցուցադրությունների ձևաչափով: Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շեշտել՝ հանդիպումը լավ առիթ է հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և մշակութային համագործակցության լայն շրջանակում համատեղ անելիքները քննարկելու համար: Նախարարն ընդգծել է՝ մշակութային առումով տարին հոբելյանական է՝ առաջարկելով նաև այդ համատեքստում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը: Նշվում է, որ Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը փոխանցել է երկրի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հավաստիացումն առ այն, որ Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերը կազմակերպվում են ամենաբարձր մակարդակով: Դեսպանն ընդգծել է՝ Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը շատ սպասված միջոցառում է: Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը թուրքմեն ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը: Առաջարկվել է դիտարկել միջոցառումներն այս տարվա աշնանն անցկացնելու հնարավորությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Մասնավորապես՝ երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է միջբուհական համագործակցության կայուն զարգացման ապահովումը համատեղ կրթական հետազոտական​​ նախագծերի, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով։ Ընդգծվել է նաև  երկու պետությունների կոնսերվատորիաների և տնտեսագիտական համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, մշակութային և կրթական մի շարք միջոցառումների անցկացման կարևորությունը: Դեսպանը հետաքրքրություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի փորձին՝ դպրոցականների շրջանում օլիմպիադայի կազմակերպման բնագավառում, որը հիմք կհանդիսանա նաև հետագա փոխհամագործակցության զարգացման համար: Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանը կարևոր ուղղություն է նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, որոնք մեր երկրում պարբերաբար կազմակերպում են ուսումնամարզական հավաքներ, մասնակցում  միջազգային մրցաշարերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:40 - 01 մարտի, 2024
Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան
 |1lurer.am|

Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան |1lurer.am|

1lurer.am: Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակութային գործիչները դրամական խրախուսում կստանան: Նպատակը արվեստի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները խրախուսելն է, գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը բարձրացնելը, մշակութային գործիչների համար ստեղծագործական բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նաև առհասարակ ոլորտում պետական խրախուսման մեխանիզմներ ներդնելը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 29-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Միջազգային հեղինակավոր փառատոներն ու մրցանակաբաշխությունները բազմաթիվ են, այս նախագծով էլ ընդգրկված են ավելի քան 150 նման փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, ու դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլորտի միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների կողմից»,- ասաց նա: Ըստ Անդրեասյանի՝ դրամական խրախուսումը տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք, որպես ՀՀ ներկայացուցիչ, մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Խոսքը թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կինոարվեստի, մշակութային ժառանգության, գրականության մասին է: «Կան նաև այնպիսի մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը տվյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի, դա նշանակում է՝ տվյալ ստեղծագործությունը, ֆիլմը, ներկայացումն արդեն իսկ անցել է նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փառատոներն ու մրցանակաբաշխությունները պետք է ունենան միջազգային ձևաչափ և միջազգային ժյուրի: Խրախուսումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ 1 տարի ժամկետով, և 1-ից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար: «Չափերը սահմանելիս հիմք ենք վերցրել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130 հազարից մինչև 800 հազար դրամ: Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այդպես էլ խմբերը»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ վերլուծությունը ցույց է տվել, որ խրախուսում ստացողների տարեկան թիվը կլինի 11 մարդ և 2 խումբ, տարվա կտրվածքով դրամական խրախուսման չափը շուրջ 85 միլիոն դրամ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մարզիկների խրախուսման մեխանիզմի գործարկումից հետո արդյունքներ են գրանցվել, այս նախագծով նպատակ կա նմանատիպ մեխանիզմ ներդնել նաև մշակույթի ոլորտում: Բայց, ի տարբերություն սպորտի ոլորտի, այս ոլորտում մեխանիզմներ մշակելը բարդ է, իսկ սպորտի դեպքում ամեն ինչ հստակ է. կա Աշխարհի չեմպիոն, կա Եվրոպայի չեմպիոն, կան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, և ըստ այդմ էլ կատարվում է պարգևատրումը: «Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք, և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել (այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են), որպեսզի նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը ստեղծենք»,- ասաց նա: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց, որ այս նախագծով ցույց են տալիս, որ կոչումների քաղաքականությունից հրաժարվելով՝ ոլորտում աշխատանքի գնահատման և ստեղծագործության գնահատման գործիքակազմ են ներդնում:
12:02 - 29 փետրվարի, 2024
Նոր լուծումներ Հայֆիլմի համար. մեկնարկել է հայ ուսանողների մասնակցությամբ միջազգային աշխատաժողովը

Նոր լուծումներ Հայֆիլմի համար. մեկնարկել է հայ ուսանողների մասնակցությամբ միջազգային աշխատաժողովը

Փետրվարի 28-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ճարտարապետական բուհերի ճարտարապետ ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար – նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։  Հանդիպմանը ներկա էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման համար պատասխանատու գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը և «gmp Foundation» հիմնադրամի մաս կազմող Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը: Ողջունելով ներկաներին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը Հայաստանի Հանրապետության ամենահավակնոտ ծրագրերից է, և Հայֆիլմի տարածքը ներկայումս ներառվել է՝ որպես ֆիլմարտադրության, արվեստների և ստեղծագործական աշխատանքի համար մեկ միասնական միջավայր, որը կապված կլինի Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի հետ. «Այս նախաձեռնությունը շատ լավ հնարավորություն է ուսանողների համար իրենց մասնակցությունն ու ներդրումը ունենալու այս մեծ ծրագրին»,- նշեց Հայոցյանը: Երեք ու կես շաբաթ ընդհանուր տևողությամբ աշխատաժողովի ընթացքում թվով 16 ճարտարապետ ուսանողներ, որից 4-ը Հայաստանից են, գերմանական կազմակերպության 4 ճարտարապետների (tutors) համակարգմամբ, կքննարկեն ապագայի արդիական ճարտարապետական մշակումները և կիրականացնեն Հայֆիլմ կինոստուդիայի տարածքի նախագծային աշխատանքներ: Աշխատաժողովի՝ Հայաստանում կայանալիք հատվածը կներառի լսարանային և գործնական աշխատանք, որի մի մասը՝ հենց «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որն ուղղված կլինի գաղափարների գեներացմանը, կոնցեպտի մշակմանը, վերջինիս ձևակերպմանը՝ ճարտարապետական նախագծի տեսքով և էսքիզային տարբերակների ներկայացմամբ: Ինչպես նշեց Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը, որ աշխատաժողովը հնարավորություն կտա ուսանողների և ճարտարապետների հետ միասին տեղում ծանոթանալ տեղանքին, ինչպես նաև գեներացնել ճարտարապետական լուծումներ և գաղափարներ, որոնք կարող են աջակցել «Հայֆիլմ»-ի տարածքը միջազգային մակարդակի ֆիլմ-քաղաք դարձնելու տեսլականին։ Անդրադառնալով աշխատաժողովի նպատակներին՝ Մաասը նշեց, որ մասնակիցների 4 խմբերին առաջարկվելու է մշակել ճարտարապետական նախագծերի իրենց տարբերակները, որոնք քննարկվելու են բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ընտրվելու են նախագծի տեսանկյունից առավել նպատակահարմար առաջարկները: ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը առանձնահատուկ կարևորեց աշխատաժողովի միջոցով ուսանողների ներգրավվածությունը «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման և ձևավորման գործընթացին, քանի որ այն թույլ է տալիս ուսանողներին իրական փորձի հիման վրա մասնակցել նախագծային աշխատանքներին. «Ուսանողները անցնելու են բոլոր այն փուլերով, որոնք նախատեսված են ճարտարապետների համար։ Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրելու են տարածքը և խնդիրը իրական պայմաններում, մշակելու և ներկայացնելու են որոշակի լուծումներ, որոնք կօգտագործվեն նախագծային կազմակերպության կողմից «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման իրական ծրագրում»: Մարտ ամսին աշխատաժողովը կշարունակվի Համբուրգ քաղաքում, որի ժամանակ մարտի 2-ից 20-ը աշխատաժողովի ճարտարապետ ուսանողները, այդ թվում՝ չորս մասնակից Հայաստանից, կավարտեն նախագծային աշխատանքները և կներկայացնեն տարածքի զարգացման կոնցեպտուալ առաջարկներ:
09:25 - 29 փետրվարի, 2024
Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը
․ԿԳՄՍՆ

Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը ․ԿԳՄՍՆ

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։ Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը: Օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարմամբ, ինչպես նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով։ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, ՀՀ թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները, ինչպես նաև ՀՀ թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնելու և արտահանման գործընթացները: Օրենքով ամրագրվում են լիազոր պետական մարմնի լիազորությունները, թանգարանների աշխատողների իրավունքների և պարտականությունների, թանգարանային կրթության իրավական հիմքերը, ոչ պետական թանգարանների հավատարմագրման իրավակարգավորումները և համայնքային թանգարանների գործունեության սկզբունքները: Նշենք, որ օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից ուսումնասիրվել են թանգարանային գործում առաջադեմ համարվող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա) ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը: Օրենքի նախագծում կիրառվել է նաև Թանգարանային միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը: 2023 թվականի հուլիսի 17-18-ը Եվրոպական միության «ԹԱՅԵՔՍ» տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում նախագիծը քննարկվել է փորձագիտական առաքելության շրջանակում։
19:04 - 28 փետրվարի, 2024