ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Վարդապետյանը  հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական շահերի պաշտպանության ոլորտը՝ շարունակելով Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ուսումնասիրությունները

Վարդապետյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական շահերի պաշտպանության ոլորտը՝ շարունակելով Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ուսումնասիրությունները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել Գլխավոր դատախազությունը։ «Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի, մարզի դատախազի և իրավապահ կառույցների գործընկերների հետ քննարկել է սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ապօրինի որսը կանխելու նպատակով քրեաիրավական գործիքակազմն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Քննարկվող մեխանիզմների համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սևանա լճում Ջրային պարեկային ծառայության կայացմանն աջակցելու կարևորությանը: Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում մարզում գրանցված հանցագործությունների վիճակագրությունը՝ հայտնելով, որ 2022 թվականի համեմատությամբ՝ հանցագործությունների թիվն աճել է 320 դեպքով՝ կազմելով 1659 դեպք: Աճ է արձանագրվել հիմնականում սպանության փորձի, սեռական անձեռնմխելիության, ՃԵԿ կանոններ խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցագործությունների դեպքերով: Նվազել են սպանության (առանց հանկարծամահության), հրազենի գործադրմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, հրազեն և ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը: 2023 թվականի ընթացքում մարզում արձանագրված հանցագործությունների 1659 դեպքից բացահայտվել է 619-ը կամ 37,3 տոկոսը: 2023 թվականի ընթացքում հսկող դատախազներն իրենց նախաձեռնությամբ կայացրել են հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 72 որոշում (2022 թվականին՝ 5): Գագիկ Այվազյանի խոսքով 2023 թվականի ընթացքում դատարան է ուղարկվել 420 քրեական գործ՝ 470 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 140 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ): 2023 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 7 ուսումնասիրություն: Հայցերից մեկը, որով մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել 327,5 մլն դրամ, գտնվում է Վերաքննիչ դատարանում: Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը՝ շարունակելով Սևանա լճի ափամերձ տարածքների ապօրինի կառույցների վերաբերյալ ուսումնասիրությունները, խոցելի վիճակում հայտնված անձանց՝ մասնավորապես՝ անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթները, բարձրացնել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
11:56 - 17 փետրվարի, 2024
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը կրկին կուղարկվի Երեւանի քրեական դատարան

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ գործը կրկին կուղարկվի Երեւանի քրեական դատարան

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, այժմ  ՊՆ N զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով 2․5 տարվա մեջ 4-րդ անգամ դատարանի փոփոխություն է տեղի ունենում։ Սկզբնապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված, ապա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարաններում մասամբ քննված, քրեական դատարաններից Հակակոռուպցիոն դատարան ուղարկված գործը կրկին Երեւանի քրեական դատարանին ուղարկելու հարց է ծագել։ Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, մեղադրվում է նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։ Գործող քրեական օրենսգրքում, որը ուժի մեջ է մտել 2022 թ․ հուլիսի 1-ից, այս արարքին համապատասխան 549-րդ հոդվածը  համարվում է կոռուպցիոն հանցագործություն, իսկ կոռուպցիոն հանցագործությունները քննվում են Հակակոռուպցիոն դատարանում։ Այսօրվա դատական նիստի սկզբում, սակայն, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկը սահմանող հավելվածում կատարվել է փոփոխություն, ըստ որի՝ Վերանյանին մեղսագրված արարքը համարվում է կոռուպցիոն բնույթի, բացառությամբ «երբ այն կատարվել է ոչ շահադիտական դրդումներից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով»։ Շահադիտական դրդում եւ բռնություն Վերանյանի մեղադրանքում նկարագրված չեն։ Քանի որ փոփոխությունը հունվարի 16-ից ուժի մեջ է մտել, դատավորը բարձրացրեց քրեական գործի առարկայական ընդդատության փոփոխության հարցը։ Առարկայական ընդդատությունն է սահմանում, թե որ տեսակի գործը որ դատարանն է պարտավոր քննել։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը առարկեց գործի առարկայական ընդդատությունը փոփոխելու դեմ՝ պատճառաբանելով, որ օրենքի փոփոխության մեջ նշված «եւ» շաղկապը ենթադրում է շահադիտական դրդումների եւ բռնության միաժամանակյա առկայություն, հակառակ դեպքում «եւ»–ի փոխարեն ստորակետ դրված կլիներ։ Մարգարյանը տեղեկացրեց, որ համանման փոփոխություն ավելի վաղ Քրեական դատավարության օրենսգրքում էր կատարվել, եւ անցումային դրույթներով սահմանվել էր քննչական ենթակայության որոշակի կարգ․ «Ժամանակին ինքս, որպես կայազորի զինվորական դատախազ, կայազորի տարածքում տեղի ունեցած հանցագործությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտե, ըստ այդմ՝ հետագայում Հակակոռուպցիոն դատաարան ուղարկելու ձեւաչափը մշակվել է այդ փոփոխությունների համատեքստում․ եթե ոչ շահադիտական է, բայց չկա բռնություն կամ բռնության սպառնալիք կամ զենք կամ հատուկ միջոց, ապա միանշանակ չի ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե»,– ասաց Մարգարյանը։ Դատավորի դիտարկմանը, որ դա քննչական ենթակայությանն է վերաբերում (քննչական ենթակայությունը սահմանում է, թե որ հանցանքների դեպքում քննչական որ մարմինն է նախաքննություն իրականացնում), այլ ոչ առարկայական ընդդատությանը, Մարգարյանն արձագանքեց՝ ասելով, որ տարբերություն չկա։ Հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը Դատավորը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախկին Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածում, որով էլ այս պահին մեղադրանք է առաջադրված Վերանյանին, բռնության բաղադրիչ ընդհանրապես նախատեսված չէ, եւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ դեպքում չպետք է տարբերակումը դրվի ըստ շահադիտական եւ ոչ շահադիտական դրդումների․ «Շահադիտականի եւ ոչ շահադիտականի միջեւ տարանջատումը միանշանակ է, Անդրանիկ Վերանյանին առաջադրված մեղադրանքում, այո, շահադիտական դրդում չենք դրել, բայց միաժամանակ առկա չէ «եւ» շաղկապով կապված մնացածը։ Որպես տեսաբան, իրավաբան եւ պրակտիկայում նախկինում կիրառած՝ ես կարծում եմ, որ պետք է միաժամանակյա առկայություն»,– պնդեց մեղադրողը։ Նախագահող դատավոր Սուրեն Խաչատրյանը ընդգծեց՝ Դատախազությունը միասնական կառույց է, եւ վերջինիս դիրքորոշումը պետք է միատեսակ լինի․ «Նմանատիպ գործերով Զինվորական դատախազության դատախազները ոչ միայն չեն առարկել, այլեւ իրենք են միջնորդել այս դատարանում, որ առարկայական ընդդատությունը փոխվի»,– տեղեկացրեց դատավորը։ Նա հետաքրքրվեց նաեւ, թե տուժողներն ինչ դիրքորոշում ունեն քննարկվող հարցի վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդ Հարություն Մանուկյանն ասաց, որ իրենք օրենքը լավ չեն հասկանում, բայց համամիտ են դատախազի հետ։ «Հետեւանքները պատկերացնո՞ւմ եք»,– հարցրեց դատավորը,– «Գործը կարող է իմ կողմից քննվել, բեկանվել որպես ոչ պատշաճ, օրենքի հիման վրա չստեղծված դատարանի կողմից քննված լինելու հիմքով, չի բացառվում՝ նաեւ դատավորի կարգապահական պատասխանատվության հարց բարձրացվի իրեն քննության չենթակա գործը քննելու համար»,– ասաց նա։ Մեղադրող Հայկ Մարգարյանը տեղեկացրեց, որ ինքը հետեւանքները տուժողներին պարզաբանել է եւ ասել է, որ անկախ իր դիրքորոշումից՝ դատարանի համար միանշանակ ճիշտ կլինի որոշում կայացնել ընդդատությունը փոխելու մասին եւ սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը, որպեսզի հետագայում խնդիր չլինի։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչեւ նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկել դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ: Տուժողներն ասացին, որ իրենք չեն առարկում եւ կողմ են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում լինի։ Մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նարեկ Գրիգորյանն էլ դիրքորոշում հայտնեց, որ իրենց համար նշանակություն չկա՝ գործը կքննվի Հակակոռուպցիոն թե քրեական դատարանում․ «Միակ մտավախությունն այն է, որ այդ հիմքով վերջնական որոշման բեկանման հնարավորությունն ավելի իրատեսական է դառնում, հետեւաբար, մենք նույնպես գտնում ենք, որ անհրաժեշտ է սպասել Վճռաբեկ դատարանի մեկնաբանությանը՝ նման հետեւանքներից խուսափելու համար»,– ասաց նա։ Անդրանիկ Վերանյանը միացավ պաշտպանի դիրքորոշմանը։ Դատավոր Սուրեն Խաչատրյանը որոշեց գործն ըստ առարկայական ընդդատության ուղարկել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Քանի որ այլ գործեր եւս այս փոփոխությունից հետո Հակակոռուպցիոն դատարանից ուղարկվել են Երեւանի քրեական դատարան, չի բացառվում, որ քրեական դատարանների որեւէ դատավոր արդեն իսկ այս հարցով դիմած լինի Վճռաբեկ դատարանին, եւ վերջինս որոշում կայացրած լինի։ Եթե ոչ, ապա ստացվում է, որ նոր դատավորը, որին առաջիկա օրերին կմակագրվի այս գործը, ընդդատության վերաբերյալ անհամաձայնություն ունենալու դեպքում կդիմի Վճռաբեկ դատարան՝ իրավական այս վեճը լուծելու նպատակով։  Ըստ մեղադրական եզրակացության՝ Անդրանիկ Վերանյանը, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ՝ ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։  Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Վերջինս էլ դեպքից հետո հանցագործության մասին հաղորդում է ներակայացրել ՀՀ քննչական կոմիտե։ Ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով, ըստ քրեական գործի, պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան    
20:31 - 16 փետրվարի, 2024
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են առևտրաշրջանառությունը հասցնել 3 մլրդ դոլարի

Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք Հայաստանի Հանրապետությանը կվճարեն 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն դոլար)։   Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։   ՀՀ գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ։ Արդյունքում նրանք կվճարեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով դատարան ներկայացված հայցադիմումի արժեքի 75.84 տոկոսը:   Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ նախկին քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար (հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը)։   Կատարված ուսումնասիրության արդյունքում՝ 2023 թվականի հունվարի 23–ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով հայցադիմում:
20:50 - 15 փետրվարի, 2024
ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի

ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և ընդգծել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հանդիսանում է Դատախազության կայուն գործընկերը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման առումով: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանը կարևորել է հատկապես կոռուպցիոն հանցագործությունների քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերը, որոնց շրջանակում Դատախազության ներկայացուցիչները հնարավորություն են ունենում օտարերկրյա ուսումնական հաստատություններում անցնել վերապատրաստումներ: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձ են կատարել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:37 - 15 փետրվարի, 2024
Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել անհիմն մեղադրելու համար. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել անհիմն մեղադրելու համար. փաստաբան

Այս տարի վերջապես դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց Դատավորից նրան անհիմն մեղադրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գործով փաստաբան Արսեն Սարդարյանը: «Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը: Հուսանք, որ ներողությունը զուտ ձևական չէ, և ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը և երևույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետևություններ»,- գրել է նա: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ բարձրագույն դատական խորhրդի համաձայնությամբ, 2022 թվականի մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ մասով (ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը): 2022 թվականի մայիսի 20-ին վարույթից անջատվել է Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ Բորիս Բախշիյանը ներկայացված մեղադրանքում ճանաչվել է անմեղ, արդարացվել է: 2022 թվականի նոյեմբերի 16-ին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է 2023 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ: 2023 թվականի հուլիսի 27-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ վարույթ չի ընդունվել: Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Բորիս Հրանտի Բախշիյանից:
15:00 - 15 փետրվարի, 2024
Պաշտոնից ազատված Քոչունցը քրեական գործով է անցնում. գործը դատարանում է
 |factor.am|

Պաշտոնից ազատված Քոչունցը քրեական գործով է անցնում. գործը դատարանում է |factor.am|

factor.am: Այսօր առավոտյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Կամո Քոչունցը, պարզվում է, քրեական գործով է անցնում։ Ինչպես Factor․am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից՝ Քոչունցին մեղադրանք է առաջադրված 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ «Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի հրամանագրով` այսօր առավոտյան Կամո Քոչունցն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից: Քոչունցը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի սեպտեմբերի 13-ին:  Նրա փոխարեն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել Արթուր Երոյանը։ 
17:12 - 14 փետրվարի, 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դատախազություն

«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ 4 հասցեում գտնվող Հրազդան մարզադաշտը՝ շուրջ 62 հազար քմ մակերեսով շինությունները և 14 հա հողամասը, վարձակալության են հանձնվել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն): Վարձակալության տրված գույքի մի մասը՝ 10,4443 հա մակերեսով հողամասը և 61,660,3 քմ մակերեսով շինությունները մարզահամալիրը, «Հրազդան» մարզադաշտը, Կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի N 1333-Ն որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով օտարվել են վարձակալին՝ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանը: Գույքի վաճառքի գին է սահմանվել 87 մլն 520 հազար դրամը (ուսումնասիրության նյութերում առկա չէ նման գնի վերաբերյալ որևէ հիմնավորում, հաշվի չի առնվել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ներկայացված առաջարկությունը՝ գույքի գնահատումն իրականացնել համապատասխան որակավորման անկախ գնահատողի կողմից՝ առավել իրատեսական գին սահմանելու նպատակով): Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ, Գլխավոր դատախազության ուսումնասիրության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ Ընկերության կողմից 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար ԱՄՆ դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դրանց վերաբերյալ տեղեկություն առկա չէ «Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում, առկա չէ նաև վարձակալի կողմից վարձատուին ներկայացված՝ կապիտալ ներդրում կատարելու վերաբերյալ որևէ ակտ կամ գրավոր տեղեկություն։ 2005 թվականի հունվարի 7-ին Ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ՝ նույն ընկերության բաժնետեր Ա.Ա.-ն իր վրա է վերցրել 2004 թվականին կնքված պետական գույքի մասնավորեցման պայմանագրով Ընկերության ստանձնած պարտավորությունները՝ մինչև 2009 թվականը 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու մասին (ըստ Պետական գույքի կառավարման վարչության՝ Ա.Ա.-ի կողմից կատարված ներդրումները համարվել են ընդունված): 2010 թվականին Ընկերությունը վերանվանվել է «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերության, որից հետագայում առանձնացվել են «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությունն ու «ՍՈԼԻԴՈՒՍ» ՓԲ ընկերությունը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի վճռով՝ «Հրազդան Կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությունը ճանաչվել է սնանկ, իսկ 2019 թվականին Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ։ Հաշվի առնելով, որ պաշտոնատար անձանց կողմից ներկայացված ոչ արժանահավատ տվյալների հիման վրա՝ Կառավարությունը տվյալ ժամանակահատվածում շուրջ 11 մլրդ 558 մլն դրամ շուկայական արժեք ունեցող, ներկայում՝ 16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող գույքը՝ «Հրազդան» մարզադաշտը, վաճառել է ընդամենը 87 մլն 520 հազար դրամով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2024 թվականի փետրվարի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:35 - 14 փետրվարի, 2024
Ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտած ընկերությունների 2 տնօրենների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Ընդերքի պահպանման և օգտագործման պահանջները խախտած ընկերությունների 2 տնօրենների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս: 2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամ վնասը: Դատախազը 2024 թվականի փետրվարի 13-ին հաստատել է Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
11:05 - 13 փետրվարի, 2024
Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը

Դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոց կալանքը

Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: «Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ): Առևտրային կազմակերպության ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:01 - 12 փետրվարի, 2024
Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ մեր ինստիտուցիոնալ աշխատանքը միջազգային հետաքրքրություն է առաջացրել. Վարդապետյան |1lurer.am|

Ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ մեր ինստիտուցիոնալ աշխատանքը միջազգային հետաքրքրություն է առաջացրել. Վարդապետյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 4-ին կայացված վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր է ճանաչել Հակոբ Կովալենկոյի Շահգալդյանի անվամբ Մարզ Կոտայքի Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 2,4993 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այժմ առաջարկվում է հողամասն ամրագրնել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:  Կառավարության՝ փետրվարի 8-ի նիստին, անդրադառնալով առաջարկին և այդ մասով հարուցված քրգործին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ վճռով 46 միլիոն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունք: Քննարկման շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ կա երկու հարց, որոնց մասով իշխող ուժին ամենաշատն են քննադատում: Մեկը վերաբերում է քրեական գործերի վաղեմության ժամկետներին և դատարանների քննության մասով դրանց ձգձգմանը: Մյուս հարցը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգին: «Ի՞նչն էր այդ «թուքումուրի» իմաստը, որ մարդիկ մեզ մեղադրում էին և մեղադրում են, թե հեղափոխությունից հետո ինչու գործիքները չենք վերցրել և գնացել տեղում [լուծել հարցը],- ասաց վարչապետը և հավելեց, որ որոշում է կայացվել, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով: Օրենսդրությունը քննարկման ժամանակ անգամ հարց էր բարձրացվում, թե ինչքանով է գործընթացը սահմանադրական կամ հակասահմանադրական. «Ի վերջո, 2023-ից առաջին ծիծեռնակները երևացին: Հիմա մենք կարո՞ղ ենք ասել, որ գործող և գործունակ ինստիտուտ ենք հիմնադրել, և այս ճանապարհին մեզ անակնկալներ չեն սպասվում. նկատի ունեմ լեգիտիմությունը»: Աննա Վարդապետյանը տեղեկացրեց՝ ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ ինստիտուցիոնալ, հետևողական աշխատանքը միջազգային որոշակի հետաքրքրություն է առաջացրել, և շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, ուզում են ուսումնասիրել հայկական փորձը: «Անցած տարի մենք Ղազախստանի մեր գործընկերներից հայց ստացանք, թե խնդրում ենք մեզ բացատրել ձեր ինստիտուտի նրբությունները և օգնել որոշակի առումով բարեփոխումների ենթարկել ղազախական ընթացակարգերը: Մենք սիրով համաձայնել ենք և կիսվել մեր փորձով: Այսինքն՝ մենք ձևավորել ենք իրավական մի պրոդուկտ, որը շուտով կսկսենք նաև «արտահանել»: Սա հետևողական իրավական ճիշտ աշխատանքի արդյունք է»,- ասաց նա: Վարդապետյանը նաև կարծիք հայտնեց, որ այս մասով արդյունք չէր գրանցվի, եթե գործընթացը «ճիշտ» սկսած չլինեին. «Սա մեզ ապահովագրելու է հետագայում «ինքնադատաստանի» մեղադրանքներից պաշտպանվելիս հատկապես եվրոպական դատարանում, հատկապես սեփականության իրավունքի պաշտպանության առումով, և նույն աշխատանքը մենք իրականացնում ենք նաև պետշահերով»:
13:22 - 08 փետրվարի, 2024
Դադարեցվել է Արարատի մարզում օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած ընկերության ընդերքօգտագործման իրավունքը

Դադարեցվել է Արարատի մարզում օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած ընկերության ընդերքօգտագործման իրավունքը

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ: «Օրենքի խախտմամբ հանքարդյունաբերական գործունեություն ծավալած, պետությանը 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս պատճառած, Արաքս գետի հունը խախտած ընկերությունը «Արև Սյուզի» ՍՊ ընկերությունն էր: Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերությունը, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում, չունենալով թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք, շեղվել է ընկերությանը տրամադրված կոորդինատներից, արդյունահանել է պետական սեփականություն հանդիսացող՝ 2748 խմ ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը: Միևնույն ժամանակ, ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չէր վճարել 5 մլն դրամ տուգանքը: Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում: Նախաքննության ընթացքում ընկերության տնօրենը վերականգնել էր 1 մլն 359 հազար  դրամ վնասը, վճարել էր նաև գանձման ենթակա՝ 5 մլն դրամ տուգանքը:  Դատախազը նույն թվականի նոյեմբերի 16-ին, հաստատել էր Կ.Հ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 20-ի դատավճռով՝ ընկերության տնօրենը մեղավոր էր ճանաչվել վերոնշյալ արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ՝ նշանակվել էր տուգանք՝ 2 մլն 720 հազար դրամի չափով: Արարատի մարզի դատախազությունը, 2023 թվականին միջնորդագիր էր ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերությանը տրամադրված՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով՝ դադարեցվել է «Արև Սյուզի» ՍՊ ընկերության ընդերքօգտագործման իրավունքը, ուժը կորցրած է ճանաչվել ՇԱԹՎ-29/306 թույլտվությունը, լեռանահատկացման թիվ ԼՎ-306 ակտը և լուծվել է օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրված թիվ ՊՎ-306 ընդերքօգտագործման պայմանագիրը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
18:17 - 02 փետրվարի, 2024
Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնման մասին միջնորդություն է ուղարկվել ՌԴ
 |1lurer.am|

Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնման մասին միջնորդություն է ուղարկվել ՌԴ |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):  Քրեական վարույթով պարզվել էր, որ Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք էր բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված եղել «Զանգեզուր մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ: Վանեցյանի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը: Կարեն Վանեցյանը, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Միքայել Մինասյանին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել էր օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք: Նա 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք էր բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը: Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չէր եղել: Միջնորդություն էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
12:29 - 02 փետրվարի, 2024