Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և  շնորհակալություն հայտնել կատարվող աշխատանքի համար: «Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, և Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների այն օրակարգին, որը մենք իրականացնում ենք Ոստիկանության և ընդհանրապես՝ Ներքին գործերի նախարարության համակարգում: Երբ մենք սկսում էինք Ոստիկանության բարեփոխումները, շատերն ասում էին, որ դրանք իրականացնելուց առաջ պետք է կադրային զանգվածային փոփոխություններ իրականացնել Ոստիկանությունում, որովհետև այնտեղ տարբեր մարդիկ կան, տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում աշխատող և այլն, և նրանք թույլ չեն տա ու դիմադրություն ցույց կտան բարեփոխումների ընթացքին: Բայց մենք այդ կարծիքին չէինք, այսօր էլ այդ կարծիքին չենք, որովհետև համարում էինք, որ նախ՝ շատ կարևոր է  ցանկացած փոփոխություն և բարեփոխում իրականացնել նախկինում կուտակված փորձի վրա: Որովհետև ոչ մի բան զրոյից չի ստեղծվում կամ այն ինչ զրոյից է ստեղծվում, շատ ավելի բարդ, շատ ավելի անարդյունավետ է, քան մենք՝ իմանալով ամբողջ տեղեկատվությունը, կարող ենք իմանալ և՛ մեր սխալները, և՛ մեր առավելությունները, և՛ մեր թերությունները, և այդ տրամաբանությամբ գնալ առաջ: Երկրորդ, կարծում ենք, որ այս ընդհանուր փոփոխությունների շրջանում մեզնից յուրաքանչյուրն, ի վերջո, պետք է փոխվելու, բարեփոխվելու, ավելի պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն ունենա, որովհետև մեզնից ոչ մեկն անթերի չէ, ոչ միայն մեզնից, այլև, ընդհանրապես, ոչ մեկը՝ այս դահլիճից ներս գտնվող և այս դահլիճից դուրս գտնվող, ոչ մեկն անթերի չէ: Եվ, ընդհանրապես, պետք է արձանագրել՝ կա նաև մի օբյեկտիվ իրականություն, որ որևէ բան փոխելն ամենադժվար գործն է: Եվ դրա համար կա երկու պատճառ: Առաջին պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, ընթացիկ իրավիճակը, երբ այն նույնիսկ ունի բազմաթիվ բացասական կողմեր, եթե ոչ բոլորը, շատերն արդեն համակերպվել են այդ իրադրությանը և իրենց հարմարավետությունն են ստեղծել այդ ոչ կատարյալ իրավիճակի մեջ: Եվ միշտ դժվար է այդ կետից շարժվել՝ այլ նպատակադրում ունենալով: Երկրորդ, որն օբյեկտիվ հանգամանք է, պետք է դա խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին, որովհետև ցանկացած բան միշտ էլ  փոխելիս  ռիսկ կա, որ ճանապարհին կամ վերջնարդյունքում դու կտեսնես, որ իրականում էլ չհասար քո նպատակին, մեծ աղմուկ առաջացրեցիր, մեծ փոփոխություններ, և ոչ մի արդյունք չեղավ: Դրա համար փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Նաև կարծում եմ՝ մենք՝ որպես հանրություն, նաև ես՝ որպես վարչապետ, և կառավարությունն այս առումով  գնահատում է Ոստիկանության ծառայողների մոտեցումներն այս փոփոխությունների, պրոցեսների վերաբերյալ: Ես ամենակարևորը, որ շատ եմ գնահատում՝ այսօր Ոստիկանությունը և Ոստիկանության ներկայացուցիչները չունեն այդ դիրքորոշումը, որ ամեն քայլափոխի ցույց տան, որ այդ բարեփոխումները լավ չեն ընթանում, չնայած կրկնում եմ՝ ոչ մի փոփոխություն կատարյալ չէ և ամեն փոփոխություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես այս մոտեցումը և ըմբռնումը շատ բարձր եմ գնահատում: Մենք էլ տեսնում ենք խնդիրներ, Ներքին գործերի նախարարը խոսեց, թե  ոստիկանության քանի ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. Ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի: Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ: Այսինքն՝ ոչ թե կառավարությունը մղի անընդհատ գործողությունների, վարչական որոշումների, այլ ոստիկաններն իրար մեջ, նաև, որ լավ օրինակը միշտ վարակիչ է: Նրանք, ովքեր գերազանցությամբ հանձնել են, հույս ունեմ, որ ոչ թե  կոլեկտիվներում կդառնան, ինչպես ասում են, գայթակղության կամ բաժանության առիթ, այլ հակառակը, նոր խթան կդառնա: Սա ոչ թե մեկանգամյա գործողություն է, այլ մեր քաղաքական որոշումն այն է, որ ժամանակ առ ժամանակ, ըստ ամենայնի, հինգ տարին մեկ ոստիկանը պետք է, թե ամեն հինգ տարի՝ ցիկլն անցնելուց հետո իր աշխատավարձն ինչքա՞ն կարող է լինել, 20 տարի հետո ինչքա՞ն կարող է լինել, որովհետև բոլորն ուզում են կյանքը երկարաժամկետ պլանավորել: Եվ սա կարևոր գործընթաց է, և սա մենք չենք անում ցույց տալու կամ խնդիրներ ստեղծելու համար, որ  չենք ուզում այդ աշխատավարձը  միանգամից և ուղիղ տալ, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ, կայացման հիմքում էլ դնենք զարգացման շարունակական մեխանիզմներ և մոտիվացիաներ, որպեսզի նույնիսկ առանց քաղաքական կամքի՝ այդ մեխանիզմն աշխատի, և մենք համոզված ենք լինելու, որ զարգացման այդ մեխանիզմը դրված է ծառայության և ընդհանրապես  նախարարության մարմինների գործունեության հիմքում:  Շատ կարևոր է նաև, որպեսզի և՛ հանրությունը, և՛ կառավարությունը, և՛  բուն ոստիկանությունն անընդհատ վերադառնա իր ծառայության իմաստին ու բովանդակությանը: Ինձ համար, օրինակ, դա շատ կարևոր հարց է, որովհետև թվում է, թե տրիվիալ  հարցեր են, բայց օրինակ, ինչի՞ համար է ոստիկանությունն, ընդհանրապես: Այսպիսի հարցեր չեն հնչում, որովհետև թվում  է, թե այդպիսի հարցեր ինչո՞ւ հնչեն, պարզ չե՞ն, թե ինչի համար են: Եվ երբ գալիս, հասնում ես այդ կետին, պարզվում է, ասենք, շատ հարգելի լսարանում այն, որ ասում են շատ դե պարզ չի՞, ի՞նչ կա այդտեղ հարցնելու,  ասում են շատ լավ, պարզ է, մի նախադասությամբ ձևակերպի, պարզվում է, որ շատ մեծ բարդություն կա այդ մի նախադասությունը ձևակերպելու: Բայց ամեն անգամ այս խնդրին անդրադառնալը շատ կարևոր է: Ես, օրինակ, ոստիկանության օրվան ընդառաջ, ինքս ինձ  հարց տվեցի, թե ի՞նչն է ոստիկանության գործառույթը, բացի այն, որ մենք ասում ենք չէ՝ կա օրենսդրության մեջ իրավակարգ, հասարակական կարգ, բայց հաջորդ շերտը ո՞րն է, որ պետք է թեմայի մեջ խորանալ մինչև մոլեկուլյար մակարդակ: Ես արձանագրեցի, և ընդ որում՝ կարող է սա տարօրինակ հնչել,  օրինակ՝ ոստիկանությունն իր գործառույթով ինչ-որ առումով ներքին,  ներհանրային սահմանապահի գործառույթ է իրականացնում: Ընդ որում՝ ուզում եմ, որ սահմանապահ բառը ներքին հարաբերությունների առումով ձեզ չզարմացնի, որովհետև,  օրինակ՝ «սահմանադրություն» բառը հենց նույն սահման բառի մասին է, որ «սահմանադրությունը» հենց նշանակում է սահման դնել: Եվ հետևաբար, ոստիկանի, սահմանապահի իմաստը և գործառույթն ինչո՞ւմն է կայանում: Ոստիկանությունը պաշտպանում է և պահպանում քաղաքացու ազատության սահմանները: Ընդ որում, Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից: Առաջինը, Ոստիկանությունը պետք է հոգ տանի, որպեսզի ոչ ոք չխախտի և չներխուժի, այսինքն՝ քաղաքացու ազատության և իրավունքի սահմանը չներխուժի ուրիշի ազատության և իրավունքի տարածք, և միևնույն ժամանակ քաղաքացին ինքը չխախտի իր ազատության և իրավունքների սահմանը ու ներխուժի ուրիշի իրավունքների և ազատության տարածք: Սա շատ կարևոր է, որպեսզի հանրությունը և մենք՝ բոլորս, այս ամեն ինչը հասկանանք, որովհետև երբեմն մարդիկ կան, որ Ոստիկանության ծառայության նկատմամբ փորձում են նեգատիվ ձևավորել: Ցավոք, սրանում ունենք մեծ ավանդույթներ: Մի մասը քրեական ենթամշակույթի համատեքստում, մյուս մասն այլ համատեքստում, բայց մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Ոստիկանության ծառայությունը հենց իրեն է պետք՝ յուրաքանչյուրին: Նույնիսկ նրանց, ովքեր գոհ են կամ դժգոհ Ոստիկանության ծառայությունից, որովհետև եթե մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի և ծառայություն չիրականացվի: Հետևաբար, Ոստիկանությունը քաղաքացու ազատությունների սահմանը երկու կողմից պաշտպանելու համար պետք է ունենա լծակներ: Պատահական չէ նաև, որ ոստիկանությունը մեկն է այն կառույցներից, բայց հիմնականը, որն ընդունված է անվանել ուժային կառույց: Բայց սա չի նշանակում, որ ուժը Ոստիկանության առաջնային գործիքն է: Ոչ, ուժը Ոստիկանության ամենավերջին գործիքն է: Բայց եթե որևէ գործընթացում ուժային ազդեցության հնարավորությունը չլինի՝ այն սովորական պայմանները կարող են և չգործել: Եվ սա էլ մենք պետք է հասկանանք, որովհետև եթե օրինակ, Ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք և հնարավորություն չունենա՝ այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ: Այլ բան, որ դա պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա: Սա շատ կարևոր է: Վերջին տարիներին ես նկատել եմ, գալիս մի ժամանակաշրջան, երբ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի փափուկ լինելու մեջ, գալիս է ժամանակաշրջան՝ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի կոշտ լինելու մեջ և այլն, և այսպես շարունակ: Բայց ճիշտն այս գործընթացում օրենքի և իրավունքի տեսակետից ճիշտ հավասարակշռություն գտնելն է: Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի: Այս էլ, իմիջիայլոց, պրոֆեսիոնալիզմի հարց է: Վերջերս Նոր Նորքի ոստիկանության բաժնում դեպք եղավ, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ուժ կիրառեցին, մեծ հաշվով վնասազերծեցին: Բայց նաև ուժի կիրառման ամենածայրահեղ մեթոդները չկիրառեցին, և բանը դրան չհասավ: Սա էլ է պրոֆեսիոնալության աստիճանի մասին խոսում, և ատեստավորման մեր գործընթացներում պետք է նաև այս հմտությունները զարգացնենք, որովհետև պարզ է՝ միշտ չէ, բայց նաև դեպքեր կան, որ հնարավոր է մարդու հետ ուղղակի խոսելով՝ հոգեբանական կոնտակտի միջոցով, մարդկային կոնտակտի միջոցով ուղղակի վնասազերծել: Համոզված եմ և գիտեմ, որ Ոստիկանությունում այդպիսի տասնյակ, եթե չասենք իր պատմության ընթացքում հաստատ հարյուրավոր և հազարավոր դեպքեր են լինում: Բայց նաև կարևոր է, որ Ոստիկանության գործողությունն ամբողջությամբ հենված լինի օրենքի և իրավունքի վրա, բայց խնդիրն այստեղ այն է, որ երբեմն, նույնիսկ երբ իրավունքի և օրենքի վրա է հիմնված լինում Ոստիկանության, այդ թվում՝ ուժային  գործողությունը, դա միշտ չէ, որ առաջացնում է այդպիսի համընդհանուր քաջալերանք։ Այստեղ մի ֆունդամենտալ խնդրի մասին եմ ուզում խոսել, որը Ոստիկանության հետ բացարձակ կապ չունի: Երբեմն նկատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներն իրենք իրենց չեն համարում օրենքի և իրավունքի աղբյուր։ Այսինքն՝ չեն համարում, որ օրենքը և իրավունքը իրենք են ստեղծել, ուղիղ կամ անուղղակի ձևով, բայց սա արդեն ուրիշ քաղաքական և սոցիալ-հոգեբանական մակարդակի պրոբլեմ է, որը մեծ հաշվով կապ ունի հետևյալի հետ, թե իրավակարգն ի վերջո քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով է ձևավորվել, թե ազատ կամարտահայտության միջոցով չէ ձևավորվել։ Ես այստեղ կրկին ուզում եմ գնալ և հասնել մեր սահմանադրությունների պատմությանը, և հարցն ի վերջո այստեղ է, երբ հաջորդ օրը մենք սահմանադրական հանրաքվեներից հետո հրապարակում ենք արդյունքները, հեռուստատեսության դիմաց նստած քաղաքացին ինքն իրեն ասում է, որ ես այս որոշումը կայացրեցի, թե՞ չի ասում։ Երբ չի ասում՝ այստեղից են առաջանում իրավահամակարգի նկատմամբ հետագայում առաջացած խնդիրները: Բայց նորից եմ ասում՝ սա ոստիկանության գործունեության հետ կապ չունի կամ առնվազն մեծամասամբ կապ չունի: Եվ ուզում եմ ամփոփել՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ծառայության համար։ Նախարարն ընդգծեց, և կարծում եմ՝ դա շատ կարևոր հանգամանք է, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին։ Այսօր, ընդհանրապես ցանկացած գործ առանց ընտանիքի աջակցության շատ դժվար է իրականացնել, առավել ևս ոստիկանության գործը: Եվ կարելի է պատկերացնել, թե սա ինչ անհարմարություն է ստեղծում Ոստիկանության ծառայողների ընտանիքների համար, երբ ընտանեկան միջոցառումները կարող են կիսատ թողնել, ընդհանրապես չներկայանալ։ Այս հանդուրժողականությունը, եթե կարելի է այդպես ասել, իսկապես արժանի է խորը գնահատանքի և հարգանքի։ Կրկին ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին։ Բարի ծառայություն և հաջողություն բոլորիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով:  
16:47 - 16 ապրիլի, 2024
«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
 |azatutyun.am|

«Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է»․ Քոչարյանը՝ 1.5 միլիոնի ցուցակ կազմելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին հայտարարությունն իմ անձնական մոտեցում է, քաղաքական որոշում չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա հետ կապ չունի: Քոչարյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի դնում ոչ ցեղասպանության փաստը, ոչ էլ 1.5 միլիոնի թիվը, պարզապես իր մոտեցումն է, որ հավելյալ փաստերով պետք է հարստացնել եղած տեղեկատվությունը, ինչը կօգնի, որ ի հայտ գան ոչ միայն Ցեղասպանությանը զոհ գնացածների տվյալները, այլ նաև պահանջատեր լինել, քանի որ այդ մարդիկ նաև կարողություններ ու հարստություն են կորցրել: Կիրակի օրը «Ազատության» եթերում Քոչարյանը հայտարարել էր, որ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել և ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը։ Երեկ Քոչարյանը նույնը հաստատեց խորհրդարանական ճեպազրույցներում։ Ցեղասպանագետ, Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը իշխանության այս նախաձեռնությունը խիստ վտանգավոր էր համարել՝ հիշեցնելով՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից մեկն է, որը շրջանառում են դեռ 1960-ականներից։
15:48 - 16 ապրիլի, 2024
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետ Բյարնի Բենեդիկթսոնին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։ Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղու­թյուն­ներով և տարբեր հարթակներում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկա­յաց­նող բոլոր ոլորտներում։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»։
15:25 - 16 ապրիլի, 2024
ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը
 |arm.sputniknews.ru|

ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից. ՔՊ–ական պատգամավորի մեկնաբանությունը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՀՀ վարչապետը չի կարող հրաժարվել Հայոց ցեղասպանությունից։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է իշխանությունն օգտագոծում «Մեծ եղեռն» ու «կոտորած» եզրույթները «ցեղասպանություն» բառի փոխարեն։ «Դուք կարծում եք` ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է «ցեղասպանություն» բառից։ էս ի՞նչ եք ասում։ Նման բան չի կարող լինել։ ՀՀ ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, իսկ այս իշխանությունների օրոք մի շարք կարևոր պրոցեսներ են տեղի ունեցել Ցեղասպանության ճանաչման հետ կապված»,– ասաց նա։ Հարցին, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ գնալիս իր ներկա՞, թե՞ պատմական Հայաստանում է զգալու` պատգամավորը պատասխանեց, որ ինքը պատմական կերպար չէ ու չի կարող իրեն որևէ կերպ զգալ պատմական Հայաստանում։ «Ես իրական մարդ եմ, ֆիզիկական գոյության ունեմ, ես ինձ կարողանում եմ դիպչել, դուք էլ` ինձ, մենք իրական մարդիկ ենք և ապրում ենք իրական Հայաստանում` 29 հազար 800 կմ/քտարծաքով, որը ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ես ինձ չեմ կարող զգալ մի մասի անդամ, որը իրական չէ։ Մեղք չե՞նք ես և իմ հայրենակիցները, որ զգանք մեզ մի տարածքի բնակիչ, որի բնակիչը չենք, որը մերը չի։ Հիմա որ դուք Երևանում քայլում եք, ձեզ որտե՞ղ եք զգում, Վանո՞ւմ»,– ասաց նա։ Նա հորդորեց բոլորին կենտրոնանալ ներկա պետության վրա, որովհետև, ըստ նրա, 30 տարի է` մարդկանց ստիպում են սիրել ուրիշինը, հեռուն, չերևացողը։
15:05 - 15 ապրիլի, 2024
Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան- Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են Հայաստան- Ղազախստան համագործակցության զարգացման մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ղազախստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում: Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Հայաստանի Հանրապետություն և 2001 թվականից այս կողմ, այսինքն՝ վերջին 23 տարիներին, Ղազախստանի նախագահի պաշտոնական այց Հայաստանի Հանրապետություն տեղի չի ունեցել: Եվ այս առումով այցը շատ կարևոր է, և արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ մեր՝ մինչ այս պահը տեղի ունեցած շփումների ընթացքում հասցրել ենք հարցերի բավական լայն շրջանակ քննարկել մեր երկու երկրների հետագա փոխհարաբերությունների զարգացումն ապահովելու վերաբերյալ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այդ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր պատկերացում և նաև պատկերացնում ենք, թե ինչ կոնկրետ գործողություններ պիտի իրականացվեն: Իհարկե, այստեղ առանցքային տեղ ունի տնտեսական համագործակցության խորացումը, նաև քաղաքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերում մեր փոխգործակցությունը: Շատ ուրախ եմ այս առիթի համար: Ուզում եմ ընդգծել, որ այս ամենով հանդերձ՝ մենք չենք մոռանում մշակութային, հումանիտար ոլորտի համագործակցության մասին: Այս տարի Ղազախստանում տեղի կունենան Հայաստանի մշակութային օրեր, մյուս տարի Հայաստանում տեղի կունենան Ղազախստանի մշակութային օրեր: Նկատի ունեմ՝ մեր օրակարգն իրականում բավականին հարուստ է, և համոզված եմ, որ Ձեր այցի արդյունքներով մենք որոշումներ կկայացնենք, որոնք կծառայեն մեր համագործակցության բոլոր ուղղությունների հետագա խորացմանը: Մեծարգո պարոն նախագահ, Թույլ տվեք ևս մեկ անգամ  ջերմորեն ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում»: Իր հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է. «Մեծարգո Նիկոլ Վովայի, հանդիպման մասնակիցներ, ես հաճույքով ընդունեցի Հայաստան պաշտոնական այցով այցելելու Ձեր հրավերը: Մենք մեծ հարգանք ունենք հայ ժողովրդի հինավուրց պատմության, ավանդույթի և մշակույթի հանդեպ: Այսօրվա հանդիպումը նշում է Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-րդ ամյակը: Սա մեծ խորհրդանշական նշանակություն ունի: Այս ընթացքում մենք ամուր հիմքեր դրեցինք հեռանկարային երկարաժամկետ փոխադարձ օգտակար համագործակցության համար: Քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն զարգանում է, ներդաշնակ աշխատանք է հաստատվել երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև: Մենք կարողացանք հաստատել արդյունավետ գործընկերություն նաև բազմակողմանի հարթակներում: Մենք նման հայացքներ և ընկալումներ ունենք շատ միջազգային հարցերի ընդգրկմամբ: Առևտրատնտեսական կապերն ամեն տարի ընդլայնվում են: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտուրը նույնպես աճել է, բայց մենք դրանով չենք սահմանափակվում, մենք բավականաչափ ներուժ և հնարավորություններ ունենք աշխուժացնելու մեր փոխանակումները: Այդ կապակցությամբ կարևոր է զարգացնել արդյունաբերական, տրանսպորտային, լոգիստիկ և գյուղատնտեսական ասպարեզները: Մեծ ապագա ունի նաև մեր համագործակցությունը նոր ասպարեզներում, ինչպես օրինակ՝ թվայնացումը և ֆինանսները: Վստահ եմ, որ վերջերս անցկացված բիզնես ֆորումը երկու երկրների ձեռնարկատերերի մասնակցությամբ նույնպես իր նպաստը կբերի այս համագործակցությանը: Մենք մշտապես հետաքրքրված են ամրապնդել մշակութային և հումանիտար կապերը մեր երկու երկրների միջև»:   Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ղազախստան համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության խթանմանը: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ընթացքը, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:     
13:45 - 15 ապրիլի, 2024
Ղազախստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնել |armenpress.am|

Ղազախստանի նախագահը Հայաստանին առաջարկել է ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ղազախստանի համար շատ կարևոր ու վստահելի գործընկեր է Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ «Մենք հատուկ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի հինավուրց պատմությանը, հարուստ մշակույթին և ավանդույթներին։ Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար Հարավային Կովկասում։ Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխօժանդակության վրա։ Երկկողմ կապերի ակտիվացումը մեր համատեղ նպատակն է։ Մեր նպատակները և շահերը ռեգիոնալ և միջազգային խաղաղության ու անվտանգության տեսանկյունից համընկնում են։ Մենք հետաքրքրված ենք  Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, և դրա համար այսօրվա այցը ինձ համար հատուկ նշանակություն ունի»,- ասել է Ղազախստանի նախագահը։  ժ Նա հավելեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ապացուցում են այն, որ երկկողմ շահագրգռվածություն կա  գործընկերությունն ամենաբարձր մակարդակում պահպանելու ուղղությամբ։ Տոկաևը նշել է, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են բազմաթիվ ակտուալ օրակարգային հարցեր, հասել կոնկրետ պայմանավորվածությունների։ «Հատուկ ուշադրություն ենք դարձրել առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց ողջ ներուժը լիաթոք կերպով չի օգտագործվել։ Հենց այդ պատճառով մենք նպատակահարմար ենք համարում փոխանակումների տեմպերն ավելացնել, պետք է նոր ուղղություններ փնտրել, որոնք նոր իմպուլս կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը։ Մենք կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկենք արտահանման և ներմուծման ապրանքների ցանկն ավելացնելու համար։ Դրա համար առավելագույնս էֆեկտիվ պետք է օգտագործվեն գոյություն ունեցող հնարավորությունները։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանման ծավալը հասցնել 350 միլիոն դոլարի»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ պետք է ակտիվացնել  հարաբերություններն արդյունաբերության, ֆինանսների, նորարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ «Ես Հայաստանին առաջարկել եմ իրականացնել մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր։ Սա, մասնավորապես, ակտուալ  է այսօրվա դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այս ուղղությամբ աշխատանքները միջկառավարական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են»,- հավելել է Ղազախստանի նախագահը։ Տոկաևը նաև շեշտել է, որ հարկավոր է ակտիվացնել նաև երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները, ինչը թույլ կտա բարելավել ներդրումային հարաբերությունները։
12:23 - 15 ապրիլի, 2024
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև |civilnet.am|

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար․ Տոկաև |civilnet.am|

civilnet.am: Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ բանակցություններ վարելու համար։ Այդ մասին ապրիլի 15-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Ղազախստանի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ ակտիվորեն աշխատել, մասնակցել խաղաղության ամրացման գործընթացին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտումը։ Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այս հարցում և բարի ծառայությունների առաքելություն ստանձնել, այսինքն, իր հարթակը տրամադրել երկու երկրների միջև բանակցությունների համար։ Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,- նշել է Տոկաևը։ Ղազախստանի նախագահը ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Նա բարձր է գնահատել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը վերականգնելու Հայաստանի ձգտումը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով՝ Հարավային Կովկասում Հայաստանը շատ կարևոր և վստահելի գործընկեր է Ղազախստանի համար։ «Մեր հարաբերությունները հիմնված են անքակտելի բարեկամության և փոխաջակցության վրա։ Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ գործընկերությունը զարգացնելու հարցում, դրա համար այսօրվա այցն ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Բանակցությունները Նիկոլ Փաշինյանի հետ ապացուցում են, որ մենք հետաքրքրված ենք մեր գործընկերությունը պահպանել ամենաբարձր մակարդակում։ Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր, հասանք կոնկրետ պայմանավորվածությունների։ Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կոնտակտների ընդլայնմանը»,- ասել է Ղազախստանի ղեկավարը։ Նա նշել է, որ վերջին հինգ տարիներին Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, բայց երկու երկրների «հարաբերությունների զարգացման ներուժը մինչ օրս ամբոջությամբ չի օգտագործվել»։
11:59 - 15 ապրիլի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։  «Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն: Մանրամասներ են ներկայացվել համալսարանների տեղակայման, կացարանների, ճանապարհային ցանցի, լանդշաֆտի վերաբերյալ: Նրա խոսքով, նախագծի մշակման ընթացքում հաշվի է առնվել Թամանյանական նախագիծը՝ դրանով փորձելով կապ հաստատել Երևանի պատմության հետ: «Անցած անգամ մենք խոսում էինք «Հայֆիլմ»-ի հետ ինտեգրման մասին: Մենք ունեցել ենք չորս հաջողակ խմբեր, որոնք շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացրել, թե ինչպես կարելի է «Հայֆիլմ» ստուդիայի տարածքը վերակենդանացնել: Հուսով եմ, որ կկարողանանք այս գաղափարները բերել Հայաստան»,- հավելել է GMP միջազգային ընկերության փոխտնօրենը: Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան: Վարչապետի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային: Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ վարչապետն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին: «Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա: Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները: Քննարկումների արդյունքում վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ նախագծի իրականացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
16:41 - 13 ապրիլի, 2024
Շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը․ Փաշինյանը՝ ղազախական թերթին տված հարցազրույցում

Շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու փորձերը․ Փաշինյանը՝ ղազախական թերթին տված հարցազրույցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցն ամբողջությամբ. Հարց - Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկապես, այս փաստաթուղթը դարձել է առանցքային հանգրվան երկկողմ գործընկերությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու ճանապարհին՝ մեծամասամբ ուրվագծելով մեր միջպետական հարաբերությունների ընդհանուր սկզբունքներն ու հիմնական առաջնահերթությունները։ Դրանից հետո անցած ժամանակաշրջանը հստակ ցույց տվեց, որ երկկողմ համագործակցության ներուժի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է հայ և ղազախ ժողովուրդների հիմնարար շահերին։ Այսօր մեր հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել փոխադարձ քաղաքական կամքի առկայությունը, որը թույլ է տալիս առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ հարստացնելով դրանք նոր բովանդակությամբ և ռազմավարական ուղենիշներով։ Մենք վճռական ենք զարգացնել երկկողմ հարաբերություններն իրական իրավահավասարության, փոխօգնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա, որոնք հավասարապես թանկ են և՛ հայ, և՛ ղազախ ժողովուրդների համար։ Հենվելով դարավոր ամուր կապերի վրա՝ մեր երկրներն ակտիվորեն և նպատակաուղղված հանդես են գալիս միջպետական երկխոսության և համագործակցության համապարփակ և հետևողական աճի օգտին գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական փոխգործակցությունից և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումից, մինչև մշակութային և հումանիտար կապերի խորացում և միջտարածաշրջանային մակարդակով գործընկերային կապերի զարգացում: Միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ ունեցած լուրջ հիմքերի հետ մեկտեղ, անկասկած, ունենք բավականին լայն դաշտ հետագա համատեղ աշխատանքի համար։ Հարց - 2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով։ Սակայն, չնայած նման դինամիկային, մեր երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ներուժը հիմնականում իրացված չէ։ Ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային համագործակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անցյալ տարվա երկկողմ ապրանքաշրջանառության աճը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։ Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նրա հերթական՝ տասներորդ նիստը, կայացել է այս տարվա ապրիլի սկզբին։ Հաշվի առնելով այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվեց տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և արտահանման-ներմուծման և տարանցման գործարքների նոր շղթաների բացահայտման խնդիրներին, մոտ ապագայում կարելի է ակնկալել համապատասխան արդյունքներ։ Ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչության արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին (համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում և այլն): Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեր տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Բացի այդ, կարծում եմ, որ «բիզնեսը բիզնեսի համար» (B2B) ձևաչափով ուղղակի կապերի հաստատումը կարող է նպաստել նաև մեր երկրների առևտրատնտեսական ներուժի իրացմանը։ Այս առումով հատկանշական է հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակում կատարված աշխատանքը, որը նույնպես տեղի ունեցավ այս ամսվա սկզբին Երևանում։ Հարց - Այսօր Ղազախստանում կա հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, մինչդեռ Ձեր երկրում ղազախական կապիտալով մոտ 100 ընկերություն է գործում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մեր պետությունների համար ներդրումային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ մեր երկրում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։ Մեր կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ մեր ղազախ գործընկերներին։ Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն և ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը և նորարարությանը: Նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ և գործում են պարզեցված ընթացակարգեր։ Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար: Այս առումով, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ղազախստանի գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ներդրումները խթանելու նպատակով ուղիղ շփումների կարևորությունը։ Երկու երկրների պետական կառույցները, վստահ եմ, իրենց հերթին կապահովեն կապիտալի համապատասխան պաշտպանությունը, ինչպես նաև ապահով և կանխատեսելի ներդրումային միջավայր: Հարց - Ղազախստանն այսօր Կենտրոնական Ասիայի առաջատարն է թվայնացման ոլորտում՝ ֆինտեխից մինչև էլեկտրոնային կառավարում, և այս ուղղությամբ հետագա զարգացումը մնում է մեր երկրի առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդիականացմանը և գիտելիքի տնտեսության զարգացմանը։ Այս ոլորտում ի՞նչ փորձով կարող են փոխանակվել մեր երկրները միմյանց հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՏՏ արդյունաբերությունը Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ գործարարության համար բարենպաստ պայմանների, որակյալ աշխատուժի և կառավարության աջակցության շնորհիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում ցույց է տալիս կայուն՝ տարեկան 20% աճ, այն դարձնելով երկրի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Միջազգային ասպարեզում հայկական ընկերությունները մեծ համբավ ունեն ծրագրային ապահովման, մշակման, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ֆինտեխ նորարարական ստարտափների ոլորտներում։ Հաշվի առնելով երկու երկրների՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների միջև առկա մեծ փոխադարձ հետաքրքրությունը, կարծում եմ, որ աշխատանքը, որը տարվում է այս ոլորտներում փոխգործակցության կոնկրետ մեխանիզմների և ձևերի որոշման ուղղությամբ, տեսանելի ապագայում կարող է վերածվել հեռանկարային համատեղ նախագծերի։ Հարց - Պարոն վարչապետ, ըստ Ձեզ, ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերի համադրումը կարո՞ղ է ստեղծել տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել՝ հարթելով աշխարհաքաղաքական բեկումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։ Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի: Հարց - Ղազախստանն ու Հայաստանը փոխգործակցում են ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ կառույցների շրջանակներում։ Արդյոք մեր երկրները փոխըմբռնում ունեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բազմակողմ հարթակներում մեր հարաբերությունները նույնպես բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ մտքերի անկեղծ փոխանակմամբ և առաջացող խնդիրների համատեղ լուծումներ փնտրելու պատրաստակամությամբ։ Հայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը, մասնավորապես՝ պետական ինքնիշխանության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման, պետական սահմանների անխախտելիության ու անձեռնմխելիության հարցերում։ Մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։ Ողջ վերը նշվածի համադրությունը միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները միջազգային համայնապատկերի առանցքային հարցերի վերաբերյալ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Հարց - Ավանդաբար, հումանիտար կապերը և մարդկային շփումները մեծ ներդրում են ունենում պետությունների միջև փոխըմբռնման և համագործակցության զարգացման գործում: Ղազախստանում ապրում են մեծ թվով էթնիկ հայեր, ովքեր հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մշակույթն ու լեզուն, ամրապնդել կապերն իրենց պատմական հայրենիքի հետ։ Քանի՞ էթնիկ ղազախ է ապրում Հայաստանում։ Միջպետական մակարդակով ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի երկու ժողովուրդների մերձեցումը շարունակվի փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատմականորեն լինելով մեծ սփյուռք ունեցող ժողովուրդ՝ հայերը քաջ գիտակցում են, թե որքան կարևոր է ունենալ ազատ արտահայտվելու հնարավորություն և պահպանել իրենց լեզվական, էթնիկ, մշակութային և կրոնական ինքնությունը: Մեր կառավարության համար մարդկանց միջև կապեր հաստատելուն ուղղված պայմանների ստեղծումը, մշակութային և տեղեկատվական կենտրոնների և հայրենակցական միությունների գործունեությունը խրախուսելը կրում է առաջնահերթ բնույթ։ Այսօր Ղազախստանում ապրում և արարում են տասնյակ հազարավոր հայեր՝ իրենց զգալի ներդրումն ունենալով մեզ բարեկամ երկրի կայացման և զարգացման գործում։ Լինելով իրենց երկրի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միևնույն ժամանակ անում են ամեն ինչ իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները պահպանելու համար։ Մենք, իհարկե, խորապես շնորհակալ ենք Ղազախստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ ներառականության և հավասարության այդպիսի առողջ մթնոլորտ ստեղծելու համար։ Չնայած Հայաստանում բնակվող էթնիկ ղազախների համեմատաբար փոքր թվին՝ մեր ժողովուրդը միշտ համակրանքով և խորը վստահությամբ է վերաբերվել ղազախ ժողովրդին՝ բարձր գնահատելով մեր դարավոր բարեկամությունը։
12:38 - 13 ապրիլի, 2024
Փաշինյանը դիտարկել է Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորությունները

Փաշինյանը դիտարկել է Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները զարգացնելու հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով շրջայց է կատարել՝ դիտարկելու դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները և դրանք զարգացնելու հնարավորությունները: Վարչապետին ուղեկցել են կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Երևանի քաղաքապետը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչներն ու ճարտարապետական խմբի անդամները: Վարչապետը կանգառներ է ունեցել «Սպանդարյան» և «Ալմաստ» կայարաններում, որտեղ շրջայցի մասնակիցների հետ տեղում քննարկվել են ապագա ճանապարհային ցանցի հիմնման հնարավորությունները: Կարևորվել է տարբեր ուղղություններից Ակադեմիական տանող ճանապարհային ցանցի զարգացումն ու այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքների իրականացումը:
18:15 - 12 ապրիլի, 2024
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին

Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին:Վարչապետը կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արդարադատության բնագավառում: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչին նպաստում են նաև փոխայցելությունները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև փորձի փոխանակումը՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ:Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ հայ գործընկերների հետ ունեն սերտ համագործակցություն, և համոզմունք հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Ռատի Բրեգաձեն ընդգծել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորությունը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության ոլորտում բարեփոխումների և այլ հարցերի շուրջ:
17:56 - 12 ապրիլի, 2024
Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», - հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում։ Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. - «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»: Ժողովրդավարական կառավարում Վաշինգտոնում ավելի քան 75 տարի գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», - նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։ Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։ Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։ «Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը` մանրամասնելով. - «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։ «Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը: Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։ «Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, - «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։ Կոռուպցիա 2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. - «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։ «Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:26 - 12 ապրիլի, 2024
Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան

Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան

Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին բերեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրա մեջ մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով նախորդող օրերին խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «իրական» և «պատմական» Հայաստանի մասին հայտարարություններին։ «Նիկոլ Փաշինյանը երեկ` ապրիլի 10-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, հայ հանրությանը ներկայացրեց մի նոր «հայեցակարգ», ըստ որի իբր գոյություն ունի «Իրական Հայաստան» եւ «Պատմական Հայաստան», որոնք «ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար»։ Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ երկար ժամանակ եղել է «Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող» եւ «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո «բոլորիս աչքի առաջ» տեղի է ունեցել իր «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան», որի շնորհիվ նա «աներկբա և միանշանակ համոզվեց», որ Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւորագույն գործոնը «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է»։ Փաշինյանը նաեւ պնդել է, որ «Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է», որի միջազգայնորեն ճանաչված տարածքը «մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել» եւ որ «եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»: Մի կողմ թողնենք, որ Փաշինյանը պարզունակ գրագողություն է անում Վանո Սիրադեղյանից, որը, քննադատելով քաղաքական հայդատականությունը, ժամանակին ասել էր. «Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից»: Խորքային խնդիրն այստեղ այլ է։ Այն է, որ հենց Փաշինյանն էր Հայաստանի ղեկավարը, որը հանուն «Պատմական Հայաստանի»՝ կործանման եզրին բերեց իրական Հայաստանը, իսկ հիմա՝ նիկոլական դասական նենգամտությամբ փորձում է դրա մեջ մեղադրել այդ իրական Հայաստանի հիմնադիրներին։ Այս կապակցությամբ ասելիքս կուզեի արտահայտել հետեւյալ արձանագրումներով. 1․ Հայաստանը ի սկզբանե իր անկախության ձեռքբերման գործընթացը անցկացրել է Խորհրդային Միության Սահմանադրության շրջանակներում, անկախության հանրաքվեն կազմակերպել է բացառապես Խորհրդային Հայաստանի տարածքում, եւ առաջին իսկ պահից, ստորագրելով 1991 թվականի Մինսկյան (Բելավեժյան) հայտարարությունը, հռչակել է, որ ընդունում է իր սահմանները որպես նախկին Սովետական Հայաստանի սահմաններ։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը դիտարկում է որպես Ադրբեջանի եւ խորհրդային ժամանակաշրջանում նրա կազմում ինքնավարություն եղած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի միջեւ հակամարտություն։ Հայաստանի Հանրապետությունը նաեւ պաշտոնապես հայտարարել էր, որ համաձայն է այդ հակամարտության ցանկացած լուծմանը, որին համաձայն կլինեն եւ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Այսինքն, Հայաստանը երբեք իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս որեւէ հավակնություն չի հայտնել։ Նիկոլի լեզվով ասած, Հայաստանն ի սկզբանե իրեն հաստատել է, որպես միջազգայնորեն ճանաչված «Իրական Հայաստան» եւ դիվանագիտության մեջ երբեք չի կիրառել պատմական «իրավունքի» հետ կապված փաստարկներ (Վանո Սիրադեղյանը հենց այդ դիրքորոշումն էր պաշտպանում հայդատականներից)։ Հետեւաբար, Նիկոլի այն պնդումը, որ 1991 թվականից ի վեր «մենք ենք, որ չենք ճանաչել մեր միջազգայնորեն ճանաչած տարածքը», հերթական լկտի նիկոլական սուտ է։ 2․ «Պատմական Հայաստանի» տեսլականով, մինչդեռ, հանդես է եկել ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանը, որը 2020 թվականին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», Մյունխենում Ալիեւի հետ ներգրավվեց պատմության մասին Տիգրան Մեծին վկայակոչող վիճաբանության մեջ, եւ իր բազմաթիվ ելույթներում խոսեց Սարդարապատի ոգու ու Սեւրի պայմանագրի մասին, ոգեկոչեց Տիգրան Մեծին, Արտաշեսին, Աշոտ Երկաթին եւ հայոց այլ թագավորներին։ Պատմության մասին հենց այս կենացներով Փաշինյանն առաջնորդեց մեր երկիրը դեպի ամենամեծ աղետներից մեկը Հայոց պատմության մեջ։ Այսինքն, հենց Նիկոլ Փաշինյանն էր, որ 1991 թվականին հիմնադրած իրական Հայաստանը կազմաքանդեց պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով։ 3․ 2018 թվականին Փաշինյանը իշխանության եկավ եւ չորս խաղաղ տարվա ընթացքում բոլոր հնարավորություններն ուներ ծանոթանալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խորհրդապահական բանակցությունների բովանդակությանը եւ պատմությանը, դիվանագիտական խողովակներով ստանալու տեղեկություններ գլխավոր միջազգային խաղացողների դիրքորոշումների եւ ծրագրերի, տարածաշրջանում ստեղծված ռազմա֊քաղաքական բալանսի մասին։ Այդ ժամանակն անգամ անփորձ, բայց պետական կառավարմանն ընդունակ ցանկացած ղեկավարին պետք է որ բավարարեր հասկանակու համար, որ պատմության ընկալման վրա հիմնված ցնորքները սպառնալիք են մեր անվտանգության համար։ Բայց Նիկոլ Փաշինյանին այդ «հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան» անցնելու համար այդ չորս տարին բավարար չեղան։ Իր իսկ խոստովանությամբ, այն տեղի չունեցավ անգամ 44֊օրվա կործանարար պատերազմից հետո եւ կատարվեց «միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո»։ Այսպիսով, իշխանության մեջ անցկացրած 7 տարիներից 5 ու կես տարիներին Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել «Պատմական Հայաստանի» աղետաբեր ցնորքի սպասարկման գործով եւ միայն վերջին մեկուկես տարին է, որ «հասկացել» է իր գործունեության վնասները ու «տրանսֆորմացվել» դեպի «Իրական Հայաստան»։ Եթե բութ աշակերտի բնութագրման ավելի լավ օրինակ ունեք, խնդրում եմ ինձ տեղյակ պահել։ Միեւնույն ժամանակ, համաձայնվե՜ք, որ եթե երկիրն ունի այդ ծավալի բթություն խոստովանած ղեկավար, ապա այսօրվա մեր ձախողումների համար այլ բացատրություն փնտրելու կարիք պարզապես չկա։ 4․ Նիկոլ Փաշինյանն ինքն ընդունում է, որ 5 ու կես տարվա ընթացում մեր երկիրը առաջնորդել է ազգային անվտանգության եւ «Իրական Հայաստանի» համար կործանարար սպառնալիքներ առաջացնող «Պատմական Հայաստանի» տեսիլքի ուղղությամբ։ Հարց է ծագում. եթե այդքան երկար ժամանակ այդ մարդը, հակառակ բոլոր իրողություններին, համառորեն ցուցադրել է դատողության եւ տրամաբանության ակնհայտ արատներ եւ ոչ֊ադեկվատություն, ո՞րն է երաշխիքը, որ այս անգամ նրա դատողությանն ու տրամաբանությանը կարելի է վստահել մեր երկրի հետագա ճակատագիրը։ Իրականում, եթե ինչ֊որ բան եւ ապացուցվել է Նիկոլ Փաշինյանի մասին, դա այն է, որ քանի դեռ Փաշինյանի մտածողության (իսկ ավելի ճիշտ կլիներ ասել «անմտության») տեր մարդն է Հայաստանի համար ճակատագրական որոշումներ ընդունում, մեր երկիրը շարունակում է վտանգված լինել։ 5․ Նիկոլ Փաշինյանը մի կողմից պնդում է, որ Հայաստանը, ստորագրելով 1992 թվականի Ալմա֊Աթայի համաձայնագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, մյուս կողմից մեղադրում, որ Հայաստանը 1991 թվականից կառուցել է իր անկախության մոդելը սխալ՝ «Պատմական Հայաստանի» մոդելի վրա։ Թե ինչպե՜ս են կարող այս երկու իրարամերժ պնդումները միաժամանակ տեղավորվել Նիկոլ Փաշինյանի ուղեղի մեջ, թող ապագայում ուսումնասիրեն «Ակադեմիական քաղաք» տեղափոխված Բժշկական համալսարանում։ Այս պահին միայն արձանագրենք, որ անգամ ստախոսության գործում նա ապաշնորհ է»,- գրել է Զուրաբյանը։  
10:13 - 12 ապրիլի, 2024
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան 
 |armenpress.am|

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն անհրաժեշտ է ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը ՀՀ իշխանություններին անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով ընդդիմության  մեղադրանքներին, թե իշխանությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել: Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով: Եթե դու չես ճանաչում Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ՀՀ–ն, նույնիսկ պատմականորեն, ԽՄ տրամաբանությամբ, այն երկիրն է, որ պարփակված է այս երկրներով: Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում: Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ, և այս գայթակղությունով է, որ ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա ոչ թե քաղաքական, այլ սոցիալ–հոգեբանական հարց է: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ իրենից շատ ոչ մեկ պատմական Հայաստանը չի սիրի: Բայց ինքը հրաժարվում է պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը: «Ես, որպես ՀՀ վարչապետ, հրաժարվում եմ ընդհանրապես որևէ բան ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը...նրա այս պահին ապրող ժողովրդին և նրա շահերը»,–նշեց նա:
19:32 - 11 ապրիլի, 2024