Նոյեմբերյան

Հաղթանակ․ հայկական Տոսկանա, որ դեղձ էր մատակարարում Կրեմլին [մարzoom]

Հաղթանակ․ հայկական Տոսկանա, որ դեղձ էր մատակարարում Կրեմլին [մարzoom]

Ուղիղ մի տարի առաջ Բերդավանի Սլագեդան սարի հովին նստած կարդում էի «Անգլիացի պացիենտը», որտեղ Օնդաչին մի հատվածում նկարագրում է իտալական Սան-Ջիրոլամո առանձնատան շրջակայքն ու բնությունը՝ փռված բլուրների փեշերին։ Այդ պատկերները երեւակայորեն արտատպում էի գյուղի սարերի վրա, դրանցից մեկի լանջին Մեդիչիների առանձնատունը պատկերացնում ու փորձում հայտնվել իտալական փոքրիկ այդ շրջանում։ Հիմա Բերդավանում չեմ, բայց դրանից քիչ հեռու՝ 10.4կմ այն կողմ գտնվող մի գյուղում եմ՝ Հաղթանակում, որտեղ շրջելիս «Պացիենտը» նորից կարդալու ցանկություն առաջացավ։ Այստեղ բնապատկերներն առաջին իսկ հայացքից Տոսկանայից պոկված պատառիկներ են հիշեցնում։ «Հայկական Տոսկանա»,- անցնում է մտքովս, ու, քանի որ կեսօրի արեւը գլխիս երկար ժամանակ կախված է եղել, արդեն պատկերացնում եմ, որ գյուղ մտնելուն պես մարդիկ հետս իտալերեն են խոսելու։ Բայց սկսեմ սկզբից։ Այրում քաղաքից Հաղթանակը շատ հեռու չէ՝ մի հինգ կիլոմետր։ Որոշում եմ, որ կարելի է Այրումից ոտքով գնալ, համ էլ ճանապարհին մարդիկ կպատահեն, կզրուցենք։ Բայց առավոտվա ժամերին այս կողմերում շատ շոգ է, արեւն էլ՝ վառող։ Ծառի հովին սպասում եմ գյուղ գնացող մեքենաների, որ գուցե ինձ համար մի տեղ ունենան։ Մի չորս-հինգն իմ պարզած ձեռքին չեն արձագանքում, մի բեռնատար էլ որոշում է իր ճամփան բացելու համար մի հանդից մյուսը ճանապարհի մեջտեղով ալարկոտ անցնող կովերին քշել ինձ վրա, բայց կովերն արագ են կողմնորոշվում ու ինձ վազելու առիթ չեն տալիս։ Ի վերջո, երբ արդեն Հաղթանակի ցուցանակը երեւում է, մի մեքենա է պատահում, որ բարեհամբույր համաձայնում է ինձ հասցնել մինչեւ գյուղ․ մեկ է՝ այդ ճանապարհով Նոյեմբերյան է գնում․ «Տեղացի չեք, հա՞՜»,- երկարացնելով հարցնում է վարորդը՝ հայելու միջից մի հայացք ձգելով իմ կողմ,- «ի՞նչ կա բա էս կողմերումը»։ Ասում եմ՝ Երեւանից ենք եկել, համայնքներով շրջում, պատմություններ ենք հավաքում։ «Հա՜, լավ եք անում, ապրիք»։ Շուտ տեղ ենք հասնում։ Պարզվում է՝ բավական քայլել էի, քիչ էր մնացել։ Իջնում եմ գյուղամիջում, որ մի ցայտաղբյուրից ջուր վերցնեմ։ Ցայտաղբյուրը պատերազմում զոհված տղաների պատվին կառուցված հուշաքարի մոտ է։ Վեց զոհի անուն կա սալիկների վրա․ նրանց անունները դեռ կհիշատակեմ։ Գլուխս թեքում եմ, տեսնեմ՝ մոտիկ խանութի դռանը մի կին է հենված, ժպտալով ինձ է նայում։ Հեռվից բարեւելով մոտենում եմ, որպիսություն հարցնում ու սառը ջուր եմ ուզում գնել, բայց կինը՝ տիկին Անահիտը, համոզում է՝ առանց սուրճի չի լինի, անպայման ներս պիտի գնամ։ Հյուրընկալս շտապում է ամուսնուն կանչել, ասում է՝ ինքն ավելի շատ պատմելու բան կունենա։ Իսկ ամուսինը՝ Գեւորգ Բիջոյանը, երեսուն տարի Հաղթանակի միջնակարգ դպրոցի տնօրենն է եղել։ Հիմա վերապատրաստվում է, որ շարունակի աշխատանքը։ Հաղթանակի դպրոցում ավելի քան 180 աշակերտ է սովորում։ Այս դպրոց են գալիս նաեւ Լճկաձորի բարձր դասարանի աշակերտները։ Դպրոցում ամեն առարկայի ուսուցիչ էլ կա։ Իսկ աշակերտների առաջադիմությունը, ինչպես նկատում է Բիջոյանը, բավականին լավն է։ Նրա խոսքով՝ շրջանավարտների միջինում 50 տոկոսն անպայման բուհ է ընդունվում։ Բայց ինչպես Այրումում, այնպես էլ Հաղթականում, շատերը բարձրագույն կրթություն ստանալուց հետո նախընտրում են մայրաքաղաքում մնալ։ Գեւորգ Բիջոյանը Հիմա ոմանք գնում են Հաղթանակից, բայց ժամանակին շատերն են եկել, հաստատվել այստեղ։ Երեւի նկատեցիք դպրոցի տնօրենի ազգանունը։ Նա, ինչպես ուրիշները Հաղթանակում, Վրաստանից է տեղափոխվել այստեղ։ 1980-90-ականներին Վրաստանից ու Ադրբեջանից շատերն են եկել Հաղթանակում ապրելու։ Այժմ այստեղ 350 փաստացի տնեսություն կա, 1384 բնակիչ։ Հիմնականում գյուղատնտեսությամբ են զբաղվում, շատ քչերը՝ անասնապահությամբ։ Այնքան քչերը, որ կես-կատակ ասում են՝ «ամոթ էլ ա անասունների թիվ ասենք»։ Իսկ այգիներում դեղձ, արքայանարինջ են մշակում։ Բիջոյանը պատմում է, որ Սովետական միության տարիներին գյուղը բերքի մատակարարման ամենալուրջ ցուցանիշն է ունեցել Միության մասշտաբով։ Մի ժամանակ Հաղթանակը «Դեղձի երկիր» են կոչել։ Հետո 90-ականներին ջրի խնդիր է եղել, այգիների մի մասը չորացել է։ Բայց գյուղացիները նորից ուզում են վերականգնել իրենց այգիները։ Հիմա ոռոգման խնդիր չկա գյուղում։  Իսկ խնդիրների մասին ավելի մանրամասն տեղեկանալու համար գնում եմ, իհարկե, վարչական ղեկավարի մոտ։ Գյուղապետարանի շենքն այնքան էլ անմխիթար վիճակում չէ։ Խոշորացումից հետո, սակայն, ինչպես հայտնի է, գյուղապետարաններում շատ մարդ չի աշխատում (այժմ մնացել են միայն վարչական ղեկավարի, օպերատորի, հարկահավաքի, գյուղատնտես-հողաշինարարի հաստիքները)․ սենյակներ կան, որտեղ մարդ չկա, միայն միջանցիկ քամի՝ որպես շոգից փրկություն։ Մինչ վարչական ղեկավարը կգա, մտնում եմ Հաղթանակի գրադարան․ հին-հին գրքեր՝ պահարանի փոշոտ դարակներում։ Գյուղապետարանի աշխատակիցն ասում է՝ խոշորացումից հետո գյուղի գրադարանավարի հաստիք չկա։ Թեեւ երեխաները երբեմն գրքեր վերցնում են։  Գյուղապետը՝ Վահրամ Շարոյանը, գրադարանի դռան մոտից ձայնում է՝ ողջունում, հրավիրում աշխատասենյակ։ Միանգամից ասում է՝ հա՜, գրադարանավարի հարցն անպայման ուզում ենք լուծել․ «Ունենք մոտ 2000 կտոր գիրք, մոտ 4000 էլ մեր տանը կա, դրանք էլ եմ ուզում բերել էստեղ։ Պարտադիր պայման է, որ գրադարանավար լինի»,- ասում է Շարոյանը՝ նշելով, որ պատրաստվում է այդ հարցով քննարկում ունենալ համայնքապետի հետ։ Վահրամ Շարոյանը Գյուղապետի ազգանունն ինձ շատ ծանոթ է թվում, հիշում եմ՝ զոհերի հուշահամալիրում սալիկներից մեկի վրա երկու անգամ կրկնվում էր Շարոյան ազգանունը՝ Գարիկ եւ Վահագն։ Պարզվում է՝ Գարիկ Շարոյանը վարչական ղեկավարի հայրն է, Վահագնը՝ եղբայրը։ Հայրն Արցախում է զոհվել՝ առաջին պատերազմի տարիներին, եղբայրը՝ Նոյեմբերյանում՝ 2002-ին։ Գյուղապետի աշխատասենյակում հոր ու եղբոր նկարների կողքին փակցված են Հաղթանակի մյուս զոհերի ու Վազգեն Սարգսյանի նկարները։  Աջից՝ ձախ՝ Մարտուն Թեւանյանը, Գարիկ Շարոյանը, Մանվել Քեշիշյանը, Վահագն Շարոյանը, Խաչատուր Բադասյանը, Սարգիս Թեւանյանը, Վազգեն Սարգսյանը Մարտուն եւ Սարգիս Թեւանյաններն էլ դպրոցի տնօրենի՝ Բիջոյանի ազգականներն են։ Մարտուն Թեւանյանը, Մանվել Քեշիշյանը եւս զոհվել են Նոյեմբերյանում, Խաչատուր Բադասյանը՝ 2014-ի օգոստոսին՝ Մարտակերտում, Սարգիս Թեւանյանն իր մահով է լքել կյանքը։ Գյուղապետի հայացքում հարազատների ու համագյուղացիների կորստի ցավը երեւում է, բայց չի ընկճվում։ Ասում է՝ իր պարտքն է լավ աշխատելը, այլ տարբերակ չունի։ Իսկ այն, որ գյուղացիներն էլ իրեն են աջակցում, ավելի է մեծացնում պատասխանատվությունը։ Վարչական ղեկավարը գյուղի զարգացման 5-ամյա ծրագիր է ներկայացրել։ Առաջին փուլում նախատեսվում է մշակույթի տան վերանորոգումը, որից հետո գյուղապետարանը, Հայփոստը, որ նույն շենքում է այժմ, Էլ․ցանցի գրասենյակը, գրադարանը կտեղափոխվեն մշակույթի շենք։ Իսկ այս շենքն այլ նշանակությամբ կօգտագործվի։ Գյուղապետն ասում է՝ շատ ծրագրեր կան, ամեն ինչ էլ իրագործելի է, եթե կամք կա։ Գյուղում վերանորոգման կարիք ունեցող խաղադաշտ կա, դրան եւս պատրաստվում են անդրադառնալ, պատկան մարմիններն էլ խոստացել են, որ աջակցություն կցուցաբերեն, որ մարզադաշտին հարակից սպորտդպրոց բացվի։ Վերանորոգման կարիք ունի նաեւ գյուղի դպրոցը․ ներքին հարդարման աշխատանքներ պետք է անեն։ Իսկ մանկապարտեզն արդեն հիմնովին նորոգվել է, այդ թվում՝ կոսմետիկ, ու երեխաների համար բոլոր հարմարավետ պայմանները կան։ Մնում է միայն մանկապարտեզ տանող ճանապարհը սարքվի։ Շարոյանը չի մոռանում գյուղի ճանապարհների ասֆալտապատման խնդրի մասին։ Ասում է՝ 3.5կմ երկարության ճանապարհ կա, որը եւս հնգամյա ծրագրով նախատեսվում է նորոգել։ Բայց ամենամեծ նպատակներից մեկը, որ պատրաստվում են իրագործել, գյուղում նորից մեծ այգիներ հիմնելն է։ Շարոյանը պատմում է, որ ժամանակին գյուղը մրգերի տեսականիով Կրեմլի պաշտոնական մատակարարն է եղել․ «Դեղձ ենք ունեցել, հատը մոտ 700 գրամ է եղել։ Հիմա նորից ուզում ենք էդ այգիները հիմնենք։ Ճիշտ ա՝ ժողովուրդը զբաղվում ա արտագնա աշխատանքով, բայց չարաբաստիկ դեպքերից հետո ժողովուրդը կպել ա հողին։ Մոտ 300 հա էսօր այգի է, ընդհանուր 722 հա վարելահող ունենք, ակնկալում ենք, որ մինչեւ եկող տարվա վերջ դրանց 60 տոկոսում այգիներ կհիմնենք, 50 տոկոսն էլ ոռոգվում է ամբողջովին»։ Մինչ կգնանք գյուղի լանդշաֆտները բարձր բլրից նայելու՝ իմանում եմ, որ շուտով գյուղապետարան է գալու դպրոցահասակ կարատեիստ մի աղջնակ՝ մրցույթում հաղթելու պատվին ստացած իր գավաթը գյուղին նվիրելու։ Նադեժդա Բալայանը Ռուսաստանի Դաշնությունում աշիխարա-կարատե սպորտաձեւի մրցույթում առաջին տեղն է գրավել ու բարձրացրել Հայաստանի Հանրապետության դրոշը։ Նադեժդա Բալայանը Աղջնակը մեր դրոշն ուսերին գալիս է գյուղապետի աշխատասենյակ, կանգնում զոհված տղաների նկարների մոտ ու հպարտ տոնով ասում, որ դեռ էլի հաղթանակներ է ունենալու բոլոր հաղթանակներն իր գյուղին է նվիրելու։ Այսօր էլ գավաթն է հանձնում գյուղին։ Սա ասելիս Նադեժդայի սիրտը լցվում է, արցունքները հոսում են, բայց նա միանգամից ձգվում է, հավաքվում ու լուսանկարվում գյուղապետի հետ՝ նրանից ընդունելով շնորհակալագիրը։  Դուրս ենք գալիս ու գնում դեպի «պանսիոնատ»։ Ճանապարհին Շարոյանը պատմում է, որ գյուղի մի հիասքանչ հատվածում նախկինում ակտիվ գործող պանսիոնատ է եղել, որտեղ հյուրեր են եկել ամենատարբեր երկրներից։ Բայց հիմա այդ շենքն անմխիթար վիճակում է, թեեւ բնակվողներ կան՝ փախստականների յոթ ընտանիք։ Մեր գնալու պահին ձայն-ձուն չկար, միայն մի շան հաչոց։ Երեւի շոգի ժամին մարդիկ հանգստանում էին։ Գյուղապետն ասում է՝ եթե ներդրող լինի, ծրագիր կմշակեն, որ պանսիոնատի շենքը վերանորոգվի ու դառնա կամ հյուրատուն, կամ զարգացման կենտրոն։ Ուղղակի այստեղ բնակվող ընտանիքներին բախտի քմահաճույքին թողնել չեն կարող, չնայած՝ շենքը սեփականությամբ իրենց չի պատկանում։ Շարոյանն ասում է՝ եթե ծրագիր լինի, պետք է իրավասու մարմինների հետ այդ անձանց բնակության համար տեղ հատկացնեն, հողամաս ու գոնե տնակներ, հետո նոր շենքը հիմնանորոգել, օգտագործել ըստ նշանակության։ Վարչական ղեկավարը վստահ է՝ եթե հաջողվի իրագործել այդ գաղափարը, ապա Հաղթանակն անպայման զբոսաշրջիկների սիրելի վայրն է դառնալու։ Այս տարածքից ուղղակի հրաշալի տեսարան է բացվում դեպի Հաղթանակ գյուղ, գյուղի վարչական տարածք՝ դաշտեր, լանդշաֆտներ, տեսարան դեպի Վրաստան ու դեպի հայկական Արճիս գյուղ։ Եւ հենց այստեղ է, որ մի պահ թվում է՝ իտալական գյուղակում ես։ Զրուցելով իջնում ենք գյուղ, իսկ ճանապարհին անցնող-դարձողը ջերմ բարեւում է գյուղապետին։ Մինչեւ գնալս՝ շիշը սառը ջուր լցնելու ժամանակն է։ Գյուղապետը տներից մեկի մոտ ձայն է տալիս՝ Մանա՜ն, Գինեվա՜րդ, սառը ջուր ունե՞ք։ Լսում եմ՝ «ո՞նց չունենք, բայց մենակ ջուր չէ, համեցեք»։ Գյուղացի կանայք են, այգում գործ անելուց հոգնել, եկել են՝ մի քիչ հանգստանալու, ես էլ չեմ ստիպում՝ նկարել, բայց պայմանով, որ վերադառնալու եմ աշնանը, երբ տիկին Գինեվարդն օղի թորելու գործերով կլինի, եւ այդ ժամանակ անպայման նկարելու եմ։ Ի դեպ, Մանանան, որ մաքուր հայերեն է խոսում, ընդ որում՝ գրեթե առանց բարբառի, ազգության օսեթ է։ Բայց Հաղթանակը շատ է սիրում, ասում է՝ ապրելու տեղ է, տուն, ուրիշ տեղ չի ուզում գնալ, այստեղ բոլորը մի ընտանիքի պես են՝ մեկը մյուսի թիկունքին։ Հայարփի Բաղդասարյան
22:33 - 29 հունիսի, 2022
Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]

Այրում․ տեղ, որտեղ մարդն ու արծիվն ընկերություն են անում [մարzoom]

Քանի որ ես ոչ Հենրի Միլլերն եմ, որ մի բանի մասին երեք էջ գրեմ ու չհոգնեցնեմ, ոչ էլ, առավել եւս, Բակունցը, որ կարողանամ բնապատկեր նկարագրել այնպես, որ չուզեք տեքստն ավարտվի, ուստի ես արագ կանցնեմ առաջ ու կփորձեմ մի քանի փոքրիկ պատմությամբ ցույց տալ, թե Նոյեմբերյանի խիտ կանաչով ծածկված մի անկյունում ծվարած Այրում բնակավայրում մարդիկ ինչպես են ապրում, ինչով են զբաղվում, ինչպես են բակում արծիվ պահում ու քանդակներ սարքում։ Չեմ խախտի քաղաքում շրջելու ուղեգիծը, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես որ էր։ Ուրեմն, Այրումում մեզ դիմավորում է «Մարզերի երեխաները մարզերում» նախաձեռնության պատանի անդամներից մեկը՝ 16-ամյա Գրիգորի Բեջանյանը, ու պատրաստակամություն հայտնում ուղեկցել՝ ինչքան պետք է։ Եւ բնակավայրով մեր զբոսանքի ընթացքում Գրիշան սկսում է խոսել իր ծրագրերից, նպատակներից։ Մեր երիտասարդ բարեկամը, պարզվում է, իր համահիմնադրած հասարակական կազմակերպության՝ «Խոսենք գործովի» պետական գրանցման հարցերով է զբաղված։ Այս հասարակական կազմակերպությունը, ինչպես պատմում է Գրիշան, հիմնվել է մարզեցի ակտիվ երիտասարդների ջանքերով։ Այս պահին իրենց թիմում ութ կամավոր է ներգրավված, որոնցից հինգը Ջավախքից են, երեքը՝ Հայաստանից։ Իսկ կազմակերպությունը կրթական-երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու նպատակ ունի՝ դասախոսություններ, արշավներ եւ այլն։ Բայց այդ ամենը կազմակերպելու համար պատանիներին աջակցություն է պետք՝ ոչ միայն մասնակցության տեսքով, այլ նաեւ ֆինանսական։  Գրիգորի Բեջանյանը Իսկ 12-րդ դասարանում սովորող Գրիշան դեռ չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ձեռք բերելու, բայց հաստատ գիտի՝ հասարակական գործունեությամբ անպայման զբաղվելու է։ Դժվարություններից չի վախենում, բայց, ասում է, քաջալերումը չէր խանգարի։ Իսկ դոնոր գտնելու համար նա ու իր թիմակիցները պատրաստ են քննարկումներ ունենալ, ուստի եթե հետաքրքրված եք՝ անպայման գրեք երիտասարդներին ([email protected])։ Հետո գնում ենք հանդիպելու Այրումի վարչական ղեկավարի՝ Արշակ Էվինյանի հետ, որը բարեհամբույր ընդունում է մեզ։ Նա չի խուսափում խոսել համայնքի խնդիրներից ու նշում է, որ հիմա շենքերի տանիքների ու քաղաքի ճանապարհների անբարեկարգ վիճակն է ամենից շատ անհանգստացնողը։ Բայց, միեւնույն ժամանակ, նշում է, որ սուբվենցիոն ծրագրերն ընթացքի մեջ են, ու այդ խնդիրներին անպայման լուծումներ կտրվեն։ Միայն թե, եթե հաջողվեր հավելյալ ֆինանսավորում ձեռք բերել, տանիքների հարցը ոչ թե մի քանի տարում, այլ միանգամից կլուծվեր։  Արշակ Էվինյանը Այրումում մարդիկ անասնապահությամբ գրեթե չեն զբաղվում, շատ քչերն են խոշոր կամ մանր եղջերավորների պահում։ Վարչական ղեկավարի հայտնած տվյալներով՝ Այրումում 656 տնտեսություն կա, 2675 մարդ է բնակվում։ Մարդկանց անհանգստացնում է զբաղվածության խնդիրը․ ով հնարավորություն ունի՝ հասարակական կամ սպասարկման ոլորտում աշխատում է, ով էլ քաղաքում գործ չի գտնում, հարեւան գյուղեր կամ քաղաքներ է գնում, ոմանք էլ՝ արտագնա աշխատանքի։ Ի դեպ, ժամանակին՝ Սովետական միության շրջանում, Այրումում պահածոների հսկայական գործարան է աշխատել, որն այսօր ուղղակի ավերակ է։ Էվինյանը պատմում է, որ գործարանը Միության մակարդակով 8-տոկոսանոց մատակարարում է ապահովել, այնտեղ հազարավոր մարդիկ են աշխատել։ Հիմա այդ ավերակները երեւի թե միայնակների ու նաեւ սիրահարների թաքստոցներն են․ ոչ այլ ինչ։ Էվինյանը մեր զրույցում մտահոգ տոնով խոսում է նաեւ այն մասին, որ ոչ բոլոր երիտասարդներն են մնում քաղաքում, ավելի հաճախ նախընտրում են Երեւանում աշխատանք գտնել ու մնալ այնտեղ․ շատերը դպրոցն ավարտում-գնում են։ Այրումի դպրոցում 310 աշակերտ է սովորում։  Այրումում է Հարավկովկասյան երկաթուղու սահմանամերձ կայարանը։ Համայնքի վարչական ղեկավարը մեր զրույցում նշում է, որ տեւական ժամանակ է՝ այդ հատվածում կոյուղու խնդիր կա․ կոյուղաջրերը երբեմն մարդկանց բակեր են լցվում։ Այս խնդիրը երկար ժամանակ է՝ աչքաթող է արվում, բայց համայնքի ղեկավարությունը շարունակում է բանակցությունները «Վեոլիա ջրի» ու պատկան մարմինների հետ՝ հարցին լուծում տալու համար։  Մինչ մի ուրիշ թաղամաս ենք պատրաստվում գնալ, քաղաքամիջում հանդիպում ենք խաչքար սարքող երիտասարդի։ 23-ամյա Կամո Աղվանյանն է, վարդագույն տուֆի մեծ սալիկի վրա գլուխը կախ աշխատում է։ Եւ դեմ չէ, որ իրեն խանգարենք։ Զրույցի ընթացքում պատմում է՝ մի քանի տարով արտագնա աշխատանքի է մեկնել, բայց, այնուամենյանիվ, որոշել է վերադառնալ Այրում՝ այստեղ ապրելու ու ստեղծագործելու։ Կամո Աղվանյանը Կամոն Թերլեմեզյանն է ավարտել, նկարել էլ է սիրում, բայց համարում է, որ քանդակելն իրեն ավելի հոգեհարազատ է։ Դա նկատվում է նրա աշխատելու ձեւից․ փորագրության գործիքին մուրճով խփում է զգուշորեն ու ամենայն ուշադրությամբ, որ որեւէ թերություն չլինի։ Բայց թերություններն էլ, նկատում է նա, լավ աշխատանքով կարելի է շտկել։ Երիտասարդը համոզված է՝ Այրումը լավ էլ ապրելու տեղ է՝ շատ ջերմ ու բարի մարդկանցով, որոնք անպայման մեկը մեկի որպիսությամբ հետաքրքրվում են։  Շարժվում ենք դեպի երկաթուղի։ Ճանապարհը մեքենայի չէ․ երկաթե կամուրջ է գցած Դեբեդի վրա, որ, իր բնավորության համաձայն, միշտ գժված է հոսում։ Երկաթուղին հատում՝ հակառակ կողմն ենք անցնում։ Եւ առաջին պատկերները, որ աչքիս ընկնում են, նռան շքեղ ծառն ու դրան մոտ արծվի-առյուծի փայտե քանդակն են։ Հետո միամիտ տեսնում եմ արծվի, որ, զարմանալիորեն, ոչ թե ճախրում է երկնքում, այլ խելոք նստած է բնում՝ երկաթե վանդակի մեջ. առաջին հայացքից տխուր տեսարան է, բայց գուցե օրինաչափությունից դուրս բաներին էլ պետք է այլ հայացքով փորձել նայել։ Տներից մեկի դարպասի դռնից դուրս է գալիս պատկառելի արտաքինով մի տղամարդ ու հարցնում՝ հը՞, ո՞րտեղացի եք, տեսել ե՞ք սենց բան։ Ու բացում է վանդակի դուռը, արծվին՝ Ռոկիին, հրավիրում դուրս․ «Արի՛, Ռո՛կ, արի՛, արի ման արի»։ Ու արծիվը, պոչը շարժելով, խելոք դուրս է գալիս, թեւերը մի քիչ թափահարում, տեղավորվում ռելսերի վրա։ Ռոկին Կողքին նստում է տերը՝ Սամվել Պարոնյանը, որ հետո պարզվում է՝ ոչ այնքան տերն է, որքան ընկերը։ Ասում է՝ արծիվը, երբ եկավ, ձագ էր, անօգնական, տկար։ Օգնել է՝ ոտքի կանգնի, հետո Ռոկին չի հեռացել․ «Ռոկին տղայա, իսկական ընգեր։ Մենք ախպերություն ենք անում, երեք տարի ա՝ քիչ չի։ Ինքը հզոր տղայա, նենց պրիմիտիվ տղա չի, բայց ախպերություն ա, իրար հասկանում ենք»։ Սամվել Պարոնյանը՝ Ռոկիի հետ Սամվելը պատմում է, որ երբ ձագին օգնել է, սա էլ չի հեռացել իր մոտից։ Գնացել, թռչել է իր ուզած տեղերը, բայց անպայման հետ եկել՝ թառել Սամվելի տան մոտի փայտե հարմարանքներին։ Եւ, գուցե տարօրինակ թվա, բայց ոչ մեկի «քեֆին չի կպել»։ Դեռ ընդհակառակը՝ գյուղից մի չոբան այդ կողմերով անցնելիս, երբ տեսել է արծվին, երեւի վախեցել է, ու ինքն է սկսել «բզբզել» թռչնին, քարեր է նետել, ասել է, թե արծիվն ուզել է աղունիկին ուտել։ Սամվելն էլ, խուսափելու համար նման դեպքերից, Ռոկիի համար բուն է սարքել։ Սամվելն ասում է՝ թռչնին կերակրում է իր որսած շնագայլի թարմ մսով, իսկ Ռոկին, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, շատ քմահաճն է՝ յուղոտ, ոսկրոտ միս չի ուտում։ Հետո դուրս է գալիս զբոսանքի, խելոք վերադառնում բունը։ Սամվելը պատմում է՝ թոռները հանգիստ խաղում են բակում նույնիսկ այն ժամանակ, երբ Ռոկին «դրսերը թրեւ է գալիս»։ Արծվի բնի կողքին դրված փայտե արձանը Սամվել Պարոնյանն է քանդակել։ Բայց դա նրա մասնագիտությունը չէ․ Պարոնյանը ոստիկանության նախկին աշխատակից է՝ մայոր։ Հիմա տիկնոջ հետ է ապրում, զբաղվում է գյուղատնտեսությամբ ու մեծ կիրք ունի փայտե քանդակներ պատրաստելու հանդեպ։ Սարքում է սկուտեղներ, հեքիաթի կերպարներ, սիմվոլիկ քանդակներ։ Դրանցում հաճախ հանդիպում են արծիվն ու առյուծը, որ, զգացվում է, ոգեշնչում են Սամվելին։ Իր քանդակների մասին նա էնտուզիազմով է պատմում։ Մեկից մյուսին է անցնում, ցույց տալիս դետալները, որ ամբողջությամբ բնական են՝ փայտ, ագաթ, այլ բնական քարեր։ Մի մեծ, կլոր կոճղի վրա էլ հեքիաթ է քանդակել։ Ասում է՝ պապի ու կենդանիների հեքիաթը գիտե՞ք։ Ու սկսում է կոճղը պտտելով պատմել․ «Հեքիաթի պապիկն ա, բնության գրկում ա էլի պապը, պատմում ա՝ ինչեր են լինում էս կյանքում։ Ասում ա՝ մի հատ խոզ կար էլի, քանդում էր կաղնու ծառի տակ, վերջը՝ դրա մռութը բռնեցինք, բայց էդ ծառի վրա կանգնած արծիվ կար, վերեւից նայում էր, թե էդ խոզը խի ա քանդուքարափ անում։ Ըտեղ ծաղիկ կար, կոճղ կար։ Եկավ աղվեսը, հանդիպեց խաղողի, դունչը բարձրացրեց, չհասավ, ասաց՝ խակ ա, տվեց-անցավ։ Եկան, արջին հանդիպեցին, արջն ասավ՝ իմ հետ գործ չունեք, ես ծանր, խախանդ տղա եմ, ու տենց էլի, անցավ-գնաց»,- կոճղը պտտելով՝ պատմում է Սամվելը։ Այս հեքիաթը կարող է հազար զարգացում ունենալ, համ անավարտ մնալ, համ էլ հազար ավարտ ունենալ։ Բայց ավարտի դեպքում՝ անպայման աբստրակտ, ինչպես Սամվելի քանդակներն են։ Հայարփի Բաղդասարյան
21:30 - 28 հունիսի, 2022