Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։

ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նախագահի տեղակալը՝ նույն խմբակցության պատգամավոր Վարդան Վարդանյանը։ 

«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

 |aravot.am|

«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի աշխատանքներին այսօր չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ նախ ճշտեց, որ իրենք տեղեկացել են նիստի մասին։ «Երբ մենք Մադրիդում էինք, մեր ընդդիմադիր գործընկերներից Աննա Գրիգորյանը մեր հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Ես խնդրեցի, որ աշխատանքը լինի ոչ միայն դրսում մասնակցությամբ, այլեւ մեր հանձնաժողովի աշխատանքին գոնե մասնակցեն»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա շարունակեց․ «Լիագումար նիստին չմասնակցելու համար գուցե իրենք ասեն, որ դա քաղաքական է, բայց հանձնաժողովի աշխատանքները անվտանգությանն են վերաբերում։ Իրենք նաեւ խոստացել են, որ պետք է մասնակցեն։ Երբ վաղը խոսեն երկրում տիրող անվտանգային միջավայրի մասին, դրա իրավունքը պետք է ունենան նաեւ աշխատանքի շնորհիվ։ Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից։ Այդ ո՞նց է ստացվում, որ միջազգային հարթակներում չեն բացակայում, իսկ երկրի ներքին խնդիրների կարգավորման օրակարգերից բացակայում են, արթնանում են կամ չեն արթնանում»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը օրերս ԱԺ պատվիրակության կազմում գործուղման էր մեկնել Մադրիդ․ այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
12:06 - 24 նոյեմբերի, 2022
ԱԺ-ում առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները

 |armenpress.am|

ԱԺ-ում առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար։ «Նշված ցանկի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել է հանձնաժողովի ուսումնասիրմանը։ Այն ներառում է օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական շուրջ 3500 նմուշ փաստաթղթեր, ընդհանուր տասը հազարից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջանական չէ։ Փաստաթղթերի ստացման օրվանից հանձնաժողովի անդամները, փորձագիտական խումբը մանրակրկիտ ուսումնասիրում են դրանց բովանդակությունը, կազմման որակը, համապատասխանությունը ղեկավար փաստաթղերի պահանջներին և պատերազմում ստեղծված իրավիճակներին։ Փաստաթղթի ուսումնասիրմամբ բացահայտված նոր փաստերից և տեղեկություններից կարիք է առաջանում Պաշտպանության նախարարությունից և պետական այլ մարմիններից  ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր և տվյալներ»,- նշեց Քոչարյանը։ Քննիչ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ։ «Դա բավականին բարդ, ծավալուն, ժամանակատար և պատասխանատու աշխատանք է, որի հիման վրա հնարավոր է կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը։ Հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու անձի նամակ ուղարկել ենք։ Տեղյակ եք, որ Վարդան Օսկանյանը հեռավար ճանապարհով իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքների չմասնակցության անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և բոլորը պետք է գան։ Իսկ եթե խնդիր կա սահմանադրական օրենքի հետ կապված, նախագծերը նույնպես մշակված են և կներկայացվեն Ազգային ժողովի քննարկման։ Առաջարկում եմ 6 ամսով  հանձնաժողովի աշխատանքները երկարաձգել»,- եզրափակեց Քոչարյանը։
12:41 - 04 հոկտեմբերի, 2022
Հայաստանը պետք է իր սպառազինության հարցերը լուծի և կլուծի․ Անդրանիկ Քոչարյան
 |azatutyun.am|

Հայաստանը պետք է իր սպառազինության հարցերը լուծի և կլուծի․ Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով Հայաստանը պետք է իր զինված ուժերի մարտական խնդիրներին միտված սպառազինության հարցերը լուծի և կլուծի, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով զենքի մատակարարման խնդիրներին։ Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, թե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ ունեցող Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Փաշինյանը, սակայն փակագծեր չբացեց, թե որ դաշնակից երկրի մասին է խոսքը՝ չբացառելով, որ այս հարցում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են դերակատարում ունենալ։  - Վարչապետն ասաց, որ 100 միլիոնավոր դոլարներ են փոխանցվել, բայց զենքը չի մատակարարվել։ Վարչապետի խոսքից կարելի է եզրակացնել, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Ձեր հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ Ռուսաստանը պատերազմից հետո Հայաստանին զենք չի վաճառել։ Ի՞նչ է կատարվում, պարոն Քոչարյան, ինչպե՞ս հասկանանք այս ամենը։  Դուք մոռացե՞լ եք՝ նախկինում ոնց էին այդ խնդիրները լուծվում, երբ որ Ռուսաստանից զենքի մատակարարում կար, մատակարարում կար նաև Ադրբեջանին, և նախկինում էլ, երբ որ Ռուսաստանն Ադրբեջանին 5 մլրդ դոլարի զենք էր վաճառում, Հայաստանի քաղաքական իշխանություններն այն ժամանակ չկարողացան Ռուսաստանին համոզեն, կամ այնպես անեն, որ այդ մատակարարումներն իրականություն չդառնան, բայց հիմա տեսնում ենք, որ գուցե և Ադրբեջանին, բայց միայն Ադրբեջանով չի, Թուրքիային նաև հաջողվում է այս իրավիճակում համոզել Ռուսաստանին, որպեսզի գուցե ոչ թե չմատակարարի, այլ նաև հաշվի առնելով օբյեկտիվ իրողությունները ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, այդ մատակարարումները գուցե դանդաղել են։ Բայց դա իրականություն չդառանալ չի կարող, որովհետև ինչպես նշել է վարչապետը, մենք այնուամենայնիվ տվյալ մատակարարման համար մեր պարտավորությունները կատարել ենք՝ ֆինանսավորումը ժամանակին փոխանցելու առումով։ Հիմա մատակարարման խնդիրները պետք է դառնան իրականություն, կամ եթե դա չի դառնում իրականություն, դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը սպասելու է, թե մեկ աղբյուրից եկող սպառազինության խնդիրները թե չի լուծվում, ապա այլ ինչ ճանապարհներ կան, և այդ ճանապարհների փնտրտուքը մշտական է լինելու, հնարավոր և անհնարին բոլոր ճանապարհներով Հայաստանը պետք է իր Զինված ուժերի մարտական խնդիրներին միտված սպառազինության հարցերը լուծի և կլուծի։ Երբ որ ես ասում եմ՝ պետք է լուծի, հիմա շետերը կասեն՝ «պետք են շատ եք օգտագործում», բա ի՞նչ եք ասում, առանց սպառազինության հնարավո՞ր է նման իրողություններում բանակը պահել մարտունակ վիճակում։  - Պարոն Քոչարյան, հիմա հստակ ասեք, Ռուսաստանը փաստորեն փողը ստացել է, բայց հիմա հրաժարվում է զենքը տալ, այդպե՞ս է, թե՞ ոչ։  Չէ, ես չեմ կարող նման պնդում անել, որովհետև ես ինքս նամակագրություն ունեմ Ռուսաստանի դումայում իմ կոլեգայի հետ, գեներալ գնդապետ Կարտապոլովի հետ, և ես կարծում եմ, որ նամակագրությունը գոնե ինձ հույս է տալիս, որ խնդիրների լուծման մեջ մենք պետք է կարողանանք նաև հաղթահարենք այն խոչընդոտները, որը նաև ստեղծում են կողքից, ինչպես նաև Դուք եք նկատում։ Ես վստահ եմ, որ նաև խոչընդոտներ ստեղծում են Ադրբեջանի և Թուրքիայի ոչ միայն հատուկ ծառայությունները, այլ նաև քաղաքական իշխանությունները, բայց էդ խոչընդոտները պետք է չխանգարեն մեր ռազմավարական գործընկեոջ հետ նման խնդրի լուծում իրականություն դարձնելու, կամ եթե դա իրականություն չի դառնում, ուրեմն մենք պետք է հետևություններ անենք և չթղնենք մեր ժողովրդին անպաշտպան։
10:28 - 03 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ի առաջիկա նիստում կքննարկվի «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի նախագծերի փաթեթը |armenpress.am|

ԱԺ-ի առաջիկա նիստում կքննարկվի «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի նախագծերի փաթեթը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նիստի ընթացքում օրենքի նախագծերի փաթեթը ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը: «Հայաստանում գործող «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ընդունվել է 1998 թ. եւ ընդունումից ի վեր, բացի որոշակի պետական մարմիններին ծառայողական զենք ձեռք բերելու արտոնություն տրամադրելուց, երբեւիցե բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը: Նշված օրենքի դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ են, եւ չեն կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում»,- ասաց Գաբրիելյանը: Ներկայիս օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական եւ սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաեւ պարգեւատրման գործընթացների միջոցով: Ինքնապաշտպանական զենքը հասանելի է ոստիկանության եւ այլ կառույցների աշխատակիցներին, որոնք իրավունք ունեն տիրապետել եւ կրել համապատասխան ծառայողական զենքը ծառայողական պարտականություններից դուրս: Գաբրիելյանը մանրամասնեց, որ օրենսդրական փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում  ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում՝ զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու (փոխադրելու), զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոնները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման թույլտվությունների եւ լիցենզիաների տալու կարգը, ինչպես նաեւ այդ թույլտվություններից եւ լիցենզիաներից զրկելու կարգը: «Օրենսդրական փոփոխություններով, կարգավորվում է կարճափող զենքի շրջանառությունը, նաեւ խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում: Օրենքի փոփոխությունները հստակեցնում են զենքի եւ զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում  քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի եւ ռազմամթերքի տեսակները եւ կատեգորիաները»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը: Առաջարկվող օրինագծով արգելվում է, որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք շրջանառության մեջ մտցնել 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող փողով կամ փողային տուփով եւ փողով, 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարության հրազեն, ինչպես նաեւ այնպիսի կառուցվածքով երկարափող հրազեն, որը թույլ է տալիս դրա երկարությունը կարճացնել 800 մմ-ից՝ առանց կրակ արձակելու ունակության կորստի, իր ձեւով եւ տեսքով այլ առարկաների նմանեցված, կառուցվածքային փոփոխության ենթարկված, ինչպես նաեւ ինքնաշեն հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված ողորկափող հրազեն:  Արգելվում է նաև որպես քաղաքացիական եւ ծառայողական զենք շրջանառության մեջ մտցնել գազային կամ ազդանշանային զենք, որոնց կառուցվածքը հնարավորություն է տալիս կրակել հրազենի փամփուշտներ, լախտեր, կռփազենք (կաստետներ), բումերանգներ եւ որպես զենք կիրառելու համար հարմարեցված հարվածող, ջարդող, մանրացնող եւ նետողական հատկություններով օժտված այլ առարկաներ, բացառությամբ սպորտային գործիքների. զենք եւ այլ առարկաներ, որոնց խոցելու ունակությունը պայմանավորված է էլեկտրոմագնիսական, լուսային, ջերմային, ենթաձայնային կամ ուլտրաձայնային ճառագայթման օգտագործմամբ:   Առաջարկվող օրենքով հստակեցվում է՝ Հայաստանում զենք ձեռք բերելու իրավունք ունեցողների շրջանակը: Ըստ այդմ՝ Հայաստանի տարածքում զենք ձեռք բերելու իրավունք ունեն պետական ռազմականացված կազմակերպությունները, հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք, զենքի արտադրությամբ կամ առեւտրով զբաղվող իրավաբանական անձինք, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու թույլտվություններ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, լիցենզավորված ռազմամարզական, սպորտային հրաձգության, որսորդական տնտեսություն վարող եւ հրաձգարան գործարկող կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները: Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է Կառավարության uահմանած կարգով: Օրենքի նախագծով սահմանվում է, որ քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացին զենք ձեռք բերելու թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել քաղաքացիական զենք, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ ցուցադրելու համար նաեւ զենքի այլ տեսակներ՝ մալած վիճակում:   Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք: Քաղաքացու կողմից ձեռք բերված զենքը ձեռքբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել վերջինիս կողմից սահմանված դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր (բժշկական եզրակացություն տրամադրելու նպատակով բժշկական ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը),  պետական տուրքի վճարման անդորրագիր, 2 հատ 3x4 սմ լուսանկար, եւ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր: Առաջին անգամ քաղաքացիական զենք ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության կողմից երաշխավորված ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում անցնել զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների իմացության կարճաժամկետ պարապմունք եւ ստանալ համապատասխան հավաստագիր: Պարապմունքի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Պարապմունքից ազատվում այն քաղաքացիները, ովքեր ծառայել կամ ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում առնվազն 5 տարի եւ ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ: Զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում՝ 1) զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերություններ ունեցող անձանց (հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը). 2) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, ում դատվածությունն oրենքով uահմանված կարգով վերացված կամ մարված չէ. 3) հանցագործություն կատարելու համար պատիժ կրող անձանց, բացառությամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ կրող անձանց, եթե անձը չի դատապարտվել զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործության համար. 4) այն անձանց, որոնց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում դիտավորյալ կամ զենքի օգտագործմամբ անզգուշությամբ կատարված հանցագործություն կատարելու համար (մինչեւ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կամ արդարացման վերդիկտ կայացնելը). 5) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց. 6) զենքի շրջանառության կանոնները խախտած անձանց՝ մինչեւ վարչական տույժի ժամկետի լրանալը. 7) դիմելու պահին մեկ տարվա ընթացքում կրկնակի հասարակական կարգի դեմ, օրինական ուժի մեջ մտած վարչական ակտի հիման վրա՝ ոտնձգվող վարչական իրավախախտում թույլ տված անձանց. 8) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում չհաշվառված անձանց. 9) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու հիմքերով հաշվառման մեջ գտնվող անձանց. 10) սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հավաստագիր չունեցող անձանց: Կառուցվածքով զենքի նմանվող իրերը, մինչեւ 7.5 ջոուլ փողային էներգիայով օդաճնշիչ սարքը (այդ թվում՝ ռեւոլվերները), դրանց փամփուշտները, զենքի պարագաները, մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, թույլատրված չափանիշներին համապատասխանող էլեկտրահարող սարքերը ու կայծային պարպիչները գրանցման եւ հաշվառման ենթակա չեն, եւ քաղաքացիները իրավունք ունեն դրանք ձեռք բերել առանց թույլտվության:
15:41 - 05 սեպտեմբերի, 2022
Առաջարկվում է զորակոչից տարկետում տալ պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողներին
 |armtimes.com|

Առաջարկվում է զորակոչից տարկետում տալ պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողներին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին: Առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «27 տարին լրանալը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները մինչև 28 տարին լրանալը» բառերը, իսկ «համապատասխանաբար 27» բառից հետո լրացնել «28» թիվը: «Գիտեք, որ մինչև 27 տարեկանն են զորակոչում: Երբ գործող կարգերի համաձայն շատ ուսանողներ ստանում էին սահմանված կարգով տարկետումներ, բակալավրիատ, այնուհետև մագիստրատուրա, գալիս-հասնում էին ասպիրանտուրա, ասպիրանտական կրթության երկրորդ-երրորդ տարիներին շատերը կանգնում էին խնդրի առջև, որովհետև օրենքի պահանջի համաձայն՝ մինչև 27 տարին կա՛մ պիտի ազատվես, կա՛մ զորակոչվես բանակ, բայց քանի որ դիսերտացիան դեռ պատրաստ չէր, նրանք չունեին բանակից ազատվելու հիմքերը, բայց հասկանալի է, որ ասպիրանտուրայի երկրորդ կամ երրորդ տարում տանել բանակ, դա էլ ստացվում է՝ կիսատ է մնում ասպիրանտական կրթությունը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Որոշման նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է Կառավարությունը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որը հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է 10-ամյա, և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը: Նշվում է նաև, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և  տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում: «Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին, եթե օլիմպիադաների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը՝ ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում»,- գրված է հիմնավորման մեջ:
13:49 - 05 սեպտեմբերի, 2022
Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել. Անդրանիկ Քոչարյան
 |1lurer.am|

Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել. Անդրանիկ Քոչարյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստն է անցկացնում: Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կրկին բացակայում են: «Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել: Եթե որևէ մեկը տեղեկություն ունի նրանց գալու կամ չգալու մասին, խնդրում եմ տեղեկացրեք: Եթե չունեք, մենք քվորում ունենք և կշարունակենք մեր աշխատանքը: Քանի որ մեր նախագծի 5-րդ հարցն առնչվում է մեր երկրի անվտանգային խնդիրների կարևորագույն դրույթներից մեկին՝ «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, ափսոսում եմ, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցրած մեր ընկերներն այս քննարկմանը նույնպես չմասնակցելով՝ հեռու են պահում իրենց մեր անվտանգային խնդիրներից»,- ասաց նա:
11:29 - 05 սեպտեմբերի, 2022
Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

Պատգամավորները լրամշակել են քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության վերաբերյալ նախագծերը

ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արմեն Խաչատրյանը լրամշակել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Փոփոխությունները հստակեցնում են զենքի և զինամթերքի քաղաքացիական շրջանառությունը, այդ թվում՝ քաղաքացիական շրջանառության մեջ արգելված զենքի և ռազմամթերքի տեսակները և կատեգորիաները: Ըստ փաթեթի՝ քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է քաղաքացիների ինքնապաշտպանության, սիրողական հրաձգության, որսորդության, սպորտային ու մշակութային միջոցառումների, ռազմամարզության ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում օգտագործելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը: Քաղաքացիական համակցված կամ երկար-ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին՝ ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո: Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ զենքի հավաքածու կազմելու կամ դրանք ցուցադրելու համար՝ անսահմանափակ քանակով զենք: Փոփոխությունները ներառված են նաև «Հավաքների ազատության մասին»,  «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին», «Գովազդի մասին»  «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Ինկասացիայի մասին» և այլ օրենքներում՝ նպատակ ունենալով համապատասխանեցնել ոլորտի օրենսդրությունը: Հեղինակները հիշեցրել են, որ «Զենքի մասին» գործող օրենքն ընդունվել է 1998 թվականին և ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Նշվում է, որ գործող օրենքով սահմանվում է քաղաքացիների հասանելիությունը որսորդական և սպորտային զենքին, սակայն հասանելիությունն ինքնապաշտպանական զենքին սահմանված է թերի՝ միայն ողորկափող հրազենի տրամադրման, ինչպես նաև պարգևատրման գործընթացների միջոցով: Օրենքի փոփոխությունները կանոնակարգում են պահնորդական գործունեության թույլտվություն ունեցող տնտեսական սուբյեկտների կողմից զենքի կիրառումը, կարգավորում կարճափող զենքի շրջանառությունը, նաև խստացվում է պատասխանատվությունն այն ապօրինի կիրառելու դեպքում: Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա ըստ հեղինակների միջազգային փորձը փաստում է, որ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքն ապահովելով քաղաքացիական զենքի միջոցով՝ նվազում է հանցագործությունների թիվը: Պատգամավորները նախագծում վկայակոչել են Բալթյան երկրների, Վրաստանի և Մոլդովայի փորձը, ըստ որի քաղաքացիական զենքի վերաբերյալ օրենքի ընդունումից մեկ տարի անց հանցագործությունների քանակը 40-60%-ով նվազել է: Իսկ Մեծ Բրիտանիայում կարգավորումների խստացումը և սահմանափակումը հինգ տարվա ընթացքում հանգեցրել է հանցագործությունների կտրուկ աճի՝ մոտ 90% ֆիզիկական անձանց նկատմամբ բռնության գործադրման, մոտ 105% հրազենի օգտագործմամբ կողոպուտների, մոտ 110% գողությունների և 25% սպանությունների: Ըստ հեղինակների՝ նման վիճակագրությունը ապացուցում է, որ հանցագործություններ կատարելու դեպքում չի օգտագործվում հաշվառված օրինական հրազենը, իսկ բարեխիղճ քաղաքացիների մոտ օրինական զենքի բացակայությունն իրենց դարձնում է անպաշտպան զինված օրինախախտների դեմ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխություններով էլ առաջարկվում է զենքի առևտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կողմից զենքի ձեռք բերելու թույլտվություն չունեցող քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին զենք և ռազմամթերք վաճառելը, վաճառակետերում զենքի պահպանման անվտանգության կանոնների պահպանման խախտման համար տուգանք նշանակել՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 հազար): Նույն գործողությունները իրավաբանական անձի կողմից, որը նշված խախտման համար վարչական տույժի է ենթարկվել մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով և համապատասխան լիցենզիայից զրկում մինչև 3 տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ քաղաքացիների կողմից զենք ձեռք բերելը, այլ անձանց տալը կամ վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Առանց համապատասխան լիցենզիայի հրաձգարան գործարկելը քաղաքացիների կողմից առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Եթե նույն արարքը կատարվել է իրավաբանական անձանց կողմից, առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։ Օրենսդրությամբ նախատեսված կարգի խախտմամբ հրաձգարան կահավորելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Նշենք, որ նախագծերն օրակարգ ներառվելու համար նախ պետք է ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանան: Լուսանկարում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
14:04 - 03 օգոստոսի, 2022
Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արմեն Խաչատրյանն ընտրվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը տեղափոխվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, եւ մեր՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով «Հայաստան» խմբակցությունը գործուղել է Աննա Գրիգորյանին, ով չի մասնակցել հանձնաժողովի նիստերին: Այս մասին տեղեկացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի՝ հուլիսի 6-ին հրավիրած արտահերթ նիստում, որտեղ քննարկվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Հանձնաժողովն այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում վերջինս ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վստահության համար: Նրա խոսքով՝  պաշտպանության եւ անվտանգության ոլորտում մեր երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:
19:19 - 06 հուլիսի, 2022
Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան

Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան. Սուրեն Պապիկյան

Մեր սպաներն այսօր տանիք ունենալու խնդիր են լուծում. ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 6-ի արտահերթ նիստում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Նշվել է, որ վերջին տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեցտարի նվազում է կադրային սպայական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող քաղաքացիների քանակը, ինչը մեծապես կապված է զինվորական ծառայության առանձնահատուկ եւ որոշակիորեն ծանր պայմաններով բնույթի եւ ներկա դրությամբ արդեն իսկ ոչ համարժեք վարձատրության եւ սոցիալական երաշխիքների համակարգի առկայության հետ: Սուրեն Պապիկյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության, քաղաքացիների կողմից կադրային սպայական ծառայության ընտրության եւ ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար 20 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել բնակարան: Ընդ որում, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալու կամ մինչեւ պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու եւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքերում հատկացված բնակարանը զինծառայողին տրամադրվում է անհատույց սեփականության իրավունքով: Զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանը սահմանված կարգով անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին: Համապատասխան կարգավորումները տարածվում են 2022 թ. հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված եւ համապատասխան պայմանագիր կնքած զինծառայողների վրա: Նշվել է, որ նախագիծը սոցիալական տեսանկյունից կունենա դրական ազդեցություն եւ միաժամանակ կխթանի սպայական կազմի համալրմանը: Հարակից ելույթում հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, նշելով, որ հարցը լայնածավալ նախնական քննարկման փուլ է անցել, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել: Հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
12:37 - 06 հուլիսի, 2022
Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

Հայաստանը վերապահումով կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 10-ին քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին: Համաձայնագրի նպատակն է դրա մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության ամրապնդումը եւ ԶՈւ-երի միջեւ փոխգործակցության կապերի կազմակերպումը, որն իրականացվում է այդ թվում ԱՊՀ մասնակից պետությունների ռազմական նշանակության կապի արբանյակային ինտեգրված համակարգի ստեղծման միջոցով՝ դրա ազգային սեգմենտների ծավալմամբ՝  նկատի ունենալով համաձայնեցված տեխնիկական պահանջները: Ռուսաստանի Դաշնության ռազմական նշանակության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ելնելով համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կառավարման եւ նրանց ԶՈւ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման շահերից: Ռեսուրսի օգտագործումն ապահովվում է համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈւ կողմից ՌԴ զինված ուժերում կիրառման համար թույլատրված ռազմական նշանակության արբանյակային կապի երկրային կայանների շահագործման հիմքով: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի տեղեկացմամբ՝ համաձայնագրին Հայաստանը միացել է վերապահումով, ըստ որի՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան համաձայնագրին:
14:28 - 10 հունիսի, 2022
Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությանը. Անդրանիկ Քոչարյան

Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությանը. Անդրանիկ Քոչարյան

Օրեր առաջ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով հրավեր էր ուղարկել Վարդան Օսկանյանին, որին որևէ պաշտոնական պատասխան չտալով՝ Օսկանյանը մամուլում հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ չի պատրաստվում ներկայանալ Հանձնաժողովի լսումներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. «Նախ՝ հանձնաժողովի մասին Օսկանյանի ունեցած կարծիքը չէ, որ պետք է ձևավորի մեր աշխատանքների տրամաբանությունն ու հաջորդականությունը, երկրորդ՝ Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա քննիչ հանձնաժողովի գործունեությանը, իսկ եթե նա իրապես վստահ չէ հանձնաժողովի նպատակների արդարության և օբյեկտիվության հարցում, ապա առաջարկում եմ նրան անձամբ ներկայանալ հանձնաժողով և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» հանձնաժողովականներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ Այդուհանդերձ, զգուշացնում եմ, որ թե՛ Օսկանյանի և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։ Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների»:
13:28 - 01 հունիսի, 2022
Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում
 |1lurer.am|

Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության դեպքում |1lurer.am|

1lurer.am: Գործադիրը լրացումներ է առաջարկում «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում: Կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը հակելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու և դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցը ներկայացնելիս՝ նշել է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից փոփոխություններ են կատարվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում: ՀՀ Ազգային ժողովն արդեն վավերացրել է համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Նշված արձանագրության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով էլ առաջացել է օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը:
14:03 - 18 մայիսի, 2022
Սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով. Ֆիդանյանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին |1lurer.am|

Սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով. Ֆիդանյանը՝ Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին հարց ուղղեց ընդդիմության անհնազանդության ակցիաների օրերին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ֆրանսիայի հրապարակում եղավ մի միջադեպ, երբ վրաներից մեկում քաղաքացիներից մեկի մոտ սրտի կանգ էր գրանցվել: Մամուլում հրապարակվեց. փորձաքննությունը պարզել է, որ դեպքն առնչվում էր թմրամիջոցներին: Կարո՞ղ եք հաստատել՝ դա այդպես էր, թե՞ ոչ»: Ֆիդանյանը մեջբերեց փորձաքննության արդյունքները. «Այո՛, փորձաքննությունը ցույց է տվել, որ սրտի կանգը վրա է հասել գերդոզավորման հետևանքով»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ընդգծեց, որ այս հարցում անելիք ունեն իրավապահ մարմինները: «Փակ տարածքներում այդպիսի կոնտինգենտ է հայտնվում, դա նաև վտանգ է այն մատաղ, երիտասարդ սերնդին, որը ներգրավված է այս քաղաքական գործընթացների մեջ»,- ասաց Քոչարյանը: Ավելի վաղ հայտնել էինք՝ Ֆրանսիայի հրապարակից հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի՝ սրտի կանգով, որը հետո մահացել է:
11:31 - 18 մայիսի, 2022
ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ՊՆ-ն մերժել է տեղեկության տրամադրումը գաղտնիքի հիմքով այն դեպքում, երբ Հայկ Սարգսյանը հրապարակել է դրա վերաբերյալ որոշ տվյալներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստերից մեկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ներկայացնելով իր հեղինակած նախագիծը, ի թիվս այլնի, հրապարակեց օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի վերաբերյալ որոշ ամփոփ տվյալներ։ Նա, մասնավորապես, ասաց․ «Մենք ունենք տարեկան մոտավորապես 8000-10․000 զինծառայող, ովքեր ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից առողջական խնդիրների հիման վրա կամ այլ խնդիրներ ունենալով... Վերջին 8 տարվա մեջ մենք 60․000-ից ավելի զորակոչիկի ազատել ենք պարտադիր զինվորական ծառայությունից»։ Նիստից հետո՝ փետրվարի 25-ին, մենք գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ հետաքրքրվելով, թե 2000-2021 թթ ընթացքում ամեն տարի ՀՀ քանի՞ քաղաքացի է ազատվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից եւ քանի՞ քաղաքացի՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Խնդրեցինք հայտնել նաեւ, թե ազատումներից յուրաքանչյուրը օրենքով նախատեսված ո՞ր հիմքով է եղել (առողջական, այլ պետությունում ծառայած լինելու, բացառիկ եւ այլն)։ Մարտի 4-ին ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա․ «Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»,- ասված էր գրության մեջ։ Օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, սական, ՊՆ-ն պատասխանը չտրամադրեց։ Մեկ ամիսը լրանալուն պես՝ մարտի 26-ին, մենք զանգահարեցինք թե՛ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն, սովորության համաձայն, մեր զանգերը մի քանի օր շարունակ մնացին անպատասխան։ Միայն մարտի 29-ին մեզ հաջողվեց կապ հաստատել նրանց հետ, որից հետո՝ մարտի 30-ին, ստացանք հարցման պատասխանը հետեւյալ բովանդակությամբ․ «Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ տեղեկացնում եմ, որ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկություաների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. հուլիսի 9-ի N 9-Ն հրամանի 55-րդ կետի պահանջները»: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք, իսկ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի հիշյալ դրույթը ամրագրում է, որ գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են եւ հրապարակման ենթակա չեն: Նախարարի հիշյալ հրամանի համաձայն էլ՝ գաղտագրման ենթակա տեղեկությունների թվում են ՊՆ համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունների ընդհանրացված ամփոփ տեղեկություններ, հանրագումարային տվյալներ պարունակող վերլուծական փաստաթղթեր (նյութեր)` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։ ՊՆ այս պատասխանը, իհարկե, սպառիչ կլիներ, եթե պատգամավորը նույնաբովանդակ տվյալներ հրապարակած չլիներ։ Այնուհանդերձ, համոզվելու համար, որ Հայկ Սարգսյանի հրապարակած տվյալների աղբյուրը հենց պաշտպանական գերատեսչությունն է, գրավոր հարցում ուղարկեցինք նաեւ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետական որ կառույցը կամ պաշտոնատար անձն է տրամադրել իր հրապարակած թվային տվյալները, որն է դրանց աղբյուրը, եւ խնդրեցինք հնարավորության դեպքում տրամադրել դրանք ավելի ամբողջական տեսքով։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված տեղեկության հիմքում ընկած են հաշվարկներ, իսկ հաշվարկների համար օգտագործվել են գաղտնի եւ ոչ գաղտնի տվյալներ, որոնք տրամադրել են ՀՀ ՊՆ-ն եւ ԳՇ-ն․ «Առավել մանրամասներ չեմ կարող հայտնել այս մասով, միայն կարող եմ հավելել, որ ազատվածների 15․3 տոկոսը պիտանի են ծառայության համար եւ ազատվել են այլ հիմքերով։ Հաշվարկների համար օգտագործված թվերը միչեւ 2020 թվականը ընկած, վերջին 10 տարիների միջինացված թվերն են»,- ասված էր պատգամավորի պատասխանում։ Լրացուցիչ հարցմամբ խնդրեցինք տրամադրել հաշվարկների հիմքում ընկած ոչ գաղտնի տեղեկությունները, ինչին ի պատասխան՝ Հայկ Սարգսյանը տրամադրեց 1984-2001 թթ ծնված տղաների թվաքանակը ՀՀ-ում՝ կից գրությամբ․ «Այս տարեթվերին գումարելով 18՝ ստանում ենք որքան զինծառայող պետք է զորակոչվի 18 տարի հետո։ Այսինքն 2000 թվականին ծնվածները զորակոչվում են 2018 թվականին։ Իհարկե, սա հաշվարկների մեջ շատ չնչին դեր ունեցող տվյալ է, սակայն այստեղ տարակուսելին այն է, որ 1984 -ից 2001 թվականների ընթացքում՝ ընդամենը 17 տարում, ծնված տղաների թիվը կրճատվել է 23502-ով կամ 2,3 անգամ»։ Պարզ է, որ Սարգսյանի տրամադրած այս տվյալները կապ չունեն ՊՆ-ի կամ ԳՇ-ի հետ, նա ինքն էլ նշել է, որ դրանց աղբյուրը Քաղաքացիական կացության ծննդյան վերաբերյալ ակտերն են։ Ուստի անհասկանալի է մնում՝ եթե օրինական հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների թվային տվյալները գաղտնիք էին, ապա ինչու է պատգամավորը դրանցից որոշները հրապարակել Հանձնաժողովի նիստում, իսկ եթե գաղտնիք չէին, ապա ինչու ՊՆ-ն, հետագայում նաեւ՝ պատգամավորը, չեն տրամադրում դրանք լրատվամիջոցին։ Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունը Infocom-ի հարցմանն ի պատասխան մերժել է տեղեկության տրամադրումը պետական եւ ծառայողական գաղտնիք համարվելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է նույն այդ տեղեկության վերաբերյալ որոշ տվյալներ։   Միլենա Խաչիկյան
16:54 - 26 ապրիլի, 2022
Ազատության հրապարակի փոխարեն Քոչարյանն ու Սարգսյանը թող Արցախ գնան. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

Ազատության հրապարակի փոխարեն Քոչարյանն ու Սարգսյանը թող Արցախ գնան. Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրապարակում հանրահավաք անցկացնելու փոխարեն գնալ Արցախ և իրենց աջակցությունն ավելի շոշափելի դարձնել հենց Արցախից՝ շեշտելով՝ Արցախի հետ կապված խնդիրները պետք է լուծել բուն Արցախում։ «Առաջարկում եմ, որ ընդդիմադիր երկու ուժերի լիդերները՝ իրենց աշխատակազմերով և իրենց համակիրներով, փորձեն կազմակերպեն մեկ ամսյա բանակում Արցախում։ Փոքր խմբերով գնան և համալրեն Պաշտպանության բանակի կորցրած հնարավորությունները՝ իրենց նաև մասնակցությամբ, իրենց նաև ֆինանսներով։ Բայց էս պահի դրությամբ առայժմ բացի պետական իշխանության աջակցությունից, ընդդիմադիր ուժերի ծրագրային աջակցություն, գոնե սրտացավ աջակցություն, տեսանելի չէ մեր հասարակության համար, էդքանով էլ ես համոզված եմ, որ վաղվա իրենց միջոցառումը ոնց կսկսվի, այնպես էլ կավարտվի», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ ընդդիմադիրներն այնուամենայնիվ ազնիվ չեն․ - «Իմանալով, որ ամսի 6-ին Բրյուսելում տեղի է ունենալու հանդիպում, իրենք այդ հանդիպումից առաջ, չգիտես ինչու, Արցախի անվտանգության խնդիրները բերում են Ազատության հրապարակ և Երևանի փողոցներ՝ մոռանալով, որ Արցախի խնդիրները պետք է լուծել հենց բուն Արցախում»։ Հարցին, թե ինչ-որ փաստաթուղթ, հայտարարություն ընդունվելո՞ւ է Բրյուսելում, Քոչարյանը պատասխանեց․ - «Նախ կլինի հանդիպումը, դրանից հետո, բնականաբար, թաքցնելու ոչինչ չունի իշխանությունը, և արձանագրությունները գոնե հասնելի կլինեն բոլորին»։ Անդրադառնալով ընդդիմադիրների այն քննադատությանը, թե իշխանությունները չեն զսպում Ադրբեջանի ախորժակը՝ Քոչարյանը պնդեց՝ Ադրբեջանի ախորժակը չափավոր զսպվածության միջավայրում է՝ ընդգծելով՝ այս պահին գործում է հրադադարի ռեժիմը և հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ «Հիմա էստեղ զսպել-չզսպելու պատկերացումները մի քիչ տարբեր են․ իշխանությունները շարժվում են խաղաղության օրակարգով, մեր ընդդիմադիր գործընկերները երազում են պատերազմ և, ամենայն հավանականությամբ, նաև պատերազմի ընթացքում իշխանությունների կողմից արձանագրված պարտություն, որը կլինի հայ ժողովրդի պարտությունը և պետականության կորուստ։ Իրենք երևի թքած ունեն, թե պատերազմն ինչ հերթական զոհեր կբերի, որովհետև զոհերի մեջ իրենք ո՛չ իրենց, ո՛չ իրենց հարազատներին չեն տեսնում», - ասաց իշխանական պատգամավորը։ Քոչարյանը պնդեց՝ իշխանությունը փորձում է կառավարել արտաքին քաղաքական ռիսկերը՝ դա համարելով հնարավոր պատերազմի դրսևորումները զսպելը առաջին պայմանը։ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։
13:20 - 05 ապրիլի, 2022