Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

«Արդար քննությունն ենք պահանջում»․ Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել
 |news.am|

«Արդար քննությունն ենք պահանջում»․ Պեմզաշենի գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանը հացադուլ է սկսել |news.am|

news.am: Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի 31-ամյա բնակչուհի Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ սպանությունների գործով մեղադրյալներից Արկադի Բարսեղյանը օգոստոսի 4-ից հացադուլ է սկսել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վլադիմիր Մինասյանը։ «Պահանջն արդարության վերականգնումն է։ Արկադի Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ասում է՝ ես չեմ արել։ Գործը պետք է հանձնվի առավել պրոֆեսիոնալ քննչական մարմինների, օրինակ՝ ՀԿԳ-ին»,- նշեց նա։ Փաստաբանի խոսքով՝ Բարսեղյանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից չեն այցելել․ «Հավանաբար, կալանավայրից իրենց չեն էլ տեղեկացրել»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն: Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։ Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:  
13:56 - 09 օգոստոսի, 2023
Կասեցվել է «ԻԳԻԹ» պանրի արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է «ԻԳԻԹ» պանրի արտադրության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ԻԳԻԹ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Ազատան), որի ընթացքում իրականացվել է նմուշառում պանիր «Տիլզիտեր» արտադրատեսակից (արտադրված 15.06.2023 թվականին, խմբաքանակի չափը 20 կգ.) և ներկայացվել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Փորձաքննությամբ արձանագրվել է, որ նշված արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին և, համաձայն  «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, համարվում է վտանգավոր սննդամթերք: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԻԳԻԹ» ՍՊԸ պանրի արտադրության առանձին գործառույթը՝ «Տիլզիտեր» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: Սահմանվել է ժամկետ:
11:58 - 04 օգոստոսի, 2023
Իշխանափոխություն Ախուրյանում. ՔՊ-ի թեկնածուն՝ Ախուրյան ԲԿ-ի տնօրենը ընտրվեց համայնքապետ

Իշխանափոխություն Ախուրյանում. ՔՊ-ի թեկնածուն՝ Ախուրյան ԲԿ-ի տնօրենը ընտրվեց համայնքապետ

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Ախուրյան ԲԿ-ի տնօրեն Զավեն Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանից: Նշենք, որ Ախուրյան համայնքում տեւական ժամանակ ներքաղաքական լարված դրություն էր։ Ախուրյանում իշխանությունը ձեւավորվել էր «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքների կոալիցիայով: Արծրուն Իգիթյանը 14 ձայն էր ստացել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ 13 ձայն։ Իգիթյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն զբաղված է ավագանու անդամեր «փախցնելու» գործով: Համայնքի ավագանու անդամներ՝ Սամսոն Հովհաննիսյանը, Արիստակես Չալոյանը դիմում էին ներկայացրել համայնքապետ Արծրունի Իգիթյանին՝ «Ախուրյան» դաշինքը լքելու մասին: Ավագանու մի անդամ էլ՝ Մանուկ Առաքելյանը, դիմում էր ներկայացրել «Հաղթանակ» դաշինքը լքելու մասին: Որոշ ժամանակ անց Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Նա նշել էր, թե հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառն իր առողջական վիճակն է:
14:02 - 19 հուլիսի, 2023
Գյումրիում ԱՄՆ դեսպանը մարզպետի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

Գյումրիում ԱՄՆ դեսպանը մարզպետի հետ հանդիպմանն անդրադարձել է շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է ճանաչողական այցով Գյումրիում գտնվող Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից: Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ուրախ է հյուրընկալելու դեսպանին և առանձնահատուկ պատասխանատվությամբ կներկայացնի Շիրակի մարզը, քանզի դեսպանն առաջին անգամ է այստեղ․ «Ձերդ գերազանցություն, տիկի՛ն դեսպան, գիտեմ, որ առաջին անգամ եք Գյումրիում, սիրով ձեզ կպատմեմ մեր մարզի և մարզկենտրոնի մասին: Լինելով արդյունաբերական լուրջ կենտրոն՝ երկրաշարժից հետո Գյումրին կորցրեց երբեմնի հզորությունները, տասնամյակներ շարունակ քաղաքի վերականգնման ու կառուցման տարատեսակ ծրագրեր են իրականացվել։ Ու դեռ անելիքներ կան։ Որքան էլ դժվար ճանապարհ է անցել Շիրակը, պահպանել է իր առանձնահատուկ ոգին, ունի մեծ պոտենցիալ ինչպես զբոսաշրջության և մշակույթի զարգացման, այնպես էլ տարբեր բնագավառներում՝ փոքր ու միջին բիզնեսում, թեթև արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, առաջ գնալու համար։ Գյումրին այն հազվագյուտ քաղաքներից է, որ պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը և ունի մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու»։ Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․ «Պարո՛ն մարզպետ, զգացված եմ ձեր առանձնահատուկ վերաբերմունքից։ Ինձ համար պատիվ է լինել Շիրակի մարզում, հյուրընկալվել ձեզ և զրուցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Վստահ եմ, եթե կա փոխադարձ պատրաստակամություն, ապա համագործակցության նոր հեռանկարներ կնախագծվեն»։ Մարզպետը կարևորել է հետերկրաշարժյան ժամանակաշրջանում ԱՄՆ կառավարության կողմից Շիրակի մարզին ցուցաբերած օժանդակությունը և անդրադառնալով հայ-ամերիկյան բարեկամությանը՝ վստահություն հայտնել, որ երկկողմ միջպետական հարաբերությունները կշարունակեն դինամիկ զարգանալ և այդ համատեքստում կամրապնդվի նաև ապակենտրոնացված գործընկերությունը։ «Տիկի՛ն դեսպան, մենք պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք նոր նախաձեռնություններ ու ծրագրեր իրականացնել ձեզ հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,- նշել է մարզպետը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել շիրակցի գերիների հայրենադարձման խնդրին, մարզում իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես ՏՏ բնագավառում առկա տեղաշարժերին, տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին։ Հանդիպման ավարտին կողմերը հուշանվերներ են փոխանակել։
14:04 - 10 հուլիսի, 2023
ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների ընդունման գործընթաց

ՊԵԿ-ը նախաձեռնել է Գյումրիում բեռնաթափման լրացուցիչ ծառայությունների մատուցման հայտ-առաջարկների ընդունման գործընթաց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվի առնելով ավտոմեքենաների ներմուծման ծավալների շարունակական աճն ու ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 2/14 հասցեում գտնվող տարածքի գերծանրաբեռնված իրավիճակը, ՊԵԿ-ը նախաձեռնում է նշված հասցեում՝ շուրջ 1 հա տարածքում, բեռնաթափման լրացուցիչ ծառայություններ մատուցելու նպատակով, հետաքրքրված անձանցից հայտ-առաջարկների ընդունման գործընթաց։ Մասնավորապես, Կոմիտեն առաջարկում է ԱԱՀ հարկման համակարգում գործունեություն իրականացնող հետաքրքրված անձանց` ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ տարածքի մաքսային հսկողության գոտու պայմաններին համապատասխան կարգի բերման և կահավորման, ծառայության մատուցման պայմանների վերաբերյալ մանրամասն առաջարկներ՝ ծառայությունների մատուցման նվազագույն շահավետ ժամկետի նշումով։ Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ առաջարկների քննարկման ժամանակ հաշվի են առնվելու հետևյալ պայմանները․ տարածքի կարգաբերման ու կահավորման սեղմ ժամկետները, օրական աշխատաժամանակի տևողությունը, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին ծառայությունների մատուցման պատրաստակամությունը, օրական բեռնաթափման ծավալները, ծառայության գինը: Ընտրված մասնակիցը պարտավոր է.   Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցները բեռնարկղերից բեռնաթափման համար ապահովել առնվազն 2 (երկու) հատ ամբարձիչ՝ յուրաքանչյուրը 3,5-5 տոննա բեռնվածքի հզորությամբ: Ապահովել ամբարձիչի վարորդների, բանվորների և այլ ծառայություն մատուցողների միջև, աշխատանքային պրոցեսում հեռահար կապ հաստատելու և բեռնաթափման աշխատանքները կոորդինացնելու ու արագ ուղղորդելու համար, առնվազն 3,5 կմ շառավիղ ունեցող ներքին կապի շարժական միջոց: Ապահովել աշխատանքների իրականացման գործընթացի ապահովագրության պարտադիր պահանջ: Ապահովել ծառայությունների մատուցման ժամանակ մարդու  կյանքի և առողջության անվտանգության ապահովման, ինչպես նաև ծառայություն մատուցողներին տարածքում գտնվող այլ անձանցից զանազանելու և պատշաճ տեսքով ներկայանալու նպատակով՝ համազգեստ, գլխարկ, սաղավարտ, ձեռնոց, կոշիկ, աշխատանքային արտահագուստ, անվանական քարտ: Հայտերի ուսումնասիրման արդյունքում ընտրված կազմակերպության կողմից հայտում նշված պայմաններին համապատասխան ծառայությունների չմատուցման կամ ոչ պատշաճ որակով մատուցման դեպքում, Պետական եկամուտների կոմիտեի կողմից միակողմանի դադարեցվելու է վերջինիս հետագա գործունեությունը նշված տարածքում և ընտրվելու է հայտ ներկայացրած մեկ այլ կազմակերպություն։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 26-ն է:
11:26 - 20 մայիսի, 2023
Գյումրիում բուժաշխատողների կողմից կաշառքով պատվաստման կեղծ սերտիֆիկատների գործով 7 մեղադրյալի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է

Գյումրիում բուժաշխատողների կողմից կաշառքով պատվաստման կեղծ սերտիֆիկատների գործով 7 մեղադրյալի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատների դիմաց առևտրային կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին և 6 աշխատակցի: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021 թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։ Բուժքույրը կազմել է պաշտոնական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ, և այդ փաստաթղթերը դրել շրջանառության մեջ։ Արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ: Քննությամբ պարզվել է նաև, որ կենտրոնի մի շարք աշխատակիցներ, նյութապես շահագրգռելու եղանակով, նշված բժշկական կենտրոնի բուժքրոջը և պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորին դրդել են իրենց ծանոթներին, ինչպես նաև տարբեր քաղաքացիների տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Արդյունքում՝ որոշ դեպքերում որպես կաշառք տրված գումարների դիմաց, իսկ որոշ դեպքերում էլ՝ նույն ընկերության աշխատակիցների խնդրանքները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բժշկական կենտրոնի բուժքույրը, ընդհանուր շուրջ 65, իսկ բուժքույր-վակցինատորը՝ ընդհանուր շուրջ 120 ՀՀ քաղաքացիների չպատվաստելով սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, վերջինների կողմից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ են կատարել համապատասխան մատյաններում և անկետաներում։ Դրանց հիման վրա կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ՝ մուտքագրվել են «ԱՐՄԵԴ» համակարգ, և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ։ Արդյունքում՝ այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ընկերության բուժքրոջը և բուժքույր-վակցինատորին՝ առևտրային կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու, ընկերության ևս 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ առևտրային կաշառք ստանալուն և փաստաթղթեր կեղծելուն դրդելու (օժանդակելու) համար: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:43 - 19 մայիսի, 2023
Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 հոգի հայտնվել է մեղադրյալի աթոռին |azatutyun.am|

Պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 հոգի հայտնվել է մեղադրյալի աթոռին |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ ու գործավարներ՝ ընդհանուր 22 հոգի, մեղադրյալի աթոռին են հայտնվել կաշառք տալու ու վերցնելու համար։ Գումարն, ըստ նախաքննական մարմնի, ուսանողից դասախոսին փոխանցվել է միջնորդների՝ գործավարների միջոցով։ ՔԿ Շիրակի մարզային վարչության քննիչ Միքայել Ավետիսյանը ներկայացնում է այն սխեման, որով, ըստ իրավապահների, իրականացվել է այս հանցանքը. - «Մի շարք դասախոսներ միջնորդների միջոցով պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 10 հազարից մինչև 100 հազար դրամի չափի կաշառք-գումար: Անձինք կան, ում ներկայացվել է շուրջ 11 դրվագ հանցանքի կատարում, անձինք ունեն՝ երկու, անձինք ունենք՝ մեկ»: 38 դրվագով հարուցված քրեական գործում ներգրավված են բուհի 11 դասախոսները, 2 գործավար ու 9 ուսանող։ Ըստ նախաքննության՝ 2021 թվականի փետրվարից հունիսը ուսանողները ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար են 10-100 հազար դրամ կաշառք տվել։ Փաստաբան Հայկ Հարությունյանը, որ չորս մեղադրյալների շահերն է ներկայացնում, պնդում է, թե նախաքննական մարմինը ճնշումների միջոցով է ցուցմունքները կորզել իր վստահորդներից։ Հարությունյանի պաշտպանյալների շարքում և՛ դասախոսներ կան, և՛ ուսանողներ։ «Ճնշումը վիրավորանք կամ ֆիզիկական ուժ գործադրել չի եղել, բայց որ՝ աշխատանքից հանել կտանք: Անմիջապես ասում էին՝ եթե մեր ուզած ցուցմունքները չեք գրում այս պահից, ուրեմն ձեզ ձերբակալում, միանգամից տանում ենք ձերբակալվածներին պահելու վայր, հետո՝ կալանքի երկու ամիս, և որոշ դասախոսների վրա այդպիսի ազդեցություն գործադրելով նախնական ցուցմունքներ վերցրել, նաև ուսանողներից որոշներից կորզեցին նման կերպ ցուցմունքներ», - ասաց փաստաբան: Թեև նախաքննական մարմինը նախաքննական գաղտնիությունն ու անմեղության կանխավարկածը պատճառաբանելով շատ հարցերի չի պատասխանում, բայց քննիչը հաստատեց, որ կան անձինք, ովքեր մեղքն ընդունել են։ «Անձինք եղել են, ովքեր աջակցել են նախաքննությանը, աջակցման ընթացքում գործով ապացույցներ ձեռք բերելուն ակտիվ օժանդակություն են ցուցաբերել», - նշեց Միքայել Ավետիսյանը: Փաստաբան Հայկ Հարությունյանն ասում է՝ քրեական գործը հիմնված է մի քանի ձայնագրությունների վրա։ Իր վստահորդներն իրենց մեղավոր չեն համարում։ «Խոսակցություններ, ձայնագրումներ կան, որոնցից հստակ, կոնկրետ բան չի հասկացվում, և կարելի է ենթադրել, որ՝ այո, այդ խոսակցությունը գնում է դրա մասին, բայց նաև կարելի է ենթադրել, որ այլ բանի մասին են խոսում: Այսինքն՝ ասում է՝ «սա վերցրա, ըսիգ ընիգ է», էդպես մի խորաթա, իրենք արդեն դա ուղղակիորեն մեկնաբանում են, որ՝ այո, ասում է՝ սա վերցրու, դա 10 հազար դրամ է, դա էսինչի քննության փողն է: Այսինքն՝ կոնկրետ խոսակցություններ, հստակություն չկա մեծ մասամբ, և բոլոր ենթադրություններ են», - Ընդգծեց Հարությունյանը: Նախաքննական մարմինը շտապել է գործն արագ փակել ու ուղարկել դատարան, պնդում է փաստաբանը, քանի որ հիմա նոր Քրեական դատավարության օրենսգրքով հստակ ժամկետներ է սահմանված վարույթն ավարտելու համար։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:32 - 09 մայիսի, 2023
Գյումրիում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական շքերթ |armenpress.am|

Գյումրիում անցկացվեց Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին նվիրված տոնական շքերթ |armenpress.am|

armenpress.am: Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում մայիսի 9-ին տեղի ունեցավ տոնական շքերթ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս տարի ևս շքերթը համատեղ էր՝ ՀՀ և ՌԴ զինված ուժերի՝ ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի և Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի և ռուսական սահմանապահ ջոկատի զինծառայողների մասնակցությամբ:  Մարզային և քաղաքային իշխանությունները, ԱԺ պատգավավորները, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի ներկայացուցիչները, զինվորականները ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանին, ապա հարգանքի տուրք մատուցեցին և ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ:  «Երկրորդ համաշխարհային պատերազմն ու հաղթանակը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է։ Մենք երբեք չենք մոռանա մեր պապերի ու հայրերի սխրանքը, ովքեր պաշտպանել են բոլորիս խաղաղ ապրելու իրավունքը։ Մեծ Հայրենականի վետերաններին մաղթում եմ քաջառողջություն։ Հավերժ փառք և խոնարհում անմահ հերոսների հիշատակին։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթանակը շարունակական է լինելու»,-ողջունելով ներկաներին` ընդգծեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը: «Սա ոչ միայն մեր հայրերի ու պապերի անսահման հպարտության օրն է, այլև հիշատակի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծ հայրենականի վետերաններին՝ ռազմաճակատի ու թիկունքի, անձնազոհության համար, իսկ գալիք սերունդներին մաղթել՝ հիշել պատերազմի դասերը»,-շնորհավորելով ներկաներին` ասաց ՀՀ–ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:   «Չկա մի ընտանիք, որը չի տուժել Մեծ Հայրենականի պատճառով: 78 տարի է անցել այն հաղթական օրից, երբ խորհրդային պետությունների քաջության ու արիության շնորհիվ հաղթական ավարտ ունեցավ ամենադաժան պատերազմը: Մեծ Հայրենականի հիշատակը բոլորիս համար օրինակ կլինի հայրենասիրության ու արիության; Մեր խոնարհումը բոլոր վետերենաններին և խաղաղություն բոլորին»,- նշեց Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի շտաբի պետի պաշտոնակատար, փոխգնդապետ Վիկտոր Յուրիևիչ Բոնդուրևը:   
13:15 - 09 մայիսի, 2023
38 դրվագ կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում․ 22 անձի մեղադրանք է ներկայացվել

38 դրվագ կաշառք ստանալու, տալու և միջնորդության դեպքեր՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»-ի Գյումրու մասնաճյուղում․ 22 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողներից կաշառք ստանալու, վերջիններիս կողմից  դասախոսներին  կաշառք տալու, ինչպես նաև՝  կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։  Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղի տարբեր ամբիոնների մի խումբ պաշտոնատար անձինք և դասախոսներ, նույն կազմակերպության օպերատոր-գործավարների օժանդակությամբ, ուումնական հաստատության ուսանողների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես՝ ստուգարքներին, քննություններին և դիպլոմային աշխատանքներին չպատրաստված լինելու պայմաններում դրական քննական գնահատական նշանակելու համար, 2021թ․ փետրվարից մինչև հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում նրանցից յուրաքանչյուրից, ինչպես նաև նրանց ծնողներից որպես կաշառք պահանջել և ստացել են 10.000-100.000 ական ՀՀ դրամ կաշառք:Քննությամբ հիմնավորվել է, որ օպերատոր-գործավարները, ուսանողների հետ ունենալով մտերիմ հարաբերություններ, նպաստելով նրանց և դասախոսների միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն, ուսանողներից վերցրել են կաշառք-գումարները և փոխանցել դասախոսներին, իսկ վերջիններս նշված գումարներից որպես մասնաբաժին են տվել գործավարներին: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 11 դասախոսի մեղադրանք է ներկայացվել 01.08.2003 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (Կաշառք ստանալը, որը կատարվել է կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար )), 2 գործավարներին՝ 313-րդ հոդվածի 1-ին մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդված 1-ին մասին ( Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում կաշառքի առարկան պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ կաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը)), իսկ 9 ուսանողի և ծնողի՝  312-րդ հոդվածի 2-րդ մասով (որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասին (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը, կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության առկայության դեպքում կաշառքի առարկան պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին փոխանցելու նախաձեռնություն դրսևորելը կամ այն փոխանցելու խոստում տալը կամ փոխանցելը կամ կաշառք տվողի և ստացողի միջև առկա համաձայնության իրականացմանն այլ կերպ նպաստելը))։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:19 - 03 մայիսի, 2023
ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ ՀՀ վարչական դատարան ներկայացված պահանջի մասին

ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ ՀՀ վարչական դատարան ներկայացված պահանջի մասին

Այսօր՝ ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, ՀՀ վարչական դատարանը պետք է հրապարակի մարտի 26-ին կայացած Սիսիան համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վճիռը։ Այս մասին հայտնում են «Քաղաքացու որոշում» կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբից։  «Ապրիլի 5-ին «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն ներկայացրել էր հայցադիմում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու մասին։ Քննությունը տեղի է ունեցել ապրիլի 8-ին։ Ըստ «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ ոտնահարվել են ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով ամրագրված ընտրական իրավունքի հիմնական՝ հավասարության սկզբունքը։ Ըստ էության, սակայն, այսօր վարչական դատարանը պետք է որոշի՝ արդյո՞ք հնարավոր են ներկա Հայաստանում ազատ, արդար, իրական ընտրություններ՝ ժողովրդական չափորոշիչներին համապատասխան, թե՞ ոչ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հայցադիմումին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։  Հիշեցնենք, որ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում ավագանու ընտրւթյուններ էին: Սիսիանում առաջադրվել էր 3՝  Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Երկու համայնքներում էլ ՔՊ-ն ստացել է առավելագույն քվեներ: Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։  Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով։ Իսկ ավելի ուշ ՔՊ-ն հայտնել է, որ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
15:47 - 11 ապրիլի, 2023
Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում նոր դատախազներ են նշանակվել

Տավուշի, Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերում նոր դատախազներ են նշանակվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մարտի 7-ի, 28-ի և 30-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ և փոխատեղումներ՝ նաև առաջխաղացման ձևով: Մասնավորապես՝ · Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Տիգրան Պողոսյանը փոխադրվել է Վարչության ավագ դատախազի պաշտոնին: · Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Հրանտ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Աննա Հակոբյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: · Լոռու մարզի դատախազության դատախազ Եսայի Բաբելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Վազգեն Ռուստամյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնին: ·Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Վահե Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վանուհի Փայտյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին: · Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վաղարշակ Սարգսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին: · Շիրակի մարզի դատախազության դատախազ Անահիտ Ավդալյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: · Կոտայքի մարզի դատախազության դատախազ Վիրաբ Համբարձումյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: ·Գագիկ Հայրապետյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից: · Վազգեն Եդիգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի մարտի 31-ից: · Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: ·Տավուշի մարզի դատախազության դատախազ Հովհաննես Աղասարյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին: · Արևիկ Մարտիրոսյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Միլենա Առուստամյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Թամար Դավթյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 3-ից: · Հովհաննես Սաֆարյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին՝ 2023 թվականի ապրիլի 5-ից:
12:19 - 31 մարտի, 2023
ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում Ընտրական օրենսգրքի խախտումների մասին

ՔՈ կուսակցության հաղորդագրությունը՝ Սիսիանի ՏԻՄ ընտրություններում Ընտրական օրենսգրքի խախտումների մասին

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սիսիանի նախընտրական շտաբից հաղորդագրություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․  «26.03.2023 թ․-ի Սիսիան համայնքի ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակից «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանը նույն ընտրություններին մասնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում էր ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներին համապատասխան, այն է՝ դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ը: Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ թիվ 34 ԸԸՀ-ը օրենքով սահմանված կարգով դիմումը ստացել և վարչական վարույթ հարուցել էր 24.03.2023 թ-ին (մտից համար 42): ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Մ. Ազոյանի դիմումի հիմքով նշանակվել էր հանձնաժողովի արտահերթ նիստ՝ 25.03.2023 թ-ին ժամը 11.40-ին: Նշանակված նիստը մեկնարկել է ուշացումով՝ ժամը 11.48-ին: Նիստի օրակարգը հաստատելուց և ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցչի դիմումի մասին հանձնաժողովի նախագահի տեղակալի զեկուցումից, այսինքն՝ դիմումատուի իրավական դիրքորոշումը և պահանջը ներկայացնելուց հետո, ՔՈ ՍԴԿ լիազոր ներկայացուցիչ Վ. Բալյանը քննարկվող հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ է արել: Ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընդմիջում 5 րոպեով, որը, տեսագրությամբ ապացուցվում է, տևել է 12։19-ից մինչև 12։40: Պայմանական ընդմիջման ընթացքում ընտրական հանձնաժողովի անդամներն ըստ էության որևէ կերպ չեն մասնակցել որևէ քննարկման, տեսագրության մեջ հստակ երևում է՝ ով և ինչպես է պատրաստել որոշումը։ Նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով ներկա ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը հանձնաժողովի նախագահին փոխանցում է փաստաթուղթ, որի բովանդակությանը հանձնաժողովի որևէ անդամ չի ծանոթանում, և առանց կարդալու  քվեարկում են: Թիվ 34 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը միաձայն քվեարկությամբ ընդունում է 16-Ա որոշումը ժամը 12.45-ին, չնայած ՀՀ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ը»,-նշված է հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի Սիսիան համայնքներում ավագանու ընտրւթյուններ էին: Սիսիանում առաջադրվել էր 3՝  Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի Հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Երկու համայնքներում էլ ՔՊ-ն ստացել է առավելագույն քվեներ: Ընտրության օրը Սիսիանում առաջադրված «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական շտաբից հայտնել են. «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։  Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով։ Իսկ ավելի ուշ ՔՊ-ն հայտնել է, որ դիմել է վարչական դատարան՝ Սիսիանի ավագանու ընտրություններում մրցակից՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՈ) ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, նույն կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
16:11 - 30 մարտի, 2023
2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Շիրակի մարզից զոհվածները հետմահու պարգևատրվել են

2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Շիրակի մարզից զոհվածները հետմահու պարգևատրվել են

Այսօր տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերի 13-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևատրումը։   Հանուն հայրենիքի նահատակված տղաները հետմահու պարգևատրվել են «Արիության» և «Մարտական ծառայության» մեդալներով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և անմնացորդ նվիրումի համար:     Պարգևատրման արարողությանը մասնակիցներին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը․ «2022 թվականը, ցավոք, Հայաստանի Հանրապետության համար կրկին պայքարի ու հանուն հայրենիի կյանքի գնով կռվի դուրս գալու տարի եղավ։ Ականատեսը եղանք Ադրբեջանի հերթական անօրինական, սադրիչ ու ցեղասպան գործողություններին: Այդ ամենին դիմակայելու համար դարձյալ կանգնեց իր կոչմանն ու համազգեստին, իր պետությանն ու ծնողին անմնացորդ նվիրված Հայ Զինվորը: Կանգնեց` անելով անհնարինը, ընկավ` առանց ծնկելու, հավատով, որ արյամբ ծաղկելու է Հողը Հայրենի: Իսկ թանկ կյանքերով ներծծված հողի վրա ապրողներիս կյանքը դարձել է անասելի դժվար, յուրաքանչյուր քայլ և գործողություն պարտավորվում ենք իրականացնել այն գիտակցումով, որ պետք է նրանց հիշատակին արժանի լինենք ու դրա համար պետք է շենացնենք մեր երկիրը։ Փա՜ռք Հայաստանի ու Արցախի համար ընկած մեր բոլոր նահատակներին»։   «Արիության» մեդալ   ՀՀ ՊՆ N զորամասի ծառայության պետ, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյան   «Մարտական ծառայության» մեդալ   ժամկետային զինծառայող, շարքային Սաշա Արթուրի Ասատրյան   ժամկետային զինծառայող, շարքային Սերյոժա Սամվելի Գրիգորյան   ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Արամի Էլոյան   ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մասիսի Խաչատրյան   ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Կարեն Տիգրանի Կարապետյան   պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրաչի Ղազարյան   պայմանագրային զինծառայող, շարքային Փարսադան Երջանիկի Մկրտչյան   ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Ազատ Արկադիի Ներսիսյան   ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Հովհաննեսի Սահակյան   ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Կարենի Սարգսյան   ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Հրաչյայի Վարդանյան:  
15:42 - 29 մարտի, 2023
Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ

Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել. ԿԸՀ

Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10 գրառում։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 34 ԸԸՀ) 15 գրանցամատյանում արձանագրվել է 39 գրառում։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։  Նշված գրառումները կուսումնասիրվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից և դրանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում կընդունվեն ոոշումներ։ Գրանցամատյանների գրառումներով որոշումներ կարող են կայացվել մինչև մարտի 31-ը, ժամը 14։00-ն։ Մինչև քվեարկության օրը թիվ 34 ԸԸՀ-ն ստացել է 5 դիմում-բողոք, որոնցով կայացվել են որոշումներ, 1 տեղեկատվության հարցում, ևս 1 հարցում ներկայացվել է թիվ 33 ԸԸՀ, որոնցով տրամադրվել են պատասխաններ։ 33 և 34 ԸԸՀ-ների կայացրած որոշումները հրապարակված են ԿԸՀ կայքում՝ Elections.am: 2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում մինչև քվեարկության օրը ներկայացվել է 1 հայցադիմում վարչական դատարան՝ վիճարկելով թիվ 34 ԸԸՀ 2023  թվականի մարտի 25-ի 16-Ա որոշումը։ Հայցը մերժվել է։ 2023 թվականի մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների շրջանակներում քվեարկության օրը ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություններում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել։ Ե՛ւ 33 և՛ 34 ԸԸՀ-ները կազմել են ընտրությունների արդյունքների նախնական ամփոփման արձանագրությունը։ Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացվել մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, և մարտի 28-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Նույն ժամկետներն են սահմանված նաև տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումների, ինչպես նաև այլ դիմում-բողոքների ներկայացման համար։ Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումները կարող են ներկայացվել համապատասխան ԸԸՀ մարտի 27-ին ժամը 12։00-ից 18։00-ն, մարտի 28-ին ժամը 09։00-ից 18։00-ն և մարտի 29-ին ժամը 09։00-ից 11։00-ն։ Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումներ կարող են համապատասխան ԸԸՀ ներկայացվել մինչև մարտի 31-ը 18։00-ն։ Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկելու են մարտի 28-ից ժամը 14։00-ից և պետք է ավարտվեն մինչև մարտի 31-ը ժամը 14։00-ն։ Ընտրությունների արդյունքների վերջնական արձանագրությունը պետք է կազմվի ապրիլի 2-ին։
17:42 - 27 մարտի, 2023