Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թ․ հունվարի 23-ի որոշմամբ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։

Ավելի վաղ նա 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Նազելի Բաղդասարյանը ծնվել է 1983թ. օգոստոսի 8-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի):

2005թ. ավարտել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը: Իրավագիտության մագիստրոս:

Մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների (2008թ., Ուկրաինա) եւ Կիեւի ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետների կրթական ծրագրերի դասընթացներին (2017թ.): Մեդիաիրավագետ է:

1999-2006թթ. աշխատել է «Ցայգ» ՀԸ հաղորդավար: 2003-2005թթ.՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական: 2005-2006թթ.՝ Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի երեւանյան մասնաճյուղի դասախոս: 2005-2018թթ.՝ «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար: 2006-2018թթ.՝ մասնավոր ոլորտում՝ իրավաբան: 2012 թվականից՝ Ցայգ ՀԸ «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող: 2012 թվականից՝ քաղաքական եւ կոմերցիոն արշավների մեդիափորձագետ: 2014-2019թթ.՝ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր սեփականատեր: 2015 թվականից՝ հանրային ելույթների եւ հրապարակախոսության դասընթացավար (մենթոր): 21.08.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական:

2011 թվականից Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) լիիրավ անդամ է: 2017-2019թթ. եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2018 թվականից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» (ԵՆԿ) խորհրդատվական խորհրդի անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2020-2021թթ. ՝ ԱՊՀ ՄԽՎ պետականաշինության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Շիրակի մարզպետը և էկոնոմիկայի նախարարը քննարկել են մարզի տնտեսությանը և արդյունաբերությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետը և էկոնոմիկայի նախարարը քննարկել են մարզի տնտեսությանը և արդյունաբերությանը վերաբերող հարցեր

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել է նաև գյուղատնտեսական հիմնահարցերն ու առաջիկա գյուղատնտեսական տարվան ընդառաջ մարզի առջև ծառացած հիմնախնդիրները։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ Կառավարության հաջորդ նիստով պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծում կստանա։
16:16 - 26 փետրվարի, 2022
Ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից․ Նազելի Բաղդասարյան |aravot.am|

Ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից․ Նազելի Բաղդասարյան |aravot.am|

aravot.am: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր  Արթիկ խոշորացված համայնքի  Լեռնակերտ գյուղի մշակույթի տանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում  ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերի հետ, ասաց․ « Ի նպաստ և ի շահ մարզի, որովհետև համայնքապետը կարող է լինել ընդդիմադիր, համայնքը չի կարող լինել ընդդիմադիր։ Ես այժմ զբաղեցնելով ոչ թե քաղաքական, այլ վարչական պաշտոն՝ իմ մոտեցումներն ասել եմ, որ ես բոլորի մարզպետն եմ՝ անկախ քաղաքական հայացքներից»։ Հիշեցնենք, որ Շիրակի  մարզում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվել էր դաշնակցական Արծրուն Իգիթյանը, իսկ Ամասիայում՝ «Արփի Ամասիա» դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։ Այստեղ հետընտրական բողոքի ցույցերը դեռ չեն դադարում,  ՔՊ-ականներն ու նրանց համակիրները շարունակում են պայքարել նոր ընտրություններ նշանակել տալու համար։
18:59 - 21 փետրվարի, 2022
Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Հայկական Գյումրին և ուզբեկական Սամարղանդը կդառնան քույր քաղաքներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։ Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել  Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։ Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։ «Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։  Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։
16:57 - 14 փետրվարի, 2022
ԱԻՆ մասնագիտական խմբերը կիրականացնեն հետազոտություններ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար

ԱԻՆ մասնագիտական խմբերը կիրականացնեն հետազոտություններ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար

ԱԻՆ Սեյսմիկ Պաշտպանության մասնագիտական խմբերը փետրվարի 14-ից հյուսիսային մարզերի բնակավայրերում կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը: Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
10:40 - 14 փետրվարի, 2022
Աշոցքում և Գյումրիում արձանագրված փլուզումներ այս պահին չկան․ Շիրակի մարզպետ

Աշոցքում և Գյումրիում արձանագրված փլուզումներ այս պահին չկան․ Շիրակի մարզպետ

Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ «Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել»,- նշել է մարզպետը։ Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 22:25-ին, Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ-ի ուղեցույցը
23:44 - 13 փետրվարի, 2022
Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին |armenpress.am|

Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով փետրվարի 1-ին Շիրակի մարզում է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ողջունելով դեսպանի այցը Գյումրի, կարևորեց հայ-ռուսական սերտ փոխհարաբերությունները: «Տարին հոբելյանական է՝  նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ու այս տարվա շրջանակներում մի շարք միջոցառումներ ենք նախատեսում, որոնցով ավելի կխորացնենք մեր հարաբերությունները: Ես՝ որպես մարզպետ, շահագրգիռ եմ այդ հարաբերությունների խորացման հարցում»,- նշեց Շիրակի մարզպետը՝  տեղեկացնելով, որ իր հանձնարարականով հոբելյանական տարվա շրջանակներում մարզի թանգարաններն արդեն ունեն ռուսական ծրագրեր ու ռուսերեն էքսկուրսիաներ: Անդրադառնալով հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվող միջոցառումներին՝ Շիրակի մարզպետը նշեց, որ դրանք բազմաբնույթ կլինեն՝ ընդգրկելով մարզի բոլոր համայնքները: «Նախատեսում ենք, որ կլինեն «Ռուսական օրեր», որի ընթացքում Ռուսական ռազմաբազայում կհայտարարվի Բաց դռների օր, միջոցառումներ կլինեն նաև մարզի այլ համայնքներում»,- նշեց մարզպետը: «Հատկապես Գյումրին կարևոր  քաղաք է հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ ռուսական ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի,  գլխավոր հյուպատոսության, Ռուսական Տան առկայությունն արդեն իսկ խոսում են այդ հարաբերությունների մասին: Գյումրիում վերջերս նաև բացվել է ռուսաց լեզվի կրթական կենտրոն, գործում է ռուսական տեղեկատվական կենտրոնը:  Լավ հարաբերություններ կան նաև «Շիրակի» պետական համալսարանի հետ: Մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միշտ էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել ու շատ ուրախ եմ, որ այդ հարաբերություններն այդպես էլ շարունակվում են: Վստահ եմ՝ մարզն ու հատկապես Գյումրին ունեն այդ հարաբերությունները զարգացնելու բոլոր հնարավորությունները»,-նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝  կարևորելով նաև Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջև դեռ 2009 թվականին ստեղծված փոխհարաբերությունները:  Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը ներկայացրեց նաև այն բոլոր ծրագրերը, որոնք  ՌԴ կողմից իրականացվում են Հայաստանում; «Կարևոր է նաև Հարավկովկասյան երկաթուղու ու ռուսական լոուքոստերների առկայությունն այստեղ: Այնպես որ մարզն ու Գյումրին շատ կարևոր են մեր հարաբերությունների համար»,-հավելեց դեսպանը: Մարզպետը կարևորեց այս ընթացքում գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի ու ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կատարած կարևոր աշխատանքը: Այս ընթացքում Շիրակի մարզի 29 բնակիչ ռուսական կողմի աջակցությամբ արդեն վերադարձել է Հայաստան: Մարզպետը, դեսպանին փոխանցելով այս պահին Ադրբեջանում գտնվող շիրակցի ևս 33 գերիների ծնողների խնդրանքը,  հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կողմը կաջակցի նաև նրանց վերադարձին:
15:41 - 01 փետրվարի, 2022
Շիրակի մարզում պատվաստումային ցուցանիշը 42,5 տոկոս է. մարզպետը կարևորում է գործընթացի ակտիվացումը

Շիրակի մարզում պատվաստումային ցուցանիշը 42,5 տոկոս է. մարզպետը կարևորում է գործընթացի ակտիվացումը

Հունվարի 31-ի դրությամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափ ստացել է 74.839 քաղաքացի, այսինքն 18-ից բարձր քաղաքացիների 42,5 տոկոսը։ Այս մասին այսօր Շիրակի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է կառույցի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: Մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևորել է գործընթացի ակտիվացումը, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ «Առողջության առաջնային պահպանման օղակի ծանրաբեռնվածությունն այս փուլում մեծացել է, ինչը բնական է, այստեղ պետք է հնարավորինս աչալուրջ լինել, ակնկալում եմ բոլորի համագործակցված աշխատանք, որը կբերի բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման և հիվանդներին ժամանակին և որակով բուժօգնություն ցույց տալուն»,- նշել է մարզպետը։ Հունվար ամսին կատարվել է 894 նմուշառում, որից 283 քաղաքացու մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական։ Այսօրվա դրությամբ դրական թեստավորմամբ առաջնային օղակում 363 քաղաքացի է  հսկողության տակ։ «Աշխատանքում խիստ հետևողականություն ցուցաբերելով ու արագ արձագանքելով, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու հոգացավ վերաբերմունքով կկարողանանք պայքարել համավարակի դեմ ու զերծ մնալ նոր բռնկումներից ու ալիքներից»,- Շիրակի մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ընդգծել է Նազելի Բաղդասարյանը։  
19:14 - 31 հունվարի, 2022
Շիրակի մարզպետն աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ

Շիրակի մարզպետն աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:    Օրերս Շիրակի մարզպետարանում ֆերմերների հետ ունեցած հանդիպմանը մարզպետը խոստացել էր բարձրացրած հարցերը քննարկել կառավարության և գյուղոլորտի ներկայացուցիչների հետ: Խնդիրը վերաբերում է պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին ու ենթադրվող կարգավորումներին:   Նախարարի տեղակալը վստահեցրել է` այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Մարզպետն Արման Խոջոյանին և նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Շիրակի մարզ ֆերմերների հետ հանդիպման՝ կարևորելով վերջիններիս մտահոգությունները:   Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև գարնանն ընդառաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու այդ համատեքստում նախատեսվող աշխատանքներին:
22:30 - 21 հունվարի, 2022
Ռուսական 102-րդ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում. Շիրակի մարզպետ

Ռուսական 102-րդ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։   Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը շնորհավորել է ռազմաբազայի զինծառայողներին և նշել, որ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում:   «Մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը, հատկապես ուզում եմ ընդգծել, որ 102-րդ ռազմաբազան հենարան է հանդիսանում հայ-ռուսական հարաբերություններում։ 80 տարի է, ինչ հիմնադրվել է 102-րդ ռազմաբազան և 75 տարի՝ ինչ տեղակայված է Գյումրիում, և սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք կողք-կողքի, հաստատում է մեր դարավոր բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը։   Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին՝ հատկապես դժվարին պահերին։ Վստահ եմ՝ մեր հարաբերությունները կզարգանան ի շահ մեր երկու անկախ երկրների՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար»,- ասել է Շիրակի մարզպետը։   Օրվա առթիվ պարգևատրվել են մի շարք զինվորականներ։
22:52 - 29 դեկտեմբերի, 2021
Շիրակի մարզպետարանում անդրադարձ է կատարվել հայ գերիների վերադարձի խնդրին

Շիրակի մարզպետարանում անդրադարձ է կատարվել հայ գերիների վերադարձի խնդրին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին և Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևին։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:   «Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ կարևորում է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը․ «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու, հայ և ռուս ժողովուրդների դարավոր անցյալը բարեկամության և ամուր հիմքերի վրա է դրված եղել, հիմա էլ մենք պատրաստ ենք համագործակցության և հյուպատոսարանի հետ արդեն ձևավորված գործընկերությունն ամրապնդելու։ Հաշվի առնելով թե ռազմաբազայի առկայությունը, թե Շիրակի մարզում ռուս ազգաբնակչության ներկայությունը՝ վստահ եմ, որ համատեղ նոր ծրագրեր ու նախաձեռնություններ կկարողանանք կյանքի կոչել»։ Ռուսլան Կանդաուրովը շնորհավորել է Նազելի Բաղդասարյանին` մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք․ «Տիկին մարզպետ, Ձեզ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն եմ մաղթում և ինքս էլ հաստատում եմ մեր պատրաստակամությունը համագործակցելու, կարծում եմ` փոխադարձ պատրաստակամության առկայությունն արդեն լավ հիմք է գործնական քայլերի իրականացման համար»։ Կողմերն անդրադարձել են նաև հայ գերիների վերադարձի խնդրին։   Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության ջանքերը խնդրի կարգավորման հարցում` հյուպատոսին ներկայացնելով դեռ ԱԺ-ում այս խնդրի կարգավորմանը միտված իր քայլերը։   Մարզպետը նշել է նաև, որ վաղուց է ծանոթ Գյումրիում ռուսական տան աշխատանքին, համագործակցել է դեռ ԱԺ պատգամավոր եղած ժամանակ՝ բարձր գնահատելով գիտության ու մշակույթի բնագավառներում համագործակցության խորացման համար ռուսական տան ձեռնարկած քայլերը»,- նշված է գրառման մեջ։  
18:24 - 22 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Շիրակի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագանի գլխավորած պատվիրակությանը։   «Մեզ համար պատիվ է այսօր Ձեզ հյուրընկալել Շիրակի մարզում, արդեն փոխգործակցության նախադրյալներ ունենք, լիահույս եմ՝ այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում եք Հայաստանում, շարունակական կլինի»,- նշել է Շիրակի մարզպետը։   Կարևորելով Կարմիր Խաչի միջազգային ֆեդերացիայի հետ ակտիվ համագործակցությունը՝ կողմերը քննարկել են Շիրակի մարզից գերեվարվածների վերադարձի և հումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։   Ջագան Չափագանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին ընդունելության համար ու նշել, որ վերահաստատում է Հայաստանի կողքին գտնվելու պատարաստակամությունը, իսկ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։   Մարզպետը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը Շիրակի մարզում, մասնավորապես, անդրադառնալով համայնքների դիմակայունության բարձրացմանը, պատերազմի, աղետների հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերին։   Կարևորելով մարզի ազգաբնակչության առջև ծառացած հիմնախնդիրների լուծումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը։  
22:55 - 10 դեկտեմբերի, 2021
Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է կրթության, ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է կրթության, ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:   «Ձերդ գերազանցություն տիկին դեսպանի հետ զրույցի ժամանակ խոսել եմ հայ-ֆրանսիական բարեկամության երկարամյա պատմության, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Այդ առանձնաշնորհ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին՝ թե՛ պատերազմական ժամանակաշրջանում, թե՛ համավարակի հետ պայքարում, թե՛ տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Պատրաստակամությունս եմ հայտնել համագործակցության, հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային։ Ուրախալի է, որ տիկին դեսպանը ևս պատրաստակամ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ»,- նշված է գրառման մեջ։    
18:59 - 06 դեկտեմբերի, 2021
Մարզպետի խորհրդականները, ինչպես նաև տեղակալն ազատման դիմումներ են գրել մինչ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը. Բաղդասարյան

Մարզպետի խորհրդականները, ինչպես նաև տեղակալն ազատման դիմումներ են գրել մինչ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը. Բաղդասարյան

«ԶԼՄ-ում անհարկի շահարկումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ Շիրակի մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնողերից՝ մարզպետի խորհրդականները, ինչպես նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը ազատման դիմումներ են գրել մինչեւ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը և պաշտոնը ստանձնելը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ «Լիահույս եմ՝ առաջիկայում բոլորն էլ իրենց արժանի տեղը կգտնեն պետական համակարգում։ Պարոն Զոհրաբյանին ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել կարճատև և արդյունավետ աշխատանքի համար։ Նաև տեղեկացնեմ, որ մարզպետի տեղակալներից Պողոս Աբրահամյանը եւ մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյանը այս պահին շարունակում են պաշտոնավարել»,-գրել է նա։ Նշենք, որ մարզպետի՝ նոյեմբերի 12-ի որոշմամբ աշխատանքից ազատվել են մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը, իսկ ավելի վաղ՝ Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Զոհրաբյանը:
17:56 - 13 նոյեմբերի, 2021
Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը. Նազելի Բաղդասարյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը. Նազելի Բաղդասարյանն առաջին խորհրդակցությունն է անցկացրել Շիրակի մարզպետարանում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը աշխատանքային առաջին խորհրդակցությունն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ։ Շիրակի մարզպետը նշել է, որ աշխատանքի մեջ կարևորում է պատասխանատու վերաբերմունքը․ «Հարգելի գործընկերներ, ձեզանից շատերին անձամբ եմ ճանաչում, միասին աշխատել ենք, հիմա, երբ ստանձնել եմ մարզպետի պաշտոնը, համատեղ աշխատանքում ինձ համար կարևոր պայման են լինելու հոգատարությունն ու համագործակցությունը։ Մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն մարզի հիմնահարցերի լուծմանը, լիահույս եմ, որ համատեղ աշխատանքով կկարողանանք առաջ գնալ»։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել աշխատանքային մոտեցումներին, ինչպես նաև առաջիկա անելիքներին։ Խորհրդակցության ավարտից հետո Շիրակի մարզպետը շրջել է բոլոր ստորաբաժանումներում։  
18:00 - 09 նոյեմբերի, 2021