Հայոց ցեղասպանություն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին նամակ է ուղղել ՀՀ նախագահին |lragir.am|

lragir.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի առիթով, որում նշված է. «Այսօր՝ ապրիլի 24-ին, Ֆրանսիան ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Ֆրանսիան հիշում է այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք սպանվեցին, սովից կամ ուժասպառությունից մահացան տեղահանության ճանապարհներին: Ֆրանսիան ձեզ հետ միասին հիշում է 1915 թվականի սեպտեմբերին Մուսա լեռում դիմադրության հայ մարտիկներին օգնության հասած իր նավաստիներին։ Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդերը, այսօր ձեր կողքին է՝ պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դասեր քաղելու այդ ողբերգական պատմության էջից։ Նույնիսկ այսօր, երբ եվրոպական մայրցամաքը սգում է սարսափելի ագրեսիայի պատճառով, Ֆրանսիան շարունակում է իր պայքարը հանուն հիշողության և ընդդեմ մոռացության: Եվրոպական միության խորհրդում Ֆրանսիայի նախագահության օրոք 2022 թվականին ավարտին հասցրինք թվային ծառայությունների մասին օրենքի նախագիծը, որպեսզի այլևս անպատիժ կերպով չժխտվի ցեղասպանությունը։ Ֆրանսիան ցուցաբերում է մշտական զգոնություն իր երկրի տարածքում։ 2019 թվականին Հանրապետության օրացույցում սահմանեցի Հայոց ցեղասպանության հիշատակման օր, քանի որ ցանկանում եմ, որ յուրաքանչյուր ֆրանսիացի հիշի այդ օրը։ Հանուն արդարության և պատմական ճշմարտության այս պայքարը հայերինն է, բայց նաև ողջ Ֆրանսիայինը, քանզի մարդու իրավունքների հարգումը Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության հիմքում է։ Ցեղասպանության հիշատակումը հիշեցնում է նաև հայերի զբաղեցրած տեղը մեր պատմության մեջ, քանի որ այս ողբերգությունից բազմաթիվ փրկվածներ միացել են մեր երկրին՝ նպաստելով նրա բարգավաճմանն ու ազդեցության ուժեղացմանը։ Ոգեկոչման այս օրը, որը խորհրդանշում է նաև հայ ժողովրդի վերածնունդը, ցանկանում եմ հավաստել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն կերտելու գործընթացներին։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը», նշված է նամակում։
12:17 - 26 ապրիլի, 2023
Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին իր թվիթերյան միկրոբլոգում ապրիլքսանչորսյան գրառում է արել. «Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ոգեկոչում ենք 108 տարի առաջ սարսափելի Ցեղասպանության ժամանակ սպանված 1,5 միլիոն հայերին: Անցյալ տարի մեր պատվիրակությունը մեծ պատիվ ունեցավ այցելելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու սպանված տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակին»։ Նա նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Կոնգրեսն Օսմանյան կայսրության վայրագությունները ճանաչել է որպես Ցեղասպանություն։ «Երբ նա ստանձնեց պաշտոնը, ԱՄՆ նախագահը կատարեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր խոստումը։ Հաստատելով այս ողբերգության պատմությունը՝ մենք աշխատում ենք այնպես անել, որ նման սարսափն այլևս երբեք չկրկնվի», – շարունակել է Փելոսին: Մեկ այլ գրառմամբ էլ Փելոսին նշել է, որ նախորդ տարվա կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան վերահաստատել է, որ Կոնգրեսը հանձնառու է Հայաստանի կայունությանը, անվտանգությանն ու ժողովրդավարությանը: «Այսօր և ամեն օր Ամերիկան լիովին հավատարիմ է մնում այս առաքելությանը», – հավելել է քաղաքական գործիչը:
14:26 - 25 ապրիլի, 2023
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության, կոնգրեսի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումը սկսվել է դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ։ Աղոթքին հաջորդել է ծաղիկների խոնարհման արարողությունը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային քրեական արդարադատության հարցերով փոխդեսպան Դեյվիդ Մանդել-Էնթոնին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։ «Օրվա բանախոսներն են եղել Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և համանախագահ Էլիսա ֆոն Ժոեդեն-Ֆորգին։ Բանախոսները անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմությանը, ԱՄՆ կողմից տրամարդված աջակցությանը, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությանը, դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և մերօրյա հնարավոր ցեղասպանությունների վտանգներին»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
09:34 - 25 ապրիլի, 2023
Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները. Թրյուդո |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: «Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը մարդկության պատմության ամենամռայլ էջերից մեկն է: Մենք նաև հարգում ենք նրանց ժառանգներին, այդ թվում՝ հայկական ծագումով կանադացիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են օգնել ձևավորելու այն հզոր, բազմազան և ներառական երկիրը, որտեղ մենք այսօր ապրում ենք: «Երբեք չպետք է մոռացվեն 1915-1923 թվականներին կատարված վայրագությունները, որոնք սարսափելի թվով մարդկանց կյանքեր խլեցին: 2015 թ.՝ այս ողբերգության սկզբից մեկ դար անց, խորհրդարանն ընդունեց մի բանաձև, որով ապրիլի 24-ը հայտարարվում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այն հիշեցնում է այդ վայրագությունների պատճառած կորստի, տառապանքի ու ցավի մասին և երաշխավորում է, որ դրանք երբեք չկրկնվեն: Այս օրը նշվում է Ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման միամսյակում:
20:19 - 24 ապրիլի, 2023
ԵԽ պատգամավորը դատապարտել է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները

ԵԽ պատգամավորը դատապարտել է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը: Կալյուրանդը նման հայտարարությամբ է հանդես եկել «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ: «Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում օսմանցիների կողմից 108 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես դատապարտում եմ հենց այս տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են գոյություն ունեցող համաձայնագրերը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը»,-նշել է   Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:
18:46 - 24 ապրիլի, 2023
Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կոչ է անում Իսպանիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Հայոց ցեղասպանության տարելիցին իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Կոչ եմ անում Իսպանիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ինյարիտուն՝ նշելով, որ Իսպանիան պետք է օրինակ վերցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչացած մյուս երկրներից։ Իսպանացի պատգամավորը նկատեց, որ Իսպանիայի տարբեր շրջաններ Ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր են ընդունել՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ երկիրը պաշտոնական մակարդակով ընդունի կատարվածը։ Օրենսդիր գործիչը միևնույն ժամանակ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի անհրաժեշտ է դառնում Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության պայմաններում։
18:04 - 24 ապրիլի, 2023
Ավստրալացի պատգամավորն ամոթալի է անվանել Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու փաստը


 |factor.am|

Ավստրալացի պատգամավորն ամոթալի է անվանել Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու փաստը |factor.am|

factor.am: Ավստրալացի պատգամավոր Էնդրյու Ուիլին ամոթալի է անվանել Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը։ Իր պաշտոնական կայքում Ուիլին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է հրապարակել։ «Այսօր (24 ապրիլի 2023 թ.) մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և հիշում ողբերգական իրադարձության ժամանակ կորսված կյանքերը։ Օսմանյան կայսրության կառավարությամ կողմից 1,5 միլիոն հայերի կյանքի կորուստը մեծ ազդեցություն է ունեցել, որը զգացվում է մինչ օրս: Ամոթալի է, որ Ավստրալիայի կառավարությունը մարդու իրավունքների այս զազրելի խախտումը պաշտոնապես չի ճանաչել որպես ցեղասպանություն: Հայկական համայնքը կրել է 108 տարվա տառապանք, և կենսականորեն կարևոր է պաշտոնապես ճանաչել այդ հանցագործությունները՝ օգնելու համայնքի ապաքինմանը: Ես համերաշխ եմ աշխարհասփյուռ հայերի հետ և աջակցում եմ Դաշնային կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոչերին»,- մասնավորապես, ասվում է ավստևալացի պատգամավորի հայտարարությունում:
17:50 - 24 ապրիլի, 2023
Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը |armenpress.am|

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա: Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով և հարգանքով», - նշել է Ջո Բայդենը:
15:55 - 24 ապրիլի, 2023
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանական

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս օրը Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար: Ֆրանսիացի գործընկերն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ: Կողմերն անդրադարձել են պատվիրակության՝ ապրիլի 23-ի այցելությանը Սյունիք եւ Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս: Ֆրանսիական կողմը շրջափակման մեջ գտնվող 120 հազար 000 արցախահայերին համարել է բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ՝ անթույլատրելի համարելով ստեղծված իրավիճակը:   Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը վերաբերող հարցերի:
15:54 - 24 ապրիլի, 2023
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար. Արայիկ Հարությունյան

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը, տարածած ուղերձում, մասնավորապես, ասված է․  «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում: Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: 134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին: Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ: Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբեւէ  պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։ Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների: Աստված պահապան հայ ազգին»:
14:06 - 24 ապրիլի, 2023