ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետական մարմին է, որն իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն։

ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է։ ՀՔԾ պետն է Սասուն Խաչատրյանը։ 

ՀՔԾ-ն 1 անձի մեղադրանք է առաջադրել ընտրակաշառք տալու համար

ՀՔԾ-ն 1 անձի մեղադրանք է առաջադրել ընտրակաշառք տալու համար

 Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը. «Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Ա.-ն, ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով Ս. Զ.-ն ու ևս 7 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:56 - 11 հունիսի, 2021
ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել

ՀՔԾ-ն Շուռնուխի ղեկավարի եղբորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութի հիման վրա քրգործ է հարուցել

Քննչական կոմիտե բերման ենթարկելու տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում Շուռնուխ վարչական համայնքի ղեկավարի եղբայրը` Արարատ Աղաբեկյանը որպես վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը: «Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»,- գրել է Պապոյանը: Ավելի վաղ, Գայանե Պապոյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են Շուռնուխի ղեկավարի եղբորը` Արարատ Աղաբեկյանին ծնկաչոք տանում հարցաքննության:
13:59 - 05 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և ոստիկանապետի հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազը ԱԱԾ տնօրենի, ՀՔԾ պետի և ոստիկանապետի հետ խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանի, ՀՀ դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն՝ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրինական ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր ընտրախախտումների կանխարգելման, դրանց դեմ իրավապահ մարմինների համատեղ քրեաիրավական պայքարի կազմակերպման խնդիրների շուրջ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  հանդիսանալով նաև ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավարը, իր խոսքում շեշտել է ստեղծված իրավիճակում մեր երկրի համար կայանալիք ընտրությունների ճակատագրական նշանակությունը՝ հավելելով, որ իրավապահ մարմիններից յուրաքանչյուրի խնդիրն է իր լիազորություններն ամենաբարձր պատասխանատվությամբ իրականացնելու, օպերատիվ համագործակցության միջոցով օրինական, թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու կամքի ազատ դրսևորմամբ ընտրությունների անցկացման ապահովումը:   Գլխավոր դատախազը հստակ և մանրամասն մատնանշել է այն հիմնական թիրախները, որոնց չեզոքացմանը, կամ որոնց շրջանակներում հնարավոր ընտրական հանցագործությունների բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկելուն պետք է ուղղվեն իրավապահների համատեղ ջանքերը: Արթուր Դավթյանը նաև կարևորել է ընտրական խախտումների դեմ պայքարում պատասխանատու, բարեխիղճ, ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների հետ իրավապահ մարմինների աշխատանքը, և ստացված հանցավոր ընտրախախատումների վերաբերյալ տեղեկություններին, ահազանգերին իրավապահ համակագի արագ արձագանքելու անհրաժեշտությունը: Խորհդրակցության ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումներին և ահազանգերին պատշաճ արձագանքելու, ստուգման առարկա դարձնելու, քրեադատավարական գործընթացներ նախաձեռնվելու դեպքում յուրաքանչյուր օղակի կողմից իր պարտականությունների կատարման անխափան ընթացքն ապահովելու կառուցակարգերը, աշխատանքային հնարավոր խնդիրները, դրանց կարգավորման եղանակները: ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության երաշխավորմանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ:      
18:28 - 31 մայիսի, 2021
Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելությունը անհրաժե՞շտ էր հաղթահարել, թե՞ ոչ․ դատարանում բողոքի քննությունն ավարտվում է |hetq.am|

Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելությունը անհրաժե՞շտ էր հաղթահարել, թե՞ ոչ․ դատարանում բողոքի քննությունն ավարտվում է |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, ամենայն հավանականությամբ այսօր կավարտի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի (լիազորությունները կասեցված են) բողոքի քննությունը, որով Վարդազարյանը վիճարկում է իրեն մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշումը։ Բողոքի գործով մի քանի դատական նիստ է տեղի ունեցել՝ մի մասը դռնփակ, որի ընթացքում քննության առարկա են դարձել ՀՔԾ քննիչ Դավիթ Կոստանդյանի և դատախազ Աշոտ Ժամկոչյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունները՝ դատավոր Դավիթ Հարությունյանին։ Դատարանը ինքնաբացարկի միջնորդությունները մերժել է, հետո որոշում է կայացվել նիստը դռնբաց դարձնելու։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի դեմ ապրիլի 12-ին հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Վերջինս այս պահին ԱԱԾ պետի տեղակալ է։ Հաղորդման մեջ, մասնավորապես, նշվել է, որ Վարդազարյանը 2020 թվականին միջամտել է դատավոր Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Ապրիլի 13-ին դատախազը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով։ Ապրիլի 14-ին որոշում է կայացվել Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Ստորև ներկայացնում ենք այն հիմնական հարցերը, որոնք քննարկման առարկա են դարձել գործով մի քանի դատական նիստերի ընթացքում։ Բողոքարկման ենթակա՞ է մեղադրյալ ներգրավելու որոշումը Դատախազությունը պնդում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոքարկան ենթակա չէ։ Այս հոդվածը սահմանում է հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուսական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների՝ դատարան բողոքարկման հնարավորությունը։ Պնդումը, որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը բողոքարկման ենթակա չէ, Դատախազությունն անում է՝ հղում կատարելով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը պատկանում է այն որոշումների թվին, որոնց օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է միայն գործի ըստ էության քննության ժամանակ։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չի կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման: Հետևաբար, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չի կարող հանդիսանալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, ինչպես նաև վերահսկողության առարկա չի կարող հանդիսանալ այդ որոշման դատախազական հսկողության արդյունքում կայացված որոշումը: Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում պնդեց, որ բողոքը ենթակա է քննության՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով։ Պաշտպանը նշեց, որ իրենք չեն վիճարկում մեղադրանքի հիմնավորվածությունը, չեն անդրադառնում որևէ ապացույցի վերաբերելիության, թույլատրելիության կամ առհասարակ որևէ ապացույցով ինչ-որ բան հաստատված լինելու կամ չլինելու հանգամանքին։ Թե ինչու պետք է հենց այս փուլում քննության առարկա դարձնել իրենց բողոքը, Խուդոյանն ասում է՝ քանի որ վիճարկվող որոշումն ուղղակի հետևանք է առաջացրել Ռուբեն Վարդազարյանի համար․ մեղադրանքի առկայության հիմքով Գլխավոր դատախազը դիմել է ԲԴԽ-ին, և Վարդազարյանի լիազորությունները կասեցվել են։ «Այսինքն՝ այս մեղադրանքի ոչ իրավաչափ ճանաչելը ենթադրում է Վարդազարյանի լիազորությունների վերականգնում՝ Բարձրագույն դատական խորհրդի կազմում»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։ Դատախազ Ժամկոչյանը դիտարկեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը ցանկացած դեպքում  ենթադրում է որոշակի իրավունքների և ազատությունների սահմանափակում, սակայն բողոքաբերը որևէ հիմնավորում չի ներկայացրել այն մասին, որ այժմ Վարդազարյանի նկատմամբ այնպիսի սահմանափակումներ են կիրառվել, որոնք անհնարին են դարձրել դրանց հետագա վերականգնումը։ Հովհաննես Խուդոյանն ասաց՝ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը  գլխավոր դատախազի կողմից է իրականացվում, այլ ոչ թե քննիչի, ինչը ենթադրում է, որ այս գործով առնվազն մեկ բողոքարկման հնարավորություն վերանում է։ «Եթե մենք ելնենք, այն մեկնաբանությունից, որ գլխավոր դատախազն ունի բացառիկ հայեցողություն, իր որոշումները որևէ կերպ չեն կարող բողոքարկվել, ապա ստացվում է, որ ՀՀ-ում անձեռնմխելիության ինստիտուտ չպետք է լինի։ Բայց եթե այդպիսի ինստիտուտ կա, ապա բացարձակ ընդունելի չի կարող լինել այն մոտեցումը, որ անձեռնմխելիության երաշխիքի խախտումը չի կարող վեր հանվել դատական ատյաններում»,- դիտարկեց Հովհաննես Խուդոյանը, և նշեց, որ հակառակ պարագայում կստացվի, որ եթե անձեռնմխելիության երաշխիքից օգտվող Ազգային ժողովի պատգամավորի կամ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի՝ առանց այդ երաշխիքի հաղթահարման, ապա անձը պետք է սպասի, մինչև իր վերաբերյալ գործն ուղարկեն դատարան, և գործն ըստ էության քննող դատարանը դատավարական բոլոր փուլերն անցնելուց հետո վերջնական դատական ակտով դիրքորոշում հայտնի, որ անձն անձեռմխելի է։ Ըստ Խուդոյանի՝ նման դեպքում սա չի կարելի համարվել երաշխիք։ Անհրաժեշտություն կա՞ր քրեական հետապնդում հարուցելուց առաջ դիմել ԲԴԽ-ին «Գլխավոր դատախազը չէր կարող առանց Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու և քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնել»,- պնդեց Հովհաննես Խուդոյանը։ Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանն առավել մանրամասն անդրադարձավ այն հարցին, թե ինչու գլխավոր դատախազը պետք է դիմեր ԲԴԽ-ին։ Օրբելյանը նկատեց, որ Հայաստանի և ժամանակակից եվրոպական սահմանադրությունները նախատեսում են անձեռնմխելիության երկու մոդել՝ անձեռնմխելիություն պատասխանատվությունից և ընթացակարգային անձեռնմխելիություն։ Օրբելյանը նկատեց, որ իրենց բողոքի վերաբերյալ դատախազի առարկություններում մեծ տեղ է գրավում անձի կողմից հանցանք կատարելու կամ չկատարելու հանգամանքը, մինչդեռ իրենց չեն պնդում, որ որևէ դատավոր իրավունք ունի կատարել հանցագործություն և մնալ անպատիժ։ Պաշտպանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է անմեղության կանխավարկածը և այդ իրավունքից օգտվում է նաև դատավորը, ում համար անմեղության կանխավարկածը հաղթահարելու ավելի բարդ ընթացակարգ է նախատեսված, քան այլ քաղաքացիների համար։ Սրա հիմքում, ըստ պաշտպանի, ընկած է արդար դատարան ունենալու և այլ քաղաքացիների արդար դատաքննության իրավունքը երաշխավորելու նպատակը։ Այսինքն՝ ըստ Օրբելյանի, դատական ընթացակարգային անձեռնմխելիությունը ունի երկու գործառույթ․ այն դատական իշխանության անկախության երաշխիք է և դատավորի՝  որպես ֆիզիկական անձի հավելյալ պաշտպանություն ստանալու իրավունք, ուստի չի կարելի պնդել, որ ընթացակարգային անձեռնմխելիությունը դատավորին չի վերաբերում, վերաբերում է բացառապես դատական իշխանությանը։ Դատարանում բարձրացված հաջորդ հարցը հետևյալն է․ Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս կիրառելի են 2005 թվականի, թե՞ 2015 թվականի Սահմանադրության երաշխիքները։ Նշենք, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ դատավորին տրված երաշխիքները նեղացվել են։ Եթե նախկինում դատավորի նկատմամբ առհասարակ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության, ապա 2015-ի փոփոխություններով Սահմանդրության տեքստում ավելացվել է «իր լիազորությունների իրականացման կապակցությամբ» արտահայտությունը, այսինքն՝ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել ատանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։ Պաշտպան Արամ Օրբելյանը դիրքորոշում հայտնեց, որ անկախ նրանից՝ Վարդազարյանի նկատմամբ կիրառելի է 2005-ի, թե՞ 2015-ի սահմանադրությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ դատախազը պետք է դիմեր ԲԴԽ-ին։ Նշենք, որ Ռուբեն Վարդազարյանը դատավոր է նշանակվել 2015-ից առաջ, այսինքն՝ այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում դատավորի համար գործում էին 2005-ի սահմանադրական երաշխիքները։ Քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ «քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարական այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ։ Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածն էլ սահմանում է, որ «արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։ Դատախազությունն, անդրադառնալով Վարդազարյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու վերաբերյալ նրա պաշտպանների բարձրացրած հարցին, պնդում է, որ անձեռնմխելիությունը ընթացակարգային նորմ է, այլ ոչ թե նյութաիրավական, հետևաբար այս նորմի նկատմամբ կիրառելի չէ հետադարձության արգելքը, ուստի Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելիս նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չի եղել, Վարդազարյանին վերագրվող արարքը կապ չունի նրա լիազորությունների իրականացման հետ։ Արամ Օրբելյանը, սակայն պնդեց, որ տվյալ դեպքում պետք է քննարկան առարկա դառնա ոչ թե դատավարական նորմերի՝ ժամանակի մեջ գործողության, այլ սահմանադրական տեքստի ՝ ժամանակի մեջ գործողության հարցը: «Սահմանադրության նորմերի՝ ժամանակի մեջ գործողությունը կարգավորվում է  բացառապես Սահմանադրությամբ, հետևաբար, որպեսզի մենք հասկանանք թե մինչև 2015 թվականի Սահմանդրության ուժի մեջ մտնելը նշանակված դատավորի նկատմամբ որ տեքստն է կիրառելի, պետք է դիտարկենք հենց Սահմանադրությունը, իսկ Սահմանադրությունը նախատեսում է երկու նորմ, որոնք հիմնավորում են, որ դատավորի նկատմամբ կիրառելի է 2005-ի կարգավորումները»,- ասաց Արամ Օրբելյանը։ Մասնավորապես, ըստ պաշտպանի, Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է, որ անձի վիճակը վատթարացնող նորմը չի ունենում հետադարձ ուժ, հետևաբար երբ անձին տրված հավելյալ, ընթացակարգային երաշխիքը վերացվում է, դա պետք է դիտարկել որպես անձի վիճակը վատթարացնող, և այդ նորմը չպետք է ունենա հետադարձ ուժ, ըստ որում՝ այս հանգամանքը պետք է դիտարկել դատական իշխանության անկախության լույսի ներքո։ «Հակառակ պարագայում հնարավոր է Սահմանադրության մեջ ցանկացած ժամանակ կատարել փոփոխություն, դատավորին տրված այս կամ այն երաշխիքը վերացնել, օրինակ՝ ԲԴԽ դիմելու երաշխիքը, Դատախազի կողմից դատախազական վերահսկողություն իրականացնելու երաշխիքը։ Բայց մենք պետք է բացառենք որևէ տարբերակ, որ քաղաքական իշխանությունը հնարավորություն ունենա սահմանադրական փոփոխությունների, երաշխիքներ վերացնելու միջոցով ազդել դատական գործընթացների վրա»,- ասաց Արամ Օրբելյանը։ Պաշտպանը նաև դիրքորոշում հայտնեց, որ մինչև 2015 թվականը նշանակված դատավորները պետք է շարունակեն գործել իրենց 2005-ի սահմանադրական կարգավորումներով տրված երաշխիքներով, իսկ 2015-ից հետո նշանակված դատավորը՝ նոր կարգավորումների համաձայն։ «Այո, նոր և հին նշանակված դատավորների կարգավիճակների միջև կա տարբերություն ՝անկախ նրանից դա լավ է թե ոչ, բայց միշտ դատական համակարգի փոփոխությունները անցումային բլոկով են իրականացվում, քանի որ չեն կարող միանգամից դատավորների երաշխիքները վերացվել»,- ասաց Արամ Օրբելյանը։ Մինչ անձեռնմխելիության վերաբերյալ Արամ Օրբելյանի դիրքորոշմանն անդրադառնալը դատախազ Ժամկոչյանը դիտարկեց․ այժմ դատարան բողոք բերած Ռուբեն Վարդազարյանը, որպես դատավոր, քննարկվող հարցի վերաբերյալ այլ դիրքորոշում է ունեցել։ Մասնավորապես՝ Ժամկոչյանի խոսքով՝ 2019 թվականի մայիսի 22-ին դատավոր Ռուբեն Վարդազարյանը քննել է Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված միջնորդություն, որի նյութերի համաձայն՝ ԱԱԾ-ում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ դատավոր Դավիթ Հարությունյանը պաշտոնեական դիրքն օգտագործելով և ունենալով պաշտոնից բխող հեղինակություն, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով,  միջամտել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող, Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքին։ Մասնավորապես, ըստ օպերատիվ տվյալների՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշումը կայացրել է այլ դատավորների հետ համատեղ։ ԱԱԾ-ն միջնորդել է թույլատրել դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացումը՝ միջնորդության մեջ նշելով, որ, նկատի  Դավիթ Հարությունյանի նկատմամբ հեռախոսային խոսակցությունների վերահսկում ՕՀՄ-ի իրականացումը հնարավորություն կտա ստանալ նրա ենթադրյալ անօրինական գործողությունները հիմնավորող  ստույգ  տվյալներ, որոնք կնպաստեն հանցագործության բացահայտմանն ու ապացույցների ձեռքբերմանը։ Ռուբեն Վարդազարյան, ով այն ժամանակ եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագագը, որոշել է միջնորդությունը բավարարել։ Ժամկոչյանը նշեց, որ, փաստորեն, Ռուբեն Վարդազարյանը, որպես դատավոր քննելով ԱԱԾ-ի միջնորդությունը, գտել է, որ Դավիթ Հարությունյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրան լիազորությունների հետ չկապված ենթադրյալ արարք է վերագրվում։ «Հարց է առաջանում, թե դատավոր Ռուբեն Վարդազարյանն ինչո՞վ է պատճառաբանում, որ Դավիթ Հարությունյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու անհրաժեշտություն չի եղել, սակայն իրեն վերագրվող նույն արարքի դեպքում իր անձեռնմխելիությունը պետք էր հաղթահարել»,- նկատեց Աշոտ Ժամկոչյանը։ Դատախազը նշեց, որ անձեռնմխելիությունը դատական իշխանության հանրային երաշխիք է, այլ ոչ դատավորին՝ որպես ֆիզիկական անձի տրված երաշխիք։ Ըստ դատախազի՝ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հանցավոր արարք կատարելու դեպքում առանց Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու քրեական հետապնդման հարուցումը չի կարող խաթարել դատական իշխանության անկախությունը։ «Իմաստազուրկ և անարդյունավետ է դառնում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացման հետ չկապված հանցագործությունների դեպքում գործադրել բարդեցված ընթացակարգեր»,- ասաց դատախազը Ժամկոչյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում
11:15 - 31 մայիսի, 2021
ՀՔԾ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ներկայացուցիչներին

ՀՔԾ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ներկայացուցիչներին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) ներկայացուցիչներին, այդ թվում` ԹՊԻՀ տնօրեն Մայքլ Շուլմանին, Քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին և իրավապահ մարմինների ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին: Սասուն Խաչատրյանը ԹՊԻՀ ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել Հայաստանի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների շրջանակում, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը և, ընդհանրապես, մեր երկրի իրավապահ մարմիններին ցուցաբերվող տեխնիկական ու մասնագիտական աջակցության համար: Ամփոփելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ իրականացված համատեղ գործունեության արդյունքները` կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակներում առաջիկայում նախանշվող նոր ծրագրերը, նաև քննիչների մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպման և կարողությունների զարգացման ուղղությամբ, կշարունակվեն ավելի մեծ արդյունավետությամբ:
12:52 - 26 մայիսի, 2021
ՀՔԾ պետի դուստրը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ հաճախել է պրակտիկայի, որի դիմաց վարձատրություն չի ստացել. պարզաբանում

ՀՔԾ պետի դուստրը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատ հաճախել է պրակտիկայի, որի դիմաց վարձատրություն չի ստացել. պարզաբանում

ՀՔԾ-ն հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, ասված է. «Նախօրեին լրատվամիջոցներով տարածվել է Անի Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը, որով վերջինս հայտնել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարագրում նշված տվյալներով` նրա դուստրը` Սիլիվիա Խաչատրյանը, սկսել է աշխատել 2020 թվականից, մինչդեռ, ըստ Ա. Կարապետյանի «ունեցած տեղեկությունների», հայտարարագրում իբր բացակայում է Սասուն Խաչատրյանի դստեր` մինչև 2020 թվականը Հայաստանում ամերիկյան առևտրի պալատի անդամկազմակերպությունում աշխատելու փաստը: Այս առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հատուկ քննչական ծառայության պետի դուստրը նշված կազմակերպությունում չի աշխատել, այլ ընդամենը հաճախել է պրակտիկայի, որի դիմաց որևէ վարձատրություն չի ստացել: Ավելին` հետաքրքված անձինք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել հիշյալ կազմակերպություն և այդ մասին ստանալ հավաստի և ամբողջական տեղեկատվություն, իսկ վերը նշված ֆեյսբուքյան օգտատիրոջը և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված տեղեկություններ տարածելուց»:
12:28 - 24 մայիսի, 2021
ՀՔԾ-ն ավարտել է ոստիկան պաշտոնյաների կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամ հափշտակելու քրգործի նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է ոստիկան պաշտոնյաների կողմից պետությունից ավելի քան 160 մլն դրամ հափշտակելու քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Իջևանի պահպանության բաժնի և Դիլիջանի պահպանության բաժանմունքի պաշտոնատար անձինք 2013-2018թթ-ի ընթացքում պետությունից յուրացման և գողության եղանակներով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝  160.047.460 ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ «Գագիկ Գրիգորյանը, 2013թ. հունվարի 1-ից 2015թ. օգոստոսի 31-ը, ապա՝ 2016թ. հունիսի 24-ից 2018թ. մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և խախտելով համապատասխան իրավական ակտերի պահանջները, բաժնի հաշվապահ Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ մշակել է իրեն վստահված` բաժնի արտաբյուջետային դրամական միջոցների յուրացման եղանակով հափշտակության սխեմա: Համաձայն մշակված սխեմայի` Լիլիկ Այդինյանը վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման տեղեկագրերում մի շարք աշխատակիցների անվամբ հաշվարկել է սահմանվածից ավել աշխատավարձ, ըստ այդմ՝ ապօրինի հավելյալ հաշվարկված եկամտային հարկերը չի վճարել ՀՀ պետական բյուջե»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Գագիկ Գրիգորյանի ցուցումով Լիլիկ Այդինյանը հիշյալ ժամանակահատվածում ամիսներ շարունակ մուտք է գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ և սահմանված եկամտային հարկը պետական բյուջե չվճարելու արդյունքում գոյացած գումարներն անհիմն փոխանցել է իր, Գագիկ Գրիգորյանի և վերջինիս հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին: Գագիկ Գրիգորյանի պահանջով Լիլիկ Այդինյանը և բաժնի աշխատակիցները յուրաքանչյուր փոխանցումից հետո կանխիկացրել և նրան են հանձնել իրենց քարտային հաշիվներին փոխանցված գումարները, ինչի արդյունքում Գագիկ Գրիգորյանը Լիլիկ Այդինյանի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի` 117.013.352 ՀՀ դրամը: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գագիկ Գրիգորյանը, 2015 թվականի օգոստոսի 31-ից ազատված լինելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնի պետի պաշտոնից, նշված ժամանակահատվածից մինչև 2016 թվականի հունիսի 24-ը նույն պահպանության բաժնի արտաբյուջետային դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակություն կատարելու շուրջ նախապես համաձայնության է եկել հաշվապահ Լիլիկ Այդինյանի հետ: Վերջինս, արդեն իսկ մշակված հանցավոր սխեմայով, օգտվելով այդ ընթացքում բաժնի նորանշանակ պետի` գանձապետական համակարգից օգտվելու պայմանների անտեղյակությունից, նրանից գաղտնի շարունակել է յուրաքանչյուր ամիս մուտք գործել բաժնի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հիշյալ համակարգ և անհիմն հավելագրումներ կատարել իր, Գագիկ Գրիգորյանի և նրա հանձնարարությամբ` բաժնի աշխատակիցների քարտային հաշիվներին, որը նույն եղանակով կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից:   ՀՔԾ-ից հայտնում են, որ, արդյունքում, Գագիկ Գրիգորյանը, Լիլիկ Այդինյանի հետ խմբով` նախնական համաձայնությամբ, 2015թ. օգոստոսի 31-ից 2016թ. հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում պետությունից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` 38.787.480 ՀՀ դրամ: Բացի այդ, Լիլիկ Այդինյանը, կատարելով ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները, 2017 թվականի մայիսի 19-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում օժանդակել է նույն բաժանմունքի պետ Տիգրան Տոֆանյանի կողմից վերջինիս վստահված` նշված բաժանմունքի բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մուտքագրված առանձնապես խոշոր չափերի՝ 4.246.628 ՀՀ դրամ գումարի յուրացմանը: Վերը նշված արարքների կատարման համար Գագիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Լիլիկ Այդինյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) և  177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տիգրան Տոֆանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Պետությանը պատճառված 160.047.460 ՀՀ դրամի վնասից վերականգնվել է 42.470.365 ՀՀ դրամը, իսկ վնասի մնացած մասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: ՀՔԾ-ի տեղեկացմամբ՝ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
18:42 - 20 մայիսի, 2021
Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության իրեն առաջադրած մեղադրանքը |armenpress.am|

Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության իրեն առաջադրած մեղադրանքը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը չի ընդունում ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ իրեն առաջադրած մեղադրանքը: Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) և հավելեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իր մեղքը և ոչ մի թուղթ չի ստորագրել: Գևորգյանը ՀՔԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու օր առաջ է ծանուցագիր ստացել և առավոտյան ժամը 9-ից այնտեղ է:  «Դեռ անցած տարի ապրիլի 16-ին ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել ինչ-ինչ փաստերի կապակցությամբ, որտեղ նկարագրվում են հանգամանքներ և վերջում ասվում է, որ Արմեն Գևորգյանն այդ ամենի հետ առնչություն ունի: Մասնավորապես, ասվում է, որ իմ հարազատների, բարեկամների մի շարք գույքեր փաստացի պատկանում են ինձ, ու ես «լվացել եմ» այդ ամենը: Այն ժամանակ, ըստ էության, մեղադրանք չէր առաջադրվել, սակայն կալանք է դրվել բոլոր այդ գույքերի վրա: Մենք էլ փորձել էինք պաշտպանել մեր դիրքերն ու դիմել դատական ատյաններ»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ բոլոր դատական ատյաններում այս պահի դրությամբ քննիչի որոշումը ճանաչվել է ապօրինի և բեկանվել է: Նրա խոսքով, այժմ, որոշել են իրեն մեղադրանք առաջադրել, որպեսզի այդ գույքերի վրա դրված կալանքը հիմնավորված լինի և խափանման որևէ միջոց ընտրեն, որպեսզի խաթարեն իմ գործունեությունը որպես «Հայաստան» դաշինքի շտաբի պետ: «Ես հրաժարվել եմ ՀՔԾ-ի հետ որևէ գործ ունենալ, ես անգամ չեմ ցանկանում նրանց հետ որևէ հարց քննարկել և ծանոթանալ մեղադրանքին»,- ասաց Գևորգյանը:   Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ ինքն ու մեկ այլ փաստաբան՝ Լուսինե Սահակյանը, ծանոթացել են մեղադրանքին և համարում են, որ այն քաղաքական երանգներ է պարունակում իր մեջ: «Դատական ատյանների այն որոշումներից հետո, երբ Գևորգյանի և իր բարեկամների գույքերի վրա դրված կալանքը ճանաչվել էր ապօրինի, ՀՔԾ-ն որոշում էր կայացրել իրավունքի խախտումը վերացնելու մասին: Ստացվում է, որ փաստացի Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելուց հետո անգամ Վճռաբեկ դատարան բողոք չէին տարել և իրավունքի խախտումն ինքնուրույն վերացրել էին: Այն, ինչ կատարվում է, ապօրինի է: Այս գործը հարուցվել է դեռ 1 տարի առաջ, և մեզ այսօր կանչել են ու դատաիրավական նման կարգավիճակ են շնորհել միայն քաղաքական նկատառումներից ելնելով»,- նշեց Ալեքսանյանը: Ներկայում գույքի վրա կալանք դրված չէ, քանի որ կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Փաստաբանն ասաց, որ այս պահին Գևորգյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: «Այս գործի հետ կապված բացառապես բոլոր փաստաթղթերը բողոքարկելու ենք»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
16:15 - 20 մայիսի, 2021
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամ եկամուտն օրինականացնելու համար

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամ եկամուտն օրինականացնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։ Այսպես, 2002-2018 թվականների ընթացքում Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է ընդհանուր 743.458.821 ՀՀ դրամ, մինչդեռ վերջիններիս անվամբ նույն ժամանակահատվածում գրանցվել է Արմեն Գևորգյանին փաստացի պատկանող` Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող` վերը նշված գումարը բազմակի գերազանցող արժեքի 39 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։ Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող հիշյալ անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է նշված արժեքի ավելի քան վեցապատիկը` 4.843.530.000 ՀՀ դրամից ավելի, իսկ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ընդհանուր 10 միավոր անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։ Պարզվել է նաև, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Բացի դրանից՝ նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։ Այսպիսով, քրեական գործով հիմնավորվել է, որ վերը նշված բոլոր անշարժ գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստացված օրինական եկամուտները, որպիսի պայմաններում Արմեն Գևորգյանը պետական պաշտոնները զբաղեցնելու ընթացքում իրականացրած անօրինական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց օրինական տեսք տալու նպատակով ձեռք է բերել և փոխկապակցված անձանց անուններով գրանցել հիշյալ անշարժ գույքերը, ինչպես նաև դրանց գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4.100.071.179 ՀՀ դրամ և 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։ Բացի դրանից՝ Արմեն Գևորգյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարների ծագումը, ինչպես նաև դրանք տարբեր բանկային գործարքների արդյունքում շրջանառելուց հետո ներկայացնել որպես օրինական ստացված եկամուտներ, դրանք շրջանառել է փոխկապակցված անձանց անձնական և նրանց անվամբ գրանցված տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվներով: Վերոգրյալ պայմաններում Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ տեղեկացնում է ՀՔԾ-ն:
12:40 - 20 մայիսի, 2021
Դատարան է ուղարկվել պաշտոնյայի կողմից դիզվառելիքի ներկրմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Դատարան է ուղարկվել պաշտոնյայի կողմից դիզվառելիքի ներկրմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Դիզվառելիք ներկրող տնտեսվարողներից 2019թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացված դիմումների առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված  և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ մի խումբ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են 2015թ. ընկերության կողմից ՀՀ փոխադրված դիզելային վառելիքի հերթական խմբաքանակի մաքսային ձևակերպմանը: Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Ա. Ա.-ն 2015թ. նոյեմբերին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ պետական ծառայություն իրականացնող ՀՀ ֆինանսների նախարարության Բագրատաշենի մաքսային կետի պետի տեղակալ Ս. Մ.-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել Բագրատաշենի մաքսային կետով ներմուծվող դիզվառելիքի ձևակերպումներ:  Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս իր հերթին Բագրատաշենի մաքսային կետի ձևակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն և առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձևակերպում:  2015թ. նոյեմբերին 7-ին «Կ... Ի...» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500տ. դիզելային վառելիք, որի մի մասը ՝ 181.6տ, մինչև 2015թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձևակերպում և մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015թ. դեկտեմբերին: Դիզվառելիքի այս խմբաքանակներն անցել են Բագրատաշենի բաժանմունքի մաքսային ծառայողների ստուգումները, ինչից հետո Ս. Մ.-ն տվյալ օրվա հերթապահ բաժանմունքի պետ Մ. Հ.-ից տեղեկանալով հիշյալ բեռի՝ մաքսակետում գտնվելու մասին, «Մաքսային տարանցում» ընթացակարգը եզրափակելու հրահանգներ տալու փոխարեն, կատարելով փոխնախարարի ապօրինի հանձնարարությունը՝ Մ. Հ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել չկատարել հիշյալ բեռի մաքսային ձևակերպումը և մաքսային տեսուչներին  թույլ չի տրվել իրականացնել բեռի մաքսային ձևակերպումը: Այնուհետև, Ս. Մ.-ն մաքսային կետում գտնվող վարորդներին առանց որևէ պատճառաբանության հրահանգել է բեռնատարները տեղափոխել Այրում քաղաքում գտնվող մաքսային պահեստի տարածք, ինչով կասեցվել է բեռի տեղափոխումը նշանակման վայր:  Փոխնախարար Ա.Ա.-ն, տեղեկանալով դիզելային վառելիքի հիշյալ խմբաքանակի ՀՀ ներմուծվելու, ինչպես նաև դրանք մաքսային պահեստ փոխադրելու մասին, հանձնարարել է որևէ գործողություն չկատարել և սպասել իր հետագա հանձնարարություններին:  Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 11-ը, առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու, վարորդներին չեն վերադարձվել փաստաթղթերը, ապա նշված ավտոմեքենաներն ուղեկցվել են հայ-վրացական պետական սահմանի չեզոք գոտի, որտեղ առանց ձևակերպման, վարորդներին վերադարձվել են փաստաթղթերը նրանցից պահանջել են դիզելային վառելիքով բեռնված ավտոմեքենաները դուրս բերել ՀՀ տարածքից: Այնուհետև, Ա. Ա.-ն տեղեկացրել է Ս. Մ.-ին, որ վերը նշված բեռնատարները վերադառնալու են ՀՀ և հանձնարարել է առանց ձգձգումների կատարել բեռի ձևակերպումն ու բաց թողնել ՀՀ տարածք։ Եվ  2015թ. դեկտեմբերի 14-ի երեկոյան մատակարար և տեղափոխող ընկերությունների միջամտության արդյունքում նշված ավտոմեքենաները վերադարձել և, հատելով վրաց-հայկական պետական սահմանը, կրկին մուտք են գործել Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ նույն օրը սահմանված կարգով կատարվել է «Մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակում ու վարորդները հնարավորություն են ստացել փոխադրել բեռը:  Պաշտոնատար անձանց դիտավորյալ հանցավոր գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության և «Կ... Ի...» ՍՊԸ օրինական շահերին, վերջինիս կողմից նշված ավտոմեքենաների պարապուրդի համար հավելյալ վճարվել է 8.352.000 ՀՀ դրամին համարժեք 1.200.000 ՌԴ ռուբլի, որն առաջացրել է գույքային ծանր հետևանքներ: Բացի այդ, պարզվել է նաև, որ այս դեպքից հետո նշված ընկերությունն այլևս դիզվառելիք չի ներկրել:    Վերոնշյալի հիման վրա ՀՀ ֆինանսների փոխնախարար Ա. Ա.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քանի որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ այլ քրեական գործով նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, այս գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի պետի նախկին տեղակալ Ս. Մ.-ին և մաքսային կետի բաժանմունքի նախկին պետ Մ. Հ-ին:   Նկատի ունենալով, որ Ս.Մ.-ն հետագայում մահացել է, վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը մահվան հիմքով դադարեցվել է: Իսկ Մ.Հ.-ի մասով նախաքննությունն ավարտվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործից անջատված այս մասով հաստատվել է մեղադրական եզրակացությունը և  ըստ մեղադրանքի՝ Մ. Հ.-ի՝ քրեական գործն ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
10:34 - 18 մայիսի, 2021
Կարևորում ենք Շվեյցարիայի փորձի ուսումնասիրումը փողերի լվացման դեպքերի քննության արդյունավետության բարձրացման հարցում. ՀՔԾ պետ

Կարևորում ենք Շվեյցարիայի փորձի ուսումնասիրումը փողերի լվացման դեպքերի քննության արդյունավետության բարձրացման հարցում. ՀՔԾ պետ

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոյին և դեսպանության ֆինանսների, մարդկային ռեսուրսների և ադմինիստրացիայի ղեկավար Անժելա Խաչատրյանին: Կարևորելով իրավապահ ոլորտում Շվեյցարիայի հետ վերջին տարիների ընթացքում արդեն իսկ ձևավորված համագործակցային ամուր հիմքերը և, մասնավորապես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մի շարք քրեական գործերով Շվեյցարիայի իրավապահ մարմիններ ուղարկված իրավական փոխօգնության հարցումների կատարման ուղղությամբ արձանագրված շոշափելի արդյունքները՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ այդ համագործակցությունը կշարունակվի նույն արդյունավետությամբ:  Նշելով, որ Հայաստանը և Շվեյցարիան, որպես ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի անդամ պետություններ, արդեն իսկ ստանձնել են միմյանց իրավական փոխօգնություն տրամադրելու պարտավորություններ, Սասուն Խաչատրյանն ընդգծել է. «Մենք շատ ենք կարևորում Շվեյցարիայի առաջադեմ փորձի ուսումնասիրումը կոռուպցիոն բնույթի, այդ թվում` երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի և փողերի լվացման դեպքերի քննության արդյունավետության բարձրացման հարցում և հույս ունենք, որ առաջիկայում կոնկրետ աշխատանքներ կտարվեն փոխադարձ այցերի ու վերապատրաստման դասընթացների կազմակերպման, ինչպես նաև Շվեյցարիայի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ փոխըմբռնման հուշագրեր կնքելու ուղղությամբ»: Դեսպան Լազզարոտտոն վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դրա շրջանակներում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հետ համատեղ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը միտված է աջակցելու Հայաստանի իրավապահ մարմինների հակակոռուպցիոն պայքարի օրակարգին՝ կարողությունների զարգացմանն ու քաղաքականության մշակմանն օժանդակելու միջոցով: Շնորհակալություն հայտնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված իրավական համագործակցության համար` ընդգծելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում հայկական կողմի կարողությունների զարգացմանն աջակցելը երկու երկրների միջև իրականացվող համագործակցային քաղաքականության բաղադրիչներից է: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ համագործակցային կապերն ընդլայնելու և զարգացնելու նպատակով տարվող աշխատանքները շարունակական կլինեն:
13:51 - 29 ապրիլի, 2021