ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. ՆԳ նախարար

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է. ՆԳ նախարար

Փետրվարի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է, և ոստիկանությունն այդ ուղղությամբ իրականացնում է ծավալուն աշխատանք։ Վահե Ղազարյանը հատկապես շեշտել է համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման խնդիրն ու հայտնել, որ ոստիկանությունում այդ ուղղությամբ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար Քրեական ոստիկանության կազմում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում։ Նախարարն, առանձնացնելով նաև այլ պետություններից ապօրինի եղանակով Հայաստան ներմուծվող թմրամիջոցների հայտնաբերման խնդիրը, բարձր է գնահատել հանձնաժողովի դերը առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հստակ լուծումներ գտնելու ուղղությամբ և հույս հայտնել, որ համագործակցված աշխատանքը դրական արդյունքներ կտա մարդկային կյանքեր կործանող չարիքի դեմ պայքարում։ Միջգերատեսչական հանձնաժողովը նախագահում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը, իսկ կազմում ընդգրկված են ՆԳՆ ոստիկանության, ՀՀ առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի և պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ: Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ ելույթ է ունեցել ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա ներկայացրել է վերջին տարիներին թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, շեշտել ներկայիս խնդիրների, հատկապես՝ սինթետիկ թմրամիջոցների տարածման և համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել է առաջիկա անելիքները։ Նիստին ներկա հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված այլ հարցեր: Ամփոփելով՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ քննարկման համար և նախանշել հանձնաժողովի կազմում հետագա անելիքները։ Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հիմնական խնդիրներն են` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությանը (վերահսկողությանը) և ապօրինի շրջանառության կանխարգելմանը, դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների համագործակցությանը, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարմանն աջակցելը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության ու թմրամոլության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով թիրախային տեղեկատվական աշխատանքների կազմակերպումը, այդ թվում՝ արձանագրված դրական փորձի տարածում, համացանցի միջոցով կատարվող թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելուն և առաջավոր փորձը ներդնելուն աջակցելը, այդ նպատակով միջազգային փորձի ուսումնասիրությունը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության նկատմամբ հսկողության (վերահսկողության) և դրանց ապօրինի շրջանառության վերաբերյալ պետական լիազորված մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվության փոխանակման դյուրացումը: Հանձնաժողովի նիստերը կհրավիրվեն յուրաքանչյուր ամիս:
21:31 - 12 փետրվարի, 2024
Ամփոփվել են 2023 թ. ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործունեության արդյունքները

Ամփոփվել են 2023 թ. ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործունեության արդյունքները

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փետրվարի 8-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ամփոփվել են 2023 թ. 12 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Բացման խոսքով հանդես է եկել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում վարչության և ենթակա ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-ծառայողական գործունեության աշխատանքների արդյունքները: Նա անդրադարձել է ստորաբաժանումների կողմից իրականացված ինչպես թվային, այնպես էլ օպերատիվ և ծառայողական աշխատանքներին: Անդրադարձ է եղել նաև արձանագրված թերություններին: Նշվել է, որ չնայած վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատանքի արդյունքները, ընդհանուր առմամբ, դրական են, այնուամենայնիվ, առկա թերացումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ պետք իրականացնել ամենօրյա հետևողական աշխատանք: Խորհրդակցության ընթացքում եղել են քննարկումներ, վերլուծվել խնդիրների արագ լուծման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ Քրեական ոստիկանության ձևավորմանն ու կադրային համալրումներին: Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ ինչպես առանձին դեպքերով, այնպես էլ ընդհանուր աշխատանքների վերաբերյալ:  
19:56 - 08 փետրվարի, 2024
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության հերթական բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը, իր ղեկավարած ստորաբաժանման ծառայողական մեքենաներն այս տարվա հունվարին շահագործելու համար, դեկտեմբերի 28-ին ավտոտնտեսությունից ստացել է 8 հազար լիտր բենզինի կտրոններ, որոնք, սակայն, հունվարի 9-ի դրությամբ նրա մոտ արդեն առկա չէին: Նա պարզաբանել է, իբր կտրոնները պարտքի դիմաց վերադարձրել է Երևանի տարբեր բենզակայաններին, ինչը, սակայն, հերքվել է ծառայողական քննությամբ: Այսպիսով, պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը, հափշտակել է իր տնօրինմանը հանձնած բենզինը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` հետագա ընթացքը որոշելու համար: ՆԳՆ ստրաբաժանումների ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:
19:03 - 06 փետրվարի, 2024
ԵՄ պատվիրակության ղեկավարը ՆԳ նախարարի հետ շրջել է ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրով

ԵՄ պատվիրակության ղեկավարը ՆԳ նախարարի հետ շրջել է ՊԾ և ՕԿԿ վարչական համալիրով

Փետրվարի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն այցելել են Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։   Ներկա էին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, Նախարարության և Ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներ։   Վահե Ղազարյանին և Վասիլիս Մարագոսին է ներկայացվել ստորաբաժանումների վարչական համալիրների մանրակերտը, ըստ որի՝ առանձին վարչական շենքեր են նախատեսված Պարեկային ծառայության, Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության Երևանի գնդի համար։ Շենքերն ունենալու են բոլոր հարմարություններն ու անհրաժեշտ տեխնիկական ապահովվածությունը՝ քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու համար։   Ներկաները շրջել են տարածքում, եղել վարչական շենքերում, ծանոթացել մարզասրահի, հրաձգարանի, ծառայողական տրանսպորտային միջոցների ավտոկայանատեղիի, լողավազանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել բարեփոխումների շրջանակում իրականացված աշխատանքները, որոնք կնպաստեն քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Արտակարգ և լիազոր դեսպանը, կարևորել է մեծ թափով ընթացող շինարարական աշխատանքներն ու նախագծված շենքային լուծումները, որոնք կերաշխավորեն աշխատանքի արդյունավետությունը, ինչն էլ իր հերթին կբարելավվի ինչպես Օպերատիվ կառավարման կենտրոնի, այնպես էլ Պարեկային ծառայության աշխատանքը։ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել նաև շարունակելու աջակցությունը Ներքին գործերի նախարարությանը։ Միջազգային գործընկերներին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը կարևորել է փոխգործակցությունը, ինչը նպաստում է Նախարարության որդեգրած բարեփոխումների հաջող ընթացքին և ցանկալի արդյունքի հասնելուն։ Այցի ընթացքում ՆԳ նախարարը շինարարական աշխատանքների վերաբերյալ տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
20:01 - 02 փետրվարի, 2024
Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի ղեկավարների հետ

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի (Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալություն) գործադիր տնօրեն Մոնտսերատ Մարին Լոպեսի հետ։ Առարկայական քննարկումներ են եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կարիքների վերաբերյալ։ Տիկին Մարին Լոպեսը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներկայացված խնդիրների լուծմանը։ Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՀ պատվիրակության և Կիպրոսի փոխոստիկանապետի միջև։ Քննարկվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և Կիպրոսի ոստիկանական ակադեմիայի միջև համագործակցության պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Մոլդովայի Հանրապետության ՆԳՆ Ստեֆան չել Մարե ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում էլ որոշվել է վերանայել գործող պայմանագիրը` համագործակցության նոր ուղիներ ու ձևեր հաստատելու նպատակով։
14:06 - 02 փետրվարի, 2024
Հայտնի են զրոներով սկսվող համարանիշների մեկնարկային գները

Հայտնի են զրոներով սկսվող համարանիշների մեկնարկային գները

Այսօրվանից գործարկվել է Auction.mia.gov.am հարթակը, ինչի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: «2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։ Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։ Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է ընտրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մուտք բաժինը։ Այնուհետև մուտք գործելով բաժին՝ ներքևի հատվածում սեղմում եք գրանցվել։ Գրանցվելու համար պարտադիր պետք է լրացնեք ձեր անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն, փաստաթղթի համարանիշ՝ Հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշը, ձեր իսկ որոշած գաղտնաբառը։ Եվս մեկ անգամ կրկնեք այն,ապա սեղմեք գրանցվել։ Գրանցումը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ձեր իսկ կողմից նշված էլեկտրոնային հասցեին կստանաք էլ. փոստի հաստատման նամակ, որտեղ գրանցումը ակտիվացնելու համար պետք է սեղմեք ակտիվացնել կոճակը։ Համակարգ հաջողությամբ մուտք գործելուց լրացրեք համապատասխան տվյալները, այն է՝ 1. Փաստաթղթի համարանիշ՝ հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշ 2. Հեռախոսահամար, որին կուղարկվի հաստատման կոդ 3. Գաղտնաբառ Այնուհետև սեղմել մուտք կոճակը։ Մուտք գործելուց հետո քվեարկությանը մասնակցելու համար սեղմում եք մենյուի «Քվեարկություն» ներդիրին, այնուհետև լրացնում եք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և սեղմում «Քվեարկել» կոճակը։ Քվեարկությունն անց է կացվում։ Յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի քվեարկությանը օգտատերը կարող է մասնակցել մեկ անգամ։ Օգտատիրոջ կողմից նախընտրելի համարանիշին քվեարկելու դեպքում օգտատերը կմեծացնի սպասվելիք աճուրդում համարանիշի ընտրության հավանականությունը, ինչպես նաև կստանա աճուրդի կայացման օրվա մասին հրապարակային ծանուցում էլ. փոստի միջոցով։ Քվեարկությունը կատարվում է աճուրդի կայացման մասին հայտարարությունից հետո՝ աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվելու օրվանից առաջ 10 օրվա ընթացքում։ Աճուրդին մասնակցելու համար մենյուի «Վճարում» բաժնում, լոտի ընտրությունից հետո, աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում անհրաժեշտ է կատարել կանխավճարի վճարում՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդը կանցկացվի Հայ աստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թ. փետրվարի 1 ի թիվ 1-Ն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։ Համարանիշի աճուրդին մասնակցելու համար մուտք գործեք մենյուի «Ձեր աճուրդները» բաժին և համապատասխան ժամկետներում ներկայացրեք ձեր գնային հայտը։ Կայքի մյուս ազատ համարանիշների որոնում բաժնում դուք կարող եք տեղեկանալ տրանսպորտային միջոցների ազատ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մասին։ Սեղմելով կատարել կոճակը՝ կարող եք տեղեկանալ՝ արդյո՞ք առկա է ձեր նախընտրած համարանիշը, թե՝ ոչ։ Կայքի գլխավոր էջում կարող եք ծանոթանալ նաև առկա համարանիշներին։ Իսկ ապագա սպասվելիք աճուրդներ բաժնում կարող եք ծանոթանալ կայանալիք աճուրդներին»,- հայտնում են ՆԳՆ-ից։
23:03 - 01 փետրվարի, 2024
ՀՀ քաղաքացիները երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցումները կստանան էլփոստով. նախագիծ

ՀՀ քաղաքացիները երթևեկության կանոնների խախտումների մասին ծանուցումները կստանան էլփոստով. նախագիծ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, և արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչև կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգը, և մեր քաղաքացիները կունենան ծանուցման պատշաճ համակարգ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 1-ի նիստում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Քննարկվել է Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթում ներառված են փոփոխություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը, ինչպես նաև վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: «Եթե մեր քաղաքացիները կհանձնեն էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով ցանկություն կհայտնեն ստանալ խախտումների ծանուցումն էլեկտրոնային տարբերակով, այլ ոչ Հայփոստի միջոցով և թղթային ծանուցման եղանակով, ապա այդ դեպքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է 20 տոկոս զեղչ նախնական նշանակված տուգանքի նկատմամբ: Եթե գործ ունենք 5 հազար դրամ տուգանքի հետ, եւ, եթե անձը տրամադրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, ապա տուգանքի նշանակված չափը դառնում է 4000 հազար դրամ»,- մանրամասնել է Արփինե Սարգսյանը` հավելելով, որ ցանկանում են քաղաքացիներին հնարավորինս բերել թվայնացման դաշտ` հետագայում իրականացվող գործընթացներին ինտեգրվելու համար, որը թույլ կտա ամբողջովին վերացնել թղթային ծանուցումները և ամբողջական ծանուցումներն ապահովել էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով: Անդրադառնալով երկրորդ կարևոր փոփոխությանը` Արփինե Սարգսյանը նշել է, որ առկա են շուրջ 8 մլրդ դրամի չափով դեռևս չկատարված վարչական մի շարք ակտեր, որոնք ներկայում գտնվում են Հարկադիր կատարման ծառայությունում: ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ միջազգային պրակտիկայում նմանատիպ օրինակներ կան, երբ պետությունը, խնայելով վարչական ռեսուրսն այս խումբ ակտերի կատարման նկատմամբ, նախատեսում է որոշակի բոնուսային համակարգ քաղաքացիների համար: «Մեր դեպքում բոնուսային համակարգը հետևյալն է. եթե քաղաքացին 15-օրյա ժամկետում կվճարի սահմանված տուգանքը, ապա նրա համար տուգանքի նկատմամբ կգործի 30 տոկոս զեղչ: Այսինքն` եթե տուգանքը վճարված լինի 70 տոկոսի չափով, ապա պարտավորությունը համարելու ենք ամբողջությամբ կատարված»,- պարզաբանել է փոխնախարարը` հույս հայտնելով, որ նմանատիպ խթանիչ գործընթացների արդյունքում կհասնեն վարքագծային փոփոխության, ինչը կնպաստի վերջնարդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ պարտաճանաչ և պատշաճ վերաբերմունքի: Մանրամասն ներկայացնելով օրենսդրական փաթեթով առաջարկվող մի շարք  այլ փոփոխություններ ևս` հիմնական զեկուցողը շեշտել է, որ դրանց ընդունմամբ հնարավորինս կթոթափվի վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը: Պատգամավորների հարցերը վերաբերել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի խնդրին, օրենսդրական փաթեթի բոլոր կարգավորումների մասով լայնամասշտաբ իրազեկման արշավների կազմակերպմանը: Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարևորել է առաջարկվող փոփոխությունները: Ելույթներում պատգամավորները կարևորել են համակարգում արդարության հաստատումը, ծանուցման` էլեկտրոնային համակարգի ներդրումը, ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելուն ուղղված քայլերը: ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, ընդգծել է թվային դարաշրջանում թվային տեխնոլոգիաների կիրարկումը, դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանն ուղղված քայլերը, խոսել է բազմախողովակ ծանուցման ինստիտուտի ներդրումային անհրաժեշտության մասին: Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով համապարփակ քննարկման, հարցադրումների համար, նշել է, որ այն կօգնի առավել մանրամասն ներկայացնել առաջարկվող կարգավորումները: Նա շեշտել է, որ նախագիծը նպատակ ունի բարելավել պետություն-քաղաքացի հարաբերությունները, վերացնել թղթային ծանուցման ռեժիմով ունեցած պրակտիկան: Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը նախագծերի փաթեթը վերամշակելու համար ներկայացրել է երեք առաջարկ: Մասնավորապես, առաջարկվել է լուսաթափանցելիության չափանիշների չպահպանման հետ կապված խախտումների դեպքում կիրառել տուգանային երկու միավոր: Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարությունը ներկայացված առաջարկների վերաբերյալ չունի դրական եզրակացություն` ընդգծելով, որ նման բալային փոփոխությունը չափազանց անհամաչափ մոտեցում է: Հանձնաժողովը ձեռնպահ է քվեարկել Արսեն Թորոսյանի ներկայացրած առաջարկություններին: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
18:59 - 01 փետրվարի, 2024
Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում․ Աշոտ Ահարոնյան

Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում․ Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ «Ավարտվեց իմ կենսագրության մի կարևոր հատված, որ երեսունամյա ծառայություն էր ոստիկանությունում։ Թղթակցից մինչև լրատվության վարչության պետ, լեյտենանտից՝ գնդապետ, անփորձ լրագրողից մինչև այն կարգավիճակը, երբ մարդիկ կարևորում ու գնահատում են խոսքդ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց՝ մեր քաղաքացիներին, ովքեր պարզապես ունկնդիր ու ակնդիր չեն եղել, այլև համախոհ ու գաղափարակից, նաև՝ ընդդիմախոս ու քննադատ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հասկացել են լրատվության արժեքը, ուժեղացրել մեր վարչությունը տեխնիկական աջակցությամբ, թիկունք եղել՝ մեր գործի ըմբռնումով, հարկ եղած դեպքում՝ դրվատանքով, նաև ադեկվատ քննադատությամբ, որ շատ կարևոր է, եթե աշխատանքդ կյանքի գործ է, որն ուզում ես կատարյալ անել: Շնորհակալություն լրագրողական համայնքի գործընկերներիս՝ տասնամյակների համագործակցության, փոխըմբռնման, փոխվստահության համար: Երեք տասնամյակ ոստիկանությունն ինձ համար ավելին է եղել, քան աշխատավայր: Շնորհակալության հետ ակնկալում եմ նաև բոլորի ներողամտությունն անխուսափելի թերացումների ու բացթողումների համար և բոլորիդ՝ քաղաքացիներին, ծառայակիցներիս, ընկերներիս, մաղթում մեր ընդհանուր գործի ազնիվ շարունակություն ու գնահատված ընթացք: Շարունակեք ապրել ու գործել ոչ հանուն «ես»-ի, այլ հանուն «մենք»-ի»:
15:17 - 30 հունվարի, 2024
Հայաստանում անցած տարի մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել
 |armenpress.am|

Հայաստանում անցած տարի մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 134 դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում  2023 թվականին մարդկանց վրա թափառող  շների հարձակվելու դեպքերի թիվը կազմել է 134, իսկ կենդանիների վերաբերյալ դաժան դեպքերի թիվը՝ 45:  «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում և լուծման տարբերակները» խորագրով  քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը՝ ներկայացնելով 2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ստացված ահազանգների ընդհանուր պատկերը: «2023 թվականի ընթացքում կենդանիների վերաբերյալ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում ստացված ահազանգները հիմնականում վերաբերվել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, շների կողմից բարձրացված աղմուկի և աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ: Քաղաքացիները մի շարք դեպքերում ահազանգում են ոստիկանություն՝ թափառող շների հնարավոր հարձակումներից վախենալով, քանի որ վտանգավոր են համարում   իրենց անչափահաս երեխաներին միայնակ  ուսումնական հաստատություններ ուղարկելը»,- ասաց ոստիկանության գնդապետը: Նրա խոսքով՝ ստացված ահազանգերի ու դիմումների գերակշիռ մասը վերաբերվում է Երևան քաղաքին, իսկ մարզերում թափառող կենդանիների վերաբերյալ առավել շատ ահազանգեր ստացվել են՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Ըստ նրա՝ խնդրահարույց է նաև վարչական տարածքներում թափառող շների ստերջացման հարցը, քանի որ մարզերում և մի շարք շրջաններում ստերջացում չի իրականացվում: «Ոստիկանության տվյալների համաձայն՝ Հայաստանի   Հանրապետության տարածքում 2022 թվականին գրանցվել է մարդկանց վրա թափառող շների հարձակվելու 133, 2023-ին՝ 134, իսկ 2024 թվականի հունվարին՝ 5 դեպք: Նշված դեպքերի վերաբերյալ  միջնորդություններ են ներկայացվել տեղական ինքնակառավարման մարմիններ՝ թափառող կենդանիներին վնասազերծելու և խնամքի կենտրոններ տեղափոխելու նպատակով»,- նշեց Կարեն Հակոբյանը: Անդրադառնալով կենդանիների նկատմամբ  դաժան վերաբերմունքի  մասով արձանագրված դեպքերի քանակին՝ նա նշեց, որ 2022 թվականին գրանցվել է 19, 2023-ին՝ 45, իսկ 2024-ի հունվարին՝ 3 դեպք: Նշված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում պատասխանատվության են ենթարկվել 2022 թվականին երեք, իսկ 2023 թվականին՝ երկու անձ: Խոսելով տվյալ հարցի շուրջ ոստիկանության գործառույթներից՝ Հակոբյանն ընդգծեց, որ ահազանգից հետո ոստիկանությունը դեպքի մասին տեղեկացնում է պատկան մարմիններին, իսկ հետագա ընթացքը ոստիկանության գործառույթների մեջ չի մտնում:  
15:17 - 26 հունվարի, 2024
Հայաստանում կիբերհանցագործությամբ զբաղվող անդրազգային կազմակերպություն է բացահայտվել. ոստիկանություն

Հայաստանում կիբերհանցագործությամբ զբաղվող անդրազգային կազմակերպություն է բացահայտվել. ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է, որ անդրազգային հանցավոր կազմակերպություն է բացահայտել։ Ստորեւ՝ այդ մասին ոստիկանության հաղորդագրությունը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնում անդրազգային հանցավոր գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին դեռևս 2023 թ. սկզբին: Ըստ տեղեկությունների` Հայաստանի պետական ռեգիստրում աշխատանքի տեղավորման և ծրագրային ապահովման գործունեություն իրականացնելու ներքո քողարկված ընկերություններ, կառավարվելով օտարերկյա քաղաքացիների կողմից, Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող գրասենյակային նշանակության տարածքներում ստեղծել են համակարգչային տեխնիկայի հագեցվածությամբ «Զանգերի կենտրոն»: Հանցավոր մեխանիզմի բացահայտման նպատակով գործի դրվեց կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի գրեթե ողջ զինանոցը: Որոշիչ էր նաև միջազգային համագործակցությունը եվրոպական պետությունների իրավապահ կառույցների հետ, քանի որ, ըստ տեղեկությունների, հանցավոր սխեմայում ներգրավված էին ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ այլ պետությունների քաղաքացիներ, որոնք տիրապետելով օտար լեզուների` իրականացրել են համացանցային հեռախոսազանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և նրանց առաջարկել շահութաբեր ներդրումներ: Ընդ որում, հանցավոր խմբի մասնակիցները պատրաստել և գործարկել են կեղծ կայքեր, որոնք ակտիվ գովազդել են տարբեր սոցիալական ցանցերում` դրանցում նշելով ներդրումների բարձր եկամտաբերությունը և գործընթացի պարզությունը: Արդյունքում՝ մոլորության մեջ գցելով օտարերկրյա քաղաքացի տարբեր անձանց և չարաշահելով նրանց վստահությունը՝ հանցավոր խմբի անդամները հափշտակել են խոշոր չափի գումարներ: Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ՝ հանցավոր մեխանիզմում ներգրավված անձանց, նրանց կեղծանունների, գործի բնույթի, ինչպես նաև հանցավոր կազմակերպություններում դերաբաշխման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ տեղեկությունների` Հայաստանում գործող հանցավոր կազմակերպությունները ղեկավարվում էին մի շարք անձանց կողմից, այդ թվում` օտարերկրացիներ և Հայաստանի քաղաքացիներ: Ստացված տեղեկությունների հիման վրա Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: «Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի շարք բնակիչների կողմից համակարգչային հափշտակություններ, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում և կեղծ ձեռնարկատիրություն իրականացնելու նպատակով 2022 թ. մարտից ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր անդրազգային հանցավոր խումբ»,- ներկայացրեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը: Անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երևանի տարբեր հասցեներում իրականացվեցին խուզարկություններ: Իսկ արդեն այս տարվա հունվարի 16-ին Երևանում հայտնաբերվեց ու ձերբակալվեց հանցավոր խմբի պարագլուխներից մեկը: Խուզարկությունների արդյունքում ձեռք բերված ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկությունների ուսումնասիրությամբ հիմնավորվեց, որ հիշյալ հանցավոր խումբը գործունեության երկու տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչուր ամիս հանցավոր մեխանիզմով հափշտակել է խոշոր չափերի գումար` կրիպտոարժույթով, որը հետագայում հանցավոր խմբի անդամները փորձել են օրինականացնել կամ, այլ կերպ ասած, կատարել փողերի լվացում: «Միաժամանակ, հանցավոր կազմակերպության ղեկավարի հանձնարարությամբ՝ հանցավոր կազմակերպության անդամ հանդիսացող, ինչպես նաև անդամ չհանդիսացող անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրությունը քողարկելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են իրավաբանական անձ համարվող ընկերություններ, որոնցում ձևական առումով ներգրավվել են աշխատակիցներ և իրականացվել գործողություններ, որոնց արդյունքում պետությանը պատճառել է ավելի քան 130 միլիոն դրամի նյութական վնաս»,-նշեց Նարեկ Աբգարյանը: Չնայած անդրազգային բնույթով պայմանավորված բազմաթիվ դժվարություններին` հանցագործության բացահայտման աշխատանքը հաջողությամբ շարունակվում է, և արդեն կան կոնկրետ արդյունքներ: «Հիմնավոր փաստերի հիման վրա 20 անձի մասով միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչը չի մերժել»,-հավելեց ՔԿ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Նարեկ Աբգարյանը: Այժմ ոստիկանությունն իրականացնում է ակտիվ համագործակցություն եվրոպական երկրների կիբեռհանցագործոթյունների գծով իրավապահ մարմինների հետ` հանցավոր գործունեությունից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացահայտումն ամբողջացնելու ուղղությամբ շարունակվում են նաև միջոցառումները Հայաստանում: Այս անդրազգային հանցավոր կազմակերպությանն անդամակցած կամ որևէ կերպ աջակցած անձանց հորդորում ենք ինքնակամ ներկայանալ Քննչական կոմիտե կամ ոստիկանություն: Հ.Գ. Նման ներդրումային խիստ շահավետ առաջարկներ արտասահմանից, համացանցի միջոցով, կարող են ստանալ նաև մեր քաղաքացիները: Հորդորում ենք անտեսել նման գայթակղիչ առաջարկները, որ երկրից էլ դրանք տարածված լինեն: Եվ քանի որ անդրազգային ներդրումային խարդախության դեմ պայքարում տարբեր երկրների իրավապահների միջև համագործակցությունը զարգանում է, կասկածելի առաջարկ ստանալու դեպքում խնդրում ենք դիմել իրավապահներին:
18:52 - 24 հունվարի, 2024
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

Քաղաքական մեծամասնությունը տարբեր մակարդակներում պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները, գործնականում, ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավորինս խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողներն առանձնացրել են 2023-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակում գերատեսչությունների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը հարցմանը պատասխանում է գրեթե կես տարի անց՝ դատական հայցից հետո 2023 թվականի օգոստոսի 9-ին Infocom-ը հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հաղորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ «Ինֆոքոմը» դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին դիմել էր դատարան՝ ՔՊ կուսակցությանը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով։ Հայցը դատարան ուղարկելուց 18 օր անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ուղարկեց հարցման պատասխանը։ Նշենք, որ այս տեղեկության հարցումն «Ինֆոքոմն» արել էր պատասխանը ստանալուց մոտ կես տարի առաջ։   Իրավապահները խուսափում են մեկնաբանել՝ ինչ է սպասվում Արցախի կալանավորներին եւ դատապարտյալներին Հայաստանում 2023 թ․ Արցախի ժողովրդի տեղահանումից հետո «Ինֆոքոմ»-ը փորձեց հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ դրանք շարունակելու հնարավորություն կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետական համակարգերի եւ օրենսդրությունների հետ։ Գրավոր հարցումներ ուղարկեցինք ՀՀ Գլխավոր դատախազությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Դատախազությանը խնդրեցինք տրամադրել ԼՂՀ և ՀՀ դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված էր, սակայն սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո այլեւս հասանելի չէ։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում Դատախազությունն անպատասխան էր թողել հարցումը, իսկ նյութի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 9-ին, ուղարկել էր գրություն, որը մեր հարցման ըստ էության պատասխանը չէր պարունակում․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ դրանում նշված հարցերը կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում»,- նշված էր գրության մեջ։ ՀՀ ՊՆ-ին դիմել էինք՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել էր՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական էր, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Նույն թեմայի շրջանակում դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով որպես հասարակական անվտանգության եւ ազգային անվտանգության իրավասու կառույցներ՝ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում ազատության մեջ գտնվող կալանավորների եւ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել էին դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։ Մինչդեռ մի քանի օր անց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատգամավորների հարցերին ի պատասխան Ազգային ժողովում հրապարակեց մեր մի շարք հարցերի պատասխաններ։   ՊՆ թեժ գիծն ու ՊՆ մամուլի բաժինը իրար հակասող տեղեկություններ են հաղորդում Այս տարվա աշնանը տարբեր քաղաքացիներ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին՝ «ՈՄԱ» կազմակերպության ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների ստեղծման նախագիծը եւ դրա շրջանակում իրականացվող դրամահավաքը համաձայնեցվա՞ծ է ՊՆ-ի հետ։ ՊՆ թեժ գծից քաղաքացիներին հորդորել էին գումար չփոխանցել կազմակերպությանը, քանի որ «քրեական գործ է հարուցված»։ «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգել էր ՊՆ՝ որպես քաղաքացի նույն հարցերը հնչեցնելու, եւ ստացել էր նույնատիպ հորդոր։  Ստուգելու համար այդ տեղեկության իսկությունը՝ գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունից նշել էին, որ որևէ վարույթ չկա։ Հետևելով այդ պատասխանին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձել էինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկել էր հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչու են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրել էինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։  Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»։ Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի, սակայն ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։    Էկոնոմիկայի նախաարարությունը ժամկետի խախտմամբ է պատասխանում հարցումներին «Ինֆոքոմ»-ը փորձել էր պարզել, թե ինչի հետ է կապված ամեն տարի մթերվող խաղողի ցածր գինը, ինչու են տնտեսվաորղները քանդում իրենց խաղողի տնկարկները, ինչ խնդիրներ ունեն տնտեսվարողները և գործարանները, ինչով է պայմանավաորված ոգելից խմիչքների արտահանվող ծավալների աճին զուգահեռ նկատվող կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողի գնանկումը։  2023թ․ գոստոսի 29-ին Էկոնոմիկայի նախարարությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել Հայաստանում խաղողի հիմքով ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանների ցանկը։ Առանձին հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե ինչ փուլում են գտնվում Խաղողի ռեեստրի ստեղծման և գործարկման աշխատանքները եւ այլն։ Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ մեր բազմաթիվ զանգերից հետո։  Նույն թեմայի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հարցում էինք ուղարկել նաև հոկտեմբերի 16-ին, եւ պատասխանը դարձյալ ստացել ենք ժամկետի խախտմամբ՝ դարձյալ հեռախոսազանգով հիշեցումներից հետո՝ հոկտեմբերի 26-ին։ Նույն նյութի հետ առնչվող եւս մեկ հարցում ենք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն նոյեմբերի 20-ին՝ հետաքրքրվելով, թե քանի տնտեսվարող է օգտվել Կառավարության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագրից։ Այս անգամ եւս հարցման պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներից ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին։ 
19:27 - 22 հունվարի, 2024
Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ

Պարեկներն օշականցու մոտ հայտնաբերել են կանեփանման և բյուրեղանման զանգվածներ

Հունվարի 20-ին՝ առավոտյան ժամը 05:15-ին, Օշական գյուղում ծառայություն իրականացնող Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ օշականցի 35-ամյա տղամարդու բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, իսկ գրպանի ծխախոտի տուփի մեջ եղած երեք փաթեթներում կար ընդհանուր 19 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Հայտնաբերվել է նաև ծալովի դանակ: Ըստ նրա՝ դեղնականաչավուն զանգվածը վայրաճ թփերից քաղած կանեփ է, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով, և երկուսն էլ անձնական օգտագործման համար են: Կազմված փաստաթղթերն ու 35-ամյա տղամարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն, հանգամանքները պարզվում են:
14:21 - 22 հունվարի, 2024
Բռնությունը պետք է բացառվի, իսկ կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. Վահե Ղազարյան

Բռնությունը պետք է բացառվի, իսկ կոռուպցիոն ցանկացած դրսևորում պետք է արժանանա իրավական համապատասխան հետևանքների. Վահե Ղազարյան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունվարի 19-ին հանդիպել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության անձնակազմի հետ։ Նախարարը կարևորել է ստորաբաժանման ամենօրյա աշխատանքը, որն ուղղված է նախարարությունում և ենթակա ծառայություններում կարգապահության բարձրացմանը, հակաօրինական դրսևորումների հայտնաբերմանն ու համապատասխան ընթացք տալուն։ Վահե Ղազարյանը նշել է, որ ծառայություններում պետք է բացառվի բռնությունը, իսկ յուրաքանչյուր կոռուպցիոն դրսևորում պետք է արժանանա համապատասխան իրավական հետևանքների։ Հանդիպման ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը ներկայացրել է վարչության կողմից կատարված աշխատանքը։ ՆԳ նախարարը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար, վերստին շեշտել է, որ չպետք է բավարարվել ձեռք բերածով, և ընդգծել, որ ստորաբաժանման աշխատանքի արդյունքներն այսուհետ ամփոփվելու են ըստ բռնությունների և կոռուպցիոն դեպքերի բացահայտումների։ Հանդիպման ավարտին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողների ՆԳ նախարարը պարգևատրել է գերատեսչական մեդալներով։
12:38 - 20 հունվարի, 2024
ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը

ՆԳ նախարարը հանձնարարել է ակտիվացնել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը

Հունվարի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության գործունեությանը: Նա հանձնարարել է ակտիվացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Նախարարը առանձնահատուկ կարևորել է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև կանխարգելիչ հետևողական միջոցառումները: Վահե Ղազարյանն ընդգծել է հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կարգապահության բարձրացման կարևորությունը՝ առանձնահատուկ շեշտելով բռնության ցանկացած դրսևորման բացառումը։ Նա անդրադարձել է նաև ատեստավորման գործընթացին, խոսել փուլերի հաղթահարման արդյունքում ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հնարավորությունների մասին։ Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումին՝ Վահե Ղազարյանը խոսել է պարեկային ուժեղացված ծառայությունների կազմակերպման ու անցկացման խնդիրների մասին, նշել առկա թերություններն ու բացթողումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ: ՆԳ նախարարը խոսել է նաև նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության և սահմանված չափորոշիչների մասին։ Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է առկա թերացումներին և տվել առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով:
16:59 - 19 հունվարի, 2024
Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին

Դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել տանտիրոջ հետ, ապա՝ դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված 41-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 18-ի սահմաններում իրենց տանը 60-ամյա ամուսինն ու 51-ամյա հարևանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են, ինչից հետո հարևանը հեռացել է։ «Քիչ անց պարզաբանումներ անելու նպատակով ամուսինները գնացել են 51-ամյա հարևանի տուն, որտեղ նա փորձել է դանակով խփել ամուսնուն, իսկ երբ կինը միջամտել է, վնասվել է դաստակը: Պարզվել է նաև, որ րոպեներ անց 51-ամյա տղամարդը դանակը ձեռքին վերադարձել է հարևանի տուն, վիճաբանել 60-ամյա տանտիրոջ հետ, ապա դանակով հարվածներ հասցրել նրա կրծքավանդակին: Ոստիկանության Գորիսի բաժին հաջորդ հաղորդումը հիվանդանոցից էր. շտապօգնության խումբը կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության էր տեղափոխել 60-ամյա տղամարդուն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Գորիս քաղաքի 51-ամյա բնակիչը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:31 - 17 հունվարի, 2024