ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով

Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով

Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը կմնա կալանավորված։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, որոշել է մեկ ամսով երկարաձգել Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը։ Տեղեկությունը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հայտնեց Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը։ Վերջինս նշեց, որ որոշումը դեռ չեն ստացել եւ հիմնավորումներին ծանոթ չեն, ստանալուց հետո պատրաստվում են այն բողոքարկել։ Աբրահամյանի գործով դատական նիստերը վերջին շրջանում անցկացվում են դռնփակ։ Դատարանն ի սկզբանե նման որոշում էր կայացրել՝ պայմանավորված նրանով, որ հետազոտվելու էին պետական գաղտնիք համարվող փաստաթղթեր, ավելի ուշ, սակայն, որոշեց դրան հաջորդող վկաների հարցաքննությունները եւս անցկացնել դռնփակ, քանի որ քննարկվելու էին այդ փաստաթղթերին առնչվող հարցեր։ Ըստ այդմ, արդեն իսկ հարցաքննվել են 44-օրյա պատերազմի ժամանակ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Շաքարյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Պաշտպան Արման Թամրազյանի գնահատմամբ՝ նրանց ցուցմունքներով մեղադրանքը լիարժեք հերքվել է։  Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 2-ին։ Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2003 թ․ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, նա խախտել է «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով, «Մարտական հերթապահության կազմակերպման եւ իրականացման կանոնադրությամբ» եւ «Մարտական կանոնադրությամբ» սահմանված՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները, ինչի հետեւանքով ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։  Սեպտեմբերի 27-ին հարձակում գործելով՝ հակառակորդը հնարավորություն է ունեցել ժամերի ընթացքում ճեղքել պաշտպանության շրջանի ձախաթեւյան մի շարք դիտակետերի պաշտպանությունը եւ մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի հետաւքնով հոկտեմբերի 2-ին Թալիշ եւ Մատաղիս գյուղերն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։  Սեւակ Աբրահամյանը կալանավորված է 2022 թ․ հուլիսի 29-ից։ Նա մեղադրանքը չի ընդունում։   Միլենա Խաչիկյան
17:10 - 29 հունվարի, 2024
2023-ին ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով պետբյուջե է վերականգնվել 32 մլրդ դրամ. Դատախազություն

2023-ին ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով պետբյուջե է վերականգնվել 32 մլրդ դրամ. Դատախազություն

2023 թվականի ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 միլիարդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս: Դատախազության հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա ընթացքում նույն վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս: Դատախազությունը նշում է, որ առաջին կիսամյակում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 10 մլրդ 494 մլն 294 հազար դրամ, 2023 թվականի երկրորդ կիսամյակում՝ 21 մլրդ 809 մլն 232 հազար 692 ՀՀ դրամ: Այսինքն՝ միայն 2023-ի երկրորդ կիսամյակում պետությանը պատճառված վնասի վերականգնման չափն ավելի քան երկու անգամ գերազանցում է առաջին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը: «Ավարտված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 279 մլն 263 հազար դրամ, 2021 թվականին՝ 5 մլրդ 584 մլն 138 հազար դրամ, 2020 թվականին՝ 1 մլրդ 989 մլն 200 հազար դրամ, 2019 թվականին՝ 4 մլրդ 723 մլն 956 հազար 287 դրամ: Այսինքն, միայն 2023 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման չափը (17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ) գերազանցում է նախորդող չորս տարիների՝ 2019, 2020, 2021 և 2022 թվականներին ավարտված վարույթներով վերականգնված վնասի չափի հանրագումարը (14 մլրդ 576 մլն 558 հազար դրամ)», - ասված է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:
16:40 - 26 հունվարի, 2024
Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ. դատարանը վարույթ է ընդունել 97-րդ հայցադիմումը

Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին համայնքապետից բռնագանձել 17 անշարժ գույք և դրամական միջոցներ. դատարանը վարույթ է ընդունել 97-րդ հայցադիմումը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 17 անշարժ գույք. 2 տրանսպորտային միջոց. 15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել. Շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումից ստացված եկամտի մնացորդ:
13:02 - 26 հունվարի, 2024
Բուզանդ 1/3 հասցեում գտնվող շենքի տարածքները տարիներ շարունակ վարձակալության են տրվել ցածր գներով. նախաձեռնվել է քրեական վարույթ

Բուզանդ 1/3 հասցեում գտնվող շենքի տարածքները տարիներ շարունակ վարձակալության են տրվել ցածր գներով. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։ «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010-2023 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նույն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքից մի շարք տարածքներ՝ ակնհայտ ցածր գներով, վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց։ 2010-2020 թվականներին Երևան քաղաքի ավագանին, իր ծրագրում գույքի վարձակալության վարձավճարների չափերը սահմանելիս, նշել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձավճարի չափը որոշվում է Կառավարության՝ 2001 թվականի փետրվարի 22-ի՝ N 125 որոշմամբ։ Երևան քաղաքի ավագանին 2021 թվականից սկսած (վերոնշյալ որոշումը ուժը կորցրած ճանաչվելուց հետո), իր սեփականությունը համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման ծրագրում սահմանել է, որ վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) ամսական վարձակալական վճարների նվազագույն մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 914-Ն որոշման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քաղաքապետարանի պաշտոնատար անձինք յուրաքանչյուր տարի վերոնշյալ ծրագրի դրույթներին համապատասխան գործելու փոխարեն՝ համայնքին պատկանող անշարժ գույքը կամայականորեն և ակնհայտ ցածր գներով վարձակալության են տրամադրել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց, մինչդեռ պետք է սահմանված բանաձևերով հաշվարկվեր վարձավճարի նվազագույն գինը, նշված գնով տարածքի վերաբերյալ աճուրդ կամ մրցույթ հայտարարվեր, ձևավորվեր շուկայական արժեքը, օրենսդրության փոփոխմամբ պայմանավորված՝ տարածքներն անկախ գնահատողի կողմից ենթարկվեր շուկայական գնահատման: Օրինակ՝ 140 քմ մակերեսով տարածքը 2011 թվականից առ այսօր վարձակալության է տրամադրված ընդամենը՝ 56 հազար դրամով (1քմ-ն՝ 400 դրամ), մինչդեռ ըստ Կադաստրի կոմիտեի տրամադրած տեղեկության՝ տվյալ պահին նույն տարածքում առկա հասարակական շինությունների վարձակալության 1 քմ մակերեսով տարածքի միջին շուկայական արժեքը կազմել է 5.187 դրամ (շուկայական գնով վարձակալության տրվելու դեպքում` 140 քմ մակերեսով տարածքի ամսական վարձավճարը կկազմեր 726 հազար 180 դրամ), 494.4 քմ մակերեսով տարածքը 2011 թվականին (2017 թվականին պայմանագիրը նույն պայմաններով երկարաձգվել է մինչև 24.08.2027 թվականը) վարձակալության է տրամադրվել կուսակցություններից մեկին՝ 123 հազար 600 դրամով (1 քմ-ն՝ 250 դրամ) (շուկայական գնով վարձակալության տրվելու դեպքում` 494.4 քմ մակերեսով տարածքի վարձավճարը կկազմեր ամսական 2 մլն 562 հազար 378 դրամ) և այլն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախնական տվյալներով՝ համայնքին պատճառվել է ըստ շուկայական միջին գնի՝ շուրջ 877 մլն դրամի վնաս (պատճառված վնասի չափերը հաշվարկված են Դատախազության դիմումի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանից ստացված՝ 28 վարձակալներից ընտրանքային տարբերակով ուսումնասիրված 7 վարձակալների վարձավճարների չափերի հիման վրա)։   Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2024 թվականի հունվարի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելով՝ պետությանը (համայնքին) առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը):
15:13 - 23 հունվարի, 2024
«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

«Ուղեկցողը փոխանակ աջ գնա, գնացել է ձախ»․ Քիմիկների զորամասի գործով հարցաքննություն

2020 թ․ հոկտեմբերի 21-ին պայմանագրային զինծառայող Ռուդիկ Ալեքսանյանը վերջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ․ «Մա՛մ, լավ մնացեք, գերի եմ ընկել, պախկված եմ, տարբերակ չունեմ հետ գալու․ կա՛մ կմնամ սենց, կա՛մ կխփեն»,– գրել է նա։ Ռուդիկը ՀՀ զինված ուժերի՝ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ Քիմիկների զորամաս) այն զինծառայողներից է, որոնք նույն այդ օրը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ այդ ժամանակվա տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի հրամանով մեկնել են Կովսական (Զանգելան) քաղաքի ուղղությամբ գտնվող «Կիրի հանք» տեղանք՝ մարտական առաջադրանքի, սակայն անձնակազմի ուղեկցման ոչ ճիշտ կազմակերպման հետեւանքով հասել են մինչեւ քաղաքի սկզբնամաս եւ ընկել շրջափակման մեջ։ Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Հրաչյա Ալեքսանյանը, այսօր ներկայացել էր դատարան՝ պատմելու որդու հետ կատարվածի իրեն հայտնի մանրամասները։  Դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, հիշեցնենք, իշխանության անգործություն ցուցաբերելու համար այս դրվագով այժմ մեղադրվում են ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն ու Քիմիկների զորամասի նախկին հրամանատար Արսեն Աբգարյանը։  Հարցաքննության սկզբում Ալեքսանյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալներին, նրանց հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Ըստ վկայի՝ շրջափակման մեջ մնացածներին օգնելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվել Հրաչյա Ալեքսանյանի խոսքով՝ իր որդին ժամկետային ծառայությունն անցել է Վարդենիսի զորամասում, 44-օրյա պատերազմից երկու ամիս առաջ պայմանագրային ծառայության է ընդգրկվել Քիմիկների զորամասում։ Եղել է վարորդ, կոչումով՝ կրտսեր սերժանտ։ Պատերազմի ընթացքում հայրը որդու հետ կապի մեջ է եղել, բայց նրա մարտական ուղու մանրամասներին տեղյակ չի եղել։ Հետագայում է իմացել, որ անձնակազմը 3 ավտոբուսով շարժվել է՝ «Կիրի հանք» տեղանքում կայանելու նպատակով, սակայն սխալմամբ մտել է Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ արդեն հակառակորդն է եղել․  «Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, տղաս հաղորդագրություն է գրել, որ մարտի են բռնվել, գրած է՝ գերի, նկատի է ունեցել շրջափակում, շրջափակման մեջ եմ, էս տեղում եմ․․․ Ասում էր միայն, որ թիկունքի պետ հրամանատար Բադեյանն էլ է իրենց հետ եղել (նրա կնոջ հարցաքննությունը՝ այստեղ)․․․ Մորը գրել է, որ չի կարող դուրս գալ, դուրս գա՝ կգլխատեն․․․ Ես էլ ժամը 6-ի կողմերը հետը խոսեցի, էրեխեն մանրամասն ասեց, որ գտնվում է ղամիշների մեջ, ասել եմ՝ զգույշ եղի, հեռախոսով մի զանգի, զարյադկա պահի, ինքը ասեց, որ մենակ է, ասեց՝ մարտի ենք բռնկվել, լրիվ փախան, ինքն էլ փախել է էդ կողմ»,– պատմեց Հրաչյա Ալեքսանյանը։ Նույն օրը նա մեկնել է Կապան, փորձել գտնել պատասխանատուներին եւ կազմակերպել որդու դուրսբերումը։ Վկայի խոսքով՝ թե՛ Աբգարյանը, թե՛ Մակարյանը իրեն սին հույսեր են տվել, խոստացել, որ այսօր–վաղը մի քայլ կձեռնարկեն, սակայն ստել եւ ոչինչ այդպես էլ չեն արել․ «Լույսը որ բացվեց, Արսենին եմ տեսել, ասել էրեխուս գտնվելու վայրը, ինքն էլ ասաց, որ դեպք է եղել՝ 2 ամիս թաքնված մնացել են, նոր դուրս եկել, ասացի՝ հիմա 2 ամիս պիտի սպասե՞նք, բա տեսնենք, ինչ է հնարավոր, մի բան կանենք․․․ Ես ամիսուկեսից ավելի գտնվել եմ Կապանում, զորամասի բակում էի քնում, չեն արել ոչ մի գործողություն, տեսնենք ինչ ա–տեսնենք ինչ ա․․․ Տեսնենք ինչ ա–ն ո՞րն ա պատերազմական գործողության ժամանակ»,– վրդովվեց հայրը։ Ամբաստանյալ Արսեն Աբգարյանը Արձագանքելով վկայի այս խոսքին՝ Արսեն Աբգարյանը հարցրեց․ – Ի՞նչ եք կարծում՝ ես ինքնուրույն գործողություն կարո՞ղ էի էդտեղ պլանավորել եւ իրականացնել։ – Էդ դու մտածի, քո ղեկավարն ո՞վ է․․․ Իմ համար դու էիր ղեկավար, ես ոչ գեներալ էի լսել, ոչ ինչ–որ մեկը, ես ճշտեցի, որ էրեխեքը գտնվել են քո ենթակայության տակ, ես քեզ եմ գտել,– պատասխանեց վկան։ Նա պատմեց նաեւ, որ երբ Աբգարյանին հարցրել է, թե նա ոնց է դուրս եկել, վերջինս նախ պատասխանել  է, որ «փախուստ» հրաման է տվել, ապա ուղղել՝ ասելով՝ «նահանջ» հրաման․ «Ասում եմ՝ լավ, թող զինվորական տերմինով «նահանջ» լինի, ինչքա՞ն կարող ես նահանջ տալ՝ 1 կմ, 2 կմ, դու 20-25 կմ նահա՞նջ ես տվել, մինչեւ Կապա՞ն»։ Ալեքսանյանը կասկած հայտնեց, որ հրամանատարը զորքից շուտ է փախել, սպասել, թե ով դուրս կգա։ Արսեն Աբգարյանը խնդրեց կոնկրետ նշել, թե ով է իրեն նման բան ասել, ինչին ի պատասխան՝ վկան ասաց, որ ընդհանուր խոսակցություններից, իրավիճակից է այդպես եզրակացրել։ ԳՇ պետի նախկին տեղակալի մոտ վկան Աննա Հակոբյանին է հանդիպել Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանի հարցերին ի պատասխան՝ Հրաչյա Ալեքսանյանը հայտնեց, որ որդու հաղորդագրությունները նաեւ Անդրանիկ Մակարյանին է ցույց տվել։ Վերջինս, ըստ նրա, անձամբ կարդացել է, դարձյալ ասել՝ այս երկու օրը մի բան կձեռնարկենք, բայց այդպես էլ ոչինչ չի արվել․ «Նույնիսկ հարց տվեցի՝ ո՞նց է եղել, որ սկզբից դու պիտի գնայիր․․․ Ասաց՝ գնայի, գերի ընկնեի, պագոններս պոկեին, ասեին՝ հայ գեներա՞լ է գերի ընկել»։ Վկայի խոսքով՝ Մակարյանը չի հերքել այն տեղեկությունը, թե ի սկզբանե իր ղեկավարած խումբը պետք է այդ ուղղությամբ մեկներ (նրա խումբը այլ ուղղությամբ է մեկնել,–հեղ․), ծնողի հարցին ի պատասխան հետաքրքրվել է, թե նա որտեղից այդ մասին գիտի․ «Ես լսել եմ նաեւ, որ ասել են՝ թուրքը գրավել է էդ տարածքը, ո՞ւր եք մտնում, Արսենն ասել է՝ հրաման ենք ստացել»։ Հրաման տվողը, ըստ նրա, նույն Մակարյանն է եղել։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը Վկայի խոսքով՝ Անդրանիկ Մակարյանի մոտ ինքը նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին է հանդիպել․ – Ես հա դիմում էի Մակարյանին, որ ինձ ընդունի, նույնիսկ թվում էր՝ չի ընդունի, հետո Աննա Հակոբյանն եկավ, խնդրեցի իրեն, ասեցի՝ էս ձեւ վիճակ է եղել իմ էրեխու հետ կապված, ինքը կանչեց Մակարյանին, Մակարյանը դիմավորեց, հանեց վերեւ, մի 20 րոպե հետո ինձ էլ կանչեց,– պատմեց վկան։ – Աննա Հակոբյանը տեղյա՞կ էր Զանգելանի դեպքերից,– հետաքրքրվեց տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանը։ – Դե, խոսել ենք, ես ներկայացրի հաղորդագրությունը, իրավիճակն էլ բացատրի Աննա Հակոբյանին էլ, Մակարյանին էլ։ – Եվ ի՞նչ ասաց վարչապետի տիկինը։ – Մակարյանը ասեց՝ էս երկու օրը ինչ–որ գործողություն պիտի կատարենք, ու մինչ օրս կատարում են։ Ալեքսանյանի խոսքով՝ Մակարյանի հետ մեկ անգամ էլ Նախարարությունում է հանդիպել, որտեղ նա ծնողներին հայտնել է, թե վրիպակ է եղել․ – Ի՞նչ վրիպակ,– հարցրեց մեղադրող դատախազը։ – Գործողության վրիպակ, բայց ի՞նչ վրիպակ, եթե դու պատերազմ ես գնում, զորք ես տանում․․․ – Չպարզաբանե՞ց։ – Ասաց՝ ուղեկցողը փոխանակ աջ գնա, ձախ է գնացել,– հայտնեց դահլիճում գտնվող ծնողներից մեկը։ Տուժողի իրավահաջորդներից Հայկ Եղիազարյանն էլ ակնարկեց, որ հանդիպման ժամանակ Մակարյանը հենց ուղեկցողին է մեղադրել կատարվածի համար, սակայն մինչ օրս որեւէ քայլ այդ ուղղությամբ չի արվել։ Ինքը՝ վկան, մեղավոր համարեց թե՛ Աբգարյանին, թե՛ Մակարյանին․ «Երկուսն էլ ստեցին, ամիսներով պահեցին, ես չտեսա որեւէ գործողություն»,–ասաց նա։ Հրապարակվեց մահացած վկայի նախաքննական ցուցմունքը Այսօրվա դատական նիստին հրապարակեց նաեւ ժամկետային զինծառայող Սամվել Փիրոյանի հոր՝ Անդրանիկ Փիրոյանի նախաքննական ցուցմունքը։ Վերջինս ամիսներ առաջ մահացել է։ Նախաքննական ցուցմունքում Փիրոյանը պատմել է՝ իր որդին, որ ծառայում էր Քիմիկների զորամասում, 2020 թ․ հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է իր մշտական տեղակայման վայրից, հոր հետ կապի մեջ եղել մինչ հոկտեմբերի 20-ը։ Վերջին անգամ հեռախոսազրույցի ընթացքում որդին հայտնել է, որ Կապանում են, ամեն ինչ նորմալ է, եւ որեւէ խնդիր չկա։ Դրանից հետո, երբ որդին անհասանելի է դարձել, հայրը սկսել է հետաքրքրվել, լուր ստացել, որ որդին եւ նրա խումբը Կապանից մեկնել են Կովսականի ուղղությամբ՝ մարտական առաջադրանքի, սակայն 62-հոգանոց խմբից 40-ը չեն վերադարձել։ Ձախից՝ Արսեն Աբգարյանը, պաշտպան Գոռ Սլոյանը, Անդրանիկ Մակարյանը Սամվել Փիրոյանը ավագ որդու հետ մեկնել է Կապան, որտեղ հանդիպել է Քիմիկների զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանին․ «Արսեն Աբգարյանը մեր հարցերին պատասխանեց, որ ընկել են ծուղակ, իրենք, բոյ տալով, մի կերպ փախել են մի քանի հոգով, իսկ մնացածից տեղեկություն չունեն»,– ցուցմունքն ընթերցեց մեղադրող դատախազը։ Փիրոյանը պատմել է նաեւ, որ հետագայում թշնամին վիդեոնյութեր է հրապարակել, որոնցից պարզորոշ երեւացել են հայկական զինված ուժերի՝ տասնյակից ավելի ծնկած զինծառայողներ։ Նրանց մեջ հայրը ճանաչել է որդուն եւ հասկացել, որ նա այլ զինծառայողների հետ գերի է ընկել։ Դրանից հետո, սակայն, որեւէ այլ տեղեկություն չեն կարողացել ստանալ, ԴՆԹ համընկնում եւս չի եղել։ «Տեղեկացնեմ նաեւ, որ երբ գտվում էինք Կապանում, զորամասի հրամանատարի հետ եկավ մի անծանոթ տղա՝ զինվորական համազգեստով, ասաց, որ ինքը Ռազմական ոստիկանության աշխատակից է, ասաց, որ իրենց հոկտեմբերի 19-ին  գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը  հանձնարարել է գնալ  Զանգելանի ուղղությամբ՝ ինչ–որ մոստ պայթեցնելու, որից հետո ինքը մոտ 10 հոգով նույն օրը մեկնել է՝ խնդիրը կատարելու, եւ երբ հասել է Զանգելան, ձայներ է լսել ու բարձունքի վրա նկատել է, որ թշնամին արդեն Զանգելանի ներսում է՝ լիքը տեխնիկայով ու զինվորներով, որը նկարահանել է ու զանգելով Անդրանիկ Մակարյանին՝ հայտնել, որ նշված պատճառով հրաժարվում է առաջադրանքը կատարել, նույնիսկ ասել, որ այդ վիդեոն ցույց է տվել Անդրանիկ Մակարյանին, որպեսզի վերջինս հասկանա, թե ինչու է հրաժարվում այդ հրամանը կատարելուց, այսինքն՝ սա ասում եմ նրա համար, որ Անդրանիկ Մակարյանը երկու օր առաջ գիտեր, որ Զանգելանում թշնամին մեծ ուժեր է կուտակել եւ իմանալով այդ մասին՝ չկազմակերպեց այնպես, որ հնարարվոր լիներ այդ ամենից խուսափել»,– 2021 թ․ հունիսի 8-ի հարցաքննության ժամանակ պատմել է Սամվել Փիրոյանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 26-ին։   Գլխավոր լուսանկարում՝ վկա Հրաչյա Ալեքսանյանը, նախագահող դատավոր Սարգիս ԴադոյանըՄիլենա Խաչիկյան
21:44 - 22 հունվարի, 2024
Հանրային քրեական հետապնդում նորատուսցի 4 բնակչի նկատմամբ՝ ջրային պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու համար

Հանրային քրեական հետապնդում նորատուսցի 4 բնակչի նկատմամբ՝ ջրային պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու համար

Դատախազը 2024 թվականի հունվարի 19-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի 4 բնակիչների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կողոպուտ, խուլիգանություն կատարելու, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների, ջրային պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու և նրանց օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է, համապատասխանաբար, Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) 3-րդ մասի 4-րդ կետով, 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթով պարզվել է, որ Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով՝ 2023 թվականի դեկտեմբերի 19-ին նավով և մոտորանավակով կազմակերպվել է հերթական ստուգայց: Հերթափոխում ընդգրկվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 17 աշխատակից, որոնց ուղեկցել են Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության՝ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 8 պարեկները: Գեղարքունիքի մարզի Նորատուսի և հարակից այլ բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ և ձկնորսներ, տեղեկանալով Սևանա լճում սիգ տեսակի ձկան ձվադրման ժամանակահատվածում որսի ապօրինի դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով նախաձեռնված շրջայցի, իրենց կողմից Սևանա լճում տեղադրված ձկնորսական ցանցերի դուրսբերման մասին, հավաքագրել են տարբեր առարկաններով զինված՝ հարյուրից ավելի անձանց: Վերոնշյալ անձինք նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում շրջապատել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավը և Ոստիկանության ջրային պարեկների նավակները՝ պահանջելով, որ չհեռացնեն ձկնորսական ցանցերն ու չխոչընդոտեն իրենց ձկնորսությանը: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և Ոստիկանության ջրային պարեկները հայտնել են, որ չմիջամտեն իրենց օրինական ծառայողական գործունեությանը: Վերոնշյալ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, ստանալով մերժում, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած՝ ջրով և դյուրավառ հեղուկներով լցված շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվող աշխատակիցների և Ոստիկանության ջրային պարեկների ուղղությամբ: Մասնակիցներից ոմանք մոտորանավակները մոտեցրել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների նավին կապված մոտորանավակին, հանել են թիերն ու այդ թիերով և առարկաներով վնասել մոտորանավակը՝ պոկելով դրա շարժիչն ու այլ մեխանիզմները. մասնակիցներից մեկը դանակով կտրել է մոտորանավակը պահող ճոպանն ու հափշտակել այն: Խուլիգանության մասնակիցներից մոտ չորս տասնյակ անձինք, այդ թվում՝ Վ.Ե.-ն. Գ.Ս.-ն, Հ.Ա.-ն և Ս.Ա.-ն, հարձակվել են ՊՈԱԿ-ի աշխատակիցների վրա, ձեռքերով, ոտքերով, թիերով, փայտերով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին: Արդյունքում՝ աշխատակիցներից 5-ին պատճառվել են առողջության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:17 - 20 հունվարի, 2024
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ընկերության տնօրենից բռնագանձել 1 մլրդ 233 մլն դրամ և 5 անշարժ գույք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ընկերության տնօրենից բռնագանձել 1 մլրդ 233 մլն դրամ և 5 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 95-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բաց բաժնետիրական ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  5 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց,  Բաց բաժնետիրական ընկերության 10 հազար 782 բաժնետոմս,  1 մլրդ 233 մլն 132 հազար դրամ (735 մլն 654 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 491 մլն 246 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 6 մլն 230 հազար դրամ՝ ավանդ):
12:08 - 20 հունվարի, 2024
«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Գասպարյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ գումարտակի կազմով մարտական առաջադրանք էր ստացել՝ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար՝ պաշտպանության։ Այսօր՝ ավելի քան 3 տարի անց, նա դատարանում ներկայացնում էր սարում տեղի ունեցած դեպքերը։ Գասպարյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակից էր։ Այն նույն գումարտակի, որի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա կալանավորված է։ Հարցաքննության սկզբում Ալբերտն ասաց, որ ծառայությունից ճանաչում է Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին, թե ինչու ինքնակամ չէր ներկայանում դատարան, վկան պատասխանեց, որ չէր հարմարեցնում․ –Չէ՞ որ Ձեզ էլ է վերաբերում այս գործը, Ձեր համածառայակիցներին․․․ Դուք էլ պետք է շահագրգռված լինեք, դա քաղաքացիական պարտք է,– նշեց դատավորը։ Ըստ վկայի՝ զորքը բարձրացել է սարը, Վահանյանը մնացել է դրա ներքեւում Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ վկա Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ պատերազմի սկզբում եղել են Ջրականի դիրքերում, այնտեղ մնացել մի քանի օր։ Եղել է հրամանատարական դիտակետ, որից ինքը գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վահանյանին, որն այդ ժամանակ դեռ իրենց շտաբի պետն էր, տեսել է, բայց նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այդ օրերին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ զոհվել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը։ Որեւէ այլ սպայի, այդ թվում՝ Վահանյանի վիրավորման մասին վկան չի լսել։  Դրանից օրեր անց նահանջել են Հադրութ, մեկ օր մնացել Հադրութի զորամասում, ապա տեղափոխվել դպրոց։ Դպրոցում եւս, ըստ վկայի, Վահանյանը առաջին հայացքից վիրավորում ստացածի տպավորություն չի թողել։ – Ինչպե՞ս կբնութագրես Վահանյանին,– հարցրեց մեղադրողը։ – Նորմալ,– պատասխանեց վկան։ – Նորմալ հասկացություն ծառայության մեջ չկա, կա պատասխանատու, կա քաջ,–  արձագանքեց դատավորը։ – Քաջը քաջ չէր․․․ –Նրա հրամանները կատարո՞ւմ էիք։ – Մինչեւ սար բարձրանալը կատարում էինք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցածի մասին՝ վկան պատմեց, որ ինքը տեղակայվել է վիշկայից մոտ 10 մետր վերեւ, իսկ Վահանյանը գտնվել է ներքեւում՝ դեպի սար բարձրացող արահետի սկզբում, որտեղ նաեւ մեքենաներն էին։  Երբ հարձակումը սկսել է, ողջ ընթացքում որեւէ հրաման, այդ թվում՝ Վահանյանից չի լսել։ Նրան հանդիպել է, երբ վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վիրավոր կար, իջեցնում էինք, որ դնեինք մեքենան, տանեին, էդ ժամանակ տեսել եմ Վահանյանին, ավտոմեքենաներից մի քիչ առաջ․․․ Կանգնած էր, ռացիայով խոսում էր, բայց չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ էր անում․․․ Արտառոց վարքագիծ չեմ նկատել,  նորմալ էր»,– պատմեց վկան՝ նշելով, որ այլեւս սար չի բարձրացել, որովհետեւ զորքը արդեն նահանջելիս է եղել․ «Վահանյանին տեսանք ՈՒՌԱԼ–ի մեջ նստած, ինքը գնաց, մենք մնացինք մինամյոտի պետի (Հովհաննես Մուրադյան) եւ կապի պետի (Արսեն Ղարիբյան) հետ»,– ասաց վկան։ Վկան չմտաբերեց, թե ներքերում որեւէ մեկը բեկորային վնասվածք ստացած լինի․ ասաց՝ այդ ուղղությամբ կրակում էին, բայց պայթյուններ չեն եղել։ Նշենք, որ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, բեկորային վնասվածք է ունեցել, սակայն դատարանում հարցաքննված անձինք բացառել են այդտեղ բեկորային վնասվածք ստանալու հավանականությունը, ենթադրել, որ Վահանյանն իր ավելի վաղ ստացած վիրավորման պատրվակով է թողել գումարտակին։ – Վահանյանի մեքենա նստելը տեսե՞լ եք։ – Չէ։ – Ի՞նքն էր վարում։ – Չէ, ուրիշ մարդ էր վարում, ինքը կողքը նստած էր, բայց մեր գումարտակի մեքենաներ չէին։ – Իսկ իմացա՞ք՝ ինչի է նստել, չփորձեցի՞ք դուք էլ հետը գնաք։ – Էդ ժամանակ էլ հետաքրքիր չէր, մեր գումարտակի հրամանատարն էր, մեքենայով գնացել է, մենք ոտքով չէինք կարող իր հետեւից գնալ, կամ նստեինք էդ մեքենան։ – Փորձեիք կանգնեցնել մեքենան․․․ – Էդ ժամանակ խառն էր իրավիճակը, ո՞վ կմտածեր կանգնեցնել մեքենան։ Ըստ վկայի՝ զորքի ղեկավարումը որեւէ մեկը չի ստանձնել Վահանյանի հեռանալուց հետո պարտականությունների կամ կապի միջոցի փոխացում, ըստ վկայի չի եղել։ Կոնկրետ որեւէ մեկը չի ստանձնել զորքի ղեկավարումը, իրենց ուղղորդել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու ականանետային մարտկոցի հրամանատար Արսեն Ղարիբյանը։ Նահանջի ժամանակ, երբ հակառակորդը դարձյալ կրակ է արձակել զորքի ուղղությամբ, իրենք բաժանվել են․ Ալբերտը մնացել է Հովհաննես Մուրադյանի 100-հոգանոց խմբի հետ։  Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են մի գյուղի ուղղությամբ, որի անունը վկան չմտաբերեց։ Այդտեղ դարձյալ հարձակման են ենթարկվել։ Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքը՝ ձեռքից վիրավորվել․  «Մենք մտել էինք կիրճը, մեր կեսը դեռ չէր հասել, հարձակումը որ սկսվեց, կեսը հետ գնացին, մենք դիմակայելով իջանք ներքեւ, Մուրադյանը էդտեղ զոհվեց նռնակի եւ դիպուկահարի հարվածից, վիրավորներ կային, գրադ բացեցինք իրենց ուղղությամբ, որ վիրավորներին հանեինք, գնացինք էդ գյուղ, մի տան պադվալ մտանք»։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը Ալբերտի խոսքով՝ տանը մնացել են մեկ օր, առավոտյան 10-ից ավելի հոգով դուրս են եկել․ վիրավորներից երկուսը այդտեղ զոհվել են (մեկը եղել է Տիգրան Ագանեսյանը, մյուսին վկան չէր ճանաչում), հադրութեցի ծառայակցի հուշումով շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Ճանապարհին հանդիպել են 3 պայմանագրայինի, նրանց հետ միասին քայլել, 2-3 ժամ անց հանդիպել «Դուց»–ի զորքին․ ««Դուց»–ի զորքը փրոձել է կապի դուրս գալ մեր հրամանատարների հետ, կապ չլինելու պատճառով մեզ հետ են բերել, իրենք գալիս էին Հայաստան»։ Ըստ վկայի՝ իրենք չեն իմացել, որ գյուղի այլ տներում նույնպես թաքնված զինծառայողներ կային։ Խնձորեսկի զորամասում վկան վիրակապվել է, ապա՝ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Նկատել է, որ նա ոտքից կաղում է, սակայն այդ թեմայով զրույց, ըստ նրա, չի եղել։ Մեկշաբաթյա մայրական խնամքից հետո վկան վերադարձել է ռազմի դաշտ։ Երկու օր անց պատերազմն ավարտվել է։ Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք էական հակասություններ ունեին դատաքննական ցուցմունքի հետ։ Մեղադրողը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021 թ․ փետրվար ամսին, պատմել, որ 30 զինծառայողների հետ միասին, կատարելով Վահանյանի հրամանը, բարձրացել է սար, սակայն Վահանյանը մնացել է թիկունքում, որտեղից վերեւ բարձրանալու հրամաններ է տվել։ Վերջինիս թիկունքում մնալը վկան այդ ժամանակ պայմանավորել է նրանով, որ  նա չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ եւ ցանկացել է իրենց ուղարկել։ Դատարանում, սակայն, նա ասաց, թե իր կարծիքով՝ նա մնում էր ներքեւում, որպեսզի կարողանար զորքի հրամանատարությունը իրականացնել։ «Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մյուս հակասությունը վերաբերում էր Վահանյանի մեքենան կանգնեցնելու դրվագին։ Նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ մեքենայի շարժվելուց հետո 3 զինծառայող փորձել են այն կանգնեցնել այն, նստել, ինչը, սակայն, դատարանում չնշեց։ Մեքենան, նրա խոսքով, չի կանգնել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց, ասաց՝ եղել է նման բան։ Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր նաեւ, որ տեսել է Վահանյանի մեքենա նստելը․ «Գտնվել եմ Վահանյանից մոտ 10 մետր հեռավորության վրա, այդ ընթացքում տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենայի ղեկին, ապա գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,– ընթերցեց մեղադրողը։ Ցուցմունքի այս դրվագը, սակայն, Ալբերտ Գասպարյանը չպնդեց․ «Ես չեմ հիշում, որ տենց բան ասած լինեմ, ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմը նստած, վարորդը վարում էր, ինքն էլ կողքին նստած էր»,– ասաց վկան՝ նշելով, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
23:09 - 19 հունվարի, 2024
Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|

Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին, կնոջը, եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանին և վերջինիս կնոջը հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում բռնագանձման ենթակա գույքի ցանկը՝ պատճառաբանելով,  թե ներկայացվող ապացույցներով, բացատրություններով հնարավոր է ցանկը փոփոխվի:  Սարգիս Սահակյանը, կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը՝ Նաիրի Սահակյանն ու վերջինիս կինը՝ Կարինե Ավագյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան հունվարի 22-ին: Նշենք, որ Սահակյան եղբայրներն անցնում են նաև քրեական գործով: Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Սարգիս Սահակյանը մեղադրվում է այն բանում, որ ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության ծրագրի մասին, որն անցնելու է նաև Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, Կաքավաձոր համայնքի ղեկավարի հետ եղբորը՝ Նաիրի Սահակյանին թույլատրել է իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ:  Նախկին մարզպետը, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով Կաքավաձոր համայնքի ղեկավարի  վրա, համոզելով՝ օրինականացրել է ապօրինի շինությունները: Մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրի Սահակյանին և Կաքավաձոր համայնքի ղեկավարին: Դատարանում գործի քննությունը շարունակվում է:  
21:13 - 18 հունվարի, 2024
Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի ՆԳ նախարարի կողմից ծառայողական մեքենաները յուրացնելու վերաբերյալ հրապարակումը
 |azatutyun.am|

Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի ՆԳ նախարարի կողմից ծառայողական մեքենաները յուրացնելու վերաբերյալ հրապարակումը |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է հետաքննող լրագրողների երեկվա հրապարակումը՝ պարզելու՝ արդյո՞ք Արցախի ներքին գործերի նախարարն ու իր մերձավորները յուրացրել են նախարարության ավտոպարկի շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաները։ Եթե կասկածները հաստատվեն, իրավապահները քրեական գործ կհարուցեն։ «Կարեն Սարգսյանը, ներքին գործերի նախարար լինելով, նախարարության ենթակայության տակ գտնվող մեքենաները Արցախից դուրս գալու նախօրեին փոխել է իր ծանոթների անուններով, տեղափոխել Հայաստան, տեղափոխել իրեն պատկանող տարածք և ուղղակի թաքցրել», - ասում է «Փաստերի ստուգման հարթակ»-ի լրագրող Սևադա Ղազարյանը, որն այս բացահայտման հեղինակն է։ Տեղեկատվության առաջին աղբյուրը ծանոթներն են, որոնք ավտոլվացման կետում պատահական տեսել են Արցախի ներքին գործերի նախարարության ավտոմեքենաներից մի քանիսը։ Հետո լրագրողն է այցելել տարածք ու նկատել՝ դրանք ծածկված էին քողարկիչ սավանով, իսկ մոտենալն արգելվում էր։ Կասկածներն ամբողջացել են ավտոլացման պատրվակով տարածք երկրորդ անգամ այցելելիս։ «Երկրորդ ավտոլվացման փորձի ժամանակ արդեն նկարահանումներ արեցինք թաքնված, հետո փորձեցինք համեմատել մեր ունեցած ինֆորմացիան, որը մենք ստացել էինք տեսալուսանկարահանումից, այն, ինչ որ կա Արցախի մեքենաների մասով, նաև տրանզիտ համարներ կան, փորձեցինք ճշտել՝ դրանք ում անուններով են գրանցված, ու պատկերն ամբողջացավ, ու այդ ամբողջը կենտրոնանում է մի անձի՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շուրջ», - ասում է լրագրողը։ Հետո արդեն Կադաստրից պարզել է, որ Արցախից Հայաստան բերված ավտոմեքենաները կայանված են մի տարածքում, որը 2015 թվականից պատկանում է հենց Կարեն Սարգսյանին. - «Մեր հերթական այցի ժամանակ, երբ որ մենք փորձեցինք բացահայտ նկարահանումներ անել, հերթական անգամ աշխատողը թույլ չտվեց, մեր հեռախոսի համարները թողեցինք, որ զանգեն՝ տարածքի տերը զանգի, հասկանանք՝ ով է։ Դա ամսի 15-ի երեկոյան էր, 16-ի առավոտյան արդեն մեքենաները տեղում չէինք, այսինքն՝ բոլորը մի գիշերվա ընթացքում անհետացել էին տարածքից»։ Սա մի պետության գույքի մասնավորեցում է, որն այլևս գոյություն չունի, ո՞վ պետք է գնա դրա նետևից, ո՞վ պետք է այս ապօրինության դեմ բողոքի, հարցնում է լրագրողը, որը, սակայն, չի բացառում, որ նախարարն ազնիվ մղումներով է սեփականացրել, որ դրանք չթողնի Ադրբեջանին։ Բայց կա մեկ հանգամանք. - «Պահելը, մեր իմանալուց հեոո դրանք թաքցնելը, ևս մեկ անգամ տեղափոխելը, դրան մոտենալ թույլ չտալ արգելքը, այս բոլորը թույլ են տալիս կասկածել այդ բարի նպատակներին, բարի մղումներին նախարարի, առավել ևս, որ տարել է, սեփական տարածքում է պահել, առավել ևս, որ մեր Ներքին գործերի նախարարությունը տեղյակ չէ դրա մասին, այսինքն՝ որևէ առաջարկ մինչև օրս՝ երեք ամսից ավելի է անցել, տեղյակ չէ, առաջարկ չի ստացել», - նկատեց Սևադա Ղազարյանը։ Կարեն Սարգսյանն այդ գույքը կարող էր նվիրել Հայաստանի ներքին գործերի նախարարությանն, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը։ Դանիել Իոաննիսյանը նկատում է, որ նման նախադեպ եղել էր, երբ Արցախի փրկարարներից մեկը, հասնելով Հայաստան, ձեռքի տակ ունեցած տեխնիկան նվիրել է Հայաստանին։ «Ես՝ որպես Հայաստանի հարկատու, Արցախի իշխանությունների վերցրած վարկերը իմ վճարած հարկերից փակվում են, Հայաստանի բյուջեից Արցախի իշխանությունների վերցրած տարօրինակ վարկերը փակվում են, գոնե այն գույքը, որ եկել է, հասել Հայաստան, իմանամ, որ Հայաստանի պետությանն է մնում, չի կարող այդ գույքը ինչ-որ մեկի անձնական գույքը դառնալ», - ասաց Իոաննիսյանը։ Կարեն Սարգսյանի հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվում, նա հեռախոսազանգերին չի պատասխանում։
16:06 - 17 հունվարի, 2024
Աջափնյակ վարչական շրջանի N 207 մսուր-մանկապարտեզը 2002-2003 թթ. օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Աջափնյակ վարչական շրջանի N 207 մսուր-մանկապարտեզը 2002-2003 թթ. օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասում գտնվող` N 207 մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ համայնքի ավագանու՝ 2002 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, համայնքի ենթակայության ներքո գտնվող N 207 մսուր-մանկապարտեզը նույն թվականի սեպտեմբերի 1-ից լուծարվել է: Լուծարումը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրում գրանցում չի ստացել: Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ՝ վերոնշյալ մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողատարածքը վարձակալությամբ՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է Աջափնյակ համայնքի թաղապետարանին: 2002 թվականի հոկտեմբերի 15-ին Աջափնյակ համայնքի N 207 մսուր-մանկապարտեզի անունից Աջափնյակի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Նույն տարվա նոյեմբերի 15-ին, վերոնշյալ մսուր-մանկապարտեզի հողատարածքի նկատմամբ գրանցվել է Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի սեփականության իրավունքը: «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։ Աջափնյակ համայնքի ավագանին, չունենալով N 207 մսուր-մանկապարտեզը ոչ կրթական նպատակներով օտարելու իրավունք, 2002 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ մանկապարտեզը 20 մլն դրամով վաճառել է քաղաքացի Յու.Հ.-ին: Աջափնյակ համայնքի թաղապետն ավագանու կայացրած որոշման հիման վրա՝ 2002 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի շենքը՝ 2477.84 քմ մակերեսով, 20 մլն դրամով վաճառել է նույն քաղաքացուն: Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ համայնքի մի շարք պաշտոնատար անձինք 2003 թվականի փետրվարի 5-ին Յու.Հ.-ի հետ կնքել են 10 հազար 223.7 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագիր: Երևանի քաղաքապետը 2003 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացության համաձայն՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասից 6 հազար 644.2 քմ մակերեսով հատվածն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ), իսկ 3 հազար 579.5 քմ մակերեսով հատվածն ընդգրկված է սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չէ: Քաղաքապետի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասը բաժանվել առանձին գույքային միավորների՝ 6 հազար 644.2 քմ և 3 հազար 579.5 քմ մակերեսներով: 2003 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին վերոնշյալ երկու հողամասերը վարձակալությամբ տրվել են Յու.Հ.-ին և Վ.Հ.-ին, իսկ 2004 թվականի հունիսի 23-ին՝ հողամասերն ամբողջությամբ օտարվել են վերոնշյալ անձանց (հետագայում գույքերը գրավադրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր առևտրային բանկերում, իսկ 2021 թվականին՝ նշված հողատարածքից 2 հազար 900 քմ մակերեսով հողամասը նվիրատվությամբ հանձնվել է Ա.Ե.-ին): Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ): Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
18:22 - 16 հունվարի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը

Աննա Վարդապետյանն ընդունել է Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հակակոռուպցիոն ոլորտում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարները: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, անդրադարձել է Գլխավոր դատախազությունում 2020 թվականին ձևավորված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքներին և գրանցված արդյունքներին: ՀՀ գլխավոր դատախազն այս համատեքստում ԱՄՆ գործընկերներին տեղեկացրել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1050 անշարժ և 210 շարժական շարժական գույք, շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 510 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ 253 մլն ԱՄՆ դոլար): «Ունենք նաև հաջողության պատմություններ՝ հաստատված հաշտության համաձայնությունների տեսքով, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 80 մլն դրամ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ կնքված հաշտությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ (շուրջ 5 մլն 405 հազար ԱՄՆ դոլար): Ռիչարդ Նեֆյուն շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներն ու գործիքները ներկայացնելու համար և ընդգծել, որ Հայաստան կատարած այցի նպատակը հակակոռուպցիոն պայքարին աջակցելն է: Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների հետ Գլխավոր դատախազության փոխգործակցությունն ու դրա շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված աջակցությունը: Աննա Վարդապետյանն ընդգծել է Գլխավոր դատախազության պատրաստակամությունը՝ ուղղված փոխգործակցության ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:14 - 15 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։  Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։ Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը (ըստ նախնական տվյալների՝ Տիրան Խաչատրյանը), շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։
15:57 - 14 հունվարի, 2024
Դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

Դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին: Արմեն Գևորգյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը փոխադրվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վաչե Ղազարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լիաննա Հակոբյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ծովակ Մնացականյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վանանդ Ասատրյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահան Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Ռոբերտ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Դավիթ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գայանե Գասպարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արմինե Մկրտչյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազ Գոհար Ադոնցը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:  
17:41 - 10 հունվարի, 2024
Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Լիազորությունները կասեցված դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ.Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս.Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մասնավորապես՝ լիազորությունները կասեցված դատավորը խոստացել է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով կարող է հասնել նոր հայցադիմում ներկայացնելու ճանապարհով՝ հօգուտ Ս.Մ.-ի դատական ակտ կայացնելուն. այդ պատրվակով՝ խաբեությամբ պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ լիազորությունները կասեցված դատավորն ի սկզբանե՝ մինչև գումարը ստանալը, տեղեկացված է եղել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման  հիմքերը բացակայում են: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:46 - 09 հունվարի, 2024