ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ–ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել “Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity” խորագրով պանելային նիստում: Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական կրթության ապահովման անհրաժեշտությունը և անդրադարձել Հայաստանի փորձին։ Նա նշել է, որ 2022 թվականին հաստատվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, որի նպատակներից է ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, Հայաստանի Հանրապետության զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումը, որը կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուրին հնարավորություն կտա ստանալու իր կարիքներին և ընդունակություններին համապատասխան որակյալ կրթություն։ Նախարարը նշել է, որ ծրագրի նպատակի իրականացման համար սահմանվել են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնցից մեկն է համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծումը: Սա, ըստ նախարարի, յուրաքանչյուր քաղաքացու համար կյանքի բոլոր փուլերում հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող և քաղաքացիական համագործակցությանը նպաստող որակյալ և արդյունավետ կրթական ծառայությունները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ շարունակական կրթությունը չի կարող դիտարկվել մշակութային բազմազանության հայեցակարգից դուրս: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկել` խթանելու ժամանակակից արվեստի ոլորտի զարգացումը` կիրառելով մշակութային բազմազանության ապահովմանը նպատակաուղղված միջոցներ և համատեղելով ֆորմալ ու ոչ ֆորմալ մշակութային կրթությունը։ ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության էթնիկ զտումների և բռնի տեղահանման համատեքստում կրթության իրավունքի իրացմանը: Նա նշել է, որ նախարարությունը գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ապահովելու ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացին։ Նախարարը կարևորել է միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների մշակութային և կրթական իրավունքների պաշտպանության ապահովման հարցում և շնորհակալություն հայտնել` ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը Հայաստան ուղարկելու համար՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթական կարիքները: Նշենք նաև՝ համաժողովի արդյունքներով ընդունվելու է «Մշակույթի և արվեստի կրթության շրջանակ» փաստաթուղթը, որի նպատակն է առաջարկել նոր ուղիներ՝ բարելավելու, խորացնելու և ընդլայնելու կրթության և մշակույթի ոլորտների միջև համագործակցությունը՝ միաժամանակ օգտագործելով թվային տեխնոլոգիաները՝ արագացնելու 2030 օրակարգով սահմանված համաշխարհային զարգացման ներկա և ապագա նպատակների իրագործումը: Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ։  
19:13 - 13 փետրվարի, 2024
Մալխաս Ամոյանը և Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում են
 |armenpress.am|

Մալխաս Ամոյանը և Մանվել Խաչատրյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում են |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշայինների պայքարում` Մանվել Խաչատրյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մոլդովան ներկայացնող Արտյոմ Դելինուի հետ: Խաչատրյանը քառորդ եզրափակիչում գերազանցել էր թուրք Ադեմ Ուզունին: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց շվեդ Վիրջիլ Բիկային: 77 կգ քաշում Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայաստանը ներկայացնող մարզիկը 1/8 եզրափակիչում հաղթել էր Իտալիայից Վիտո Աբբրեսցիային և քառորդ եզրափակիչում` չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ադլետ Տիուլիուբաևին: Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուն է: 87 կգ քաշում Գևորգ Թադևոսյանը հաղթեց մեկնարկում, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում: Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում հաղթեց Շվեյցարիան, 1/8 եզրափակիչում` Սերբիան ներկայացնող մարզիկներին: Նա քառորդ եզրափակիչում է:
17:04 - 12 փետրվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ԿԳՄՍ նախարարը մեկնում է Աբու Դաբի՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի): Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: ԿԳՄՍ նախարարն Աբու Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին: Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային կապերը, ինչպես նաև սերտացնելու համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի և օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերելու նոր կապեր և պայմանավորվածություններ, մշակելու նոր համատեղ ծրագրեր: Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում հանդես կգա զեկույցներով:
16:55 - 12 փետրվարի, 2024
Իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ

Իրականացվում են ոճային առումով արդիականացման աշխատանքներ․ ՊՆ-ն պարզաբանում է տարածել զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ

ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել վերջին օրերին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տարածված՝ զորամասերից Փառքի անկյունները հեռացնելու մասին լուրերի վերաբերյալ․ «Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը բոլոր զորամասերի տեղեկատվության և ժամանցի սենյակներում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ, այդ թվում նաև տպագրական նյութերի, քանի որ ժամանակի ընթացքում դրանք մաշվում են: Իրականացվում են տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման մի շարք աշխատանքներ, իսկ Փառքի անկյուններում՝ ոճային առումով արդիականացման աշխատանքներ»:
11:44 - 12 փետրվարի, 2024
Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել. ԿԳՄՍ նախարարություն

Որոշ նոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում շտկումներ են արվել. ԿԳՄՍ նախարարություն

Հիմք ընդունելով Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում ստեղծված դասագրքերի բովանդակության և կազմարարության վերաբերյալ հանրության արձագանքները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանդիպումներ և քննարկումներ է կազմակերպել դասագրքերի հեղինակների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկման արդյունքում ԿԳՄՍ նախարարությունը հանձնարարել է դասագրքերի հեղինակներին՝ դասագրքերում առկա վրիպակների, անհամապատասխանությունների վերաբերյալ կազմել ներդիրներ և պարզաբանումներ: «Մարի հրատարակչություն» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Անգլերեն» առարկայի դասագրքում և «Անտարես» ՍՊԸ-ի հրատարակած 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն», 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի հեղինակների կողմից ներկայացվել է տեղեկատվություն դասագրքերում առկա վրիպումների, անճշտությունների և բացթողումների վերաբերյալ: Դրանք նախարարությունում քննարկվել են և ներկայացվել Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ՝ ըստ անհրաժեշտության ներդիր ստեղծելու և դրանք դասագրքերին  կից ներառելու նպատակով: Զուգահեռաբար վերոնշյալ դասագրքերի էլեկտրոնային տարբերակները շտկվել են հեղինակների կողմից և տեղադրվել ԿՏԱԿ-ի և Դասագրքերի և ՏՀՏ շրջանառու հիմնադրամի կայքերում: «Աստղիկ գրատուն» ՍՊԸ-ն իր կողմից տպագրված 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Բնություն», 7-րդ դասարանի «Հայոց լեզու», «Երկրաչափություն», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների դասագրքերի էլեկտրոնային տարբերակներում իրականացրել է QR կոդերի շտկում:
18:14 - 09 փետրվարի, 2024
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը:   ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Հայտերը պետք է պարունակեն ծրագրի անվանումը, կազմակերպության անվանումը, բովանդակության հակիրճ նկարագրությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 22-ն է:   Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Ընդհանուր տեղեկություն Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց): Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը: Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ: Մրցութային պայմաններ՝ ● Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը:●Արձանը պետք է ներդաշնակի տեղադրման վայրին: Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը:● Արձանն ու արձանի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը: Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր(առաջին փուլ) ●Լրացված հայտաձև● Մանրակերտի առնվազն եռադիրք լուսանկարներ Ցուցադրությանը ներկայացնելու համար(երկրորդ փուլ) ● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը: Հայտերի ներկայացման ժամանակացույցը՝ այստեղ: Մրցանակը Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով:Հավելյալ տեղեկատվություն Մանրամասների համար կարելի է զանգահարել 011 514197 հեռ.-ով: Հայտաձև Հայտատուի վերաբերյալ տվյալներ Ծրագրի/միջոցառման նկարագիրը Խնդրում ենք մինչև 500 բառի սահմանում ներկայացնել առաջարկվող հուշարձանի վերաբերյալ մանրամասնություններ, հուշարձանի մանրակերտը:
19:09 - 08 փետրվարի, 2024
Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին
 |armeniasputnik.am|

Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է. նախարարը` ուսանողների ճակատագրի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Զեյթունի հանրակացարանը կվերանորոգվի, իսկ այդ ընթացքում շուրջ 200 ուսանող անօթևան կմնա։ «Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա։ Նախարարությունը որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացրել։ Ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,– ասաց նախարարը։ Անդրեասյանը նշեց, որ հանրակացարանի վերանորոգումը նախատեսված է պետական բյուջեով, համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են, արդեն պետք է սկսվի շինարարությունը։ Ինչ վերաբերում է այնտեղ ապրող ուսանողների կեցության խնդրին, ապա նախարարությունը քննարկում է ուսումնական տարվա ավարտից հետո կազմակերպել վերանորոգումը և ընթացիկ խնդիրներ չառաջացնել։
13:10 - 08 փետրվարի, 2024
Հայաստանն ու Հունգարիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու Հունգարիան համագործակցության հուշագիր են ստորագրել

Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուշագիր է ստորագրել երկու երկրների միջև մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: ՏԵղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։   Նշվում է, որ հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել նաև Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը:   «Հուշագրի համաձայն՝ կողմերը նպաստում են արվեստի գործիչների և փորձագետների, ուսանողների, կրթության և հետազոտության բնագավառում աշխատակիցների անմիջական համագործակցությանը, ինչպես նաև մշակույթի, բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության և ուսուցման ու նորարարության, գիտատեխնիկական գործունեության բնագավառներում նրանց փոխանակումներին»,– նշված է հաղորդագրության մեջ:   Ըստ համաձայնագրի՝ կողմերը համագործակցելու են միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՏՀԶԿ, Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներ, ՍԾՏՀ) ու Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում՝ Հայաստանի և Հունգարիայի միջև համատեղ մշակութային, կրթական, հետազոտական ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման նոր հարթակների ստեղծման միջոցով: Կողմերը նաև խրախուսել են իրենց բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև անմիջական հարաբերություններն ուսանողների, դասախոսական կազմի, բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների, գիտաշխատողների և կրթաթոշակառուների փոխանակման ծրագրերի իրագործումը:
19:21 - 06 փետրվարի, 2024
Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Մասնագիտական կրթության և ուսուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծերի փաթեթը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կարևորագույն կարգավորումներ է նախատեսում: Նախարարը մատնանշեց այն հիմնական կարգավորումները, որոնք բերում է այս նոր օրենսդրական փաթեթը, ընդգծեց՝ իրականացվում է ոլորտի համապատասխանեցում միջազգային ընդունված չափորոշիչներին՝ դա սկսելով հասկացությունների սահմանումներից: Նա ուշադրություն հրավիրեց մասնագիտական ուսուցում և կրթություն տերմինի վրա, որով մենք ոլորտը կոչում ենք այն անունով, ինչ անվանունով դա ընդունված է իրականացնել և ինչ ձևով այդ ոլորտը հասկանալի է նաև միջազգային կրթական տարածքի համար: «Միևնույն ժամանակ, մենք միասնականացնում ենք այս ոլորտում գործող ուսումնական հաստատությունները՝ թողնելով քոլեջը՝ իբրև ոլորտում գործող հաստատությունների միակ տեսակ և տարբերակելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը: Կարևորագույն փոփոխություն է այն, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը սրանով ինստիտուցիոնալ ներդրվում է ոլորտում և դառնում է կրթության կազմակերպման հիմնական ձև, ընդ որում, օրենսդրությունը կարգավորում է ոչ միայն այն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևերը, որոնք հնարավոր են, այլ նաև նկարագրում է կառուցվածքը՝ առանձնացնելով դուալ կրթության համակարգող մարմինը, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների և կառույցների գործառույթները այս նոր՝ գործող կազմակերպական կառուցվածքում: Ամբողջությամբ վերանայվում է կրթական ծրագրերի կառուցվածքը, դրանք հիմնվելու են վերջնարդյունքների վրա, բխելու են ազգային և ոլորտային շրջանակներից, ոլորտում գործելու է կրեդիտային համակարգը, ինչն էապես մեծացնելու է շարժունության հնարավորությունները: Ամբողջությամբ փոխված է նաև կառավարման համակարգը: Այստեղ նախատեսված է մասնակցային, թափանցիկ և հաշվետվողական համակարգ, ինչպես նաև հաստատությունների տնօրենների համար դրված է զարգացման ծրագրերի անհրաժեշտ պահանջը, որը նաև նախատեսվում է համապատասխան մոնիթորինգի արդյունքներով դարձնել շատ ավելի հրապարակային: Վերանայվում է նաև ոլորտում լիցենզավորման գործընթացը, նախատեսված է երկաստիճան համակարգ, որտեղ լիցենզավորման ենթակա կլինի թե՛ ընդհանրապես գործունեության թույլտվությունը, թե՛ բուն կրթական ծրագրերի իրականացումները: Ամբողջությամբ փոխվում է ֆինանսավորման համակարգը, ոլորտում ներդրվում է մեկ ուսանողի հաշվով ֆինանսավորման մեխանիզմը, որը կխթանի հաստատությունների միջև մրցակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: Ոլորտում արդեն այս տարի կգործի նաև կամավոր ատեստավորման համակարգը, որի պարագայում կգործի նույն ձևաչափով խրախուսման հնարավորությունը՝ դրույքաչափը դառնալով 200 հազար դրամ և դրան ավելանալով նաև 30-50 տոկոս հավելավճար: Ժաննա Անդրեասյանը կարևորեց այս համակարգում դեպի ներառականություն գնալը, նշեց՝ նախագծով ապահովված են համընդհանուր ներառական կրթության ներդրման բոլոր գործիքակազմերն ու անհրաժեշտ ներդրումները: ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց մասնագիտական կրթության հասանելիության մասին, ինչին ի պատասխան, ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց՝ բոլոր մարզերում ունենք մասնագիտական կրթության ուսուցման հաստատություններ, ընդգծեց՝ դա մեր ամենահասանելի մասնագիտական կրթությունն է, ինչի վկայությունը ուսանողների կազմի մասով վիճակագրությունն է: «Հանրակացարանային պայմաններ որոշ դեպքերում կան, որոշ դեպքերում նախատեսվում են: Կրթության զարգացման պետական ծրագրում մենք հատուկ նշել ենք որպես խնդիր, որ պետք է հաստատությունները դասակարգվեն իբրև հանրապետական կամ տեղային նշանակության, հանրապետականների համար պետք է ապահովվեն հանրակացարանային և այլ պայմանները, որ ամբողջ հանրապետությունից հնարավոր լինի այդտեղ կրթություն կազմակերպել: Այսօր մենք ունենք նման օրինակ Տավուշում»,- պարզաբանեց նախարարը:   Հարակից զեկուցող, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը տեղեկացրեց՝ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն, ընդգծեց՝ նախագիծը չափազանց կարևոր է, այն ամբողջությամբ համընկնում է մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարությանը:
12:27 - 06 փետրվարի, 2024
Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|

Մենք Հայաստանում ենք ապրում և պետք է անցնենք Հայաստանի պատմություն. նախարար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահ է` դպրոցներում պետք է անցնել Հայաստանի պատմություն, քանի որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում։ ԱԺ–ում ելույթի ընթացքում նա նշեց, որ այդ հարցը հիմա չի առաջացել, այլ մի քանի անգամ քննարկվել է մասնագիտական շրջանակներում: «Բոլոր քննարկումներից հետո ես եկել եմ այն եզրահանգման, որ առարկայի անվանումը ամենևին էլ մասնագիտական տիրույթի խնդիր չէ։ Դասավանդվող առարկան պետք է հստակ նպատակ ունենա։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, և ՀՀ դպրոցներում աշակերտները պետք է անցեն Հայաստանի պատմություն»,– ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով` սա բոլորովին չի նշանակում, որ առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Անդրեասյանը շեշտեց` անվանումն այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով ԿԳՄՍ նախարարությունը մոտենում է պատմության ուսուցմանը։ Ըստ նախարարի` տարբեր երկրներում պատմության դասավանդումը պետության քաղաքացիների ձևավորման գործընթաց է, և կարևոր է, որ պատմության դասավանդումը կառուցվի պետության առանցքի շուրջ։ Որոշ դասագրքեր, նրա խոսքով, այս պահին աշակերտների շրջանում սերմանում են պետական մտածողության բացակայություն: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվանումով: Այս նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել հասարակության շրջանում։
11:51 - 06 փետրվարի, 2024
ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ԿԳՄՍ նախարարը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի և Երևանում «Գյոթե կենտրոնի» տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանում «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և կարևորել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ մի շարք ուղղություններով հաջող համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումն ու երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեությանը, որը հանդիսանում է «Գյոթե ինստիտուտի»՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկերը: ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և միջմշակութային ու կրթական համագործակցության հեռանկարների քննարկման հնարավորության համար: «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում նախատեսվող նոր նախաձեռնություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ համագործակցության կարևորագույն ուղղություններից են գերմաներենի ուսուցման արդյունավետության բարձրացումը և երկու երկրների միջև մշակութային հաղորդակցության խթանումը: «Շարունակելու ենք գերմաներեն լեզվի դասավանդողների վերապատրաստման աշխատանքները՝ համագործակցելով ՀՀ տարբեր մարզերի դպրոցների հետ: 2017 թվականից նաև միջազգային տարբեր խոշոր միջոցառումներ ենք իրականացրել մշակույթի ոլորտում մեր հայ գործընկերների հետ: Այս համագործակցությունը ևս շարունակվելու է»,- ասել է «Գյոթե կենտրոնի» նորանշանակ տնօրեն Յան-Թագե Քյուլինգը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Երևանում «Գյոթե կենտրոնը» կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի կրթամշակութային կյանքում: Նախարարն առանձնահատուկ կարևորել է գերմանական կողմի հետ փոխհամագործակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ բավականին հաջող համագործակցություն է առկա գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական ընկերության հետ՝ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական հայեցակարգի նախագծի իրականացման շուրջ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկու երկրների կառավարությունների միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:31 - 02 փետրվարի, 2024
Փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է․ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն

Փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է․ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոն

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր  դիրքորոշումն է հայտնել «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Որոշումը միաձայն ընդունվել է Հայոց պատմության ամբիոնի 2024 թ. հունվարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը և Պատմության ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիելյանը։ Ամբիոնն իր տարակուսանքը և խոր մտահոգությունն է հայտնում, որ ԿԳՄՍ նախարարությունը և նրան ենթակա կառույցները, առանց գիտական ու կրթական հանրության շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից և «Հայոց պատմության» 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հրատարակությունից հետո, հերթական չմտածված և բնավ չնախապատրաստված քայլն են կատարում՝ շրջանառության մեջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական և ազգային-պետական շահերից, այլև ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրեպ է, և որի հետևանքները վնասակար ու վտանգավոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլև՝ ընդհանրապես Հայաստանի ու ողջ հայության համար: ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանե կազմակերպական առումով բացասական տպավորություն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դիմումի հիման վրա (որևէ փաստ չկա, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմիջապես ի հայտ է գալիս փոփոխությունների նախագիծ և դրվում քննարկման: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկին պետք է հաջորդեր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնավորումների հրապարակումը: Դրան պիտի հաջորդեր համապատասխան մասնագիտական կառույցների կարծիքների ճշտումը, և դրական կարծիքների դեպքում նոր միայն կազմվեր պատշաճ հիմնավորված փաստաթուղթ, որը կարող էր ներկայացվել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պետք է ցուցաբերվեր պետական-ինստիտուցիոնալ մոտեցում, ինչը չի կատարվել: Դա խոսում է գիտակրթական հաստատությունների նկատմամբ անթաքույց անվստահության մասին և թողնում է դավադրական գործողությունների տպավորություն, ինչը բնավ չի բխում Հայաստանի Հանրապետության և, ընդհանրապես, հայության շահերից: Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն հարցադրումը և երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է և բացատրվում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողությունների չիմացությամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապված՝ մի քանի պարզաբանումներ. ա) Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառվող «Հայոց պատմություն» անվանումը գրաբարյան «Պատմութիւն Հայոց» ձևակերպման աշխարհաբարյան տարբերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդյան, Հրաչիկ Սիմոնյան, Վլադիմիր Բարխուդարյան և այլք) տևական քննարկումներից հետո որոշեցին հրաժարվել խորհրդային տարիներին կիրառված «Հայ ժողովրդի պատմություն» անվանումից և վերադարձ կատարել Ոսկեդարի շրջանից մինչև ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառված պատմագրական ավանդույթին։ բ) «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե'ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատոր երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև։ գ) Օտար լեզուներով հնարավոր չէ մեկ բառով արտահայտել «Հայոց պատմություն» եզրույթի վերոնշյալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգտագործվել է «Հայաստանի պատմություն» համազոր ձևը (History of Armenia, История Армении, Histoire d'Arménie և այլն)։ Հենց այդ տրամաբանությամբ են առաջնորդվել 18-րդ դարի վերջին Միքայել Չամչյանը, 19-20-րդ դարերի բոլոր հայագետները (թե՛ հայ, թե՛ օտար), ովքեր պահպանել են պատմագրության ավանդույթը` կիրառելով «Պատմութիւն Հայոց» տարողունակ ձևակերպումը հայերենում և համապատասխան լեզվամտածողությամբ թե՛ «Հայաստանի պատմություն» (լատիներեն (1736), ռուսերեն (1809, 1858, 1990), ֆրանսերեն (1841, 1869) և այլն), թե՛ «Հայերի պատմություն» (անգլերեն, 1978) տարբերակներն այլ լեզուներում։ դ) ԿԳՄՍ-ի կողմից հրապարակված փաստաթղթում թվարկված երկրների օրինակով առաջարկվող փոփոխության հիմնավորումը համոզիչ չէ: Օտար լեզուներում տվյալ երկրի պատմությունը ժողովրդի պատմությունից չի տարբերակվում կա՛մ փաստացի համընկնելու, կա՛մ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ֆրանսիայում պաշտոնապես ֆրանսիացի է համարվում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացին, հետևաբար՝ տարբերակելու կարիք չկա։ Սաուդյան Արաբիան լոկ 20-րդ դարում ստեղծված երիտասարդ պետություն է, որը պետականության ավանդույթներ չունի: Բացի այդ, այն արաբական 22 պետություններից լոկ մեկն է: Հետևաբար՝ նրա պատմությունն արաբների պատմություն անվանվել չի կարող: Հնդկաստանը, Վրաստանն ու Ղազախստանը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմություն» անվանաձևով պետականակերտ ժողովուրդները յուրացնում են նաև այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների պատմությունը։ Բացի դրանից՝ և՛ վրացիները, և՛ ղազախները բաժանվում են ենթաէթնիկ հանրությունների (վրացիները՝ մենգրելների ու սվանների, ղազախները՝ ավագ, միջին և կրտսեր ժուզերի (ցեղախմբերի))։ Հետևաբար՝ վերը նշված դեպքերում լուծվում են այնպիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Ի դեպ, նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ բերված օրինակները հիշյալ երկրների դպրոցներում դասավանդվող առարկաներին չեն վերաբերվում, այլ սոսկ առանձին գրքերի անվանումներ են։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել այդ երկրների դպրոցներում ուսուցանվող տվյալ երկրի պատմության առարկայի անվանումները։ ե) Ի տարբերություն վերը բերված օրինակների՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ պատմության դասավանդման համատեքստում ընդհանրություններ ունեն, օրինակ, հույները։ Հունաստանի Հանրապետության դպրոցներում «Հունաստանի պատմություն» անունով առանձին առարկա չկա, ամբողջ պատմությունը դասավանդվում է մեկ առարկայի շրջանակներում, որտեղ նյութի մեծ մասն ուղղակի Հունաստանի և հույների մասին է (հստակ պատկերացում կազմելու համար առաջարկվում են հետևյալ հղումները Միևնույն ժամանակ հունական գրականության և գիտության մեջ օգտագործվում են ինչպես Ιστορίατου Ελληνικού Έθνους (Հույն ժողովրդի պատմություն), այնպես էլ Ιστορία της Ελλάδας (Հունաստանի պատմություն) եզրույթները, բայց ավելի տարածված է «Ελληνική ιστορία» եզրույթը, որը բովանդակային առումով համարժեք է «Հայոց պատմություն» բառակապակցությանը, քանի որ Ελληνική բառը կարող է թարգմանվել միաժամանակ և՛ «հունական», և՛ «Հունաստան» տարբերակներով: Առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաև հետևյալ պատճառներով. ա) Նախ, պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առաջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշտոնապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, թե՞ որևէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնությունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշակիություն է պահանջում: բ) «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթավայրերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջնադարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն: Մասնավորապես՝ առարկայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպության, Հայաստանից դուրս ծնված ու գործած մշակույթի ականավոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային և արդյունաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմակերպությունների վերաբերյալ բնավ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետության և ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար: Որոշ պաշտոնատար անձանց կողմից հնչող պնդումները, թե վերոնշյալ խնդիրները ներառվելու են նոր անվանումով առարկայի ծրագրերում, համոզիչ չեն և որևէ երաշխիքով ապահովագրված չեն:           Ամփոփելով վերոշարադրյալը, ամբիոնն արձանագրում է, որ առաջարկվող փոփոխությունը հիմնավորված չէ, ժամանակավրեպ է և չի լուծում այն խնդիրը, որի մասին հայտարարվում է: Փոխարենը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպես դպրոցում և կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասավանդմանը, այնպես էլ ընդհանրապես ազգային պատմության ընկալմանը հասարակության կողմից։ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ.՝    Է. Գ. Մինասյան
19:09 - 31 հունվարի, 2024
Քաղաքացիները ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիա են իրականացրել |aysor.am|

Քաղաքացիները ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ակցիա են իրականացրել |aysor.am|

aysor.am: «Դդմիկ հեռացի՛ր» վանկարկումով ԿԳՄՍ նախարարության դիմաց են հավաքվել «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման անդամները։ Շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվանից սկսում են բողոքի միջոցառումների շարքը և հույս ունեն, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարական կտա և գոնե այս ոլորտը կկարգավորվի։ «Պահանջում ենք վերափոխվեն և նորից գրվեն բոլոր դասագրքերը՝ սկսած «Հայ գրականությունից», նաև «Հայոց պատմությունը»։ Պահանջում ենք նաև կառավարությունից հետ վերցնեն այն անհիմն որոշումը, որ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանեն։ Սա պարտիզանական պատերազմ է ընդդեմ այն իշխանության, որը դավաճանում է հայ ժողովրդին»,-ասաց նա։ Վազգեն Պետրոսյանը նշեց, որ զուգահեռաբար հայտարարում են ծաղրանկարի մրցույթ՝ դդմիկի թեմայով։ «Մեր կառավարությունը բանջարաբոստանային կառավարություն է, և գլխավոր բուսաբանը, բացի բանջարներից, իր շուրջը չի ուզում ուրիշ կենդանի բերել։ Դդումը գնաց, դդմիկը եկավ, այս թեմայով հայտարարում ենք մրցույթ»,-ասաց նա։ 
17:14 - 31 հունվարի, 2024
Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

Բուհական և գիտական համայնքներին է ներկայացվել Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը

Հունվարի 30-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում-քննարկում շահառու հայաստանյան բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում գերմանական GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլի կողմից ներկայացվեց ապագա Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։ Այս մասին հայտնում են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից։  Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առանձնահատուկ կարևորեց բուհական և գիտական համայնքերի ակտիվ մասնակցությունը «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը վերաբերող քննարկումներին, քանի որ ծրագիրն առաջին հերթին ուղղված է հենց դասախոսների, ուսանողների և հետազոտողների համար լավագույն աշխատանքային և ուսումնական միջավայրի ապահովմանը: ««Ակադեմիական քաղաք»-ը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բուհական և գիտական աշխատանքների պայմանները: Այսօր արդեն Ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման փուլում ենք և զուգահեռաբար փորձում ենք դրան համադրել բովանդակային աշխատանքների շղթան»,- ասաց նախարարը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ոլորտում որակական փոփոխությունների կարիքն այսօր հրամայական է, և դրանք պետք է իրականացվեն պլանավորված, գիտակցված և համատեղ ջանքերով․ «Աշխատանքը մեզնից պահանջելու է համբերատարություն, բայց արդյունքը, որը ստանալու ենք, արժե այն ջանքերին և չարչարանքին, որոնք ներդրվում են»: Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հավելեց, որ Ակադեմիական քաղաք ծրագրին նվիրված բովանդակային քննարկումները շարունակական են լինելու՝ նաև հատուկ այդ նպատակով ձևավորված աշխատանքային խմբերի ձևաչափով, սակայն ծրագրի շահառուների ընդլայնված շրջանակի հետ այս առաջին հանդիպումը հատկանշական է նրանով, որ վերաբերում է հենց գլխավոր հատակագծի կոնցեպտուալ մշակումների քննարկմանը, ինչը կօգնի ներկաներին ավելի լավ պատկերացում կազմել կառուցվելիք քաղաքի մասին և ավելի առարկայական հարցեր առաջադրել։ Հայոցյանի խոսքով՝ նախագծի ճարտարապետական բաղադրիչին զուգահեռ, աշխատանքներ են տարվում նաև հողային իրավունքի հետ կապված հարցերի կարգավորման, Ակադեմիական քաղաքի գործընկեր հանդիսացող միջազգային առաջատար բուհերի ու կազմակերպությունների հետ հուշագրերի կնքման, բովանդակության մշակման, կառավարչական մոդելի մշակման և բուհերի խոշորացման հայեցակարգի ուղղությամբ։ Հաջորդիվ, ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկաներին ներկայացրեց հատակագծի նախնական տարբերակի մշակման գործընթացի մանրամասները՝ անդրադարձ կատարելով տեղադիրքի ընտրության նպատակահարմարությանը, շահառուների կարիքները վերհանելուն ուղղված հանդիպումների արդյունքներին, հայաստանյան պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի և գերմանական համանման ծրագրերին ծանոթացման հարցին։ «Ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության վրա՝ կարևորվելով ոչ միայն իր ճարտարապետական բաղադրիչով, այլև էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա»,- նշեց Թոբիաս Քեյլը՝ հավելելով, որ Գերմանիայի բուհերն ու գիտահետազոտական կազմակերպություններն արդեն իսկ անցել են նմանատիպ գործընթացի միջով՝ քաղաքներում ընդլայնվելու անհնարինության պատճառով տեղափոխվելով լավագույն ինստիտուտները արվարձաններ։ Քեյլի խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի օգտվելու գերմանական լավագույն փորձից՝ միաժամանակ խուսափելով այդ գործընթացին բնորոշ սխալներից։ Այնուհետև, Թոբիաս Քեյլը անդրադարձավ ճարտարապետական թիմի այն բոլոր աշխատանքներին, որոնք ձեռնարկվել են ապահովելու համար տեղադիրքի և նրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործումը, կառուցվելիք հիմնական մասնաշենքի, կլաստերների, մարզադաշտի, համերգասրահի, կանաչ ու հանգստյան գոտիների, բնակելի հատվածի տեղակայման հարմարավետությունը։ Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում Քեյլը նշեց քաղաքի բնակիչների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։ Անդրադառնալով ծրագրի շարունակականությանը՝ Թոբիաս Քեյլը ասաց, որ ընկերության նպատակներից է «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը օրինակելի դարձնել ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային մակարդակով։ Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն ունեցան հղելու իրենց հուզող հարցերը և ստանալու պարզաբանումներ։ Հարցերը վերաբերում էին որոշ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների կողմից իրենց առօրյա գործունեությանը անհրաժեշտ հատուկ պայմանների ապահովմանը, տարաբովանդակ կլաստերների և սպորտային ու մշակութային համալիրների մեկտեղմանը, տեղադիրքի ընտրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատմանը, ծրագրի իրականացման արժեքին, ժամկետներին, բնակիչ-շահառուների նախատեսվող թվին և հիմնական մարտահրավերներին։
11:02 - 31 հունվարի, 2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը:Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քայելին, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ: Թոբիաս Քայելը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է Ակադեմիական քաղաքի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի, և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել: Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ: Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
20:26 - 30 հունվարի, 2024