ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունենում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգային երկրորդ հարցով նախատեսված էր Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն, սակայն առաջադրված երկու թեկնածուներից ոչ ոք բավարար ձայներ չի հավաքել: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից: «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության շրջանակում նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ. դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը, իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ ՀԽ նախագահի թեկնածուները Խորհրդի անդամներին ներկայացրին իրենց գործունեությունը, համալսարանի զարգացման գործում ՀԽ-ի դերի իրենց պատկերացումները և պատասխանեցին նիստի մասնակիցների հարցերին։ ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի առաջարկությամբ և Հոգաբարձուների խորհրդի ներկա անդամների մեծամասնության համաձայնությամբ քվեարկությունն անցկացվեց փակ գաղտնի ձևով: Քվեարկության արդյունքների համաձայն՝ Հայկազ Նավասարդյանը հավաքեց 14, իսկ Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն, ինչը, ըստ կանոնակարգի, բավարար չէ նախագահ ընտրվելու համար: Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական էր ներկայացրել դեկտեմբերի սկզբին:
14:40 - 29 հունվարի, 2021
Առաջադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու թեկնածու․ նախկին նախագահը հրաժարականի դիմում է գրել |armtimes.com|

Առաջադրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի երկու թեկնածու․ նախկին նախագահը հրաժարականի դիմում է գրել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի պետական համալսարանում այսօր՝ հունվարի 29-ին, հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում է նոր նախագահի ընտրությանը։ Առաջադրվեց երկու թեկնածու։ Նիստը նախագահող Անահիտ Չուբարյանն առաջադրեց Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի թեկնածությունը՝ հատկապես կարեւորելով նրա սկզբունքայնությունն ու արդյունավետ աշխատանքը։ Նա, ի դեպ, խոսքը սկսեց հետեւյալ նախաբանով՝ պատմելով, թե ինչպես է ծանոթի համար միջնորդել նախկին ուսանող Նավասարդյանին, բայց այդ երեխան այդպես էլ չի հաղթել նրա նախագահությամբ ակցկացված մրցույթում։ «Մինչ թեկնածությունը առաջադրելը՝ ես մի փոքր նախաբան ունեմ։ Մի օր մի բուհի դասախոսի՝ իրեն շատ մոտիկ բարեկամը՝ ոչ հարազատ, այլ խնամին, խնդրում է, որ դասախոսը միջամտի մրցույթին, որին պետք է մասնակցեր իր երեխան, քանի որ մրցույթի նախագահն այդ դասախոսի ուսանողն էր։ Դասախոսը հարցնում է՝ ինչպե՞ս միջամտեմ, բայց, ի վերջո, զանգ է տալիս իր ուսանողին, ասում՝ խնդրում եմ ուշադիր եղիր երեխային, բարեկամս է։ Ուսանողը ասում է՝ շատ լավ, բայց այդ երեխան մրցույթը չի անցնում։ Այդ սկզբունքային ուսանողը իմ նախկին ուսանողն էր՝ Նավասարդյան Հայկազը, իսկ այդ ոչ այդքան սկզբունքային դասախոսը՝ ես։ Ճիշտ է, այդ ժամանակ ես ամաչեցի իմ արածի համար, բայց շատ հարգեցի Նավասարդյան Հայկազին և հասկացա՝ ինչու է այդ դպրոցը տալիս շատ լավ շրջանավարտներ։ Այնքան՝ լավ, որ սկզբնական կիսամյակում մենք այդ ուսանողների հետ չգիտենք՝ ինչպես վարվել, որովհետև նրանք ամեն ինչ գիտեն եւ ձանձրանում են դասերին։ Ստիպված նրանց հետ լրացուցիչ ինչ-որ գործեր ենք անում, որպեսզի չհիասթափվեն համալսարանից»,- մասնավորապես նշեց Չուբարյանը։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը առաջադրեց կառավարման եւ գործարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի թեկնածությունը։ Նիստում 15 կողմ ձայնով որոշվեց քվեարկությունն անցկացնել փակ-գաղտնի։ Արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:11 - 29 հունվարի, 2021
3 անգամ հայտնվում ենք իրավիճակում, երբ չգիտենք՝ ով պիտի կազմակերպի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ խորհրդի քարտուղար |news.am|

3 անգամ հայտնվում ենք իրավիճակում, երբ չգիտենք՝ ով պիտի կազմակերպի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը․ խորհրդի քարտուղար |news.am|

news.am: Մենք արդեն երրորդ անգամ ենք այս իրավիճակում հայտնվում, երբ չգիտենք, թե Հոգաբարձուների խորհրդի նիստն ով պետք է կազմակերպի: Այս մասին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը: «Նույնիսկ լիազոր մարմնի կողմից այն կարգավորումը, որ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, դա ռեալ հիմք չէ նիստ հրավիրելու համար: Ըստ կանոնադրության՝ նիստը պետք է հրավիրի նախագահը, իսկ խորհուրդը նախագահ չունի: 2020-ի օգոստոսի 25-ի նիստը հրավիրել է Գեւորգ Մուրադյանը, բայց նա նման լիազորություն ունե՞ր, թե չուներ: Հունվարի 22-ի նիստը ով է հրավիրել: Մենք 8 ամիս նախագահ չունենք եւ չգիտենք ինչ անել: Մենք պետք է կարգավորում տանք, ո երբ Հոգաբարձուների խորհրդի նախագահը հրաժարական է տալիս կամ կազմում այլեւս չէ, ինչ պետք է անի Խորհուրդը, որ հաջորդ նիստի հրավիրման հետ կապված կասկածի տակ չդրվի խորհրդի նիստի օրինականությունը»,- ասաց նա: Նշենք, որ այսօրվա նիստում Հոգաբարձուների խորհուրդը նախագահ է ընտրելու։
12:11 - 29 հունվարի, 2021
Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման անհրաժեշտություն կա․ փակված ադրբեջանագիտության ծրագիրն այս տարի կբացվի

Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման անհրաժեշտություն կա․ փակված ադրբեջանագիտության ծրագիրն այս տարի կբացվի

Արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ավարտից հետո հասարակական եւ մասնագիտական տարբեր հարթակներում քննարկումներ սկսվեցին՝ Հայաստանում ադրբեջաներենի դասավանդման կարեւորության վերաբերյալ։ Պատերազմական տարբեր իրավիճակներ, այդ թվում՝ ականատեսների պատմությունները, թույլ են տալիս ենթադրել, որ ադրբեջանցի զինվորները շատ հաճախ են կիրառել հայերենը, ինչն ունեցել է էական նշանակություն ու երբեմն՝ անշրջելի հետեւանքներ։  Այս ամենին զուգահեռ՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ 2018թ. սեպտեմբերից փակվել է ֆակուլտետում գործող «ադրբեջանագիտություն» կրթական ծրագիրը (մասնագիտացումը)։ «Իմ բոլոր դիմումները եւ հարցումները՝ պատասխանատու կառույցներին եւ անձանց, մնացին անարձագանք եւ անարդյունք: Իմ զարմանքն ու հիասթափությունը հատկապես մեծանում էր, երբ ես ստիպված էի լինում պատասխանատուներին բացատրել պատերազմող երկրում ադրբեջանագետներ ունենալու կարեւորությունը. մասնագետներ, որոնք պետք է տիրապետեին թշնամի երկրի լեզվին, պատմությանը, քաղաքականությանը եւ այլն: Հույսս կտրելով` ես իմ լիազորությունների շրջանակներում փորձեցի կոմպենսացնել խնդիրը` ադրբեջանագիտական առարկաներ ընդգրկելով արեւելագիտության ֆակուլտետի այլ մասնագիտացումների ծրագրերում: Ահա եւս մեկ դրվագ՝ կրթական գերակայությունների հանդեպ ներկայիս ապիկար կառավարության մոտեցումների վերաբերյալ»,- գրել էր Մելքոնյանը:   Infocom.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ ծրագիրը ներառում էր ոչ միայն ադրբեջաներենի դասվանդում, այլեւ Ադրբեջանի պատմությունը, մշակույթը, քաղաքականությունը եւ այլ ոլորտներ, որոնք հնարավորություն էին տալիս ճանաչել այդ երկիրը։    «Պետական պատվերով 2016 թվականից մենք ունեցել ենք այդ կրթական ծրագիրը։ 2018 թվականին այն ընգրկված չի եղել ընդունելության համար հայտարարված մրցութային ծրագրերում, եւ ինձ որեւէ պատճառաբանություն չեն տվել։ Իմ անձնական ճշտումների ժամանակ, երբ հարցրել եմ կոմպետենտ, պատասխանատու մարդկանց, որեւէ լուրջ հիմնավորում չի եղել, ուղղակի ասել են, որ ընդգրկված չէ։ Հետո որոշ պատասխանատուներ հռետորական հարց են տվել, թե արդյոք դա մեզ պե՞տք է, թե՞ ոչ։ Ես նաեւ իմ գրառման մեջ էի ասել, որ քանի որ հարցը ունի կարեւորություն, ես առարկաների մի մասը փորձել եմ տարրալուծել այլ ծրագրերում, որպեսզի մեր ուսանողները այդ առարկաները կարողանան անցնել։ Իհարկե, դա չի փոխարինում նեղ մասնագիտական ծրագրին, բայց, այնուամենայնիվ, որոշ առարկաներ շարունակում են ֆակուլտետում դասավանդվել»,- մանրամասնեց Մելքոնյանը։   Վերջինս տեղեկացրեց, որ իր գրառումից հետո որոշ գործընթացներ են սկսվել․ ըստ իր տեղեկությունների՝ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է խնդրել՝ ծրագրի փակման վերաբերյալ։ Ֆակուլտետի դեկանը հույս հայտնեց, որ որոշ փոփոխություններ կարվեն։   Միեւնույն ժամանակ Մելքոնյանն ընդգծեց, որ երբ ոչ թե պետությունն է համալսարանին հանձնարարում զբաղվել այս հարցով, այլ համալասարանի մասնագիտական ֆակուլտետի դեկանն է ահազանգում, սա արդեն խոսում է խնդրի եւ պատասխանատու մարմինների ոչ կեմպետենտության մասին։    Արեւելագիտության ֆակուլտետի դեկանը միանշանակ կարծիք հայտնեց, որ ծրագրի նկատմամբ հանրային հետաքրքրություն կա․   «Ինչպես ասացի՝ ծրագիրը եղել է պետական պատվերով, եւ անգամ ընդունելության շեմը բավական բարձր էր, այսինքն՝ ծրագիրը մրցակցային էր, մենք էլ հատուկ ուշադրություն ենք դարձնում դրան։ Ես փորձել եմ ֆակուլտետում հավաքել բոլոր հմուտ մասնագետներին, նրանց հրավիրել եմ դասավանդելու։ Կարծում եմ, որ դրական արդյունքներ էլ ունենք, մեր շրջանավարտները տարբեր ոլորտներում իրենց մասնագիտական գիտելիքները կարողանում են հավուր պատշաճի կիրառել։ Վստահ եմ, որ հետաքրքրությունը ադրբեջանագիտության նկատմամբ, ինչպես ընդհանուր արեւելագիտության, շարունակում է հասարակության մեջ բավարար մակարդակում լինել»։   Մելքոնյանը մեր զրույցում ընդգծեց, որ Ադրբեջանում հայագիտությունը պետության շատ լուրջ ուշադրության կենտրոնում է, եւ ականատես ենք լինում, որ Ադրբեջանում հայերեն դասավանդվում է ոչ միայն բուհերում, այլեւ այլ կրթական հաստատություններում, անգամ դպրոցներում։ Նրա խոսքով՝ բնական է, որ Ադրբեջանում հայերենի եւ հայագիտության դասավանդումը ամենեւին չի հետապնդում ակադեմիական նպատակներ, այլ ուղղված է հակահայկական քաղաքականության սպասարկմանը, եւ այս առումով Ադրբեջանում հայերեն իմացողների եւ հայագիտությամբ զբաղվողների թիվը բավական մեծ է։   Մելքոնյանի համոզմամբ՝ մինչեւ պատերազմը կամ անկախ պատերազմից՝ արեւելագիտությունն ու մասնավորապես ադրբեջանագիտությունն ունեն ստրատեգիական նշանակություն՝ ինչպես ընդհանուր տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի համար։ Հայաստանի համար, ըստ մեր զրուցակցի, կրկնակի կարեւոր է, որովհետեւ ՀՀ-ն ե՛ւ արեւելքում գտնվող երկիր է, ե՛ւ արեւելքում գտնվող երկրների հետ խնդիրներ ունեցող երկիր է, ուստի հարցի կարեւորությունն անքննելի է։    Infocom-ի հարցին, թե ինչ մեթոդներով եւ ուսումանական որ հաստատություններում պետք է իրականացվի ադրբեջաներենի դասավանդումը, դեկանը պատասխանեց, որ ինքը հակված է ավելի նեղ մասնագիտական դասավանդմանը, եւ որ ադրբեջաներենը ավելի շատ ժամաքանակով պետք է դասավանդվի արեւելագիտության ֆակուլտետում, ընդ որում՝ ոչ միայն լեզուն, այլեւ Ադրբեջանի պատմությունը, քաղաքական գործընթացները, քարոզչությունը եւ այն․   «ԵՊՀ պատմության ֆակուլտետում դարձյալ արեւելագիտության ֆակուլտետրի դասախոսները դասավանդում են ադրբեջաներեն, բայց, բնականաբար, պատմության ֆակուլտետի պրոֆիլը այլ ուղղվածության է։ Իհարկե, ադրբեջաներեն իմացող պատմաբանների առկայությունը շատ լավ կլինի, բայց այնտեղ ժամաքանակն ավելի քիչ է, քան արեւելագիտության ֆակուլտետում։ Եթե մենք ուզում ենք համակողմանի մասնագետներ պատրաստել, նախապատվությունը պետք է տանք մասնագիտական ֆակուլտետին։ Ինչ վերաբերում է դպրոցներում դասավանդմանը՝ հարցը տարբեր կողմեր ունի, բայց չեմ բացառում, որ կարող է էֆեկտիվ լինել նաեւ դպրոցներում, ուղղակի դա չպետք է լինի ինքնանպատակ, այլ մշակված՝ ո՞ւմ ենք դասավանդում, հետո ի՞նչ են անելու այդ շրջանավարտները, արդյոք դա լինելու է ուղղակի պլյուս դնելո՞ւ համար, թե՞ ունենալու ենք մասնագետներ»,- մենաբանեց դեկանը։   Վերջինիս կարծիքով՝ կա նաեւ մեկ այլ կարեւոր հանգամանք, որով դպրոցներում ոչ միայն պետք է լեզուն դասավանդվի, այլեւ Հայաստանի հարեւան երկրների պատմությունը, որպեսզի հասարակությունը գոնե միջին մակարդակի գիտելիքներ ունենա տարածաշրջանի մասին՝ դրանից բխող սպառնալիքները կասեցնելու կամ հնարավորությունները ճիշտ իրացնելու առումով։ Մելքոնյանի խոսքով՝ մենք գործ ունենք հասարակության մի շերտի հետ, որը ոչ միայն վտանգները չի պատկերացնում, այլեւ անգամ քարտեզի վրա չի պատկերացնում, թե ինչ է նշանակում, օրինակ, Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանից դեպի Թուրքիա, եւ դա չի դիտարկում որպես մարտահրավեր, որովհետեւ չի հասկանում խնդրի էությունը։   «Կարծում եմ, որ դպրոցներում տարածաշրջանի երկրների պատմության դասավանդումն ավելի կարեւոր է, միգուցե երբեմն դրան զուգակցվի նաեւ ադրբեջաներենի կամ թուրքերենի դասվանդումը, բայց որ այս հարցը ունի պետության հատուկ ուշադրության կարիքը, եւ պետք է մշակել ճիշտ ծրագրեր, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ընդ որում՝ դրանք երբեմն ուշացած են լինում, բայց լավ է ուշ, քան երբեք»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։   Թեմայի վերաբերյալ Infocom-ը զրուցեց նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որը նույնպես կարեւորում է ադրբեջաներենի իմացությունը Հայաստանում։ Վերջինս մեր զրույցում նշեց, որ այն պետք է դասավանդել բուհական մակարդակում․   «Ընդհանրապես, պետք է, այսպես ասած, թշնամու լեզուն իմանալ։ Մեզ իսկապես դա պետք է։ Պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ մենք շատ հարցերում նրանց թերագնահատում էինք, շատ մարդիկ ասում էին, որ իրենք շատ թույլ են, երկիրը կործանվում է եւ այլն, բայց պարզվեց, որ դրանք այդքան էլ չէին համապատասխանում իրականությանը։ Մենք մեր հարեւանների մասին պետք է ոչ թե պոպուլյար, ոչ մասնագիտական գիտելիքներ ստանանք, այլ ավելի խորքային գիտելիքներ, իսկ դրա համար պետք է իրենց լեզուն իմանալ»։    Խաչատրյանն ընդգծեց, որ պարտադիր չէ՝ շատ մարդիկ մասնագիտանան եւ ձեռք բերեն խորքային գիտելիքներ, որովհետեւ սա այն մասնագիտությունը չէ, որ հանրային մեծ պահանջարկ ունի, ուղղակի ցանկալի է, որ բարձրակարգ մասնագետներ լինեն։ Նրա համոզմամբ՝ պարզ է, որ ադրբեջանագետի մասնագիտությունը չի կարող իրավագիտության կամ բժշկության մակարդակի պահանջարկ ունենալ, բայց, փորձագետի կարծիքով, շատ լավ կլինի, եթե երկրում ունենանք, օրինակ, 10 լավ մասնագետ։   «Այստեղ կարեւորը որակն է․ ցավոք, մեր համալսարաններում երբեմն կարեւորվում է քանակը, երկու կամ չորս հոգու համար ոչ միշտ են մասնագիտություններ բացվում, որովհետեւ դա ձեռնտու չէ։ Կան մասնագիտություններ, որտեղ թեկուզ մեկ-երկու հոգու համար պետք է բացել խումբ, եթե նույնիկ ֆինանսապես չի ծածկում, պետությունը պետք է պատվեր ձեւակերպի։ Կարծում եմ, որ պետք է բացել ադրբեջանագիտության բաժինը, գուցե փակելու պատճառը եղել է այն, որ դիմորդներ շատ չեն եղել, բայց, նորից եմ ասում, կարեւորը որակն է»,- ասաց Խաչատրյանը՝ շեշտելով, որ ադրբեջաներենի դասավանդման լավագույն տարբերակը կլինեն արտադպրոցական ծրագրերը։  Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում միշտ կարեւորվում են միայն դպրոցական եւ բուհական համակարգերը, բայց գոյություն ունեն նաեւ արտադպրոցական խմբակները, որոնք ավելի ճկուն են։ Խաչատրյանի դիտարկմամբ՝ կարող են լինել թեքումով դպրոցներ, օրինակ՝ լեզուների գծով խորացված դպրոց, որտեղ աշակերտներին կառաջարկվի սովորել նաեւ հավելյալ լեզուներ, ասենք՝ թուրքերեն, ադրբեջաներեն։ Այս պարագայում, ըստ նրա, հնարավոր է, որ երեխաների մի փոքր խումբ նույնպես սկսի սովորել, սակայն արտադպրոցական խմբակներն ավելի հետաքրքրող ու արդյունավետ կարող են լինել։   ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչությունից Infocom-ին հայտնեցին, որ  խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի 2021-2022 ուս․ տարում ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում կրթական ծրագիրը վերականգնվի․   «2016 թվականին կառավարության որոշոմամբ ԵՊՀ ընդունելության մասնագիտությունների ցանկի մեջ առաջին անգամ նախատեսվել է թյուրքագիտություն մասնագիտությամբ ընդունելություն՝ ՊՆ-ի պատվերով, եւ ամրագրվել է՝ «Թյուրքագիտություն-ՊՆ» անվամբ, նախատեսված է եղել կազմակերպել ընդունելություն 4 նպատակային տեղի համար։   Նաեւ 2017 թվականին է նախատեսվել ընդունելություն, բայց տեղերի թիվը հասել է 10-ի, իրավապահ համակարգի համար է եղել, սրանից ենթադրվում է, որ թիվն ավելացել է նաեւ ԱԱԾ-ի պատվերով՝ նշվել է իրավապահ համակարգ։ Ընդունվածների համար ԵՊՀ-ն թյուրքագիտություն կրթական ծրագրով՝ ադրբեջանագիտության մասնագիտացմամբ, առանձին ուսումնական պլանով իրականացրել է կրթություն։ 2021-2022 ուսումնական տարվա համար դեռեւս մշակվում են հայտերը, տեղերի քանակը կորոշվի ըստ պատվերի»,- մեկնաբանեցին վարչությունից։   Ի հավելումն նշենք, որ 2012 թվականին ԵՊՀ Թուրքագիտության ամբիոնը Հայաստանում հրապարակվեց ադրբեջաներենի բուհական առաջին դասագիրքը։    2019 թվականին էլ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ իրականացվել են ադրբեջաներենի դասընթացներ։ Ընդհանուր առմամբ՝ տարբեր ֆակուլտետից դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 250 ուսանող։   Ասպրամ Փարսադանյան
20:45 - 14 հունվարի, 2021
ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին. հայտարարություն

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին. հայտարարություն

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին, որոնց մասին ազդարարել են ընդդիմադիր 17 կուսակցությունները: Նրանց տարածած հայտարարությունում նաեւ ասվում է. «Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին: Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ Աստվածաբանության ֆակուլտետ Արևելագիտության ֆակուլտետ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ Իրավագիտության ֆակուլտետ Հայ բանասիրության ֆակուլտետ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ Պատմության ֆակուլտետ Քիմիայի ֆակուլտետ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ Ֆարմացիայի ինստիտուտ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
14:14 - 21 դեկտեմբերի, 2020
Դատարանը որոշել է դադարեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները |armenpress.am|

Դատարանը որոշել է դադարեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում է կայացրել: Այս մասին ասաց համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը: «Գեղամ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ: Հիմնադրամների մասին օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ: Երբ Գևորգյանի թեկնածությունը դրված էր ռեկտորի պաշտոնում, հոգաբարձուների խորհուրդն այդ մասին տեղյակ չի եղել, Գևորգյանը պաշտոնապես չի զգուշացրել, որ ինքն այլ աշխատանք է իրականացնում, և առկա է եղել օրենքի առերևույթ խախտում: Այդ հիմքով ես դիմեցի դատարան` երկու պահանջով` բեկանել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում նրա ընտրվելու որոշումը, երկրորդ` պահանջեցի դադարած համարել նրա լիազորություններն ընտրման պահից: Դատարանը բավարարեց պահանջները»,- ասաց Հեքիմյանը: Գեղամ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշմանը դեռ չի ծանոթացել, սակայն հավելեց, որ այն, որ ռեկտորի ժ/պ ընտրման պահին ունեցել է այլ աշխատանք, եղել է բաց և հրապարակային տեղեկություն:
18:10 - 17 դեկտեմբերի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 15-ի երեկոյան հանդիպել է գիտության, կրթության, մշակույթի ոլորտները ներկայացնող մի խումբ մտավորականների՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն ՊՈԱԿ-ի տնօրեն և գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի, Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի, «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադիր և ղեկավար Սոնա Հովհաննիսյանի, Գ․ Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների անսամբլի ղեկավար Լևոն Էսկենյանի, պատմաբան, արխիվագետ Ամատունի Վիրաբյանի հետ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքներն ու տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, անդրադարձել այն հանգուցալուծելու ուղիներին: Խոսելով պատերազմի ընթացքում կրած ցավալի կորուստների, վստահության պակասի և առկա ճգնաժամային իրավիճակի մասին՝ մտավորականները նշել են, որ, որպես ժողովուրդ ու պետություն, այլ ընտրություն չունենք, քան իրավիճակից միասնական ուժերով դուրս գալը: Առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է սթափ ու ճշգրիտ վերլուծել ու գնահատել իրավիճակը, գույքագրել մարտահրավերները, ընդունել առկա իրողություններն ու մտածել իրավիճակից դուրս գալու արդյունավետ ճանապարհների մասին: Նախագահ Սարգսյանն առանձնահատուկ ընդգծել է համակարգային լուծումների կարևորությունը՝ մասնավորապես նշելով. «Մենք պետք է հրաժարվենք ցանկալին որպես իրականություն մատուցելուց, հրաժարվենք ստից ու կեղծիքից, նայենք ճշմարտությանը, դասեր քաղենք այսօրվա սխալներից ու արդյունավետ քայլերով շարժվենք առաջ»: Նախագահը նշել է, որ պետք է ունենանք զարգացման տեսլական, ռազմավարություն, ծրագիր բոլոր ոլորտների համար. «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու և պետք է ամենօրյա հետևողական աշխատանքով, կարգապահությամբ կառուցենք մեր պետական ինստիտուտներն, ամրացնենք մեր պետականությունը»: Հանդիպման մասնակիցները նշել են, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում կարևոր և վճռական է նախագահական ինստիտուտի և Հանրապետության նախագահի դերը:
11:51 - 16 դեկտեմբերի, 2020
Վերանայել գիտության, ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությությունը, առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ ԵՊՀ կոչը՝ իշխանություններին

Վերանայել գիտության, ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությությունը, առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ ԵՊՀ կոչը՝ իշխանություններին

ԵՊՀ պրոֆեսորա–դասախոսական կազմը հանդես է եկել հայտարարությամբ, որով ՀՀ իշխանություններին կոչ է անում վերանայել կրթության և գիտության ոլորտի վերաբերյալ քաղաքականությունը։ Հայտարարությունում ասվում է․ Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։ Գիտության զարգացման վրա վատ են անդրադառնում նաև հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության նկատմամբ առկա հատվածական և իրավիճակային լուծումները։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում  կրթության և գիտության ապագային միտված քաղաքականության բացակայությունը նպաստեց տնտեսական, սոցիալական, ռազմարդյունաբերական, ինչպես նաև այլ ոլորտներում ճգնաժամի խորացմանը։Գիտության ոլորտում պետական սխալ քաղաքականության ազդակներից էր վերջին տարիներին առկա, իսկ ընթացիկ տարում նաև հեռակա ասպիրանտների համար նախատեսված տեղերի նվազեցումը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր իշխանություններն այդպես էլ չձևակերպեցին գիտության տեղն ու դերը մեր հասարակությունում, գիտությունը գերակայություն կամ գիտատար տնտեսություն հայտարարելուց բացի այլ որևէ հստակ քայլ չարվեց։ Կան գիտության կազմակերպման բազմաթիվ կիրառվող, հին ու նոր մոդելներ, որոնք, ցավոք, մնացին որպես այլ երկրներում հաջողված նախադեպեր։ Ընթացիկ տարիներին սկզբունքային մի շարք հարցեր այդպես էլ չստացան իրենց պատասխանը։ Չհստակեցվեց այն խնդիրների շրջանակը, որոնք պետք է իրենց լուծումը ստանան, թե գիտության որ ճյուղերն ի՞նչ առաջնահերթություն ունեն։ Չհստակեցվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը ներկա իրականությունում։  Գիտությունների ազգային ակադեմիայում կան երեք տասնյակ ինստիտուտներ, որոնք արդյունքում մնացին երկակի ենթակայության կարգավիճակում՝ իրականացնելով կրկնակի վարչարարություն ԳՊԿ-ի և ԳԱԱ-ի համար։ Նույնիսկ երկաստիճան գիտական համակարգից մեկ աստիճանի անցումը մնաց վիճաբանության առարկա (չհստակեցվեց՝ պետք է, թե ոչ)։ Քանակական չափորոշիչները շարունակում են գերիշխել նաև գիտական կոչումներ շնորհելիս։ Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը շուրջ վեց տարի է շրջանառվում է ՀՀ տարբեր գերատեսչություններով, և այնուհանդերձ ունի բազմաթիվ վիճելի և վտանգավոր դրույթներ։ Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի ապագայով, գնահատելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ռազմական, տնտեսական և ֆինանսական այսօրվա հրատապ խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով, որ գիտությունը զարգանում է գիտական խմբերում, իսկ խմբերն արդյունավետ աշխատում են ասպիրանտների առկայության դեպքում` գտնում ենք, որ ասպիրանտական տեղերի թվի կրճատումն անթույլատրելի է և վնասակար: Նույնիսկ եղած գիտական ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցման խնդիրը արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան թվով երիտասարդ կադրերի շարունակական ներգրավում։ Նշենք նաև, որ ասպիրանտական կրթությունը բուհական համակարգը որակյալ կադրերով համալրելու միակ անփոխարինելի ճանապարհն է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝  ներքոստորագրյալներս պահանջում ենք. Ամբողջապես վերանայել գիտության հանդեպ քաղաքականությունը` ներառելով նոր մոտեցումներ ֆինանսավորման, գիտական առաջնահերթություններ սահմանելու և սահմանված առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցերում: Առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կաթվածահար վիճակի չհասցնելու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերանայել 2020թ.-ի համար ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ սխալ որոշումը։ Վերանայել ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությունը՝ ֆինանսավորելով բոլոր ասպիրանտներին դրամաշնորհային համակարգի կամ այլ մեխանիզմների միջոցներով։ Ավարտին հասցնել բարձրագույն կրթության և գիտության օրենքի դրույթների վերաբերյալ քննարկումները՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների մտահոգությունները։ Կոչ ենք անում ՀՀ ներկա և ապագա բոլոր իշխանություններին Հայաստանի Հանրապետության հասարակական և սոցիալական ոլորտների զարգացումը, մրցակցային տնտեսության կառուցումը ապահովելու համար պատշաճ ուշադրություն դարձնել կրթության՝ տարրականից մինչև դոկտորանտուրա, և գիտության հիմնախնդիրներին՝ հատվածական վերաբերմունքը փոխարինելով ամբողջական համակարգված քաղաքականությամբ։ Կոչին միացել են՝ Գևորգյան Գեղամ Գրիգորի- Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ասրիյան Էլինա Վյաչեսլավի- Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարխուդարյան Ռաֆայել Հրայրի- Ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Իսրայելյան Արթուր Հրաչիկի- Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, պատմական գիտություն­ների թեկնածու, դոցենտ Հովսեփյան Լևոն Սահակի- Գիտական քարտուղար, պատմական գիտություն­­­­նե­րի թեկնածու, դոցենտ Անուշավան եպս. Ժամկոչյան-Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավագյան Արծրուն Աբգարի-Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բալայան Պավել Բորիսի-Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Բաղդասարյան Ալեքսան Ստեփանի-Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարսեղյան Գևորգ Ռուդիկի-Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգորյան Մարատ Արիսի-Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգյան  Էմիլ Սոսի-Կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբյան Յուրի Ռուբենի-Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հակոբյան Ռաֆիկ Սերգեյի-Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ղազինյան Գագիկ Սերգեյի-Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ղոչիկյան Տարիել Վլադիմիրի-Քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի-Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնա­ծու, դոցենտ Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի-Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մինասյան Էդիկ Գարեգինի-Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մկրտիչյան Արթուր Երվանդի-Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներկարարյան Խաչատուր Վլադիմիրի-Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոսյան Գեղամ Հարությունի-Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սահակյան Արթուր Արտուշի-Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգսյան Հայկ Լևոնի-Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սաղյան Աշոտ Սերոբի-Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,  քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարությունյան Նազիկ Կարապետի-Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շուքուրյան Սամվել Կիմի-Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
14:04 - 11 դեկտեմբերի, 2020
Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել հանրային ճնշումը. Նաիրա Զոհրաբյան |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը չունի որևէ տարբերակ մնալու ՀՀ վարչապետի պաշտոնում, նա ասում էր՝ իմ հեռանալու հանրային պահանջ չկա, հիմա բացի մեր հարյուր հազարավոր հայրենակիցներից նրան հրաժարականի հորդորով դիմել են հոգևոր հայրերը, նրա հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 200 և ավելի համայնքներ և խոշոր քաղաքներ, որոնց թիվն ամեն օր ավելանալու է, միցել է ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, բազմաթիվ մտավորականներ: Այս մասին դեպի ԱԺ գնալու երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հիմա ես ուզում եմ հարց հղել վարչապետի աթոռը բռնազավթածին՝ ո՞րն է հանրային պահանջը: Այսօր լկտիաբար նրա խբակցության պատգամավորներից մեկն ասել է՝  կաթողիկոսները ժողովուրդ չեն, բա ո՞րն է ժողովուրդը, էն որ երեկ բերել էիք հրապարակ, որը Ջեբրայիլն ու Քարվաճառն իրարից չէր տարբերում, հա՞»,- ասաց Զոհրաբյանը: Դիտարկմանը, թե կաթողիկոսների պահանջն աննախադեպ է, Զոհրաբյանն ասաց. «Այո, աննախադեպ է, որ կաթողիկոսները հանդես են եկել նման պահանջով, բայց դա ստիպում է երկրի շահը, այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը, և դա մտահոգություն է  երկրի համար: Աննախադեպ է  նաև Նիկոլ Փաշինյանի ցինիզմը, աննախադեպ է ամեն գնով աթոռին կառչելու Փաշինյանի՝ ինձ համար անհասկանալի հոգեվիճակը: Ես իր ողբերգությունը հասկանում եմ: Ես հասկանում եմ, որ ինքը վստահաբար ամեն շանս և հնարավորություն ուներ պատմության մեջ մնալու իբրև իսկապես ժողովրդական առաջնորդ, իսկ այսօր հեռանում է որպես դավաճան, ես հասկանում եմ, որ ծանր է դա արձանագրելը, բայց դա փաստ է, որից Փաշինյանը չի կարող խուսանավել, դա այլևս պատմական փաստ է և ինչքան ինքը համառի, այնքան ժաանակը աշխատելու է իր և իր կողքը մնացած փոքր թիմի դեմ»: Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ իրեն իշխանության են բերել հարյուր հազարավոր քաղաքացիներ, իսկ այսօր տասնյակ հազարներն են հրաժարական ուզում, ուստի հանրային պահանջ չկա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ որպես Նիկոլ Փաշինյանին ճանաչող մարդ, եթե այսօր այստեղ նույնիսկ 3 մլն մարդ լինի, Նիկոլ Փաշինյանն իր կամքով հրաժարական չի տալու, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք հանրային ճնշումը, ամեն օր լինելու է հանրային ճնշում, ամեն օր Նիկոլ Փաշինյանը պետք է տեսնի ու հասկանա, որ ՀՀ-ում օտար է և չունի իշխնություն»: Շարունակությունը՝ tert.am-ում
17:35 - 09 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը հապճեպ կարգով ԱԺ ուղարկելու Կառավարության որոշման կապակցությամբ։ Նախ՝ օրենքի նախագծի որոշ դրույթներ ռոտացիոն համակարգի կազմակերպման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանության տեղիք են տալիս, մասնավորապես` օրենքի նախագծի 34-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.  «(...) պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է (...) կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բակալավրի դեպքում զրկվում է չորս կիսամյակ (մագիստրատուրայի դեպքում՝ երկու կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20 տոկոսով պակաս ունենալու դեպքում (...)»։ Ըստ էության` ռոտացիոն համակարգը վերափոխվում է. ուսանողը, անվճար հիմունքներով ընդունվելով համալսարան, պահում է պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը` բացառությամբ այն դեպքի, երբ չորս կիսամյակ անընդմեջ տվյալ ուսանողի ՄՈԳ-ը 16-ից ցածր է լինում (20 բալանոց գնահատման համակարգի դեպքում), ինչը խնդրահարույց է երկու տեսանկյունից: Մի դեպքում ուսանողի ՄՈԳ-ը կարող է երեք կիսամյակ լինել 8, չորրորդ կիսամյակում` 17, սակայն վերջինս կշարունակի պահել անվճար համակարգում սովորելու իրավունքը, եթե ընդունվել է անվճար հիմունքներով` զրկելով ավելի բարձր ՄՈԳ ունեցող ուսանողին ռոտացիոն համակարգով անվճար սովորելու իրավունքից։ Մյուս դեպքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ ֆակուլտետներում սովորող ուսանողների ՄՈԳ-ը հաճախ չի գերազանցում 16-ը, ուստի նրանց՝ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը դրվում է ռիսկի տակ:  Կարծում ենք` նման կարգավորումը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին և չի արտացոլում ուսանողների շահերը: Բացի դրանից` վերոնշյալ նախագծով էապես սահմանափակվում է բուհի գլխավոր շահառուի՝ ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։ Նախատեսվում է, որ 12 անդամից բաղկացած Հոգաբարձուների (Կառավարման) խորհրդում  ուսանողները ունենալու են ընդամենը 1 ներկայացուցիչ (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող), ինչը ուսանողների ներգրավվածությունը դարձնելու է ձևական և ոչ արդյունավետ։  Ավելին, եթե գործող օրենքով հստակ ամրագրված է, որ ուսանողները բուհի կոլեգիալ կառավարման օղակներում ներգրավված են 25% համամասնությամբ, ապա նոր նախագծով հստակ չէ, թե ուսանողները ինչ համամասնությամբ են ներկայացված լինելու բուհի և ֆակուլտետների ակադեմիական (գիտական) խորհուրդներում։ Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից, մինչդեռ բուհից ներկայացուցիչները կազմելու են խորհրդի կազմի ընդամենը 42%֊ը։ Ավելին, նախագծում վերջին պահին տեղ է գտել դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։ ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 22-ին տարածած հայտարարության մեջ նշել է, որ առանց բարձրագույն կրթության և գիտության զարգացման հայեցակարգի` ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծը չի կարող ողջամիտ լինել։ Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ աշխատանք։    
13:36 - 06 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

Երևանի պետական համալսարանի դեկաններ ու ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեկանները հայտարարություն են տարածել, որը հրապարակել է «ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք. ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից, բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար: Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար»: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ անձինք. Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյան – Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյան – ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ
15:55 - 04 դեկտեմբերի, 2020
Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն

Անընդունելի է քննությունների ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն»-ը դիմորդի ընտրությանը թողնելը. հայտարարություն

ՀՀ Կառավարության` 2020 թ. նոյեմբերի 26-ի նիստում հաստատվեց 2020-2021 ուստարվա բուհական ընդունելության առարկայական ցանկը. բուհերի գերակշիռ մասը ընդունելության քննությունների ցանկում այլընտրանքային, այսինքն` ոչ պարտադիր է սահմանել հայոց լեզվի քննությունը: Այս մասին հյտրարություն է տարածել ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ընդ որում, մայրենին այլընտրանքային է հաստատվել` որեւէ օտար լեզվի հետ զուգակցվելով: Ավելին, այն ոչ մրցութային է համարվել ԵՊՀ լեզվաբանական` ռուս բանասիրության, եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետներում: Մինչդեռ տակավին գործող ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածը` «Կրթության լեզուն», հստակ սահմանում է. «Հայաստանի Հանրապետության բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխնիկական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պարտադիր են»: Կորոնավիրուսի համավարակի եւ բուհերի ինքնավարության կեղծ հիմնավորումներով շրջանցվել է օրենքի պահանջը, եւ հայոց լեզուն` որպես ազգային կրթական կարեւորագույն բաղադրիչ, կրկին ստորադասվել է այլ արժեքների: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնը անընդունելի է համարում 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների առարկայական ցանկում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկան բուհերի կամ դիմորդի ընտրությանը թողնելը. հայոց լեզուն դեռեւս ՀՀ պետական, կրթական, պաշտոնական լեզուն է եւ պետք է գտնվի պետական անվերապահ հոգածության ներքո, ոչ թե օրենքի շրջանցմամբ հարմարեցվի առանձին անհատների ուղղորդվող նախասիրություններին: Առարկայի հանդեպ այս վերապահ վերաբերմունքը մենք դիտարկում ենք որպես  տրամաբանական շարունակություն Կառավարության ձախավեր նախագծի, որով նախատեսվում է «Հայոց լեզու» առարկան բուհերում դարձնել կամընտրական։ Հայոց լեզվի ամբիոնը իր դատապարտող մտահոգությունն է հայտնում մեր ազգային լեզվի իրավունքները ոտնահարելու, մեր մայրենին արժեզրկելու չնահանջող այս միտումների հանդեպ: Ցավալի է արձանագրել, որ մայրենիի հանդեպ կանխակալ եւ մերժողական վերաբերմունքը փորձ է արվում արմատավորել նաեւ մայր բուհում, որը շուրջ մեկ դար եղել է եւ կա որպես հայերենագիտության զարգացման  անխարխար կենտրոն ու կայուն երաշխավոր»:  
14:17 - 04 դեկտեմբերի, 2020
Ռեկտորներին ընտրելու է նախարարը․ օրենքի նախագիծը տարաձայնությունների պատճառ է դարձել |hetq.am|

Ռեկտորներին ընտրելու է նախարարը․ օրենքի նախագիծը տարաձայնությունների պատճառ է դարձել |hetq.am|

hetq.am: Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր որոշում, որով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և հարակից օրենքներում։ Մասնավորապես, բուհերի ռեկտորները, գիտական կազմակերպությունների տնօրենները նախատեսվող օրենքների փոփոխությամբ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով։ Այս առիթով ԵՊՀ ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանի մամուլի ասուլիս էին հրավիրել։ Նրանք իրենց մտահոգություները հայտնեցին օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ «Այս մեծ փաթեթները և՛ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից, և՛ Երևանի պետական համալսարանի կողմից կարելի է ասել զրո ուշադրության են առաջացել։ Որևիցէ փոփոխություն տեղի չի ունեցել, երկար ժամանակ ձգձգված մնացել է՝ առաջացնելով հանարային արդարացի ընդվուզմներ, և այսօր հապճեպ կարգով չզեկուցվող հարցերի փաթեթով ներկայացվում է Ազգային ժողովի հաստատմանը։ Իրավիճակն ավելի վատանում է այդ նախագծի մեջ կատարված մի փոփոխության աարդյունքում, ըստ որի՝ ԿԳՄՍ նախարարը իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին մինչև կառավարման խորհրդի ձևավորումը 5 տարի ժակետով»,- հայտնեց Մենուա Սողոմոնյանը։  Ըստ նրա՝ սրանով հնարավորություն է տրվում տևական ժամանակ չունենալ հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ և միանգամից նշանակել բուհի ռեկտոր․ «Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում։ Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում և խախտում է»։ Վերջինիս խոսքով՝ այս օրենքի նախագիծը բուհերին կախման մեջ է դնում քաղաքական իշխանություններից, և նրանց փոփոխության պարագայում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում առաջանալու են փոփոխություններ։ Ըստ ԵՊՀ ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի՝ օրենքի նախագիծը որոշակի քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է։  «Հեղափոխությունից հետո մենք ողջամտորեն կարող էինք հույս ունենալ, որ կլինեն բարեփոխումներ և մենք կունենանք բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության ողջամիտ մակարդակ։ Գործող և ներկայացված օրենքի նախագծով բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու և ակադմեիական ազատություն ունենալու հնարավորությունից»,- ասաց ռեկտորի թեկնածուն։ Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը ուղղակիորեն հակասում է Սահմանադրությանը․ Շարունակությունը՝ hetq.am-ում
18:04 - 03 դեկտեմբերի, 2020
ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտական խորհուրդը հայտարարություն է ընդունել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը

ԵՊՀ գիտխորհուրդն ընդունել է հայտարարություն, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ «ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն՝ որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը»,-ասված է գրառման մեջ: Առցանց տեղի ունեցած նիստում այսօր գիտխորհրդի անդամները քննարկել են այսօրվա դրությունը և որոշել հանդես գալ հայտարարությամբ: Գիտխորհրդի օրակարգային հարցերի սպառումից հետո գիտական խորհուրդն անցավ երկրում ստեղծված իրավիճակի քննարկմանը: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը նշեց, որ երկիրն այսօր գտնվում է ծանր դրության մեջ: Նրա կարծիքով, հայ ժողովուրդն առաջին անգամ է հոգեկան նման ապրումների մեջ Ցեղասպանությունից հետո, և համալսարանն այն կառույցն է, որ պետք է իր խոսքն ասի և սթափության կոչ անի: «Բանակը մեղավոր չէ, մեղավոր է քաղաքական ուժը, որը երկու տարվա ընթացքում չպատրաստեց բանակը և չկանխեց պատերազմը: Քաղաքական իշխանությունը պետք է ներողություն խնդրի և հեռանա»,- ասաց Մարատ Գրիգորյանը: ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը նշեց, որ ինքն արդեն հանդես է եկել բաց նամակով, և ըստ էության՝ իր դիրքորոշումը պարզ է. «ԵՊՀ-ն ազգային կառույց է, որը մշտապես կանգնած է եղել արցախյան գոյամարտի ակունքներում: Երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵՊՀ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա, գնահատական տա գործող իշխանությունների, ինչպես նաև վարչապետի գործունեությանը: Բացի դրանից՝ ԵՊՀ-ն պետք է կոչով դիմի ժողովրդին։ Հայ ժողովրդին պարտության մատնած և կապիտուլյացիա ստորագրած վարչապետը պետք է հեռանա»: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի կարծիքով ևս համալսարանն անպայման պետք է հայտարարությամբ հանդես գա և կրավորական կեցվածք չընդունի. «Հայտարարության կառուցվածքը պիտի լինի իրավիճակի սթափ գնահատում, պատճառներ և առաջարկ: Վերջինս պետք է բխի իրավիճակի գնահատականից»: ԵՊՀ գիտխորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանի կարծիքով էլ հստակ է, որ կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած ղեկավարը պետք է հեռանա. «Դիվանագիտական դիլետանտիզմի և արկածախնդրության հետևանքներն ենք մենք հիմա քաղում»: ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանն իր խոսքում նշեց, որ բոլորը համակարծիք են, որ իշխանությունը պետք է հեռանա, գոնե այն տեսանկյունից, որ պարտված ղեկավարը դժվար կարողանա հետագայում առաջնորդել. «Չնայած ես չեմ համարում, որ իշխանությունները հող են հանձնել, այդ հողը մեզնից խլել են: Խլել են պատերազմով, իսկ որ պատերազմում մենք պարտվել ենք, մեղավոր չեն միայն իշխանությունները, մեղավոր ենք բոլորս, մեղավոր ենք 30 տարվա մեր գործունեությամբ և անգործությամբ»: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այսօր տարբեր գիտնականների, մտավորականների և փորձագետների կողմից ձևավորվում են հարթակներ, որոնք ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծման տարբերակներ են առաջարկում. «Անխոս ԵՊՀ-ն ինքնին նման հարթակներից ամենաառաջնայինն է և ամենամեծ իրավունքը և պատասխանատվությունն ունի՝ արտահայտելու իր կարծիքը»: Նա հիշտակեց 90-ականներին մամուլում տեղ գտած հայտարարության մասին, որով ԵՊՀ-ն կոչով դիմել է ժողովրդին՝ բարձրաձայնելով ժամանակի խնդիրները. «Այսօրվա իշխանության սխալների մասին ես, ի տարբերություն շատերի, բարձրաձայնել եմ այն ժամանակ, երբ այն դեռևս ուժեղ էր: Կարծում եմ՝ այս իշխանության սխալներից մեկը հայագիտական առարկաների շուրջ մշակված հարձակումն էր, որին մեր գիտխորհուրդը հավանություն տվեց»: ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը փաստեց, որ ճիշտ կլինի դիտարկել երևույթը, այլ ոչ անձանց. «Միևնույն ժամանակ երևույթի քննարկումն ավելի կամրապնդի համալսարանի դերը հասարակության մեջ: Իմ խորին համոզմամբ, Հայաստանի տնտեսության զարգացումը հիմնված է լինելու ռազմարդյունաբերության վրա: Հետևաբար պիտի հասկանանք մեր անելիքը, համապատասխան քայլերի ձեռնարկումը»: ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանն ասաց, որ հայտարարության մեջ պետք է շեշտվի, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է կայունություն: ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի կարծիքով նույնպես ԵՊՀ գիտխորհուրդը չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակի շուրջ, բայց և պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել՝ չբևեռվելով մի անձի, մի իշխանության, մի մտածելակերպի վրա. «Մեր հիմնական կորուստը, իմ համոզմամբ, մեր զոհերն են: Աշխարհում ամեն ինչ ունի իր գինը: Այս գինը, որ մենք վճարեցինք, արժե՞ր, դեռ ինչքա՞ն կարող էինք վճարել, մինչև վերջին հա՞յը»: Նրա համոզմամբ, պետք է պատասխան պահանջել բոլոր իշխանություններից, թե ինչ է արվել պատերազմը կանխելու համար. «Իմ կարծիքով, այս ամենը հետևանք է 1994 թ. Բիշքեկյան համաձայնագրի հաջորդ օրվանից սկսած: Արցախյան պատերազմը հարկադրված էր, որը մենք հաղթեցինք: Հաղթանականից հետո, իմ կարծիքով, մենք ամեն ինչ արել ենք, որ պատերազմը նորից սկսի: Ի դեպ, մենք՝ համալսարանն ընդհանուր առմամբ, ևս ոչինչ չարեց, որ պատերազմ չլինի»: Վահրամ Դումանյանի փաստմամբ, այսօրվա գերխնդիրը պետք է լինի հասարակության համախմբումը: Նրա կարծիքով, ցանկացած հեղափոխական իշխանություն դատապարտված է. «Այժմ պետք չէ անձնավորել, հասարակությանը բաժանել հայրենասերների և դավաճանների»: ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ այսօր երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որովհետև ԱԺ-ում աշխատանքներ են իրականցվում առանց ընդդիմության. «Ճգնաժամն ընթանում է նաև հասարակության մեջ: Առճակատման, հնարավոր բախումների մթնոլորտում համալսարանի հայտարարությունը պետք է ուրվագծի որոշակի ճանապարհային քարտեզ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը փաստեց, որ մենք տասնամյակներ շարունակ հպարտացել ենք 90-ականների սկզբի հաղթանակով և շատ թեթև ենք վերաբերվել շատ քաղաքական գործիչների, ավելի կոնկրետ առաջին նախագահի զգուշացմանը, շատ թեթև ենք վերաբերվել Ադրբեջանի հոխորտանքներին, անտարբեր ենք եղել Թուրքիայի առաջ քաշած «մի ժողովուրդ, երկու պետություն» արտահայտությանը, անլուրջ ենք վերաբերվել փաստին, որ որևէ պետություն, այդ թվում՝ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը: «Այս պատերազմն անսպասելի էր գուցե օրվա իմաստով, բայց որ այս պատերազմը պիտի լիներ, կամ զիջումները պետք է լինեին առանց պատերազմի, կամաց-կամաց ակնհայտ էր դառնում: Երբ շատ երկար ես վայելում հաղթանակի պտուղները, և չես պատրաստվում հաջորդ պատերազմին, ընդ որում՝ պատրաստվելն աշխատանքով, նյութական, ի վերջո պարտվում ես»,- ասաց Գեղամ Գևորգյանը: Նրա կարծիքով, անցյալ և ներկա իշխանությունները շատ թեթևամտորեն են վերաբերվել կրթության հարցերին, բոլորն արհամարհանքով են վերաբերվել գիտությանը: Նրա հավաստմամբ, ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը պատերազմին ձգտել չի նշանակում միայն, բոլոր առաջավոր տեխնոլոգիաներն առաջացել են այդ համալիրում: Այնտեղ են ծնվում նոր գաղափարները. «Պետք է ստեղծվեին ենթակառուցվածքներ, նյութական արտադրություն, անհրաժեշտ էին արդյունաբերական հզորություններ»: ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի համոզմամբ, եթե պիտի գա նոր իշխանություն և շարունակի նույն գործունեությունը, ապա ոչինչ չի փոխվի. «Եթե գալու է նոր իշխանություն, որը մտածելու է իր իշխանությունը պահելու մասին կամ զարգացման խնդիրներ չի դնելու, էլի նույն փոսի մեջ ենք լինելու»: Ներկայիս իշանությունը, Գեղամ Գևորգյանի կարծիքով, ունի մեղքի իր բաժինը. «Ես չէի ասի՝ միայն նրանք են մեղավոր, բայց նրանց օրոք է գրանցվել այս վիճակը: Ելքը մեկն է. կառավարության հրաժարական: ԱԺ-ն կձևավորի նոր կառավարություն: Ճիշտ կլինի առաջիկա կես տարում իրականացնել արտահերթ ընտրություն, ոչ այս պահին»: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանն էլ դիտարկում արեց՝ նշելով, որ երկրի հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակ, երբ եղել է տեխնոկրատ կառավարություն. «Կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է ինչ-որ կերպ նշվի մեր հայտարարության մեջ»: Քննարկումների ավարտին որոշվեց կազմել հանձնաժողով, որը կներկայացնի հայտարարության տեքստի նախագիծ: Հանձնաժողովում ընդգրված են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ աստվածաբության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
17:17 - 20 նոյեմբերի, 2020