Գոռ Աբրահամյան

ՀՀ գործող գլխավոր դատախազի խորհրդական։

Ծնվել է 1979թ․ հուլիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում։ 1996-2002թթ․ սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալվարի, այնուհետև՝ մագիստրեսի կոչում։ 2003թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան։ Նույն թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան լրագրություն մասնագիտությամբ։

2002-2003թթ․աշխատել է «Ազգ» օրաթերթում որպես լրագրող, քաղաքական մեկնաբան։ 2003 թ-ից դասավանդում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 2003-2006 թթ․ թղթակցել է «Փակագիծ» թերթին։ 2003-2017 թթ․ եղել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ Զբաղվել է քաղծառայողների պատրաստմամբ մի շարք հասարակակն և մասնավոր կազմակերպություններում։ 2017թ․ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական։

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

Նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների գործով որպես մեղադրյալ ներգրավված շարքային զինծառայողը կալանավորվել է. Գոռ Աբրահամյան

Հավելումն նախօրեին ՀՀ դատախազության կողմից հրապարակված հաղորդագրության՝ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, տեղեկացնեմ, որ 2021թ. նոյեմբերի 16-ին ՀՀ ԶՈՒ մարտական դիրքի կորստի և զինծառայողների գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև մեկ շարքային զինծառայող, ով դեպքի պահին նշանակված է եղել իրականացնելու հենակետի դիտորդի պարտականությունները, ում անգործության, պարտականությունները (այդ թվում նաև զենք գործադրելով պաշտպանել մարտական դիրքը) չկատարելու արդյունքում թշնամական ուժերն անարգել մոտեցել և մտել են ՀՀ ԶՈւ մարտական հենակետ և որը եղել է դիրքից խափուստ կատարած զինծառայողների թվում:   Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն էր ներկայացվել նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, որը երեկ ուշ երեկոյան ևս բավարարվել է: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
18:43 - 26 նոյեմբերի, 2021
Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը

Դատախազությունը կբողոքարկի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և նրա որդու վերաբերյալ գործով կայացված դատական ակտը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ իրադրության փոփոխման հիմքով: ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է հիշյալ դատական ակտը: Հաշվի առնելով, որ այդ հիմքով և այդպիսի որոշման կայացումն անհիմն է, դրա դեմ կներկայացվի բողոք ՀՀ վերաքննիչ դատարան: Ընդ որում, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին:  Վերաքննիչ բողոքը ներկայումս նախապատրաստման փուլում է»,- գրել է Աբրահամյանը: ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ: Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ Հրանտ Դավթյանը, 2018թ. հունիսի 20-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը հանդիսանալով ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր և կրելով գույքի և շահերի հայտարարագրման պարտականություն՝ 2018թ. հոկտեմբերի 1-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաև 2019թ. հունիսի 11-ին պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ գույքերի մասին տվյալները: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նրա որդին՝ Արսեն Դավթյանը ևս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ և ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում իր գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել և այդ կերպ թաքցրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող մի քանի անշարժ և շարժական գույքերի, դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տվյալները: Նշված հանցավոր արարքները կատարելու համար նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց վերաբերյալ անջատված մասով, գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2021թ ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
11:25 - 24 նոյեմբերի, 2021
Չկա և չի քննվում որևէ քրգործ՝ դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով. Գոռ Աբրահամյան

Չկա և չի քննվում որևէ քրգործ՝ դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով. Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երեկ սոցցանցում որոշ օգտատերերի դիտարկումների է հանդիպել այն մասին, որ քրեական գործեր են հարուցվում չկրակելու վերաբերյալ տված հրամաններին չենթարկված զինծառայողների նկատմամբ:   «Իհարկե, այդ գրառումները որևէ փաստի հղում չէին պարունակում, և բացառելի չէ, որ զուտ էմոցիոնալ հայտարարությունների շարքից էին:   Այդուհանդերձ, հնարավոր անտեղի շահարկումները բացառելու համար ուզում եմ նշել, որ ՀՀ քննչական մարմիններում չկա և չի քննվում որևէ քրեական գործ՝ կապված ՀՀ պետական սահմանների պաշտպանության պարտականություններ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, ստորաբաժանումներին պետական սահմանների անձեռնմխելիությունը խախտող, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժող, ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերին մոտեցող թշնամական ուժերին դիմադրություն ցույց չտալու, սահմանների և դիրքերի վրա հարձակումը չկանխելու հրաման տրված լինելու, նման պայմաններում հակառակորդի ուղղությամբ կրակ չարձակելու հրամանին չենթարկվելով կրակ վարելու փաստերով:   Ավելին, նման բան չի կարող լինել:   Ճիշտ հակառակը՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, զինվորական կանոնագրքերով սահմանված կարգով պետական սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը, այդ համատեքստում ըստ անհրաժեշտության նաև ագրեսիա իրականացնող թշնամական ուժերի ուղղությամբ կրակ արձակելը ՀՀ բանակի, յուրաքանչյուր տեղամասի կտրվածքով սահմանի տվյալ տեղամասերի պաշտպանության համար պատասխանատվություն կրող ստորաբաժանման պարտականությունն է:   Եվ դրա չկատարման արդյունքում, որպես հետևանք՝ պետության տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն թույլ տալը, պետական իշխանության կամ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն է և հանգեցնում է քրեական պատասխանատվության»,- գրել է Գոռ Աբրահամյանը:   
15:32 - 18 նոյեմբերի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ պետական սահմանը Սիսիանի ուղղությամբ հատելու, 1-ից մինչև 2 կմ առաջանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․Գոռ Աբրահամյան

Ադրբեջանցի զինծառայողների ՀՀ պետական սահմանը Սիսիանի ուղղությամբ հատելու, 1-ից մինչև 2 կմ առաջանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․Գոռ Աբրահամյան

Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։    «2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:   Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:   Դրանց կապակցությամբ ևս կտրվեն իրավական գնահատականներ»,- ասված է Գոռ Աբրահամյանի տարածած հաղորդագրության մեջ։ 
19:37 - 15 նոյեմբերի, 2021
Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

Քվեարկության օրը առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել․ դատախազություն

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2021թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Լերմոնտովո համայնքներում, Սյունիքի մարզի Կապան համայնքում, Լոռու մարզի Արզնի համայնքում կայացած տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում քվեարկության ամբողջ օրը ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ, ահազանգեր իրավապահ մարմինները չեն ստացել, իրականացվող մշտադիտարկման ընթացքում չեն արձանագրվել նաև քրեական վարույթի շրջանակներում քննության առնելու ենթակա ԶԼՄ հրապարակումներ:  Տավուշի մարզի Իջևան համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ ստացվել է ընդամենը մեկ ահազանգ՝ առերևույթ կրկնակի քվեարկություն կատարելու փորձի վերաբերյալ, որի կապակցությամբ դատախազության հանձնարարությամբ քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր: Բացի նշվածը, այլ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր, հաղորդումներ չեն ստացվել:  Մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում Կապան համայնքի ՏԻՄ ընտրությունների հետ կապված ստացված է եղել առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ ընդամենը երկու ահազանգ, որոնք ՀՀ գլխավոր դատախազության և Սյունիքի մարզի դատախազության նախաձեռնությամբ դարձվել են ստուգման առարկա: Սակայն ստուգողական գործողությունների արդյունքում դրանք չեն հաստատվել և թողնվել են անհետևանք: Մյուս համայնքների կտրվածքով մինչև քվեարկությունն ընկած ժամանակահատվածում հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ ևս որևէ ահազանգ չի արձանագրվել»։
10:14 - 15 նոյեմբերի, 2021
Համացանցում տարածված՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութը կուղարկվի ՀՔԾ

Համացանցում տարածված՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն» վերտառությամբ տեսանյութը կուղարկվի ՀՔԾ

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում Սոցիալական ցանցերում տարածած «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ տեսանյութը ֆիքսվել է և կուղարկվի ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Տեսանյութն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև՝ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով»,- գրել է Գոռ Աբրահամյանը:
15:05 - 14 հոկտեմբերի, 2021
Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռակողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև։ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը: Կողմերն ընդգծել են եռակողմ հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, Արցախի բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով: Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել են այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը: Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման շուրջ՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար: ՀՀ գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը»։
09:31 - 24 սեպտեմբերի, 2021
Քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

Քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղարդյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է»։
16:31 - 15 սեպտեմբերի, 2021
Դատարանը մերժեց կաշառքի գործով ձերբակալված տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

Դատարանը մերժեց կաշառքի գործով ձերբակալված տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Օրերս կաշառքի գործով ձերբակալված Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Դատավոր Աննա Մաթևոսյանը ոչ իրավաչափ ճանաչեց ձերբակալությունը և մերժեց տնօրենին կալանավորելու մասին Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ դատական ակտը ստացվել է, ուսումնասիրվել է և հիմա նախապատրաստվում է դրանց դեմ բողոք՝ Վերաքննիչ դատարան ներկայացնելու համար՝ ինչպես ձերբակալման, այնպես էլ խափանման միջոց կալանքի մասով: Ըստ իրավապահների՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում1500 դոլար կաշառք է պահանջել։ Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։ Սկանդալի կենտրոնում հայտնված Մարինա Մալախյանը պնդել էր, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել, իսկ կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչը հակառակը՝ հայտարարել էր, որ գումարը տվել է, որպեսզի աշխատանքի ընդունվի։
13:39 - 10 սեպտեմբերի, 2021
«Ֆիզգորոդոկում» քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրգործեր |1lurer.am|

«Ֆիզգորոդոկում» քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրգործեր |1lurer.am|

1lurer.am: «Ֆիզգորոդոկում»՝ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցում օրեր առաջ քաղաքացիական անձանց և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր. տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Մասնավորապես, նշված դեպքերից հետո քաղաքացիներից ստացվել են հաղորդումներ ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ անհամաչափ ուժ, բռնություններ կիրառելու վերաբերյալ: Կատարված իրադարձությունների վերաբերյալ գրություն է ստացվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից:  Դատախազությունից դրանք քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:  Նախապատրաստված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է երեք առանձին քրեական գործ, որոնցից երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
11:26 - 08 սեպտեմբերի, 2021
Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում |1lurer.am|

Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի պահանջով ձերբակալվել է ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկին: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. ընթացքում առերևույթ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալ օտարերկրյա մի քանի քաղաքացիներ են ներգրավվել: Այս դրվագով երկու անձի վերաբերյալ գործը, որոնցից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության քաղաքացի, անջատվել է: Այդ մասով գործն ուղարկվել է դատարան։ Ապօրինի սահմանահատումն իրականացնելու համար որպես մեղադրյալ ներգրավված օտարերկրյա մյուս անձանց, այդ թվում նաև՝ Միլե Միլենկովսկիի մասով նախաքննությունը շարունակվել է, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձերբակալված Միլենկովսկիին Հայաստանին հանձնելու համար Սերբիայի պատկան մարմիններին դիմելու նպատակով Դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում:
13:32 - 04 սեպտեմբերի, 2021
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով՝ նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան. տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Արմեն Չարչյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:    
18:39 - 06 հուլիսի, 2021
Որոշ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ որոշ ընտրատեղամասերում արդյուքների անհամապատասխանության մասին․ դատախազությունում դրանք կուսումնասիրվեն

Որոշ ԶԼՄ-ներում տեղ են գտել հրապարակումներ որոշ ընտրատեղամասերում արդյուքների անհամապատասխանության մասին․ դատախազությունում դրանք կուսումնասիրվեն

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապխատասխանությունների վերաբերյալ:   Ուզում եմ հայտնել, որ ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում:   Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց»:
18:37 - 23 հունիսի, 2021
Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների ստուգման նպատակով: Եվ դատախազության տեսադաշում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու: Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց»,- գրել է նա:
13:42 - 20 հունիսի, 2021