Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ. Նազելի Բաղդասարյանի ուղերձը՝ Գյումրու օրվա կապակցությամբ

Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ. Նազելի Բաղդասարյանի ուղերձը՝ Գյումրու օրվա կապակցությամբ

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ: «Սիրելի՛ գյումրեցիներ, Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, այսօր մեր բոլորի ընդհանուր տոնն է։ Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։ Մենք հպարտանում ենք մեր քաղաքի պատմությամբ, ավանդույթներով, ժամանակակից ձեռքբերումներով, հավատում ենք նրա ապագային։ Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր և ջերմ հյուրընկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ Համոզված եմ, որ, ինչպես միշտ, գյումրեցին իր պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու մեծ ներուժով կհաղթահարի բոլոր մարտահրավերները և քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և գեղեցիկ թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ հյուրերի համար։ Քաղաքի տոնի առթիվ իմ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն և աննկուն կամք: Շնորհավո՛ր տոնդ, հարազա՛տ Գյումրի»,- ասված է ուղերձում:
11:24 - 02 սեպտեմբերի, 2022
Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանի, վստահություն է հայտնել, որ նոր պայմաններն ավելի եռանդով աշխատելու կմղեն։ «Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրու՝ մեծ ավանդույթներ ունեցող համալիր մանկապատանեկան մարզադպրոցը չուներ մշտական տարածք. մարզվում էին, մեղմ ասած, անմխիթար մարզադահլիճներում։ Վստահ եմ՝ նոր պայմանները կդրդեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակամղված և խանդավառ, իսկ մոտ ապագայում մեկս մյուսին կշնորհավորենք նոր մասնաշենքում մարզված և արդեն կայացած մարզիկների մեծ հաղթանակների կապակցությամբ»,- ասել է նախարարը։ Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին և չնայած անբարենպաստ պայմաններին՝ աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել։ Նախկինում գիշերօթիկ դպրոց հանդիսացող այս շենքը ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցին։ Մարզադպրոցի՝ ուսումնամարզական գծով փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով՝ արդեն կահավորվել են մարզադահլիճը, բռնցքամարտի, ձյուդոյի դահլիճները։ «Ունենք նաև մարզասրահ, աշխատասենյակներ։ Դասասենյակների միավորման պարագայում կարելի է ստանալ մարզադահլիճներ, որտեղ մեր 700-ից ավելի սաներն ավելի արդյունավետ մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան»,- վստահեցրել է նա։ Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունն իր վերաֆինանսավորմամբ այս տարի ամբողջովին կնորոգի մարզադպրոցի տանիքը, իսկ հաջորդ տարվա գարնանն արդեն ձեռնամուխ կլինեն դասարանների վերափոխմանը մարզադահլիճների․ «Մենք մի քանի մարզաձևեր կունենանք այստեղ, իսկ մարզադպրոցը կհագեցնենք ամենաժամանակակից և բարձրակարգ գույքով։ Սա դեռ սկիզբն է։ Գյումրին մեծ ավանդույթների քաղաք է։ Երկրորդ համալիր մարզադպրոցն էլ այդ ավանդույթների մի մասի կրողն է։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որ այս դպրոցն այսուհետ կարողանա աշխատել առանց խնդրի ու հետագայում էլ տա այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք»։
11:59 - 25 հունիսի, 2022
Հաստիքային միավոր սահմանված չէ. Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ Գյումրու ՔԿԱԳ-ի աշխատակիցներին 6 ամիս աշխատավարձ չփոխանցելու վերաբերյալ

Հաստիքային միավոր սահմանված չէ. Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ Գյումրու ՔԿԱԳ-ի աշխատակիցներին 6 ամիս աշխատավարձ չփոխանցելու վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմի՝ շուրջ 6 ամիս աշխատավարձ չստանալու փաստը։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է. «Ի պատասխան՝ Գյումրու ՔԿԱԳ-ի վերաբերյալ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության՝ հայտնում ենք հետևյալը․ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշմամբ հաստատվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնող սպասարկման կենտրոնների ցանկը, նստավայրերը և հաստիքային միավորները /77 հաստիքային միավոր, որից 11 մասնագետը՝ բարձր լեռնային վայրերում/: Նշված որոշմամբ Գյումրի քաղաքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնողների համար հաստիքային միավոր սահմանված չէ։ Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2022 թվականի 2022 թվականի փետրվարի 10-ի N 151-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2022 թվականի ծախսերի կատարման նորմատիվները։ Վերոնշյալ որոշումներով սահմանված նորմատիվներին և հաստիքային միավորների թվաքանակին համապատասխան քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար Արդարադատության նախարարության կողմից փոխանցվում են գումարները տեղական ինքնակառավարման մարմիններին։ Վերը նշված որոշմամբ, Գյումրու հանրային ծառայությունների միասնական գրասենյակի աշխատակիցներին վարձատրություն ապահովելու համար փոխանցում չի իրականացվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հունիսի 1-ից Գյումրու հանրային ծառայության միասնական գրասենյակի թվով 4 աշխատակիցներ ներգրավվել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունում որպես փորձագետներ և վերջիններիս վարձատրությունը իրականացվում է օրենքով սահմանված կարգով»: Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
11:07 - 23 հունիսի, 2022
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թվականի մայիսի 8-ին ժամը 12:30-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևան քաղաքից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի մեղադրանք է առաջադրվել: Մեղադրյալներից հինգը կալանավորվել են: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:45 - 30 մայիսի, 2022
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնության քրգործն ամբողջությամբ  բացահայտվել է. կա ևս երկու ձերբակալված

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնության քրգործն ամբողջությամբ բացահայտվել է. կա ևս երկու ձերբակալված

 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքն ամբողջությամբ բացահայտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից; Պարզվել է վերոնշյալ տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս երկուսի ինքնությունը. նրանցից մեկը Երևան քաղաքի՝ 1999թ. ծնված բնակիչ Վելիխան Խլղաթյանն է, մյուսը՝ Կոտայքի մարզի՝ 1999թ. ծնված բնակիչ Գևորգ Մուրադյանը: Վերջիններս ձերբակալվել են: «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հիշյալ քրեական գործով, այս պահի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվում 7 անձանց նկատմամբ: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:44 - 13 մայիսի, 2022
Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված․ ՔԿ

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կա ևս մեկ ձերբակալված․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից ևս մեկի ինքնությունը, ով 2004թ. ծնված Հ․ Ս․-ն է: Վերջինս ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Նախաքննության ընթացքում երկու անձ ձերբակալվել էր,  մեկը ներգրավվել որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում էր կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:50 - 11 մայիսի, 2022
Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ. մեր պայքարը խաղաղ է. Իշխան Սաղաթելյան
 |news.am|

Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ. մեր պայքարը խաղաղ է. Իշխան Սաղաթելյան |news.am|

news.am: Ակնհայտ է՝ իշխանությունները ուղարկում են սադրիչների, հետո էլ սկսում են ձերբակալությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, «Դիմադրության» շարժման երթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններին: «Ցավն այն է, որ իրենք, օգտվելով մարդկանց սոցիալական իրավիճակից, ուղարկում են մարդկանց ու ստեղծում են տպավորություն՝ երիտասարդները տարեցների են նեղացնում, բայց այդ տարեց մարդիկ հարվածել են մեքենաների, այս մարդկանց գրպաններում եղել է ձվեր, մարդկանց են հայհոյել և այլն: Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնության երևույթ.մեր պայքարը խաղաղ է, մեր պայքարը վճռական է, մեր պայքարը այլ չէ: Այս ամենը իշխանության ձեռագիրն է.իր լրատվամիջոցներով նկարում է՝ փորձելով վարկաբեկել շարժման մասնակիցնեին»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը:
14:20 - 10 մայիսի, 2022
Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են Գյումրի-Երևան մայրուղին եւ թույլ չեն տալիս «Դիմադրություն» շարժման մուտքը։ Քաղաքացիներից մեկը, որ ներկայացավ որպես գերու ծնող, ընդդիմության առաջնորդներից Գեղամ Մանուկյանի հետ է զրուցում ու հարցադրումներ հնչեցնում՝ «որ գաք իշխանության, ի՞նչ եք անելու»։ Մանուկյանն ի պատասխան հնչեցրեց՝ նախ հեռացնելու են գործող նախարարներին։ Իրավիճակը տեւական ժամանակ էր՝ չէր հանդարտվում։ Ոստիկանությունը փորձում էր բացել ճանապարհը, սակայն ընդդիմադիր ակտիվիստների ու ճանապարհը փակած քաղաքացիների միջեւ քաշքշուկ էր լինում։ Ի վերջո ոստիկանությունը կարողացավ բացել ճանապարհի երթեւեկելի հատվածը։ Հիշեցնենք, շարման ակտիվիստները Գյումրի են ուղեւորվում, նրանք ժամը 13:00—ին հանրահավաքի մասին են հայտարարել։
13:08 - 08 մայիսի, 2022