Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armeniasputnik.am|

Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները Փաշինյանի հետ հանդիպում են պահանջում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Քարվաճառից և Քաշաթաղից տեղահանված արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության դիմաց` պահանջելով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀՀ կառավարությունից նրանց հայտնել են, որ հանդիպում տեղի չի ունենա, իսկ արցախցիներն ի պատասխան զգուշացնում են` իրենց խնդիրը չլուծվելու դեպքում նստացույց կանեն։ Նրանք ֆինանսական խնդիրներ ունեն, որոնք հիմնականում պայմանավորված են հայաստանյան բանկերի հետ. շատ բանկեր տարբեր պատճառաբանություններով մերժում են նրանց` հրաժարվելով գործարք կատարել, որոշ դեպքերում էլ ներկայացնելով կոնկրետ պայմաններ ու սահմանափակումներ։ Ակցիայի մասնակից Նաիրա Բեգոյանը նշեց, որ իր ընտանիքը ոչ մի կերպ չի կարողանում բնակարան ձեռք բերել։ «Ունեմ պետության կողմից տրված բնակարանի գնամ սերտիֆիկատ` ընտանիքի յուրաքանչյուր անձի համար 10 մլն դրամ արժողությամբ։ Սերտիֆիկատի ժամկետը լրանում է 3 ամսից, բայց բանկերը կա՛մ հրաժարվում են ֆինանսավորել մեզ, կա՛մ գտած բնակարանը ոչ պատշաճ գնով են գնահատում։ Արդյունքում բնակարանի գինն ավելի թանկ է ստացվում, քան բանկի առաջարկած գումարը»,– ասաց նա։ Այս նույն կարգավիճակում է շուրջ 1700 արցախցի ընտանիք, որոնք 2020 թվականից մինչ օրս չեն կարողանում բնակարան գնել ՀՀ–ում։
14:56 - 05 մարտի, 2024
ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը |factor.am|

ԵՄ-ն կարևորում է Արցախի հայերի վերադարձի համար պայմանների ստեղծումն ու իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը |factor.am|

factor.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է աշխարհի տարբեր կետերում մարդու իրավունքների իրավիճակին, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտմանը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու տևական խաղաղության հաստատմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: «ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Բրյուսելի կարգավորման գործընթացի միջոցով այդ նպատակին ուղղված ջանքերը դյուրացնելուն և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել գործընթացում»,- ասվում է ելույթում։ Բացի այդ, ԵՄ-ն ընդգծում է Արցախի հայերի՝ ԼՂ վերադարձի իրավունքը։ «ԵՄ-ն հավասարապես ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև փախստականների և տեղահանվածների՝ Լեռնային Ղարաբաղ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ տեղի բնակչության մշակութային ժառանգությունը և սեփականության իրավունքները պետք է արդյունավետորեն պաշտպանվեն և երաշխավորվեն: Բացի այդ, չափազանց կարևոր է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամանների լիարժեք կատարումը։
14:01 - 05 մարտի, 2024
Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով
 |armeniasputnik.am|

Ռուսաստանը ցավում է, որ Հայաստանը հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ-ն ցավում է, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել։ Այս մասին Անթալիայում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Մենք ցավում ենք, որ հայկական ղեկավարությունը փաստացի գիտակցված որոշում է կայացրել ու ՌԴ - ի հետ հարաբերությունները հետևողականորեն վատթարացնելու ուղի է ընտրել` Ռուսաստանին մեղադրելու այն ամենի մեջ, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ։ Իհարկե դա դաշնակցային չէ»,-հայտարարել Է Լավրովը: Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է կանգնեցրել պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ընդ որում` պատերազմը կարող էր ավելի վաղ կանգ առնել: «Բացի այդ, կան հերյուրանքներ, որոնք ես մեջբերել եմ հայ պաշտոնյաների ելույթներից, որ հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել 2020 թվականի սեպտեմբերին։ Սրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց Ռուսաստանն էր կանգնեցրել այդ պատերազմը և կարող էր կանգնեցնել այն շատ ավելի վաղ, երբ ադրբեջանցիները դեռ չէին գրավել Շուշին, բայց այն ժամանակ Նիկոլ Վովայի Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կոչին ի պատասխան ասաց ՝ ո՛չ, մենք կռվելու ենք մինչև վերջ։ Դե, խնդրում եմ: Թեև հնարավոր էր շատ ավելի վաղ կանգ առնել, և կային տարբերակներ, որոնք հնարավորություն կտային ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահելով Ղարաբաղի կազմում»,- ասել է Լավրովը։ 
17:28 - 02 մարտի, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է
 |armenpress.am|

ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրից օգտվելու պայմաններից կլինի ՀՀ քաղաքացիությունը․ փոխնախարարը մանրամասնում է |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ապահովման պետական ծրագրով աջակցությունն իրականացվելու է բնակելի տուն կառուցելու, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու եղանակներով, ինչպես նաև այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով այդ հնարավորությունները չեն ունենա, ապա նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում։  Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում մարտի 1-ին կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։   «Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք  կունենան Հայաստանի քաղաքացիություն։ Հետևաբար, մեր հայրենակիցները ժամանակ շահելու նպատակով պետք է  սկսեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, որից հետո, երբ կսկսվի բնակարանային աջակցությունը, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո 10 տարի այնտեղ ապրելու իրավունք կունենան, իսկ այնուհետև կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր»,-պարզաբանեց Խաչատրյանը՝ հավելելով, որ 10 տարվա ընթացքում՝ բացառությամբ անչափահասների, աշխատունակության տարիքում գտնվող անձինք աջակցության գումարը պետք է վերադարձնեն, որից հետո, ըստ ծրագրի պայմանի, նրանք ամբողջությամբ ձեռք կբերեն այդ սեփականության իրավունքը։Այս պայմանը չի վերաբերում անչափահասներին, իսկ կենսաթոշակառուների և այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ։ Փոխնախարարի խոսքով՝ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 3 միլիոն դրամ։ Անդրադառնալով փուլային տարբերակով իրականացվելիք ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկված խմբերի ընտրությանը՝ Խաչատրյանը շեշտել է, որ, հաշվի առնելով ծրագրի մասշտաբայնությունը, ինչպես նաև բնակարանային ֆոնդի առկա իրավիճակը Հայաստանում, պետք է կառուցապատումներ իրականացվեն, ինչը նշանակում է, որ ամիսների ընթացքում հնարավոր չէ լուծում տալ խնդրին, և գործընթացը կարող է հինգ տարի տևել։ Ուստի, առաջին հերթում ընդգրկվել են երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, իսկ երկրորդ փուլով աջակցությունը կտրամադրվի ըստ երեխաների թվի նվազման, ինչպես նաև ընտանիքի անդամների թվի մեծության։ Ըստ էության, աջակցությունից օգտվելու հնարավորություն կունենան ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր անձինք՝ անկախ նրանից, թե երբ են տեղահանվել՝ բացառությամբ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների, որոնց համար արդեն իրականացվում է բնակարանային ապահովման ծրագիր։ Փոխնախարարը հայտնեց նաև, որ քննարկման արդյունքում կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական և քաղաքային, որոնց դեպքում, հնարավոր է, պետությունն ավելի մեծ աջակցություն տրամադրի։   
18:00 - 01 մարտի, 2024
Մեր ինքնաթիռները, որ տալիս ենք թուրքերին, օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատորը՝ Թուրքիային F-16-ների վաճառքը արգելափակելու մասին |shantnews.am|

Մեր ինքնաթիռները, որ տալիս ենք թուրքերին, օգտագործվում են Հայաստանի դեմ. ԱՄՆ սենատորը՝ Թուրքիային F-16-ների վաճառքը արգելափակելու մասին |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դոկտոր Ռենդ Փոլը (R-KY) դատապարտել է թուրքական F-16-ների կիրառումը 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների ժամանակ՝ կոչ անելով Սենատի իր գործընկերներին ընդունել բանաձև: S.J.Res.60 բանաձևն արգելափակում է F-16-ների և ամերիկյան այլ սպառազինության համակարգերի վաճառքը Թուրքիային։ Սենատի ելույթում, Թուրքիային F-16-ի վաճառքը արգելափակելու բազմաթիվ պատճառների թվում, դոկտոր Փոլը բացատրել է. «Լեռնային Ղարաբաղ, թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռ։ Թուրքիան սերտորեն կանգնած է եղել իր ադրբեջանցի դաշնակցի կողքին՝ տարածաշրջանը ենթարկեցնելու իր ջանքերում՝ տրամադրելով մարտական անօդաչու թռչող սարքեր, ռազմական տեխնիկա, ուսուցում և, եթե հավատալու լինենք Հայաստանի կառավարությանը, ուղղակի մարտական աջակցություն։ Ուրեմն մեր ինքնաթիռները, որ տալիս ենք թուրքերին՝ F-16-ները, փաստացի օգտագործվում են Հայաստանի հետ մեկ այլ պատերազմի ժամանակ։ 2020-ի պատերազմը և 2023-ին Ադրբեջանի հետագա ռազմական գործողությունը հազարավոր մարդկանց կյանք խլեցին և հումանիտար աղետ ստեղծեցին՝ ստիպելով փախչել ավելի քան 100,000 մարդու՝ այդ շրջանի բնակչության ավելի քան երեք քառորդին»։ Ելույթը՝ այստեղ: Սենատոր Փոլի բանաձևը ստացել է երկկուսակցական աջակցություն սենատորներից, այդ թվում՝ Մայք Բրաուն (R-IN), Ջոն Ֆեթերման (D-PA), Մայք Լի (R-UT), Էդ Մարկի (D-MA), Ռոբերտ Մենենդեզ (D-NJ), Գարի Փիթերս (D-MI), Բեռնի Սանդերս (I-VT), Ռիկ Սքոթ (R-FL), Դեբի Ստաբենոու (D-MI), Էլիզաբեթ Ուորեն (D-MA), Փիթեր Ուելչ (D-VT), և Ռոն Ուայդենը (D-OR): Արտոնյալ միջոցը նպատակ ունի ապահովել Կոնգրեսի անհամաձայնությունը Թուրքիայի կառավարությանը F-16-ների և պաշտպանական այլ ապրանքների օտարերկրյա ռազմական վաճառքի վերաբերյալ: Բանաձևը, ի վերջո, չի անցել՝ 13 կողմ, 79 դեմ և 8 ձեռնպահ ձայներով:
09:36 - 01 մարտի, 2024
Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում

Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։ · ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։ Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։ · որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։ · դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։ · ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ · նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։ Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները․ · որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։ · դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը։ · աջակցությունից կօգտվեն նաև այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար։ · շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։ · նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։  
15:16 - 29 փետրվարի, 2024
Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ. ՀՀ նախագահ
 |aysor.am|

Արցախի հարցում բոլորս ենք մեղավոր, հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ. ՀՀ նախագահ |aysor.am|

aysor.am: Մենք իրատեսորեն չնայեցինք այն իրավիճակին, որում ապրում էինք 90-ական թվականների ավարտից հետո, Բաղդադի հայ համայնքի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնալով Արցախի թեմային՝ ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Մենք չկարողացանք իրականացնել այն պոտենցիալը, որն ունենինք, ինչի արդյունքում կունենայինք հնարավորություն ունենալու այն, ինչի մասին երազել ենք։ Մենք կորցրեցինք այդ հնարավորությունը։ Ես երբևիցե գնահատական չեմ տալիս, մենք բոլորս ենք մեղավոր, հատկապես ՀՀ-ում ապրող քաղաքացիներս և հատկապես Հայաստանում ապրող քաղաքական գործիչները, որի ներկայացուցիչներից մեկը ես եմ։ Մենք չկարողացանք իրատեսորեն գնահատել այն իրավիճակը, որում ապրում ենք, և այդ իրավիճակից ելնելով՝ փորձել մեր հարևանների հետ գտնել այնպիսի լուծում, որն արժանապատիվ պետք է լիներ և՛ Արցախի, և՛ Արցախում ապրող մեր հայրենակիցների համար։ Մենք միշտ գնահատականները տվել ենք մեր շահից ելնելով, այդպես ենք ցանկացել, դիմացի շահի հետ չենք ուզել առնչվել, բայց այդպես չի լինում, դա երկկողմանի ճանապարհի նման է»,-ասել է նախագահը։
12:58 - 29 փետրվարի, 2024
Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց անցած սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանգնեցնելու համար․ «Freedom House» |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: «Freedom House»-ի այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում» զեկույցն անդրադարձել է 2023 թվականին տեղ գտած զինված բախումներին՝ նաև բազմիցս կանգ առնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանման, աշխարհում ավտորիտարիզմի աճի, օրինակ՝ Անդրբեջանում և Ռուսաստանում իշխող ռեժիմների ապրապնդման վրա։ «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը անկում է ապրել՝ նահանջ գրանցելով 18-րդ տարին անընդմեջ։ Քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները թուլացել են 52 երկրներում։ Մինչդեռ բարելավումներ են նկատվել միայն 21-ում։ Թերի ընտրությունները և զինված հակամարտությունները նպաստել են աշխարհում ազատության անկմանը։ Ըստ հրապարակման, զինված հակամարտությունները և ավտորիտար ռեժիմների ներկայացրած սպառնալիքներն աշխարհը դարձրել են սակավ անվտանգ ու ժողովրդավար։ Օրինակ, ազատության ինդեքսի առումով կտրուկ անկում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում, և այն մասամբ ազատ խմբից տեղափոխվել է ոչ ազատ երկրների, տարածքների խումբ։ Պատճառը անցած տարվա սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումն էր, «Լեռնային Ղարաբաղի անջատողական կառավարության» (չակերտները՝ խմբ․) կապիտուլյացիան ու տեղի հայ բնակչության փաստացի արտաքսումը։ «Freedom House»-ի ներկայացմամբ Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ավարտի ֆոնին՝ արձանագրվել է, որ ռուսաստանյան օկուպացիոն ուժերը իրենց ենթակայության ներքո գտնվող ուկրաինական շրջաններում ճնշում են մարդկանց հիմնարար իրավունքները։ Բռնաճնշումները խորանում են նաև Ռուսաստանում։ Զեկույցն անդրադառնում է նաև Իսրայել-«Համաս» հակամարտությանը, 2021 թվականին Մյանմարում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հետևանքներին, Սուդանում մարտերից տուժած քաղաքացիների իրավիճակին և այլն։ Անդրադառնալով 2023 թվականին տեղ գտած ձեռքբերումներին և կորուստներին՝ «Freedom House»-ը կրկին հիշատակում է Լեռնային Ղարաբաղը։ Ըստ զեկույցի՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների ու ազատությունների անկմանը, և այդ իմաստով հենց Լեռնային Ղարաբաղն է ապրել տարվա ամենամեծ անկումը՝ կորցնելով 40 միավոր, քանի որ տեղի գրեթե ողջ բնակչությունը՝ մոտ 120 հազար հայ, ստիպված է եղել փախչել Ադրբեջանի զինուժի ճնշման հետևանքով։ Այդ տեղահանությունը բազմաթիվ օտարերկրյա դիտորդներ գնահատել են որպես էթնիկ զտում։ «Freedom House»-ը հիշեցնում է՝ Բաքվի ռազմական հարձակումը տեղի ունեցավ Լաչինի միջանցքի իննամսյա արգելափակումից հետո, որը Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն էր։ Հետևանքը եղավ այն, որ տեղի բնակիչների համար լուրջ խնդիր դարձավ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, բժշկական պարագաների և վառելիքի ձեռքբերումը։ Զեկույցը փոխանցում է, մոտ երեք տասնամյակ տեղի հայ բնակչությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև անլուծելի հակամարտության կենտրոնում էր։ 2020 թվականին Ռուսաստանի միջնորդած նոր զինադադարից հետո, որը կանգնեցրեց ադրբեջանական ռազմուժի առաջխաղացումը, իրավիճակը վերստին սկսեց փոխվել, երբ 2022 թվականին Ուկրաինա Կրեմլի լայնածավալ ներխուժման հետևանքով սահմանափակվեցին ռուս խաղաղապահների կարողությունները, իսկ ադրբեջանական ռազմուժը սկսեց դանդաղ սեղմել անկլավի շուրջ օղակը, և ի վերջո «ադրբեջանական ռեժիմի» ճանապարհին քիչ բան էր մնացել՝ հանգուցալուծելու տասնամյակներ տևած վեճը։ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինուժի հարձակումը համընկավ Ադրբեջանում ավտորիտար համակարգի ամրապնդման և բռնաճնշումների հետ։ Ըստ «Freedom House»-ի՝ դեռ 1990-ականներից Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է խտրական քաղաքականություն հայերի նկատմամբ, հայ քաղաքացիներին և նրանց ժառանգներին արգելված է կամ սահմանափակված է մուտքը երկիր։ Զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի գրավումը նպաստել է Ադրբեջանում 2003 թվականից նախագահող Իլհամ Ալիևի ժողովրդականության աճին, ինչը մտավախություն է առաջացրել, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարող է նոր, լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Հայաստանի Հանրապետություն, որի «սահմաններն արդեն խախտված են»։ Նշվում է՝ «նոր ներխուժման համար Բաքուն կարող է ոգեշնչվել հյուսիսից՝ Կրեմլի օրինակից, որը ապօրինաբար խլել է Ղրիմն ու այլ տարածքներ Ուկրաինայից»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ ռուսական ուժերի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում մի քանի միլիոն մարդու ազատությունները կտրուկ սահմանափակվել են․ «Ռուսական օկուպացիոն իշխանությունները 2023 թվականին շարունակել են, օրինակ, ղրիմցիներին զորակոչել ռուսական բանակ, պետականացնել մասնավոր սեփականությունը։ Այս առումով՝ իրավիճակը հատկապես ծանր է ազգությամբ ուկրաինացիների և Ղրիմի թաթարների համար, որոնց լեզուն, կրոնը և մշակույթը շարունակում են ենթարկվել ռուսական կողմի ճնշումներին, որի նպատակը տարածաշրջանի ռուսականացումն է»։ «Freedom House»-ը ընդգծում է՝ հատկապես եվրասիական տարածաշրջանում նկատելի է նաև «ժողովրդավար ուժերի պայքարը աճող ավտորիտարիզմի դեմ»։ Զեկույցի փոխանցմամբ Եվրասիայում ազատության ինդեքսը նկատելի անկում ապրեց 2023 թվականին, որը պայմանավորված է հիմնականում «ադրբեջանական ռեժիմի» կողմից Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության վտարմամբ, ինչպես նաև Ադբեջանում բռնաճշումների խորացմամբ, որն անցել է Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարվա ֆոնին։ Ազատության անկում է գրանցվել նաև Տաջիկստանում՝ պայմանավորված խոսքի ազատությունը ճնշելու կառավարության ջանքերով և երկրում էթնիկ պամիրցիների նկատմամբ ուժգնացած հալածանքներով։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:09 - 29 փետրվարի, 2024
Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը |1lurer.am|

Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը |1lurer.am|

1lurer.am: Հռոմի Պապն անդրադարձել է Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ բնակչությանը: Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ 2024 թվականի փետրվարի 28-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։ Հռոմի Պապը նրանց ուղղած իր խոսքում նշել է, որ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած այդ հանդիպան համար, ապա անդրադարձել Հայաստանին՝ մասնավորապես նշելով. «Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախել են Լեռնային Ղարաբաղից, ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»։ Խոսելով ընթացող պատերազմների, հակամարտությունների մասին՝ Նորին Սրբությունը դրանք «միշտ ողբերգական ու միշտ անհեթեթ» է անվանել և շարունակել. «Քանիցս աղաչեցի «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին …։ Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես դա կանեմ ձեր ու Հայաստանի համար»։
09:39 - 29 փետրվարի, 2024
Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

Անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը. դա կնպաստի արտագաղթին. Արցախի ԱԺ հայտարարությունը

ՀՀ կառավարության կողմից մշակվող Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների աջակցության ծրագրերի կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։ «Սույն թվականի փետրվարի 27-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ցեղասպանության և նրա սպառնալիքի տակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերին։ Մեր գնահատմամբ՝ փոխվարչապետի միջոցով արցախյան հանրությանը մատուցվող ՀՀ կառավարության կողմից նախատեսվող ծրագրերը համարժեք չեն տիրող իրավիճակին: Հարկ ենք համարում շեշտել, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում ժողովրդի ուղղակի քվեով ընտրված Ազգային ժողովի հետ։ Իսկ զանազան միջոցներով մեր կողմից ներկայացված առաջարկներն անտեսվել են։ Հատկապես անընդունելի է Արցախից տեղահանված ժողովրդի համար բնակարաններ ձեռք բերելու կապակցությամբ դեռևս քննարկվող ծրագիրը, որը, հարցի քաղաքական և սոցիալական համակողմանի քննարկման արդյունքում, ակնհայտորեն, չի բավարարելու բռնի տեղահանված մեր հայրենակիցների նվազագույն սպասելիքներն ու ակնկալիքները։ Նման որոշումների կայացումը հանգեցնելու է մեր հայրենակիցների հիասթափությանն ու դժգոհությանը, որի արդյունքում կխթանվի արտագաղթը և բողոքների ալիքը, կխաթարվի մեզ համար օրախնդիր՝ հավաքական վերադարձի ակնկալիքը։ Կոչ ենք անում զերծ մնալ չկշռադատված ոչ համարժեք քայլերից։ Միաժամանակ, վերահաստատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդրահարույց հարցերի շուրջ կառուցողական քննարկումներ իրականացնելու մեր պատրաստակամությունը՝ ողջախոհ, արժանապատվությունը չնսեմացնող որոշումների հանգելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
19:51 - 28 փետրվարի, 2024
2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան
 |1lurer.am|

2020-ից հետո ԼՂ-ից ՀՀ եկածների բնակարանային հարցը հնարավոր է որ լուծվի փուլային տարբերակով. Խաչատրյան |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից բռնի տեղահանվածները նախկին վարկերի մասով ունեն չկատարված պարտավորություններ, ինչը ֆորմալ տեսանկյունից այդ մարդկանց բանկային համակարգի համար դարձնում է ռիսկային, և նրանց վարկի տրամադրումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե 2020 թվականից ԼՂ-ից Հայաստան եկած մեր հայրենակիցները, որոնք բնակարան գնելու սերտիֆիկատներ են ստացել, ունեն դրանք իրացնելու խնդիր, քանի որ սև ցուցակներում են, իսկ բլոկադայի ընթացքում բազմաթիվ այլ քաղաքացիներ էլ են հայտնվել այդ ցուցակներում: Քննարկվե՞լ է նրանց խնդիրը: Ըստ Խաչատրյանի՝ բանկային համակարգի մասնակցությունը տվյալ գործընթացին դիտարկվում է որպես կամուրջ, և պետք է այնպես անել, որ բանկային համակարգն այդ հարաբերություններում ռիսկեր չունենա: «Մենք փորձում ենք այնպիսի լրացուցիչ կարգավորումներ նախատեսել, որ այդ խնդրի առջև կանգնած անձինք ծրագրից օգտվելու սահմանափակումներ չունենան»,- ասաց նա: Ըստ փոխվարչապետի՝ խնդիրը վերաբերում է նաև այն հարցին, թե արդյոք առկա՞ են բավականաչափ տարածքներ, որպեսզի աջակցության շրջանակն ամբողջությամբ և արագ իրականացվի: «Ցավոք սրտի, առկա չեն: Մեր նախնական դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակարանային շուկան՝ ներառյալ առանձնատները, այդ թվում՝ մարզերում, տարվա ընթացքում այն չափով չեն շրջանառվում առկա պատրաստ տների, բնակարանների շուկայում, որպեսզի հնարավոր լինել մեծաքանակ գնումներ իրականացնել միաժամանակ»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին մտածում են խնդրի փուլային լուծման մասին, և որ դա ունի երկու պատճառ: Առաջինն այն է, որ այդկերպ որոշակի ընտանիքների առաջնահերթորեն կտրվի խնդիրն ավելի արագ լուծելու հնարավորություն: «Առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները կօգտվեն նախատեսվող աջակցությունից: Երկրորդ պատճառն այն է, որ եթե մենք միաժամանակ այդչափ մեծ քանակով գնման իրավունքների վկայականներ տանք, դա անպայմանորեն կազդի անշարժ գույքի շուկայի գների վրա: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք, մեծ քանակով պահանջարկ ստեղծելով, կարճ ժամանակահատվածում ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ գներն անարդարացի ձևով բարձրանան»,- ասաց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե կոնկրետ ժամկետ կա՞, թե երբ կլուծվի նրանց խնդիրը, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ցանկալի է, որ խնդիրը լուծվի արագորեն, բայց դա կապված է նաև վերջիններիս՝ ՀՀ քաղաքացինություն ձեռք բերելու հանգամանքի հետ:
19:49 - 28 փետրվարի, 2024
Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

Արցախում կատարված առանձնապես ծանր հանցագործությունների` սպանությունների վերաբերյալ Հայաստանի Քննչական կոմիտեն քաղաքացիների եւ ոստիկանության ծառայողների կողմից ստացել է 5 պատշաճ հաղորդում։ Դրանց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին փորձել էինք հասկանալ, թե իրավական ինչ գործընթաց է սպասվում բռնի տեղահանման ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին, եւ արդյոք Հայաստանի իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Այս թեմայի հանրային հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այդ անձանց մեջ կան առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ մեղավոր ճանաչվածներ։ Ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը թեմայի վերաբերյալ «Ինֆոքոմի»՝ հոկտեմբերի 11-ի հարցումներին ի պատասխան խուսափել էին որեւէ տեղեկություն տրամադրել։ Մասնավորապես, Ոստիկանությունը հայտնել էր, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իր լիազորությունների շրջանակից, իսկ ԱԱԾ-ն նշել էր, որ պահանջվող տեղեկություններն ԱԱԾ-ում առկա չեն։ Մինչդեռ մեր հարցումներից օրեր անց՝ հոկտեմբերի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, Ազգային ժողովում հայտարարել էր, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել մոտ 11 կալանավոր, եւ իրենք բոլորի տվյալներն ունեն։ Ըստ նախարարի՝ այդ անձանց մի մասով զբաղվում է Ոստիկանությունը, մյուս մասով՝ Ազգային անվտանգության ծառայությունը։ Նախարարի այս հայտարարությունից հետո՝ մենք կրկին գրավոր հարցումներ ենք ուղարկել Ոստիկանությանը, ԱԱԾ-ին եւ Քննչական կոմիտեին՝ հետաքրքրվելով, թե Արցախից Հայաստան քանի կալանավոր եւ քանի դատապարտյալ է տեղափոխվել, կոնկրետ ինչ հանցանքների կատարման մեջ են մեղադրվում կամ դատապարտված նրանք, նրանցից քանիսն է հայտնաբերվել, քանիսը՝ դեռ ոչ եւ այլն։  Ոստիկանությունը պարզել է ԼՂ-ում ենթադրյալ հանցանք կատարած մի քանի անձանց ինքնությունները Հունվարի 10-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Ոստիկանությունը առաջարկել է հայցվող տեղեկությունը ստանալու համար դիմել ՀՀ ԱԱԾ-ին՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի։ Հիշյալ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները»: Հունվարի 15-ին մենք կրկին դիմել ենք Ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել հայցվող տեղեկությունների այն մասը, որին տնօրինում է։ Ավելի քան 2 շաբաթ անց՝ փետրվարի 1-ին, Ոստիկանությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում կատարված ծանր եւ առանձնապես ծանր մի քանի հանցագործությունների մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ստացել է համապատասխան տեղեկատվություն, որը օրենքով սահմանված կարգով տրամադրվել է ՀՀ քննչական կոմիտեին։  Ըստ Ոստիկանության՝ ձեռնարկված քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են այդ հանցագործությունները կատարած մի քանի անձանց ինքնությունները․  «Մասնավորապես, սպանություն կատարած մեկ անձ ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Սպանություն կատարելու մեղադրանքով եւս մեկ անձ, ըստ ոստիկանությունում առկա տեղեկությունների, գտնվում է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում»,- նշված է պատասխանում։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, վերջինս տվել է նույն պատասխանը, ինչը ուղարկել էր նախորդ տարեվերջին՝ պահանջվող տեղեկությունն ԱԱԾ-ում առկա չէ։ Լրացուցիչ հարցմամբ մեջբերելով նախարարի ելույթն ու Ոստիկանության՝ ԱԱԾ-ին դիմելու մասին առաջարկը՝ կրկին խնդրել ենք ԱԱԾ-ին տրամադրել թեմային առնչվող այն տեղեկությունները, որոնք առկա են։ ԱԱԾ-ն, սակայն, պնդել է, որ նախորդ գրություններով հարցմանն արդեն իսկ տվել է պատասխան․ «Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն»,- ասված է ԱԱԾ-ի՝ փետրվարի 21-ի գրության մեջ։ Այս խուսափողական պատասխանից ի վերջո անհայտ է մնում՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող եւ դատապարտված անձինք, որոնցով, ինչպես նախարարն էր նշել իր ելույթում, զբաղվում է ԱԱԾ-ն, Հայաստանում այժմ ազատության մեջ են թե ոչ։ Ըստ ՔԿ-ի՝ մեղադրյալների նկատմամբ ընտրվել են կալանք կամ տնային կալանք խափանման միջոցները Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ ոստիկանների եւ քաղաքացիների հաղորդումների հիման վրա նախաձեռնված վերոնշյալ 5 վարույթները վերաբերում են սպանությունների դեպքերի։  Ըստ ՔԿ-ի՝ այդ վարույթներից 1-ը մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան: Դրա շրջանակում 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը։ Մյուս 4 վարույթները գտնվում են նախաքննության փուլում։ Դրանցից 1-ով մեղադրյալի գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 1-ով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուս 2-ով քրեական հետապնդում դեռեւս չի իրականացվում: Հայաստան բռնի տեղահանված կալանավորների մասին տվյալներին ՔԿ-ն չի տիրապետում ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը, ըստ ամենայնի, ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների եւ այլնի մասին։ Այս հարցերին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել, նշել են՝ ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված կալանավորների մասին ՀՀ ՔԿ-ն տվյալների չի տիրապետում։ ՔԿ-ից տեղեկացրել են նաեւ, որ քրեական օրենքով նախատեսված արարքը ՀՀ տարածքից դուրս կատարելու դեպքում քրեական օրենքի գործողությունը կարգավորում է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով։ Հիշյալ հոդվածը սահմանում է, օրինակ, որ հանցանքը ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ-ում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձանց կողմից կատարվել է որեւէ պետության չպատկանող տարածքում, ապա այդ արարքը կատարած անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում: Նույն հոդվածի մեկ այլ դրույթի համաձայն՝  հանցանքը ՀՀ տարածքից դուրս կատարած եւ ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծվում է ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կողմից կատարված արարքը ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանք է, եւ եթե նրանք այդ արարքի համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվել՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության տարածքում այն հանցանք համարվելուց: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ավելի վաղ մեր զրույցում կարծիք էր հայտնել, որ հիշյալ հոդվածով որոշակի լուծումներ նախատեսված են, բայց բացարձակ հետեւություններ անելուց առաջ օրենսդրական պայմանները պետք է ուշադրությամբ գնահատվեն։ Տվյալ դեպքում, ըստ նրա, քննարկման հարց է՝ համարում ենք, որ գործ ունենք պետությա՞ն հետ, թե՞ որեւէ պետության չպատկանող տարածքի։ Եթե Արցախը համարում ենք առանձին պետություն, արդյո՞ք միջպետական որեւէ համաձայնագրով սահմանված են քրեական վարույթների փոխանցման ընթացակարգեր (առնվազն հրապարակայնորեն նման համաձայնագիր հայտնի չէ), իսկ եթե համարում ենք որեւէ պետությանը չպատկանող տարածք, կարող է վիճելիություն ծագել Արցախում բնակվող անձանց՝ ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ (հաշվի առնելով, որ նրանց տրամադրված կապույտ անձնագրերը ՀՀ քաղաքացիություն չեն շնորհել)։ Այսպիսով, բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորներին եւ դատապարտյալներին առնչվող մի շարք հարցեր մինչ օրս պարզ չեն։ Չնայած ՆԳ նախարարի՝ Ազգային ժողովում հրապարակային ելույթին, որից պարզ է դառնում, որ իրավապահ կառույցները տիրապետում են այդ անձանց վերաբերյալ տվյալներին եւ աշխատանքներ են տանում նրանց հայտնաբերման ուղղությամբ, վերջիններս չեն շտապում հանրությանը հաղորդել թեմային առնչվող որոշակի տեղեկություններ, այդ թվում՝ հնարավոր ռիսկերի կամ խնդրի լուծման հնարավոր մեխանիզմների մասին։ Արդյունքում, հասարակական եւ պետական անվտանգության առնչությամբ ՀՀ քաղաքացիների մտահոգություններն ու կասկածները մնում են չփարատված։   Միլենա Խաչիկյան
16:45 - 28 փետրվարի, 2024
Լիահույս ենք՝ աշխարհը կզբաղվի ամիսներ առաջ տեղի ունեցած էթնիկ զտման իրողության իրական դատապարտմամբ. համահայկական միության հայտարարությունը
 |armenpress.am|

Լիահույս ենք՝ աշխարհը կզբաղվի ամիսներ առաջ տեղի ունեցած էթնիկ զտման իրողության իրական դատապարտմամբ. համահայկական միության հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանցիները չափազանց հմուտ են երևակայելու և երևակայվածի թվական հաշվարկներ իրականացնելու գործում, հատկապես, երբ հարցը վերաբերում է Հայաստանին մեղադրելուն: Այս մասին նշված է Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության հայտարարության մեջ: «Վերջին օրերին ադրբեջանական հանրությանը կրկին համակել է իրականության խեղման և հեռահար նպատակների համար կյանքի կոչված մի նախագծի շուրջ պետականահեն հիստերիան, ասել է, թե «Խոջալուի ցեղասպանությունը»: Ցաղասպանություն անվան տակ փաթեթավորված կեղծիքների այս խումբը տարիներ շարունակ ծառայել է մի շարք նպատակների՝  հակակշռել Հայոց ցեղասպանության գաղափարին ընդհանրապես, սեփական հանրության ներսում ձևավորել զոհի և ցեղասպանվածի կերպար, որի շուրջ պետք է իրականացվեր հանրության համախմբումը ընդդեմ թվացյալ հանցագործի՝ հայի և հայկականության: Բազմաթիվ խողովակներով հանրահռչակված այս թեական իրողությունները, ոչ թե «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կոտորածն էր», ինչպես սիրում են կրկնել ադրբեջանցիներն, այլև  «Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ կեղծիքը՝ կոտորածի մասին», ինչը ոչ պակաս հանցագործություն է:  Հայաստանին չապացուցված հանցանքների մեջ մեղադրելուց առաջ կարող են արդյոք պատասխանել այն հարցին, թե ինչու էին ադրբեջանական զինված ուժերը փորձում մխրճվել իրենց անզեն հայրենակիցների շարքերը, երբ վերջիններս հայկական ուժերի բացած մարդասիրական միջանցքով շարժվում էին դեպի Ակնա (Աղդամ), ադրբեջանցիները կարող են արդյոք պատասխանել այն հարցին, որ եթե հայերն իսկապես ցանկանում էին կոտորել Իվանյանի բնակչությանը, ինչու դա չարեցին հենց բնակավայրի ներսում, այլ Ակնայի մոտ: Վերջին փաստն արդյոք երկմտության տեղիք չի տալիս, եթե հաշվի առնենք, որ Ակնան ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ էր: Արյդոք կոտորած իրականացնել ցանկացող հայը կկերակրեր անտերության մատնված ադրբեջանցի երեխային և արդյոք զինված ուժերի երկխոսության միջոցով՝ կփոխանցեր վերջինիս ծնողներին: Խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին հարցնել, օրինակ, թուրք-մեսխեթցի ականատեսներին, թե ինչպես են քաղաքացիական բնակչությանը վերաբերում հայերը:  Օտարազգի լրագրողների վկայություններն աներկբայորեն մեկ բանի մասին են խոսում. հակաիշխանական և հակահայկական քարոզչության միջոցով երկու խնդիր լուծել. հեռացնել օրվա իշխանություններին, մեղադրել Հայաստանին:  Այս իրադարձությունները Հայաստանի կողմից իրականացված ցեղասպանության անվան տակ ներկայացնելիս ադրբեջանցիներն արդյոք չեն վերհիշում այդ ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խոստովանությունն այն մասին, որ դրանք կազմակերպված էին իր ընդդիմության կողմից՝ հեղաշրջմամբ իշխանությունը զավթելու նպատակով:  Ադրբեջանցիները չափազանց հմուտ են երևակայելու և երևակայվածի թվական հաշվարկներ իրականացնելու գործում, մանավանդ երբ հարցը վերաբերում է Հայաստանին մեղադրելուն: Մինչ օրս պարզ չէ, թե իրականում որքան հայ է կոտորածի ենթարկվել Սումգայիթում 1988 թ., Բաքվում՝ 1990 թ., Մարաղայում՝ 1992 թ., պաշտոնական տվյալները չապացուցված ենթադրություններ են միայն, երբ իրական կորուստները կորսվել են կոծկված հանցագործությունների կամ չվերահսկված սպանդի իրողություններում, մինչդեռ Ադրբեջանը կարողացել է այլընտրանքային իրողություններ ստեղծել և մատուցել աշխարհին՝ հայերին մեղսագրելով հրեշավոր արարքներ»,- ասված է հայտարարության մեջ:   Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը, ներկայացնելով ադրբեջանական իշխանությունների կողմից ջարդերի, կոտորածների ենթարկվածների, բռնագաղթեցվածների, հայրենազրկվածների իրավունքները, դատապարտում է հակահայկական հերթական հիստերիան, որը հրահրված է կառուցողականությունից շարունակաբար հեռացող ադրբեջանական իշխանական վերնախավի կողմից: «Մենք լիահույս ենք, որ բոլոր այս զազրախոսությունները մի օր հօդս կցնդեն և աշխարհը երևակայված ցեղասպանությունների մասին լսելու փոխարեն կզբաղվի ընդամենը ամիսներ առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցած էթնիկ զտման իրողության իրական դատապարտմամբ և տուժածների իրավունքների վերականգնման առաջնակարգ աշխատանքով»,- ընդգծված է հայտարարության մեջ:
15:17 - 27 փետրվարի, 2024