Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Արթուր Դավթյանը ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի նստաշրջանի նախագահի հետ քննարկել է անդրազգային հանցավորության դեմ պայքարի և համագործակցության խնդիրները

Արթուր Դավթյանը ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի նստաշրջանի նախագահի հետ քննարկել է անդրազգային հանցավորության դեմ պայքարի և համագործակցության խնդիրները

Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական վերահսկողության ծառայության նախագահ Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանի հետ, ով նաև ընտրվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի՝ ընթացող 9-րդ նստաշրջանի նախագահ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել անդրազգային հանցավորության, այդ թվում նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորություններին, կապված երկու երկրների քաղաքացիների փոխայցելությունների զգալի աճի հետ՝ միմյանց երկրներում նրանց իրավական պաշտպանության մակարդակի բարձրացման հարցին, իրավական ոլորտի տարբեր ուղղություններով գործակցության ամուր իրավական հիմքեր ձևավորելու հեռանկարներին: ՀՀ գլխավոր դատախազն արժևորել է ՄԱԿ հակակոռուպցիոն համաժողովի այս տարվա նստաշրջանը Եգիպտոսում հաջողությամբ կազմակերպելու ուղղությամբ կատարված աշխատանքը: Ընդգծելով Վարչական վերահսկողության ծառայության դերը Եգիպտոսի իրավապահ համակարգում՝ Արթուր Դավթյանն առաջարկել է ՀՀ դատախազության և այդ կառույցի միջև համագործակցության նոր կամուրջներ ստեղծել: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային և հումանիտար մարտահրավերները: Նա խոսել է ռազմական գործողություններում հայ խաղաղ բնակչության դեմ պետական մակարդակով ահաբեկչական խմբավորումների զինյալների ներգրավման  փաստերի մասին՝ ակնկալելով տարածաշրջանում բույն դրած այդ չարիքի դեմ պայքարում բարեկամ երկրների աջակցությունն ու սերտ համագործակցությունը: Պարոն Հասան Աբդել Շաֆի Ահմեդ Աբդել Ղանին իր համաձայնությունն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի բաձրարցրած բոլոր մտահոգություններին և այդ շրջանակներում բոլոր ուղղություններով համագործակցության պատրաստակամություն հայտնել: Մասնավորապես, նկատի ունենալով, որ առաջիկա տարվա ընթացքում Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի նախագահությունն ստանձնում է Եգիպտոսը, և որ ՄԱԿ-ի  թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) ղեկավարում է Եգիպտոսը ներկայացնող Ղադա Վալին,  նա առաջարկել է աջակցել միջազգային հանցավորության բոլոր դրսևորումների դեմ պայքարում ՀՀ նախաձեռնություններին: Եգիպտոսի վարչական վերահսկողության ծառայության նախագահը հատուկ շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի՝ դարեր շարունակվող բարձր հեղինակությունն ու դերն իր երկրում: Նշելով, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը բարեկամ են Եգիպտոսի համար՝ նա փոխանցել է իրենց շահագրգռությունը՝ ակտիվացնելու Հայաստանի հետ երկկողմ կապերը բոլոր ոլորտներում:
15:57 - 16 դեկտեմբերի, 2021
Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

Արթուր Դավթյանը Եգիպտոսում հանդիպել է Իրանի արդարադատության նախարարի հետ

Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակներում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շարունակում է հանդիպումներ ունենալ այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների, ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, դեկտեմբերի 15-ին Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմի հանդիպումը, որին մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Կողմերը քննարկել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև իրավական ոլորտում համագործակցության արդիական հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել վերջին շրջանում Հայաստանի և Իրանի դատախազությունների միջև հարաբերությունների զարգացման և սերտացման դինամիկան, փոխվստահության և փոխգործակցության մակարդակի շարունակական աճը, ինչի վկայությունն են ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների արդյունավետ փոխայցելությունները: Դրանց ընթացքում պլանավորվում են հեռանկարային նոր համատեղ միջոցառումներ՝ միտված հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով քրեական գործերի քննության և դրանց նկատմամբ դատախազական վերահսկողության, ինչպես նաև ալ գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Բացի այդ նշվել է նաև, որ  օպերատիվ լուծումներ են ստանում երկուստեք բարձրացվող քրեաիրավական բնույթի խնդիրներ՝ հիմքում ունենալով երկու երկրների ներքին օրենսդրության հարգումը, իրավական անվտանգությունը, տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի  ամրապնդման համատեքստում միմյանց երկրների տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ապահովությունը և իրավունքները: ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, գոհունակություն է հայտնել Իրանի գլխավոր դատախազի անմիջական միջամտությամբ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին Հայաստանի իրավասու մարմինների միջնորդություններն Իրանի իրավասու մարմինների կողմից կատարելու խնդրի լուծման կապակցությամբ։ Արթուր Դավթյանը և Ամին Հոսեյն Ռահիմին մտահոգություն են հայտնել տարածաշրջանում ստեղծված անվտանգության իրավիճակի, դրանով պայմանավորված՝ շարունակվող լարվածությունից տուժող տարածաշրջանի բնակչության կենսական իրավունքների պաշտպանության ի հայտ եկող մարտահրավերների, խոչընդոտների կապակցությամբ: Առաջնային է համարվել տևական կայունության և խաղաղության ապահովումը, կողմերը վերահաստատել են իրենց սկզբունքային մոտեցումը տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, հակառակին ուղղված միտումները թույլ չտալու հարցում: Կրկին շեշտվել է այս ուղղությամբ ջանքերը համատեղելու, ահաբեկչության, ինչպես նաև անդրազգային բնույթի այլ հանցագործությունների դեմ պայքարում վճռականությունն ցուցաբերելու և եկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
17:18 - 15 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

Շարմ Էլ Շեյխում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների միջև կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, քրեական գործերով իրավական փոխօգնության մեխանիզմների գործարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի կարևորությունը համամարդկային այս չարիքի կանխարգելման, դրա դեմ պայքարի ունիվերսալ միջոցների մշակման, լավագույն փորձի յուրացման և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից՝ Արթուր Դավթյանը և Նիդա Գրունսկինեն քննարկել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի բարեփոխումները և դրա շրջանակներում երկու երկրների դատախազությունների միջև առավել թիրախային համագործակցության ծավալման հարցերը: Արթուր Դավթյանը շեշտել է, որ բարեփոխումների ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով հետխորհդրային ընդհանուր ժառանգության պայմաններում հակակոուպցիոն պայքարի եվրոպական չափորոշիչների տեղայնացման ուղղությամբ արձանագրած հաջողությունները: ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջն ընդհանուր գծերով ներկայացրել է այս ուղղությամբ Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների մասնագիտացման և այլ կառուցակարգերի ներդրման գործընթացները: Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազը շեշտել է իրենց շահագրգռությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ կապերին նոր որակ հաղորդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակը հստակեցնելով այդ ուղղություններով գործակցությունն ամրապնդելու առումով: Այս հարցերն առավել հանգամանալից քննարկելու, հարաբերությունները զարգացնելու նոր մեկնարկ ապահովելու համատեքստում տիկին Գրունսկինեն  Արթուր Դավթյանին հրավիրել է այց կատարել Լիտվա:                    
16:44 - 14 դեկտեմբերի, 2021
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի 5-օրյա աշխատանքներին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են անդամ երկրների կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, դրա ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները: Մասնավորապես՝ թիրախային հարցերից են Համաժողովի կողմից ընդունված համապատասխան հռչակագրերի համաձայն անդամ երկրների կողմից կոռուպցիայի կանխարգելման պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը, կոռուպցիայի միջոցով ստացված ապօրինի եկամուտների, ակտիվների վերադարձման մեխանիզմների կատարելագործումը և այս ոլորտում միջազգային առաջադեմ փորձը, կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցները, նշված բոլոր ոլորտներում միջազգային համագործակցությունը և դրա շրջանակներում անդամ երկրների միջև իրավական փոխօգնության կառուցակարգերի զարգացումը, ինչպես նաև այլ խնդիրներ: ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով` ներկայացնելով Հայաստանում հակակոռուպցիոն համալիր՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակներն ու ընթացքը, անդրազգային կոռուպցիայի, փողերի լվացման և ապօրինի շրջանառության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ՀՀ դատախազության տեսլականը: Աշխատանքային այցի և համաժողովին մասնակցության շրջանակներում նախատեսված են ՀՀ գլխավոր դատախազի՝ երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ:       
15:07 - 13 դեկտեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում Արթուր Դավթյանը ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Քննարկվել են 2020թ. պատերազմից հետո Արցախում իրավակարգի ապահովման, արցախցիների հումանիտար, առաջնային իրավունքների պաշտպանության, հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով շփման գծին հարակից շրջանների հայ ազգաբնակչության կյանքի, բնական կենսագործունեության համար առաջացած ռիսկերի չեզոքացման, այս նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցության իրավական ասպեկտներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նոր մարտահրավերների համատեքստում ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների միջև գործակցության հիմնական առաջնահերթություններին, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ՌԴ դատախազության միջնորդությամբ տարվող աշխատանքներին: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանի, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի, զինվորական դատախազության կայազորների դատախազների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային քննարկումներ: Ընդհանուր գծերով վերլուծվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի ստորաբաժանումներում հանցավորության միտումներին, հանցագործությունների կանխման, զինծառայողների առաջնային իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, կայազորների դատախազությունների ընթացիկ գործունեությունը, դատախազական գործառույթների իրականացման որակը և նախկինում առաջադրված խնդիրների լուծման ընթացքն ու արդյունքները:   Քննարկվել է հետպատերազմյան շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով որակյալ քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության ապահովումը: Կարևորվել է ռուսական խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի ապահովումը՝ ելնելով միջադեպերին արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման եռակողմ կապի ապահովման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և ԱրՀ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Արցախի դատախազության աշխատողի օրվա առթիվ հրավիրված ԱՀ դատախազության կոլեգիայի հատուկ նիստին: Արթուր Դավթյանը շնորհավորել է արցախցի գործընկերներին մասնագիտական օրվա առթիվ և արժևորել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Արցախի դատախազության կատարած աշխատանքը, պարգևներ է հանձնել իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ և արդյունավետ կատարող դատախազներին: ԱՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը նաև հանդես է եկել ուղերձով: Արթուր Դավթյանը նաև այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և խոնարհումի, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած  նահատակներին:
15:47 - 26 նոյեմբերի, 2021
Գլխավոր դատախազը ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

Գլխավոր դատախազը ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն հանդիպում է ունեցել մեր երկրում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատի հետ: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Ողջունելով պարոն դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում՝ Արթուր Դավթյանն ընդգծել է բոլոր ոլորտներում հայ-եգիպտական հարաբերությունների բարձր մակարդակը և բարեկամական բնույթը՝ շեշտելով, որ չնայած դրան՝ իրավական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացման չիրացված ներուժ կա: Նա հույս է հայտնել, որ ՀՀ դատախազության և ԵԱՀ-ի դեսպանատան միջև առավել անմիջական հաղորդակցության հաստատումը կնպաստի այս ուղղությամբ երկկողմ հետաքրքրության և շահագրգռության մեծացմանը, ինչի համար կարևոր հիմք է հանդիսանում բավարար իրավական բազայի առկայությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է նաև վերջին շրջանում Հայաստանի և Եգիպտոսի քաղաքացիների փոխայցելությունների ծավալների մեծացման հանգամանքով և դրանով պայմանավորված՝ երկու բարեկամ երկրներում նրանց իրավական պաշտպանության բարձր մակարդակ ապահովելու անհրաժեշտությամբ:     Դեսպան Բահաա Էլ Դին Բահգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել իր երկրի պատրաստակամությունը նաև իրավական ոլոտում հարաբերությունների ընդլայնման հարցում՝ նշելով, որ իրենք պատրաստ են քննարկելու այս հայ-եգիպտական բազմավեկտոր օրակարգը նաև այս ուղղությամբ հարստացնելու առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանին ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցի կազմակերպման, Եգիպտոսի Արաբական Հանրապետության գլխավոր դատախազության հետ համագործակցության հեռանկարների և իրավական բազան երկու երկրների դատախազությունների կարողությունների զզարգացման արդի կարիքներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր:          
13:44 - 17 նոյեմբերի, 2021
Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ |armenpress.am|

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից տրվել են իրավական գնահատականներ յուրաքանչյուր առանձին դեպքին, ինչպես նաև ամբողջական ընդհանրության մեջ: Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր  դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքին: «Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաև հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաև գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարդկային վերաբերմունքի դրսևորումներին, միջազգային ահաբեկչությանը և վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին: Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաև հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով, կարող ենք միանշանակ պնդել՝ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերն իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների: Նրա խոսքով, դա հայկական կողմին հնարավորություն տվեց, հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, առավել ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այդ մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ: «Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, և այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաև Իրանի իմ գործընկերը»,-նշել է գլխավոր դատախազը: Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի իր պաշտոնակցի և Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ հանդիպմանը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները և այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում: Առավել մանրամասն՝ armenpress.am
23:10 - 01 նոյեմբերի, 2021
Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռակողմ հանդիպում Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների միջև։ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը: Կողմերն ընդգծել են եռակողմ հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, Արցախի բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով: Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել են այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը: Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման շուրջ՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար: ՀՀ գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդման շուրջ քննարկումների կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը»։
09:31 - 24 սեպտեմբերի, 2021
Արթուր Դավթյանը Նուր Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԳԴՀԽ նիստին

Արթուր Դավթյանը Նուր Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների ԳԴՀԽ նիստին

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:   Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիական իրավունքների պաշտպանության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պաշտպանության և  քրեական վարույթների շրջանակներում օգտագործման ոլորտներում դատախազական հսկողության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև քրեական գործերի թվայնացման, դատախազական մարմիններում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության խնդիրները: Վերլուծվել են ԱՊՀ տարածաշրջանում հանցավորության, քննչական և դատախազական աշխատանքի ընդհանուր վիճակները, անդամ երկրներում հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համաձայնագրերի կիրառման պրակտիկան: Հաստատվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործությունների, ահաբեկչության և էքստրեմիզմի այլ դրսևորումների, կոռուպցիայի և այլ բնույթի հանցագործությունների դեմ պայքարում անդամ երկրների դատախազությունների համագործակցության ծրագրերին, Համակարգող խորհրդի աշխատանքների պլանի կատարողականին վերաբերող և այլ բնույթի որոշումները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել քրեական վարույթների շրջանակներում բանկային տվյալների պաշտպանության և օգտագործման թեմայով՝ ներկայացնելով այդ հարցում մասնավոր և հանրային շահերի հավասարակշռմանը միտված՝ ՀՀ դատական իրավունքում, ինչպես նաև օրենսդրական մակարդակում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ կատարված բարեփոխումները: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ բարեփոխումները պայմանավորված են եղել այն հանգամանքով, որ բանկային հաշիվների և ֆինանսական փոխանցումների միջոցով կատարվող հանցագործությունների տեխնոլոգիական զարգացումը հանգեցրել էր նրան, որ նախկին օրենսդրական կարգավորումների պայմաններում հաճախ անհնար էր դառնում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի հարստացման, կաշառակերության և բանկային օպերացիաների հետ կապված այլ հանցագործությունների բացահայտումը: Ըստ Արթուր Դավթյանի՝ կատարված բարեփոխումներն իրականացվել են բանկային գաղտնիքի բավարար և անհրաժեշտ երաշխիքների պահպանմամբ, որպեսզի նաև չխաթարվի բանկային համակարգի բնականոն և արդյունավետ կենսագործունեությունը, և չոտնահարվեն բիզնեսի և մասնավոր անձանց իրավունքներն ու օրինական շահերը: «ՀՀ դատախազությունը հետևողական է բանկային գաղտնիքի հետ կապված իրավակիրառ պրակտիկայի և քրեադատավարական ընթացակարգերի պրոգրեսիվ բարեփոխման և կատարելագործման հարցում, ինչի կապակցությամբ պատրաստ ենք հանցավորության դեմ համընդհանուր պայքարի համատեքստում արտերկրյա գործընկեր կառույցների հետ կիսվել մեր փորձով»,- եզրափակել է ելույթը ՀՀ գլխավոր դատախազը: 
12:32 - 23 սեպտեմբերի, 2021
Ներկայիս փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղացած. ՀՀ գլխավոր դատախազ

Ներկայիս փորձություններից դուրս ենք գալու ավելի ուժեղացած. ՀՀ գլխավոր դատախազ

Պետք է ամոքել վերքերը, նորոգել տունը և վերահաստատել հայրենի հողի վրա ապրելու, զարգանալու ու հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը:  Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ հղված իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:   «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր ժողովրդի ամենաթանկ ու նվիրական օրն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը: Օր, որ ամբողջացնում է մեր պատմական կենսատարածքում ազատ, անկախ ապրելու, պետականություն ունենալու մեր ժողովրդի բազմադարյա իղձերը, և որը սրբագործված է այդ նվիրական երազանքի կերտման համար իրենց կյանքը զոհաբերած մեր լավագույն զավակների արյամբ: Անկախ պետականության՝ իբրև մեր ազգի գոյապահպանության միակ բանաձևի և բարձրագույն արժեքի խորքային գիտակցումով, մեր սուրբ նահատակների անձնազոհության դիմաց հավերժ ու անդավաճան պարտքի զգացումով, ամենօրյա տքնաջան աշխատանքով, փոխադարձ չարությունն ու ատելությունը միմյանց հանդեպ հարգանքի ու հոգատարության փոխակերպելով պետք է ամոքենք մեր վերքերը, նորոգենք մեր տունը և վերահաստատենք այս հողի վրա ապրելու, զարգանալու և հարատևելու մեր իրավունքն ու վճռականությունը, և չկա այլընտրանք: Հազարամյա մեր պատմության ընթացքում ստիպված ենք եղել անընդհատ հաղթահարել փորձություններ, վերջին ճիգով լինելիության օգտին լուծել գոյութենական բարդագույն խնդիրներ։ Դրանք ավելի են ամրապնդել մեր կենսասիրությունը, մեր պատմական ժառանգությունն ու գենետիկ հիշողությունը, ինքնությունն ու ազգային ինքնատիպությունը պահպանելու, ազատության ու անկախության, հզոր պետության մեր ձգտումներին հասնելու վճռականությունը։ Ներկայիս փորձություններից, վստահ եմ, դուրս ենք գալու ավելի ուժեղացած, իբրև ազգ՝ առավել իմաստնացած, յուրաքանչյուրիս անհատական ու անհատույց ներդրմամբ պետության ու պետականության անդադրում շենացումն ու հզորացումն իբրև իրագործվող համազգային տեսիլ որդեգրելով և մեր կենսակերպը դրանով պայմանավորելով, ազգային միասնությանը նոր իմաստ ու նոր բովանդակություն հաղորդելով։ Ես հավատում եմ մեր հավաքական ուժին, և այլընտրանք չունեցող այս նպատակներին հասնելու համար անհնարին թվացողը պետք է դարձնենք հնարավոր՝ առաջին հերթին խոհեմաբար ու սառնասրտորեն առավելագույն ջանք գործադրելով  ներքին անվտանգության կայունացման համար: Ներպետական ու ներհասարակական համակեցությունը, համերաշխությունը պահանջում է մեր քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում, իրավունքների չչարաշահում, իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ, հավատ ու վստահություն պետական, ազգային ինստիտուտների հանդեպ: Ուստի, շնորհավոր մեր անկախության 30-ամյակը: Երիցս փա՛ռք ու խոնարհում այսօրվա և մեր հայրենիքի անկախության գալիք օրերի համար իրենց կյանքը նվիրաբերելով ապրելու, ուղղվելու և հզոր երկիր կառուցելու պատգամ հղած մեր սուրբ նահատակներին»,-ասված է Արթուր Դավթյանի ուղերձում:
13:14 - 21 սեպտեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հեռակա վարույթների շրջանակում վերսկսել քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված գործերի քննությունը

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հեռակա վարույթների շրջանակում վերսկսել քննությունից միտումնավոր խուսափելու հիմքով կասեցված գործերի քննությունը

2021 թ. օգոստոսի 28-ին ամբողջությամբ ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-307-Ն օրենքը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ի թիվս այլնի, ներդրվել է մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու կառուցակարգը: Համաձայն դրա՝ մեղադրյալի բացակայությամբ վարույթը կամ հեռակա վարույթը իրականացվում է այն դեպքում, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Այս ինստիտուտը հնարավորություն է տալիս մեղադրյալի կողմից քրեական վարույթին մասնակցելու իրավունքից միտումնավոր հրաժարվելու և որպես հետևանք՝ գործի քննությանը չմասնակցելու դեպքում շարունակել վարույթի հետագա ընթացքը ինչպես նախաքննության, այնպես էլ դատական քննության փուլերում, ինչպես նաև կայացնել դատավճիռ՝ ամբաստանյալի բացակայության պայմաններում: Նման ինստիտուտի նպատակն է  ապահովել ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, տուժողների արդարադատության մատչելիությունը, ինչպես նաև մասնավոր և հանրային շահերի ողջամիտ հավասարակշռումը: Հեռակա վարույթի ինստիտուտը  կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ քրեական հետապնդման վիճակում գտնվող անձի բացակայության պայմաններում դատաքննության իրականացման անհնարինությունը կարող է կաթվածահար անել քրեական վարույթը, հանգեցնել ձեռք բերված ապացույցների տարածման, քրեական հետապնդման ժամկետների սպառման և արդարադատության ձախողման։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքը սահմանել է, որ հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին, կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով, ինչպես նաև այն դեպքերում, երբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար, մեղադրյալն անչափահաս է, կամ արարքը կատարելու պահին եղել է անմեղսունակ վիճակում կամ հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, կամ առկա է մեղադրյալի այդպիսի վիճակում լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է վեր հանել մեղադրյալի բացակայության հիմքով վարույթը կասեցված՝ ինչպես մինչդատական, այնպես էլ դատարանի վարույթում գտնվող բոլոր գործերը և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում քննարկել վերը նշված, ինչպես նաև ընթացիկ բոլոր այն քրեական գործերով հեռակա վարույթ կիրառելու հնարավորությունը, որոնցով առկա է հետախուզվող անձ: ՀՀ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել յուրաքանչյուր այդպիսի դեպքում գործադրել օրենքով դատախազությանը վերապահված ողջ գործիքակազմը, բոլոր միջոցները՝ հեռակա վարույթի շրջանակներում հանցագործությունների, հատկապես ծանր և առանձնապես ծանր, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը նպաստելու, նախաքննության փուլում գտնվող գործերի քննություններն արագացնելու և ելքերն ապահովելու նպատակով:
12:19 - 09 սեպտեմբերի, 2021