Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Գնդակն այժմ իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում է․ Մինասյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
 |armenpress.am|

Գնդակն այժմ իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում է․ Մինասյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում 2023 թվականին ամբողջությամբ ավարտել է ինստիտուցիոնալ կայացման շրջափուլը։ Հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունը առաջիկայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում և արդյոք բավարա՞ր է գնահատում այդ ուղղությամբ ներկա վիճակը։ «Ունենք հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան, վերաքննիչ առանձին դատարան, հակակոռուպցիոն առանձին վճռաբեկ պալատ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն աշխարհում եզակիներից է, ունենք կոնսեսուսային շատ լավ մշակված հակակոռուպցիոն ռազմավարություն։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հազվագյուտ է լինում, որ նման ծավալի մեծ փաստաթուղթը ընդունելուց հետո հասարակական և մասնագիտական սեկտորից բացասական գնահատականներ չլինեն, իսկ մենք ունենք ռազմավարություն, որ մեկ բացասական գնահատական չի ստացել։ Բարձրացվել են աշխատավարձերը բոլոր ուղղություններով։ Կոռուպցիայի հակազդման համակարգերին տրված աշխատավարձն այնքան է, որ այլևս ոչ մի անկախ մարմին չի կարող ասել, որ աշխատավարձը ցածր է, դրա համար արդյունավետ չեն»,- ընդգծեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ այս ինստիտուցիոնալ կայացման փաթեթը պատրաստ է, և այժմ եռամսյակը մեկ պետք քաղել պտուղները՝ որակյալ նախաքննությամբ և արագ ու արդար դատավարությամբ։ « Կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարության և քաղաքականության իրականացման շրջանակներում մեծ մասը իրականացրել է։ Այժմ գնդակը գտնվում է մեր իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում»,-եզրափակեց Մինասյանը։
15:24 - 08 հունվարի, 2024
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը չի ենթադրում եռաստիճան դատական համակարգի չեղարկում. Մինասյան |news.am|

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը չի ենթադրում եռաստիճան դատական համակարգի չեղարկում. Մինասյան |news.am|

news.am: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը չի ենթադրում եռաստիճան դատական համակարգի չեղարկում։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող  մամուլի ասուլիսում։ Մինասյանը տեղեկացրել է, որ ինքն է հանդես եկել դատական աստիճանների կրճատման օգտին։ «Որովհետեւ այժմ իրական է ոչ թե 3, այլ 5 աստիճանը։ Այնքան շատ են դատարանները, որ մասնագետներն էլ են դժվարանում հասկանալ, թե որտեղ բողոքարկեն։ Բացի այդ, հաճախ Սահմանադրական դատարանի որոշումները վճռաբեկ դատարանն այլ կերպ է մեկնաբանում, ինչը մշտական վեճերի տեղիք է տալիս։ Ցավոք, ես տանուլ տվեցի, եւ խորհուրդը որոշեց, որ համակարգին ձեռք տալ պետք չէ, միայն պետք է զարգացնել առկա ինստիտուտները։ Շտկել վակուումները եւ փակուղիները, որոնք գոյացել են անցյալում սահմանադրական ձեւակերպումների անհստակության պատճառով։ Բայց առայժմ ձեռնպահ կմնամ հայեցակարգի հրապարակումից, քանի որ պայմանավորվել ենք վերջնականապես հաստատել, հետո տեղեկացնել հանրությանը»,- նշել է նախարարը։ Մեկնաբանելով  իր եւ ԲԴԽ-ի (որը գլխավորում է նախարարի ընկերը եւ անցյալում ինքն էլ նախարար եղած Կարեն Անդրեասյանը) հասցեին հնչող մեղադրանքներն այն մասին, որ խորհուրդը դիտարկում է Մինասյանի ուղարկած դիմումները կոնկրետ դատավորների նկատմամբ, Մինասյանը հավաստիացրել է, որ դիտարկվող հարցերը չեն կարող անձնական բնույթ կրել։ Նախարարի խոսքով՝ դատավորի կողմից խախտում կատարելու մասին դիմումն ստանալով՝ նա պարզապես պարզում է, թե արդյոք իսկապես եղել է խախտում, եւ փոխանցում է ԲԴԽ։ Մինասյանը հավաստիացրել է, որ այդ գործընթացում չի կարող շահերի կոնֆլիկտ լինել, քանի որ ինքը շահ չունի, իսկ որոշում կայացնում է ԲԴԽ-ն։ Ի պատասխան Անդրեասյանի հետ ընկերության մասին հիշատակմանը՝ Մինասյանն ասել է, որ ոչ մի որոշում չի ընդունվել մեկ ձայնի տարբերությամբ։ Ինչ վերաբերում է էթիկայի հանձնաժողովի բարեփոխմանը, Մինասյանը դա անհրաժեշտ է համարել, քանի որ հանձնաժողովի անդամները՝ գործող փաստաբանները, ուղիղ շահ ունեն, այդ թվում ֆինանսական։ Որպես օրինակ նա ներկայացրել է դատավար Սիմա Իսկանդարյանի դեպքը, որը նստել է ղեկին՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով, չի ենթարկվել տեսչի պահանջին, ՃՏՊ է ստեղծել, իսկ հետո էլ՝ քաշքշուկ։ «Այս ամենով հանդերձ՝ էթիկայի հանձնաժողովը սրանում խախտում չի տեսել, չնայած, իմ կարծիքով, այնպիսի խախտում է, որը կարող է հանգեցնել դատավորի լիազորություններից զրկման։ Փաստեր ունեմ այն մասին, որ մարդկային կապերը թույլ չեն տվել գործել այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։ Դրա համար էլ որոշվել է՝ հանձնաժողով «ներարկում» ենք թարմ արյուն փորձագետների տեսքով՝ բացառելու համար շահերի կոնֆլիկտը»,- նշել է նախարարը։
12:47 - 08 հունվարի, 2024
Հայաստանը կկարողանա Ադրբեջանի դեմ հետաքննություններին ներգրավել միջազգային իրավապահների |civilnet.am|

Հայաստանը կկարողանա Ադրբեջանի դեմ հետաքննություններին ներգրավել միջազգային իրավապահների |civilnet.am|

civilnet.am: Հռոմի ստատուտի վավերացումը և դրանից հետո նոր օրենսդրության մշակումը Հայաստանի քննչական մարմիններին հնարավորություն կտա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների առնչությամբ հետաքննություններին ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների։ Այդ մասին հունվարի 8-ին՝ 2023-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայատարարել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես Հռոմի ստատուտի վավերացումը կօգնի հետաքննել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։ «Մեր նախաքննական մարմինները, ուսումնասիրելով այդ հանցագործությունները, հավաքելով այդ ինֆորմացիան, նաև հնարավորություն ունեն ներգրավել միջազգային դատախազների և իրավապահների, որոնք գալով Հայաստան և ծանոթանալով փաստաթղթերին՝ մասն են դառնում այդ վարույթների։ Այս դեպքում Հայաստանը հենց այդ ռազմական հանցագործությունների նախաքննական պրոցեսներում միայնակ չէ և ներգրավում է միջազգային առաջատար վարույթ իրականացնող մարմիններ»,- ասել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ նախարարությունն ուսումնասիրել է տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի փորձը, սկսել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակումը, որը պետք է ընդունվի Հռոմի ստատուտի վավերացումից հետո։ «Առաջին քայլը [Հռոմի ստատուտի վավերացումից հետո] նոր օրենսդրության մշակումն է՝ միջազգային փորձագետների հետ աշխատելով։ Այս գործընթացի մեկնարկը տրվել է։ Այսինքն, վավերացումից հետո իրավական նորմատիվ ակտեր կան, որոնք մենք պետք է ընդունենք կամ փոփոխենք եղած օրենքները»,- նշել է նախարարը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը։ Ռուսաստանից հնչող մտահոգություններին ի պատասխան՝ հայկական կողմը նշում է, որ դրանով ՀՀ-ն կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Միջազգային քրեական դատարանը 2023-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային կարգադրագիր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։ Հայկական կողմը հակադարձել է, որ «ձերբակալման մասին խոսք չի գնում»։ Հայկական կողմը ռուսներին առաջարկել է նաև ստորագրել երկկողմ համաձայնագիր, որը երաշխիքներ կստեղծի անհանգստությունների համար։
11:58 - 08 հունվարի, 2024
Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի
 |tert.am|

Երևանի արվարձանում կառավարական թաղամաս կկառուցվի |tert.am|

tert.am:  Կառավարական թաղամասը կկառուցվի Երևանի ծայրամասերում։ Այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023 թվականի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա հիշեցրեց, որ նախկինում կար գաղափար արդարադատության նախարարությունը, դատախազությունը և արդարադատության հետ կապված մնացած կառույցները տեղափոխել Երևանի կենտրոնից։ Բայց հետո որոշվել է ավելի մեծ նախագիծ իրականացնել և կառավարական թաղամաս կառուցել։ «Այսինքն՝ պետական բոլոր գերատեսչությունները դուրս կգան կենտրոնից և կտեղակայվեն քաղաքին մոտ, բայց փաստացի՝ մարզում, և կենտրոնը կբեռնաթափվի, և այս հսկայական շինությունները, որոնք զբաղեցնում են պաշտոնյաները, կօգտագործվեն բիզնես նպատակով` վարձատրություն, վաճառք և շահույթ կգեներացվի»,- ասաց Մինասյանը։ Նրա խոսքով` նմանատիպ միջազգային փորձ կա։ Սպասվում է, որ այս տարի կառավարական թաղամասի մոդելը պատրաստ կլինի։ Նախագիծը ղեկավարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
11:34 - 08 հունվարի, 2024
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի հանրության դատին
 |news.am|

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի հանրության դատին |news.am|

news.am: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի հանրության դատին։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 8-ի՝ 2023-ն ամփոփող  մամուլի ասուլիսում։ Նախարարը տեղեկացրել է, որ դեկտեմբերի վերջին կառավարությանն է ներկայացվել հանձնաժողովի եւ խորհրդի հետ համատեղ պատրաստված Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը։ Նախագծի մի մասը հաստատել է հանձնաժողովը , մյուսը՝ խորհուրդը։ «Այս ամիս կսկսվի քննարկումը, ինչից հետո հանրությանը կներկայացվի, թե ինչ է այդ հայեցակարգը»,- նշել է Մինասյանը։ Նախարարը հավաստիացրել է, որ բոլոր հարցերը լուծվում են բաց, թափանցիկ քվեարկությամբ, եւ չկա հարց, որը կանցնի մեկ-երկու ձայնով, ինչը նշանակում է, որ նախագիծը լինելու է կոնսենսուսային, ընդհանուր հայտարարով հանրային սեկտորի հետ, ներկայացված հանձնաժողովի կողմից։ Սա շատ կարեւոր է՝ հաշվի առնելով անցած տարիների փորձը, ավելացրել է արդարադատության նախարարը։
11:31 - 08 հունվարի, 2024
«Եկեք բոլորս առաջնորդվենք այն տվյալներով, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն»․ արդարադատության նախարարը՝ Բաքվում պահվող գերիների մասին
 |aravot.am|

«Եկեք բոլորս առաջնորդվենք այն տվյալներով, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն»․ արդարադատության նախարարը՝ Բաքվում պահվող գերիների մասին |aravot.am|

aravot.am: Այսօր հրավիրած ասուլիսում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ աշխատանք է իրականացվում՝ Բաքվում պահվող հայ գերիներին, այդ թվում՝ գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ։ «Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք, երեք տասնյակից ավելի մեր գերիները վերադարձան Հայաստան, եւ Հայաստանն իր կողմից երկու ադրբեջանցի փոխանցեց հենց ադրբեջանական կողմին։ Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանն ինչ պրոցեսներ է իրականացնում դեռեւս Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված, հիմնականում դա արտաքին գործերի նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է, այսինքն՝ մեր դեսպանների միջոցով նաեւ միջազգային հարթակներում մանրամասն ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը, անցած ճանապարհը։ Եվ նաեւ հենց Կարմիր խաչի գործընկերների միջոցով այցելությունները եւ հարազատների հետ ժամանակ առ ժամանակ կապի հաստատումը։ Սա դիվանագիտական ուղիներով տարվող աշխատանքն է, բայց նաեւ Միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունն է ինտենսիվ աշխատանքներ իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես, դատական ատյաններում, որտեղ միջնորդություններով ու հայցապահանջներով հենց մեր հայազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտպանել եւ իրավունքները վերականգնել։ Ես համոզված եմ, որ այդ աշխատանքները, որոնք տարվում են, իրոք մեծածավալ են։ Եվ առաջիկայում արդեն հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել»,- ասաց նախարարը։ Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանն օրերս հայտարարել էր, որ Բաքվում հաստատված մնում է 23 հայ գերի։ Այնինչ, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը ասել է,  որ գերեվարված հայերի թիվը անցնում է 80-ը։ Անդրադառնալով հարցին, թե հստակ թվի տիրապետո՞ւմ է արդարադատության նախարարությունը, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Մենք հենվում ենք այն տվյալների վրա, որը ներկայացվել է Քննչական կոմիտեի կողմից։ Այնտեղ կարող է թյուրըմբռնում լինել, որովհետեւ ադրբեջանական կողմը նրանց մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմն այլ մոտեցում ունի։ Դրա համար եկեք մենք բոլորս առաջնորդվենք այն տվյալներով, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն»։
10:28 - 08 հունվարի, 2024
Վերջին 4 տարում Թուրքիան իրավական օգնության 200 հարցում է ուղարկել Հայաստան
 |hetq.am|

Վերջին 4 տարում Թուրքիան իրավական օգնության 200 հարցում է ուղարկել Հայաստան |hetq.am|

hetq.am: 2020թ.-ից սկսած Վրաստանում Թուրքիայի Հանրապետության դեսպանությունից Հայաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով արդարադատության նախարարություն ստացվել է 200 իրավական օգնության հարցում (2023թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ): Ամենաշատ հարցումները ստացվել են 2022թ․-ին: Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին հայտնում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև իրավական օգնությունն իրականացվում է միջազգային իրավական փաստաթղթերի հիման վրա: Մասնավորապես՝ փոխօգնությունը տրվում է «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959թ. եվրոպական, «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման մասին» 1965թ. Հաագայի, «Քաղաքացիական կամ առևտրային գործերով արտերկրում ապացույցներ ձեռք բերելու մասին» 1970թ. Հաագայի կոնվենցիաների հիման վրա: 2020-2023թթ. Հայաստանը ոչ մի դեպքով չի դիմել Թուրքիայի Հանրապետությանը՝ իրավական օգնության խնդրանքով: Թեև Ադրբեջանը ևս ստորագրել է այդ կոնվենցիաները, սակայն նշված ժամանակահատվածում ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը իրավական օգնության հարցումներ միմյանց չեն ուղարկել:  Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ Կոնվենցիաների շրջանակներում Հայաստանի կողմից հաղորդակցությունն իրականացվում է նախարարության միջոցով և ստացված իրավական օգնության հարցումները փոխանցվում է իրավասու մարմիններին՝ կատարումն ապահովելու նպատակով: Օրինակ, դատական հանձնարարությունների դեպքում դրանք փոխանցվում են Դատական դեպարտամենտ: Արդարադատության նախարարությունն իրավական օգնության վերաբերյալ հարցումներ ստանալիս ստուգում է դրանց համապատասխանությանը Կոնվենցիաների դրույթներին: Նախարարությունից հետաքրքրվել էինք, թե Թուրքիայից ստացված այդ հարցումներն արդյոք վերաբերել են նաև ՀՀ քաղաքացիներին, ու ինչ որոշումներ են կայացվել: Պատասխանել են, որ այդ անձինք հիմնականում ազգությամբ հայ են, որոնց քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, քանի որ ստուգելու լիազորություն չունեն: «Նախարարությունը վերոնշյալ կոնվենցիաների շրջանակներում ստացված հանձնարարությունների արդյունքների բովանդակության մասին տեղեկատվության չի տիրապետում, քանի որ հանձնարարության կատարման արդյունքները ՀՀ իրավասու դատարանների կողմից ստանալուն պես ուղարկվում են նախաձեռնողին»,- հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դիմել էինք նաև Դատական դեպարտամենտին: Այնտեղից պատասխանել են, որ 2020-2021թթ. Արդարադատության նախարարությունից ստացված ուղեկցական գրություններով հստակ արտացոլված չի եղել, թե որ կոնվենցիայի շրջանակներում են կազմվել և ինչ բնույթի իրավական հարցումներ են ուղարկվել: Իսկ 2021-2023թթ. ստացված հարցումները եղել են «Քրեական գործերով իրավական փոխօգնության», ինչպես նաև «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադատական փաստաթղթերի հանձնման» մասին կոնվենցիաների շրջանակներում: Դատական դեպարտամենտը ևս տեղեկություն չի փոխանցել, թե այդ հանձնարարությունների հիման վրա, ինչպիսի որոշումներ են կայացվել: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
20:09 - 03 հունվարի, 2024
Ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն. Գրիգոր Մինասյան

Ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն. Գրիգոր Մինասյան

Մեկ տարվա ծանր աշխատանքի արդյունքում ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն: Այդ մասին ասված է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի Ֆեյսբուքի էջում։ «1. Մեր նոր հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները, ավելին՝ քաղաքացին կարող է վճարել նաև այլ անձանց պարտավորությունները: 2. Նախկինում քաղաքացու բոլոր հաշիվները կարող էին սառեցվել՝ մեկ վարույթի շրջանակում, այժմ՝ գումարի սառեցումն իրականացվում է միայն և բացառապես պարտքի չափով: 3. Բանկերի միջոցով վճարում կատարելուց հետո վճարման կտրոնը Հարկադիր ներկայացնելու կարիք այլևս չկա: Այսուհետ վճարումը կատարելուց հետո վարույթը կարճվելու է ամենաշատը 5 րոպեի ընթացքում, իսկ հաշիվների ապաարգելադրումը կիրականացվի մեկ օրում՝ նախկին տասը օրվա փոխարեն: 4.Ապահովվել է Հարկադիր կատարման ծառայության և բոլոր մյուս պետական մարմինների ու անհրաժեշտ մասնավոր կազմակերպությունների ծրագրերի 100% համակցումը: 5. Մեկ հպումով՝ բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով քաղաքացին կարող է ստանալ իրեն վերաբերող բոլոր վարույթների մասին տեղեկատվությունը: 6. Վճարումները կարող են կատարվել ինչպես վճարային քարտի միջոցով, այնպես էլ՝ մոբայլ բանկինգ հավելվածներով: 7. Ծառայության բոլոր աշխատակիցներն այսուհետ իրենց գործառույթները իրականացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով: 8. Նոր համակարգի շնորհիվ` պետական մյուս կառույցների հետ աշխատանքը դարձել է թվային. այլևս ոչ մի տեղեկանք ստանալու և ներկայացնելու կարիք չկա: Կատարած աշխատանքները հնարավորություն կտան ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց, որի արդյունքում՝ քաղաքացին կխուսափի երկար վարչարարությունից: Քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ և արդյունավետ»,- նշված է գրառման մեջ:
15:20 - 03 հունվարի, 2024
Անչափահասի նկատմամբ տնային կալանք, կրթության իրավունքի իրացում. անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը

Անչափահասի նկատմամբ տնային կալանք, կրթության իրավունքի իրացում. անցկացվել է Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Անչափահասների արդարադատության խորհրդի» ամփոփիչ նիստը: Լևոն Բալյանը ողջունել է անդամներին և ներկայացրել Խորհրդի աշխատանքների կազմակերպման, Խորհրդի կողմից առաջարկների քննարկման և դիրքորոշումների ներկայացման նոր ընթացակարգերը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Քննարկվել են անչափահասի նկատմամբ կիարառվող խափանման միջոցի՝ տնային կալանքի կիրառման պրակտիկայի և քրեակատարողական հիմնարկից ազատված մինչև 19 տարեկան անձանց կրթության, աշխատանքի շարունակականության ապահովման հարցերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել անչափահասի նկատմամբ կիարառվող տնային կալանքի կիրառելիության, սահմանափակումների ընթացքում առաջացող խնդիրների, անչափահասի կրթության իրավունքի ապահովման հետ կապված տեխնիկական հնարավարությունների և գործնականում վերահսկողության իրականացման խոչընդոտների վերաբերյալ հարցերին: Խորհրդի անդամները ներկայացրել են գործնական դաշտում արձանագրված խնդիրները և կիսվել իրենց դիտարկումներով: Խորհրդի հանդիպման ավարտին որոշվել է հաջորդ հանդիպումը կազմակերպել 2024 թվականի առաջին եռամսյակում՝ մինչ այդ նոր առաջարկներ ներկայացնելու պայմանավորվածությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:47 - 28 դեկտեմբերի, 2023
Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել մեր հայրենակից դատապարտյալը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով

Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել մեր հայրենակից դատապարտյալը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունից պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու նպատակով իրականացվել է ՀՀ քաղաքացու փոխանցում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցում են «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս պետություններից մեկի տարածքում հանցագործություն կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց տեղափոխել իրենց քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։ Դատապարտյալների փոխանցման հարցերով կենտրոնական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կողմից ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշենք նաև, որ ՀՀ-ից ԻԻՀ մինչ օրս մի քանի տասնյակ դատապարտյալներ են փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացու փոխանցում չի իրականացվել, ուստի չնայած օբյեկտիվ պատճառներին համաձայնագիրը երկու երկրների միջև միայն միակողմանի էր գործել։
21:20 - 21 դեկտեմբերի, 2023
Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Դատաիրավական համակարգում կներդրվեն բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ

Նախաձեռնությունն ուղղված է դատավորների, դատախազների, քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության, ինչպես նաեւ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեներում առաջխաղացման ենթակա անձանց բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգերի ներդրմանը: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ներկայացնելով Դատական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություներ նախատեսող նախագծերի փաթեթը: «Դատավորների դեպքում բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն առաջարկվում է իրականացնել չորս տարին մեկ, իսկ մնացած սուբյեկտների դեպքում` երեք տարի պարբերականությամբ»,- ընդգծել է զեկուցողը: Նա հավելել է, որ բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության կառուցակարգերն ամբողջացնելու նպատակով սահմանվում են կարգավորումներ` ուղղված բացասական եզրակացության դեպքում դատավորների, դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ պարտադիր կարգապահական վարույթ հարուցելուն: Այսպիսով ամբողջությամբ կբացառվի կարգապահական կամ էթիկայի հանձնաժողովների հայեցողության բաղադրիչը: Փոխնախարարի տեղեկացմամբ նախաձեռնությունը քննարկվել է շահագրգիռ պետական մարմինների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Կարեն Կարապետյանի խոսքով փոփոխությունները կնպաստեն համապատասխան պետական մարմիններում բարեվարքության աստիճանի բարելավմանն ու պետական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` նշելով, որ նախաձեռնությամբ ընդլայնվում են գործող կառուցակարգերը: Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանը կարեւորել է նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները: Նրա խոսքով պատգամավորների մտահոգությունները վկայում են այն մասին, որ առաջինից երկրորդ ընթերցում անհրաժեշտ է լավարկել նախաձեռնությունը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նախաձեռնությունը, համաձայնել է գործընկերների այն դիտարկման հետ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է կանխարգելիչ դերակատարություն ունենա եւ չդառնա մահակ այս կամ այն պաշտոնյայի համար: Ըստ պատգամավորի` նախաձեռնությամբ կրկին նոր լիազորություններ են տրվում  ԿԿՀ-ին, որոնք վերջինս պետք է յուրացնի, որի համար ժամանակ է հարկավոր: «Մենք պետք է մտածենք Կոռուպցիայի թվակազմն ընդլայնելու մասին»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը: Նա առաջարկել է նախաձեռնության վերաբերյալ կազմակերպել լրացուցիչ քննարկում: Առաջին ընթերցմամբ քննարկված նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:
16:38 - 19 դեկտեմբերի, 2023
Եթե քրեական ծառայողն իր մեղքով 2 տարի անընդմեջ կրեդիտ, ստուգարք չհանձնի, կազատվի աշխատանքից. նախագիծ
 |1lurer.am|

Եթե քրեական ծառայողն իր մեղքով 2 տարի անընդմեջ կրեդիտ, ստուգարք չհանձնի, կազատվի աշխատանքից. նախագիծ |1lurer.am|

1lurer.am: Եթե քրեական ծառայողն իր մեղքով երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները, ստուգարքները չստանա, կազատվի աշխատանքից: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ գործող օրենքով քրեակատարողական ծառայողների համար վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում հետևանքներ նախատեսված չեն: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ քանի քրեական ծառայող է, որ բացասական գնահատական է ստացել, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նման նախաձեռնություն ներկայացնելու: Լևոն Բալյանը նախ տեղեկացրեց, որ համակարգում աշխատողների թիվը 2000-ից ավելի է, ապա հավելեց, որ չկա իրավական կարգավորում, որով քրեական ծառայողը պարտավորված լինի գալ և մասնակցել դասընթացին, հետևաբար նպատակը նաև նախատեսվող դասընթացներին մասնակցությունն ապահովելն է: Նախարարի տեղակալը նաև նշեց, որ կրեդիտներ, սուգարքներ չհանձնած քրեական ծառայողները համակարգում աշխատողների թվի մոտ 18 տոկոսն են կազմում:
11:31 - 11 դեկտեմբերի, 2023
Նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին

Նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախագիծը ներկայացվել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը Ծաղկաձորում բացման խոսքով են հանդես եկել «ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի գործողության մեջ դնելու հիմնահարցերի և դրանց լուծման օրենսդրական ու ինստիտուցիոնալ հեռանկարները» խորագրով աշխատանքային քննարկմանը:  Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, Արա Մկրտչյանը նշել է, որ օրերս Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, որի շրջանակներում արդեն իսկ ներդրվել են նոր ինստիտուտներ. օրինակ` համաձայնությամբ տուգանքի ինստիտուտը, որոնք ուղղված են գործնականում առաջացած մի շարք խնդիրների լուծմանը, նախաքննական և դատական մարմինների ծանրաբեռնվածության թեթևացմանը և հանրային ռեսուրսի ավելի թիրախային օգտագործմանը: Այնուհետև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործնականում իրենց կողմից դիտարկված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։ Քննարկումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Աջակցություն օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:
14:31 - 10 դեկտեմբերի, 2023