Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Մենք հույս ունենք, որ Բաքվի ցեղասպան քաղաքականությունը կդադարեցվի միջազգային խիստ միջամտությամբ. Արցախի նախագահ

Մենք հույս ունենք, որ Բաքվի ցեղասպան քաղաքականությունը կդադարեցվի միջազգային խիստ միջամտությամբ. Արցախի նախագահ

Արցախում հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։  «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախում անվտանգային ու հումանիտար իրավիճակը օրեցօր ծանրանում է, իսկ Ադրբեջանը խստացնում է վտանգներն ու սահմանափակությունները մեր ժողովրդի նկատմամբ, որի վերջին դրսևորումը եղավ միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության տակ գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ապօրինի անցակետից: Մյուս կողմից, որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում: Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այդ միջոցով հնարավորինս բաց կերպով կներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները: Այնուհետև, բոլոր ակտիվ քաղաքական շրջանակների հետ կսկսեմ խորհրդակցություններ՝ մեր անելիքները քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականությունը օր առաջ կդադարեցվի միջազգային գործուն ու խիստ միջամտության արդյունքում: Դրան զուգահեռ մենք միշտ բաց ենք խաղաղ ու բանակցային ճանապարհով քննարկելու բոլոր հիմնախնդիրները և գտնելու լուծումներ, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ են միջազգային պատշաճ ներգրավվածություն ու երաշխիքներ»,- նշել է Արցախի նախագահը:
21:21 - 31 հուլիսի, 2023
«Դադարեցնե՛լ հայկական ցեղասպանությունը Արցախում»․ Լուիս Մորենո Օքամփո
 |hetq.am|

«Դադարեցնե՛լ հայկական ցեղասպանությունը Արցախում»․ Լուիս Մորենո Օքամփո |hetq.am|

hetq.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ էր հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի շրջափակումը համապատասխանում է ցեղասպանություն հանցագործությանը:  Այսօր Լուիս Մորենո Օքամփոն Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է նախագահին, որ յոթ օրվա ընթացքում զեկույց կպատրաստի այս թեմայով։ Նա մասնավորապես գրել է․ «Արցախի նախագահը հարցրել էր՝ արդյո՞ք Ադրբեջանի այս շրջափակումը նոր ցեղասպանության սկիզբ է հայերի համար։ Եվ ես պատիվ ունեմ օգնելու»,-գրել էր Մորենո Օքամփոն։ Հաջորդ գրառումը միջազգային իրավունքի առաջատար մասնագետը հարցի ձևով է շարադրել․ «Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահը ցեղասպանություն իրականացնել այսօր։ Այո կարող է»։ Բոլոր երեք թուիթներին Լուիս Մորենո Օքամփոն ավելացրել է #StopArmenianGenocideInArtsakh #StopArmenianGenocide2023 (դադարեցնել հայկական ցեղասպանությունը Արցախում) հեշթեգը։
14:13 - 31 հուլիսի, 2023
Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից, թե արդյոք Արցախի շրջափակումը ցեղասպանություն է

Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից, թե արդյոք Արցախի շրջափակումը ցեղասպանություն է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Նամակի մեջ, մասնավորապես, նշված է.  «Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի դիրքում Ձեր փորձը (2003-2012թթ.), մասնավորապես՝ ցեղասպանության համար Սուդանի նախագահի ձերբակալության օրդեր տրամադրելու դեպքը՝ արժեքավոր կլիներ, եթե մեզ տրամադրեք անհրաժեշտ տեղեկություններ ու կարծիք: Կխնդրեինք Ձեր կարծիքը հետևյալ երեք հարցի վերաբերյալ. ա) Կարելի՞ է համարել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր ժողովրդի շրջափակումը և հատկապես 2023 թվականի հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղին ամեն տեսակի մարդասիրական օգնության մատակարարման արգելափակումը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն։ բ) Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը իրավասու է այդ հարցով զբաղվելու: գ) Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել այդ հանցագործության համար: Խնդրում եմ սա համարել որպես հրատապ խնդրանք՝ հաշվի առնելով իմ երկրում մարդասիրական և անվտանգային վատթարացող իրավիճակը՝ կապված իմ ժողովրդի օրեցօր աճող տառապանքների հետ։ Կից ներկայացնում եմ համապատասխան տվյալներ պարունակող փաստաթուղթ»:
23:26 - 29 հուլիսի, 2023
Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նստցույցը և աշխատանքային արտակարգ ռեժիմով շարունակում ջանքերը

Արայիկ Հարությունյանը դադարեցնում է նստցույցը և աշխատանքային արտակարգ ռեժիմով շարունակում ջանքերը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դադարեցնում է նստցույցը։ Հիշեցնենք՝ Արցախի նախագահը հուլիսի 17-ն միացել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների մեկնարկած նստացույցին՝ այդ կերպ նպատակ ունենալով որոշում կայացնողներին մղելու ակտիվ ու անհապաղ գործողությունների: Արցախի նախագահի հայտարարությունը՝ ստորև․ «Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին՝ կուզեի ընդգծել հետևյալ միջանկյալ արդյունքներն ու հետագա անելիքները. 1. Այս ընթացքում հրապարակային ու փակ ձևաչափով գործադրված մեր ջանքերի ու իրականացված միջոցառումների արդյունքում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացել է, ինչը դրսևորվել է նաև մի շարք միջազգային հայտարարություններով ու գործողություններով: 2. Մեզ հաջողվել է բարձրացնել միջազգային իրազեկվածության և ուշադրության մակարդակը: Այդ ուղղության գլխավոր միջոցառումը դարձավ հուլիսի 24-ին կայացած իմ հրատապ մամուլի ասուլիսը, որին մասնակցել է բավականին պատկառելի կազմ՝ միջազգային ու սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, այդ թվում՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ասուլիսի արդյունքներն արդեն երեկվանից դրսևորվում են տարբեր հրապարակումների տեսքով: 3. Հաշվի առնելով ստեղծված ծանրագույն իրավիճակը և օգտագործելով մամուլի ասուլիսի ընձեռած հնարավորությունը՝ դրա ընթացքում Արցախը հայտարարել եմ աղետի գոտի՝ միջազգային հանրությանը կոչ անելով հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերել: Դրա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն է Արցախի ժողովրդին աղետից փրկելու նպատակով այսօր Արցախ մեծաքանակ հումանիտար աջակցություն ուղարկելու մասին: Կա՛մ Ադրբեջանը կբացի Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը այդ հումանիտար աջակցության առջև, կա՛մ աղետի գոտի հումանիտար բեռների մուտքի հերթական արգելքով, ի լուր աշխարհի, լրացուցիչ կերպով կվերահաստատի իր քաղաքականության ցեղասպանական էությունը: 4. Կոչ ենք անում այլ պետություններին ու միջազգային կազմակերպություններին (առաջնահերթորեն՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին) հետևել Հայաստանի Հանրապետության օրինակին և Արցախի ժողովրդին մատակարարել հրատապ հումանիտար աջակցություն՝ իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում: 5. Նաև մեր ջանքերի արդյունքում երեկ Մոսկվայում տեղի է ունեցելՌուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, որի արդյունքները, սակայն, մեզ համար ընդունելի չեն: 6. Միաժամանակ, սպասում ենք առաջիկա օրերի ընթացքում տեղի ունենալիք այլ հանդիպումների ու միջոցառումների, որոնք, հուսանք, շոշափելի արդյունքներ կապահովեն այս աղետալի իրավիճակի վերացման հարցում: Այդ առումով մենք ցուցաբերում ենք համապատասխան նախաձեռնողականություն ու պատասխանատվություն մեր ունեցած սահմանափակ հնարավորությունների շրջանակներում: 7. Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առավելագույն ջանքերը գործադրել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի կատարման և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ դիմելու և շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ: 8. Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում ու հորդորում ենք հետևողական ջանքերով հնարավորինս մեծացնել ճնշումը միջազգային հանրության հիմնական դերակատարների, հատկապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների (Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի) կառավարությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ու Եվրոպական Միության նկատմամբ՝ կիրառելով բոլոր հնարավոր միջոցներն ուշադրություն հրավիրելու և հրատապ գործողության մղելու նպատակով: Դրանք կարող են ներառել քաղաքացիական անհնազանդության, իրազեկման, բողոքի և այլ ակցիաներ՝ օգտագործելով թույլատրելիության սահմաններում կոշտ ու ոչ ստանդարտ մեթոդներ: 9. Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ ճնշումը պետք է մեծանա՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար, և՛ հնարավոր այլ գործիքակազմերի կիրառմամբ: Այդ առումով Արցախի իշխանությունները քննարկում են բոլոր հնարավոր սցենարներն ու քայլերը՝ ըստ զարգացումների կիրառելու նպատակով: 10. Համարելով, որ իմ նստացույցը, համաժողովրդական շարժումը և մնացած բոլոր ջանքերն արդեն որոշակի արդյունք են ապահովել միջազգային ուշադրություն հրավիրելու և գործնական քայլերի մղելու հարցում՝ որոշել եմ դադարեցնել նստացույցը և շարունակել ջանքերս աշխատանքային արտակարգ ռեժիմով: Միևնույն ժամանակ, համաժողովրդական շարժման շրջանակներում շարունակվում են նստացույցներն ու այլ ակցիաները մեր այլ հայրենակիցների կողմից, իսկ ես պարբերաբար հանդիպումներ եմ ունենալու նրանց հետ և համատեղ քննարկելու ենք մեր անելիքները»,- գրել է Արցախի նախագահը։     
13:05 - 26 հուլիսի, 2023
Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, մյուս կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն․ Փաշինյան 

Բանակցային սեղանի շուրջ չեմ լսել, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների մասին, մյուս կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում նման պատրաստակամություն․ Փաշինյան 

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց հնչեցրեց Հայաստանի ու Արդբեջանի կարմիր գծերի մասին․ «Ուրբաթ օրը Դուք և Ադրբեջանի նախագահը գրեթե համաժամանակյա խոսեցիք կողմերի կարմիր գծերի մասին․ Հայաստանը պատրաստ չէ հրաժարվել ԼՂ հայերի իրավունքների հարցից, Ադրբեջանը պատրաստ չէ անդրադառնալ դրանց։ Ի՞նչ է ստացվում․ կողմերը համաձայնության չեն գալիս, զիջումը համարում են անընդունելի։ Հետևանքը կարծես հիշեցնում է նախկին շրջափուլը, երբ հայկական կոմղը պատրաստ չէր հրաժարվել առանց կարգավիճակի հակամարտության փուլային կամ փաթեային որևէ լուծումից, Ադրբեջանը պատրաստ չէր ԼՂ անկախության տարբերակը քննարկել։ Հարցը հանգեց պատերազմի։ Մտավախություն կա՞, որ նման սցենարը կարող է կրկնվել նաև այս անգամ, և ի՞նչ կարող ենք անել զարգացման այս տարբերակը բացառելու համար»։  Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին, որտեղ, ի պատասխան լրագրողի հարցի, թե որոնք են կարմիր գծերը բանակցություններում, նշել էր․ «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը»։ Ասուլիսի ընթացքում Փաշինյանը նախ համաձայնեց լրագրողի հետ՝ նշելով, որ վերջինս «ճշգրիտ նկարագրեց ոչ միայն այսօրվա իրավիճակը, այլև ընդհանրապես վերջին 30 տարվա իրավիճակը»։ «Դա մի հարց է, մի իրադրություն է, որ մեր դիմաց է, և մենք պետք է կարողանանք դիրքավորվել և հարաբերվել այդ իրավիճակի հետ։ Այս է պատճառը, որ, համենայն դեպս, բանակցային սեղանի շուրջ ես երբեք չեմ լսել այդպիսի ուղերձ, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին։ Բայց մյուս կողմից ես Ձեզ հետ համաձայն եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններից չի երևում, չի բխում կամ չի արտահայտվում նման պատրաստակամություն։ Մյուս կողմից նաև պետք է ընդգծել, որ ինձ համար հասկանալի չեն դիրքորոշումները, որոնք հնչում են Լեռնային Ղարաբաղում, բացառում են այդ թեմայով քննարկումները, բանակցությունները Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից հիշատակման արժանի է, որ նաև Լեռնային Ղարաբաղում և Լեռնային ղարաբաղից են հնչում ձայներ, որոնք խոսում են երկխոսության անհրաժեշտության մասին»,- ասաց նա։  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը: Բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով: Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը: Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը»: Ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրեց բրյուսելյան վերջին հանդիպման պայմանավորվածության մասին, որով Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Իհարկե, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հետ կապված խնդիր կա, և այդ խնդիրը պետք է հասցեագրվի, դա հնարավոր չէ ժխտել։ Այլ բան, որ այս ողջ խոսակցության ընթացքում հասկանալիորեն կա մեծ անվստահություն, որովհետև Արդբեջանի կողմից կա անվստահություն Հայաստանի նկատմամբ, Հայաստանի կողմից կա անվստահություն Ադրբեջանի նկատմամբ, և հարց է, թե ինչպես հաղթահարել այդ անվստահությունը, և այս է պատճառը, որ պետք է լինեն քայլեր, և մենք մեր կոմից անում ենք քայլեր, որոնք այդ անվստահությունը կհաղթահարեն»։ Պատասխանի վերջում Փաշինյանը նաև համաձայնեց լրագրողի՝ հետևանքների մասին պնդումին․ «Կարծում եմ, որ մենք պետք է մեր դիտանկյունները հարցերի նկատմամբ փոխենք, թե ինչ տրամաբանությամբ ենք մեր հարցերին նայում»։
14:29 - 25 հուլիսի, 2023
Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք․ Արցախի նախագահ

Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք․ Արցախի նախագահ

Հուլիսի 24-ի երեկոյան տեղի է ունեցել Արայիկ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը միջազգային և սփյուռքի շուրջ 100 լրագրողների համար՝ 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ էին, ներառյալ՝ աշխարհի ամենառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից՝ ներկայացնելով նախագահի բացման խոսքը․  «Ես ծանոթագրական խոսքս կբաժանեմ երեք հիմնական մասի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակում, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտություն և միջազգային հանրությունից ակնկալիքներ: 225-օրյա շրջափակում ու 40-օրյա պաշարում Արդեն ներկայացվել է Արցախի շրջափակման նախապատմությունն ու համատեքստը: Հստակ է, որ Ադրբեջանը, միջազգային անպատժելիության պայմաններում, շարունակաբար խստացնում է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումները՝ էթնիկ զտման անթաքույց նպատակով և էթնիկ ատելության ու խտրականության քաղաքականության հիմքով: Այս ընթացքում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել են իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող վճիռներ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան, երկկողմանի տեղաշարժի ապահովման վերաբերյալ: Բացի այդ, Եվրախորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, տարբեր պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունները, հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հստակ պահանջներ և կոչեր են ուղղել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Արցախի շրջափակումը և զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիիրառման սպառնալիքներից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն անտեսել է դատարանների որոշումներն ու միջազգային հանրության պահանջները, այլև՝ գնալով ընդլայնել և խորացրել է շրջափակումն ու ռազմական սպառնալիքները: 1. Շրջափակման նպատակները. Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք նպատակներ, այդ թվում՝ • Երկարաժամկետ. Ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում և ուժի միջոցով փակելով հակամարտության էջը. • Միջնաժամկետ. Բռնի կերպով հպատակեցնել Արցախի ժողովրդին, կազմաքանդել Արցախի Հանրապետությունը և դրա դիմադրողականության համակարգերը, Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով. • Կարճաժամկետ. Արցախի ժողովրդին ենթարկել հոգեբանական ահաբեկչության, մշտական վերահսկողություն սահմանել Արցախի մուտքի և ելքի հանդեպ, ստեղծել անտանելի պայմաններ Արցախում ապրելու համար, փորձարկել և հատել հայկական կողմերի կարմիր գծերը, հեղինակազրկել անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքները. 2. Շրջափակման ձևերը. • Մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի արգելաափակում: • Ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և կապի խաթարում։ • Անվտանգային շրջափակում՝ հաճախակի հարձակումներ ու սադրանքներ, տարածքների ինտենսիվ ռազմականացում, կրակոցներ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց ուղղությամբ: • Հոգեբանական շրջափակում՝ ագրեսիվ հռետորաբանություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառում, անորոշության և վախի մնթնոլորտի ստեղծում: • Տեղեկատվական շրջափակում՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածում, միջազգային փաստահավաք առաքելությունների, լրագրողների, հումանիտար կազմակերպությունների մուտքի արգելափակում: 3. Շրջափակման հետևանքները. . շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ: • Սննդի մեծ սղություն կա, քանի որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործվող սննդի մոտ 90%-ը ներկրվում էր Հայաստանից: 40 օր է ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրանքը և դրա մատակարարումը մեծապես տուժել են վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի բացակայությունից: • Վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների գրեթե բացակայության պատճառով չեն կատարվել գյուղատնտեսական աշխատանքների 80%-ը, նույնիսկ հացահատիկի բերքահավաքը կազմակերպվել է խիստ մասնակի ծավալով, դադարել են նույնիսկ շրջափակման ընթացքում մասնակիորեն գործող տնտեսական ձեռնարկությունները, գրեթե ամբողջությամբ դադարել է հանրային տրանսպորտը, խիստ դժվարությամբ են աշխատում առողջապահական ու այլ առաջին անհրաժեշտության ծառայությունները: • Առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը՝ հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդյություններով ծնվելու դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի, դադարել են բոլոր պլանային հետազոտություններն ու վիրահատությունները, հարյուրավոր բուժառուներ չեն կարողանում մեկնել Հայաստան ու արտասահման՝ բուժման նպատակով, էլեկտրամատակարարման ամենօրյա խափանումների ու անհրաժեշտ սպասարկման բացակայության պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական կարևոր սարքավորումները: • Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով տարբեր ժամանակահատվածներում լրիվությամբ կամ մասնակի փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, հոգեբանական ահաբեկչության ու թերսնման պատճառով մեծապես տուժել է երեխաների ընկալունակությունն ու առաջադիմությունը, հարյուրավոր ուսանողներ չեն կարողանում մեկնել Հայաստան և արտասահման՝ կրթության շարունակման նպատակով: • Արդեն 196 օր է, ինչ Ադրբեջանը խափանում է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով ամեն օր առնվազն վեց ժամով հովհարային անջատումներ են տեղի ունենում, իսկ տնտեսական բազմաթիվ ձեռնարկություններ դադարել են գործելուց: Իսկ գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցված է արդեն 158 օր շարունակ՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքների: • Մասնավոր հատվածում Փակվել են բոլոր արտադրամասերը, գրեթե ամբողջությամբ փակվել են բոլոր ծառայություններ մատուցող ընկերությունները, մասնավոր հատվածում աշխատողների ավելի քան 80%-ը դարձել է գործազուրկ, որը ավելի քան 15,000 մարդ է, դադարել են 3,700 բնակարանների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար, տնտեսության ուղիղ վնասը կազմել է շուրջ 430 միլիոն դոլար, որը նախատեսված տարեկան ՀՆԱ-ի շուրջ 50%-ն է: 4. Շրջափակման գնահատականները. Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի համար կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։ Միջազգային իրավունքը որակում է նման քաղաքականությունը որպես ցեղասպանություն և պարտավորեցնում միջազգային հանրության բոլոր պետություններին քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ցեղասպանության հանցագործությունը։ Ադրբեջանի պնդումները, թե Արցախի հարցը հանդիսանում է իր ներքին գործ, հիշեցնում է Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, երբ զանգվածային սպանությունները նույնպես որակվում էին որպես ներքին գործ։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը չընդունեց նման արդարացումները և մերժեց ներքին գործերի պատրվակով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնելու իրավունքի գոյությունը։ Միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների ուշացումը օր օրի մոտեցնում է անդառնալիության կետը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն Հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները: Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը: Բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով: Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը: Մարդկանց տառապաքներն առևտրի առարկա դարձնելն անթույլատրելի է: Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը, որի նպատակը նրա ժողովրդին առավելագույնս զրկանքների ենթարկելն է, պետք է անհապաղ և անվերապահորեն դադարեցվի՝ համաձայն Միջազգային դատարանների որոշումներին և արդարության սկզբունքների: Շրջափակման դադարեցումը և մարդկանց տառապանքների թեթևացումը անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ կստեղծեն բանակցությունները սկսելու համար և առավել բարենպաստ պայմաններ կձևավորեն բովանդակալից քննարկումների համար: Բանակցային գործընթացի հիմքում պետք է բացառապես լինեն միջազգային իրավունքի նորմերն ու համընդհանուր արժեքները, ինչպիսիք են՝ արդարությունը, արժանապատվությունը և իրավահավասարությունը: Ցանկացած արհեստական սահմաններ, որոնք կարող են կանխորոշել բանակցությունների արդյունքը, պետք է բացառվեն:Կարևոր է ընդգծել, որ խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի հարցը, որը, միջազգային իրավունքի տեսանկյունից, շարունակում է մնալ չլուծված: Մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը անառարկելի հիմք են ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա: Այդ սկզբունքն իր կարևոր տեղն է ունեցել 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի խորհուրդները հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա: Միջազգային հանրությունից ակնկալիքները Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով: Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Նամակներ եմ հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներին, որոնք նաև հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալություններին, մանրամասն նկարագրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը և պահանջելով իրականացնել գործում քայլեր իրավիճակին համարժեք արձագանքնելու համար։ Հասունացել է միակողմանի քայլեր ձեռնարկելու պահը՝ որպես զանգվածային հանցագործությունը կանխարգելելու վերջին միջոց։ Իհարկե, առաջին հերթին 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից ու հատկապես Ռուսաստանից ունենք պահանջներ՝ կատարելու անվտանգության երաշխավորի պարտավորությունները, իսկ հատկապես Հայաստանից էլ պահանջում ենք, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտագության խորհրդից իր մանդատի և պարտավորությունների շրջանակում վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման որոշումների կատարումը:Այս կապակցությամբ, հրատապ եմ համարում Միավորված ազգերի կազմակերպության, նրա ողջ համակարգի և գործակալությունների ներգրավվածությունը, որոնք հատուկ լիազորված են գործել հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում։ Պահանջում եմ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարից դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն՝ միջազգային հանրությանը զգուշացնելու Արցախի ժողովրդի ծանր վիճակի մասին։ Պահանջում եմ պարոն Գուտերեշից առանց հապաղելու և առանց վարանելու գործի դնել ՄԱԿ-ի համակարգը այս ճգնաժամը լուծելու համար: Ես պատրաստ եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, պարոն Գոտերեշին անձամբ ներկայացնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը առցանց ձևաչափով։ Պահանջում եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով, ինչպես նաև քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալներից գործել հիմա։ Բարձրաձայնել Արցախում ճգնաժամի մասին և պահանջել միջազգային հանրության կողմից անհապաղ ջանքերի գործադրումը՝ Արցախում ՄԱԿ-ի մուտքի մանդատ տալու և ներկայության համար: Պահանջում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեններից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենից հետևել իրենց մանդատին ու պարտականություններին՝ պահանջել իրենց ներկայությունն Արցախում՝ ը Արցախի ժողովրդին տեղում հրատապ ու նաև շարունակական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ներգրավված դերակատարներից պահանջում ենք դադարեցնել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հանցավոր օրակարգին, ինչը միայն խորացնում է անմեղ մարդկանց տառապանքները և կոչ ենք անում կոնկրետ քայլերի իրականացում՝ երաշխավորելու բարենպաստ միջավայր Արցախի ժողովրդի կայուն անվտանգության և հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման համար: Այսօր ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելումը միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորություն է։ Անընդունելի է, որ ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը արտահայտվի միայն կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու պատրաստակամությամբ։ Միջազգային հանրությունը և առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որին անդամակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, և որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար, այդ թվում զանգվածային հանցագործությունների կանխարգելման համար, տիրապետում է թե մանդատով, թե անհրաժեշտ գործիքակազմով, թե պարտավորությամբ՝ կասեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։ Վերջիվերջո, Ադրբեջանի միջազգային անպատժելիությունը պետք է մեկ օր կասեցվի, այլապես այն ծնելու է նորանոր դաժանագույն հանցագործություններ, որոնց շեմին ենք գտնվում այժմ»։ 
12:38 - 25 հուլիսի, 2023
Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արցախի նախագահ |tert.am|

Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արցախի նախագահ |tert.am|

tert.am: Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարն ու կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցով իրենց հայտարարություններում։ Այս մասին գրել է Interfax-ը։ «Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Interfax-ի հարցին։ Նա նշել է, որ անկախ հայտարարություններից, Լեռնային Ղարաբաղը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։ Հարությունյանը նաև նշել է, որ պատրաստ է Բաքվի հետ երկխոսության, որը «պետք է նաև հաշվի առնի մեր իրավունքներն ու հարաբերվի հավասարության սկզբունքով»։ Արցախի ղեկավարն ասել է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, պետք է ապաշրջափակվի՝ հումանիտար աղետի կանխման, սննդամթերքի առաքման համար։ Ըստ կայքի՝ Հարությունյանը դեմ է արտահայտվել Բաքվից «Բարդա-Աղդամ» (չակերտները Tert.am-ի) (Բարդա-Ակնա) ճանապարհով մթերք մատակարարելու՝ Ադրբեջանի առաջարկին։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահները նույնպես դժվարություններ ունեն պարենով ապահովելու հարցում, և «նրանք նույնպես օգտվում են սննդի մեր սուղ պաշարներից»։
22:43 - 24 հուլիսի, 2023
Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը․ Արցախի նախագահի կոչը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներին

Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը․ Արցախի նախագահի կոչը՝ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է  Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին՝ 2023թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպմանն ընդառաջ: Կոչի տեքստը՝ ստորև: «Կրկին ահազանգում եմ Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 225-օրյա շրջափակման, այդ թվում՝ 40-օրյա լիակատար պաշարման և դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետի անհապաղ վերացման անհրաժեշտության մասին: Խստագույնս դատապարտելի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման, կողմերի միջև փոխվստահության միջավայրի ձևավորման փոխարեն Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքական օրակարգի իրականացման հիմնական գործիքներից են Արցախի Հանրապետության շրջափակումն ու արդեն լիակատար պաշարումը, կենսական ենթակառուցվածքների շարունակական խափանումը և անթաքույց ցեղասպանական քաղաքականության վարումը: Ընդգծում եմ, որ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ, որոնք անմիջական հետևանք են Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային իրավական հանրահայտ փաստաթղթերի կոպտագույն խախտումների : Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը: Լիազորված իմ ժողովրդի կողմից տրված իշխանության մանդատով՝ պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում: Մեր ժողովրդի կենսագործունեության այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները: Ստեղծված աղետալի իրավիճակն առաջին հերթին Եռակողմ հայտարարության կողմերի կողմից անհապաղ կերպով չկարգավորվելու դեպքում վերահաս ողբերգությունների պատասխանատվության հիմնական մասն ընկնում է հենց նրանց վրա։ Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը»:
18:11 - 24 հուլիսի, 2023
Ցանկացած որոշում միասին ենք կայացնելու. Արցախի նախագահ |news.am|

Ցանկացած որոշում միասին ենք կայացնելու. Արցախի նախագահ |news.am|

news.am: Արցախյան երրորդ պատերազմում զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամներն այսօր՝ հուլիսի 20-ին, հանդիպել են նստացույցը շարունակող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Վերջինս չի խուսափել նաև սուր հարցերին պատասխանելուց. Նրան հարցրել են, թե ինչու է ընտրել պայքարի այս տարբերակը, միթե երկրի ղեկավարն այլ տարբերակ չի տեսնում: «Այս փուլում պայքարն այս ձևաչափով ենք մտածել, եթե սա էլ արդյունք չտա, արդեն հաջորդ քայլին ենք գնալու, որովհետև այսօր մենք միջազգային առումով ունենք որոշակի հաջողություններ, բայց հումանիտար առումով շատ վատ վիճակում ենք, որը պետք է հաղթահարենք: Մինչև էս փուլը մեզ համար հումանիտար ճեղքն է, որ կարողանանք հումանիտար բեռները բերել Արցախ, իսկ ընդհանուր քաղաքական հարթակներում այն փոքր հաջողությունները, որ ունենք, պետք է զարգացնենք»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ ցանկացած որոշում միասին են կայացնելու:
18:17 - 20 հուլիսի, 2023
Պայքարի իմիտացիա, Արցախի իշխանությունները վախենում են քննադատել Փաշինյանին, կամ նրա ածանցյալներն են․ Դավիթ Գալստյանն՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին
 |tert.am|

Պայքարի իմիտացիա, Արցախի իշխանությունները վախենում են քննադատել Փաշինյանին, կամ նրա ածանցյալներն են․ Դավիթ Գալստյանն՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի մասին |tert.am|

tert.am: Այնպես չէ, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստացույց հայտարարելու քայլը միանշանակ է ընդունվել թե՛ արցախցիների, թե՛ քաղաքական ուժերի կողմից։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։ Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ ԱՀ նախագահի քայլը որպես պայքարի միջոց կասկածանքների տեղիք է տալիս, քանի որ նստացույց անելու նրա գործողությունը չի տալիս այն հարցի պատասխանը, թե ում անգործության շնորհիվ է Արցախը հայտնվել օրհասական իրավիճակում։ «Այստեղ է այդ կասկածների տեղիքը, որ այս ամենն այդքան էլ անկեղծ չէ։ Մնացած առումով նշեմ, որ 2018 թվականից սկսած պետք է պայքարեին չարիքի իշխանության դեմ, որովհետև Հայաստանի իշխանության գործողությունները քայլ առ քայլ Արցախը տանում էր Ադրբեջանի հետ բռնակեցման։ 2020 թվականի պատերազմից հետո ևս չշարունակեցին այդ իշխանության դեմ պայքարելը։ Այսօր արդեն Արցախի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունն իր վարած քաղաքականությամբ Արցախը տանում է կործանման»,- նշեց Գալստյանը՝ շեշտելով, որ արցախցիներից շատերը կարծիքով Արցախի ղեկավարությունն իմիտացիա է անում, այլ ոչ իրական պայքար։ Դիտարկմանը, թե նստացույցը սեփական անկարողության ցուցադրությո՞ւն է, եթե դա արվում է երկրի ղեկավարի կողմից, «Արդարություն» խմբակցության ղեկավարն արձագանքեց․ «Մենք համոզված ենք, որ երկրի ղեկավարն ավելի լայն լիազորություններով է օժտված։ Նա այդ լիազորություններով շատ ավելի էֆեկտիվ պայքար կարող է տանել, քան այդ նստացույցն է»։ Դավիթ Գալստյանը չի պատկերացնում, թե Արայիկ Հարությունյանը պայքարի կոշտ գործողություններ ասելով ինչ նկատի ունի, բայց նկատում է․ «Ունեինք բեռնափոխադրումների հնարավորություններ, բայց իշխանությունները ճիշտ չօգտագործեցին այդ հնարավորություն, և չգիտենք, թե ինչու մայոնեզ, կետչուպ և ոչ առաջին անհրաժեշտության ապրանքներ բերելով չկարողացան պարենային համապատասխան պահեստավորումներ կատարել՝ մեզ հասցնելով այս իրավիճակին։ Եթե Արցախի բլոկադան հայաստանյան իշխանությունների պատճառով է, ապա պարենային դեֆիցիտը Արցախի իշխանության անգործության հետևանքն է»։ Ի դեպ, Դավիթ Գալստյանի կարծիքով, եթե Բրյուսելում քննարկված չլիներ Աղդամով Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու հարցը, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը նման հայտարարություն դժվար աներ։ «Առանց Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու, չէր կարող նման բան ասել։ Իսկ Արցախից քննադատել Միշելին և գլխավոր մեղավորին շրջանցելը, դա խոսում է այն մասին, որ այս իշխանությունները վախենում են Փաշինյանից նրան քննադատելու համար կամ էլ սրանք Նիկոլ Փաշինյանի ածանցյալներն են, և սա ծրագիր է, որը համատեղ կյանքի են կոչում Արցախի և Հայաստանի իշխանությունները»,- շեշտեց նա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:33 - 19 հուլիսի, 2023
ԱՀ նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին` միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա

ԱՀ նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին` միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով Արցախում տիրող իրավիճակի վրա

Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, սակայն կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք. կոչից կոչ վիճակն ավելի բարդացել է, իսկ Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, ինչը նշանակում է միջազգային իրավակարգի հոգեվարքը: Այս մասին իր ուղերձում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց` ներկայում ունեն սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղություն, գյուղատնտեսական աշխատանքների կասեցում, բաժանված ընտանիքներ, թերսնված հղիներ: Հարությունյանը նշեց` բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար պատշաճ դիմադրություն, այդ ջանքերի շնորհիվ են կարողացել դիմակայել շրջափական ծանր մարտահրավերներին: «Հաշվի առնելով վերահաս աղետը` որոշել եմ դիմել ծայրահեղ մեթոդի` այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների մեկնարկած նստացույցին»,- ասաց նա` նշելով, որ այս կերպ նպատակ ունի որոշում կայացնողներին մղելու ակտիվ ու անհապաղ գործողությունների: Հարությունյանը նաև հույս հայտնեց, որ միջազգային դերակատարները զերծ կմնան Ադրբեջանի ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց: Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն հուն և չբարելավվի, Հարությունյանը նշեց` դիմելու են ավելի կոշտ գործողությունների: Հարությունյանը ընգծեց, թե որն է նստացույցի ակնկալիքը։ «Այս նստացուցյով մենք ակնկալում ենք, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը և յալ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած առընչվող դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ և  հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց։ Իսկ այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտաարրության, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի հրամանների և միջազգային այլ ակտերի և պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ»,- նշեց նա։
22:27 - 17 հուլիսի, 2023
Արցախի նախագահը հրատապ ահազանգ-դիմում է հղել միջազգային հանրության դերակատարներին

Արցախի նախագահը հրատապ ահազանգ-դիմում է հղել միջազգային հանրության դերակատարներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին՝  պահանջելով ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում կիրառել հրատապ ու գործուն քայլեր՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի ապօրինի ու լիակատար շրջափակումը և կասեցնելու Արցախի ժողովրդի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործությունները և ահաբեկչությունը։ Նամակներում, ի լրումն յուրաքանչյուր հասցեատիրոջից Արցախի Հանրապետության ակնկալիքների ներկայացման, նաև անդրադարձ է եղել առկա իրավիճակին։ Նամակների տեքստի հիմնական մասը՝ ստորև. «Ես, որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ, Արցախի իշխանության և ժողովրդի անունից այս հրատապ դիմումով ահազանգում եմ միջազգային հանրությանը Արցախում ձևավորված ու խորացող անվտանգային ու հումանիտար ճգնաժամի մասին, որն արագորեն վերածվում է աղետի: Այս վիճակը ձևավորվել է Ադրբեջանի կողմից իրականացված հետևյալ հանցավոր գործողությունների հետևանքով.   2022 թ. դեկտեմբերի 12-ին Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի՝ Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի շուրջ 120,000 բնակչությունը հայտնվել է շրջափակման մեջ: Բացի դրանից, Արցախի Հանրապետության շուրջ 30,000 քաղաքացիներ զրկվել են հայրենիք վերադառնալու իրավունքի իրացման հնարավորությունից: Այդ ժամանակվանից մարդկանց ու բեռների հումանիտար տեղաշարժը Լաչինի միջանցքով տեղի է ունենում բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից՝ խիստ սահմանափակ ծավալով ու որոշակի պարբերական խափանումներով, իսկ Արցախի քաղաքացիների մեքենաների տեղաշարժը լրիվությամբ արգելված է: 2023 թ. հունվարի 9-ից Ադրբեջանը խափանել է Հայաստան-Արցախ բարձրավոլտ միակ գծով էլեկտրամատակարարումը՝ այս 185 օրվա ընթացքում անընդմեջ կերպով հարուցելով Արցախում էներգետիկ ու հումանիտար լրջագույն խնդիրների, էլեկտրամատակարարման ամենօրյա վեցժամյա հովհարային անջատումների, էլեկտրականության սպառման ծավալների 48% նվազման և էլեկտրաէներգիայի արտադրության ու մատակարարման տեղական համակարգերի հյուծման: Իսկ ահա 2022 թ. դեկտեմբերի 13-ից պարբերաբար, իսկ մարտի 21-ից գրեթե անընդմեջ կերպով Ադրբեջանը խափանել է Հայաստանից Արցախ միակ գազամատակարարումը (հանրագումարային 148 օր շարունակ)՝ դրանով խորացնելով էներգետիկ ու հումանիտար ճգնաժամը: Ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Լաչինի միջանցքում՝ արդեն պաշտոնապես ու անթաքույց կերպով մեկնարկելով ռազմական, կոշտ ու կամայական հսկողություն բոլոր տեղաշարժերի հանդեպ: Հունիսի 15-ից հետևել է Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը Ադրբեջանի կողմից՝ բացարձակապես արգելելով նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից որևէ անձի ու ապրանքի (ներառյալ՝ սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների, վառելիքի) երկկողմանի փոխադրումը:   Հունիսի 25-ից հուլիսի 10-ը խիստ սահմանափակ ծավալներով վերականգնվել էր միայն  Կարմիր խաչի միջոցով հրատապ խնդիրներ ունեցող բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ, ինչպես նաև որոշակի դեղորայքի ներկրումն Արցախ, իսկ հուլիսի 10-ից Կարմիր խաչի տեղաշարժը կրկին արգելափակված է: Այս ողջ ընթացքում Ադրբեջանը կիրառել է ուժ և ուժի սպառնալիք Արցախի ժողովրդի հանդեպ՝ էթնիկ ատելության ու ահաբեկչության ակնհայտ դրսևորումներով և էթնիկ զտման անթաքույց նպատակով: Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակաբար խոչընդոտվում է շփման գծին հարակից շուրջ 10,000 հեկտար հողերում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը, որը կազմում է մշակված ընդհանուր հողատարածքների զգալի մասը: Հատկապես հունիսի 15-ից բոլոր հումանիտար մատակարարումների կասեցման և բացառապես ներքին պաշարների օգտագործման հետևանքով օրեցօր սրվում է հումանիտար վիճակը, մասնավորապես՝ Առկա է սննդի վատթարացող սղություն և դա այն դեպքում, որ շրջափակումից առաջ օգտագործվող բոլոր պարենատեսակների շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից. Վառելիքի և անհրաժեշտ այլ միջոցների խորացող սղության պատճառով չի իրականացվել նախատեսված գյուղատնտեսական աշխատանքների շուրջ 70 տոկոսը, իսկ տնտեսության այլ ճյուղերում՝ ավելին. Նույն պատճառով հանրային տրանսպորտի ներքին տեղաշարժը կրճատվել է մոտ 50 տոկոսով, իսկ մասնավոր տրանսպորտի պարագայում՝ գրեթե ամբողջությամբ. Դեղորայքի, բժշկական ու հիգիենայի պարագաների աճող պակասը և բուժառուներին Հայաստան տեղափոխելու արգելքը ահագնացող վտանգներ են հարուցում մարդկանց կյանքի ու առողջության հանդեպ. Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումների ու վառելիքի սղության պայմաններում մեծ դժվարությամբ ու խափանումներով են գործում բժշկական սարքավորումները՝ հանգեցնելով մատուցվող ծառայությունների ծավալների ու որակի լրացուցիչ նվազման. Անհրաժեշտ մթերքների և վիտամինների պակասի պատճառով առաջին հերթին մոտ 2,000 հղիները և շուրջ 30,000 երեխաները ստիպված են գոյատևել թերսնման պայմաններում. Էլեկտրամատակարարման ամենօրյա անջատումները և վառելիքի ու այլ անհրաժեշտ պարագաների սղությունը լրջագույն խափանումների պատճառ են դառնում բազմաթիվ բնակավայրերի ջրամատակարարման և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների գործունեության մեջ. Շրջափակման և էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարումների խափանման պատճառով շուրջ 12,000 անձ դարձել է գործազուրկ ու զրկվել եկամտի աղբյուրից, ինչը մասնավոր հատվածում փաստացի աշխատող անձանց ավելի քան 60 տոկոսն է: Արցախի ժողովրդին բռնի կերպով հպատակեցնելու միջանկյալ նպատակով իրականացվող Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և բարենպաստ հող  նախապատրաստում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ադրբեջանն այսպիսի քայլերով միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի կյանքի համար անտանելի պայմաններ՝ նպատակ ունենալով հասնել Արցախի հայաթափմանը և Արցախի ժողովրդի ոչնչացմանը որպես այդպիսին։ Նշված և բազմաթիվ այլ անվտանգային ու հումանիտար հիմնախնդիրներն ահագնացող սպառնալիքներ են ներկայացնում Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության համար: Առկա իրավիճակը պայթյունավտանգ է և հղի շատ կարճ ժամկետում վերածվելու իրական աղետի ոչ միայն Արցախի ժողովրդի, այլև՝ ողջ տարածաշրջանի համար: Նման պայմաններում ցավով արձանագրում ենք, որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ չի կատարում և շարունակաբար ոտնահարում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թ. դեկտեմբերի 21-ի որոշումը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի հրամանները, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպությունների ու բազմաթիվ պետությունների պահանջներն ու հորդորները: Ավելին, միջազգային անպատժելիությամբ խրախուսված Ադրբեջանը հետևողականորեն զարգացրել է իր ագրեսիվ ու հանցավոր գործողությունները»:
17:18 - 14 հուլիսի, 2023
Արցախի նախագահը տվել է ռեսուրսների վերաբաշխման, ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծման հանձնարարականներ

Արցախի նախագահը տվել է ռեսուրսների վերաբաշխման, ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծման հանձնարարականներ

Արցախի Հանրապետության   նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում  իրականացվող ջանքերը և   Արցախ-Հայաստան միջանցքի  ապաշրջափակման վերաբերյալ  տարբեր միջազգային կառույցներից ու պետություններից հնչող կոչերը  դրական արդյունք չեն տվել ոչ միայն Արցախի շրջափակումը ճեղքելու, այլև  Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում, ինչն ավելի ակտիվ և հասցեական աշխատելու  հրամայական է  առաջադրում:   Ելնելով իրավիճակից՝  Նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ՝ Հանրապետության կենսագործունեության ապահովման նպատակով առկա ռեսուրսների վերաբաշխման, ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ:
20:33 - 13 հուլիսի, 2023