ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Հունվար-մարտ ամիսներին ԱԱԾ-ն պետական իրավասու տարբեր մարմիններին է փոխանցել 624 նյութ, հարուցվել է 80 քրգործ

Հունվար-մարտ ամիսներին ԱԱԾ-ն պետական իրավասու տարբեր մարմիններին է փոխանցել 624 նյութ, հարուցվել է 80 քրգործ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2022 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության մարմիններում նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շարժի, ինչպես նաև սկզբնական տեղեկատվությունն իրավասու այլ մարմիններին փոխանցելու վերաբերյալ եռամսյակային ամփոփագիր է ներկայացրել:  Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 624 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա հարուցվել են 80 քրեական գործեր։  Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 67 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 29-ը՝ պաշտոնեական դիրքի չարաշահումների և յուրացումների, 26-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 2-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։         Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 17 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 9-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 8-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։ Նշված ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 226 քրեական գործեր, որից դեպարտամենտի քննիչների կողմից հարուցվել է 98 քրեական գործ, 46 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 14 քրեական գործի վարույթ, իսկ 68 քրեական գործ փոխանցվել է 2021 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 15 քրեական գործ 19 անձանց նկատմամբ, կարճվել են 49-ը, կասեցվել է 31 քրեական գործերի վարույթ, 42 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 16 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի, 73 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննված քրեական գործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 6.982.174.367 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 6.695.459.950 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը՝ 274.775.217 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը՝ 11.939.200 ՀՀ դրամ: Ընդ որում՝ նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 2.480.312.771 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված վնասից 270.571.217 ՀՀ դրամը:
16:52 - 21 ապրիլի, 2022
ԱԱԾ-ն առաջարկում է ՊՊԾ-ի գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին

ԱԱԾ-ն առաջարկում է ՊՊԾ-ի գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հանրային քննարկման է ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Նախագծով առաջարկվում է  պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին․ «Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն՝ պետական պահպանության ծառայությունն ունի Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի կարգավիճակ: Այդուհանդերձ, պետական պահպանության ծառայությունը հանդես է գալիս որպես որոշակիորեն ինքնուրույնությամբ օժտված միավոր, ինչը դրսևորվում է վերջինիս գործառույթների առանձնահատկությամբ և յուրահատկությամբ, որոնց իրացման գործընթացում թեև Ազգային անվտանգության ծառայության աջակցության կարիքն առանձին դեպքերում առկա է, սակայն դրանց կենսագործումն անմիջականորեն «պայմանավորված» չէ Ազգային անվտանգության ծառայության մասնակցությամբ և հարկ եղած դեպքում համապատասխան աջակցությունը լիարժեք կերպով կարող է տրամադրվել նաև պետական մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում»: Ըստ նախագծի՝ առաջարկվում է նաև ՊՊԾ-ն ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում․ «Կարևորել զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է վերջինիս ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»։ ԱԱԾ-ի ներկայացրած նախագծով՝ ՀՀ պաշտոնաթող նախագահներին ՀՀ տարածքում առաջարկվում է տրամադրել անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով, իսկ պաշտոնաթող վարչապետներին առաջարկվում է տրամադրել անձնական պետական պահպանություն 10 տարի ժամկետով, որն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով։ Գործող կարգավորումներով պաշտոնաթող նախագահներին ու վարչապետերին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Բացի նշյալ փոփոխություններից՝ առաջարկվում է, որ անձնական բժիշկ ունենա նաև Ազգային ժողովի նախագահը․ «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա»։
13:29 - 19 ապրիլի, 2022
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ի նարկոլոգը դուրս է գրել և վաճառել հոգեմետ դեղեր. Դատախազություն

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ի նարկոլոգը դուրս է գրել և վաճառել հոգեմետ դեղեր. Դատախազություն

«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ում հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, իրացման, ինչպես նաև կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ 2021թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ  «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա.Ս.-ն,  նախնական համաձայնության գալով նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ հետ, խախտելով կանոնները, փաստաթղթեր կեղծելու եղանակով, իրացման նպատակով 2021թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, իրացման նպատակով «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի հաշվեկշռից դուրս է գրել և ապօրինի ձեռք բերել «դիազեպամ», «սիպազոն», «գալոպրիլ», «ազալեպտին», «տիզերցին» և «ամպարոլ» տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութեր և դեղեր, որոնք վաճառել է իր հետ նախնական համաձայնության եկած մի շարք քաղաքացիների։  Բացի այդ, պարզվել է, որ նույն նարկոլոգը, նախնական համաձայնության գալով նարկոլոգիական և հոգեբուժական բաժանմունքի 2 բուժքույրերի հետ, իր  մասնագիտական գործունեությունն իրականացնելիս օժտված լինելով վարչատնտեսական գործառույթներ կատարելու լիազորություններով,  2021թ. ապրիլից մինչև 2021թ. հուլիս ժամանակահատվածում մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, ալկոհոլային կախվածությունից հանելու և համապատասխան ներարկումներ կատարելու, առանց գրանցելու ալկոհոլային կախվածության դեմ բուժում իրականացնելու, առանց համապատասխան բժշկական ստուգումների և եզրակացության կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից հանելու, վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու նպատակով նարկոլոգիական բաժանմունքի հաշվառումներից  հանելու համար տարբեր պացիենտներից կամ նրանց հարազատներից պահանջել և ստացել է 5000-ից մինչև 30.000 դրամ կաշառք՝ առանձին դեպքերում մասնաբաժին հատկացնելով բուժքրոջը: Նախաքննության ընթացքում քաղաքացիների բնակության հասցեներում, բուժկենտրոնի նշված աշխատակիցների բնակության հասցեներում, աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր, նյութեր: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), նույն կենտրոնի նարկոլոգիական բաժանմունքի բուժքույր Ջ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (5 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Իրենց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք տված 9 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Հետագայում որոշումներ են կայացվել նրանցից 4-ի նկատմամբ գործուն զղջալու՝ ոչ արդարացնող, իսկ 1-ի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ստացվել է գործով մեղադրական եզրակացությունը, որը հաստատվել է վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված ՓԲԸ-ի նարկոլոգի, նարկոլոգիական բաժանմունքի բուժքրոջ և կաշառք տված 4 անձի, ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:45 - 13 ապրիլի, 2022
«Հայելային հետքաշման» իրականացման դեպքում սահմանի պահպանությունը կվստահեն ԱԱԾ-ին
 |civilnet.am|

«Հայելային հետքաշման» իրականացման դեպքում սահմանի պահպանությունը կվստահեն ԱԱԾ-ին |civilnet.am|

civilnet.am: Սոթք-Խոզնավար հատվածում «հայելային հետքաշման» գործընթացն իրականացնելու պարագայում պետական սահմանի պահպանության իրականացումն առաջարկվելու է Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ կառավարության աշխատակազմից։ Պատասխանում նշված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «հայելային հետքաշման» առաջարկը «դեռևս գտնվում է քննարկման փուլում, և դրա շուրջ ընթանում են բանակցություններ»։ «Հայելային հետքաշումը պետք է ապահովի բնակչության, սահմանին մոտ գտնվող բնական ռեսուրսների (նրանց անխափան օգտագործման) և պետական ենթակառուցվածքների անվտանգությունը»,- ասված է պատասխանում։ ՍիվիլՆեթը խնդրել էր պարզաբանել, թե միջազգային որ փորձի հիման վրա է Հայաստանն առաջարկում իրականացնել «հայելային հետքաշում», ինչպես նաև տրամադրել Խորհրդային Հայաստանի այն քարտեզները, որոնք ընկած են կառավարության առաջարկի հիմքում։ Կառավարությունից, սակայն, այս հարցերին չպատասխանեցին։ «Հայելային հետքաշում» բառակապակցությունը գործադիրի խոսույթ մտավ 2021-ի մայիսի 27-ից։ Այդ ժամանակ կրկին գործադիրի նիստին Փաշինյանն առաջարկեց հետ քաշվել Սոթք-Խոզնավար հատվածի այն մասերում, որտեղ ադրբեջանական ուժերը ներխուժել էին մայիսի սկզբին։ Թե ինչու վարչապետ Փաշինյանը որոշեց նաև Երասխի մասով առաջարկել հետքաշման տարբերակը՝ անհասկանալի է գյուղի բնակիչների համար։ 2022-ի մարտի 24-ի նիստին վարչապետն այդ գաղափարին ավելացրեց Երասխի դիրքերը։   Գլխավոր լուսանկարը՝ Սիվիլնեթի-ի    
14:43 - 08 ապրիլի, 2022
ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

ԱԱԾ-ն չհիասթափեցրեց իր հանդեպ թերահավատ ավիատորներին |hetq.am|

hetq.am: Իրանում հայտնված հայկական օդանավի գործը, ըստ էության, կարելի է փակված կամ «ջրված» համարել։ Քրեական գործի վարույթը կասեցվել է, ինչը նշանակում է, որ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, հաստատեց ավիատորների այն բոլոր կասկածները, որ գործը դժվար թե բացահայտվի։ Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերության հաշվեկշռում գրանցված «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) 2021 թ․ փետրվարի 19-ին թռել էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից եւ ուկրանական Գոստոմելի օդանավակայանում վայրէջք կատարելու փոխարեն հասել էր Բուլղարիա՝ Վառնա քաղաք, որտեղ գիշերել էր, իսկ հաջորդ օրը՝ ամսի 20-ին, կրկին անօրինական ձեւով հայտնվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում ու միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան: ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել էր, որ օդաչուները եղել են Տաջիկստանի քաղաքացիներ։ Ինչպես «Հետքին» պատմել էին ավիաընկերության ներկայացուցիչները, 2020-ի օգոստոսին իրենց վարձակալած այս օդանավի սեփականատերը՝ շվեյցարական «BK Impex» ընկերությունը, պարտավոր էր անցկացնել բոլոր տեխնիկական աշխատանքները՝ օդանավը թռիչքային պիտանիության վիճակի բերելու համար։ Աշխատանքների ավարտից հետո օդանավը պետք է տեղափոխվեր Հայաստան՝ հետագա շահագործման համար: Բայց քանի որ 2020-ի աշնանը մեր երկրում պատերազմ էր եւ կորոնավիրուսի համավարակ ամբողջ աշխարհում, օդանավը Հայաստան տեղափոխելու աշխատանքները դանդաղել էին։ Երբ իրավիճակը կայունացել էր, օդանավի տեխնիկական աշխատանքները Տալլինում վերսկսվել էին, եւ սեփականատիրոջ կողմից որոշում էր կայացվել դրանց մնացած մասը իրականացնել Ուկրաինայի Գոստոմել քաղաքի օդանավակայանում: Անհրաժեշտ էր օդանավը Տալլինից տեղափոխել Գոստոմել, բայց քանի որ Էստոնիան Շենգեն գոտի է, «Fly Armenia Airways»-ի հայ օդաչուների վիզայի խնդիր էր ծագել կորոնավիրուսի համավարակի եւ միջպետական փակ սահմանների պայմաններում։ Մյուս կողմից՝ հայկական ընկերությունը տեղեկացվել էր, որ Գոստոմելում տեխսպասարկման համար արդեն իսկ սլոթ (կոնկրետ ժամանակահատված) է ամրագրվել, որը խախտելու դեպքում ավիաընկերությունը ստիպված կլինի հավելյալ վճարումներ կատարել: Այսինքն՝ շտապելու խնդիր էր ծագել: Եվ այս պարագայում, երբ հայկական ընկերության սեփական օդաչուները շենգենյան վիզա չեն ունեցել, սեփականատեր «BK Impex»-ն առաջարկել էր տաջիկ օդաչուների տարբերակը, ինչն ընդունվել էր «Fly Armenia Airways»-ի կողմից: Մենք պարզել էինք նաեւ, թե ովքեր են տաջիկները․ հրամանատար Ազիզբեկ Գոզիեւը եւ երկրորդ օդաչու Սարվար Նուրովը: Վերջիններիս ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրելով՝ գրել էինք, որ աշխատում են տաջիկական «Tajik Air» ավիաընկերությունում: Գոզիեւը Տաջիկստանի Բուստոն (նախկինում՝ Չկալովսկ) քաղաքից է, Նուրովը՝ մայրաքաղաք Դուշանբեից, երկուսն էլ ավարտել են Ղրղզստանի ավիացիոն ինստիտուտը (ք. Բիշքեկ): «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ իրանական «Caspian Airlines» ավիաընկերությունն այս «Boeing 737-300» օդանավը պատվիրել էր (գնել էր) 2020-ի ամռանը՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ Հայաստանում չէր գրանցվել («Fly Armenia Airways»-ի շարժակազմում չէր), այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ օդանավը Հայաստանում գրանցելն ուղղակի միջոց է եղել այն Իրան տեղափոխելու գործընթացում: «Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ այս առումով առանցքային «խաղացողները» եղել են շվեյցարական սեփականատերն (վաճառողը) ու իրանական կողմը (գնորդը):  «Hayways»-ը համարում է, որ այս պատմության մեջ ինքը զոհ է, իսկ հիմնական մեղավորներից շվեյցարական սեփականատեր «BK Impex»-ին, ինչպես գրել ենք, արդեն դատի է տվել՝ պահանջելով փոխհատուցել Թեհրանում օդանավը թռիչքային վիճակի բերելու եւ Հայաստան տեղափոխելու համար կատարած իր ծախսերը։ Չնայած մինչ օրս օդանավը գտնվում է հայկական ավիաընկերության հաշվեկշռում, այն շահագործելու միտք «Hayways»-ն այլեւս չունի։  Իր հերթին ՀՀ ԱԱԾ-ն 2021-ի փետրվարի 25-ին քրեական գործ էր հարուցել ՔՕ 221-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Նշվածներից առաջին դրույթը սահմանում է. «Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով»:  Քրգործի հիմքում դրված երկրորդ դրույթը նշում է. «Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով (200.000-400.000 դրամ - «Հետք»), կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով»: Այսինքն՝ ԱԱԾ-ն գործը քննում էր օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, փոխգնդապետ Գեւորգ Խալաթյանը 2021-ի մարտին «Հետքին» հայտնել էր, որ դեռեւս որեւէ անձի չի տրվել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: 2021-ի օգոստոսին՝ քրգործի հարուցումից 6 ամիս անց, պատկերը նույնն էր՝ որեւէ անձի կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չէր տվել: Այսինքն՝ տաջիկ օդաչուները ո՛չ կասկածյալ էին, ո՛չ էլ մեղադրյալ: ԱԱԾ-ին օգոստոսին հարցրել էինք նաեւ, թե արդյոք հարցաքննվել են Գոզիեւն ու Նուրովը եւ ինչ կարգավիճակով, ինչին քննիչ Խալաթյանը պատասխանել էր, թե դա նախաքննական գաղտնիք է: Նկատենք, որ հայ ավիատորները թերահավատ էին, թե ԱԱԾ-ն կբացահայտի այս գործը։ Եվ խոսքը ոչ այնքան մասնագիտական կարողության, որքան կամքի եւ ինչ-որ առումով քաղաքական որոշման մասին էր, քանի որ սեղանին նաեւ հայ-իրանական հարաբերություններն էին։ Հիշեցնենք՝ «Հետքի» աղբյուրները հայտնել էին, որ Իրանից օդանավը վերադարձնելու հարցում մեծ դեր է խաղացել այդ երկրում ՀՀ դեսպանությունը, որը կապի մեջ է եղել տարբեր ոլորտների իրանցի պատասխանատուների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ պնդել Հայաստանի դիրքորոշումը՝ ինքնաթիռը պետք է վերադարձվի մեր երկիր, ինչն էլ արդյունք էր տվել:  Նախորդ ամիս ԱԱԾ-ին հարցրել էինք, թե ինչ փուլում է քրգործի նախաքննությունը, արդյոք օդաչուներ Ազիզբեկ Գոզիեւն ու Սարվար Նուրովը ներգրավված են գործում որեւէ կարգավիճակով, արդյոք նրանց հանդեպ հայտարարվել է հետախուզում, ԱԱԾ-ն արդյոք դիմել է Տաջիկստանի իր գործընկերներին՝ իրավական օգնություն ցույց տալու համար եւ ինչ պատասխան է ստացել, արդյոք քրգործով կան մեղադրյալներ կամ կասկածյալներ։ Ի պատասխան՝ քննիչ Գեւորգ Խալաթյանը ընդամենը նշել է, որ քրգործի վարույթը կասեցվել է, իսկ թե երբ եւ ինչ հիմքով է դա տեղի ունեցել, քննիչը չի ասել։ Մնացած բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ գործում մեղադրյալների կամ կասկածների առկայության կամ բացակայության, Խալաթյանը նախաքննական գաղտնիք է համարել ու տեղեկատվություն չի տրամադրել։ Երկրորդ հարցումով հիշեցրել ենք, որ 2021-ի մարտին եւ օգոստոսին այն փաստը, որ մեղադրյալներ ու կասկածյալներ չկան, նախաքննական գաղտնիք չէր, հետեւաբար ի՞նչ է փոխվել այս անգամ։ Խնդրել էինք նաեւ հայտնել, թե ինչ հիմքով է վարույթը կասեցվել, բացի դրանից՝ արդյոք 2021-ի ապրիլի 23-ից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանված ինքնաթիռը շարունակում է մնալ քրգործով արգելանքի տակ։ Քննիչ Խալաթյանն այս անգամ նշել է, թե յուրաքանչյուր քրգործով վարույթն իրականացնող մարմինն ինքն է գնահատում, թե որ տեղեկություններն են հանդիսանում գործի քննության տվյալ փուլում հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ եւ որոշում դրանց տրամադրման ծավալը։ Շարունակությունը՝ hetq.am-ում Գլխավոր լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քաղաքացիական ու քրեական գործերում ներգրավված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  
18:47 - 04 ապրիլի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում |pastinfo.am|

Գագիկ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ ԲԴԽ նախագահի պաշտոնում է, հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ շուրջ 22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով։ Այս մասին հայտնեց զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։ Սպանված զինծառայող Արման Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ԱԱԾ քննիչին՝ պահանջելով հարցաքննել 2001թ. գործը կասեցնելու ապօրինի որոշման օրինականությունը ստուգած զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Քննիչը մերժել էր միջնորդությունը, սակայն տուժող կողմը բողոքարկել էր որոշումը, ինչի արդյունքում այն վերացվել է դատախազի կողմից։ Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց, որ Ջհանգիրյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ մարտի 31֊ին։ «Հարցաքննվել է, ըստ էության, ներկայացված միջնորդությանս հիման վրա, որը քննիչը մերժել էր, իսկ դատախազը գտել էր, որ այն հիմնավոր է և բավարարել բողոքս։ Ներկայումս չեմ հրապարակի նշված ցուցմունքը, այդ մասին մանրամասն կներկայացնեմ քննիչի և դատախազի որոշումները ստանալուց հետո։ Սպասում եմ հատկապես գործը վերահսկող դատախազի դիրքորոշմանը, քանի որ ակնհայտ է, որ գործով մեղավոր անձինք չեն պատժվել, իսկ եղած ապացույցներով մեղադրանքներ ներկայացվել են 2008թ. միայն գործով վարույթը 2001թ. կասեցնելուց յոթ տարի անց», - նշեց Սարգսյանը։ Զինծառայող Արման Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել 2000թ սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկինում գործող քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով՝ սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում հանցանք կատարած անձանց չհայտնաբերելու պատճառաբանությամբ 2001թ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ 2008թ նոյեմբերի 11-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է և արդեն այդ վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հակոբյանի համածառայակցին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ։ Տուժողի իրավահաջորդը դեռևս տարիներ առաջ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանին հասցեագրված դիմումով բարձրաձայնել է իր վարկածը, համաձայն որի՝ որդու սպանությունը կատարվել է զորամասում կորած զենքի վերաբերյալ Ա. Հակոբյանի կողմից սպաներին տեղյակ պահելու պատճառով։ Շարունակությունը՝ pastinfo.am-ում
17:26 - 02 ապրիլի, 2022
ԱԻ նախարարը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ԱԻ նախարարը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Հիշյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերը նշված ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: Ի դեպ, նախաքննության ընթացքում Ա.Հ.-ի բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են հրազեն և ռազմամթերք: Պարզվել է նաև, որ նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ.Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով կաշառք ստանալուն` համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար: Բացի այդ, գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱԻ նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, ով ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից խոշոր չափերով կաշառք ստանալուն: Քննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԱԻ նախարարի հետ, վերջինիս կողմից իր լիազորությունների շրջանակում մի շարք անձանց օգտին գործողություններ կատարելու, այն է` նախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի ընդունելու համար նշված անձանցից յուրաքանչյուրից պահանջել և ստացել է 2000-2500 ԱՄՆ դոլարի չափով ապօրինի վարձատրություն: Բացի այդ, քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության երկու ստորաբաժանումների ղեկավարները` Վ. Մ-ն և Մ. Մ.-ն, նախնական համաձայնության գալով, 2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ.Մ.-ն ՀՀ ԱԻՆ ՓԾ կարիքների համար 2022 թվականին անցկացվելիք մրցույթի տեխնիկական բնութագիրը համաձայնեցրել է մրցույթի հավանական մասնակցի հետ` այդ կերպ փորձելով նպաստել, որպեսզի միայն նշված ընկերությունը հնարավորություն ունենա մասնակցել և հաղթել մրցույթում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Եվս 8 անձի, այդ թվում` Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Մեղադրյալներից Ա. Հ.-ի, Հ. Ե.-ի, Մ. Մ.-ի, Վ. Մ.-ի և Ա. Օ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: ՀՀ ԱԻՆ աշխատակիցներից ևս 10 անձ ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հանցագործությունների և այն կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
11:54 - 31 մարտի, 2022
4,1 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը և ՔԿ-ին՝ «առավել արդյունավետ ծառայությունների համար» |hetq.am|

4,1 մլրդ դրամ՝ ԱԱԾ-ին, ոստիկանությանը և ՔԿ-ին՝ «առավել արդյունավետ ծառայությունների համար» |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 4 մլրդ 103 մլն 500 հազ. դրամ կհատկացնի Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը և Քննչական կոմիտեին՝ բնականոն գործունեության ապահովման նպատակով: Որոշումն ընդունվեց գործադիրի մարտի 24-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով: Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ որոշման ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները: 643,5 մլն դրամը կհատկացվի ՔԿ-ի քննիչներին՝ նրանց վիճակը «փոքր-ինչ բարելավելու» համար: «Վերջին տարիներին քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճի պայմաններում Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (Քննչական կոմիտեի քննիչներ) անխուսափելի գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի (մինչդատական քրեական վարույթ) արդյունավետության նվազեցմանը: Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու և արտահոսքը որոշ չափով կանխելու նպատակով առաջարկվում է Քննչական կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար 2022թ. պետական բյուջեից հատկացնոլ 643 մլն 500 000 դրամ (ներառյալ հարկերը)»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
11:59 - 24 մարտի, 2022
Փոխոստիկանապետը մանրամասնում է, թե ինչու է ԱԱԾ-ն քննում պարեկային ծառայողների հետ կապված գործերը |armtimes.com|

Փոխոստիկանապետը մանրամասնում է, թե ինչու է ԱԱԾ-ն քննում պարեկային ծառայողների հետ կապված գործերը |armtimes.com|

armtimes.com: Ասել, որ 5-ամսյա կրթության ընթացքում պարեկները կարող են լիարժեք տիրապետել ոստիկանության ողջ գործունեությանը, միանշանակ հնարավոր չէ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը, բնականաբար, չի բավարարվելու միայն 5-ամսյա դասընթացով: «Առաջին 4 մարզերում պարեկների ընտրությունից հետո մեզ մնացել է եւս 4 մարզ, որից հետո նախատեսել ենք վերապատրաստման դասընթացներ: Դրանք կլինեն առավել հագեցած, նորագույն մեթոդներով»,- վստահեցրեց նա: Փոխոստիկանապետը նկատեց՝ 4 պարեկային ծառայողներ աշխատանքը նորմալ չիրականացնելու պատճառով ազատվել են աշխատանքից: Հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն քննում պարեկային ծառայողների հետ կապած գործերը, վերջինս պատասխանեց. «Ոչ միայն պարեկային ծառայության, այլեւ ոստիկանության հետ կապված ամեն ինչն է ԱԱԾ-ն վերահսկում. դա քրեաիրավական, քրեադատավարական կարգավորումներով սահմանված գործառույթ է»:
14:09 - 18 մարտի, 2022
Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները պատշաճ չեն վերահսկվում. Գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղարկել Ոստիկանապետին

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները պատշաճ չեն վերահսկվում. Գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղարկել Ոստիկանապետին

ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2021թ. նոյեմբերի 27-ին հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի մի բնակիչ տեղեկանալով, որ ՀՀ Արարատի մարզի Նշավան համայնքի բնակիչ Գ. Գ.-ն կարող է օժանդակել փաստացի առանց սահմանված կարգով քննություններ հանձնելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցում, այդ նպատակով դիմել է վերջինիս՝ պատրաստակամություն հայտնելով դրա համար վերջինիս տրամադրել 350.000 ՀՀ դրամ: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Գ. Գ.-ն վերոնշյալն իրականացնելու նպատակով համաձայնություններ է ձեռք բերել իր մտերիմ, համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Է.Ս.-ի հետ: Արդյունքում 2021թ. նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում անձը մասնակցել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությանը: Քննությունն ընդունող տեսուչ Է. Ս.-ն, ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ նշելու համակարգչային թեստերի միջոցով առաջադրված հարցերի ճիշտ պատասխանները։ Տեսուչի հիշյալ ապօրինի գործողությունների արդյունքում անձը դրական է հանձնել տեսական քննության հոգեբանական և գիտելիքների ստուգման թեստերը, Է.Ս.-ն կազմել և գործին է կցել վարորդի թեկնածուի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա վերջինիս թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։ Քննությունից հետո քաղաքացին և Գ. Գ.-ն վերադարձել են Երևան, որտեղ 350.000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո Գ.Գ.-ն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչը։ Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենա վարելու հմտություններին փաստացի չտիրապետող անձը տեսական քննությունից կարճ ժամանակ անց պետք է հանձներ նաև գործնական քննությունը, որի ժամանակ ավտոմեքենան պետք է վարեր ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցներից որևէ մեկը: Է. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Գ.Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: 2022թ. մարտի 1-ին դատախազը նշված երկու անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկել է դատարան: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում նման բնույթի առանձին քրեական գործերի ուսումնասիրությունը փաստել է, որ նշված եղանակով, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին տրված կաշառքի դիմաց անձինք հնարավորություն են ստացել հանձնելու ոչ միայն տեսական, այլ նաև գործնական քննությունները և ձեռք բերել վարորդական իրավունքի վկայականներ:    ՀՀ կառավարության 2020թ. մարտի 26-ի 325-Ն որոշմամբ նախատեսված է, որ գործնական քննության անցկացումը ենթակա է տեսաձայնագրման համապատասխան սարքավորումների միջոցով: Դրանք տեղադրվում են գործնական քննության անցկացման համար նախատեսված տրանսպորտային միջոցներում և (կամ) դրանց վրա: Սակայն որոշմամբ սահմանվել է, որ ՃՈ տարածքային ստորաբաժանումները գործնական քննություն ընդունելու համար նախատեսված տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովվում են մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը: Վերլուծությունը փաստում է, սակայն, որ թեև տեսական քննությունները վերահսկելու համար, թերություններով հանդերձ, առկա են որոշակի մեխանիզմներ՝ քննության ընթացքը ցուցադրվում է, սակայն գործնական քննությունը վերահսկելու որևէ մեխանիզմ առկա չէ: Վերջինս, ի թիվս այլնի, նպաստում է նման հանցանքների կատարմանը, ինչի մասին են վկայում ոստիկանության ծառայողների ապօրինի միջամտության արդյունքում մի շարք քաղաքացիների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականները: Բացի այդ՝ համապատասխան գիտելիքներ չունեցող անձանց կողմից օրենքի խախտմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական ձեռք բերելը նպաստավոր պայմաններ է ստեղծում ճանապարհատրանսպարտային հանցագործությունների կատարման համար: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հղել ՀՀ Ոստիկանության պետին: Անհրաժեշտ է համարվել ձեռնարկել գործուն միջոցներ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքում նմանատիպ դրսևորումները  բացառելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագրով բարձրացրել է նաև ՃՈ ծառայության հաշվառման-քննական բաժանմունքներում վարորդական վկայական ստանալու համար տեսական քննությունների անցկացման ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունները վերահսկող մեխանիզմների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու հարցը: Նաև առաջարկվել է դիտարկել մինչև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում բոլոր ստորաբաժանումներին համապատասխան տրանսպորտային և տեխնիկական միջոցներով ապահովվելը գործնական քննության ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերահսկման այլ մեխանիզմներ ներդնելու հնարավորությունը: 
15:27 - 17 մարտի, 2022
Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մոտ ժամանակներս պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն |tert.am|

Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ մոտ ժամանակներս պատերազմի սկսման մասին տեղեկություն չունենք․ ԱԱԾ փոխտնօրեն |tert.am|

tert.am: Սպասվող պատերազմի մասին տեղեկությունները խուճապ տարածող տեղեկություններ են, այս պահին հստակ ինֆորմացիա չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։ Նա նշեց, որ այդ տեղեկությունները հիմնավոր չեն։ Հարցին՝ տարածաշրջանում առկա լարվածության ֆոնին ինչպե՞ս է գնահատում նոր պատերազմի վերսկսման հավանականությունը, ԱԱԾ փոխտնօրենը նշեց․ «Պատերազմը միշտ հնարավոր է, սակայն կոնկրետ այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որ մոտ ժամանակներս պետք  է պատերազմ սկսվի»։ Անդրադառնալով հարցին՝ կա՞ն բարձրաստիճան զինվորականներ՝ պետական դավաճանության մեղադրանքով անցնող զինվորականության շրջանում, Հարությունյանը նշեց․ «Նրանց մեջ կա գումարտակի հրամանատար և այլ անձիք՝ այդ օղակներից»։
16:16 - 15 մարտի, 2022
2022 թվականի ընթացքում կավարտվեն Սյունիքի 8 գյուղերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները |armenpress.am|

2022 թվականի ընթացքում կավարտվեն Սյունիքի 8 գյուղերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները:  Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը: «2021 թվականի ընթացքում առաջին փուլով իրականացվել է նշված սահմանապահ ուղեկալների շինարարական աշխատանքների 50 տոկոսը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի ընթացքում»,- ասաց Հարությունյանը: ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ Հայաստանի սահմանապահ զորքերում 2021 թվականի ընթացքում կազմակերպվել և իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը, լավարկվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերը՝ սահմանային անվտանգության ապահովման նոր մարտահրավերներին համահունչ, իրականացվել է սահմանապահ զորքերի անձնակազմի թվի ավելացում, իրականացվել են կազմ-հաստիքային փոփոխություններ, իրականացվել են սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման և վերանորոգման աշխատանքներ: «Սահմանային շերտում տեղադրվել է նախազգուշացնող 55 վահանակ, 51 մոդուլային տնակ, տեղադրվել են տեսադիտարկման համակարգեր: Սահմանապահ ստորաբաժանումները համալրվել են անօդաչու թռչող սարքերով, համակարգչային տեխնիկայով, տեսաձայնագրող սարքերով և մոնիթորներով, մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոտեխնիկայով»,- եզրափակեց Հարությունյանը:
14:54 - 15 մարտի, 2022
Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ տարածած հաղորդագրությունից:«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման, ինչպես նաև քննչական դեպարտամենտների աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ  են ձեռք բերվել առ այն, որ Երևան քաղաքի բնակիչներ  Կ․Ե-ն և Ա․Ա-ն 2021-2022 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակից ավելի քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, որի արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, կեղծ կնիքներ, դրոշմներ, մի շարք քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման դիմաց վճարված գումարներ և հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու անձ, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը հետևողական է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման գործում։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
10:50 - 15 մարտի, 2022
ԱԱԾ-ն չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա զինծառայողներ, Արցախի պետական մարմինների աշխատակիցներ

ԱԱԾ-ն չեզոքացրել է հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՀՀ ԶՈՒ նախկին և ներկա զինծառայողներ, Արցախի պետական մարմինների աշխատակիցներ

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում  բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական մարմինների որոշ աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է ԱԱԾ-ն: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերոհիշյալ անձանց հավաքագրելու, իրենց գործունեությունն առավել դյուրին և անխոչընդոտ իրականացնելու, բացահայտվելու ռիսկերը նվազեցնելու նպատակով օտարերկրյա հատուկ ծառայություն իրականացնող անձինք սոցիալական  կայքերում տեղադրել են օտարերկրյա պետություններում բարձր վարձատրությամբ աշխատանքի ընդունելու վերաբերյալ գովազդային կեղծ հայտարարություններ՝ որպես պայման առաջարկելով համապատասխան հավելվածը բացելու միջոցով լրացնել աշխատանք փնտրող անձի անհատական և կենսագրական տվյալները: Հետագայում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները գումարի դիմաց առաջարկել են համագործակցել իրենց հետ և տեղեկություններ տրամադրել  Արցախում և Հայաստանում տեղակայված ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների, ռազմական տեխնիկայի, զորամասերի, սպառազինության, ռազմամթերքի, զինվորականների, նրանց թվի և տեղակայման վայրերի, մարտական դիրքերի, պետական և ծառայողական գաղտնիք կազմող փաստաթղթերի և այլնի վերաբերյալ։ Ընդ որում, առանձին դեպքերում հավաքագրված անձինք օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջարկով վերջինների հետ հանդիպել են երրորդ երկրներում, ստացել ծածկանուններ, ստորագրել օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ համագործակցության հանգամանքը հավաստող փաստաթղթեր, դարձել հաստիքային գործակալներ և տվել իրենց համաձայնությունը՝ հայտնել երկրում տեղի ունեցող քաղաքական և ռազմական բնագավառների իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև հանձնել պետական, ռազմական և ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր։ Առաջադրված խնդիրների ամբողջական և հաջող իրականացման համար օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները հավաքագրված անձանց հատկացրել են անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ, այդ թվում՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և տեխնիկական միջոցներով հագեցված համակարգիչներ:   Քրեական գործով նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված  են եղել նաև Արցախի Հանրապետության դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին, որով պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքով, մինչև պատերազմի սկսվելը, ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել նաև Արցախի Հանրապետություն ժամանած և հյուրանոցներում տեղավորված անձանց, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնել թիրախավորված հարվածներ, շարքից հանել հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնել ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները: Նախաքննության ընթացքում պետական դավաճանություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով 16 անձինք, որոնց մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Նրանցից 10-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ Ընդ որում, պետական դավաճանություն կատարած անձանց մի մասը բռնվել է հերթական անգամ առաջադրանք կատարելու պահին, և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կանխվել է տեղեկատվության հետագա փոխանցումը: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով  հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։ Միաժամանակ, հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զինծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց: Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված է նաև խրախուսական նորմ, որի համաձայն՝ պետական դավաճանություն կամ լրտեսություն կատարելու համար նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, ուստի կոչ է անում հակաօրինական արարքի կատարմանը ներգրավված անձանց կամովին և ժամանակին համագործակցել Ծառայության հետ և օժանդակել հետագա վնասը կանխելուն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:36 - 07 մարտի, 2022
ԱԱԾ-ն պատերազմում վարձկանների մասնակցության մասին շուրջ 250 տվյալ է ներկայացրել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոն

ԱԱԾ-ն պատերազմում վարձկանների մասնակցության մասին շուրջ 250 տվյալ է ներկայացրել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոն

Ազգային ժողովը քննարկեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ահաբեկչության կանխարգելման մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացնում է նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանը: Նա նշեց, որ արձանագրությունը ստորագրվել է 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Ռիգայում՝ 18 պետությունների կողմից: Հայաստանի կողմից արձանագրությունը ստորագրվել է 2018 թվականի հունվարի 24-ին: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արձանագրությունը ստորագրած 42 պետություններից ներպետական ընթացակարգերն ավարտել ու արձանագրությունը ուժի մեջ է մտել 24 պետությունների համար: «Արձանագրության նպատակն է լրացումներ կատարել 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, որով նախատեսվում է քրեականացնել արձանագրության 2-ից 6-րդ հոդվածներով սահմանված հետևյալ արարքները՝ ահաբեկչության նպատակով որևէ միավորման կամ խմբի մասնակցելը, ահաբեկչության նպատակով ուսուցում ստանալը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը , ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնելը ֆինանսավորելը, ահաբեկչության նպատակով արտերկիր մեկնումը կազմակերպելը կամ այլ կերպ դրան օժանդակելը: Արձանագրության վավերացման արդյունքում Հայաստանը կամբողջացնի ահաբեկչության կանխարգելման ու դրա դեմ պայքարի վերաբերյալ Եվրոպայի խորհրդում գործող փաստաթղթերին միանալու գործընթացը: Արձանագրության կիրառումը կնպաստի ահաբեկչության դրսևորման բոլոր ձևերի կանխարգելմանը, մարդու իրավունքների, մասնավորապես, կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետևանքների կանխմանը, ինչպես նաև առավել կհամախմբի ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում կոնվենցիայի կողմ պետությունների ջանքերը»,- ասաց Հայրապետյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե արդյոք արձանագրության վավերացումը որևէ նոր հնարավորություն կտա 44-օրյա պատերազմի ժամանակ վարձկանների տեղափոխումն Ադրբեջան միջազգային ատյաններում բարձրաձայնելու ու դատապարտելու համար: Ի պատասխան ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ կարծում է ՝մի քիչ խնդրահարույց կարող է լինել միջազգային հանրության տեսակետից, որ Լեռնային Ղարաբաղը կարող է ճանաչվել որպես վավերացմանը մասնակցող կողմ, բայց ԱԱԾ-ն իր ունեցած միջազգային իրավակարգավորումների շրջանակներում փորձել է միջազգային տարբեր ատյաններ հասանելի դարձնել։ Գևորգյանը հարցրեց, թե կա արդյոք տեղեկություն, թե ինչ արձագանքներ են ստացվել։ Սամվել Հայրապետյանն էլ ասաց, որ տեղեկատվությունը հասանելի են դարձրել ՀՀ արտաքին գործերի նախարարության խողովակներով, իսկ ԱԱԾ-ի մակարդակով հասանելի են դարձրել ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնին, որը համապատասխան միջոցներ է ձեռնարկել: «Շուրջ 250 ինքնորոշիչ տվյալներ մուտք է գործվել իրենց տեղեկատվական ռեսուրսներ հետագայում նրանց (վարձկանների – խմբ․) մուտքը տարբեր երկրներ կանխելու նպատակով»,-հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
17:13 - 04 մարտի, 2022