ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հյուսիսային ԱՏԳ-ի գործարկմանն ընդառաջ մաքսային 50 ծառայողներ վերապատրաստվել են. ՊԵԿ

Հյուսիսային ԱՏԳ-ի գործարկմանն ընդառաջ մաքսային 50 ծառայողներ վերապատրաստվել են. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատակիցները մասնագիտական երկամսյա վերապատրաստում են անցել: ՊԵԿ ուսումնական կենտրոնի աջակցությամբ հեռավար եղանակով կազմակերպված տեսական դասընթացին հաջորդել են գործնական պարապմունքները ՊԵԿ տարբեր ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մոտ 50 մասնակից կատարելագործել է մասնագիտական հմտությունները և խորացրել մաքսային արժեքի որոշման, ապրանքային հայտարարագրի լրացման կարգի, ապրանքների դասակարգման ու մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գիտելիքները: Դասընթացի վերջին օրն ամփոփվել են մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Վերապատրաստում անցած մասնագետները Գյումրիում ԱՏԳ կենտրոնի ամբողջական գործարկումից հետո սպասարկելու են մաքսային գործընթացները:
14:38 - 25 օգոստոսի, 2020
Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

Գագիկ եւ Կարեն Խաչատրյանների գործով առաջին նիստի օրը հայտնի է |armtimes.com|

armtimes.com: ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործով նախնական դատական նիստ է նշանակվել վաղը՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Նիստի ընթացքում պետք է քննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը. նրանք երկուսն էլ կալանավորված են: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ): Խաչատրյաններն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Մեղադրական եզրակացության մեջ նախ հիշեցվում է, որ Գագիկ Խաչատրյանը 2008թ. ապրիլի 15-ից-հունիսի 4-ը հանդիսացել է ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետեւ՝ հունիսի 4-ից-օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008թ. օգոստոսի 20-ից 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետեւ՝ 2014թ. ապրիլի 26-ից 2016թ. սեպտեմբերի 8-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը: Համաձայն մեղադրանքի՝ նշված պաշտոններում մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ եւ լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ՝ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաեւ՝ պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Ըստ մեղադրանքի՝ նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ավելին՝ armtimes.com-ում
12:40 - 24 օգոստոսի, 2020
Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի

Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ նախագահի N 797-L հրամանով սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետևյալ հասցեներով կետերի գործունեությունը. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24, ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին – հասցե՝ ք. Մարտունի, Շահումյան փ. 2, ՀՎՍ վարչության թիվ 13 բաժին – հասցե՝ ք. Նոյեմբերյան, Երևանյան 4, ՀՎՍ վարչության թիվ 16 բաժին– հասցե՝ ք.Ալավերդի, Թումանյան 1ա և ք.Տաշիր, Ջահուկյան 6, ՀՎՍ վարչության թիվ 18 բաժին– հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 1: Պետական եկամուտների կոմիտեն նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողներին և քաղաքացիներին հորդորում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումները և փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս հուզող հարցերը ներկայացնել էլեկտրոնային հետևյալ հասցեներով․ [email protected][email protected][email protected][email protected][email protected][email protected]։ Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ նշված տարածքներում հաշվառված հարկ վճարողները և քաղաքացիներն, անհրաժեշտության դեպքում, կարող են այցելել նաև Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման ցանկացած բաժին:
15:02 - 21 օգոստոսի, 2020
Սեպտեմբերի 1-16-ը Այրում-Ջիլիզայի մաքսային կետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների ձևակերպումներ

Սեպտեմբերի 1-16-ը Այրում-Ջիլիզայի մաքսային կետը չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների ձևակերպումներ

Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը: 
15:43 - 20 օգոստոսի, 2020
Առաջարկվում է ՊԵԿ աշխատակիցներին մարտական զենք հատկացնել |hetq.am|

Առաջարկվում է ՊԵԿ աշխատակիցներին մարտական զենք հատկացնել |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առաջարկում է իրենց աշխատակիցներին  մարտական զենք հատկացնել, որպեսզի օգտագործվի օպերատիվ-ծառայողական աշխատանքները կատարելիս: «Զենքի մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ «Զենքի մասին» օրենքով՝ մարտական է համարվում այն զենքը, որն ընդունված է օգտագործել պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններում, ոստիկանությունում և ազգային անվտանգության մարմինների զինված ստորաբաժանումներում, քրեակատարողական ծառայությունում և պետական սուրհանդակային ծառայության սպառազինության մեջ: «Օրենքով  պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինները կարող են իրականացնել հետախուզական, օպերատիվ-հետախուզական, մաքսանենգության և այլ ապօրինի գործողությունների և օրենսդրության խախտումների բացահայտում, կանխում ու դրանց հետ կապված կոմիտեի կանոնադրական այլ` քննչական, հետաքննչական, օպերատիվ ու դրանցից բխող այլ գործառույթներ»,-նախագծում ընդգծել է ՊԵԿ-ն՝ առաջարկելով հաշվի առնել այս հանգամանքները և իրենց մարտական զենք օգտագործելու հնարավորություն տրամադրել: Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության նպատակներից է Հայաստանի մաքսային սահմանով ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղափոխման խախտումների դեմ պայքարը, թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական ու հնագիտական նշանակություն ունեցող առարկաների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների ու բուսատեսակների, դրանց մասերի և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը:
15:06 - 19 օգոստոսի, 2020
Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի

Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի

Քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ  1302-Ն որոշումը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր։ Նախքան որոշման ընդունումը դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ ներմուծել միայն օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից ժամանելիս` մինչև 10 անվանում դեղ, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով: Միաժամանակ ՊԵԿ-ը զգուշացնում է, որ փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ՀՀ տեղափոխվող դեղերի նկատմամբ հսկողություն իրականացնելու և հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով մաքսային մարմիններն իրականացնելու են ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալների հաշվառում։ Անհրաժեշտ է իմանալ, որ ֆիզիկական անձանց կողմից կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները գերազանցելու պարագայում դեղերը կարող են տեղափոխվել միայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության առկայության դեպքում՝ նույն որոշմամբ հաստատված կարգի 49-52-րդ կետերով սահմանված ընթացակարգով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված հավաստագրի հիման վրա: ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է նոր հնարավորությունից օգտվելիս զերծ մնալ չարաշահումներից, մասնավորապես` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր տեղափոխելուց։ Հնարավորության դեպքում նախքան ներկրումը համոզվել, որ դեղերը չեն պարունակում վերոնշյալ նյութերը։
20:52 - 17 օգոստոսի, 2020
Ինչպես է փոխվել աշխատողների ու կազմակերպությունների թիվը համավարակի օրերին |hetq.am|

Ինչպես է փոխվել աշխատողների ու կազմակերպությունների թիվը համավարակի օրերին |hetq.am|

hetq.am: Ապրիլին թե՛ աշխատողների, թե՛ կազմակերպությունների քանակը շեշտակի նվազել է։ Մայիսից դրական դինամիկա է նկատվում։ 2020 թվականի հունիսի դրությամբ՝ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 632 704: Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) նախնական ամփոփ ցուցանիշներից, մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 24 856-ով։ Արտակարգ դրության պայմաններում գրանցված աշխատողների թվաքանակի կտրուկ անկում է գրանցվել ապրիլին։ Այդ ամիս աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 585 103, որը մարտի համեմատ նվազել էր 33 462-ով։ Այս թիվը էականորեն տարբերվում է Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներից, թեև Վիճկոմիտեին ելակետային տվյալները ևս տրամադրում է հենց ՊԵԿ-ը։ ՊԵԿ-ից  ավելի վաղ հայտնել էին, որ գրանցված աշխատավարձ ստացողների թիվը ապրիլին կրճատվել է 74 359-ով։ Եվ սա ցույց է տալիս ոչ թե քանի գրանցված աշխատող է աշխատանքը կորցրել ապրիլին, այլ՝ թե որքանով է պակասել փաստացի աշխատավարձ ստացողների թիվը։ Այսինքն՝ կարող է քաղաքացին լինել գրանցված աշխատող, բայց այդ ամիս աշխատավարձ ստացած չլինի, քանի որ գտնվել է հարկադիր պարապուրդում։ Ստացվում է, որ ՊԵԿ-ի նշած տվյալներում հաշվի է առնվել հարկադիր պարապուրդում հայտնվելու փաստը։ Սակայն Վիճկոմիտեին սա չի հաշվարկել, ու հարկադիր պարապուրդում հայտնվածները ևս ներառվել են աշխատողների թվաքանակի մեջ։ Բոլոր դեպքերում, դինամիկան ցույց է տալիս, որ աշխատաշուկայում ապրիլին լուրջ բացասական տեղաշարժեր են գրանցվել։ Մայիսից արդեն թե՛ աշխատողների թիվն է ավելացել, թե՛ գրանցված կազմակերպությունների։ Եթե պատկերը համեմատում ենք 2019 թվականի նույն ամիսների հետ, ապա՝ այս տարի գրանցված աշխատողների թիվը բոլոր ամիսներին ավելի բարձր է եղել՝ բացառությամբ ապրիլի։ Հայաստանի աշխատանքի շուկայի մասին պաշտոնական վիճակագրությունը, ցավոք, թույլ չի տալիս ամբողջությամբ ճշգրիտ պատկերը հասկանալ։ Չնայած, որ այս տվյալներով կարելի է մոտավոր եզրահանգումների գալ, նկատել միտումները, սակայն պետք է միշտ հաշվի առնել, որ Հայաստանում դեռևս բազմաթիվ աշխատողներ գրանցված չեն։ Նրանց «չեն տեսնում» ո՛չ Պետական եկամուտների կոմիտեն, ո՛չ էլ՝ Վիճակագրական կոմիտեն։ Հետևաբար այս տվյալները աշխատանքի շուկայի ստվերային հատվածը չեն ներկայացնում։     Նույն դինամիկան տեսնում ենք նաև գրանցված կազմակերպությունների վիճակագրության մեջ։ Եթե ապրիլին գրանցված կազմակերպությունների թիվը նվազել ու կազմել է 46 082, ապա մայիսին այն դարձել է 49 010: Արդյունքում հունիսին Հայաստանում գրանցված կազմակերպությունների թիվն ավելի բարձր է եղել, քան տարվա սկզբում էր (տե՛ս երկրորդ ինֆոգրաֆիկան)։ Այստեղ էլ պետք է հաշվի առնել, որ կազմակերպությունների մեծ մասը, թեև գրանցված են պետական ռեգիստրում, սակայն փաստացի չեն գործում։ Եթե Վիճակագրական կոմիտեն հրապարակեր փաստացի գործող ընկերությունների թիվը, դա ևս ավելի հստակ պատկերուցմներ կտար շուկայի փոփոխությունների մասին։     Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա այս տարվա հունիսի դրությամբ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 200 դրամ։ Սա ներառում է նաև հարկերը։ Այսինքն՝ խոսքը, ասպես կոչված, «կեղտոտ» աշխատավարձի մասին է։ 2019 թվականի հունիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է 1.5%-ով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:27 - 13 օգոստոսի, 2020
Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ․ ՊԵԿ կայքում ստեղծվել է նոր բաժին

Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ․ ՊԵԿ կայքում ստեղծվել է նոր բաժին

Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ: Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով և այլ չափանիշներով որոնման գործիքներ ունեցող նաև օրենքների ակտիվ հղումներ պարունակող համակարգը կոմիտեն ստեղծել է Համաշխարհային բանկի հետ համատեղ` Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի շրջանակում: «Համաշխարհային բանկը փորձագիտական աջակցություն է տրամադրել` շտեմարանի որոնման գործիքի տեսքը, տեխնիկական առաջադրանքը մշակելու համար: ՀԲ-ն և ՊԵԿ-ը համատեղ աշխատել են համակարգի ներդրման և փորձարկման ուղղությամբ»,-հայտնում է «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի ղեկավար Անահիտ Բասենցյանը: Petekamutner.am կայքի գլխավոր էջում` «Օգտակար տեղեկատվություն» հատվածում, զետեղված շտեմարանը պարունակում է գործնական իրավիճակներին վերաբերող իրազեկման թերթիկներ, որոնք կայքում տեղադրվում են նույնությամբ. խմբագրվում են միայն հարկ վճարողին վերաբերող տվյալները: Ինչպես նկատում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ Հրաչյա Մուրադյանը, շտեմարանի տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները. «Հարկ վճարողները կարող են առաջնորդվել իրազեկման թերթիկներում նշված հիմնավորումներով: Թերթիկը համարժեք է այն փաստաթղթին, որը կոմիտեն գրավոր եղանակով տրամադրում է` հարկ վճարողի գրավոր հարցմանը պատասխանելիս: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը»:  Հուզող հարցերի պատասխաններն ստանալու համար նամակով ՊԵԿ դիմելուց, սպասարկման սրահներ գնալուց կամ հեռախոսազանգերի կենտրոն զանգահարելուց բացի հարկ վճարողները կարող են օգտվել շտեմարանից, արդյունքում` ժամանակ տնտեսել: Հարկային օրենսգրքի և ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն` նմանատիպ հարց այլ հարկ վճարողից ստանալիս հարկային մարմինը նրան ուղղորդում է ուսումնասիրել արդեն հրապարակված իրազեկման թերթիկը: «Հարկ վճարողների իրազեկմանն ուղղված նոր գործիքի ստեղծումը միտված է գրավոր հարցադիմումների նվազեցմանը: ՊԵԿ ստորաբաժանումներն ավելի շատ հնարավորություն կունենան ներուժն ուղղելու օրենսդրական փոփոխությունների կատարելագործման և բարելավման աշխատանքներին»,-նշում է ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետը: Շտեմարանում արդեն տեղադրված են իրազեկման մոտ 40 թերթիկ, որոնց թիվն առաջիկայում կավելանա: Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ շտեմարանը կհամալրվի նոր թերթիկներով:  Մանրամասները` տեսանյութում:
16:31 - 12 օգոստոսի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության բեռի թեթևացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նշվել է, որ նախորդ տարի ընդունված ռազմավարական ծրագրի միջոցառումներին այս ծրագրով ավելացել են 14 նոր միջոցառումներ: Դրանցով նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգ, նախագծվելու է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգի վեբ տարբերակը: Նախատեսվում է արդիականացնել մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու, ինչպես նաև պետական տուրքի վերահսկողության մեխանիզմի գործընթացները, կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման գործընթացը: Միջոցառումներն ուղղված են լինելու նաև ֆիզիկական անձանց և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային ռիսկերի կառավարման համակարգի, կշռման կենտրոնացված, էքսպրես-բեռների հաշվառման համակարգի ներդրմանը, էլեկտրոնային առևտրի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը: Նշվել է, որ յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվում է իրականացման հստակ ժամանակացույց: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այս ծրագիրը պետք է լինի ՊԵԿ համակարգի զարգացմանն ու արդիականացմանը միտված ռազմավարական ծրագրի շարունակությունը, որն ընդունվել է նախորդ տարի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը:
16:13 - 11 օգոստոսի, 2020
ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ

ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողների հարկային կարգապահությունը հարկային մարմնի ուշադրության կենտրոնում է: Կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:
13:25 - 10 օգոստոսի, 2020
ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում է սոցիալական ցացներում իրականացվող առևտուրը |armenpress.am|

ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում է սոցիալական ցացներում իրականացվող առևտուրը |armenpress.am|

armenpress.am: Համավարակով պայմանավորված՝ երկրում առկա սահմանափակումների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  աշխատակիցները կենտրոնացած են եղել անբարեխիղճ տնտեսական գործընթացների վրա: Հրավիրված ասուլիսում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ այս ընթացքում քաղաքացիները տանն էին, իրենց կարիքների համար շատերը պատվերներ էին  կազմակերպում առցանց: Առցանց գնումների շուկայում ծավալների ավելացմանը զուգահեռ նաև մեծանում էին ռիսկերը: ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները քողարկված իրականացրել են տարաբնույթ ապրանքների գնումներ, առանձին դեպքերում արձանագրվել են առցանց գնված ապրանքների մատակարաման հետ կապված խախտումներ: «Մեր ուշադրության կենտրնում են սոցիական ցանցերում առևտուր իրականացնողները, որոնք պետական գրանցում չունեն: Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել:  Իրականացրել ենք հսկիչ գնումներ, օրինակ, «Ինստագրամ»-ում առևտրով զբաղվողից, և պարզվել է, որ վերջինս պետական գրանցում չունի: Ես հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են օնլայն առևտրով, անպայման ունենալ պետական գրանցում և գործել օրինական դաշտում: Հիշեք, մի օր կարող է ձեր վաճառված ապրանքի գնորդը լինել օպերատիվ հետախուզության աշխատակիցը»,- հավելեց Վահան Չարխիֆալակյանը:
16:48 - 07 օգոստոսի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից |armenpress.am|

ՊԵԿ-ը հորդորում է տնտեսավարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից 2020թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում ձեռնարկվել և իրականացվել են 1750 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Հրավիրված ասուլիսում ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ միջոցառումների արդյունքում 731 խախտման դեպքով արձանագրվել է ընդհանուր 2.775 մլրդ դրամի չափով պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություններ: 2019 թվականին նշված ժամանակահատվածում իրականացվել են 1450 օպերատիվ հետախուզական միջոցառումներ և արձանագրվել են 567 խախտման դեպքեր, որոնցով լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է 431 մլն դրամ։ «Տեսնում ենք, որ 2020 թվականի ընթացքում ավելացել են ոչ միայն ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը, այլև դրանց արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը: Ինչպես նշեցի 2019 թվականին պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 431 մլն դրամ, մինչդեռ 2020 թվականի նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքում առաջադրված հարկային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմել է 2.775 մլրդ դրամ»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը: Ստացվում է, որ առկա է իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների թվաքանակի աճ 2019 թվականի համեմատ, այն դեպքում երբ տարեկան իրականացվող հարկային ստուգումների թվաքանակը նվազում է։ Ինչո՞վ է պայմանավորված, որ հարկային ստուգումների թվաքանակի նվազման միտում կա, իսկ օպերատիվ հետախուզական միջոցառումների թվականակն աճում է։ Հարցին ի պատասխան Վահան Չարխիֆալակյանը նշեց, որ դա կապված է աշխատակիցների կողմից նախաձեռնողականության ավելացմամբ: «Միաժամանակ բազմաթիվ հանձնարարություններ են ստացվել նախաքննական մարմինների կողմից: Իր ազդեցությունն ունեն նաև ՊԵԿ-ում 2020 թվականին կատարված կառուցվածքային փոփոխությունները: Ստոբաժանումները հսկայածավալ աշխատանք են կատարել մոնիտորինգի և հարկային վերլուծության առումով»,-ասաց ՊԵԿ ներկայացուցիչը: Բացահայտումները տարբեր ուղղություններով են՝ արգելված գործունեությամբ զբաղվելու դեպքեր, ստվերային շրջանառություն, թաքնված աշխատատեղեր, բիզնեսն արհեսատական տրոհելու մի շարք դեպքեր և այլն: «Առաջին կիսամյակում իրականացված միջոցառումների արդյունքում 41 դեպքով հիմնավորվել է, որ թվով 100 հարկ վճարողներ գործունեություն են իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։  Նշված 100  հարկ վճարողները ՊԵԿ նախագահի որոշումներով ճանաչվել են  փոխկապակցված»,-ասաց Վահան Չարխիֆալակյանը: Այսինքն՝ բիզնեսի արհեստական տրհոման դեպքեր են գրանցվել, որոնք ուղղված են պակաս հարկեր վճարելուն:  Վահան Չարխիֆալակյանը հիշեցնում է, որ այս գործողություններն առանձին դեպքերում պարունակում են Քրեական օրենսգրքով արգելված արարք: Նա հորդորեց տնտեսվարողներին զերծ մնալ բիզնեսն արհեստականորեն տրոհելու քայլերից, քանի որ ՊԵԿ-ի համապատասխան աշխատողների ուշադրության կենտրոնում է  գտնվում համապատասխան հարցը:
14:26 - 07 օգոստոսի, 2020
ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ

ՊԵԿ-ը խիստ հսկողություն է իրականացնելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ օգոստոսի 5-ին կայացել է հանդիպում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման և ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման արդյունքում առաջ եկած խնդիրները, ինչպես նաև կորոնովիրուսի համավարակի հետևանքով աշխատանքների բնականոն ընթացքում առաջացած խոչընդոտները:  Մասնավորապես` համավարակի հետևանքով կազմակերպությունները չեն կարողացել համապատասխանության եզրակացությունն ստանալուց հետո ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1318-ն որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետում ավարտին հասցնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և ՀԴՄ-ների միջոցով անկանխիկ գործարքների գործառույթների իրականացման ապահովումը: Խոչընդոտներ է առաջացել նաև սարքերի ներմուծումը և ՀԴՄ-ների ներդրման գործընթացի բնականոն աշխատանքները կազմակերպելիս:  ՊԵԿ ղեկավարությունն ընդգծել է, որ շուկայում առկա է ՀԴՄ-ների պահանջարկ, որը, սակայն, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումից հետո կազմակերպությունների կողմից մինչ օրս ամբողջությամբ չի բավարարվել: Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջիկայում կներմուծեն ՀԴՄ-ների նոր խմբաքանակ:  Կոմիտեի ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն և վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ: «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից համապատասխանության եզրակացություն ստացած «Սմարթ Սոլյուշնս», «Դոկտեխնիկ», «Իննթեք», «Տոչ-Մաստեր» և «Ֆյուչեր Փեյմենթս Սիսթեմս» ՍՊԸ-ների ներկայացուցիչները ներկայացրել են նաև շուկայի բարելավման ու ՀԴՄ-ների ներդրման գործընթացի պարզեցման առաջարկներ:
16:32 - 06 օգոստոսի, 2020
Ծաղկաձորի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում՝ համայնքին պատճառվել է էական վնաս․ ՊԵԿ

Ծաղկաձորի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում՝ համայնքին պատճառվել է էական վնաս․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություն դեպքեր: Մասնավորապես, պարզվել է, որ 2014թ-ի ընթացքում իրականացված՝ Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Ծաղկաձորում գտնվող հողամասն աճուրդի եղանակով օտարելու գործընթացի արդյունքում աճուրդային հանձնաժողովի անդամ պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ դրդումներից ելնելով, աճուրդի անցկացման համար մասնակիցների ներկայության պատրանք ստեղծելու և աճուրդով հողամասը իրենց ցանկալի անձին օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ կատարելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով անցկացվող աճուրդի օրինականության պայմաններն ապահովելու նպատակով արձանագրել են, որ իբրև Ծաղկաձոր համայնքում գտնվող հողամասի աճուրդին մասնակցել են 2 անձինք, նրանց կողմից կատարվել է հողամասի գնման սակարկություն և իբրև հողամասը ձեռք է բերել ամենաբարձր գին առաջարկած գնորդը: Արդյունքում առանց օրինական հիմքերի, օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարման արդյունքում, համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Վերոգրյալի հիման վրա 2020թ.-ի հուլիսի 28-ին ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար: Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:16 - 06 օգոստոսի, 2020
Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Պետական եկամուտների կոմիտե նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 2019 թվականի միջոցառումների կատարողականը: Խորհրդակցության սկզբում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային ստվերի գնահատման և կրճատման, ՏՏ ենթակառուցվածքների կատարելագործման, հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների ամրապնդման, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված վարչարարության կազմակերպման, հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգի կատարելագործման, միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ըստ կատարված աշխատանքների արդյունքների՝ 2019թ․ հարկ վճարողներին վերադարձված ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած, ԱԱՀ-ի փոխատուցվող գումարների մասով միասնական հաշվին մուտքագրված, ԱԱՀ-ի վերադարձի հաշիվներով և հիպոթեքային վարկի տոկոսների սպասարկման մասով վերադարձված գումարները 2019թ. կազմել է 171,1 մլրդ դրամ: 2018-ի սկզբին հարկ վճարողների նկատմամբ եղել է 275.7 մլրդ դրամ պարտք, որից անցումային գերավճարի գծով՝ 132.7 մլրդ դրամ և դեբետային գերավճարի գծով՝ 143 մլրդ դրամ: Տնտեսավարողների նկատմամբ պետության ունեցած պարտքերի վերադարձման լայնածավալ աշխատանքների շնորհիվ պարտքը նվազել է մոտ 200 մլրդ դրամով, 2020-ի հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 76,6 մլրդ դրամ: Հարկային և մաքսային ընթացակարգերի բարելավման մասով՝ պետական սահմանի անցման կետերում մշակվել և ներդրվել են մաքսային հսկողության իրականացման ռիսկի պրոֆիլներ, ինչի արդյունքում սահմանին նվազել են հերթերը և սահմանահատման վրա ծախսվող ժամանակը: Մշակվել և ներդրվել է ռիսկերի կառավարման «խելացի համակարգ», որը հնարավորություն է տալիս ՀՀ սահմանով տեղափոխվող բեռների նկատմամբ մաքսային հսկողության ավելի ճկուն և արդյունավետ իրականացում։ Մասնավորապես` 2019թ. 2018թ-ի համեմատ էականորեն նվազել են ՀՀ սահմանով ներմուծվող բեռների նկատմամբ՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող բեռների ֆիզիկական զննման դեպքերը։ Դրանց տեսակակար կշիռը ներմուծման հայտարարագրերի ընդհանուր թվի մեջ 2018թ-ի 22%-ի փոխարեն 2019թ. կազմել է շուրջ 12%։ 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների քանակը 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Իրականացված համալիր ստուգումների թվի կրճատման պայմաններում, արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ պարտավորության գումարը՝ 92.0%-ով: Էականորեն պարզեցվել է ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված անձնական տրանսպորտային միջոցների ՀՀ սահմանահատման գործընթացը։ Հաշվետու ժամանակահատվածում մշակվել և ներդրվել են երրորդ անձանց վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ին տեղեկատվություն փոխանցելու երկու ՎԵԲ-ծառայություններ: Ստվերի կրճատման ցուցիչներ են նաև ՀԴՄ կտրոնների թվի ավելացումը և գրանցված աշխատողների թվի էական աճը: 2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 մլն կամ 38%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին, և 186 մլն կամ 74%-ով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2017-ին: Այդպիսով՝ 2018-ի համեմատ արձանագրվել է 345 մլրդ դրամի կամ 21.9%-ով ավելի առևտրաշրջանառություն, իսկ 2017 թվականի համեմատ՝ 529 մլրդ դրամի կամ 38%-ով ավելի առևտրաշրջանառություն: ՊԵԿ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում պետական բյուջե է գանձվել 63,6 մլրդ դրամ, 2018-ին՝ 30,6 մլրդ դրամ, 2017-ին՝ 26,8 մլրդ դրամ։ Մասնավորապես՝ 2019-ի ընթացքում հարուցվել են 454 քրեական գործեր, քրեական գործի հարուցումը մերժվել է 276 որոշումներով: Հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է 11,9 մլրդ դրամ գումար, 55 քրեական գործով ավարտվել է նախաքննությունը, գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Էդվարդ Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի շինաշխատանքների առաջին փուլը կավարտվի առաջիկա ամսվա ընթացքում, իսկ երկրորդի աշխատանքները կմեկնարկեն 2021-ին ու կավարտվի նույն տարվա վերջին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ նախագահը ներկայացրել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը:Ամփոփելով, վարչապետը կարևորել է ՊԵԿ-ից կողմից ստվերի կրճատման, հարկային և մաքսային վարչարարության արդիականացման, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի, սահմանային անցակետերում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ շարունակական ու հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարը նշել է, որ պատրաստվում է առաջիկայում այցելել սահմանային անցակետեր՝ գնահատելու նախորդ այցից հետո իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ճգնաժամային տարվան՝ կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով սահմանել է բարձր նշաձող և ՊԵԿ-ը պետք է անի ամեն ինչ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով: Վարչապետը կարևորել է նաև Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման վերաբերյալ կառավարության որոշումը, արտահանման և ներմուծման աշխատանքների՝ Գյումրի ուղղորդումը և հանձնարարել կենտրոնի շինաշխատանքների ուղղությամբ իրականացնել խիստ վերահսկողություն:
16:34 - 03 օգոստոսի, 2020
ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները

ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը): Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 19,737-ը: Վերջիններիս մայիս ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454-ը կամ շուրջ 68%-ը: 2020թ. հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ:
12:06 - 03 օգոստոսի, 2020