Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին

Փետրվարի 28-ին Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին և հանդես եկել ելույթով:  Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.  «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Հայաստանը շնորհավորում է Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր բյուրոյին` պարոն Վացլավ Բալեկի նախագահությամբ: Ցանկանում ենք նաև լավագույն բարեմաղթանքները հղել պարոն Վոլկեր Տյուրկին, քանի որ սա նրա՝ ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի պաշտոնում առաջին Խորհրդի նիստն է: Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը։ Այս տարի կրկին Հայաստանը տարածաշրջանում ստացել է ամենաբարձր վարկանիշները՝ ըստ Մամուլի ազատության համաշխարհային ցուցանիշի և «Economist Intelligence Unit»-ի Ժողովրդավարության ցուցանիշի: Լինելով Մարդու իրավունքների խորհրդի՝ այդ թվում՝ 2022 թվականին Բյուրոյի անդամ՝ Հայաստանը ձգտել է զգալի ներդրում ունենալ աշխարհում մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերում: Կցանկանայի հատկապես ընդգծել Հայաստանի ներդրումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում այն պետություններից յուրաքանչյուրին, որոնք աջակցել են 2022 թվականին Հայաստանի կողմից ներկայացված՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերի կոնսենսուսային ընդունմանը։ 2023 թվականին մենք նշում ենք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 75-ամյակը, որը մարդու իրավունքների առաջին պայմանագիրն է՝ ընդունված Գլխավոր ասամբլեայի կողմից։ Դրան հաջորդող օրն  ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Նման հաջորդականությունն ամենևին պատահական չէր, քանի որ դա մարդկության պատմության մեջ ամենաարյունալի և ամենադաժան պատերազմին հաջորդող ժաանակաշրջանն էր: Այդ երկու փաստաթղթերը ՄԱԿ մարդու իրավունքների ճարտարապետության ամուր հիմքը դրեցին: Պարո՛ն նախագահ,  ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից վերջերս արված գնահատականով. «մենք առերեսվում ենք վերջին ժամանակների լրջագույն աշխարհաքաղաքական պառակտմանը և անվստահությանը»: 2022 թվականը մարտահրավերներով լի տարի էր Մարդու իրավունքների խորհրդի համար նույնպես։ Ինչպես բարձր հանձնակատարը վերջերս նշեց, չնայած աշխարհաքաղաքական հակասություններին, Խորհուրդը պետք է լինի այն վայրը, որտեղ մենք մի սեղանի շուրջ ենք նստում՝ պաշտպանելու մարդու իրավունքների համընդհանուր արժեքները և մարդասիրությունը: Մենք համաձայն ենք, որ մարդու իրավունքների համակարգի ամենամեծ մարտահրավերը բոլորի իրավունքների պաշտպանությանը հավասարաչափ ուշադրություն ապահովելն է։ Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Ըմբռնելով այլ վայրերում հակամարտությունների և ճգնաժամերի հետևանքով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հավատացած ենք, որ չի կարող լինել տառապանքի հիերարխիա՝ հիմնված աշխարհաքաղաքական նկատառումների և շահերի վրա: Ի հեճուկս ամենի, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ձգտում է ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Այս վճռականությունը չի փոխվել նույնիսկ Ադրբեջանի ճնշման և ագրեսիայի ավերիչ, շարունակական ալիքներից հետո, ինչի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ, ավերվեցին հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, մշակութային և կրոնական ժառանգության կոթողներ: Միջազգային հանրությունը, սակայն, հիմնականում  անտարբեր մնաց, մինչդեռ Ադրբեջանն ավելի էր քաջալերվում՝ ոգևորված անպատժելիությունից: Այնուհետև այդ երկիրը հարձակվեց և օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում: Այս համատեքստում ես կցանկանայի ընդգծել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց է կիրառել Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ միաձայն մերժելով Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները Հայաստանի կողմից իբր ականներ տեղադրելու վերաբերյալ: Հիշյալ որոշման մեջ դատարանը վճռել է, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի: Նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից: ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»: Ավարտելով խոսքս, պարո՛ն նախագահ, ցանկանում եմ արտահայտել Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։ ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք: ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող ևս մեկ ձախողում իրեն թույլ տալ:  Շնորհակալություն»:
18:49 - 28 փետրվարի, 2023
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի հետ, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:  Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում իրավիճակը գնահատելու և ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը:    Երկուստեք նշվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը վերաբերող հարցերի:
11:21 - 28 փետրվարի, 2023
Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ

Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց հասցեագրման հրատապությունը: Այս համատեքստում քննարկվել են նշյալ իրադարձությունների ընթացքում տեղահանված անձանց աջակցության հարցեր:  Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի անխոչընդոտ հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ:
10:22 - 28 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության համակարգի շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին և ձեռքբերումներին: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։ Արարատ Միրզոյանը նշել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021թ․ մայիս, նոյեմբեր և 2022թ․ սեպտեմբեր ամիսներին ագրեսիայի ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ՝ այս առնչությամբ կարևորելով միջազգային համապատաասխան կառույցների հստակ գործողությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրականացումը: Նախարար Միրզոյանն ընդգծել է մինչ օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը՝ նշելով, որ Ադրբեջանն իր գործողություններով ակնհայտորեն ոտնահարում է ոչ միայն 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ կողմից ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները, այլ նաև միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներին՝ ԱԳ նախարարը շեշտել է ՄԱԿ համապատասխան մարմինների միջամտության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիություն ապահովելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը։
19:31 - 27 փետրվարի, 2023
ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հրամայականը

ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հրամայականը

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԿԽՄԿ բազմամյա գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են ԿԽՄԿ ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերը: Շեշտվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացման կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԿԽՄԿ ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար մարտահրավերների հասցեագրմանը: Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը:
17:23 - 27 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր

Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր

Փետրվարի 27-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ ձևաչափով, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կարևորվել է համատեղ ջանքերի ներդրումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:  Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ.  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 
16:16 - 27 փետրվարի, 2023
Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար |civilnet.am|

Իրանի քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության․ ԱԳ նախարար |civilnet.am|

civilnet.am: Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է կայացել Իրանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Հանդիպմանը Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է․ «Մենք աջակցում ենք կովկասյան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացմանը, սակայն մեր սկզբունքային քաղաքականությունն է հակազդել տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության: Հայաստանի հետ մեր հարաբերությունները համահունչ են ամբողջ տարածաշրջանի շահերին, և մենք բազմիցս ընդգծել ենք, որ Թեհրանի և Երևանի միջև լավ հարաբերությունները վնաս չեն ոչ մի երկրի»։ Հայկական կողմը հանդիպման վերաբերյալ տեղեկություն դեռ չի հաղորդել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ժնևում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:
15:27 - 27 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
19:00 - 23 փետրվարի, 2023
ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները

ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը մեկնում է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ ԱԳՆ-ից նշում են, որ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ: «Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև: Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր նաև, որ սպասվում է Արարատ Միրզոյանի ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հանդիպումը։
14:40 - 23 փետրվարի, 2023
Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար

Սիրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը:  Սիրիայի ԱԳ նախարարը ողջունել Արարատ Միրզոյանին և նշել, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում ճիշտ ժամանակին, և դա երկու երկրների միջև պատմական և ամուր հարաբերությունների արտահայտնումն է, որոնք շարունակաբար զարգանում են՝ ծառայելու երկու ժողովուրդների շահերին:  ՍԱՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳ նախարարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին պայմաններում սիրիացի ժողովրդին զորակցելու համար։ Նշենք, որ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից նշել էին, որ Հայաստանից երկրաշարժից տուժած Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը՝ ավելի քան 32 տոննա քաշով: 
13:29 - 23 փետրվարի, 2023