Կորոնավիրուս

Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար. Հայաստանը շատ սերտ աշխատելու է Չինաստանի և Իրանի հետ. Մնացականյան |aysor.am|

Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար. Հայաստանը շատ սերտ աշխատելու է Չինաստանի և Իրանի հետ. Մնացականյան |aysor.am|

aysor.am: Կորոնավիրուսի տարածումը մարտահրավեր է բոլոր երկրների համար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Համագործակցային միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու իրավիճակը, որպեսզի կանխարգելել ու հաղթահարել այս վարակը, մեզ համար կարևորագույն մոտեցում է», - ասաց նա։ Մնացականյանի խոսքով՝ Հայաստանը շատ սերտ աշխատելու է և Չինաստանի, և Իրանի հետ։ Ինչ վերաբերում է Իտալիային, ԱԳ նախարարն ասաց, որ այս հարցը, բնականաբար, չէր կարող վրիպել Հայաստանի ուշադրությունից։ «Այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որ նույնպես միասնաբար աշխատենք՝ թույլ չտալու համաճարակի տարածումը։ Սա է ընդհանուր մոտեցումը», - ասաց նա։ Ինչ վերաբերում է մյուս օջախներին, Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ քննարկվում է հարցը ու ավելի կոնկրետ քաղաքականությունը կարտահայտեն։
13:00 - 24 փետրվարի, 2020
Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց. 1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ: 3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ: 4. Որեւէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար: 5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար: 6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք եւ հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»:   
11:58 - 24 փետրվարի, 2020
Իրանում ուսումնական հաստատությունները փակել են. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի |aysor.am|

Իրանում ուսումնական հաստատությունները փակել են. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի |aysor.am|

aysor.am: Իրանում կորոնավիրուսով վարակի  43 դեպք է գրանցվել, որոնցից ութը՝ մահվան ելքով, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական խոսնակ Քիանուշ Ջահանպուրը: FARS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված ՝ իշխանությունները հայտարարել են երկրի 10 նահանգներում կրթական հաստատությունների փակման մասին, չեղյալ են հայտարարվել նաև մշակութային միջոցառումներ, իսկ մի շարք մարզական միջոցառումներ կանցկացվեն առանց հանդիսականների: Ուսումնական հաստատությունները ժամանակավորապես փակված են մինչև փետրվարի վերջ: Ըստ Ջահանպուրի, արձանագրված դեպքերի թիվը հասել է 43-ի, որից 8-ը՝ մահվան ելքով: Վարակման առաջին դեպքը գրանցվել է Քում քաղաքում` փետրվարի 19-ին, որը կրոնական կենտրոն է: Ըստ բժիշկների, այդ վարակվածների մեծ մասը կա՛մ քաղաքի բնակիչներ են, կա՛մ այցելել են այնտեղ:
11:45 - 24 փետրվարի, 2020
Չինաստանի 24 տարածաշրջաններում երեկ կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն գրանցվել |azatutyun.am|

Չինաստանի 24 տարածաշրջաններում երեկ կորոնավիրուսի վարակի նոր դեպքեր չեն գրանցվել |azatutyun.am|

azatutyun.am:  Մահվան 150 դեպքերից 149-ը գրանցվել են Հուբեյ նահանգում։ Չինաստանում նոր կորոնավիրուսի համաճարակի օջախը համարվող Հուբեյ նահանգից դուրս անցած մեկ օրում գրանցվել է վարակի ընդամենը 11 նոր դեպք, ընդ որում՝ 24 տարածաշրջաններում առհասարակ այդպիսին չի գրանցվել։ Ինչպես վկայում են տեղի իշխանությունների հրապարակած տվյալները, նոր դեպքեր չեն արձանագրվել, մասնավորապես, մայրաքաղաք Պեկինում, Շանհայ և Տյանցզին քաղաքներում, Տիբեթ, Շանսի և այլ նահանգներում, երկու ինքնավար շրջաններում։ Երկրի Առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ կիրակի օրը մահվան դեպքերի թիվն ավելացել է 150-ով, որից 149-ը գրանցվել է Հուբեյում։ Փետրվարի 23-ի ժամը 24։00-ի դրությամբ 31 նահանգներից ստացված տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2 հազար 592-ի, վարակը հաստատված է 77 հազար 150 մարդու մոտ, նրանցից 9 հազար 915-ի վիճակը ծանր է, 24 հազար 734-ն ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից։ Չինաստանից դուրս գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1769 դեպք՝ 28 երկրներում, մահացել է 17 մարդ, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։
10:33 - 24 փետրվարի, 2020
 Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանը  2 շաբաթով կփակվի․Նիկոլ Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանը 2 շաբաթով կփակվի․Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։ Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են։
19:38 - 23 փետրվարի, 2020
Թաիլանդում կորոնավիրուսով վարակված 35 հիվանդից 21-ը բուժվել են |tert.am|

Թաիլանդում կորոնավիրուսով վարակված 35 հիվանդից 21-ը բուժվել են |tert.am|

tert.am: tert.am: Թաիլանդում կորոնավիրուսով վարակված բոլոր հիվանդներից 21-ը, որոնք բուժում են անցել և շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցներում, արդեն ամբողջությամբ ապաքինվել են։ Այս մասին կիրակի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թաիլանդի առողջապահության նախարարության մշտական քարտուղարը: «COVID-19 տեսակի վիրուսով վարակված և մեր հիվանդանոցներում բուժում ստացող 35 մարդուց 21-ն ամբողջովին ապաքինվել են: Նրանք արդեն տուն են վերադարձել»,- ասել է քարտուղարը՝ հավելելով, որ դեռ 14 հիվանդ ունեն, որոնք շարունակում են բուժումը: Նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ կորոնավիրուսի հայտնաբերման համար հետազոտություն անցնող մեկուսացված հիվանդների թվաքանակը կիրակի օրվա դրությամբ կազմում է 1355 մարդ:  Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին տեղյակ են պահել 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 2442 մարդ, ավելի քան 22 800-ն ապաքինվել են: Հիվանդությունը տարածվել է ևս 26 երկրում:
17:03 - 23 փետրվարի, 2020
ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունը

Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:   Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է մշտական կապ Իրանում գտնվող մեր հայրենակիցների հետ: Վերոնշյալ գործառույթների արդյունավետ իրականացման համար որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել հյուպատոսական հերթագրումը և ընդունելությունը, որոնք տեխնիկական, կազմակերպական անհրաժեշտ միջոցառումների իրականացումից հետո լիարժեքորեն կվերականգնվեն: Իրանում ՀՀ դեսպանություն
16:03 - 23 փետրվարի, 2020
Կորոնավիրուսից ևս երկու մահ` Իրանում |azatutyun.am|

Կորոնավիրուսից ևս երկու մահ` Իրանում |azatutyun.am|

azatutyun.am: Իրանում կորոնավիրուսից մահվան ութերորդ դեպքն է գրանցվել. Առողջապահության նախարարությունն այսօր հաղորդել է մահացած ևս երկու հիվանդների մասին` առանց մանրամասնելու` երբ և որտեղ են դրանք գրանցվել: Ըստ այդմ, մահվան ցուցանիշով Իրանը երկրորդն է աշխարհում`Չինաստանից հետո: Միաժամանակ, հաղորդվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ևս 15 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, այս պահին իրանական հիվանդանոցներում բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 43 մարդ, 785-ն էլ կարանտինի մեջ են: Ավելի վաղ առողջապահության նախարարը հայտնել էր, թե նոր վարակման դեպքերից երկուսը Թեհրանում են, ութը` Թեհրանից 120 կմ հարավ գտնվող Քոմ քաղաքում, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում: Կառավարությունը մի շարք քաղաքներում փակել է դպրոցները, համալսարաններն ու կինոթատրոնները, թատերական ներկայացումներն ու համերգները չեղարկվել են, ֆուտբոլային խաղերը կկայանան, բայց`առանց երկրպագուների: Օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Քուվեյթն ու Իրաքը դադարեցրել են չվերթների մեծ մասը Իրան, Վրաստանը խորհուրդ է տվել խուսափել այցելությունից:
15:43 - 23 փետրվարի, 2020
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանի տարածքում կորոնավիրուսի տարածմանը: Նա մասնավորապես նշել է, որ վերոնշյալի առթիվ ոխսել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Վերջին օրերին FB-ում ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ։ Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է ենթարկվում, ամենայն մանրամասնությամբ գնահատվում են հնարավոր ռիսկերը և բոլոր հնարավոր զարգացումները։ Օրակարգում են վիրուսի ներթափանցման կանխման բոլոր տարբերակները՝ ընդհուպ մինչև Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը»։
14:29 - 23 փետրվարի, 2020
«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում |hetq.am|

«Բժիշկները գիտեին, որ կվարակվեն, սակայն շարունակում էին աշխատել»․ հարցազրույց, որի հրապարակումն արգելվել է Չինաստանում |hetq.am|

hetq.am: Փետրվարի 18-ին՝ երեքշաբթի օրը, կորոնավիրուսից մահացել է Չինաստանի Ուհան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ղեկավար Լյու Չժիմինը։ Ավելի վաղ, փետրվարի 7-ին, մահացել էր նրա գործընկեր Լի Վենլյանը, որն առաջինն էր հայտնել նոր հիվանդության տարածման մասին։ Երկու բժիշկներն էլ վարակվել էին սուր թոքաբորբով, երբ օգնում էին պացիետներին։ Համաճարակի սկզբից ի վեր հազարավոր չինացի բժիշկներ փաստացի աշխատում են առանց հանգստյան օրերի և օգնելով հիվանդներին, իրենց ենթարկում մահացու վտանգի։ Փետրվարի սկզբին չինական «Caixin Global» պարբերականում հրապարակվել է բժիշկ Պեն Չժիյունեմի հետ հարցազրույցը, որը գլխավորում է Ուհանի համալսարանի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը։ Բժիշկ Պենը պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում կորոնավիրուսային հիվանդությունը և ինչ դժվարությունների են հանդիպում բժիշկները, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդ պացիենտների հետ։  - Ե՞րբ եք առաջին անգամ հանդիպել կորոնավիրուսով հիվանդ պացիենտի։ - 2020 թվականի հունվարի 6-ին։ Հիվանդը ծնունդով Հուանգանից էր, որին մի քանի հիվանդանոցներում հրաժարվել էին հոսպիտալացնել և ուղեգիր էին տվել դեպի Հարավային կենտրոնական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Ես ներկա էի բժշկական կոնսուլտացիայի ժամանակ։ Այդ պահին պացիենտի վիճակը ծանր էր, նա դժվարությամբ էր շնչում։ Ես միանգամից հասկացա, որ նրա մոտ հենց այդ հիվանդությունը պետք է ախտորոշվի։ Մենք երկար քննարկում էինք, թե արդյոք ընդունենք այդ պացիենտին։ Եթե մենք այդ չանեինք, ապա նա գնալու այլ տեղ չէր ունենա։ Եթե մենք այդ անեինք, ապա մեծ կլիներ հավանականությունը, որ հիվանդությունը կդառնա վարակիչ՝ մյուս պացիենտների համար։ Մենք պետք է պահպանեինք շատ խիստ կարանտին։ Եկանք այն որոշման, որ աշխատանքային օրվա ավարտին կընդունենք պացիենտին։ Ես զանգահարեցի հիվանդանոցի գլխավոր բժշկին և զեկուցեցի իրավիճակի մասին, ներառյալ այն փաստը, որ մենք պետք է մյուս հիվանդներից ազատեինք հիվանդասենյակը և այն հարմարացնեինք սուր շնչառական հիվանդությամբ տառապող հիվանդներին ներկայացվող պահանջներին։ Վերջինս ենթադրում էր ստեղծել վարակի գոտի, բուֆերային հատված, մաքրման տարածք, ինչպես նաև բուժաշխատողների հատվածի առանձնացում պացիենտների հատվածից։ Հունվարի 6-ին, երբ պացիենտը գտնվում էր անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում, կարանտինի հետ կապված, իրականացրել ենք բաժանմունքի վերասարքավորում, ինչպես նաև մասշտաբային փոփոխություններ ենք իրականացրել վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հարավային կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա են 66 մահճակալներ։ Մենք կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար տեղ էինք հատկացրել։ Ես գիտեի հիվանդության վարակիչ լինելու մասին։ Մենք ենթադրում էինք, որ նոր մարդիկ կդիմեն մեզ, դրա համար էլ առանձնացրել էինք 16 մահճակալներ։ Մենք կարանտինային վերակառուցում էինք իրականացրել ինֆեկցիոն հիվանդություններով պացիենտների հատվածում։ Քանի որ շնչառական հիվանդությունները տարածվում են օդակաթիլային ճանապարհով, ապա օդը նույնպես պետք է գտնվեր կարանտինի մեջ, որպեսզի դուրս չգար իզոլացված տարածքից։ Այդ ժամանակ շատերը խոսում էին, որ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում պետք է լինեն սահմանափակ թվաքանակով մահճակալներ, իսկ 16 մահճակալների թիվը խիստ մեծ քանակ էր։ Ես պնդեցի, որ այդ թիվն այդքան էլ մեծ չէ։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։
13:42 - 23 փետրվարի, 2020
Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը.Արսեն Թորոսյան |azatutyun.am|

Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը.Արսեն Թորոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Մարդկանց տեղաշարժի սահմանափակումները նման հիվանդությունների դեպքում այդքան էլ աշխատող գործիքներից չեն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը հարևան Իրանում և այս իսկ պատճառով սահմանը փակելու վերաբերյալ տարբեր կոչերին` Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հիշեցրեց` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ոչ թե մուտքի, այլ ելքի սահմանափակում կիրառել նման դեպքերում. - «Հնարավոր չէ փակել ամբողջ աշխարհի ուղևորաշրջանառությունը, և իմաստ էլ չկա, բայց այսօր և վաղը քննարկելու ենք նման հնարավորությունը, ինչպես արեցինք Չինաստանի դեպքում` հանելով ազատ վիզային ռեժիմը, և փաստացի մենք այսօր Չինաստանի քաղաքացի գրեթե չունենք Հայաստան մտնող»,- հայտարարեց նախարարը: Փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը ժամանակավորապես կասեցված է Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը: Հիշեցնենք, որ Թեհրանում երեկ հինգերորդ մարդն է մահացել կորոնավիրուսից: Երկրում ախտահարվածների մեծ մասը Քոմ քաղաքում են, որտեղ չինական մի ընկերություն արևային էներգիա արտադրող կայան է կառուցում: Մասնագետները չեն բացառում, որ վարակը Իրան է ներթափանցել ընկերության աշխատակիցների միջոցով, որոնք հաճախ են լինում հայրենիքում: Սաուդյան Արաբիայի իշխանությունները արգելել են սեփական քաղաքացիներին այցելել Իրան, այս պահին այդ երկրում գտնվողներն, իրենց հերթին, թագավորություն կարող են վերադառնալ 14-օրյա կարանտինից հետո միայն:
12:42 - 23 փետրվարի, 2020
Իտալիան առաջինն է Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թվով. իշխանությունները սահմանափակել են ազատ տեղաշարժը |news.am|

Իտալիան առաջինն է Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թվով. իշխանությունները սահմանափակել են ազատ տեղաշարժը |news.am|

news.am: Իտալիայի կառավարությունը սահմանափակել է տեղաշարժվելու ազատությունը երկրի հյուսիսային այն շրջաններում, որտեղ հատկապես տարածված են COVID-19 կորոնավիրոսով վարակվելու դեպքերը, հաղորդում է  Համաճարակի կենտրոն համարվող շրջանների բնակիչներին կարգելվի հեռանալ այդտեղից, կարգելվի նաեւ այդտեղ մուտքը, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն: Նույն օրը Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտում հայտնել են, որ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի 79 դեպք, 2 մարդ զոհվել է, 1 մարդ՝ բուժվել: Ամենամեծ թվով վարակվածները՝ 54 դեպք, գտնվում են Լոմբարդիայում, որտեղ հատուկ միջոցառումներն առնչվում են շուրջ 50 հազար մարդու 9 բնակավայրերում Միլանից 60 կմ հեռավորության վրա՝ Կոդոնյո քաղաքում: Հենց Կոդոնյոյում փակ են սուպերմարկետներն ու ռեստորանները, փողոցներում փոքրաթիվ անցորդներ են կրում պաշտպանիչ դիմակներ: Միլանում քաղաքապետը կարգադրել է փակել հանրային հաստատությունները: Հարեւան Վենետո շրջանում գրանցվել է վարակի 17 դեպք, մի շարք քաղաքներում դադարեցվել են դպրոցների, սպորտային կենտրոնների, սրճարանների եւ գիշերային ակումբների աշխատանքը: Վիրուսի հետեւանքով մահացած առաջին ԵՄ քաղաքացին այդ շրջանի 78-ամյա բնակիչն էր, իսկ երկրորդը՝ 77-ամյա կին էր, որը մահացել էր Լոմբարդիայում: Իշխանությունները կարգադրել են չեղարկել բոլոր սպորտային եւ հասարակական միջոցառումները երկու շրջաններում փետրվարի 23-ին: Վարակի երկու դեպք է գրանցվել Էմիլիա-Ռոմանյա եւ Լացիո շրջաններում, եւս մեկը՝ Պյեմոնտեում: Իտալիան կորոնավիրուսից առավել տուժած եվորպական երկրներից մեկն է, դեռեւս հունվարի 31-ին այդտեղ հայտարարել էին արտակարգ դրություն վարակի տարածման առնչությամբ: Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 16 դեպք, Ֆրանսիայում՝ 12, այդ թվում՝ 1 դեպք մահվան ելքով: COVID-19 կորոնավիրուս կոչվող հիվանդության հետեւանքով զոհվել է արդեն ավելի քան 2300 մարդ ամբողջ աշխարհում: Հիվանդության գրեթե բոլոր դեպքերը, այդ թվում՝ մահվան ելքով, գրանցվել են Չինաստանում:
11:55 - 23 փետրվարի, 2020