Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Արցախի նախագահը պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի նախագահը պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են հանդիսանում, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է: Ներկայացված ծրագրերի ծավալն ու ժամանակացույցը  քննարկելուց հետո նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Հատուկ անդրադարձ է եղել հայկական բնակավայրերի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու հետևանքով առանց կացարանների մնացած զինվորականների և պահեստազորայինների բնակարանային խնդիրներն արագացված ընթացակարգով լուծելու հարցին:  
18:33 - 10 դեկտեմբերի, 2020
Օր օրի բուժելով արյունահոսող վերքերը՝ կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Օր օրի բուժելով արյունահոսող վերքերը՝ կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թանկագի ՛ն հայրենակիցներ Այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: Թե՛ 1991 թվականին և թե՛ 2006-ին տեղի ունեցած հանրաքվեների միջոցով մեր ժողովուրդը մեկ անգամ ևս հաստատել է սեփական հողի վրա ապրելու և արարելու, հայրենի երկիրը շենացնելու և զորացնելու իր կամքն ու վճռականությունը:  Այսօր էլ մեր նպատակներն ու ձգտումները նույնն են, որոշումը՝ անփոփոխ: Պետականաշինության բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում փորձություններ ու դժվարություններ, ունեցել ենք անդառնալի կորուստներ, բայց միշտ մնացել ենք անսասան ու անկոտրում, ուժեղ ու հաստատակամ: Ծանրագույն մարտահրավերների առջև ենք կանգնել հատկապես վերջին ամիսներին՝ առերեսվելով անդառնալի ու ցավալի կորուստների, սակայն մեր ճամփան անշեղ է, մեր կամքը՝ ավելի ու ավելի ամուր: Եվ այսօր էլ, մեր մեջ պահելով անասելի ցավն ու կսկիծը, օր օրի բուժելով արյունահոսող վերքերը, մենք կշարժվենք առաջ, կկառուցենք մեր երազանքի Հայրենիքը, կկերտենք մեր սերունդների ապագան: Զորություն, օրհնանք ու խաղաղություն յուրաքանչյուրիդ ընտանիքներին»:
09:25 - 10 դեկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության ներկայացուցիչների պատվիրակությանը

ԱՀ նախագահը ողջունել է հյուրերի` Արցախ այցելելու և տեղում իրավիճակին ծանոթանալու նախաձեռնությունը: Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել կուսակցության ղեկավարությանը Ֆրանսիայի Սենատում ընդունված «Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախաձեռնողներից լինելու և խմբակցության ամբողջ կազմով կողմ քվեարկելու համար: «Ֆրանսիան այն եզակի երկրներից էր, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու համար նախաձեռնություն ցուցաբերեց: Ցավում եմ, բայց միջազգային հանրությունն այդպես էլ պատշաճ կերպով չարձագանքեց Ադրբեջանի ծավալած ագրեսիային, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև ահաբեկչական տարբեր խմբավորումներ: Արցախի դեմ կատարվածն իրականում ավելի է մեծացրել անվտանգային սպառնալիքները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ եվրոպական երկրների նկատմամբ»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով ռուս խաղաղապահ զորակազմի կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման և Արցախի հետագա զարգացման գործընթացներում:Ֆրանսիայի Սոցալիստական կուսակցության նախագահ Օլիվյե Ֆորը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ընդունելության և տեղի ունեցող զարգացումներին ծանոթացնելու համար: Նա դատապարտել է տեղի ունեցած ռազմական հանցագործությունները և պատրաստակամություն հայտնել Արցախի ճանաչման հարցը հետագայում ևս հետևողական կերպով առաջ տանելու համար:Հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ բարեգործական ընդհանուր միության Եվրապայի գրասենյակի ներկայացուցիչներն, անդրադարձ է եղել ադրբեջանաարցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման պրոցեսը կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, ինչպես նաև պատերազմի հետևանքները վերացնելուն ուղղված հարցերին:
11:56 - 08 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Այս մասին Հարությունյանը հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում։   «Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին:   Նշեմ, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները՝ բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է նախագահը:
19:23 - 05 դեկտեմբերի, 2020
ԱՀ նախագահն ընդունել է ՌԴ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը

ԱՀ նախագահն ընդունել է ՌԴ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի կայուն ու անվտանգ զարգացման համար շատ կարևոր է ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծումը, և այս ուղղությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով մեծ ծավալի փոխգործակցված աշխատանք է կատարվում: Այդ համատեքստում նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել  Յուրի Ստավիցկու այցն Արցախ՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա գործնական մակարդակում նոր խնդիրներ լուծելու: Յուրի Ստավիցկին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ են աշխատանքային օրակարգում կոնկրետ հարցեր քննարկելու: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:  
19:48 - 04 դեկտեմբերի, 2020
Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ: Այս մասին տեղեկացնում են  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: «Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես:  Ծրագրում կընդգրկվեն նաև վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի: Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաև «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում ևս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու և բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար: Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:18 - 04 դեկտեմբերի, 2020
ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի․ Արայիկ Հարությունյան

ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ՛ հայրենակիցներ Աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել եմ Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։ Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի: Հանձնարարականիս համաձայն՝ Կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել: Ուստի, կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի:  Հ.Գ.Վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն»:
14:06 - 03 դեկտեմբերի, 2020
Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը: Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ: Նախագահ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքներն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ կերպով հարազատներին հաղորդելու վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
18:56 - 02 դեկտեմբերի, 2020
Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Միքայել Սամվելի Վիրաբյանն ազատվել է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից՝  այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը, նախագահի մեկ այլ հրամանագրով, Մանե Վանյայի Թանդիլյանը նշանակվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանրապետության նախագահն այդ առթիվ ընդունել է Մանե Թանդիլյանին և նախանշել ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում պետական սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվելիք ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև նորանշանակ նախարարին ցուցաբերած պատրաստակամության և հետպատերազմական ծանր ժամակաշրջանում՝ աշխատանքի առաջարկն ընդունելու համար:
14:29 - 02 դեկտեմբերի, 2020
Պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում․ ԱՀ նախագահը՝ Վ․ Հարությունյանին

Պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում․ ԱՀ նախագահը՝ Վ․ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին, հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։  Երկրի ղեկավարը նշել է, որ ծանր փորձությունից հետո պաշտպանության ոլորտում բազմապատիկ աշխատանք է սպասվում և համոզմունք է հայտնել, որ Վաղարշակ Հարությունյանի ունեցած հարուստ ռազմական փորձն ու գիտելիքները մեծապես կնպաստեն գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ օրակարգային առաջնահերթություն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների ճակատագրերի հարցը, որին ուղղված են բոլոր ջանքերը: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է նախագահի կողմից բարձրացված հարցերի կարևորությունը՝ նշելով, որ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի և շահագրգիռ կառույցների հետ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանը:
20:40 - 01 դեկտեմբերի, 2020
Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամներին՝ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը նշել է, որ ընթացիկ շրջափուլն Արցախի պատմության ամենածանր ժամանակահատվածներից է, և ձևավորված օրակարգի խնդիրները հաղթահարելու, ինչպես նաև հայ ժողովրդի հարատևությունը սեփական հողի վրա ապահովելու նպատակով այսօր առավել, քան երբևէ պետք է համախմբել բոլոր կարող ուժերը: Նախագահ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել պատերազմական ծանր օրերին «Ազգային վերածնունդ» կուսակցության դրսևորած բարձր քաղաքացիական գիտակցության և մարտական գործողություններին ունեցած մասնակցության համար, և ընդգծել, որ հանդիպման նպատակը Հայրենիքի առջև ծառացած խնդիրների հաղթահարման ուղիները քննարկելն է: Նա նաև պատրաստակամություն է հայտնել կուսակցության հետ կիսելու երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունը: Հայկ Խանումյանը հանդիպման համար շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին՝ նշելով, որ կուսակցությունը պատրաստ է պետականաշինության հետագա գործընթացին անմիջական մասնակցություն ունենալու:
15:03 - 01 դեկտեմբերի, 2020