Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիութան բարձրացմանը. Անդրանիկ Քոչարյան |shantnews.am|

shantnews.am: «Արվում է գործողություն, որը մինչև վերջ հաշվարկված չէ, հետո դա ոնց  պիտի օգտագործվի: Էնպես ստացվեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության բարձրացմանը: Ուզենք, թե չուզենք, դա  փաստ է, տեսանելի է բոլորին, ով չի ուզում  դա տեսնել, չի  ուզում հավատալ Հայաստանի ապագային»,- ԱԺ-ում ճեպազրույցի  ժամանակ ասել է Արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ  Քոչարյանը: Խոսելով միջազգային կառույցների արձագանքի մասին՝ նկատել է.«Ես  կարծում եմ՝ միջազգային հանրությունը միշտ նույն կերպ է արձագանքում՝ պահպանել հրադադադարի ռեժիմը, կոչ հանդարտության, կարծում եմ, որ  ռազմական լուծում այս  հարցում գոյություն չունի: Պետք է գտնել հարթակ բանակցային գործընթացի  համար: Լուծումներ պետք է գտնվեն, որոնք կբավարարեն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին»,- ասել է Քոչարյանը:
13:53 - 15 հուլիսի, 2020
ՄԻՊ 2-րդ զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ

ՄԻՊ 2-րդ զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ

Երկրորդ միջանկյալ զեկույցն ենք անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արված քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: Հատուկ նշում եմ, որ այսպիսի հնարավորություն ունեն միայն «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:Զեկույցում արտացոլվել են նաև այն տվյալները, որ ադրբեջանական կողմը սեփական հրետանային մարտկոցները տեղադրել է խաղաղ բնակչության մոտ, բնակավայրերում, որպեսզի հայկական կողմի պատասխան կրակը ուղղվի սեփական բնակչության վրա։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել իրավապաշտպան գործունեությունը՝ անմիջական կապ պահպանելով Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Բերդ և մի շարք այլ համայանքների, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի ու ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ պաշտոնական հաղորդակցությամբ:
13:15 - 15 հուլիսի, 2020
Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրգործ

Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրգործ

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակ  է արձակվել նույն բնակավայրի երկու բնակիչների՝ 12-րդ փողոցում գտնվող  առանձնատների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին  չի հասցվել, իսկ  նշված առանձնատների արտաքին պատերը և պատուհանները հրավտանգ եղանակով վնասվել են: Դեպքի առթիվ նույն օրը  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 13-րդ և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն։
13:00 - 15 հուլիսի, 2020
Այսօր Ադրբեջանում սպասվում է նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ․ Վարուժան Գեղամյան

Այսօր Ադրբեջանում սպասվում է նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Բաքվում երեկ տեղի ունեցած ցույցերին․ «Ադրբեջանում գիշերը տեղի ունեցածի մասին Ինչպես գիտեք, երեկ ուշ երեկոյից Ադրբեջանի մի շարք բնակավայրերում տեղի են ունեցել բողոքի ցույցեր։ Մայրաքաղաք Բաքվում ցուցարարների թիվը, որոնց միացել էի շրջակա քաղաքներից ժամանածները, կեսգիշերն անց հասել էր մի քանի տասնյակ հազարի (10-20 հազար)։ Այս իրադարձությունը ոչ միայն աննախադեպ էր իր մասշտաբներով, այլև այն հանգամանքով, որ ցուցարարները ինչ-որ պահի ներխուժեցին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի՝ խորհրդարանի շենք։Լուսադեմին ցույցը ցրվեց։ Քանի որ տեղեկատվության օբյեկտիվ սահմանափակումներ կան, ապա առկա տվյալների հիման վրա կանեմ մի քանի զգուշավոր ենթադրություններ։- Ի սկզբանե ցուցարարները հանդես էին գալիս հակահայկական և ռազմատենչ կարգախոսներով՝ ի սատարումն բանակի։ Դժվար է չհավատալ, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակն է եղել ցույցի հիմնական գրգռիչը։- Ցույցը չուներ ընդգծված առաջնորդներ, սակայն ակնհայտ էր, որ ինչ-որ պահից ցուցարարների որոշ խմբեր սկսեցին ներկայացնել իրենց «օրակարգը», որը որոշակիորեն տարբերվում էր վերևում նկարագրածից (թեև դարձյալ նույն գծի մեջ էր)։- Ցուցարարների հիմնական կարգախոսներն էին՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մուբարիզ», «Խփե՛ք Խանքենդիին», «Եթե գնանք այս գիշեր տուն, վաղը մեզ չեն թողնի նորից հավաքվել», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Վե՛ր կաց, ադրբեջանցի զինվոր, անցի՛ր սահմանը», «Պատերազմ» և այլն։- Գիշերը 2-ի շրջակայքում ոստիկանությունն ու իշխանությունները կոչ արեցին ցուցարարներին ցրվել։ Մինչ այդ ոստիկանությունը որևէ կերպ չէր միջամտում ցույցին՝ չնայած դրա անօրինականությանն ու կարանտինային պայմաններին։ Ակնհայտ էր, որ ցույցն անցնում էր իշխանությունների թողտվությամբ (եթե ոչ նաև մասնակի կազմակերպությամբ)։- Չենթարկվելով իշխանությունների պահանջներին՝ հավաքը աստիճանաբար սկսեց վերաճել բողոքի ցույցի, որի մեջ կային թե՛ կրոնական, թե՛ ազգայնամոլական և թե՛ սոցիալական կարգախոսներ։- Երբ մի ոստիկան փորձում էր հանգստացնել ցուցարարներին, հայտարարեց, որ «Հեյդար Ալիևի ոգին հետևում է մեզ» և «որ մենք (Ադրբեջանը) սպանել է 200 հայի»։ Ի պատասխան ցուցարարները սկսեցին գոռալ՝ «սուտասաններ»։ Դրան հաջորդեցին ցուցարարների կողմից հրաժարականի պահանջներ (այդ թվում նաև այլ քաղաքներում), որոնց մեծ մասն ուղղված էր «դավաճան գեներալներին, որոնց պետք էր կախաղան հանել», իսկ ցանցում հայտնվեցին «#occupymilliməclis» հեշթեգով գրառումներ։ Ակնհայտ դարձավ, որ ցուցարարները նախատեսում են գրավել Միլլի Մեջլիսի շենքը, ինչը կատարվեց որոշ ժամանակ անց, թեև ոստիկանությունը արագ հեռացրեց վերջիններիս։- Դրանից հետո ոստիկանությունը սկսեց կիրառել արցունքաբեր գազ, ջրցաններ և այլ միջոցներ, ինչի արդյունքում լուսադեմին՝ ժամը 5-ի մոտակայքում ցուցարարները ցրվեցին։ Հետաքրքիր է, որ ոստիկանության գործողություններին ի պատասխան ցուցարարները սկսեցին վանկարկել «Մենք հայեր չենք», «Ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը», «Դուք եք իսկական հայեր, մենք այժմ երկու պետության դեմ ենք կռվում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու իշխանությունների ներկայացրած «պետությունը»։ Հետաքրքիր էր նաև հետևյալ կոչը. «Հայերը ոտքի կանգնեցին և նրանց ոստիկանությունը միացավ իրենց, իսկ դուք մեզ ծեծում եք»։ Արդյունքում կան ձերբակալվածներ։- Կարևոր է նաև ցույցերի կրոնական բաղադրիչը. շատ վայրերում այն ուղեկցվում է «Ալլահ Ակբար», «Աստված ու Ահլ-ուլ Բեյթը մեզ հետ է այս պատերազմում» և այլ կարգախոսներով։ Այսօր սպասվում է նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ։ Երեկվանից գնում է այդ գեներալի հերոսացում, որի մեջ ևս առկա են սոցիալական արդարության պահանջի տարրեր՝ «մաքուր ու ռոճիկով ապրող գեներել» ընդդեմ «հղփացածների»։ Կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան գիշերվա սցենարը. ցուցարարները չպետք է շեղվեն հակահայկական օրակարգից։Ինչպես և Հայաստանում՝ Ադրբեջանում քաղաքական լեգիտիմության հիմքը Ղարաբաղն է, ուստի այս ամենին պետք է լուրջ վերաբերվել։ Ավելին՝ այնտեղ հակահայկականությունը հասցված է ֆանտաստիկ մասշտաբների, էնպես որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Այլ մտքեր ևս կան, բայց դրանք բարձրաձայնելու համար վաղ է, քանի որ մոտ է սպեկուլյացիաների ժանրին»։
10:32 - 15 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ մուտքերը) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ. 1, 4-րդ թաղ. 29 շենքերը, Անդրանիկի փ. 10, 129, Րաֆֆու փ. 41 շենքերը, Մարգարյան 2-րդ նրբ. 1շենքի 1-4-րդ մուտքերը և հարակից ոչ բանկիչ բաժանորդները, Արագածոտն մարզում՝ 11:00-17։00 Գետափ, Թլիկ, Արագածավան գյուղերը, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Մասիս քաղաքի Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների 4, 9, 10 փողոցները և 4-րդ նրբանցքը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Մռավյան, Խանջյան, Երևանյան, Օգոստոսի 23-ի փողոցները՝ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։30 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, 26 Կոմիսարների, Թամանցիների, Մոմիկի, Օրբելու փողոցները և Ելփին, Վերնաշեն գյուղերը մասնակի, 10։00-16։00 Ազատեկ գյուղը՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն գյուղերը մասնակի, Աբովյան քաղաք 8-րդ միկրոշրջանը և Էլար թաղամասը մասնակի, Սարալանջի 10, 11 փողոցները, Հարնապետության փ. 4, Սևանի փ․ 4/5, Օգոստոսի 23փ. 21 շենքերը, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը՝ մասնակի և «Մագաս Ինվեստ» ՍՊԸ-ն, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի 3-րդ թաղամասը՝ մասնակի, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի Սոցխոզ թաղամասը, 11:00-16:00 Գյումրի քաղաքի «Թռչունյաց տունը», «Սևերսկի» զինմասը, «Սևերսկի» թաղամասը, հին մաքսատան դիմացի տարածքը, նախկին «Ուրալ Սիբ Ստրոյ»-ի տարածքը, 11:00-17:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցը, Տավուշի մարզում՝ 10:00-16:00 Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղերը, Հաղարձին գյուղը՝ մասնակի, 12:00-14:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցը, Թբիլիսյան խճուղին՝ մասնակի, և Թեղուտ գյուղը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Հարժիս, Հալիձոր, Շինուհայր գյուղերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները:
09:50 - 15 հուլիսի, 2020
ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Ռամայի կոչը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Ես խորապես մտահոգված եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր»,- ասել է Ռաման: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում: Ուղիղ կապուղին հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019թ. մարտին, Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպման ժամանակ։ Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել այս իրավիճակում լարվածությունը թուլացնելու համար: Ռաման ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իր մտահոգությունն է հայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչությամբ։ «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,- ասել է Ռաման՝ ընդգծելով Մինսկի խմբի գործընթացին իր աջակցությունը:
09:24 - 15 հուլիսի, 2020
Շվեդ պատգամավորը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումները և դրանց սատարումը Թուրքիայի կողմից |armenpress.am|

Շվեդ պատգամավորը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի հարձակումները և դրանց սատարումը Թուրքիայի կողմից |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր աջակցությունն է հղել Հայաստանին` կոչ անելով աշխարհին դատապարտել Ադրբեջանի շարունական հարձակումները եւ դրանց սատարումը Թուրքիայի կողմից: Այս մասին Սյոդերը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին՝ նպատակաուղղված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը: Այսօր Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը գնդակոծվել է անօդաչու թռչող սարքերով: Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ այս ագրեսիան համարժեք պատասխան կստանա, որի համար ադրբեջանական կողմը լիարժեք պատասխանատվություն է կրում»,- գրել է Սյոդերը:
00:15 - 15 հուլիսի, 2020
Վերջին 2 օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել ԱՀ նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ. ԱՀ նախագահի խոսնակ

Վերջին 2 օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել ԱՀ նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ. ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում, ինչպես արդեն նշել եմ, շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում: Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը, հայրենասիրությունը, նվիրումը սերունդների դաստիարակման և ոգեշնչման աղբյուր կարող են լինել: Մի՛ նեղացեք, մի՛ դժգոհեք, եթե մերժում են ձեզ, քանի որ ՀՀ Զինված Ուժերը դեռևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Իսկ այս պահին բոլորիդ փոխանցում եմ երկրի ղեկավարի անկեղծ ու ջերմ շնորհակալությունը: Սպասենք՝ կազմ ու պատրաստ»:
23:50 - 14 հուլիսի, 2020
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը |hetq.am|

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Այս մասին հայտնում են տեղում աշխատող  թղթակիցները: Գնդակոծության հետևանքով վնասվել է 7 տուն: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ: Այգեպարի ներքևի հատվածի թաղամասերում բնակվող քաղաքացիները տարհանվել են ապահով վայր: Բնակիչները հանգիստ են, նրանց շրջանում խուճապ չկա:     Այգեպարում են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նշենք, որ վերջին օրերի ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են հայկական խաղաղ բնակավայրերը: Ավելի վաղ թիրախավորվել էին նաև Չինարի գյուղն ու Բերդ քաղաքը:
17:46 - 14 հուլիսի, 2020
Հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Կրակված արկի պայթյունի հետևանքով վնասվել է նշված առանձնատունը, իսկ վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում, որպիսի պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ,  13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն:
14:25 - 14 հուլիսի, 2020