Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Թեև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց մեր բնակչության մեծամասնությունը կանայք են. վարչապետ |tert.am|

Թեև սեռով պայմանավորված հղիության ընդհատումների առումով վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց մեր բնակչության մեծամասնությունը կանայք են. վարչապետ |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց օրեր առաջ Անվտանգության խորհրդի կողմից պատրաստված զեկույցի արդյունքները՝ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժընթացի վերաբերյալ: Վարչապետը հայտնեց, որ կյանքի որակի ցուցիչը՝ ըստ քաղաքների, շատ քիչ առաջընթաց ունի, տնտեսական ազատության ցուցիչով Հայաստանի դիրքերը վատացել են, պետք է հասկանալ՝ ինչն է պատճառը: «Գլոբալ գենդերային ճեղքվածք զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, այստեղ լուրջ պրոբլեմ ունենք, և սա անթույլատրելի երևույթ է: Անհամատեղելի է մեր այսօրվա իրականության հետ, չի կարելի թույլ տալ»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թեև այս առումով աշխարհում վատթարագույն տեղերում ենք գտնվում, բայց նկատեց, որ այսօր ՀՀ բնակչության մեծամասնությունը կանայք են, իհարկե այստեղ որոշ դեր ունեցել է պատերազմը: «Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ նրանց դերի ընկալման այն իրավիճակը, որն այսօր ունենք, սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգության համար»,-ասաց  նա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ մշակվել է ազգային ծրագիր, և այն ավելի համակարգված կդարձնի այս գործողությունները: Վարչապետը կոչ արեց հետևողական լինել այս հարցում:
14:02 - 27 փետրվարի, 2020
Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

Մայրության նպաստ կնշանակվի նաև ծննդօգնության պետական հավաստագիր չներկայացնելու դեպքում

2020 թ.-ի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմումին կից ծննդօգնության պետական հավաստագիր չի պահանջվի: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Միաժամանակ, մայրության նպաստը կնշանակվի Կառավարության սահմանած կարգով՝ բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից: Բացի այդ, 2020 թվականի հունվարի 1-ից հետո մայրության նպաստ նշանակելու համար դիմած և ծննդօգնության պետական հավաստագիրը չներկայացնելու հիմքով մերժված, չաշխատող անձանց նպաստի իրավունքը կվերականգնվի՝ առանց նոր դիմում ներկայացնելու: Այն դեպքում, երբ դիմում չի ներկայացվել, մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 140-օրյա ժամանակահատվածում: Բանն այն է, որ գործող կարգավորումների համաձայն՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 23.2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի համաձայն` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը: Երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չի նշանակվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի: Ծննդօգնության պետական հավաստագրերը տրամադրվել են Առողջապահության նախարարի 2008 թ. մայիսի 30-ի N 761-Ա հրամանով սահմանված կարգով: Այդ հրամանը Առողջապահության նախարարի 2019 թ. դեկտեմբերի 13-ի N 3748-Ա հրամանով ճանաչվել է ուժը կորցրած և 2020 թ. հունվարի 1-ից քաղաքացիներին ծննդօգնության պետական հավաստագրեր չեն տրամադրվում: Ընդ որում, ծննդօգնության ծառայությունը պետության կողմից գերազանցապես մատուցում է անվճար (փոխանակման քարտերի հիման վրա): Արդյունքում, անձինք չեն կարողանում իրականացնել մայրության նպաստի իրենց իրավունքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված և հավանության արժանացած այս լուծումը ժամանակավոր է՝ մինչև «Պետական նպաստների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը:
17:50 - 20 փետրվարի, 2020
Գործադիրն առաջարկում է քրեականացնել ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը |lragir.am|

Գործադիրն առաջարկում է քրեականացնել ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելը կամ հարկադրելը |lragir.am|

lragir.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը կառավարության փետրվարի 13-ի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Զարուհի Բաթոյանը: «Նախագծի նպատակն է ընտանիքի, մայրության, հայրության, մանկության պաշտպանությունը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը: Նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում անձին ծնողական իրավունքից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար, հորդորելու, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու միջոցով կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով»,- ասաց Բաթոյանը: Նշված արարքները կպատժվեն տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով:
12:47 - 13 փետրվարի, 2020
Կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ |armenpress.am|

Կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ |armenpress.am|

armenpress.am: Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական թատրոններ և թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած միջոցառման մեկնարկին այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Ուրախ ենք տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային առօրյան, կյանքն ակտիվացնելու համար այսօր Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար, իմ գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ ստորագրում ենք մի կարևոր հուշագիր, որը մեր քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման և, գրեթե, ամեն օր՝ թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա»,- ասել է նախարարը: Կարգի համաձայն՝ կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար: Նախարար Բաթոյանը նշել է, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության տեսանկյունից, այլև՝ կարող է խթան հանդիսանալ՝ մշակութային օջախների ֆիզիկական և բովանդակային մատչելիության ապահովման համար: ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ նախարարության ծրագրերն ուղղված են մշակութային կյանքում հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավմանը. «Մենք երկար ենք քննարկել բոլոր մեխանիզմները, որպեսզի գործընթացը հնարավորինս հեշտ լինի մեր հայրենակիցների համար: Ուրախ եմ, որ այս տարի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների համար ավելացել է նաև թանգարաններ այցելելու հնարավորությունը»,- ասել է նախարար Հարությունյանը: Ստորագրված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, և թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին: Կարգի համաձայն՝ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում: Տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող  փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում: Տոմսը տրամադրող աշխատակիցը պետք է համապատասխան գրանցամատյանում գրառում կկատարի, որտեղ կնշվի օրը, ամիսը, տարին, միջոցառման անվանումը, կենսաթոշակառուի անուն, ազգանունը, ծննդյան թիվը, հաշմանդամություն ունենալու հանգամանքը (առկայության դեպքում), հեռախոսահամարը: Անվճար տոմս ստանալուց հետո, կենսաթոշակառուն պետք է ստորագրի գրանցամատյանի համապատասխան սյունակում: Անվճար տոմսի վրա պարտադիր պետք է նշվի կենսաթոշակառուի կամ հաշմանդամություն ունեցող անձի անունը և ազգանունը: Տոմսեր կտրամադրվեն նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպության կամ տարեցների միավորումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ համաձայն նրանց կողմից ներկայացված ցուցակի, որտեղ պետք է նշված լինեն կազմակեպության անվանումը, կենսաթոշակառուների անուն, ազգանունները, ծննդյան թվերը: Խմբում ընդգրկված կենսաթոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Խմբի հետ կարող է լինել մեկ ուղեկցող  (սոցիալական աշխատող, կամ տվյալ հասարակական կազմակերպության ղեկավարը), որը ևս ստանում է անվճար տոմս: Այս դեպքում տոմս ձեռք բերելու համար պետք է դիմել միջոցառման սկսվելուց առնվազն 5 օր առաջ: Անվճար տրամադրվող տոմսերի վրա պետք է դրվի դրոշմակնիք «անվճար» նշումով (առկայության դեպքում) կամ  տրամադրվի «հրավիրատոմս» տեսակի տոմսեր: Նշենք նաև, որ տրամադրված անվճար տոմսը այլ անձի փոխանցել չի թույլատրվում:
14:19 - 10 փետրվարի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Երևանի թիվ 92 մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Երևանի թիվ 92 մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երևանի թիվ 92 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հղվող անհարկի շահարկումների առնչությամբ նախարարությունը հարկ է համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ:Նախ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սկզբունքային դիրքորոշումն է, որ բոլոր մանկապարտեզները պետք է լինեն ներառական և հաշմանդամություն ունեցող երեխաների՝ վաղ մանկության կրթության իրավունքը պետք է իրացվի ոչ թե հատուկ հաստատության կամ խմբերի ձևաչափով, այլ՝ իբրև նախադպրոցական կրթության կազմակերպման ընդհանուր ձև։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական հաստատությունները, հիմնականում, համայնքային պատկանելության ոչ առևտրային կազմակերպություններ են, սա առաջին հերթին համայնքի պարտավորությունն է՝ ապահովել նախադպրոցական կրթության հասանելիությունն ու մատչելիությունը՝ բոլոր երեխաների համար։ Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս նպատակով համայնքներն օժտված են անհրաժեշտ լիազորություններով և գործիքներով, ինչպես, օրինակ, համայնքային բյուջեներից համապատասխան միջոցները, սուբվենցիոն ծրագրերը և այլն։Երևանի թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հատուկ խմբերի ֆինանսավորման առնչությամբ հայտնում ենք, որ այն 2019 թվականի ընթացքում իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նշված ՀՈԱԿ-ի՝ դրամաշնորհային մրցույթով այդ ծառայությունների տրամադրման համար ընտրվելու արդյունքում՝ հստակ ժամկետով։ Մասնավորապես, ՀՈԱԿ-ի հետ կնքված է եղել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որում հստակ ամրագրված է եղել դրա գործողության վերջնաժամկետը՝ 31.12.2019 թ., և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրացրել է իր պայմանագրային պարտավորությունները մինչև դրանց ժամկետի ավարտը:Հարկ ենք համարում անդրադառնալ նաև պայմանագրի գործողության ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների։ Օրինակ՝ ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված կատարողականների համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ ծրագիրը ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված հայտով և կնքված պայմանագրով նախատեսված է եղել 23 երեխայի համար, համապատասխան ծառայություն մատուցվել է ամսական միջինում 15 երեխայի: 2019 թվականի տարեսկզբից թերի կատարողականի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գրավոր և բանավոր դիմել է ՀՈԱԿ-ին՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն որևէ հիմնավոր պարզաբանում չի ստացվել, ավելին՝ ստացվել են տարաբնույթ բողոքներ մանկապարտեզում մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ (առկա են նաև բազմաթիվ հրապարակումներ զանգվածային լրատվամիջոցներում)։Նախարարությունը նաև իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել ներառական կրթության կազմակերպման ձևի հանդեպ՝ խնդրահարույց համարելով նախաներառականության կիրառվող մոտեցումը։ Այս խնդիրների մասին դեռևս 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախարարության կողմից գրավոր տեղեկացվել են թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե՛ ՀՈԱԿ-ը։ Տարվա ընթացքում նախարարության աշխատակիցները մի քանի հանդիպումներ են ունեցել ՀՈԱԿ-ի աշխատակիցների և ծնողների հետ՝ նաև բանավոր պարզաբանելով նախարարության դիրքորոշումը։Բացի այդ, 2019 թ.-ին բազմիցս հայտարարվել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծառայությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ տարբեր կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ:2020 թվականի բյուջետային հայտի կազմման ընթացքում նախարարությունը որդեգրել է երեխաներին ուղղված ներառական ցերեկային ծառայությունների՝ ողջ հանրապետությունում ընդլայնման գործընթաց և դրա շրջանակներում, հավատարիմ մնալով այս սկզբունքին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թ.-ի վերջին կազմակերպել և իրականացրել է ավելի քան 138 դրամաշնորհային մրցույթ՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ երեխաների ցերեկային և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման նպատակով:Հարկ է նշել, որ մրցույթների արդյունքում երեխաներին ուղղված ծառայություններ կգործեն նաև այն համայնքներում, որտեղ մինչ այս դրանք չեն եղել։ Մրցույթները բաց են եղել բոլոր հավաստագրված կազմակերպությունների համար, սակայն վերոնշյալ ՀՈԱԿ-ը դրանցից որևէ մեկին մասնակցության հայտ չի ներկայացրել:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահաստատում է Հայաստանի Հանրապետության՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներին հավատարիմ լինելը և ընդգծում հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաների՝ համայնքում ապրելու և ներառվելու իրավունքի կարևորությունը՝ առանց մեկուսացման (բացառման)։Նախարարությունը հարկ է համարում հիշեցնել, որ նախադպրոցական հաստատությունները չեն գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում, իսկ նախարարությունն իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար չունի նախադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող գործառույթներ»։
08:23 - 14 հունվարի, 2020
Նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը

Նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը: Նախարարությունը մշակել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական շուրջօրյա և գիշերօթիկ խնամքի հաստատությունների լուծարում՝ աջակցությունն ուղղելով, առաջին հերթին, այդ երեխաների ընտանիքներին և կանխարգելելով երեխաների մուտքը հաստատություններ, իսկ բոլոր այն դեպքերում, երբ դա հնարավոր չէ, ապահովել երեխայի հետագա խնամքը փոխարինող ընտանիքում՝ որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով։ Այս տեսանկյունից, «Թռչունյան տուն» երեխաների խնամքի ոչ պետական գիշերօթիկ հաստատության շուրջ ստեղծված իրավիճակը թեև խնդրահարույց է՝ գործընթացի չնախատեսված, անսպասելի և հախուռն բնույթից ելնելով, սակայն դրանում խնամվող երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման տեսանկյունից նոր հնարավորություն է ստեղծում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկել է խնդիրը ՀՀ Շիրակի մարզպետի հետ, ինչի արդյունքում արդեն մեկնարկել է հաստատությունում խնամվող երեխաների կարիքների գնահատման գործընթացը: Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և ՀՀ կառավարության կողմից վարվող ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամ է ձեռնարկել քայլեր՝ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաների հետագա խնամքը կենսաբանական ընտանիքներում կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել ժամանակավոր շուրջօրյա խնամք «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում:
09:06 - 14 նոյեմբերի, 2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է պահանջում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է պահանջում

Օրերս «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am կայքի կողմից հրապարակված «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնյաներից ով ում բարեկամն է» հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք տեղեկություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն: Ըստ այդմ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարկ է համարում հերքել և պարզաբանել դրանցից որոշները: Այսպես՝1․ Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի հունիսի 5-ին նախարարության Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նախարարի հրամանով նշանակվել է Ստեփան Մաչյանը, ինչը կատարվել է քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան (պաշտոնին համապատասխանության վերաբերյալ առավել մանրամասն տեսեք այս հղմամբ): Ինչ վերաբերում է Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները Ստեփան Մաչյանին վերապահելուն, ապա այդ լիազորությունը Վարչության պետի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում նախատեսված է եղել դեռևս 2013 թվականին հաստատված պաշտոնի անձնագրով, որի 5-րդ կետի համաձայն՝ Վարչության պետը Նախարարության գլխավոր քարտուղարի, Վարչության բաժինների պետերից մեկի բացակայության դեպքում փոխարինում է նրանց:Ստեփան Մաչյանի կենսագրականը հասանելի է նաև նախարարության կայքում, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալու տվյալ անձի մասնագիտական կարղությունների և փորձի մասին տեղեկատվությանը։Հայտնում ենք, որ նախարար Զարուհի Բաթոյանը Ստեփան Մաչյանի հետ ունի խնամիական հարաբերություններ, սակայն պարոն Մաչյանը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, չի կարող դիտարկվել որպես փոխկապակցված անձ: 2․ Հրապարակման մեջ նշված «նախարար Բաթոյանը զանազան պաշտոններ է տվել «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ներկայացուցիչներին, իսկ այս ՀԿ-ն հայտնի է, որ նախկինում ստեղծել ու ղեկավարել է Զարուհի Բաթոյանը» հատվածը ևս չի համապատասխանում իրականությանը: «Հույսի կամուրջ» ՀԿ հիմնադիր նախագահը Սուսաննա Թադևոսյանն է, ինչի մասին տեղեկություններ կարելի է գտնել կազմակերպության պաշտոնական կայքում: Զարուհի Բաթոյանը երբեք չի ղեկավարել նշված կազմակերպությունը, այլ հանդիսացել է կազմակերպության աշխատակիցներից մեկը մինչև 2017 թվականը։ Հավելենք, որ «Հույսի կամուրջ» ՀԿ որևէ աշխատակից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի չի ընդունվել:Վերոգրյալ հարցերի վերաբերյալ ս.թ. օգոստոսի 28-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պաշտոնական հարցում էր ստացել «Ժողովուրդ» օրաթերթից, որին պատշաճ ժամկետներում պատասխանվել է՝ հերքելով դրանում առկա պնդումները: Սակայն լրատվամիջոցի հրապարակման համար հիմք են հանդիսացել ոչ թե նախարարության պաշտոնական հերքումը, այլ փաստային հիմք չունեցող հորինվածքները:Հաշվի առնելով վերոգրյալը, և հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը՝ պահանջում ենք «Ժողովուրդ» օրաթերթից և Armlur.am կայքից հերքել իրենց կողմից տարածված, իրականության հետ կապ չունեցող տեղեկությունները:
11:19 - 27 սեպտեմբերի, 2019
Որոշակի բնակության եւ հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլեւս չեն զրկվի նպաստից

Որոշակի բնակության եւ հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլեւս չեն զրկվի նպաստից

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից բնակչության օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ: Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը, իսկ N 8 հավելվածով` ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը: Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` կապված որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին նպաստների համակարգում հաշվառելու, հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության և որոշ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հստակեցման հետ: Ընդունված փոփոխությունները որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաև ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն) օգտվելու հնարավորություն կտան, բացի այդ՝ կպարզեցվեն նպաստների համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու իր նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին): Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների շարքին կդասվի նաև պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքները: Հիշեցնենք, որ դեռ մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ էր կատարել ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, որը թույլ է տալիս գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկվել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների շարքին կդասվի նաեւ պտուղների եւ բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքները:Հիշեցնենք, որ դեռ մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ էր կատարել ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, որը թույլ է տալիս գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկվել սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից:
10:38 - 19 սեպտեմբերի, 2019
107 հազար 732 ընտանիք դիմել է սոցապ նախարարություն սոցիալական նպաստ ստանալու համար. քա՞նիսն են ստանում |armtimes.com|

107 հազար 732 ընտանիք դիմել է սոցապ նախարարություն սոցիալական նպաստ ստանալու համար. քա՞նիսն են ստանում |armtimes.com|

armtimes.com: 2019 թվականին ընտանեկան եւ սոցիալական նպաստ ստանալու համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն է դիմել 107 հազար 732 ընտանիք: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Օգոստոս ամսվա տվյալներով՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստի վճարման ցուցակում նպաստառու ընտանիքների թիվը կազմում է 87 379: Աստղիկ Մինասյանի փոխանցմամբ՝ «Գազպրոմ Արմենիա» եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրամադրվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 20-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների ցուցակներ:Ներկա դրությամբ 69 069 ընտանիք ունի տարեկան 600 խորանարդ մետր բնական գազի սպառման նվազագույն սակագներով վճարման հնարավորությունից օգտվելու իրավունք, իսկ 99 714 ընտանիք` էլեկտրական էներգիայի: Ըստ մեզ տրամադրված տվյալների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում ընդգրկված անձանց թիվը 564-ն է: Ընտանիքների սոցիալական նպաստի նվազագույն թիվը հստակ սահմանված է 18 հազար դրամ. խոսքը ընտանիքում երեխա չունեցողներին է վերաբերում, իսկ ընտանիքում երեխա ունենալու պարագայում հավելման չափերը տարբերակված են՝ պայմանավորված անապահովության գնահատման միավորով, ընտանիքում երեխաների թվով, ինչպես նաեւ բնակության վայրով:Սոցիալական նպաստի թիվը նվազագույն 18 000 դրամից կարող է հասնել առավելագույն 105 000-ի:Այս պահին 132 հազար 381 աշխատունակ քաղաքացիներ ներկայումս գտնվում են նպաստի համակարգում եւ չեն ստանում այլ եկամուտ՝ բացի նպաստից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որով առաջարկվում է կիրառել պայմանական նպաստ աշխատունակ անձանց համար: Նախագիծն ընդունվելու դեպքում նպաստը կտրամադրվի միայն զբաղվածության անցնելու պայմանով: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է եւ վերջնական պատրաստ չէ: Սակայն Բաթոյանը որոշ դրույթներ էր նշել, պարզաբանելով սոցիալական կարիքների գնահատման արդյունքում անապահով անձի ձեռքբերման իրավունքները: Ըստ նախարարության մշակվող նախագծի՝ վեց ամսվա ընթացքում աշխատանք կտարվի գործազուրկ նպաստառուի հետ՝ աշխատանք գտնելու ուղղությամբ, ըստ անհրաժեշտության ուսուցման դասընթացներ անցնելով, հոգեբանական աջակցության, սոցիալական աշխատանքի համադրմամբ: Վեց ամիս հետո զբաղվածության չանցնելու պարագայում նրա գործազուրկի կարգավիճակը կփոխվի, գնահատման միավորը էապես կնվազեցվի՝ այլ սոցիալական խումբ փոխանցելով, ինչի արդյունքում նպաստի իրավունքն այլեւս չի գործի: Զբաղվածության անցնելու պարագայում նա կպահպանի նպաստի իրավունքը եւս վեց ամիս՝ եկամուտը հաշվի չի առնվի: Ընդհանուր առմամբ՝ մեկ տարի աջակցությունից հետո ենթադրվում է, որ անձի իրավիճակը կլինի կայուն եւ նա կկարողանա ինքնուրույն հոգալ իր խնդիրները, հաշվի առնելով, որ միջամտության ծրագրերի զգալի մասը նախատեսում են միջինում մեկ տարվա աշխատանք: Պայմանը կկիրառվի բոլոր այն աշխատունակ անձանց համար, ովքեր նոր կդիմեն համակարգում ներառվելու համար կամ կցանկանան նորից ընդգրկվել համակարգում:
05:42 - 12 սեպտեմբերի, 2019
Առաջարկվում է ուժային կառույցների զինվորական կենսաթոշակը նշանակելու գործառույթը վերապահել սոցիալական ապահովության ծառայությանը |hetq.am|

Առաջարկվում է ուժային կառույցների զինվորական կենսաթոշակը նշանակելու գործառույթը վերապահել սոցիալական ապահովության ծառայությանը |hetq.am|

hetq.am։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության զինծառայողների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը վերապահել սոցիալական ապահովության ծառայությանը։ Գործող կարգով կենսաթոշակները նշանակում են առանացված կերպով այս մարմինները։ Նման առաջարկություն է նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ այս որոշման հիմք է հանդիսացել վարչապետի աշխատակազմում ապրիլի 5-ին կայացած խորհրդակցությունը։ Դրա արդյունքում հանձնարարվել է քննարկել պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը ծառայությանը փոխանցելու հարցը։Նախատեսվում է, որ սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը զինվորական կենսաթոշակը կնշանակի զորացրման հրամանի քաղվածքի և զինվորական ծառայության ստաժի մասին համապատասխան մարմնի (որտեղ ծառայել է զինծառայողը) ղեկավարի սահմանած ստորաբաժանման տված տեղեկանքի հիման վրա։
07:05 - 10 սեպտեմբերի, 2019
Հայաստանում բարելավում են պետական կառույցներում աշխատանքի ընդունման գործընթացը. նոր հուշագիր է ստորագրվել

Հայաստանում բարելավում են պետական կառույցներում աշխատանքի ընդունման գործընթացը. նոր հուշագիր է ստորագրվել

Այսուհետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թափուր աշխատատեղերի մասին կարող եք տեղեկանալ նաև staff.am-ի միջոցով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և «Թեք սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Ըստ այդմ, նախարարության թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները կտարածվեն staff.am հարթակի և վերջինիս պատկանող սոցիալական ցանցերի միջոցով։Կողմերը կարևորել են ՀՀ քաղաքացիների՝ զբաղվածության ոլորտի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը՝ համոզմունք հայտնելով, որ հուշագրի ստորագրումը կնպաստի պետական կառույցներում աշխատանքի ընդունման գործընթացի բարելավմանը։
07:06 - 03 հուլիսի, 2019
Ծրագրի իրագործման արդյունքում կունենանք հասարակություն բոլորի համար` հավասար իրավունքներով և պարտականություններով․ նախարարություն

Ծրագրի իրագործման արդյունքում կունենանք հասարակություն բոլորի համար` հավասար իրավունքներով և պարտականություններով․ նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների տրամադրման» ծրագրի նախագիծը: «Ծրագրի իրագործման արդյունքում կունենանք հասարակություն բոլորի համար` հավասար իրավունքներով և հավասար պարտականություններով, անկախ ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր առողջությունից, անկախ կարգավիճակից, սեռից և այլ գործոններից:Խնամքի ծառայությունների աստիճանաբար փոխարինումը համայնքային ծառայություններով` շեշտադրելով ընտանիքի և համայնքի դերը, հատկապես` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պարագայում, խիստ կարևոր է այդ անձանց մասնակցայնության և ներառականության տեսանկյունից: Համայնքային ծառայությունների ստեղծումը և հրատապությունը բխում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ համայնքում ապրելու և արժանավայել կյանք վարելու իրավունք ունենալու, այդ իրավունքն իրացնելու վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներից»,- նշված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
11:07 - 01 հուլիսի, 2019
Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

«Ներկայումս կառավարության քաղաքականությունն ուղղված է կայուն եկամտի ձևավորման միջոցով ընտանիքին դժվար վիճակից հանելուն:Պետության կողմից աջակցության համակարգը պետք է լինի այնպիսին, որ իրականում հնարավորություն ընձեռի հաղթահարել իրավիճակը, ոչ թե տարիներ շարունակ ստանալ աջակցություն, սակայն պահպանել նույն կյանքի որակն ու կենսամակարդակը, որը, մեղմ ասած, լավը չէ»,- այս մասին մարզային Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։Փոխնախարարը տեղեկացրել է, որ այսուհետ նպաստների համակարգում գտնվող աշխատունակ անդամին տրվելու է որոշակի ժամանակ, որի ընթացքում նա պետք է ապահովվի աշխատանքով։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատունակ անձանց համար կայուն եկամտի աղբյուրի ստեղծումը, իսկ նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք, որը մարդկանց հնարավորություն կտա հաղթահարել սոցիալական խոցելի վիճակը․ «Եթե տվյալ անձը մասնագիտական վերապատրաստման կարիք ունի, մենք մեր զբաղվածության կենտրոնների միջոցով դա կապահովենք։ Երբ անձը անցնի աշխատանքի, որոշ ժամանակ կշարունակի օգտվել սոցիալական աջակցությունից, որպեսզի նրա սոցիալական վիճակը կայունանա։ Բայց, նրա հետ տարված աշխատանքներից կամ զբաղվածության առաջարկից հետո աշխատանքից հրաժարվելու դեպքում, քաղաքացին մեխանիկորեն դուրս կմնա նպաստի համակարգից»,- պարզաբանել է փոխնախարարը։Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության քաղաքականության մի քանի կարևոր սկզբունքներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ տարվում են նպատակային աշխատանքներ։ Ըստ այդմ, նախատեսվում է արդյունավետ քայլեր ձեռնարկել ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ, նաև կներդրվի սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգ, որը մինչև օգոստոսի վերջ ամբողջովին պատրաստ կլինի գործարկման։ Հանդիպման ընթացքում փոխնախարարը կարևորել է տնայցերի ֆինանսավորման մեխանիզմի կիրառումը, ինչը հնարավորություն կտա գալիք տարվանից ունենալ առանձնացված ֆինանսավորման կարգ և այցերի պատշաճ կազմակերպում. «Անչափ կարևոր է ընտանիքների հետ տարվող աշխատանքը՝ երեխաների մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելելու տեսանկյունից։ Նախնական կարիքի գնահատումը, երեխայի հետագա խնամքի կազմակերպման հնարավորությունների բացահայտումը ոչ միշտ է պատշաճ իրականացվում, այնինչ դա հաճախ ճակատագրական նշանակություն է ունենում, որովհետև դրանից ելնելով է որոշվում՝ երեխային ուղեգրե՞լ շուրջօրյա խնամքի հաստատություն, թե՞ նրա խնամքը որևէ այլ տարբերակով կազմակերպել։Պետք է ուշադրության կենտրոնում պահել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատումը՝ որպես առանցքային խնդիր»,- ասել է Ժ․Անդրեասյանը։ Փոխնախարարը Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ներկայացուցիչներին հանձնարարել է ճշգրտել իրենց գործունեության շրջանակում գտնվող նպաստառու և աշխատունակ անդամ ունեցող ընտանիքների թիվը, նրանց տվյալները, ինչպես նաև՝ վերջիններիս հետ քննարկել զբաղվածության անցնելու՝ պարտադիր նախապայմանի հարցը։Ժ․Անդրեասյանը նաև անհրաժեշտ է համարել փոխել այն թյուրընկալումը, որ ՍԱՏԳ-ները նպաստ բաժանելու գործառույթ իրականացնող օղակներ են և կարևորել այս ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքի ակտիվացումը։
13:08 - 24 հունիսի, 2019
Առաջարկվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղափոխել սոցապ նախարարության ենթակայության ներքո |hetq.am|

Առաջարկվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները տեղափոխել սոցապ նախարարության ենթակայության ներքո |hetq.am|

hetq.am։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունն առաջարկում է սոցիալական աջակցության տարածքային մարմինները մարզպետարանների և համայնքների ենթակայությունից տեղափոխել իրենց նախարարության ենթակայության ներքո: Նախարարությունը ակնկալում է, որ այս կերպ կկարողանան բնակչությանը առավել մատչելի, նպատակային և որակյալ սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրել: «Սոցիալական աջակցության մասին» օրենքում նման փոփոխության նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրավասու կլինի իրականացնել սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների աշխատակիցների ընտրությունը և նշանակումը, կունենա աշխատանքային իրավական լծակներ ներգործելու նրանց վրա, ինչպես նաև ուղղակի պատասխանատու կլինի նպաստների նշանակման ամբողջ գործընթացի համար։ Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի սոցիալական ծառայությունների ինտեգրված կենտրոնների աշխատանքների բարելավմանը, և դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը»,- հայտնել է նախարարությունը:Նշենք, որ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում գործում են որպես սոցիալական աջակցության տարածքային գործակալություններ: Դրանց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ Երևանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում դրանք գործունեություն են ծավալում որպես սոցիալական աջակցության տարածքային բաժինները, որոնց աշխատողներն արդեն համայնքային ծառայողներ են:Գործակալությունների ֆինանսավորումը՝ աշխատավարձ, պահպանման այլ ծախսեր, իրականացվում են մարզպետարանների միջոցով, իսկ բաժիններինը իրականացվում է նախարարության միջոցով՝ համայնքի ղեկավարների հետ նախարարության աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա: «Սակայն, անկախ տարածքային մարմինների և դրանց աշխատողների կարգավիճակից՝ լիազորությունների շրջանակը, իրավունքներն ու պարտականություններն ու պատասխանատվությանը նույնական են»,- հայտնել է նախարարությունը:Հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախարարությունը հայտնել է, որ նախագիծը ընդունվելու դեպքում կվերանան կրկնվող գործառույթները, մի կողմից նախարարության և մյուս կողմից մարզպետարանների, համայնքների միջև տեղեկատվության շարունակական փոխանակման ու համադրումների գործառույթները։
09:20 - 20 հունիսի, 2019
Նորքի տուն-ինտերնատում կոսմետիկ վերանորոգում է իրականացվում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնարարականներ է տվել |armenpress.am|

Նորքի տուն-ինտերնատում կոսմետիկ վերանորոգում է իրականացվում. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնարարականներ է տվել |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այցելել են Երևանի Նորքի տուն-ինտերնատ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուզաննա Սահակյանի հրապարակած լուսանկարների հետքերով:ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ իրենք չգիտեն, թե լուսանկարները երբ են արվել և ում կողմից:   «Այդ հրապարակումը տեսնելուն պես, որտեղ պայմաններն ուղղակի սահմռկեցուցիչ էին (ոչ մաքուր հատակ, կիսափլված պատեր, անմխիթար պայմաններ-խմբ.)՝ աշխատակազմի ղեկավարը, մի քանի գործընկեր և ես գնացել էինք տուն-ինտերնատ, որպեսզի տեղում ինքներս հասկանանք բոլոր խնդիրներն ու հասկանանք մեր հետագա քայլերը: Մեր այցի մասին չէինք տեղեկացրել ոչ ոքի: Այնտեղ մաքուր էր ամեն ինչ, խնդիր չկար, սակայն հստակ կարող եմ ասել, որ այդ մասնաշենքում կապիտալ վերանորոգման կարիք, միանշանակ, կար: Նկարներն արված էին այն բաժանմունքից, որտեղ անկողնային հիվանդ տարեցներ են պառկած: Ես եղել եմ այդ հատվածում նույնպես և կարող եմ ասել, որ այնտեղ այդ վիճակը չէր, ինչ նկարներում է»,- նշեց Գասպարյանը և հավելեց, որ 1991 թվականից ի վեր այնտեղ վերանորոգման որևէ աշխատանք չի կատարվել:Նրա խոսքով՝ կողքի մասնաշենքի 3-րդ և 4-րդ հարկերը համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում: Գասպարյանն ընդգծեց, որ արդեն իսկ հանձնարարականներ են տրվել, որպեսզի նախարարության բյուջեի հնարավորությունների շրջանակում հարցերը լուծվեն: Հունիսի 19-ի առավոտվանից այդ հարցի շուրջ գործողություններ են իրականացվում:Նախարարի առաջին տեղակալը նկատեց, որ նմանատիպ իրավիճակ է նաև մի շարք այլ տուն-ինտերնատներում, և դրա լուծումը տեսնում է ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն վարելու մեջ:Նրա պնդմամբ՝ այդ քաղաքականության մի մասը կազմում է այն, որ պետք է բարելավել այն պայմանները, որտեղ ապրում են տարեցները և մեծ շենքերը դարձվեն համայնքային տներ:«Այսօր առավոտվանից իմ հանձնարարությամբ սկսվել են որոշակի ոչ կապիտալ՝ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որպեսզի տարածքը բերվի համեմատաբար նորմալ վիճակի: Այդ փոքրիկ վերանորոգմամբ, իհարկե, չենք սահմանափակվի, և մենք պլանավորում ենք ավելի մեծ աշխատանքներ իրականացնել: Հույս ունեմ, որ աշնանը փոքր տներ կունենանք, որպեսզի մեծ հաստատությունները փոքրացվեն և լինեն փոքր համայնքային տներ՝ մոտ 8-12 հոգու համար»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը: Գասպարյանը նաև շեշտեց և կարևորեց այն հանգամանքը, որ անգամ բարի նպատակներով նմանատիպ նկարներ հրապարակելու դեպքում չպետք է երևան այդ մարդկանց դեմքերը, քանի որ նրանք այնտեղ գտնվում են անօգնական վիճակում կամ չեն տվել լուսանկարվելու իրենց համաձայնությունը:
09:01 - 20 հունիսի, 2019