Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ խուճապ ձևավորելուն ուղղված քայլերը․ Արցախի ԱԱԾ

Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ խուճապ ձևավորելուն ուղղված քայլերը․ Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը: Հատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդ կերպ արցախցիների մոտ փորձելով ձևավորել անպաշտպանության զգացողություն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեսանյութերի կեղծ ու բեմականացված լինելը բացահայտելուց հետո կատարվել է հանրային գիտակցության վրա ներազդելու մեթոդի փոփոխություն և նորացում: Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և կրկին ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը: Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք: Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար և յուրաքանչյուր նմանատիպ դեպք ի հայտ բերելու պահին ոչ միայն հանրությանը տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ, այլև ներկայացրել հանրության գիտակցության և տրամադրությունների վրա ազդեցության ադրբեջանական ձեռագիրն ու հնարքները՝ դրանց տիրապետելու և հնարավոր դրսևորումներից պաշտպանվելու համար, այդուհանդերձ շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ և միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք: Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ: Ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն և կարգապահություն՝ մենք ոչ միայն հակառակորդին կզրկենք արցախահայության նկատմամբ թշնամական գործողություններ ծավալելու հնարավորությունից, այլև կունենանք առավել պաշտպանված ու անվտանգ հասարակություն»:
14:41 - 02 փետրվարի, 2022
ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան |1lurer.am|

ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ֆորմատն է, որն ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում ԼՂ հիմնախնդրի համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պետք է շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում: Այդ ձևաչափի քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության ընդհանուր, համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է, մշակելը, նաև կնքելը»,- ասաց Միրզոյանը: Միրզոյանը շեշտեց, որ չափազանց կարևոր է հիշել Մինսկի խմբի մշակած սկզբունքները: Դրանցից մեկը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: «Սկզբունքներից մեկը նաև ուժի չկիրառումն էր, որը 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց: Հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ամբողջ աշխարհը պետք է որոշի՝ արդյո՞ք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել»,- նշեց Միրզոյանը:
14:24 - 02 փետրվարի, 2022
Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին |armenpress.am|

Շիրակի մարզպետը հույս է հայտնել, որ ՌԴ-ն առաջիկայում կաջակցի Ադրբեջանից գերիների վերադարձին |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքային այցով փետրվարի 1-ին Շիրակի մարզում է եղել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Շիրակի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ողջունելով դեսպանի այցը Գյումրի, կարևորեց հայ-ռուսական սերտ փոխհարաբերությունները: «Տարին հոբելյանական է՝  նշվում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ու այս տարվա շրջանակներում մի շարք միջոցառումներ ենք նախատեսում, որոնցով ավելի կխորացնենք մեր հարաբերությունները: Ես՝ որպես մարզպետ, շահագրգիռ եմ այդ հարաբերությունների խորացման հարցում»,- նշեց Շիրակի մարզպետը՝  տեղեկացնելով, որ իր հանձնարարականով հոբելյանական տարվա շրջանակներում մարզի թանգարաններն արդեն ունեն ռուսական ծրագրեր ու ռուսերեն էքսկուրսիաներ: Անդրադառնալով հոբելյանական տարվա շրջանակներում նախատեսվող միջոցառումներին՝ Շիրակի մարզպետը նշեց, որ դրանք բազմաբնույթ կլինեն՝ ընդգրկելով մարզի բոլոր համայնքները: «Նախատեսում ենք, որ կլինեն «Ռուսական օրեր», որի ընթացքում Ռուսական ռազմաբազայում կհայտարարվի Բաց դռների օր, միջոցառումներ կլինեն նաև մարզի այլ համայնքներում»,- նշեց մարզպետը: «Հատկապես Գյումրին կարևոր  քաղաք է հայ-ռուսական հարաբերությունների առումով՝ ռուսական ռազմաբազայի, սահմանապահ ջոկատի,  գլխավոր հյուպատոսության, Ռուսական Տան առկայությունն արդեն իսկ խոսում են այդ հարաբերությունների մասին: Գյումրիում վերջերս նաև բացվել է ռուսաց լեզվի կրթական կենտրոն, գործում է ռուսական տեղեկատվական կենտրոնը:  Լավ հարաբերություններ կան նաև «Շիրակի» պետական համալսարանի հետ: Մարզային ու քաղաքային իշխանությունների հետ միշտ էլ ջերմ հարաբերություններ ենք ունեցել ու շատ ուրախ եմ, որ այդ հարաբերություններն այդպես էլ շարունակվում են: Վստահ եմ՝ մարզն ու հատկապես Գյումրին ունեն այդ հարաբերությունները զարգացնելու բոլոր հնարավորությունները»,-նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝  կարևորելով նաև Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի միջև դեռ 2009 թվականին ստեղծված փոխհարաբերությունները:  Հանդիպման ընթացքում ՌԴ դեսպանը ներկայացրեց նաև այն բոլոր ծրագրերը, որոնք  ՌԴ կողմից իրականացվում են Հայաստանում; «Կարևոր է նաև Հարավկովկասյան երկաթուղու ու ռուսական լոուքոստերների առկայությունն այստեղ: Այնպես որ մարզն ու Գյումրին շատ կարևոր են մեր հարաբերությունների համար»,-հավելեց դեսպանը: Մարզպետը կարևորեց այս ընթացքում գերիների վերադարձի հարցում ռուսական կողմի ու ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների կատարած կարևոր աշխատանքը: Այս ընթացքում Շիրակի մարզի 29 բնակիչ ռուսական կողմի աջակցությամբ արդեն վերադարձել է Հայաստան: Մարզպետը, դեսպանին փոխանցելով այս պահին Ադրբեջանում գտնվող շիրակցի ևս 33 գերիների ծնողների խնդրանքը,  հույս հայտնեց, որ առաջիկայում ռուսական կողմը կաջակցի նաև նրանց վերադարձին:
15:41 - 01 փետրվարի, 2022
Արցախի քաղաքացիներին անձնագրերի տրման կարգը փոփոխվել է

Արցախի քաղաքացիներին անձնագրերի տրման կարգը փոփոխվել է

Արցախի Հանրապետության քաղաքացիներին անձնագրերի տրման կարգում կատարվել է փոփոխություն: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Դա կապված է Հայաստանում կատարված փոփոխության հետ:    ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու դիմում ներկայացրած քաղաքացիներին անձնագիր տրվում է 10 տարի վավերականության ժամկետով: ՀՀ քաղաքացու նույնականացման քարտ չունեցող քաղաքացիներին անձնագիրը տրվում է 2 տարի վավերականության ժամկետով:   Ընդ որում, 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման կամ վերափորձաքննության ժամկետով:  
13:33 - 01 փետրվարի, 2022
Արցախի ԱԺ 5 խմբակցությունները «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել |armenpress.am|

Արցախի ԱԺ 5 խմբակցությունները «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել |armenpress.am|

armenpress.am: Արցախի Ազգային ժողովի բոլոր 5 խմբակցությունների մասնակցությամբ «Արցախի բռնազավթած տարածքների մասին» օրենքի նախագիծ է շրջանառության մեջ դրվել, ըստ որի` արգելք է սահմանվելու արտասահմանյան այն կազմակերպությունների վրա, որոնք ցանկություն կհայտնեն առանց Արցախի կառավարության թույլտվության գործունեություն ծավալել Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքերում: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: «Օրենքի նախագիծը հունվարի 27-ին շրջանառության մեջ է դրվել: Օրենքի նախագիծը Ազգային ժողովի կանոնակարգին համապատասխան  բոլոր փուլերով անցնելու է և փետրվարի 16-ին ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է դրվելու: Օրենքի նախագիծը երկու հիմնական ուղերձ է պարունակում, առաջինը այն, որ մենք որևէ դեպքում չենք հրաժարվի Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներից և համարում ենք, որ, օրինակ` Հադրութի շրջանը հայկական է եղել ու միշտ լինելու է հայկական: Երկրորդը` դիմում ենք բոլոր երկրների կառավարություններին և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են մասնակցություն ունենալ տարբեր տեսակի գործունեություն ծավալելու բռնազավթած տարածքներում, ապա զգուշացնում ենք, որ համապատասխան օրենքի դրույթների և տարբեր միջազգային նորմերի հիման վրա կբարձրացնենք, մեզ համար բարենպաստ պայմաններ ստեղծվելու դեպքում կդիմենք միջազգային ատյաններ և արբիտրաժներ: Օրենքի նախագծում նշված է, որ արտասահմանյան ընկերությունները կարող են գործունեություն ծավալել միայն ու միայն Արցախի կառավարության թույլտվությամբ»,- ընդգծեց Բաղունցը: Հարցին` թե ի ՞նչ իրավական գործընթաց կարող է սկսվել, եթե, օրինակ` արտասահմանյան ընկերությունը որոշի ներդրում անել Ադրբեջանի կողմից բռնազավթած տարածքներում, «սև ցուցակում ե՞ն հայտնվելու,  Բաղունցը պատասխանեց, որ հնարավորինս կհետևեն տեղի ունեցող գործընթացներին, տվյալների բազա կստեղծեն:   «Հետագայում բարենպաստ պայմանների դեպքում մենք տարբեր միջազգային ատյաններում այդ գործունեության գնահատականը կներկայացնենք»,- հավելեց Բաղունցը: Արցախի ԱԺ նախագահի տեղակալի խոսքով` բոլոր 5 խմբակցությունները միացել և ակտիվ մասնակցություն են ունեցել օրենքի  նախագծի մշակմանը: «Այնպես որ տարածայնություններ չկա և չեմ էլ պատկերացնում, թե որ դրույթի վերաբերյալ կարող է լինել»,- ավելացրեց Բաղունցը: Հարցին` թե հատկապես, որ տարածքներ են ընդգրկված լինելու՝ ԼՂԻՄ-ի տարածքը, թե նաև անվտանգության գոտի համարվող տարածքները, Բաղունցը  հղում կատարեց Արցախի Սահմանադրության 175-րդ հոդվածին, որում նշված է, որ մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:
13:19 - 01 փետրվարի, 2022
Պատգամավորն առաջարկում է Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանել |hetq.am|

Պատգամավորն առաջարկում է Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկում է ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Տոների և հիշատակի մասին» օրենքում: Մարաղան քաղաքատիպ ավան է Արցախի Մարտակերտի շրջանում, սահմանակից է Ադրբեջանի Թարթառի (Միրբաշիր) շրջանին: Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի տվյալների՝ ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանական ռազմական հանցագործության ժամանակ դաժանաբար խոշտանգվել ու զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։ Նախագծում հիշատակվում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ ողբերգությունից հետո ավան այցի մասին: Ըստ վերջինիս վկայակոչման՝ սպանված բնակիչների մարմիններն անդամահատված, այլանդակված և հրկիզված են եղել։ Բարոնուհի Քոքսը Մարաղան անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։ Մարաղայի ջարդերի ու աննախադեպ դաժանության մասին փաստում է նաև Թոմաս դե Վալը իր` «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» աշխատությունով: Մարաղայի ջարդերի կազմակերպիչները չեն պատժվել, ջարդերի կազմակերպիչ, «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը Ադրբեջանի նախագահի 23.06.1993թ. թիվ 6 հրամանով արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Ըստ նախագծի հեղինակի՝ նման հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն արմատավորման և այլատյացության, ինչն էլ առավել քան ցայտուն դրսևորվել է նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակմամբ: Ուստի պատգամավորն առաջարկում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր՝ զոհերի հիշատակը հարգելու և մարդկության ու համամարդկային արժեքների դեմ ուղղված այդ հանցավոր արարքին գնահատական տալու համար: Որպես հիշատակի օր առաջարկվում է սահմանել Մարաղայի վրա ադրբեջանական զորքերի հարձակման օրը` ապրիլի 10-ը: Նշենք, որ նախագիծը նիստերի օրակարգում ներառվելու համար պետք է նախ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա:
12:46 - 01 փետրվարի, 2022
Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված, բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ Սերժ Սարգսյան
 |tert.am|

Չնայած ջախջախված ենք, կապիտուլացված, բանակցային պրոցեսը վերականգնելու հնարավորություն ունենք․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։ -Պարո՛ն նախագահ, ամփոփենք մեր զրույցն այսօրվա իրողություններով: Դուք փոքր-ինչ խոսեցիք այդ մասին` բանակցային գործընթացը կանգնած է, չկա, Արցախին վերաբերող հատվածը չկա երկու երկրների առաջնորդների միջև զրույցներում, չկա համանախագահության ձևաչափը, պատերազմից ի վեր համանախագահները չեն այցելել տարածաշրջան: Լավ, բայց Ղարաբաղի հակամարտությունը հանգուցալուծված չէ, չէ՞: -Միանշանակ: -Հանգուցալուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը: -Իմ խորին համոզմամբ՝ ոչ, հանգուցալուծված չէ: Եվ դա միայն իմ համոզմունքը չէ: Դա նաև համանախագահների հայտարարություններն են: -Ես ուզում եմ Ձեզնից լսել ակնկալիք, տեսլական, պատկերացում այս ջախջախված, կոտրված, դիվանագիտական առումով դիմազուրկ իրավիճակում մենք ինչպե՞ս կարող ենք աշխարհին ազդարարել, հատկապես որ ազդակներ ստանում ենք, օրինակ՝ Ֆրանսիայից, որ Արցախի կարգավիճակի հարցը մեզ համար առաջնահերթություն է, օրակարգային պետք է լինի, որ դեմարկացիան չպետք է ենթադրի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և մեզ համար մի շարք կարմիր գծեր չպետք է հատվեն: -Ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և ասել եմ հետևյալը, որ այս իշխանություններն ունակ չեն դա անելու: Ես ավելի մանրամասն ասելու առիթներ կգտնեմ, բայց կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, երբեք չի բերել: Իմ ասածն այն չէ, որ պետք չէ ձգտել խաղաղության, ընդհակառակը, իմ ասածների մեջ` և՛ սկզբում, և՛ հիմա, խնդրում եմ, որ որևէ մեկը ռևանշի տարր էլ չփնտրի: Իմ ասածը հետևյալն է, որ մենք չնայած ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք` մենք ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու: -Մենք ունե՞նք այդ հնարավորությունը: -Այո, մենք ունենք այդ հնարավորությունը, և պետք է պահանջենք, որպեսզի, նորից եմ կրկնում, սրանք գան այդ ճանապարհով: -Եվ ինչն իրավունքով մերն է, պետք է լինի մերը: -Այո: Իսկ մերն ի՞ նչն է` մերը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքն է: Այո, այդ իրավունքն անքակտելի է: Եվ շատ տևական ժամանակ միջազգային հանրությունը դա հաստատել է: Եթե մենք մեր գործողություններով հիմա պետք է դրդենք միջազգային հանրությանը, որ կարծիքը փոխի, դա արդեն միջազգային հանրության պրոբլեմը չէ, դա մեր պրոբլեմն է: -Գործողություններով կամ անգործությամբ: -Այո: Նույնն է, բոլոր դեպքերում դրանք հանցագործություն են: Միգուցե քրեական օրենսգրքով չնախատեսված, բայց հանցագործություն են: Մենք ունենք այդ հնարավորությունը, մենք պետք է իրոք շատ կտրուկ պահանջներ ներկայացնենք և ոչ միայն խոսքով: Եթե այդ պահանջները մենք նորմալ ներկայացնենք, ես կարծում եմ որոշ ժամանակ հետո կարող ենք խոսել, որ ինչ-որ չափով բանակցային պրոցեսը վերականգնվում է: Գիտեք, տևական ժամանակ` 2018 թվականից հետո, հատկապես կործանարար պատերազմից հետո, մեզ փորձում էին մեղադրել ռազմատենչության մեջ: Ոչ, մենք երբեք ռազմատենչ չենք եղել: -Ալիևը Ձեզ ռևանշիստ է անվանում: -Եվ դրսից: Եվ դուրսը դա միայն Ադրբեջանը չէ: Մենք երբեք ռևանշիստ չենք եղել: Բայց երբեք էլ մեր ունեցածն ուրիշին հանձնելու, տալու կողմնակիցը չենք եղել, որովհետև դա մեր անձնական խնդիրը չէ, դա մեր ժողովրդի խնդիրն է: Եվ դա կարող է շատ երկար ժամանակահատվածում մեր ժողովրդին բերել կա՛մ բարեկեցության ու լավ ապագայի, կա՛մ էլ ուղղակի կործանել, ոչնչացնել: Սա է ամբողջ խնդիրը:
23:37 - 31 հունվարի, 2022
Համանախագահների վերջին առաջարկությունները, մեր երազածը չէին, բայց բերելու էին ԼՂ անվտանգություն և բարեկեցություն․ Սերժ Սարգսյան |tert.am|

Համանախագահների վերջին առաջարկությունները, մեր երազածը չէին, բայց բերելու էին ԼՂ անվտանգություն և բարեկեցություն․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։ -Պարո՛ն նախագահ, Կազանյան փաստաթղթի հետ կապված մի դրվագ պետք է հիշեցնեմ մեկ տարվա վաղեմության մեր հարցազրույցից: Դուք բառացիորեն ասում եք հետևյալը, երբ ես հարցնում եմ դրա բովանդակության մանրամասները, Դուք ասում եք, որ այդ փաստաթուղթը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս, մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտմամբ, որն ունի պարտադիր իրավական ուժ և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում: Դուք հիմքեր ունե՞ք ենթադրելու, որ 2018 թվականից հետո այս նվազագույն կարմիր գծերը, որը Ձեր նախագահության տարիներին Ձեր պնդմամբ եղել են մեր բանակցությունների հիմքում, խախտվել են, այսինքն՝ հայկական կողմը չի պահել այս տարրերից որևէ մեկը: -Չեմ ուզում ենթադրություններ անել: Կարող եմ ասել հետևյալը, որ նախ իր կազմակերպած արտահոսքի հետևանքով, երբ որ հանրությունը ծանոթացավ այսպես կոչված այդ Կրակովյան առաջարկություններին, իմ ասած այդ հանգամանքները այդտեղ կային միանշանակ: Երկրորդ՝ նորից ուզում եմ պնդել, որ 2016 թվականին այն փաստաթղթերը, այն առաջարկությունները, որ մենք ստացել ենք, ամբողջովին ներառված են այն դրույթները, ինչ որ ես ասել եմ նախորդ հարցազրույցի ժամանակ և ինչը Դուք հիմա կրկնեցիք: Ամբողջովին: Ես չեմ ուզում ենթադրություններ անել և ասել, որ այս դրույթը... ես չեմ տեսել այդ փաստաթուղթը` 2019 թվականի, և չեմ էլ ուզում տեսնել: -Դե գոնե իմանանք՝ մինչ պատերազմը ինչ է բանակցվել: Հարցի գինը ո՞րն է եղել: -Դե դա արդեն իրենց գործն է: Գուցե չեն ուզում, որ իմանանք:  Ինչպես տեսնում ես, պատրաստ եմ, որպեսզի ամբողջովին, ոչ միայն Դուք, այլ նաև հայ հանրությունը, այլ նաև միջազգային հանրությունը, բոլորը տեսնեն թե մենք ինչ էինք ուզում, և, ի վերջո, վերջին առաջարկություններն ինչպիսին էին: Նորից եմ կրկնում, դրանք մեր երազածը չէին, բայց դրանք առաջարկություններ էին, որոնք գործնականում իրականացվելիք էին, և որոնք բերելու էին Լեռնային Ղարաբաղին անվտանգություն և բարեկեցություն: -Պարո՛ն նախագահ, իսկ ի՞նչ հաշվարկով կամ ինչո՞ւ էր Ադրբեջանը շարունակաբար, երբ շատ մոտ էին կողմերը պայմանագրի ստորագրման, մերժում դա և բարձրացնում հարցի գինը: Այդ մասին էլ է վարչապետը շարունակաբար խոսում: Ասում է, որ ամեն անգամ, երբ կողմերը մոտ էին, ադրբեջանական կողմը տապալում էր և նորանոր, մեզ համար անընդունելի պահանջներ էր առաջ քաշում: -Ոչ, այդպիսի բան չկա: Այո, Ադրբեջանը տապալում էր, այո, Ադրբեջանը հրաժարվում էր բանակցելուց, բայց առաջարկությունները, նորից եմ ասում, այդպես չէ, որ գնալով վատանում էին: Առաջարկությունները, կրկնում եմ, բխում էին Կազանյան փաստաթղթից: Կարող է՝ կես բառ այսպես, կեռ բառ այնպես` էական բան չէր փոխվում: Հիմքը սա էր: Եվ որևէ փաստաթղթում չկա մի բան, որը կարող էր, նորից եմ ասում, մեզ ստիպել նույնիսկ ոչ թե անցնել կարմիր գծերը, այլ նույնիսկ մոտենալ այդ կարմիր գծերին: -Այդ թվում՝ հայ հասարակության մեջ «Լավրովյան պլան» անվանումովտարածում գտած այդ տարբերակը: -Նորից պետք է կրկնեմ, որ «Լավրովյան պլան», որպես այդպիսին, չի եղել: Մարդիկ այդպես անվանել են, իմիջիայլոց, անվանել են իրենք` այսօրվա իշխանությունները, երբ ընդդիմություն էին, և դրա մասին համանախագահներն էլ են խոսել և այլն: Ուզում եմ մի փաստ էլ հստակ ընդգծենք, որ մինչև 2018 թվականը համանախագահները միակարծիք էին առաջարկություններ ներկայացնելուց: Նույնիսկ եթե այդ առաջարկությունները մի անգամ ներկայացրել են չգիտեմ ֆրանսիացիները, մի անգամ ամերիկացիները, մի անգամ և վերջին շրջանում՝ հիմնականում ռուսական կողմից: -Բայց համաձայնեցված էին իրար հետ: -Միանշանակ: Ընդ որում, կարող եմ ասել, որ նաև 2019 թվականի փաստաթուղթը, որ տրվել է իրենց, դա էլ համաձայնեցված էր: Իմ ունեցած տեղեկություններով, երբ որ ռուսական կողմն իրենց առաջարկել է այս փաստաթուղթը, իրենք որոշակի ձեռնպահ են մնացել` ասելով, որ պետք է Միացյալ Նահանգներում հանդիպում լինի և այլն, և այնտեղ տրվել են այդ փաստաթղթերը: Այսինքն՝ կապ չունի, թե որ կողմն է այդ փաստաթուղթը տալիս:  Լավ բառ կա հայերենում` համախոհություն: Այդ բոլոր առաջարկությունները համախոհության սկզբունքով էին ձևավորվում և տրվում կողմերին: Կողմերը ասացի: Նաև մի կարևոր ընդգծում. շատ փաստաթղթերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կար, չէին ասում երկու կողմին, ասում էին կողմերին: -Ենթադրվում էր նաև Ղարաբաղյա՞ն կողմը: -Միանշանակ: Թե չէ՝ կասեին՝ հայաստանյան, ադրբեջանական: Բա ինչո՞ւ էին ասում բոլոր կողմերին կամ կողմերին: Ակնհայտ է, չէ՞: Վստահ եմ, որ այս նրբությունն էլ գիտի:
23:34 - 31 հունվարի, 2022
Չեք տեսնի որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ բուն տարածք․ Սերժ Սարգսյան
 |tert.am|

Չեք տեսնի որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան ԼՂ բուն տարածք․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։ -2021 թվականի դեկտեմբերի 24-ի իր ֆեյսբուքյան ասուլիսում վարչապետը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի անցկացման հանգամանքներին, բավական ուշագրավ հայտարարություն է անում:  Նախ հիշենք այդ դրվագը: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում փաստորեն ոչ միայն հայկական բնակչություն, այլ նաև ադրբեջանական, ընդ որում, վարչապետը շարունակում է և ասում` բանակցային ողջ գործընթացի ընթացքում երբեք ոչ մի իշխանության և ոչ մի բանակցողի կողմից չի վիճարկվել Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: Ձեր նախագահության տարիներին բանակցած որևէ փաստաթղթում, պարո՛ն նախագահ, ֆիքսվե՞լ է կամ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում 1988 թվականին ապրած ադրբեջանցիների ասենք ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Խոսվե՞լ է այդ մասին: Քիչ անց ես կհիշեցնեմ մեկ այլ դրվագ, որտեղ վարչապետը նաև նախկին ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիների հնարավոր ինքնորոշման իրավունքից է խոսում: -Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ է նշանակում, երբ որ խոսքը վերաբերում է պետությանը կամ ազգաբնակչությանը, զուտ հայկական: Ի՞նչ է նշանակում զուտ հայկական: Այսինքն, երբ որ ինքը գնում է այլ հարցերով բանակցությունների, Հայաստանը դիտարկում է զուտ հայկակա՞ն` միայն հայերի համա՞ր: Չգիտեմ, ինչ տրամաբանությամբ է այդ մարդը դա ասում: Նույնիսկ, երբ խոսում ենք մշակույթի մասին, ասում ենք սա զուտ հայկական մշակույթ է, այդ զուտ հայկական մշակույթում այլ ազդեցություններ են լինում: Ի՞նչ է նշանակում զուտ: -100 տոկոս հայկական ազգային կազմով, ոչ մի այլ ազգով: -Բայց այդպիսի բան չկա: Եվ եթե տվյալ երկրի կամ ինքնորոշվող մասի բնակչության որոշ տոկոսը, մի հատվածը այլ ազգությունների ներկայացուցիչներ են, դա ի՞նչ է նշանակում, ոչինչ չի՞ նշանակում: Եթե այդպես լիներ, ես կարծում եմ Սոչին, օրինակ, կարող էր ինքնորոշվել, որովհետև Սոչիի բնակչության մի մեծ մասը հայկական է: Նույնը վերաբերում է Գլենդելին, նույնկերպ կարելի է բազմաթիվ այլ օրինակներ բերել: Ինքնորոշվելը, իրավունքն այնպես չէ, որ ես ցանկացա, ինքնորոշվեցի: Այդպես չի կարող լինել: -Ես ուզում եմ հիշեցնել սրա համատեքստը, որում ասվել է այս միտքը, պարո՛ն նախագահ: Վարչապետը նույն այդ ասուլիսում շարունակելով իր այս միտքը՝ ասում է` հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ հանրաքվեին պետք է մասնակցեր նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակչությունը և շարունակում է հարց տալով` Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիներն այդ համատեքստում, այսինքն՝ հանրաքվեի, որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվելու, իրենք կարող էին բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը: -Ես ասում եմ՝ ոչ և շարունակելով ասում եմ հետևյալը, որ հանրաքվեի մանրամասները երբեք չի քննարկվել, որովհետև այդ մանրամասները թողնվել է հիմնական պայմանագրին, հիմնական պարամետրերը ֆիքսվել են, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, մնացած որևէ հանգամանք… -Հարցի ձևակերպումը չի՞ քննարկվել: -Ոչ, իհարկե, ոչ: Այդ ամբողջը, նորից եմ կրկնում, վերապահված է այդ պայմանագրին: Սա միանշանակ է: Դուք այդ փաստաթղթերում, գոնե առաջարկություններում, որոնք հիմնական սկզբունքներին են վերաբերում, չեք տեսնի որևէ տեղ, որևէ փաստաթղթում ակնարկ անգամ, որ մինչ վերջնական խնդրի կարգավորումը, ադրբեջանցիները պետք է վերադառնան Լեռնային Ղարաբաղի բուն տարածք: Չկա այդպիսի բան: -Եվ մասնակցեն հանրաքվեին: -Չկա այդպիսի բան: Չկա: Թող ցույց տան մի փաստաթուղթ, որտեղ դրա մասին ակնարկ կա: -Այդ ենթադրյալ հանրաքվեին ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, պարո՛ն նախագահ, մի քանի տասնամյակ անց մասնակցելո՞ւ էին: -Դավի՛թ, դա արդեն, նորից եմ ասում, մեծ պայմանագրի խնդիրն էր, որտեղ մեր դիրքորոշումը հետևյալն էր լինելու, որ հանրաքվեին ադրբեջանցիները կարող են մասնակցել ուղիղ այնպես, ինչպես իրենք մասնակցում են իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին: Հո իրենք չեն գալիս քվեարկում: Թող իրենք որտեղ որ գտնվում են, այնտեղ քվեարկեն և քվեարկեն հօգուտ Ադրբեջանի: Մեր բնակչությունն էլ կքվեարկեր հօգուտ Հայաստանի: Ինչո՞ւ եմ ես այդպես ասում: -Բայց համամասնությունը լինելու՞ էր 1988 թվականի կազմով: -Այո: Մենք մշտապես ասել ենք և դա այսպես որևէ կերպ չի նսեմացնում մեր աշխատանքը, որ այո մենք ընդունում ենք, որ ժամանակավորապես տեղահանվածները պետք է վերադառնան իրենց մշտական բնակավայրեր: Բայց դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ և այն դեպքում, երբ որ որոշված կլինի տվյալ տարածքի իշխանության հարցը, որը պատասխանատու կլինի այդ մարդկանց անվտանգության համար: Բա լավ, Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչում որպես պետություն, բա ո՞վ է ապահովելու, որ այդ մարդիկ վերադառնան: Օրինակ, ո՞վ է ապահովելու, որ Ստեփանակերտ վերադառնան Ստեփանակերտում ապրող փոքրաթիվ, բայց ադրբեջանցիները: Հո ամեն ադրբեջանցու կամ հայի մոտ չես կարող ոստիկան կամ խաղաղապահ դնել: Չէ՞: Մենք կվերադառնանք նորից 1988 թվական: Եվ սա է պատճառը, որ երբեք մեր ասածին համանախագահներից որևէ մեկը չի ասել, որ դուք սխալ բան եք անում: Այնտեղ եղած, նորից եմ ասում, խոսքը վերաբերում է վերադառնալուն, այն ադրբեջանցիների, ովքեր բնակվում էին Ադրբեջանին հանձնվելիք` որպես փոխզիջում, տարածքներում: Ընդ որում, այն էլ որոշակի պայմաններով: Չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ: -Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո՞: -Ես չգիտեմ նրանք այնտեղ բնակեցված են, թե ոչ: Բայց պատերազմից հետո դա արդեն Ադրբեջանի որոշելիքն էր: Իսկ այն ժամանակ դա Ադրբեջանի որոշելիքը չէր: Դրա մասին կա անդրադարձ և՛ Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի բանաձևի նախագծում, և՛ այլ փաստաթղթերում: Այնպես որ, սա շատ ակնհայտ բան է: Այսինքն՝ ես չեմ հասկանում, ինքն ի՞նչ է ուզում: Ուզո՞ւմ է, որ մենք ասենք՝ չէ՛, ոչ մի ադրբեջանցի ընդհանրապես չպետք է լինի Ղարաբաղի տարածքում: Դա՞ է ուզում, որ մենք ասենք: Մենք երբեք այդպիսի մոտեցում չենք ունեցել: Ես չեմ հասկանում, ես ուղղակի չեմ հասկանում մի մարդու, ով բառացիորեն կրկնում է իրեն որպես մարդու ստորացրած, որպես պետության ղեկավարի ստորացրած, որպես հայ ժողովրդի ներկայացուցչի ստորացրած անձնավորության բառերը: Լավ, եթե սկզբնական փուլում, երբ որ ինքը միամտորեն կարծում էր, որ հեսա համանախագահներից զատ ինքն Ադրբեջանի հետ գալու է ինչ-որ պայմանավորվածությունների, լավ կարելի է ինչ-որ տեղ դա հասկանալ: Բայց արդյո՞ք կործանարար պատերազմից հետո, քեզ, ոնց էր ասում, հարբած ծաղրածու, չեմ ուզում նույնիսկ սրա հասցեին ասած վիրավորանքները նորից կրկնել, բայց նվաստացման ենթարկած անձի կողմից նրա բառերը կրկնում ես` դա բերելով որպես փաստարկներ: Ինձ համար դա անհասկանալի է: Շարունակությունը՝ tert.am-ում
23:24 - 31 հունվարի, 2022
Իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը․ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ կհրապարակեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|

Իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը․ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ կհրապարակեմ․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ բացառիկ հարցազրույց է տվել հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանին։ Հարցազրույցը ներկայացնում ենք հարց ու պատասխանով՝ ըստ թեմաների։ -Կազանյան փաստաթղթի մասին մենք դեռ խոսելու ենք, և ես որոշ դրվագներ եմ հիշատակելու նաև Ձեր նախկինում տված հարցազրույցներից մեկից, որում Դուք մանրամասնում եք այդ փաստաթղթի բովանդակությունը և վարչապետի մի ասուլիսից, որտեղ նա խոսում է Ձեր թողած բանակցային ժառանգության մասին ու ընթերցում է Կազանյան փաստաթղթի պարբերությունները: Բայց մինչ այդ պետք է հիշեցնեմ մեկ այլ դրվագ, պարո՛ն նախագահ:  Դուք վստահաբար հիշում եք, որ մինչև պատերազմը վարչապետը շարունակաբար խոսել է Մադրիդյան սկզբունքների ընկալումներից հայկական և ադրբեջանական կողմում, և շարունակաբար մատնանշել է ընկալման տարբերությունները` ասելով, որ Ալիևը և պաշտոնական Երևանը տրամագծորեն տարբեր կերպ են մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները: 2019 թվականի ապրիլի 7-ին Երկրապահ կամավորների միության 12-րդ արտահերթ համագումարում նա Վիեննայում Ալիևի հետ հանդիպումից երկու շաբաթ անց խոսում է Մադրիդյան սկզբունքների ընկալումներից: Ես առաջարկում եմ նախ վերհիշել այդ դրվագը և այնուհետև շարունակել մեր զրույցը: Ստացվում է, որ առաջին անգամ պաշտոնական Երևանը խոսում է այն մասին, որ Մադրիդյան սկզբունքները կարող են մեզ համար նաև անընդունելի լինել՝ կախված նրանից, թե ինչպես է դրանք մեկնաբանում ադրբեջանական կողմը, մենք կդիտարկենք՝ դրանք ընդունելի են, թե ոչ: Պետք է հիշենք նաև առնվազն 2009 թվականից սկսած համանախագահ երկրների համանախագահների մի քանի հայտարարություններ՝ սկսած Լ’Աքվիլայից, որտեղ մեզ համար` հանրության համար, գաղտնազերծվեցին սկզբունքներն ու տարրերը: Այսինքն՝ պաշտոնապես մեզ տեղեկացրեցին, թե մեր երկրների առաջնորդներն ինչի շուրջ են բանակցում: Սկզբունքներն ու տարրերը մենք գիտենք, պարո՛ն նախագահ, բայց վարչապետն ասում է, որ մեկնաբանությունները խիստ տարբեր են: Այսինքն՝ մի բան է ասում Երևանը, մի բան է ասում Բաքուն: Միգուցե դա՞ է եղել պատճառը, որ նա պաշտոնապես, ամենաբարձր մակարդակով կասկածի տակ է դրել Մադրիդյան սկզբունքների կիրառականությունն առհասարակ: Միգուցե արժե՞ր գնալ այդ քայլին և ցույց տալ, որ Երևանը չի կարող բանակցել սկզբունքների շուրջ, որոնք Բաքվում տրամագծորեն այլ ձևով են մեկնաբանում: -Բայց կա՞ր մեկը, ով հավատում էր, որ հայկական կողմի և ադրբեջանական կողմի կարծիքները պետք է համընկնեն: Այսինքն՝ ինքն այդպե՞ս էր մտածում: Եվ հենց այս ելույթը վկայում է այն մասին, որ գոնե առնվազն մինչ այս ելույթն այս մարդը չէր տիրապետում, չէր հասկանում թե ինչ է կատարվում, որովհետև բանակցությունների գնում ես ոչ թե, այսպես ասեմ՝ կա՛մ բանակցողներից, կա՛մ միջնորդներից բացատրություններ պահանջես, այլ բանակցությունների գնում ես քո տեսլականն իրականացնելու. ինչ ես դու ուզում այդ բանակցություններից` դա պետք է ասես, և ոչ թե պետք է գնաս ասես, որ ձեր առաջարկածն այս ի՞նչ է: Առաջարկածը շատ հստակ է` ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը պետք է կարգավիճակ ստանա` չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այսինքն, կներեք, ես չեմ ասում չի կարող լինել,  այդպիսի բան իրենք չեն ասել, բայց դա ենթադրվում էր, որ եթե հանրաքվե էր լինելու, ակնհայտ էր, որ որոշումն ինչպիսին պետք է լիներ: Ասում էր, որ այդ խնդիրն ուժային կերպով չի կարելի լուծել և ասում էր, որ գալու ենք խաղաղապահներով և այլն մինչև հասունանաք, մինչև հանրաքվե: Շատ պարզ էր: Այլևս ի՞նչ բացատրության կարիք կար: Ի՞նչ պետք է բացատրվեր: Այսինքն՝ ես գնացել եմ Կազան, որպեսզի բացատրություններ պահանջեմ Ալիևից: Ես գնացել եմ Կազան, որպեսզի համանախագահներին հարցնեմ՝ այս ի՞նչ է ընդհանրապես ձեր առաջարկածը: Ո՞նց կարելի է այդպիսի մոտեցում ցուցաբերել: Ո՞նց էլի: Ես չեմ հասկանում: -Դե հստակություն է ակնկալում, պարո՛ն նախագահ: -Մի տեսակ էլ՝ ոնց որ «մուննաթ» է գալիս համանախագահների վրա. այս ի՞նչ եք առաջարկել, է՞. եթե մի բան էլ մեզ ձեռնտու չի, նոր բան առաջարկեք: -Դե նոր բան առաջարկվեց 2019 թվականին: -Ամբողջ խնդիրը նրանում է, որ, այո, Կազանում փաստաթուղթ չընդունեցինք: Այնտեղ պետք է հռչակագիր լիներ, այսինքն՝ առանց ստորագրությունների հայտարարվեր, քանի որ հիմնական փաստաթուղթը պետք է լիներ միջպետական պայմանագիրը` համապարփակ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման, որն ամեն ինչ ներառելու էր: -Դա խաղաղության պայմանագի՞րն էր լինելու: -Դա Արցախի խնդրի խաղաղ կերպով լուծելու պայմանագիր էր: -Երկու կողմերի միջև կնքվա՞ծ: -Այո: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությամբ: Շատ հստակ գրված էր: -Իսկ ո՞ր պահից էր վերականգնվելու Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությունը: -Հենց պայմանագրի շուրջ բանկցությունները սկսելուց: -Հա, պետք է մասնակցե՞ր Արցախի ներկայացուցիչը: -Անպայման պետք է մասնակցեր: -Սա շատ կարևոր դրվագ է: -Այդ դրվագը բոլոր փաստաթղթերում եղել է, այդ թվում՝ նաև այս մարդու կողմից աղետ համարվող փաստաթղթում: Այդ փաստաթղթերը, իհարկե, ես հիմա դժվարանում եմ հրապարակել, ես երբեք չեմ էլ խոստացել հրապարակել: Այո, որոշակի ոչ հրապարակային խոսակցություններում ես ասել եմ, որ խոսում եմ, բանակցում եմ համանախագահների հետ թույլատվություն ստանալու ինչ-որ չափով հրապարակելու: -Իր կողմից հրապարակվել է, պարո՛ն նախագահ, 2020 թվականի հունվարին Կապանում նա հրապարակել է այդ փաստաթուղթը: -Ոչ, ինքը հրապարակել է մեկ այլ փաստաթուղթ, և ինքը ոչ թե Կապանում է հրապարակել, այլ իրենք արտահոսք են տվել, կայքերից մեկում դա տպվել է, ու Կապանում նա դա ընթերցել է: Այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ այդ առաջարկությունը, ներկայացվել է կողմերին ոչ թե 2016 թվականին, այլ 2018 թվականին, եթե չեմ սխալվում հունվարին, թե փետրվարին: Այսինքն՝ նույնիսկ եթե սա խոսում է ինչ-որ աղետի մասին, նույնիսկ, ապա նոր առաջարկություն է եղել: -Խոսքը Կրակովում 2018 թվականին արտգործնախարարների հանդիպման մասին է: -Այո, հենց դրա մասին է: Ինչի համար, իհարկե, իրենք կշտամբանք ստացան, որովհետև պետք էր պահպանել կոնֆիդենցիալությունը, դա բանակցող կողմերի պարտավորությունն է: Եվ հենց այդ է պատճառը, երբ որ ինքն ասում է՝ դե եթե փաստաթղթեր կան թող հրապարակեն, ես չեմ ուզում, որպեսզի համանախագահները կարծիքը փոխեն մեր մասին, կշտամբեն մեզ, ասեն՝ ինչո՞ւ եք հրապարակել: -Դե հիմա բանակցողը Դուք չեք, պարոն նախագահ, միգուցե և այդ գայթակղությունը Ձեզ թո՞ւյլ տայիք: -Բայց ես բանակցող չեմ, բայց ես եղել եմ բանակցող, չէ՞: Ես եղել եմ այդ մարդկանց համար գործընկեր. ընդ որում, վստահելի գործընկեր: Բայց արժե, արդյո՞ք, հիմա գնալ դրան և հրապարակել: Այո, ես իմ ձեռքի տակ ունեմ բոլոր փաստաթղթերը, համանախագահների բոլոր առաջարկությունները, բայց առանց իրենց հետ համաձայնեցնելու՝ ես դա կոռեկտ չեմ համարում հրապարակելը: Եթե լինի ծայրահեղ անհրաժեշտություն, ես դա կանեմ: Բայց քանի որ ինքն ունի դրա փորձը, ես կառաջարկեի, որ ինքը հրապարակեր: -Որտեղ առաջին քայլից մինչև վերջինը պետք է փաթեթային տարբերակո՞վ լուծվեր: -Այո: Եվ ուզում եմ երկրորդ բանն էլ ասել: Ուզում եմ շատ հստակ ասել, թեև Կազանում չի ստորագրվել կամ չի ընդունվել այդ հռչակագիրը: Դա վերջին փաստաթուղթն էր, որ կոչվում էր աշխատանքային փաստաթուղթ, իսկ ես ասել եմ ու էլի կրկնեմ, որ աշխատանքային է կոչվում այն փաստաթուղթը, որը կողմերի համար ընդունվում է որպես քննարկման համար հիմք, տևական ժամանակ բանակցվում է և հետո կա՛մ ստորագրվում է, կա՛մ չի ստորագրվում և գնում է ԵԱՀԿ դեպոզիտարիա: Դա եղել է վերջինը: Սա մի հանգամանք: Երկրորդ՝ Կազանյան բանակցություններից հետո, Կազանյան փաստաթղթերից հետո չի եղել որևէ փաստաթուղթ, որևէ առաջարկություն համանախագահների կողմից, որ այս թե այն կերպով հիմնականում պաշտպանված չլինեն հիմնական այն դրույթները, որոնք եղել են Կազանյան փաստաթղթում, որովհետև Կազանյան փաստաթուղթը ծնունդ է Մադրիդյան սկզբունքների: Իհարկե, որոշ հարցերում ճշտված, ուղղված և այլն: Չի եղել այդպիսի փաստաթուղթ: Այդ թվում այդ երեք փաստաթղթերի փաթեթը չի դարձել աշխատանքային փաստաթուղթ և չի գնացել ԵԱՀԿ դեպոզիտարիա, որովհետև Ադրբեջանը չի ընդունել դրանք: Թեև ես այդպես պաշտպանում եմ, մենք էլ համաձայնություն չենք տվել: Այսինքն՝ դեմ չենք եղել և համաձայնություն չենք տվել: Եվ, ընդհանրապես, Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել և կարծիք էլ չենք հայտնել: Մենք ասել ենք հետևյալը՝ քանի որ ձեր կողմից հավանության արժանացած Կազանյան փաստաթուղթը մենք պատրաստ էինք ստորագրելու, ապա եթե ինչ-որ փոփոխություններ ունեք, խնդրում ենք, համաձայնեցրեք Ադրբեջանի հետ, և եթե ադրբեջանցիները համաձայնեն ձեր որոշակի փոփոխություններով այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք, մենք այն ժամանակ կպատասխանենք: -Այդ համաձայնությունները չե՞ն կայացել: -Այո, բայց ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկություններն ընդունել որպես հիմք: Առավել մանրամասն՝ tert.am-ում
22:46 - 31 հունվարի, 2022
Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը: «Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին: Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ: Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը»,-ասված է կայքի հրապարակման մեջ:
18:58 - 31 հունվարի, 2022
ԼՂ կարգավիճակի հետ կապված գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո․ ԱՄՆ դեսպան

ԼՂ կարգավիճակի հետ կապված գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո․ ԱՄՆ դեսպան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 31-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է փոխվարչապետի գրասենյակը: Փոխվարչապետը շնորհավորել է հայ և ամերիկացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և շեշտել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կայուն գործընկերն է՝ 1991 թվականի անկախացումից ի վեր: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցությունը՝ ուղղված ավելի բարեկեցիկ և ժողովրդավար հասարակության ամրապնդմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատական և ոստիկանության բարեփոխումների կյանքի կոչմանը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում փոխվարչապետը կարևորել է Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերն ու առաքելությունը։ Դեսպան Թրեյսին փոխվարչապետի հետ համակարծիք է եղել՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ աշխատանքային հարաբերությունների սերտացմանն ու   երկկողմ կապերի զարգացմանը:
17:52 - 31 հունվարի, 2022
Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Արցախի նախագահի հրամանագրով ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով

Ելնելով իշխանության ճյուղերի լիազորությունների հավասարակշռումը կատարելագործելու, հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետով` Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր` ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին:  Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հրամանագրով հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանի գլխավորությամբ: Համաձայն հրամանագրի՝ հանձնաժողովին հանձնարարվել է եռամսյա ժամկետում նախագահին ներկայացնել Արցախի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
17:21 - 31 հունվարի, 2022